ԴՐՎԱԳՆԵՐ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
«… Այս անտեր դաշնակահարությունն ինձ տանջում ու մաշում է, շատ ծանր է առաջ գնում, մատներս այնպես են ամրացել ու պնդել հոդերը և այն սխալ ուղղությամբ, որ ուղղել, անսայթաք և պատշաճավոր դասավորություն դեռ չեմ կարողանում անել, շատ անգամ էլ հուսահատվում եմ, բայց պետք է ձեռք բերեմ և այն ճյուղը, որն անհրաժեշտ է», — Բեռլինում դաշնակահարության իր առած դասերի մասին գրել է Կոմիտասը: Դաշնամուրը նրան դյուրին կերպով չտրվեց: Գերմանիայում ուսանելու՝ Կոմիտասի երազանքը հնարավոր դարձավ՝ շնորհիվ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորության: Մանթաշյանը հանձն առավ Եվրոպայում Կոմիտասի ուսման և կեցության ծախսերը, և Մակար Եկմալյանի դպրոցն անցած ու երաժշտական գիտելիքների, ուսման նկատմամբ խստապահանջ, շարունակ կատարելագործման ձգտող երաժիշտն արդեն 1896-ի մայիսին Գերմանիայում էր:
Գերմանիան համաշխարհային դասական երաժշտության մեծ ավանդույթներ ուներ, մարդկությանը Բախ, Հենդել, Բեթհովեն էր տվել: Բեռլինում Կոմիտասը նախ ներկայանում է նշանավոր ջութակահար, կոմպոզիտոր Յոզեֆ Յոախիմին, որ այն ժամանակ Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտորն էր: Յ. Յոախիմը, հանգամանորեն ծանոթանալով Կոմիտասի գիտելիքներին և ունակություններին, նրա ձայնի, ինչպես ժամանակին բնորոշել են, «տենորի ճկունությանն ու բարիտոնի փափկությանը», խորհուրդ է տալիս ուսումնառությունը շարունակել երաժշտագետ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Այստեղ Կոմիտասն ավելի արագ առաջ գնալու հնարավորություն կունենար: Իրոք, Ռ. Շմիդտը, նկատի առնելով Կոմիտասի ցայտուն ընդունակությունները, ինքն անձամբ է պարապում նրա հետ: Մի տարվա ջանադիր, լարված աշխատանքը բավական էր Կոմիտասին հասցնելու այնպիսի մակարդակի, որ արդեն իրեն հանձնարարեին կոնսերվատորիայի նախապատրաստական դասարաններում երաժշտական-տեսական առարկաներն ավանդելը:
Սական մի խոշոր խոչընդոտ կար Կոմիտասի համար կոնսերվատորիայում ուսանելիս: Նա դաշնամուրի չէր տիրապետում: «Եթե մի բան կա ինձ դժվարություն առաջացնող, դա ևեթ նվագածությունն է», — Բեռլինում ուսանելու առաջին տարում իր նամակներից մեկում գրում է Կոմիտասը: Մեծ ջանքեր, կամք, աշխատասիրություն և, անգամ, համառություն էր հարկավոր կարճ ընթացքում այդ դժվարությունը հաղթահարելու համար: Դրա մասին են վկայում այդ տարիներին՝ Կոմիտասի գրած նամակները: Ահա մի հատված 1897-ին Գևորգյան ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանդյանին գրած նամակից. «Չափազանց գոհ եմ ես իմ ուսուցչապետից, որ այս մի տարվա ընթացքում ինձ այնքան առաջ տարավ երաժշտության մեջ առհասարակ, որքան վեց տարում չեն անցնում այստեղի պետական երաժշտանոցում անգամ: Ինձ համար եթե մի դժվար բան կա, դա դաշնամուր նվագելն է, որը և շատ դանդաղ է առաջ գնում: Մատներս կոշտացել են, ոսկորներս պնդացել, քիչ — շատ նվագում եմ, բայց իմ ուզած աստիճանին չեմ հասել»: Իր նամակներում Կոմիտասը հաճախ էր գանգատվում դաշնամուրը յուրացնելու գործում իր ակամա դանդաղկոտության առնչությամբ. մատները տարիքի հետ «պնդացել էին», ինչը խանգարում էր դաշնամուր նվագելուն: Դա ուղղակի իրեն հուսահատեցնում էր, ու այդ մասին էր նա գրում իր նամակներում: Կոմիտասը հասկանում էր, որ դաշնամուրի կատարողական արվեստին տիրապետումը կենսական անհրաժեշտություն էր իր հետագա գիտական և ստեղծագործական գործունեության համար:
Կամքն ու աշխատասիրությունը՝ միախառն բնական տաղանդի հետ, հրաշքներ են գործում: Կարճ ընթացքում Կոմիտասը տիրապետում է դաշնամուրի կատարողական արվեստին: Միաժամանակ բազմակողմանի կրթություն էր ստանում, ուսումնասիրում կոմպոզիցիայի տեսություն՝ հարմոնիա, կոնտրապունկտ, ձևերի ասմունք, գործնական ազատ շարադրություն, խմբական երգեցողություն, երգեհոն, նաև ձայնի մշակման մասնավոր դասեր էր առնում: Երաժշտական մասնագիտական առարկաներից զատ նա փիլիսոփայության, էսթետիկայի, ընդհանուր և երաժշտության պատմության վերաբերյալ դասախոսություններ էր լսում Բեռլինի համալսարանում: Այստեղ թղթակցում էր մասնագիտական մամուլին՝ արևելյան երաժշտության մասին ուսումնասիրություններ հրապարակելով. Կոմիտասը գտնում էր, որ դա իր ապագայի համար անպայման արդյունավետ է: Ողջ օրերով աշխատում էր՝ դուրս գալով տնից միայն այն ժամանակ, երբ պետք է օպերային թատրոնի ներկայացումներին կամ ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի կամ այլ անսամբլների փորձերին ու համերգներին ներկա գտնվեր: Իրեն հատկացվող գումարի մեծ մասը ծախսում էր թուղթ ու գրքեր ձեռք բերելու վրա: Դյուրին չէր սեղմ ժամկետներում գիտելիքների մեծ պաշար ձեռք բերելը: Էջմիածնից հաճախ էին հիշեցնում իր՝ շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին: 1897-98 թվականներին գրած իր նամակներից երևում է, որ նյութական սուղ պայմաններում է գնվել. «… Ես նեղվում եմ ապրուստի կողմից, հաճախ տկարանում եմ, սնունդս ոչինչ է, զբաղմունքս՝ շատ, մաշվել ու կմախք եմ դարձել, կարծեմ վերջս այդպիսով կորուստ կլինի»:
Կոմիտասը երեք տարի սովորելով Ռիխարդ Շմիդտի մոտ՝ 1899-ի հունիսին, որպես ավարտական բանախոսության նյութ, ընտրոմ է «Քրդական երաժշտությունը» թեման: Հայրենիք վերադարձից առաջ նա Բեռլինում 1899-ի մայիսի 10-ին և հունիսի 14-ին բազմաթիվ հանրահայտ երաժշտագետների ներկայությամբ դասախոսություններ է կարդում հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին:Սա նրա անունը հայտնի է դարձնում երաժշտական աշխարհում, և նա ընտրվում է՝ որպես «Միջազգային Երաժշտական ընկերության» անդամ: «Միջազգային երաժշտական ընկերության» սրահում Կոմիտասի կարդացած դասախոսությունը հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության մասին պետք է մնա անմոռանալի, — իր տպավորություններն է թղթին հանձնել երաժշտագետ — պատմաբան Օսկար Ֆլայշերը: — Առաջին անգամն է, որ Բեռլինում այդպիսի մի դասախոսություն է կարդացվում և գուցե մինչև այժմ Փարիզի աշխարհահանդեսներում անգամ այս տեսակ դասախոսություն չի կարդացվել»:
1899-ի սեպտեմբերին Կոմիտասը Էջմիածնում էր, որտեղ ստանձնելով Գևորգյան ճեմարանի երաժշտության դասախոսի իր պաշտոնական պարտականությունը՝ կազմակերպում է քառաձայն երգչախումբ, երաժշտության ծրագրի մեջ մտցնում եվրոպական ձայնագրությունը, բերել տալիս երաժշտական գործիքներ, կազմակերպում նվագախումբ:
Նյութերն ի մի բերեց Հասմիկ Սարգսյանը
Տես՝ ԿՈՄԻՏԱՍ
ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ
ԵՐԳՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ- «Լոռվա գութաներգ» The plowing song of Lori
Երգում է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ «Մոկաց Միրզա» original voice of Komitas Vartabed
Արթուր Շահնազարյանի բանախոսությունը / KOMITAS ԿՈՄԻՏԱՍ