ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
***
ԿՈՄԻՏԱՍ — Սողոմոն Գևորգի Սողոմոնյան Komitas — Soghomon Soghomonian Gevorgi
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ԿՈՄԻՏԱՍ
Մատենագիտական ժողովածու
v Տարեգրություն
v Կոմիտասն է ասում
v Գնահատանքի խոսք
v Հուշեր
v Կոմիտասը բանաստեղծություններում
v Մատենագիտություն
ԵՐԵՎԱՆ 2009
Նորից երգում — մորմոքում է
աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
աստվածային Կոմիտասը…
Պ.ՍԵՎԱԿ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Հանճարեղ Արամ Խաչատրյանը հանճարեղ իր նախորդի մասին գրել է. «Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմքն է: …Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: …Ամեն մի հայ կոմպոզիտոր պետք է իմանա Կոմիտասի ստեղծագործությունները, պետք է խորհի դրանց մասին»:
Ստեղծագործական կյանքի երկար ճանապարհ անցած, համաշխարհային հռչակ ունեցող Ա.Խաչատրյանը իր հայրենակից կոմպոզիտորներին խորիմաստ դաս էր տալիս:
Մեր ժամանակներում այս հորդորն ավելի խորը և մեծ հնչեղություն ունի:
140-ամյա Կոմիտասը, որի շնորհիվ մեր ազգային երաժշտությունը ընկալելի և մատչելի դարձավ միջազգային հանրությանը, այսօր էլ այն ակունքն է, որից սկիզբ է առնում և տարածվում հայ երաժշտությունը:
Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես մեծանուն Դմիտրի Շոստակովիչն է ասում, «դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը»: Կոմիտասը իր գործունեությունը ծավալեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը բաժանված էր արևելյան և արևմտյան հատվածների: Հայտնագործելով հայ երգը, նա մի յուրահատուկ կամուրջ դարձավ մեր ժողովրդի երկու հատվածների համար:
Նրա անունը կենդանության օրոք իսկ լեգենդ էր, գործը`խորհրդանիշ:
Ներկայումս, երբ ունենք անկախ պետականություն, Կոմիտասի գործունեության արժևորումն ավելի է մեծանում, քանզի, ինչպես Պարույր Սևակը կասեր. «Մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում, Կոմիտասի գործը իր հետևանքներով ավելին է անում…», քան այն բոլոր ձեռնարկումներն, որոնք առկա են:
Սակայն այս ամենի հետ միասին, լինում են պահեր, փոքրիկ ժամանակահատվածներ, երբ ինչ-ինչ ազդեցությունների տակ կարծես «մոռացվում» են Կոմիտասը և նրա ուղենշած սկզբունքները: Բարեբախտաբար, դա կարճ է տևում, քանի որ առաջ գնալու համար հարկավոր է ետ նայել: Իսկ ետ նայելու պարագայում ամբողջ վեհությամբ և ուժով կանգնած է Կոմիտասը, ով ուղղորդում է առաջ և հիշեցնում` առանց ինքնուրույն երաժշտության համաշխարհային դռները գոցված կմնան:
Յուրաքանչյուր սերնդի համար Կոմիտասը իր յուրահատուկ խորհուրդն ունի: Նրա ստեղծագործական ժառանգությունն անսահմանափակ է: Նրան դիմում են երաժշտական տարբեր սերունդների գրեթե բոլոր ներկայացուցիչները, քանի որ նա սկիզբ է,
երաժշտական մշակույթի սկիզբ, որից սկսվում է բոլոր զարգացումները:
Կոմիտասի գործի նկատմամբ միշտ էլ հետաքրքրությունը մեծ է եղել: Նրա մասին հիացմունքով են արտահայտվել իրեն ժամանակակից և հետագա շրջանի տարբեր ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ` երաժիշտներից, երաժշտական գործիչներից, կոմպոզիտորներից մինչև մշակույթի, գիտության, գրականության գործիչները և տարբեր մասնագիտությունների մարդիկ: Հիրավի, երաժշտական եզակի մեծություն է Կոմիտասը:
***
Կոմիտասի գործունեության գնահատման կարևոր հանգրվան է եղել նրա ծննդյան 100-ամյակի նշումը` 1969 թվականին:
Համաժողովրդական այդ տոնախմբությունն առիթ դարձավ, որպեսզի Կոմիտասի մասին գրվեն բազմաթիվ գրքեր, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական գործեր մայր հայրենիքում և Սփյուռքում: Լույս տեսան նրա ներդաշնակ երգերի գիտական հրատարակությունները, աշխարհի մեծագույն կոմպոզիտորները և երաժիշտները իրենց գնահատանքի խոսքն ասացին հանճարեղ երգահանի, ազգագրագետի, երաժշտական գործչի, մանկավարժիև մարդու մասին:
1984թ.-ին Ալ. Մյասնիկյանի անվան Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր ՀՍՍՀ պետական գրադարանը (ներկայումս Հայաստանի Ազգային գրադարան) հրատարակել է «Կոմիտաս» մեթոդամատենագիտական նյութերի ժողովածուն, որի կազմող հեղինակը տողերիս գրողն է: Այն լույս էր տեսել 500 օրինակ` գրադարանային հատկացվածությամբ:
2009-ին նշում ենք Կոմիտասի ծննդյան 140-ամյակը: Ուստի ձեռնամուխ լինելով այդ դժվարին աշխատանքին` նոր նյութերով հարստացրել ենք ներկա հրատարակությունը, որը նախորդից տարբերվում է նյութի ծավալով, մոտեցումներով, հրատարակչական ձևավորմամբ* (* Նախկին հրատարակությունը ռոտապրինտային եղանակով էր), ինչպես նաև մատենագիտական ճշգրտումներով:
Ներկա հրատարակությունում Կոմիտասից մեջբերումներ կատարելիս հավատարիմ ենք մնացել նրա լեզվամտածողությանը և ուղղագրությանը, մի խոսքով բնագրին:
Պարբերական մամուլում տպագրված հոդվածներից, նյութերից սույն ժողովածուում զետեղել ենք միայն 1969թ.-ից մինչև մեր օրերը տպագրվածները` ընտրությամբ` նկատի ունենալով թեմատիկայի բազմազանությունը:
Կոմիտասի գրի առած և ներդաշնակ երգերի, կազմած և խմբագրած, ինչպես նաև իր մասին լույս տեսած առանձին գրքերի մատենագիտական ցանկը ներկայացրել ենք առավել ընդգրկումով: Բացի «Կոմիտասի գրի առած և ներդաշնակ երգերի հրատարակությունները» խորագրի տակ սկզբում տրված «Երկերի ժողովածու»-ի 14 հատորներից, մնացած դեպքերում Կոմիտասի և նրա մասին եղած գրականությունը ներկայացված է ժամանակագրական կարգով: Յուրաքանչյուր տարեթվի ներսում պահպանված է հեղինակների և վերնագրերի այբբենական կարգը:
Ռ.Ղ.
***
Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը` որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողություն չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը` որ չի զգար:
***
Հայ ժողովրդի զավակներ, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք:
***
Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին:
***
Ժողովո՛ւրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցեք նրանից:
* * *
Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք:
ԿՈՄԻՏԱՍ
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամյա՜ մեր հանճար, —
Լոկ ժողովո՛ւրդն է հյուսել
Քո դաշնությունը պայծառ…
Ե.Չարենց
ԿՈՄԻՏԱՍ
ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ
ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
1869
Սեպտեմբերի 26 — Փոքր Ասիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաքում` կոշկակար Գևորգ Սողոմոնյանի ընտանիքում, ծնվում է մի արու զավակ:
Սեպտեմբերի 29 — Կուտինայի ս.Թեոդորոս եկեղեցում մկրտում են նորածնին և անունը դնում Սողոմոն: Հայրը` Գևորգ Սողոմոնյանը, կուտինացի էր, մայրը` Թագուհի Հովհաննիսյանը, բրուսացի: «Հօրս եւ մօրս ազգատոհմն ի բնէ ձայնեղ է: …Մօրս եւ հօրս տաճիկ լեզւով եւ եղանակներով յօրինած երգերը, որոնցից մի քանիսն արդէն գրել եմ 1893 թուին հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը», — գրում է Կոմիտասը 1908 թվականին:
1870
Մարտի 15 — Վախճանվում է Սողոմոնի մայրը` Թագուհի Հովհաննիսյանը: Մինուճար երեխայի խնամքը և դաստիարակությունը իր վրա է վերցնում հորենական տատը` Մարիամը:
1876
Սեպտեմբեր — Սկսում է սովորել Կուտինայի չորս բաժանմունք ունեցող վարժարանում:
1880
Հունվար — Ավարտում է Կուտինայի ազգային վարժարանը:
Հունվար, երկրորդ կես — Գևորգ Սողոմոնյանը փոքրիկ որդուն ուղարկում է Բրուսա (մոր ծննդավայրը) ուսումը շարունակելու:
Մայիսի 17 — Վախճանվում է Սողոմոնի հայրը` կոշկակար Գևորգը:
Նոյեմբեր — դեկտեմբեր — Հոր մահվան պատճառով Սողոմոնը կիսատ է թողնում Բրուսայի վարժարանը և վերադառնում Կուտինա:
Դեկտեմբեր — Որբացած Սողոմոնը դպրություն է անում իրենց թաղի ս.Թեոդորոս եկեղեցում:
1881
Սեպտեմբեր — Եպիսկոպոս ձեռնադրվելու նպատակով Էջմիածին մեկնող Կուտինայի փոխառաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը պետք է Գևորգ Դ կաթողիկոսի կոնդակի համաձայն իր հետ տաներ լավ ձայն ունեցող և միջոցներից զուրկ երեխա` ճեմարանում սովորելու համար: Քսան աշակերտներից Էջմիածին մեկնելու բախտը վիճակվում է Սողոմոնին:
Հոկտեմբերի 1 — Սողոմոնը Գևորգ Դերձակյանի հետ ներկայանում է Գևորգ Դ կաթողիկոսին: «Բազմած է հայոց հայրապետը, — գրում է հետագայում Կոմիտասը, — պատկառելի մի ծերունի: Սկսավ ինձ հարցուփորձ անել: Ես ապուշ էի կտրել մնացել, չէի հասկանում, թե ինչ է ասում, որովհետև խոսում էր հայերեն, իսկ ես, որպես և մեր քաղաքացիք, տաճկախոս էի, թեև հայերեն գրել կարդալ գիտեի, բայց բոլոր առարկաները անցել էի տաճիկ լեզվով, ուստի և չէի հասկանում կարդացածս ու գրածս հայերենը: Վեհը տեսավ, որ ես հայերեն չեմ իմանում, ասաց տաճկերեն լեզվով. «Դու զուր ես եկել այստեղ, որովհետև մեր ճեմարանում ամեն բան հայերեն են անցնում». ես էլ առանց քաշվելու մանկական միամտությամբ, համարձակություն եկավ վրաս և ասացի, թե «Ես էլ եկել եմ հայերեն սովորելու»: — Էհ, լավ, ձայն ունե՞ս և երգել գիտե՞ս, -(հարցնում է կաթողիկոսը): — Այո, ունեմ և գիտեմ: — Ի՞նչ երգեր գիտես: — Ինչ ասես գիտեմ, հայերեն, տաճկերեն, եկեղեցական, աշխարհական: — Շատ լավ, «Լույս զվարթը» գիտե՞ս: — Գիտեմ: «Լույս զվարթը» երգելիս նկատեցի, թե ինչպես նրա աչքից արցունքները գլորվում էին և թավալվելով երկար ճերմակ մորուսի վրայով գլորվում էին վերակուի ծալքերի մեջ: — Ասոր ճեմարան տարեք, — հրամայեց վեհը Մանկունի Վահրամ Եպիսկոպոսին` իր դիվանապետին»:
Հոկտեմբեր — դեկտեմբեր — Գևորգ Դ կաթողիկոսը հանձնարարում է, որ ժամերգության ընթացքում Սողոմոն Սողոմոնյանին հայրապետական աթոռի մոտ կանգնեցնեն, որպեսզի ավելի մոտիկից լսի նրա երգած, հատկապես, «Լույս զվարթը»:
1882
Սեպտեմբեր — Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սկսվում են 1882-83 ուսումնական տարվա դասերը: Սողոմոն Սողոմոնյանը կրկին սովորում է ճեմարանի Ա դասարանում` հայերեն խոսելուն վարժվելու համար:
1883
Մայիսի 23 – Սողոմոնն ավարտում է ճեմարանի Ա դասարանը և փոխադրվում Բ դասարան:
1884
Հոկտեմբեր — Գևորգյան ճեմարանում սկսվում են 1884-85 ուսումնական տարվա դասերը: Սողոմոնը նորից սովորում է Բ դասարանում, քանի որ չէր հանձնել ռուսաց լեզվի վերաքննությունը:
1885
Հունվարի 26-փետրվարի 5 — Սողոմոնը հյուրընկալվում է իր դասընկերներից մեկի տանը` Քյորփալու գյուղում: Այստեղ` շինականի տանն, առաջին անգամ, լսում է ժողովրդական երգ և ձայնագրում այն:
Մայիս — Ճեմարանում ավարտվում է 1884-85 ուսումնական տարին: Սողոմոնը փոխադրվում է Գ դասարան:
1886
Մայիս — Սողոմոնն ավարտում է ճեմարանի Գ դասարանը և փոխադրվում Դ դասարան:
1887
Սեպտեմբեր — Գևորգյան ճեմարանում սկսվում են 1887-88 ուսումնական տարվա դասերը: Սողոմոնը սովորում է Ե դասարանում:
Հունիս-դեկտեմբեր — Սողոմոնը հայկական ձայնախազերով 2 էջի վրա ձայնագրում է Հովակիմ վարդապետ Ղամեքյան Վաղարշապատցու երգած «Օրհնութիւն հրեշտակապետացն Միքայելի և Գաբրիելի և ամենայն երկնային զորացն» վերնագրով շարականը:
1888
Սեպտեմբեր — Ճեմարանում սկսվում են 1988-89 ուսումնական տարվա դասերը: Սողոմոնը կրկին սովորում է Ե դասարանում:
1889
Մայիս — Գևորգյան ճեմարանում ավարտվում են 1888-89 ուսումնական տարվա դասերը: Սողոմոն Սողոմոնյանը Ե դասարանից փոխադրվում է Զ դասարան:
1890
Մայիս — Սողոմոնն ավարտում է Գևորգյան ճեմարանի Զ դասարանը:
Հունիսի 9 — Սարգիս եպիսկոպոս Գասպարյանը սարկավագ է ձեռնադրում Սողոմոն Սողոմոնյանին:
Դեկտեմբեր — Վաղարշապատում, իբրև «Արարատ» ամսագրի հավելված, տպագրվում է Գևորգյան ճեմարանի Ա լսարանի ուսանող Սողոմոն Սողոմոնյանի «Ազգային օրհներգ» խմբերգը` քառաձայն խառը խմբի համար հայկական նոտագրությամբ:
1891
Ապրիլ — Իր հավաքած ու ձայնագրած ժողովրդական երգերը (թվով 37) «Ձայնագրած ազգային գյուղական երգերի, պարերի հավաքածու» ընդհանուր խորագրով Սողոմոնը ամփոփում է մի տետրի մեջ:
Սեպտեմբեր — Գևորգյան ճեմարանում սկսվում են 1891-92 ուսումնական տարվա դասերը: Սողոմոնը սովորում է Բ լսարանում:
Հոկտեմբերի 13 — Էջմիածնում Սողոմոնը Գևորգյան ճեմարանի ծառա Մուշեղից (մշեցի) ձայնագրում է «Մշեցոց բինգյոլը» վերնագրով երգը:
1892
Մայիսի սկիզբ — Սողոմոն Սողոմոնյանը դիմում է ճեմարանի վարչությանը` ծննդավայր գնալու թույլատվություն ստանալու և այդ առիթով առաջիկա քննություններից ազատվելու համար:
Մայիսի 7 — Գևորգյան ճեմարանի քննաբանություն Ս. գրոց և եկեղեցական պատմության ուսուցիչ Սարգիս Տեր-Գաբրիելյանը, ֆրանսերենի ուսուցիչ Աստվածատուր Պիտանյանը, հոգեբանության ուսուցիչ Սեդրակ Մանդինյանը, ռուսաց գրականության ուսուցիչ Հովհաննես Սաղաթելյանը, ընդհանուր գրականության ուսուցիչ Լևոն Մանվելյանը գրավոր պատասխանում են տեսուչ Արիստակես Սեդրակյանին, որ իրենք համաձայն են Սողոմոնին առաջիկա քննություններից ազատելու և առանց քննության Գ լսարան փոխադրելու ու ծննդավայր` Կուտինա, մեկնելու համար:
Մայիսի 8-15 — Սողոմոնը Էջմիածին-Թիֆլիս-Կ.Պոլիս ուղեգծով մեկնում է Կուտինա:
Մայիսի վերջ — Կուտինայում Սողոմոնն այցելում է տեղի «Ազգային վարժարանը», ուր սովորել էր 1876 թվականից մինչև 1880թ.:
Օգոստոս — Ծննդավայրում Սողոմոնը հավաքում և գրի է առնում տեղի հոգևոր 15 երգեր:
Մայիս-հոկտեմբեր — Ձայնագրում է ինչպես ծնողների, այնպես էլ ուրիշների հորինած շուրջ վեց տասնյակի հասնող թուրքերեն երգեր, որոնք նրա համար կատարում են իր ազգականները և համագյուղացիները:
Հոկտեմբեր — Կ.Պոլսում Սողոմոն Սողոմոնյանը նոտագրությամբ գրի է առնում Ակնա 8-10 երգ, որը նրա համար կատարում է Հ.Կ.Ճանիկյանը` «Հնությունք Ակնա» գրքի հեղինակը:
Հոկտեմբերի վերջ — Կ.Պոլսում Ս.Սողոմոնյանը հյուրընկալվում է «Հայրենիք» թերթի խմբագիր Արփիար Արփիարյանի մոտ:
Նոյեմբերի 21 — «Հայրենիք» օրաթերթի 309-րդ համարում տպագրվում է Ա.Արփիարյանի «Սողոմոն սարկավագ» խորագրով հոդվածը` «Հրազդան» ստորագրությամբ: Ա.Արփիարյանը գրում է «Հին երգերու հետքերը գտնել, նախնիքներու բանաստեղծությունները հավաքել ոչ թե միայն խոսքերովն, այլ եղանակներովը, նորերն ալ անոնց մեջ խառնել ու տոհմային ժողովրդական երգերու հավաքածո մը մեզ տալ: Ահա ինչ որ այս երիտասարդը իրեն կետ նպատակի դրած էր»:
Դեկտեմբերի 15, Էջմիածին — Իր ազգականներից ու համագյուղացիներից հավաքած ու ձայնագրած երգերը Սողոմոնը մաքրագրում և ամփոփում է մի տետրի մեջ` «Արևելյան եղանակներ» ընդհանուր խորագրի ներքո:
1893
Մարտի 24 – Ժամանակի ընթացքում ճեմարանի աշակերտներից լսած ու ձայնագրած 15 երգերը` «Հոգևոր եղանակներ» ընդհանուր խորագրով, ամփոփում է մեկ տետրի մեջ:
Մայիսի վերջ – Սողոմոն Սողոմոնյանն ավարտում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժնի եռամյա դասընթացը:
Հոկտեմբերի 5 – Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հրամանով ճեմարանի երգեցողության ուսուցիչ Կարա-Մուրզայի փոխարեն նշանակվում է Սողոմոն սարկավագ Սողոմոնյանը:
Նոյեմբերի 21 — Էջմիածնի մայր տաճարում Սողոմոն Սողոմոնյանի ղեկավարած քառաձայն երգչախումբն, առաջին անգամ, կատարում է «Հայր մեր» շարականը:
1894
Հուլիս-օգոստոս — «Արարատ» ամսագրի 7 և 8-րդ համարներում տպագրվում է Սողոմոն Սողոմոնյանի «Հայոց եկեղեցական եղանակները» վերնագրով հոդվածը:
Սեպտեմբերի 11 — Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի ցանկությամբ ավագ սարկավագ Սողոմոն Սողոմոնյանը ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունը:
1895
Փետրվարի 26 — Մկրտիչ Խրիմյանի հրամանով Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանը Ս.Աստվածածին եկեղեցում Կոմիտասին և չորս աբեղաների շնորհում է վարդապետական աստիճան և գավազան:
Հունիսի 4 — Վեհարանում տրված ճաշկերույթի ժամանակ Կոմիտասի գլխավորած երգչախումբը կատարում է «Է՛ջ Միածին ի հորե» շարականը և «Տե՛ր, պահյա» ու «Տե՛ր, կեցո» երգերը:
Հոկտեմբերի սկիզբ — Երաժշտական կրթություն ստանալու համար Կոմիտասը Էջմիածնից մեկնում է Թիֆլիս: Թիֆլիսում հանդիպում է Մակար Եկմալյանին և խորհրդակցում նրա հետ երաժշտական դպրոցում կամ կոնսերվատորիայում սովորելու մասին: Եկմալյանը խորհուրդ չի տալիս Կոմիտասին ընդունվել կոնսերվատորիա և հանձն է առնում հետը երաժշտության տեսություն պարապել:
Դեկտեմբեր — Թիֆլիսում լույս է տեսնում Հովսեփ Ճանիկյանի «Հնությունք Ակնա» գիրքը, որի վերջում զետեղված էր Կոմիտասի ձայնագրած և Էջմիածնում տպագրված «Շար Ակնա ժողովրդական երգերի» վերնագրով հավելվածը:
1896
Ապրիլ — «Արարատ» ամսագրի 4-րդ համարում տպագրվում է հետևյալ հաղորդագրությունը. «Կոմիտաս վարդապետը, որ երգեցողության ուսուցիչ էր ճեմարանում, անցյալ տարի (1895) և այս տարի (1896) Թիֆլիսում պ. Եկմալյանին էր աշակերտում, իրավունք ստացավ Նորին Վեհափառությունից` արտասահման գնալու և երաժշտական արվեստում կատարելագործվելու: Հայր Կոմիտաս Վարդապետի ուսման ծախքն հոգալ խոստացել է հայտնի բարեգործ պ. Ալեքսանդր Մանթաշյանը, որին այդ առթիվ ազգիս Վեհափառ կաթողիկոսն յուր առաքելական օրհնությունն հաճեցավ տալ հատուկ կոնդակով»:
Հունիսի սկիզբ — Կոմիտասը հասնում է Բեռլին:
Հունիս — Բեռլինում Կոմիտասը ներկայանում է Արքունի կոնսերվատորի այի տեսուչ, հռչակավոր ջութակահար, մանկավարժ Յոզեֆ Իոախիմին, որը խոստանում է նրան տեղավորել Արքունի կոնսերվատորիայում, իբրև իսկական ուսանող: Հուլիս — Կոմիտասը հրաժարվում է Արքունի կոնսերվատորիայում սովորելու մտքից և Յոզեֆ Իոախիմի խորհրդով ընդունվում պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր երաժշտանոցը:
Աշուն — Բեռլինում Կոմիտասին է այցելում Փարիզից եկած Մանուկ Աբեղյանը:
Հոկտեմբերի 22 — Կոմիտասը ընդունվում է նաև Բեռլինի Ֆրեդերիկ Վիլհելմ Արքունի համալսարանի փիլիսոփայության բաժինը:
Նոյեմբերի վերջ — դեկտեմբերի սկիզբ — Կոմիտասը Բեռլինից նամակ է գրում Գևորգյան ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին, որտեղ պատմում է ուսման ընթացքի և իր գործերի մասին: Նամակի հետ միասին նրան է ուղարկում «Սիրո քո հուր» վերնագրով եկեղեցական եղանակը` մշակված երկձայն և քառաձայն խմբերի համար:
1897
Հունվար — Բեռլինից Կարապետ Կոստանյանին գրում է. «Ուսուցչապետս (խոսքը Ռիխարդ Շմիդտի մասին է — Ռ.Ղ.) միշտ կրկնում է. Դուք ստեղծել էք երաժշտական ազնիւ եւ ինքնուրոյն ոճ, որ կարմիր գծի պէս ձեր ամբողջ գրուածքների եւ շարադրութեանց մէջ պայծառ անց է կենում. այդ ոճը ես անուանում եմ հայկական ոճ, ասում է, որովհետեւ, մեր երաժշտական ծանօթ աշխարհի համար նորութիւն է»:
Փետրվար — «Արարատ» ամսագրի երկրորդ համարում տպագրվում է Կոմիտասի «Տասն և վեց ձայն երգեցողություն պատարագի» խորագրով տեղեկատվությունը` Գրելլի համանուն ստեղծագործությունը Բեռլինում կատարելու մասին:
Մայիս — «Արարատ» ամսագրի 5-րդ համարում տպագրվում է Կոմիտասի «Հայոց եկեղեցական երաժշտությունը ԺԹ դարում: Ա շրջան 1839-1874» խորագրով հոդվածի սկիզբը:
Հունիսի 21 — Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կարգադրության համաձայն ճեմարանի տեսուչ Կ.Կոստանյանը Բեռլին` Կոմիտասին է ուղարկում չորս հարյուր ռուբլի:
Հոկտեմբերի վերջ — Կ.Կոստանյանին ուղղված նամակում Կոմիտասը գրում է. «Չափազանց գոհ եմ ես իմ ուսուցչապետիցս, որ այս մի տարուան ընթացքում ինձ այնքան յառաջ տարաւ երաժշտութեան մէջ առհասարակ, որքան 6 տարում չեն անցնում այստեղի պետական երաժշտանոցումն անգամ»:
Հոկտեմբեր-դեկտեմբեր — Բեռլինի Ֆրեդերիկ Վիլհելմ համալսարանում Կոմիտասը լսում է հետևյալ դասախոսությունները.
1. Երաժշտական արվեստի գեղագիտություն.- պրոֆ. Օ.Ֆլայշեր
2. Հին հունական երաժշտություն.- պրոֆ. Բելերման
3. Երաժշտության ընդհանուր պատմություն.- Ֆրիդլանդեր
4. Երաժշտական գործիքավորություն .- պրոֆ. Օ.Ֆլայշեր
5. Երաժշտություն.- պրոֆ. Օ.Ֆլայշեր:
Նույն շրջանում, Բեռլին — Կոմիտասը ուսուցչապետ Ռիխարդ Շմիդտի մասնավոր երաժշտանոցում լսում է հետևյալ դասախոսությունները.
1. Ձևաբանություն
2. Երգահանություն
3. Դաշնամուր
4. Բազմաձայնություն:
1898
Փետրվար — Կոմիտասը նոտագրում է «Ծիծեռնակ» երգը (խոսքը` Գ.Դոդոխյանի): Մարտ-ապրիլ — «Արարատ» ամսագրի 3-4-րդ համարներում տպագրվում է Կոմիտասի Բեռլինից ուղարկված գրախոսականը «Երգեցողությունք ս. պատարագի: Փոխադրյալ ի խազս եվրոպական և ներդաշնակյալ ի ձեռն Մ. Եկմալյան տպագրյալ Պ.ԳՐ. Մեղուինյան: Լայպցիգ-Բրեյտկոպֆ և Հերտել, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1896» վերնագրով:
Սեպտեմբերի 9 — Կոմիտասը գնում է Բերլիոզի «Գործիքագիտություն» վերնագրով գիրքը (գերմաներեն):
Հոկտեմբեր-դեկտեմբեր և 1899թ. հունվար-մարտ — Ֆրեդերիկ Վիլհելմ համալսարանում և Ռիխարդ Շմիդտի մասնավոր երաժշտանոցում Կոմիտասը լսում է երաժշտական դասընթացներ և ծանոթանում մի շարք գործիքների հետ:
1899
Ապրիլ — Ռիխարդ Շմիդտը փորձում է Կոմիտասի ձայնը և հայտնում, որ նա «բարիտոն է» ու «ամբողջովին ամփոփում է բարձր տենորի և ստորին բարիտոնի ամμողջ տարածությունը 2-3/4 ութնյակ 20 աստիճան»: Շմիդտը հայտնում է նաև, որ Կոմիտասի «ձայնի մեջ ձուլված է հանրագումարը թե՛ տենորի ճկունության, և թե՛բարիտոնի փափկության»:
Ապրիլ — Ֆրեդերիկ Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության բաժնի երաժշտագիտական գիտությունների պրոֆեսոր Օսկար Ֆլայշերի նախաձեռնությամբ Բեռլինում ստեղծվում է «Երաժշտական միջազգային ընկերության» Բեռլինի մասնաճյուղը: Իբրև հայկական երաժշտության ներկայացուցիչ ընկերության անդամ է ընտրվում Կոմիտասը:
Մայիսի 10 — Տեղի է ունենում «Երաժշտական միջազգային ընկերության» երկրորդ նիստը: Նախագահող Օ.Ֆլայշերի բացման խոսքից հետո Կոմիտասը գերմաներեն կարդում է «Հայոց եկեղեական և աշխարհիկ երաժշտությունը» թեմայով դասախոսություն: «…Կոմիտասի կարդացած դասախոսությունը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին պիտի մնա անմոռանալի: Առաջին անգամն է, որ Բեռլինում այդպիսի մի դասախոսություն է կարդացվում և գուցե մինչև այժմ Փարիզի աշխարհանդեսում անգամ այսպիսի դասախոսություն չի կարդացվել (Օսկար Ֆլայշեր)»: Օ.Ֆլայշերը Կոմիտասից վերցնում է զեկուցման տեքստը` երաժշտական ընկերության հրատարակվելիք «Եռամսյա հավաքածուի» մեջ զետեղելու համար:
Հունիսի 14 — Օ.Ֆլայշերի նախաձեռնությամμ և ջանքերով Բեռլինի Շարվենկայի երաժշտանոցի դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի երկրորդ դասախոսությունը և համերգը` նվիրված հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտությանը: Անհրաժեշտ բացատրությունից հետո Կոմիտասը ցույց է տալիս հայկական ժողովրդական ու եկեղեցական եղանակների կազմության տարբերությունները: Կատարվում են քրդական, պարսկական և տաճկական երգեր, որոնցով Կոմիտասը ցույց է տալիս դրանց և հայկական եղանակների միջև եղած տարբերությունները:
Հուլիսի 16 — Միջազգային երաժշտական ընկերության նախագահ Օ.Ֆլայշերը Կոմիտասին ուղղված նամակում գրում է. «Ձեր հմտալից և խորիմաստ դասախոսության միջոցով խորունկ մի հայացք ձգել տվիք դեպի այն երաժշտությունը, որ մեզ համար ցարդ գրեթե փակ էր, և որ մեզ` արևմտականներիս, շատ բան ուսուցանել կարող է: …Դուք կարող եք արդի գիտությանը անգնահատելի ծառայություններ մատուցել, եթե հրատարակեք Ձեր աշխատությունները»:
Օգոստոս — Կոմիտասն ավարտում է Բեռլինի Ֆրեդերիկ Վիլհելմ արքայական համալսարանի երաժշտա-փիլիսոփայության պատմության բաժինը:
Սեպտեմբերի սկիզբ — Կոմիտասի անունով լրացվում է արքունի համալսարանի երաժշտա-փիլիսոփայության պատմության բաժինն ավարտած լինելու մասին դիպլոմ և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան վկայական:
Սեպտեմբերի առաջին կես — Կոմիտասը Բեռլինից վերադառնում է Էջմիածին և նշանակվում Գևորգյան ճեմարանում երաժշտության ուսուցիչ և երգեցիկ խմբի ղեկավար:
Հոկտեմբեր-դեկտեմբեր, Լայպցիգ — Միջազգային երաժշտական ընկերության “Sammelbande der internationalen Musikgesellschaft” եռամսյա հանդեսի առաջին համարում գերմաներեն տպագրվում է Կոմիտասի “De Armenische Kirchenmusik” (Հայ եկեղեցական երաժշտություն) խորագրով հոդվածը:
1900
Մայիս, Էջմիածին — Կոմիտասը և Մ.Աբեղյանը որոշում են միասին մի երգարան հրատարակել` սկսելով ժողովրդական երգերից:
Մայիս-հունիս — Կոմիտասը և Աբեղյանն արձակուրդներին իրենց ծննդավայրը գնացող ճեմարանական աշակերտներին հատուկ թերթիկներ են տալիս և պատվիրում գրի առնել իրենց գյուղերում տարածված ժողովրդական երգերը:
Նոյեմբեր-դեկտեմբեր — Կոմիտասը և Աբեղյանը սկսում են բաղդատել իրենց ունեցած ժողովրդական երգերը:
1901
Մարտի 18 — Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախումμը Գևորգյան ճեմարանում երաժշտական երեկույթի ժամանակ կատարում է 26 երգ: Այսուհետև «Հայոց եկեղեցական եղանակները» թեմայով զեկուցում է կարդում Կոմիտասը:
Մարտի վերջ, ապրիլի սկիզբ — Հայկական երաժշտությանը ծանոթանալու նպատակով Էջմիածին ժամանած ֆրանսիացի երաժշտագետ Պիեր Օբրին հյուընկալվում է Կոմիտասի մոտ և ճեմարանում ունկնդրում է Կոմիտասի վարած դասերը, ծանոթանում նրա կիրառած ուսումնական մեթոդին:
Մայիս — «Արարատ» ամսագրի 5-6 միացյալ համարում տպագրվում է հաղորդագրություն Կոմիտասի Գերմանիա մեկնելու և այնտեղից Ֆրանսիա գնալու առիթով:
Հունիս-հուլիս — Կոմիտասը մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինում կայացած հերթական նիստին:
Հուլիս, երկրորդ կես — Կոմիտասն այցելում է Արշակ Չոպանյանին և ծանոթանում նրա հետ: «Անահիտ» հանդեսի 6-7 միացյալ համարում հրապարակվում է Արշակ Չոպանյանի «Կոմիտաս վարդապետը» խորագրով հոդվածը:
Սեպտեմբերի 29 — Էջմիածնի ճեմարանում տեղի է ունենում գիտական-գրական երեկույթ: «Հայոց եկեղեցիական ութ ձայնի մասին» թեմայով զեկուցում է Կոմիտասը:
Նոյեմբերի 1 — Կոմիտասը Սողոմոն Փանոսյանի միջոցով հայկական նոտագրությամբ գրի է առնում «Կարոս խաչ» խորագրով ստեղծագործության երաժշտությունը և խոսքը:
Նոյեմբերի 12 — Կոմիտասը ներդաշնակում է «Ծովակ» ռոմանսը Րաֆֆու «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծության խոսքերով:
1902
Հունվարի 14 — Նկատի ունենալով Կոմիտասի բազմամյա գործունեությունը, նրա վաստակը մանկավարժական ասպարեզում և անձնվեր աշխատանքը քառաձայն երգչախումբ կազմելու գործում` կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը «Հայրապետական կոնդակով» «ծաղկեայ կերպասեա» փիլոն է շնորհում Կոմիտաս Վարդապետին:
Մարտի 30 — Լուսավորչի տոնի առթիվ ճեմարանի հանդիսասրահում Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբի ուժերով տրվում է մեծ համերգ: Երեք մասից բաղկացած համերգի ընթացքում կատարվում է 31 երգ:
Հունվար-ապրիլ — Կոմիտասը ձայնագրում է 34 ժողովրդական և 50 ազգային ու կրոնական երգ:
Դեկտեմբեր — Կարճ ժամանակամիջոցում Կոմիտասը քառաձայնի է վերածում Ռ.Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք» երգը և ուսուցանում ճեմարանի երգչախմբին:
1903
Մարտի 26 — Կոմիտասի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանի հանդիսասրահում տեղի է ունենում երկու բաժնից բաղկացած երաժշտական երեկույթ: Կոմիտասի դասախոսությունից հետո քառաձայն երգչախումբը կատարում է նրա ներդաշնակած շուրջ 20 ժողովրդական երգ:
Ապրիլ — «Տարազ» շաբաթաթերթի 14-րդ և «Մշակ» լրագրի 90-րդ համարներում տպագրվում է Կոմիտասի գործունեությանը նվիրված դրվատական հոդվածներ:
Հունիսի 25 — Թիֆլիսում լույս տեսնող «Նոր դար» լրագրի 110-րդ համարում տպագրվում է Կոմիտասի դեմ ուղղված Ալ-ս-ի «Հեղինակավոր կարծիքի պահանջ» խորագրով հոդվածը:
Հունիսի 28 — «Նոր դար» լրագրի 113-րդ համարում տպագրվում է Կոմիտասի դեմ ուղղված «Հեռու ծայրահեղությունից» վերնագրով առաջնորդողը:
Հուլիս — «Նոր դար» լրագրի երեք համարներում (119,120,121) տպագրվում է Մանուկ Աբեղյանի «Կոմիտաս վարդապետը և յուր գործը» խորագրով հոդվածը:
Օգոստոս — Լույս է տեսնում Կոմիտասի և Մ. Աբեղյանի կազմած «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգերի առաջին հիսնյակը:
Դեկտեմբերի 22, Մոսկվա — Գրաքննիչը թույլատրում է Կոմիտաս վարդապետի ձայնագրած «Քրդական եղանակներ» խորագրով հավելվածի տպագրությունը (այն տպագրվում է «Էմինյան ազգագրական ժողովածու»-ի Ե հատորում 1904 թվականին):
1904
Հունվարի 22, Էջմիածին — Կոմիտասը նամակ է գրում իշխանուհի Մարիամ Թումանյանին «Անուշը» երաժշտության վերածելու` նրա «փափագն իրագործելու» պատրաստակամության մասին: Նաև իր կողմից Հովհ. Թումանյանին` Մարիամ Թումանյանի միջոցով առաջարկում է «Անուշ»-ի որոշ հատվածներ վերափոխել` երաժշտության վերածելու համար: Միաժամանակ հայտնում է իր զբաղվածության մասին. «… ես մենակ եմ, եւ բոլոր գործերն ինձ վերայ են ծանրացած. Գ<էորգեան> ճեմարանում դաս ունեմ, Մայր Աթոռի խումբն եմ վարում, Միջազգային երաժշտական ընկերութեան գիտական ժողովածուին ուսումնասիրութիւններ եմ տալիս, վերջերս աւելացաւ եւ պ. Տ.Նազարեանցը: Կ.Պոլսից Վահրամ արքեպիսկոպոս Մանկունու յանձարարութեամբ դասագրքեր եմ պատրաստում, պ. Մ.Աբեղեանի հետ ժողովրդական երգերի բառերն ենք խմբագրում, պատրաստում եմ եղանակները տպագրել տալու, աւելացրէք եւ իմ մասնաւոր զբաղմունքներս, կտեսնէք, որ բացի ամառային հանգստի ժամերից ուրիշ ազատ ժամանակ չունեմ, բայց եւ այնպէս ուրախ եմ Ձեր իղձն իրագործելու համար»:
Փետրվար — «Տարազ» շաբաթաթերթի 8-րդ համարում տպագրվում է Կոմիտասի «Վագներ» խորագրով հոդվածը:
Մայիսի սկիզբ — Էջմիածնում Կոմիտասը և Թումանյանը հանդիպում են միմյանց և զրուցում «Անուշ»-ը օպերայի վերածելու մասին:
Հուլիս — Հոգևոր և ժողովրդական երգեր ձայնագրելու նպատակով Կոմիտասը մեկնում է Հայաստանի գյուղերը:
Սեպտեմբերի 24 — Տոնվում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման երեսնամյակը, ելույթ է ունենում Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախումբը:
Սեպտեմբեր-նոյեմբեր — Կոմիտասը գերմաներենից հայերեն է թարգմանում Ֆրից Արլբիրգի «Ձայնամարզություն» խորագրով ձեռնարկը:
1905
Մարտի վերջ — Կոմիտասը 60 հոգուց բաղկացած ճեմարանի երգչախմբի սաների հետ դուրս է գալիս Էջմիածնից և մեկնում Թիֆլիս` համերգներ տալու: Ապրիլի 1, Թիֆլիս — Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի ղեկավարած ճեմարանական սաների քառաձայն երգչախմբի համերգը:
Ապրիլի 3 — Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի ղեկավարած երգչախմբի երկրորդ համերգը:
Ապրիլի 6 — Հովնանյան օրիորդաց դպրոցի դահլիճում Կոմիտասը կարդում է դասախոսություն հայ ժողովրդական ու եկեղեցական երաժշտության մասին` մերթ ընդ մերթ իբրև բացատրություն երգելով առանձին կտորներ:
Ապրիլ — «Մշակ» լրագրի 62-րդ համարում տպագրվում է «Կոմիտաս վարդապետի հոգևոր-ժողովրդական համերգը» վերնագրով դրվատական հոդվածը` նվիրված ապրիլի 1-ին և ապրիլի 3-ին Արտիստական ընկերության դահլիճում Կոմիտասի երգչախմբի ունեցած ելույթին:
Հունիս — Տենդով հիվանդ Կոմիտասը որոշում է գնալ Հառիճ և ամբողջ ամառը մնալ այնտեղ:
Հուլիսի 23 — Կոմիտասը Երվանդ Տեր-Մինասյանի հետ միասին դուրս գալով Ալեքսանդրապոլից` կեսօրին հասնում են Հառիճ:
Հուլիսի 25 — Հառիճում Կոմիտասը գրի է առնում 34 նոր երգ, որոնց թվում նաև «Աման Թելո, Թելո ջան» երգը:
Օգոստոսի 15 — Ալեքսանդրապոլից Կոմիտասը Մկրտիչ Խրիմյանի հետ միասին գնացքով մեկնում է Էջմիածին:
Սեպտեմբեր — Էջմիածնում լույս է տեսնում Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգարանի երկրորդ հիսնյակը:
Հոկտեմբեր-նոյեմբեր — Բուժման նպատակով Թիֆլիսում գտնվող Կոմիտասը հաճախ այցելում է աշուղ Ջիվանու ընտանիքին:
Դեկտեմբեր — Կոմիտասը Թիֆլիսից վերադառնում է Էջմիածին:
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
1906
Փետրվար-մարտ — Կոմիտասը և Գարեգին Լևոնյանը մտադրվում են Էջմիածնում «Գեղարվեստ» անունով մի գրական-գեղարվեստական հանդես հրատարակել և այդ իրավունքը ձեռք բերելու համար մի խնդրանքով դիմում են Երևանի նահանգապետին:
Մարտի վերջ — Մեկնում է Գերմանիա` իր աշխատությունները տպել տալու համար:
Օգոստոսի 17 — Բեռլինից Կոմիտասը նամակ է գրում Արշակ Չոպանյանին` միաժամանակ նրան ուղարկելով «Հայ գեղջուկ երաժշտություն» վերնագրով ուսումնասիրության տետրը և խնդրում մաս առ մաս թարգմանել ֆրանսերեն, մինչև ինքը հնարավորություն կունենա ուղարկելու մյուս տետրերը:
«Աշխատութեան վերնագիրը դիտմամբ «Հայ գեղջուկ երաժշտութիւն» դրի, որովհետեւ քաղաքացիք ոչ մի ժողովրդական երգ չեն ստեղծել, իսկ ժողովրդական բառը շատ ընդհանուր է եւ ընդգրկում է բոլորին, այնինչ այս երգերը յատկապէս գեղջուկի ստեղծագործութիւններն են, իսկ աշխատութեան մէջ ժողովրդական բառը գործածել եմ, որովհետեւ գրագէտներն ու կրթուած դասակարգը սովորել է այդ անունը տալ, մանաւանդ, երբ երգի հետն միացած գիւղական ժողովուրդին: Աշխատութիւնս էլ նուիրեցի պ. Ա. Մանթաշեանին, որովհետեւ նորան եմ պարտական արդի ուսման պաշարովս` եւրոպական մտքով»:
Սեպտեմբեր-հոկտեմբեր — Երևանի նահանգապետը մերժում է Կոմիտասի և Գ.Լևոնյանի «Գեղարվեստ» անունով հանդես հրատարակելու համար ներկայացրած խնդրագիրը` պատրվակ բռնելով, որ Կոմիտասը օտարահպատակ է և Վաղարշապատն էլ քաղաք չէ:
Հոկտեմբերի 2 — Կոմիտասը նամակ է գրում Մարգարիտ Բաբայանին և տեղյակ պահում Փարիզ ժամանելու մասին:
Նոյեմբեր — Փարիզում Կոմիտասը, իր շուրջը համախմբելով հայ և ֆրանսիացի երգիչներին, կազմում է մի երգչախումբ ու սկսում նախապատրաստվել առաջիկայում կայանալիք հայկական նվագահանդեսին: Երգչախմբի մեջ էին Արմենակ Շահ-Մուրադյանը, Մարգարիտ և Շուշանիկ Բաբայան քույրերը, Փարիզի կոնս երվատորիայի ուսանողներ, օպերային երգիչներ:
Դեկտեմբերի 1, Փարիզ — Տեղի է ունենում Կոմիտասի 30 հոգուց բաղկացած երգեցիկ խմբի համերգը: Կատարվում է բացառապես Կոմիտասի մշակած և ձայնագրած խմբերգերը և մեներգերը («Անձրև եկավ շաղալեն», «Մեր դռանը խնկի ծառ», «Թոլ արա եզո ջան», «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Գարուն ա», «Հաբրբան» և այլն): Համերգի մասին գովեստով են արտահայտվում երաժշտական տեսաբաններ Լուի Լալուան, Պոլ Կիոն և ուրիշներ:
Դեկտեմբերի 22 — Կոմիտասը լուսավորչական ծեսով Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրում է Մարգարիտ Բաբայանի քրոջը` Շուշանիկին և երաժշտագետ Լուի Լալուային:
1907
Հունվար-ապրիլ — «Անահիտ», «Արարատ», «Հուշարար», «Հովիվ» հանդեսներում տպագրվում են հաղորդագրություններ և դրվատական հոդվածներ` նվիրված Կոմիտասի երգեցիկ խմբի 1906թ. դեկտեմբերի 1-ի տրված համերգին:
Մայիս — Հայ ուսանողությունը Կոմիտասին հրավիրում է Ժնև, որպեսզի տեղական ուժերից երգեցիկ խումբ կազմի և համերգ տա Վանա սովյալների օգտին:
Հունիսի 1 — Ժնևի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի գլխավորած հայ և ռուս ուսանողուհիներից կազմված (57 հոգուց բաղկացած) երգչախմբի համերգը` ի նպաստ Վանի սովյալների: Համերգին մասնակցում էր նաև Արմենակ Շահ-Մուրադյանը: Հայ երաժշտության և բանաստեղծության մասին բանախոսում է Արշակ Չոպանյանը: Համերգից գոյացած 2000 ֆրանկ գումարը ուղարկվում է Վան:
Հունիսի 7, Լոզան — Կոմիտասը նամակ է գրում Մ.Բաբայանին. «Ժընեւի համերգն սքանչելի անցաւ. դասախօսութիւն արի Ժընեւ, Լօզան եւ Բերն: Այսօր կրկին Լօզան եկանք: Արշակը (խոսքն Արշակ Չոպանյանի մասին է — Ռ.Ղ.) պետք է կարդայ հայ բանաստեղծութեան եւ երաժշտութեան մասին, եւ ես պէտք է երգեմ»:
Հուլիսի 14, Բեռլին — Նամակ է գրում Մ.Բաբայանին. «Ես այժմ երգերի տպագրութեամբ եմ զբաղուած եւ շարունակ նորանոր դիտողութիւններ եմ անում, այնպէս որ, երբ գործը վերջանայ շատ հետաքրքրական է լինելու, թէ ինչպէս մեր ժողովրդի ամբողջ սիրտն ու հոգին, ներքին ու արտաքին կեանքը խորապէս դրոշմուած է ձայների եւ տաղաչափութեան մէջ…»:
Հուլիս, երրորդ տասնօրյակ — Փարիզից Կոմիտասն Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա` Վենետիկ: Կոմիտասը նպատակ ուներ վենետիկյան ձեռագրերի մեջ մասնագիտական ուսումնասիրություններ կատարել:
Հուլիսի վերջ, Վենետիկ, ս.Ղազար — Միաբանության դահլիճում և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում Կոմիտասը բանախոսում է հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին, միաժամանակ երգում է` ավելի կոնկրետացնելով և հաստատելով իր մտքերը:
Օգոստոս, երկրորդ տասնօրյակ — Կոմիտասը Վենետիկից վերադառնում է Շվեյցարիա` Ժնև:
Օգոստոսի 17 — Լոզանից Կարապետ Կոստանյանին ուղղված նամակում գրում է. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է: Վենետիկի վանքում 3 շաբաթ աշխատեցայ, բայց վանքում չէի հիւրասիրուած, ապրում էի քաղաքում, Ս.Մարկոսի հրապարակի հիւրանոցներից մէկում` պ. Չօպանեանի հետ մէկ տեղ: Գրադարանից բաւական օգտուեցայ: Այս քանի օրն արդէն պատրաստւում եմ ես էլ կամաց-կամաց, որ մի ամսից երթամ Կովկաս»:
Սեպտեմբերի 23/10, Բեռլին — Մշակութային գործիչ, Վահրամ եպիսկոպոս Մանկունուն Կոմիտասը գրում է. «Եթէ մենք պարծենալիք ունենք մեր եղանակներով, ունենք միայն շարականի հին, պարզ, հասարակ (ո՛չ տօնական, որ խիստ աղաւաղուած է) երգերով: Սոցա մէջ յստակ, միամիտ, ջերմեռանդ, հաւատացեալ ոգի կայ. ոգի, որի մէջ պայծառ փայլում է մեր նախնեաց աննման, զգայուն, կենդանի եւ վեհ, սիրտը, որ ջինջ է առաւօտեան օդի պէս:
Մեր երաժշտութեան երկրորդ, բայց հիմնական ու մշտաբուխ աղբիւրն է հայ շինականի խորունկ, անպաճոյճ ու վսեմ, խնդացող եւ լացող երաժշտութիւնը, որի մէջ պայծառանում է հայ անմեղուկ գեղջուկն իր ամբողջ ներքին եւ արտաքին կեանքի բոլոր երեւոյթներով»:
Սեպտեմբերի 30 — Մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո Կոմիտասը վերադառնում է Էջմիածին:
Հոկտեմբեր — «Արարատ» ամսագրի 10-րդ համարում տպագրվում է Գարեգին վրդ. Հովսեփյանի «Կոմիտաս վարդապետի երաժշտական ճանապարհորդությունը Եվրոպայում» վերնագրով հոդվածը:
Դեկտեմբերի 16 — Գևորգյան ճեմարանում տեղի է ունենում գրական-գեղարվեստական երեկույթ նվիրված Մ.Խրիմյանի և Պերճ Պռոշյանի հիշատակներին: Երեկույթի ընթացքում մեջընդմեջ երգում է Կոմիտասի գլխավորած երգչախումբը: Այնուհետև դաշնամուրի նվագակցությամբ Կոմիտասը կատարում է «Անտունի» երգը:
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
1908
Հունվարի սկիզբ, Իգդիր — Կոմիտասը իր աշակերտ, ճեմարանի դաստիարակ և երգիչ Վահան Տեր-Առաքելյանի հետ լինում է Իգդիրում, դասախոսություն կարդում ժողովրդական ու եկեղեցական երաժշտության մասին և տալիս համերգ:
Փետրվարի սկիզբ — Երգերի տպագրության գործի առթիվ Կոմիտասը մեկնում է Թիֆլիս: Փետրվարի 20, Էջմիածին — Կոմիտասի ղեկավարությամբ տեղի է ունենում 80 հոգուց բաղկացած երգչախմբի համերգը: Երեք բաժնից բաղկացած համերգի ընթացքում կատարվում են Կոմիտասի շուրջ 30 ստեղծագործություններ:
Փետրվարի 22 — Երևանի Կլուբի թատրոնի դահլիճում Կոմիտասի ղեկավարությամբ տեղի է ունենում 80 հոգուց բաղկացած երգչախմբի համերգը: Նույնությամբ կատարվում է Էջմիածնում տրված համերգի ծրագիրը:
Մարտ, երրորդ տասնօրյակ — Կոմիտասը մեկնում է Բաքու` տեղական ուժերով համերգ տալու և դասախոսություն կարդալու նպատակով:
Ապրիլի 1, Բաքու — Ժողովարանի դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի ղեկավարած երգչախմբի համերգը: Կատարվում է 24 երգ ու նվագ Կոմիտասի ստեղծագործություններից: Մինչ այդ տեղական երաժշտասերների համար Կոմիտասը կարդում է հրապարակային դասախոսություն նվիրված հայկական երաժշտությանը:
Մայիսի 24, Էջմիածին — Կոմիտասը նամակ է գրում Հովհ.Թումանյանին. «…Աղբէր, վաղուց է սկսել եմ եւ բաւականբան գրել քո «Անուշ»-ից, բայց դեռ պակասաւոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջութիւն դառնայ: Այս գիրս առնելուն պէս գրիչդ կառնես եւ ինձ մի դրական բան կգրես: Այս ամառուան արձակուրդին պէտք է զբաղուեմ առաւելապէս «Անուշ»-ով: Գրիր, թէ ե՞րբ կարող ես մի քանի օրով ինձ մօտ հիւր գալ, եւ այստեղ միասին վերջ ացնենք, եւ ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ, երբ տրամադրութիւնս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետեւ երգի յարմարեցրած չեն դեռ բաներ, եւ պակասներ էլ կան»:
Հունիսի 5, Էջմիածին — Կոմիտասը գրում է ինքնակենսագրության առաջին տարբերակը` «Ինքնակենսագրութիւն» վերնագրով:
Հունիսի 24 — Կոմիտասը գրում է ինքնակենսագրության երկրորդ տարբերակը` մաքրագիրը, «Կոմիտաս վարդապետ Կուտինացի, ինքնակենսագրութիւն, 1908, հունիս 24, Սուրբ Էջմիածին» խորագրով:
Հոկտեմբերի վերջ — Կաթողիկոսական ընտրության առիթով Էջմիածին եկած Չոպանյանը հյուրընկալվում է Կոմիտասի մոտ: Հետագայում Չոպանյանը գրում է. «Ավելի որոշ զգացի հոն ինչքան նեղ էր իրեն համար, անթիվ ընելիք ուներ, միջավայր չկար, հարկ եղած օգնություն չկար: Տարօրինակ բան է, որ Մայր Աթոռը… որևէ գումար չէ տրամադրած այդ մեծարժեք արվեստագետին, որ իր երաժշտական գործերը հրատարակե, գեթ իր դաշնակած պատարագը տպագրե»:
Դեկտեմբերի սկիզբ, Թիֆլիս — Կոմիտասը, Թումանյանը, Իսահակյանը, Աղայանը, Չոպանյանը, Փափազյանը և Բաշինջաղյանը նկարվում են վերջինիս արվեստանոցում:
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
1909
«Հունվար, Ս. Էջմիածին» — Կոմիտասը նամակ է գրում բանասեր, խմբագիր, եկեղեցական գործիչ Բաբկեն Վարդապետին (Բաբկեն Կյուլեսերյան), որպեսզի վերջինս Պոլսո պատրիարք Մատթեոս Իզմիրլյանի միջոցով խնդրի Կեսարիո առաջնորդ Գերապատիվ Տ. Տրդատ եպիսկոպոս Պալյանին, Ս. Դանիել վանքի ձեռագրերի մեջ գտնված հայ երաժշտության վերաբերյալ ձեռագիրը «ուղարկէ, կա՛մ արտագրել տայ, կա՛մ լուսանկարել տայ էջերը եւ այնպէս ուղարկէլ…, որ իբր երաժիշտ, օգտուեմ եւ մեր Ս. հայրերի հոգեշունչ մրմունջները լոյս հանեմ` համեմատելով այլ ազգաց երաժշտական խազաբանական օրենքների հետ», քանի որ չի կարող 300 ռուբլով գնել ձեռագիրը: «…Իմ ստացած տարեկան 300 րուբլի ռոճիկովս եւ ես եմ ապրում, ե՛ւ իմ թշուառ հօրաքրոջս բազմանդամ ընտանիքը» — գրում է Կոմիտասը: Փետրվարի 1, Էջմիածին — Կոմիտասը նամակ է գրում դերասանուհի Սիրանույշին` ջերմորեն շնորհավորելով նրան բեմական գործունեության 35-ամյակի առթիվ. «…Դուք ժրաջան մեղուի պէս 35 տարի շարունակ թռաք մէկ բեմից միւսը եւ գեղարուեստի մարգերից, բազմապիսի ծաղիկներից հաւաքեցիք առատ հիւթ, որպէս զի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակէք…: Սրտանց շնորհաւորում եմ Ձեր փառքը եւ ցանկանում է՛լ աւելի փառաւորութիւն ու կանաչ, պայծառ արեւ»:
Փետրվարի 18 — Գևորգյան ճեմարանի մանկավարժական խորհրդի ԺԶ նիստում Կոմիտասը հրաժարվում է իր պաշտոնից խմբավարական ռոճիկը կրճատելու համար` դրա մեջ տեսնելով անպատվություն իր անձի նկատմամբ:
Փետրվարի վերջ — Ներսիսյան դպրոցի հրավերով Կոմիտասը Էջմիածնից Թիֆլիս է գնում` ղեկավարելու Ներսիսյան դպրոցի երգչախմբի մարտի 3-ին տալիք հոգևոր համերգը:
Մարտի 3, Թիֆլիս — Արքունական թատրոնի դահլիճում տեղի է ունենում Սկոբելեևյան կոմիտեի (բարեգործական նպատակով) կազմակերպված` տարբեր դավանանքի պատկանող երգչախմբի համերգը: Ելույթ են ունենում ռուսական, վրացական, կաթոլիկ ական և հայկական երգեցիկ խմբերը: «Հոգեւոր համերգի մէջ բոլորին գերազանցեցինք հայերս», -գրում է այդ համերգի մասին Կոմիտասը Ա.Չոպանյանին:
Մարտի 4 — Ներսիսյան դպրոցի դահլիճում, աշակերտների համար Կոմիտասը կարդում է «Հայ ժողովրդական երգն ու հոգևոր երաժշտությունը, նրանց միջև եղած կապը» թեմայով դասախոսություն:
Ապրիլի 15, Էջմիածին — Կոմիտասը նամակ է գրում Ա.Չոպանյանին, որտեղ նկարագրում է վանքում տիրող ներքին հակամարտությունները և ներկայացնում իր աշխատանքի արդյունքները. «Այս ձմեռուան աշխատանքներս խիստ արդիւնաւէտ եղան. գտայ հայոց հին խազերի բանալին եւ սկսայ կարդալ պարզ եղանակները: Այս ամառն ուզում եմ մի քանի շաբաթով նախքան հայրենիք գնալս անցնել Երուսաղէմ, մի քանի կարեւոր ձեռագիր եւս ուսումնասիրեմ, որ գործն շտապով առաջ տանեմ: Յետոյ մանրամասնաբար քեզ կհաղորդեմ»:
Սեպտեմբերի 5, Էջմիածին — Կոմիտասը դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ին. «…Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չկորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ` արձակեցէք ինձ Ս.Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները` իբրև առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ եկեղեցւոյ եւ գիտութեան»:
Սեպտեմբերի 12, 13, Էջմիածին — Երկու օրվա ընթացքում Կոմիտասը ձայնագրում է Վասպուրականի 47 երգ, որ նրա համար կատարում է Տիգրան Չիթունին:
Սեպտեմբեր, Էջմիածին — Կոմիտասը նամակ է գրում Մարգարիտ Բաբայանին. «Մարդ չկայ, որին բանաս սիրտդ, մարդ չկայ, որից մի բան լսես. նստում եմ առաւօտից մինչեւ իրիկուն բուբուին պէս իմ սեղանի առաջ, գրում ու գրում… գալիս է հանգստի րոպէ, մարդ ես որոնում, որ գրածդ երգես, նուագես ու կարծիք լսես,- չես գտնում: Դուրս եմ գալիս ու վագրի պէս այս ու այն կողմ եմ շուռ գալիս մէն-մինակ, իմ պարտիզում եւ տանիքի վրայ: Ես զարմանում եմ, թէ ինչու մինչեւ այժմ դեռ չեմ խելագարուել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մէկ ուզում եմ թռչեմ հեռու միայնակ, մէկ ուզում եմ փակուեմ մէնակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում որ չեմ ճգնում… այո՛, բայց ո՛չ այսպիսի, այլ մուսայի՛ս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտս չպղտորուի, միտքս չխարդախուի, հոգիս չխռովի եւ խիղճս չմեռնի… բայց եւ այնպէս չեմ յուսահատուել. աշխատում եմ, շատ բան եմ գրել, շատ բան եմ արել»:
Հոկտեմբերի վերջ — Ալեքսանդր Մյասնիկյանը Մոսկվայից նամակ է գրում Կոմիտասին և հայ ուսանողական միության անունից խնդրում նրան գալ Մոսկվա, ուսանողներից կազմել մի երգեցիկ խումբ և համերգներ տալ հայ ուսանողական միության օգտին:
Նոյեմբերի 5 — Կոմիտասը պատասխանում է Ա.Մյասնիկյանի նամակին: Նա գրում է, որ աշխատանքներով շատ ծանրաբեռնված է և խորհուրդ է տալիս դիմել Վեհափառին, եթե նա թույլատրի, «…այն ժամանակ կգամ. ես պատրաստ եմ ծառայելու: Եթէ այդ չի յաջողուի, կթողնենք եկող տարուան, երբ ես այլեւ ուսուցչութիւնը թողնելու եմ, ազատ եմ եւ կարող եմ»:
1910
Հունվարի 12, Ս.Էջմիածին — Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ին հոգևոր երաժշտության մասին Կոմիտասը գրում է. «…Բուն ազգային եղանակները` հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտութիւնը, որ մեր նախնեաց նախանձելի հոգու պատկերներն ու հայելիներն են, որոնք մշտամրմունջ էին, այժմ դատապարտուել են արհամարհանքի, կորստի եւ նախատինքի, աւելին կասեմ` տանում են մեր սիրտն ու հոգին դէպի խեղդող, օտարական ճանապարհները: Եթէ վերջին նշոյլն էլ, որ մնացել է, մենք փչենք ու հանգցնենք, այն ժամանակ մեր աչքով կտեսնենք մեր սրտի թաղումը, ապա ուրեմն եւ մեր կեանքի գոյութեան վառարանի հանգչելը…»:
Մարտի 15, Ս.Էջմիածին — Կ.Պոլսի «Տաճար» հանդեսի խմբագիր Գարեգին Խաչատրյանին Կոմիտասը գրում է. «…Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին եւ նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առ այժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են»:
Ապրիլի վերջ, Բաքու — «Թատրոն և երաժշտություն» ամսագրի մարտ-ապրիլ միացյալ համարում լույս է տեսնում Կոմիտասի «Հայ գեղջուկ պար» խորագրով աշխատության սկիզբը:
Մայիսի սկիզբ, Կ.Պոլիս — «Տաճար» կիսամյա հանդեսի 10-րդ համարում տպագրվում է Կոմիտասի «Շարական խազերու նշանակությունը» խորագրով նամակ-բացատրականը:
Մայիսի 20 — Մեկնում է ծննդավայր` Կուտինա, հանգստանալու և բուժվելու համար: Մի քանի օր անց գնացքով հասնում է Բաթում և հյուրընկալվում ավագ քահանա Մեսրոպ Տեր-Մելյանի տանը:
Մայիսի 27, Բաթում — Կոմիտասը մասնակցում է Համբարձման տոնի հանդիսավոր պատարագին և իր գեղեցիկ ձայնով զմայլեցնում ժամավորներին:
Հունիսի 3 — Կոմիտասի ղեկավարությամբ Բաթումի քաղաքային ժողովարանի դահլիճում տեղի է ունենում ուսուցիչներից և բարձր դասարանի աշակերտներից կազմված երգչախմբի համերգը:
Հունիսի 4 — Բաթումից գերմանական «Դոյչլանդ» նավով մեկնում է Կ.Պոլիս:
Հունիսի 10 — Հասնում է Կ.Պոլիս: Մի քանի օր մնում է Պոլսում, մասնակցում Ղալաթիո եկեղեցում տեղի ունեցող պատարագին` իր սքանչելի ձայնով գերելով ներկաներին:
Հունիս, երկրորդ կես — Իր ծննդավայրում` Կուտինայում, ս.Թեոդորոս եկեղեցում Կոմիտասը մատուցում է պատարագ:
Հունիսի վերջ — Բաքվում լույս է տեսնում Կոմիտասի «Հայ գեղջուկ պար» գրքույկը:
Հուլիս, Կուտինա — Տեղի է ունենում Կոմիտասի կազմած և ղեկավարած երգչախմբի երկու բաժնից բաղկացած համերգը քաղաքի տղամարդկանց համար: Նույն ծրագրով համերգը հաջորդ օրը Կոմիտասը կրկնում է համաքաղաքացի կանանց համար:
Օգոստոսի 20 — Շուրջ 2 ամիս իր ծննդավայրում մնալուց հետո Կոմիտասը մեկնում է Աֆիոն-Գարահիսար: Հինգ օր մնում է այստեղ:
Օգոստոսի 29, Էսկիշեհիր — Տեղի ազգաբնակչության համար Կոմիտասը մատուցում է հանդիսավոր պատարագ:
Սեպտեմբերի սկիզբ — Էսկիշեհիրից Կոմիտասը հասնում է Բրուսա:
Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ — Բրուսայում տեղի է ունենում Կոմիտասի ղեկավարած 90 հոգանոց երգչախմբի համերգը:
Սեպտեմբերի 25, 26 — Բրուսայից Կոմիտասը ժամանում է Պոլիս: Նա այցելում է Ղալաթիո եկեղեցին, երգչախումբ կազմելու առիթով խորհրդակցում բարեկամների հետ: Հոկտեմբերի սկիզբ, Կ.Պոլիս — Կոմիտասը հատուկ քննության ենթարկելով երգչախմբին մասնակցել ցանկացող աշակերտ-աշակերտուհիների ձայնային տվյալները` քննությունից անցած սաների հետ անց է կացնում ձայնավարժության առաջին պարապմունքը:
Հոկտեմբերի 24, Կ.Պոլիս — Բերայի Արհեստավորաց սրահում Կոմիտասը կարդում է հրապարակային դասախոսություն` նվիրված հայ գեղջկական երաժշտությանը:
Նոյեմբերի սկիզբ — Նախնական պայմանավորվածության համաձայն, Կոմիտասը նոյեմμերի 7-ին Ղալաթիո խորհրդարանի սրահի մեջ պետք է հրապարակային դասախոսություն կարդար` նվիրված հայ եկեղեցական երաժշտությանը, սակայն ատենապետ Արիստակես Գասպարյանը մերժում է սրահը տրամադրել` պատրակ բռնելով պատրիարքական արտոնագիր չունենալու հանգամանքը: Կ.Պոլսի թերթերում տպագրված հոդվածներում և հաղորդագրություններում ցասումով է խոսվում Ա.Գասպարյանի դեմ` դատապարտելով նրա վարմունքը:
Նոյեմբերի 21, Կ.Պոլիս — Պըտի Շանի ձմեռային թատրոնում հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում Կոմիտասի գլխավորած 300 հոգուց բաղկացած երկսեռ երգչախմբի անդրանիկ համերգը: Հայ մամուլի էջերում մեծ գովեստով է խոսվում այդ համերգի
մասին, միաժամանակ դատապարտվում է համերգը խափանելու համար խռովարարների նյութած դավերը և պատրիարքարանի կողմից հարուցված արգելքները:
1911
Հուվարի 28, Զմյուռնիա — Մեսրոպյան վարժարանի սրահում Կոմիտասը հրապարակային դասախոսություն է կարդում հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության ծագման և զարգացման մասին:
Հունվարի 30, Զմուռնիա — Սբորթինկ սրահում Կոմիտասի գլխավորությամբ տեղի է ունենում 135 հոգուց բաղկացած երգչախմբի համերգը, որն ավարտվում է փայլուն հաջողությամբ:
Փետրվարի սկիզբ — Զմյուռնիայից Կոմիտասը վերադառնում է Կ.Պոլիս:
Փետրվարի 20, Կ.Պոլիս — Բերայի Յունյոն Ֆրանսեզ սրահի մեջ Կոմիտասի ղեկավարությամբ տեղի է ունենում 200 հոգուց բաղկացած երկսեռ երգչախմբի համերգը: Երկու բաժնից կազմված համերգը տևում է շուրջ չորս ու կես ժամ և ունենում բացառիկ հաջողություն:
Մարտ, Կ.Պոլիս — Կոմիտասը հանդես է գալիս համերգներով և դասախոսություններով: Համերգներից և դասախոսություններից ստացված գումարները հավաքվում են հայ երաժշտանոց ստեղծելու օգտին: Հայ մամուլը ջերմորեն է արձագանքում երաժշտանոց ստեղծելու Կոմիտասի ջանքերին:
Մարտի վերջ — Կ.Պոլսից Կոմիտասը մեկնում է Իզմիր` այնտեղ համերգ տալու նպատակով:
Ապրիլի 6 — Իզմիրից մեկնում է Եգիպտոս:
Ապրիլ-մայիս — Լինում է Ալեքսանդրիայում, ապա` Կահիրեում: Հանդես է գալիս համերգներով և դասախոսություններով` հիացմունք պատճառելով ներկաներին: Ալեքսանդրիայում այցելում է ղպտիների մայր եկեղեցին: Խոսակցության ընթացքում հայտնում է, որ ինքը հանգամանորեն զբաղվել է ղպտիների խազերով և որ դրանք ամենից հինն են: Ղպտիները մեծ հարգանքով են լցվում Կոմիտասի հանդեպ և զարմանում նրա արտակարգ երաժշտական գիտելիքների վրա:
Հունիսի 16 — Կոմիտասը համերգով հանդես է գալիս Ալեքսանդրիայի Ալհամպրա թատրոնում: Այս առթիվ հայտնի գրող Տիգրան Կամսարականը գրում է. «…Անցյալ գիշեր… երգելով ու բարբառելով, զվարճաբանելով, երբեմն ալ միշտ հանկուցանելով` Հայաստան ուխտագնացության տարիք զմեզ. կամ լավ ևս է ըսել քիչ մը Հայաստան բերիք Եգիպտոսի հայերուս. մենք կկարծեինք, թե հայ կրոնավորը, որ Էջմիածնեն կուգա` մյուռոն միայն կբերե, դուք Մասիսն ու Արագածը փոխադրեցիք հոս պահ մը, ո՞վ ըսավ, թե լեռները չեն քալեր…»:
Հունիսի վերջ — Ալեքսանդրիայից Կոմիտասը մեկնում է Փարիզ:
Հուլիս-օգոստոս — Մարգարիտ Բաբայանի հետ Կոմիտասը հանգստանում է Անգլիայի Ուայտ կղզում: Շուրջ երկու շաբաթ այստեղ հանգստանալով, նա գրի է առնում մի շարք երգեր:
Օգոստոսի երկրորդ կես-սեպտեմբեր — Լինում է Փարիզում, Բեռլինում,Դրեզդենում:
Նոյեմբերի երկրորդ կես — Կոմիտասը վերադառնում է Կ.Պոլիս:
Նոյեմբերի վերջ, Կ.Պոլիս — Կոմիտասը դիմում է Թուրքիայի ռուսական դեսպանատանը և խնդրում Էջմիածին գնալու համար վավերացնել իր անցագիրը: Դեսպանատան ներկայացուցիչները Կոմիտասին համապատասխան արտոնագիր տալու համար դիմում են Պետերբուրգ` բարձրագույն իշխանությանը:
Դեկտեմբերի 26, Կ.Պոլիս — Կոմիտասը կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Սուրայանին ուղղված դիմումում գրում է, որ ինքը մնալու է Կ.Պոլսում. «…Կուզէի անձամբ գալ ու հրաժեշտս տալ, բայց ռուս կառավարութեան ներկայացուցչութիւնները` դեսպանատունն ու հիւպատոսարանը ըստ պահանջման օրինաց, իբր տաճկահպատակ հոգեւորական, անցագիրս չվավերացրին (ուղիղ 4 շաμաթ է անցել, որ դիմել եմ Պետերբուրգ եւ ցարդ պատասխան չկայ բարձրագոյն իշխանութիւնից), ես էլ, ժամանակս ի զուր չանցնելու համար, սկսեցի գործովս զբաղուել»:
1912
Հունվար — Կոմիտասը կատարում է «Գուսան» երգչախմբի երգիչների ու երգչուհիների ձայնաքննություն ու ընդունելություն և երգչախմբի կազմը հասցնում 200-ի:
Փետրվարի 24, Կ.Պոլիս — Գրող, մշակութային գործիչ Վահան Մալեզյանին Կոմիտասը գրում է. «… Այժմ եգիպտահայերու պատուական հիւրն է ընտիր երգիչ Շահ-Մուրադեանը, որու ունեցած աննախընթաց յաջողութիւններն ինձ անչափ ուրախացուցին, եւ կը պարծիմ իրաւամբ, երբ օտարները մեր մասին գիտութեան եւ գեղարուեստի միջոցաւ է, որ լաւ գաղափար կը կազմեն, եւ այսպիսի գործնէութիւնն անջինջ ու քաղաքակրթիչ դեր ունի»:
Մարտի 28/15, Կ. Պոլիս — Մարգարիտ Բաբայանին` այլ հարցերի հետ միասին, գրում է. «Երկու հատ էլ տաճկերէն երգ եմ գրել, մէկը Սուլթանի, միւսը սահմանադրութեան նուիրուած, որպէսզի գործերնիս յաջողուին, եւ բաւական ընդարձակ շրջան անեմ պալատի մէջ: Երեկ Սուլթանի արարողապետն էր եկել այցելութեան, չես իմանում, թէ որքան են պոպիկ երաժշտութիւնից, թէեւ սա բաւականին հասկանում է, մեծ կրթութիւն եւ ուժ ունի»:
Ապրիլի 1, Կ.Պոլիս — Պըտի Շանի ձմեռային թատրոնում տեղի է ունենում երաժշտանոց հիմնադրելու օգտին կազմակերպված Կոմիտասի «Գուսան» երգչախմբի համերգը: Կատարվում են Կոմիտասի գրած խմբերգերն ու մեներգերը:
Ապրիլ-մայիս — Կոմիտասը իր ղեկավարած «Գուսան» երգչախմբի հետ մի քանի համերգներ է տալիս Կ.Պոլսում, որից գոյացած գումարները հատկացնում է Ազգային հիվանդանոցին և հիմնվելիք հայկական երաժշտանոցին: Կոմիտասը դասախոսություններով և համերգներով հանդես է գալիս նաև Ատաբազարում և Իզմիրում:
Հունիսի սկիզբ — Կ.Պոլսից Կոմիտասը մեկնում է Եվրոպա` Լայպցիգում տպագրվող «Հայ գեղջուկ երգեր» խորագրով գրքույկի հրատարակության հետ կապված աշխատանքները կարգավորելու համար:
Հունիս-հուլիս — Լինում է Փարիզում, հայ երաժշտության մասին դասախոսություն կարդալու հրավերով մեկնում է Անգլիա, վերադառնում է Գերմանիա, լինում է Բեռլինում, Լայպցիգում և հուլիսի վերջին վերադառնում է Կ.Պոլիս:
Օգոստոսի սկիզբ — Կոմիտասը նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հետ մեկնում է իր ծննդավայր` Կուտինա, հանգստանալու: Կուտինայում հանգստանալու ժամանակ Փ.Թերլեմեզյանը նկարում է ծառի տակ նստած Կոմիտասին` ընթերցելիս:
Սեպտեմբեր, երկրորդ տասնօրյակ — Կոմիտասը վերադառնում է Կ.Պոլիս և ձեռնամուխ լինում «Գուսան» երգչախմբի պարապմունքների վերսկսմանը: Էսայան վարժարանի սրահի մեջ հարյուրավոր երաժիշտ մանկավարժների ու մասնագետների համար Կոմիտասը կարդում է դասախոսություն «Պարն ու մանուկը» թեմայով: «..Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է, որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակութեան արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ` ազգ մը կխորտակեք վերջը…»:
Սեպտեմբերի վերջ — Չերնոգորիան, Հունաստանը, Սերբիան ու Բուլղարիան պատերազմ են հայտարարում Թուրքիային: Սկսվում է Բալկանյան առաջին պատերազմը: Կոմիտասը դադարեցնում է երգչախմբի դասերը` պատերազմից հետո այն նորից վերսկսելու մտադրությամբ:
Հոկտեմբեր-դեկտեմբեր — Կոմիտասը հիմնականում զբաղվում է գիտական և ստեղծագործական աշխատանքներով և Ղալաթիո կեդրոնական վարժարանում իր ստանձնած երգեցողության դասերով:
Դեկտեմբերի 15, Կ.Պոլիս — «…Կեանքս լաւ է, բնակարանս յարմար, աշակերտներս ուշադիր, մարդիկ եմ պատրաստում գաւառներում ուսուցչութեան եւ խմբեր կազմելու համար: Բայց գիտես, որ ժամերս չեմ վատնում: Օրուան մէջ մինչեւ կէսօր ինձ համար է, աշխատում եմ անձնական գործերովս, իսկ կէսօրէն յետոյ էլ, երբեմն ինձ եւ երբեմն էլ աշակերտներիս համար եմ յատկացրել» — գրում է Մարգարիտ Բաբայանին:
1913
Փետրվարի 9, Կ.Պոլիս — Կոմիտասը նամակ է գրում Փարիզ` Մարգարիտ Բաբայանին և խնդրում իր համար նվագարան (Flugel) գնել, պատմում է նաև իր անձնական գործերի մասին:
Ապրիլի 13, Կ.Պոլիս — Կոմիտասը և նկարիչ Փանոս Թերլեմեզյանը միացյալ հեռագիր են ուղարկում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին` նրա գրական գործունեության 30-ամյակի առթիվ:
Մայիսի 12, Կ.Պոլիս — Էսայան վարժարանում տեղի է ունենում Կոմիտասի գլխավորած «Գուսան» երգչախմμի փորձը, որին ներկա է լինում Ֆրանսիայի դեսպան Մ.Պոբը իր տիկնոջ հետ, Մեհմեդ Էմին Պեյը, կոմս Օսդրորոկը և հռչակավոր դաշնակահար Ֆուռլանը: Երեկոյան Պըտի Շանի ձմեռային թատրոնում կայանում է «Գուսան» երգչախմբի համերգը:
Մայիսի 28, Ատաբազար — Արամյան վարժարանի սրահում Կոմիտասը դասախոսություն է կարդում «Հայ ժողովրդական ու աշուղական երաժշտությունը» թեմայով: Զեկուցման ընթացքում երգում է և բացատրում:
Մարտ-մայիս, Կ.Պոլիս — Կոմիտասը մասնակցում է Էսայան Սանուց Միության «Գրական ասուլիս» կոչվող հավաքույթի նիստերին, որոնք նվիրված էին Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամային, Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» և Ռուբեն Զարդարյանի «Ցայգալույս» ժողովածուներին: «Գրական ասուլիսին» մասնակցում էին արևմտահայ նշանավոր գրողներ և քննադատներ:
Հունիսի 25, Թիֆլիս — Կ.Պոլսից Էջմիածին ուղևորվող Կոմիտասը Բաթումից հասնում է Թիֆլիս:
Հուլիսի սկիզբ — Թիֆլիսից Էջմիածին մեկնող Կոմիտասը Ղարաքիլիսայում հյուընկալվում է Սպիրիդոն Մելիքյանի տանը:
Հուլիսի 19, Ս.Էջմիածին — Նամակ է գրում Հովհ.Թումանյանին. «Սիրելի՛ Յովհաննէս: Հակառակ բոլոր փափագիս, չկարողացայ քեզ տեսնել Տփխիսում: Ես եկել եմ, սիրելի՛ս, միայն շատ կարճ ժամանակով, այստեղ: Ձեռագիրներ եմ նայում եւ գեղջուկ երգեր հաւաքում: Իսկ սեպտեմբերին պիտի գտնուեմ անպատճառ Պոլիս, ուր արդէն հաստատուել եմ եւ գործ եմ սկսել: Ունեմ ինձ համար անձնական դպրոց, ուր պատրաստում եմ խմբապետներ եւ երգիչներ. ունեմ 300 հոգուց բաղկացած երկսեռ խումբ, որի անունն է «Գուսան»:
Հուլիս-օգոստոսի սկիզբ — Կոմիտասը շրջագայում է Երևանի նահանգը, Իգդիրի, Կոտայքի, Շիրակի, Գառնիբասարի, Ապարանի, Աշտարակի գավառները և հավաքում ժողովրդական երգեր:
Օգոստոսի 9-11 — Կոմիտասը ներկայանում է Բյուրականում հանգստացող Գևորգ Դ կաթողիկոսին. «Հա, բարով, բարով, Կոմիտաս հայր սուրμ, ասում են Պոլսում մեծ պատիվ ունես, գործդ շատ աջող է գնում, շատ ոսկի են տալիս, երբ ես գնում, իհարկե քեզ համար այդ լավ է»: «Վիրավորանքից ու զզվանքից քիչ մնաց խելքս թռցնեի: Ջղայնացած, կարճ ու կտրուկ պատասխանեցի.
— Այսօր եկա, վաղը կգնամ»:
Օգոստոսի 12, Թիֆլիս — Էջմիածնից Կոմիտասը ժամանում է Թիֆլիս:
Օգոստոսի 21 — Շուրջ երկամսյա բացակայությունից հետո Կոմիտասը վերադառնում է Կ.Պոլիս:
Սեպտեմբերի 18, Կ.Պոլիս — «Ազատամարտ» լրագրում տպագրվում է Կոմիտասի «Հայը ունի ինքնուրույն երաժշտություն» խորագրով հոդվածը:
Հոկտեմբերի 12, Կ.Պոլիս — Հայ գրերի գյուտի 1500 և հայ տպագրության 400-ամյակին նվիրված հանդեսում ելույթ է ունենում «Գուսան» երգչախումբը: Կատարում է Կոմիտասի մշակած «Նմանյալ Մովսեսի», «Ով մեծասքանչ» և այլ շարականներ ու երգեր:
1914
Հունվար, Կ.Պոլիս — Կոմիտասին այցելության է գալիս ռուս հայտնի կոմպոզիտոր Միխայիլ Գնեսինը, որը հրեական հին ձայնանիշերի համբավավոր հետազոտող Մագգիտի կողմից հանձնարարություն ուներ լուսաբանություններ խնդրել Կոմիտասից հրեա- կան և հայկական եղանակների հավանական փոխառնչության մասին: «Զրուցելով Կոմիտասի հետ, ես զգում էի և գիտական կենտրոնացման լրջությունը, և մարդկային հմայքի բարյացկամությունը: Միայն ավելի ուշ ծանոթանալով Կոմիտասի ստեղծա- գործություններին` ես համոզվեցի, թե որքան մեծ է նրա տաղանդը, ինչ նշանավոր կոմպոզիտոր է նա, ինչ հետաքրքիր և ինքնատիպ վարպետ…»:
Հունիսի 1-15, Փարիզ — Կոմիտասը մասնակցում է միջազգային երաժշտական ընկերության համագումարին: Երկու հիմնական դասախոսություններից («Հայկական խազագիտությունը», «Հայգեղջուկ երաժշտությունը») բացի երաժշտական ընտրանիի թախանձանքին ընդառաջելով, նա կարդում է երրորդը` Հայ երաժշտության ամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության մասին:
Հունիսի 9 — Բլումենթալ եղμայրները հայ թերթերում ծանուցում են հասարակությանը ձայնապնակների վաճառքը: Դրանք Արմենակ Շահ-Մուրադյանի կատարմամբ և Կոմիտասի նվագակցությամբ մի քանի եկեղեցական երգեր էին: Պոլսահայ մի քանի հետադեմ հոգևորականներ ձայնապնակների վրա այն դրոշմելը սրբապղծություն են համարում և բողոքում կրոնական ժողովին:
Հունիսի 18 — Կրոնական ժողովը որոշում է. «Նկատելով, որ տ. Կոմիտաս վարդապետը Հայաստանյաց ս. եկեղեցվոյ սեփական և Աստծո տաճարին հատկացյալ սրբազան երգերն իր երգեցողությամբ ի վաճառս հանած է, որոնք կրամոֆոնի միջոցով կերգվեն ամենուրեք, մանավանդ կրոնական զգացումները վիրավորող անպատշաճ վայրերու մեջ, որոշեց ս. պատրիարք հոր հանձնել պարտ ու պատշաճը տնօրինելու և խնդրել ս. կաթողիկոսեն նկատողություն ընել տ. Կոմիտաս վարդապետին հայ եկեղեցականի բոլորովին անվայել ընթացքը»:
Հունիսի երկրորդ կես, Փարիզ — Կոմիտասը հրավեր է ստանում Լոնդոնում, Մարսելում դասախոսություններ կարդալու, բայց շտապում է Կ.Պոլիս: Ճանապարհին նա այցելում է Վիեննա և Ֆիլիպե ու այս քաղաքներում կարդում մի-մի դասախոսություն` այն ուղեկցելով երգով:
Հուլիսի 7 և 8, Կ.Պոլիս — «Բյուզանդիոնի» այս օրվա համարներում տպագրվում է Արշակ Չոպանյանի «Անկրոն որոշում մը» հոդվածը: Ա.Չոպանյանը գրում է. «Կոմիտաս վարդապետի մասին կրոնական ժողովի որոշումը ամենեն անկրոնն է որոշումներուն: «Կրոնք»-ը, եթե զայն ըմբռնենք ոչ թե տերտերական, տիրացուական, խանութպանական իմաստով, այլ իր իմաստասիրական բարձր ու բուն առումով, ուրիշ բան չէ, բայց եթե հավատք գերագույն արդարության և գերագույն գեղեցկության: Կրոնական ժողովին որոշումը հայհոյանք մըն է գեղեցկության դեմ, և զուրկ է արդարության հետին նշույլեն… »:
Հուլիսի 9-22, Կ.Պոլիս — «Ազատամարտ» լրագրում տպագրվում է տեղեկատվություն. «Մոտ երկուսուկես ամսվան բացակայությունե մը ետք Եվրոպայեն Պոլիս վերադարձավ երեկ Կոմիտաս վարդ.: Տաղանդավոր երաժշտագետը Փարիզի երաժշտական աշխարհին մեջ հայ հոգևոր ու ժողովրդական երաժշտութեան հանդեպ մեծ հետաքրքրութիւն արթնացնելե ետք անցած էր Վիեննա: …Կոմիտաս վրդ. Սիրքեճիի կայարանին մեջ ընդունեցավ համակիրներու բազմութեան մը և իր երգչախմբի անդամներուն կողմե: Մեր խմբագիրը երեկ իսկ հարգելի երաժշտագետին հետ տեսակցութիւն մը ունեցավ, զոր, իր շահեկանութեանը պատճառով պիտի հրատարակենք մեր վաղվան թվով»: «Ազատամարտ» լրագրի համար 1557-ում տպագրվում է «Հայ երաժշտության հաղթանակը» վերնագրով «Տեսակցություն մը Կոմիտաս վարդապետի հետ» հարցազրույցը:
Ամռան վերջ — Կոմիտասը մեկնում է Գերմանիա:
Սեպտեմբերի 10 — Չոպանյանին գրում է. «Ամեն իրիկուն օպերա եմ գնում: Վագների երկերի շարքն են տալիս այս և եկող շաբաթ. շատ ուրախ եմ որ սկզբից հասա»:
Հոկտեմբերի 13/26, Կ.Պոլիս — Երվանդ Հակոբյանին գրում է. «Ժամանակիս վայրագութիւններէն ըստ կարելւոյն հեռու պահելով` միտքս ու զգացումներս` անդադար կ’աշխատիմ կարեւոր ուսումնասիրութիւններով: Խմբիս և համերգներու չը կրցայ տակաւին սկսել` աշակերտներուս զինուորագրութեան պատճառաւ, սակայն եւ այնպէս` շաբթուս նոր խումբ կազմակերպելու նախապատրաստութեան սկսայ: Յոյս ունիմ Զատկական տօներին հասցնել մեր հնագոյն եղանակներով ներշնչուած Սուրբ Պատարագի Արարողութիւնները` զորս պիտի ուսուցանեմ նոր խմբիս: Քաղաքապետութիւնը հիմը դնելու վերայ է երաժշտարանի մը, որի պաշտօնեաներէն մէկն այլ զիս կարգեցին. չը մերժեցի, բայց միայն ներդաշնակութեան դասերն ստանձնեցի, որ ձայնս խնայեմ ու խնամեմ»:
1915
Մարտի 23, Կ.Պոլիս — Բերայի Բյութոնիա սրահում տեղի է ունենում գեղարվեստական ցերեկույթ` «մասնակցությամբ Կոմիտաս վարդապետի»:
Ապրիլի 11-24, Կ.Պոլիս — Հայ մտավորականների` Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և մյուսների հետ միասին Կոմիտասը սուլթանական կառավարության կողմից աքսորվում է Անատոլիայի խորքերը: Աքսորում կրած անհուն տառապանքները, ահն ու
սարսափը, հայկական կոտորածները հոգեպես ցնցում են մեծ արվեստագետի ողջ էությունը:
Ամառ — Միջնորդությամբ հաջողվում է Կոմիտասին վերադարձնել աքսորավայրից:
Սեպտեմբեր — «Ուսման առաջին օրն էր, հավաքվել էինք դպրոց պարապունքներն սկսելու… Որքան մեծ ուրախություն և անակնկալ բան էր, երբ դպրոց ոտք կոխելով իմացանք Կոմիտասի գալը և նորից երգի ու երաժշտության դասատու նշանակվելը ազգային Կենտրոնական վարժարանում: Կոմիտասին տեսնելու միտքը հուզում էր մեզ անուշ երազով, թերևս և մյուսներին տեսնելու հույսով: Ահա Կոմիտասը գալիս է, մեր աչքերը բևեռվում են նրա վրա.. Կոմիտա՞ս, թե՞ Կոմիտասի ուրվական… ժպտուն, թռվռուն, կատակող, սիրով, ծաղրով, «տո լաճ», «տո ծուռ» ասող, աշակերտներով հրճվող Կոմիտասը տխուր, «խռով», կմախքացած դեմքով, ատամներից մի քանիսը փշրված,- ո՛վ գիտե ո՛ր գազան թուրքի բռունցքից,- գլուխը կախեց, բարևեց և առանց ժպիտի մտավ դպրոց» (Վարդան Պետոյանի հուշերից):
1916
Սկզբներ — Կոմիտասի հիվանդության սկզμնական շրջանի մասին նրանից գրեթե անբաժան, Աստվածատուր Հարենցը պատմում է հետևյալը. «Արդեն հիվանդության նշանները ծայր տված էին և դոկտ. Թորգոմյան, ընկերակցությամμ դոկտ. Գոնոսի հսկեցին ու զանազան դարմաններ ըրին»:
Գարնան վերջեր — «Բոլորովին լավ էր»:
Ամռան սկիզբ — «Առաջարկեցի զինքը հյուրընկալել մեր կղզիի տունը: Մեզ բարեկամ երկու հիշյալ բժիշկները շատ հարմար ու օգտակար գտան առաջարկս: 1916-ի ամառը 3 ամսի չափ մեր մոտ անցուց Վարդապետը և այնքան լավ վիճակ մը ուներ, որ հոն վերստին գրի առավ և դաշնակցեց հայկական պարերը»:
Աշնան սկիզբ — «…Մենք Գատըգյուղ վերադարձած էինք և ինքը Բերայեն կուգար շաբթվան 2-3 օրը միասին անցնելու: Ուրբաթները հատկացուցած էինք երկար պտույտներու ուր մանկունակզվարթություն մը ուներ հարաճուն և անվերջ. կերգեինք ընդհանրապես երկձայն»:
Հոկտեմբեր — «…Իր վիճակին մեջ փոփոխություն երևցավ, ամեն շաբաթ իր զվարթությունը կը պակասեր հետզհետե. կը հիշեմ մանավանդ թե վերջին շաբաթուն մեջ այցելելուն` դժգոհություն և զայրույթ ուներ արևին դեմ, ինքը որ կղզի եղած պահուն արևածագը կը վայելեր երանությամբ: Մեզ մոտ եղած այդ վերջին Ուրբաթը` երեկոյան ճաշի ժամը հնչելուն` երբ կսպասեինք իր սենյակեն իջնելուն, հանկարծ գահավեժ քայլերով վար վազեց, ուղղակի դուրս, փողոց խոյացավ և դեպի նավամատույց ուղղվեցավ, բնականաբար ես ալ ընկերացա իրեն: Երբ հասանք եկեղեցու առջև, մտավ ներս և տաճարին դուռը բանալ տալով առաջացավ և ծնրադրելով սկսավ արտասվախառն աղոթել»: Շաբաթ — «Զինքն առաջնորդեցի Բերա, իր տունը, ուր դոկտ. Թորգոմյան և դոկտ. Գոնոս, անմիջապես խորհրդակցությունե մը հետո, զինքը փոխադրեցին Շիշլի»:
1919
Ապրիլ — Կ.Պոլսի հոգեբուժարանից Կոմիտասին տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրար արվարձանի հիվանդանոցը:
1921
Կոմիտասին տեղափոխում են Վիլ-Ժուիֆի հիվանդանոցը:
Մարտ — Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն այցելում է հիվանդ Կոմիտասին: «…Խոսեցի իր աշակերտների մասին, — գրում է իր հուշերում Թերլեմեզյանը, — ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու: Հարցրի` հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի մյուսը` իր»: Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո»,- ասաց: «Դե Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց»:
1930 – 1931
Մեծ հանդիսավորությամբ Սովետական Հայաստանում և սփյուռքում տոնվում է Կոմիտասի ծննդյան 60-ամյակը:
1935
Կոմիտասի կյանքի վերջին շրջանի մասին Սրբուհի Պյուլպյուլյան-Քերեստեջյանը պատմում է. «…Չէր ուզեր բնավ, որ իրեն հետ երաժշտության մասին խոսվի: Անգամ մը, երբ փորձեցի դաշնամուրին կից մը տվի, «լմնցավ այլևս ինձ համար», եղավ իր պատասխանը: Չափեն ավելի կզայրանար նաև, երբ իրեն կզգացնեին իր հիվանդ ըլլալը: Այդպես անգամ մը խիստ ցավալի դեպքի մը ներկա եղա: Իրեն հայրենակից մտերիմ անձ մը հաջողեցա մոտեցնել իրեն, սակայն հազիվ թե ներս մտած և անխոհեմաբար «Անցյալ ըլլա հայր սուրբ, իմացա, որ հիվանդ եք եղեր» բառերը արտասանած էր, վարպետը կատաղի զայրույթով մը անկողնին մոտեն հողաթափը վերցնելով` «Դո՛ւրս կորսվի, խայտառակ հիվանդը դու ես» պոռալով վանեց զինքը: Ուրիշ հատկանշական գիծ մը իր հոգեկան անբնականոն վիճակին մեջ կարծես թե արժանապատվության զգացումն էր. չէր ուզեր, որ զգացնեն իր անկեալ վիճակը: Իր հիվանդության ամբողջ տևողության, բաղդը ունեցա նաև տարին մեկ կամ երկու անգամ իրեն համար կրոնական զգեստ մը կարել ու նաև կոշիկները հայթայթել. սակայն կուզեր անպայման գիտնալ նախ, թե ով կվճարե այդ բոլորը: «Ես պետք չունիմ ուրիշներու», կսեր և հաճախ նաև օրերով չէր ուզեր հագնիլ զայն:
Վարպետին հիվանդության վերջին շրջանին էր, երբ օր մը նշմարեցի, որ իր շապիկին կոճակներեն մին փրթած էր և զայն տեղվույն վրա կարեցի: Չպիտի մոռնամ երեխայական անկեղծ իր ժպիտը, որով շնորհալիորեն ըսավ. «Ապրիս, շնորհակալ եմ»: Դեմքին վրա այդ պահուն տառապողի ծամածռություն մը նշմարելով, հարցուցի թե ինչ կզգա, «սրունքիս վրա վերք մըն է գոյացած», ըսավ. ըսի «վարպետ, թողեք որ տեսնիմ». «Ոչ, չլլար, ամոթ է», պատասխանեց:
…Վերջին այցելություններուս պահուն վարպետը արդեն այլևս անկողինը չէր թողուր: Միշտ ավելի ու ավելի դժգույն, սպառման նշաններ ցույց կուտար: Այդ օրերուն էր, որ անգամ մը դուրսը, պարտեզին մեջ ման եկող մյուս մտային հիվանդները ինձ ցույց տալով, խիստ տկար ձայնով մը ըսավ. «Դեռ քիչ մը գործեր ունիմ կարգադրելիք ասոնց հետ, բայց մոտ օրեն արդեն ամեն ինչ կը վերջանա»:
«…Իրապես ալ մի քանի շաբաթ վերջը ոչ ևս էր հայ երգին զմայլելի Մելոսը, Կոմիտաս»:
Հոկտեմբերի 21 — Առավոտյան ժամը 6-ին Փարիզի հոգեբուժարանում վախճանվում է Կոմիտասը:
Հոկտեմբերի 27 — Կատարվում է թաղման հանդեսը: Դամբանախոսում
են` միջազգային երաժշտական ընկերության անունից պրոֆ. Կուրտ Սաքսը, ֆրանսիական երաժշտական ընկերության կողմից Ամեդե Գաստուեն, հայ երաժշտագետների և կոմպոզիտորների անունից Արա Պարթևյանը, Կոմիտասի սաների անունից Հայկ Սեմերջյանը և ուրիշներ:
Ժամը 13-00-ին ավարտվում է դամբանականները և նրա դագաղը իջեցվում է եկեղեցու նկուղը` փոքր մի մատուռ` հարմար առիթով Հայաստան փոխադրելու նպատակով:
1936
Մայիս — Հայտնի հոգեբույժ Հ.Յազմաչյանի գլխավորությամբ Ֆրանսիայից ներգաղթող հայերի հետ Կոմիտասի զմռսված աճյունը փոխադրվում է Երևան:
Մայիսի 28 — Կոմիտասին հանդիսավորությամբ թաղում են հայկական պանթեոնում:
«Սիրելի Կոմիտաս, այսօր և միշտ դու մեզ հետ ես քո շքեղ երգերով, որ բարձր արվեստով, պատմական սխրալի գործով: Դու անմահ ես. ինչքան ժամանակ, որ հայ ժողովուրդը կապրի, կապրի և քո երգը: Բայց դու հոգնել ես շատ, սիրելի Կոմիտաս, տառապել ես շատ, զարհուրանքներ ես կրել, վայրագ թշնամու սուրն ես տեսել, հանգստացիր հիմա, մայրենի հարազատ հողի գրկումն ես հիմա: Քո սիրած Արարատյան դաշտի բուրումնալից երգը ծավալվում է քո շուրջը, քո երգերը ծփում են քո վրա, քո երգերի հետ ծփում են աշխատանքի և ազատության նոր, հաղթական կորովի երգեր…
Հանգչի՛ր խաղաղ, սիրելի՛, նվիրակա՛ն Կոմիտաս…»:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Քանի խորունկն եմ մտնում երաժշտական ծիծաղածին ծովի մէջ, նոյնքան պնդուում է համոզմունքս, թէ՝ մեր ե՛ւ ժողովրդական ե՛ւ եկեղեցական աննման ու վեհ եղանակները, որոնք քոյր եղբայր են շա՜տ վաղուց, ապագայում նո՛յնպէս օտարների համար ուսումնասիրութեան աղբիւր պէտք է դաոնայ որովհետեւ արմատը շատ խորն հնութիւն է տանում հասցնում, մինչեւ Հայի ծագումը, ա՛յնտեղ, նորանից անբաժան, ծլում եւ նորա՛ հետ է մեզ հասնում»: Կոմիտաս Վարդապետ
“The deeper I plunge into the joyful sea of music, the firmer becomes my persuasion
that both our folk and church melodies, wich already long ago were brother and sister, in the future, too, will be a source of study for foreigners, because these melodies’ root goes very far and reaches the earliest times, when the Armenian originated; then it sprouts with him and comes down to us.» Komitas Vardapet
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ
Ասույթներ, քաղվածքներ Կոմիտասի մասին
Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց:
…Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Երկերի ժողովածու: Հ.5. — Ե., 1977, էջ 68
Կոմիտասը ստեղծագործող էր նախ և առաջ: Կոմիտասի երգերը ստեղծագործություններ էին իրենց հյութալից, կառուցիկ և միաժամանակ հարազատ պոլիֆոնիայով:
Այդ պոլիֆոնիան չունի իր նախորդը, չունի իր տրադիցիան, դա
հիմնովին Կոմիտասի սեփական ստեղծագործությունն է: Դա նրա մեծ երախտիքն է հայ երաժշտության զարգացման գործում:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Երկերի ժողովածու: Հ.8, լրացուցիչ.-
Ե., 1963, էջ 103
Կոմիտասը ցույց տվեց հայ աշխատավոր ժողովրդի հանճարը, նրա հոգեկան հարստության անսպառ գանձերը, նրա երաժշտական «ճարտարապետությունը», երաժշտական «մանրանկարչությունը», երաժշտական «տաղերգությունը», նրա երաժշտական «էպոսը»…:
…Նա հպարտություն տվեց հայ ժողովրդական մեծ արվեստին: Նա է հիմնադիրը ազգային երաժշտության կուլտուրայի և հմուտ ուղեցույցը:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին. –
Ե., 1960, էջ 6
Կոմիտասը, իհարկե, ինչպես բոլոր հանճարները, կոնկրետ մարդ է եղել, բայց թե ի՞նչ կոնկրետ: Եթե շատ կոնկրետ լիներ, էլ ի՞նչ Կոմիտաս: Նա իր մեջ կրել է բնությունը: Դա մեր հողն է, հողի համը, ջուրը, սարերի օդը, էլ ինչ ասեմ: Նա այդ բոլորը բյուրեղացնում է երգով: Իհարկե, այստեղ կարևորը խոսքերը չեն: Կարևորը հենց երգն է, նրա երգի նոտաների մեջ հենց այդ հողը, ջուրը զգում ես:
… Ինձ թվում է Կոմիտասը շատ ուժեղ է զգացել բնությունը, հողը, և նա բնության երգն է ստեղծել, ոչ թե` ինչպես ասում են իր կոնկրետ, անձնական երգը: Եթե այդպես լիներ, Կոմիտասը քիչ բան արած կլիներ: Հանճարն էլ հենց էդ է էլի: Երկրի շունչը դարերով, ժամանակներով է կուտակվում մարդու մեջ: Կոմիտասը այդ շնչով մարմնացած էակ է, և նրա ուժը դրա մեջ է, այստեղից պետք է հասկանալ նրան:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
— Սովետ. արվեստ, 1969, N 10, էջ 5
Ես Կոմիտասին համարում եմ հայկական երաժշտության հավերժական խորհրդանիշ, իսկ նրա ստեղծագործությունը` մեծագույն օրինակ և աղբյուր, որից ներշնչանք կստանան հետագա հայ բոլոր կոմպոզիտորները: Ինձ հատկապես հոգեհարազատ է լակոնիկությունը, պարզությունը, պարկեշտությունը երաժշտության մեջ և երաժշտական միջոցների խնայումը:
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Коммунист, 1969, 21 нояб.
Կոմիտասը իր կյանքով, իր տիտանական ստեղծագործական աշխատանքով, մաքառումով և իր ճակատագրով, իմ պատկերացմամբ խորհրդանշում է հայ ժողովրդի պատմությունը, պայքարը, ճակատագիրը: Կոմիտասը իրեն ծնող ժողովրդի նման իր ստեղծագործական, լուսավորչական գաղափարները իրականացնելու համար մաքառել է անասելի ծանր ու դժվարին պայմաններում:
… Կոմիտասն իր ստեղծագործությամμ, գիտական, տեսական հետազոտություններով շրջադարձային դեր խաղաց ազգային երաժշտական մշակույթի զարգացման գործում և միայն իրեն հատուկ հանճարով ու հեռատեսությամբ կանխորոշեց նրա առաջընթացի ուղիներն ու հեռանկարները:
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
-Հայրենիքի ձայն, 1969, 19 նոյեմբ.
Երբ ես երգում եմ «Կռունկը» կամ «Ծիրանի ծառը», երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ յուրաքանչյուր հնչյուն ու դարձվածք ձեռքիցս բռնած ինձ քաշում են ինչ-որ անմեկին ոլորտներ, հուզական խորխորատներ: Այդ պահին ապրում եմ մի վիճակ, որ հավանաբար պիտի դիդրոյական կշտամբանք ծներ. ես, իրավ, մոռանում եմ սրահը, մոտ եմ մոռանալու նույնիսկ ինքս ինձ, բայց երբեք հնչյունների հորձանքի մեջ ապրող, փոթորկվող ու տոկացող մարդուն … Դրա համար էլ ինձ համար դժվար է պնդել, թե վերջնական ու անփոփոխ է այնքան ծափեր ստացած «Կռունկի», «Ծիրանի ծառի» ու շուրջ չորս տասնյակ անուններ հաշվող կոմիտասյան երգացանկիս մյուս գործերի մեկնաբանությունը:
…Ճշմարտապես Կոմիտաս հասկանալու համար բացսիրտ ու լայնախոհ պիտի մոտենաս նրան, ուժով զսպես աչքերիդ մեջ ակամա կուտակվող արտասուքը, որ անմշուշ տեսնես, լսես ժողովրդիդ ու նրա զավակի` Կոմիտասի լուսավոր, հուզառատ հոգին:
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Սովետ. Հայաստան, 1969, 21 նոյեմբ․
Կոմիտասը նման էր վարպետ քարտաշի մը: Դարերէ ի վեր հայ ժողովուրդը ապրեցաւ զուլումներուն տեսակները եւ իւրաքանչիւր փլուզման, անփոխարինելի արժէքներ կորսուեցան: Յաջորդաբար ինկան մեր մշակոյթին ոգեղէն սիւները: Բարեբախտաբար քանի մը երաժիշտներ եկան եւ դուրս բերին մեր գոհար երգերը փլատակներուն տակէն, մաքրելով զանոնք փոշիներէ` ըստ իրենց ճաշակին: Այդ նուիրեալներուն մէջէն ամէնէն վաւերական, երաժշտական մեծ հմտութեամբ պատրաստուած օժտեալ դէմքը Կոմիտասն էր: Այո՛, քարտաշ մը: … Իրմէ զատ ոչ ոք այդ հանճարային բոցով պիտի կարենար նոյնքան բարձրարժէք կատարելութեամբ մտատեսուածը իրագործել:
* * *
Կոմիտաս մեծ եղաւ մեր մէջ իր ունեցած երկու հիմնական առաւելութիւններուն շնորհիւ: Ուրեմն նախ իր առանձնաշնորհեալ եւ ազնուական ճաշակը` ու յետոյ, իր ներդաշնակելու արուեստին պարզութիւնը: Ասոնց հիմնական ապացոյց` իր «պատարագ»-ը:
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ
-Յառաջ, Բեյրութ, 1969, 25 մայիսի
Կոմիտասն աննյութեղեն ու հազարագույն մի էություն-տաճար է. նրա դռանը մոտենալու համարձակություն և իրավունք կարող են ունենալ նրանք, ովքեր ժողովրդի մեծ արվեստի նկատմամբ ունեն երկյուղածություն և սրբազան դող:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
-Հայրենիքի ձայն, 1969, 19 նոյեմբ․
Ամեն անգամ, երբ կատարում եմ նրա երգերը, մտքումս հառնում է նրա դաժան ու մռայլ ճակատագիրը: Կոմիտասով տարվել եմ դեռ շատ երիտասարդ տարիներիս և մեծ սիրով կատարել բոլոր համերգներում: Հետաքրքիր ու հուզիչ Կոմիտաս էր երգում հայրս: Շատ ու ամենուր երգել եմ Կոմիտասի անմահ «Կռունկը»:
Անսահմանորեն սիրում եմ Կոմիտաս և քանի դեռ երգում եմ, ես չեմ բաժանվի նրանից:
Կոմիտաս … սիրելի, անկրկնելի, մեծ Կոմիտաս:
ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ
-Գարուն, 1969, N11, էջ 10
Անսահման հպարտությամբ և ուրախությամբ եմ գիտակցում, որ իմ հայրենիքն աշխարհին տվել է այնպիսի հրաշալի մի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է:
Ստեղծագործական մեծ հուզմունքով եմ աշխատում Կոմիտասի ստեղծագործությունների վրա, դրանք ինձ հսկայական բավականություն են պատճառում:
ԶԱՐՈՒՀԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
-Սովետ. Հայաստան, 1969, 21 նոյեմբ․
Կոմիտասը խորհրդանշում է մի ողջ ժողովուրդ: Կոմիտասը մեր ազգային հպարտությունն է: Կոմիտասով միայն կարող ենք ցույց տալ օտարներին մեր երաժշտության վեհությունը, պարզությունը և մեծությունը:
… 1967թ. Մոսկվայում Չայկովսկու անվան կոնսերվատորիայում աշխարհահռչակ նկարիչ Ռոքուել Քենտի խնդրանքով կատարեցի մի քանի աշխարհիկ և հոգևոր երգեր: Քենտը հիացած և հուզված բացականչեց.
— Դուք այնպիսի՜ հիասքանչ երաժշտություն ունեք, պահպանեցե՛ք այն…
Իսկ հանրահայտ փիլիսոփա Ասմուսի համար կոմիտասյան երաժշտությունը վեհ է ու խոր:
— Սա բախյան երաժշտությանը զուգակշիռ մի երաժշտություն է, — հայտարարեց նա:
ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
-Գարուն, 1969, N11, էջ 22-23
Կոմիտասը գույնի արտակարգ զգացողություն ունի … Կոմիտասը դարաշրջանի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն էր, որ առաջին անգամ իր` կոմպոզիտորի մտածողությունը հիմնեց գույնի օրինաչափության վրա: Տեսեք, ասում էր` Ձիգ տուո՜ւ, քաշի … Սա եվրոպական բնորոշ ոչ մի տակտի, ռիթմի մեջ չի տեղավորվի, անկարելի է: Ձայնը դառնում է օդ, ձայնը դառնում է լույս, որը չի ենթարկվում պուլսացիայի օրենքին:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
-Գարուն, 1984, N 2, էջ 94
Եթէ ընդունել ենք, որ գոյութիւն ունի հանճարի` լոյսի եւ մռայլութեան երկու կերպ, ուրեմն Կոմիտասը, իհարկէ լոյսի հանճար էր, ոչ միայն իր ստեղծագործութիւնների, այլեւ հազարամեայ անցեալի ժառանգութեան արժեւորմամբբ: Եւ նրա կենսագրութեան կողքին քայլող մռայլը եւ ողբերգականը դրսից պարտադրուածներն են սոսկ, որ առայսօր արթունօրէն ուղեկցում են նրա անուանը: Եթէ նրա ստեղծած գոհարները շարենք կողք-կողքի, կունենանք զրնգուն ձայների մի աշխարհ-հայրենիք` գրաւիչ ու կանչող:
* * *
Կոմիտասը մեր երաժշտամշակութային տարածքի սահմանումն ու քարտեզագրումն է տուել: Այսօր մեր մէջ շարունակում է գոյատեւել Արեւելք-Արեւմուտք փոխյարաբերութեան երաժշտական հոգեբանութեան ծանր դրոշմը: Այս կնճիռը հարթեցնող ուժն այսօր Կոմիտասն է, նրանից սկիզբ առած կոմպոզիտորական դպրոցը:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Կոմիտաս Վարդապետ
Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գիրք Ա. — Ե., 2005, էջ 7, 9
Կոմիտա՜սը…
Եթե Հռիփսիմեի վանքը Հայաստանի, հայ ժողովրդի ոգու և էության քարակերտ պատկերն է, միջնադարյան մանրանկարչությունը` Հայաստանի գույնը, Սասնա Դավիթը` խոսքը, ապա նա` Կոմիտասը, Հայաստանի ձայն է — զուսպ, խոր, առնական, բայց փխրուն, տաք, կարոտած, լի հառաչանքով, այլև օրհնությամբ, արցունքով, այլև ժպիտով, թախիծով, այլև լույսով, անհուն, անսահման լույսով: Կոմիտասով այդ ձայնը լսելի է դառնում աշխարհին:
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Երկեր: 3 հատորով: Հ.2.- Ե.:
Սովետ. գրող, 1984, էջ 368
… «Սոնա յար» ենք երգում և չգիտենք, որ երգը հեղինակ ունի, և այդ հեղինակի անունը Կոմիտաս է: Կարծում ենք երգը հեղինակ չունի, ինչպես հեղինակ չունեն օդը, ջուրը, որոտը, ծաղիկն ու ծիածանը, մայրենի լեզուն:
Տարիներ էին պետք, ուսման ու աշխատանքի փորձի ու փորձության տարիներ, որպեսզի իմ սերունդը ճանաչեր ու հասկանար Կոմիտասին, որպեսզի հասկանար, թե ինչ ասել է «Գարուն ա, ձուն ա արել», որպեսզի հասկանար, թե ինչ ասել է «Սիրտս նման է էն փլած տներ»: Ու ճանաչեցինք, ու հասկացանք, ու լցվեցինք, ու հարստացանք Կոմիտասով:
Կոմիտասը դա Մե՛նք ենք, մեր Բնությո՛ւնը, մեր բնավորությունը, մեր պատմության Արիադնայի կծի՛կը, ժամանակներն իրար կապող ուղեցույց թե՛լը, մեր արվեստի անկեզ մորենի’ն, մեր սրտի «Սեզամ բացվի՛րը»:
Կոմիտասը մեր ոգու ինքնուրույն դրոշմն է, մեր հավիտենության վկայականն աշխարհի առաջ:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
-Սովետ. Հայաստան, 1969, 21 նոյեմբ.
Ասում են Կոմիտասը հայկական Բախ է, Շուբերտ: Այդ բոլորը լավ է, դրանց մեջ ճշմարտություն կա, բայց Կոմիտասը Կոմիտաս է, միայն ու միայն Կոմիտաս: Չէ՞ որ մեծ արվեստագետները մեկը մյուսին կրկնել չեն կարող: Իսկ իմ Կոմիտասը ահա այնպիսին է, ինչպիսին կա, արդեն տեսնում եք:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
-Երեկոյան Երևան, 1969, 17 նոյեմբ․
Կոմիտասը մեկն է այն երջանիկներից, որոնց բախտը զուգակցվում է ժողովրդին և դառնում նրա խորհրդանիշը:
Շատ արվեստագետներ Կոմիտասի կերպարը ստեղծելիս առաջին պլան են քաշում 1915 թվականի դեպքերը և տեսնում Կոմիտասին խելակորույս, մոռանալով, որ այդ տարեթիվը մի դրվագ է նրա կյանքում և թերևս նրա տխուր վախճանը: … Սրբություն դարձած դեմքերի հետ արվեստագետը զգույշ պետք է վարվի: Եթե կա պատկերը, ապա նմանությունը պարտադիր է: Նա այսպիսին էր. շեշտիր կամ հարստացրու, խորացրու:
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ
-Գարուն, 1969, N 11, էջ 8
Հսկայական է նրա ծառայությունները հայ երաժշտության մեջ:
Նրա գեղեցիկ գործերը դուրս եկան հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը:
Կոմիտասը միայն մեծ կոմպոզիտոր չէ… Նա նաև անվանի երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ, այս μնագավառում շատ մեծ են նրա ծառայությունները:
… Հայ կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների մեջ հետևում են և կհետևեն կոմիտասյան հիանալի ավանդույթներին:
ԴՄԻՏՐԻ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ
Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
-Երեկոյան Երևան, 1969, 17 նոյեմբ.
Նա առաջինը կարողացավ գտնել հայ երաժշտության նկարագրին միանգամայն հարմար դաշնակումը, որն այնուհետև հայտնվում է մեզ գերազանց քաղցրությամբ ու լիաբուխ փափկությամբ` հավասարա պես երևան բերելով որոշ բանաստեղծական և հայեցող բնություն, որ նրա գեղեցկագույն զարդերից մեկն է:
ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին.-
Ե., 1960, էջ 33
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԿՈՄԻՏԱՍԸ ՀՈՒՇԵՐՈՒՄ
(Պատառիկներ հուշագրություններից)
Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցում էի, խոհարարը եկավ, թեոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը և քեզ են հարցնում: Վար իջա` տեսնեմ, կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլատվություն խնդրեց նկարներս տեսնելու:
Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշի ուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի» և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ` «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»:
Կոմիտասը լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ, անչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը` ինքն իրեն չկարողանալով զսպել` ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi: (գրողը տանի) ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»:
Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո` ես շնորհավորեցի Կոմիտասին այդ հաղթանակի համար և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլաղ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:
ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 190
Միջահասակ, նիհար, ջլուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ ու վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ոչ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես:
Այսպես էր Կոմիտասը:
Վանքում ապրում էր հին միաբանական խցերից մեկի մեջ, երկրորդ հարկը կազմող մի մեծ սենյակում:
Դաշնամուրի տեղակ նա իր կաբինետային աշխատանքները կատարում էր ֆիզհարմոնի վրա:
Չնայելով որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն արվեստագետն ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ ու չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի ու բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի է ուղղակի կլիշե պատրաստել:
ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ
«Կոմիտաս» ժողովածու.- Ե., 1930, էջ 77-78
Կոմիտասը դաշնակելուց առաջ երգի եղանակը զտում էր օտարամուտ տարրերից, որ և հեշտությամբ հաջողվում էր նրան, որովհետև Կոմիտասը քաջ ծանոթ էր ոչ միայն հայկական, այլև տաճկական, մեր արևելյան թուրքական, ինչպես և պարսկական եղանակներին: Այդ է պատճառը, որ նրա մշակած եղանակներն այնպես հարազատ են մեզ համար: Մեկ-մեկ նա երգում էր որևէ տաճկական երգ, ապա մեր հոգևոր երգերից մեկը. թվում էր, թե այդ երկուսը միևնույն եղանակներն են: Բայց երբ նա հոգևոր երգերից հեռացնում էր օտար ազդեցությունը և առնում էր միայն հիմնական եղանակը, այն ժամանակ մեզ այնպես էր
երևում, թե դա մի ժողովրդական երգ էր: Եվ իսկապես, նա անմիջապես երգում էր, և մենք իսկույն նկատում էինք մեր հոգևոր և ժողովրդական երգերի գրեթե նույնությունը:
Եվ Կոմիտասն այն կարծիքի էր, թե մեր հոգևոր երգերի եղանակները մեր ժողովրդական երգերի եղանակներն են:
ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ
Երկեր: Հ.Է.-Ե., 1975, էջ 434
Ժողովրդական երաժշտության մարզում ևս Հայր Կոմիտասը անխոնջ հավաքում էր գեղջկական երգերը` այնքա՜ն համով-հոտով: Որքան հետաքրքրությամբ էին լսվում նրա զվարճալի պատմությունները, ուր նա քողազերծ էր անում իր խորամանկությունները, որոնց նա երբեմն ստիպված էր եղել դիմել, որպեսզի չխրտնեցնի գեղջուկ երգիչներին թփերի տակ թաքնվելով կամ պառկելով գյուղական մի կտրին`այնտեղից ձայնագրելու համար բակում երգվող ու հորինվող խոսք ու երաժշտությունը: Հաճախ մի որևիցե տոնի կապակցությամբ հավաքված գյուղացիների բազմությունը նրան առիթ էր ծառայում հետաքրքիր ձայնագրումների: Օրինակ` Վարդավառի հանդիսություններին` Վաղարշապատում և Սուրբ Էջմիածնում, կամ Հովհաննես Մկրտչի հռչակավոր ուխտագնացության ժամանակ` Մուշում:
ԱՄԵԴԵ ԳԱՍՏՈՒԵ
Կոմիտասական, հ.2, էջ 262.
1914 թվի դպրոցական վերամուտին Կոմիտասը Բերա-Բանկալթիի Նիկողոսյան երկսեռ գիշերօթիկ և ցերեկօթիկ ազգային վարժարանի կողմե հրավիրվեցավ իբրև երաժշտության դասատու: …Ան միշտ դասի ժամեն առաջ կուգար, և օգտագործելով մանուկներու զբոսանքի ժամերը, կհավաքեր զանոնք իր շուրջը և կերգեր ու կպարեր անոնց հետ: Իսկ երբ դասարան կմտնեին` այդ երեխաները այլևս նախորդ դասերու չարաճիճի և անզուսպ երեխաները չէին, կարծես ուրիշ երեխաներ ըլլային: Բավական էր, որ Կոմիտաս ըսեր. «Ուշադրություն, մանուկներ», և անոնք, կարծես մագնիսացած, կհետևեն անոր ամեն մեկ ցուցմունքին: Զվարթ տրամադրությունը Կոմիտաս կնկատեր երեխաներու մտային և հոգեկան ընդունակություններու զարգացման նախապայմանը, իսկ երեխաներուն մեջ այդ տրամադրությունը արթնցնելու համար անիկա օժտված էր բնական և մեթոդոլոգիական բոլոր տվյալներով:
ԱՂԱՎՆԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 262-263
Թե ի՜նչ ծավալ ուներ իր ձայնը, դժվար է ասել. մերթ հզոր տենորի տպավորություն էր անում, զիլ տարածուն, մերթ կարծես բարիտոն, նույնիսկ բաս, այնքան քնքուշ ու արտահայտիչ և մարդկային հոգին տակնուվրա անող, ու ազգին խոր ցավերը, հույզերը, ուրախությունները մարմնացնող, մերթ կարծես հառաչանքներ, հեծկլտանքներ էին ելնում նրա կրծքից, երբեմն էլ փայտի սղոցի ձայնի պես բան էր լսվում, կարծես իրեն կտրատում էին…
ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 130
ԿՈՄԻՏԱՍՆ է ԱՍՈԻՄ
ՊԱՐԻ ՄԱՍԻՆ
* * *
Մարդկային կեանքի աչքի զարնող երեւոյթներից մէկն էլ պարն է:
Պարն արտայայտում է իւրաքանչիւր մի ազգի բնորոշ գծերը, մանաւանդ, բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գիրք Ա, էջ 284
Պարի ներքին բովանդակութիւնն անփոփոխ այս երեք տարրը` շեշտ, յանգ եւ եղանակ, բոլոր ազգերն էլ ունին, բայց արտայայտութեան աստիճանը կախումն ունի ազգային խառնուածքից եւ քաղաքակրթութիւնից. իսկ այդ երկուսը` ժողովրդի ամբողջ ներքին եւ արտաքին վիճակից:
Նույն տեղում, էջ 284-285
Հայ գեղջուկ պարը կիրք զարթեցնող շարժումներ չունի եւ զգացումներն արտայայտում են մարմնի ոչ թէ մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ եւ այլն շարժումներով, այլ պարերգերի միջոցաւ:
Նույն տեղում, էջ 285
Հայ ժողովրդական երգերի չափերն սկզբից մինչեւ վերջ պահումեն նոյն արագութիւնը [իսկ] բայց պարերը մի հաստատուն չափ մինչեւ վերջը չունին, այլ պարի շարժումներն ալիքաւոր զօրանում եւ թուլանում են կամ արագանում եւ դանդաղում…
Նույն տեղում, էջ 305
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
Հայ երաժշտության մասին
* * *
Ի՞նչ է ազգային երաժշտութիւնը, ի՞նչն է նիւթ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդեօք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դէպքերը եւ անցքերը, ժողովրդի ներքին եւ արտաքին կեանքը — այո՛, այս բոլորը, բոլորը նիւթ են կազմում ազգային երաժշտութեան, մի խօսքով այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների եւ մտքի վրայ:
Նույն տեղում, էջ 324-325
Երաժշտութիւնը մի տեսակ շարժողութիւն է, ինչպէս լոյսը, ինչպէս ջերմութիւնը, էլէկտրականութիւնը եւ այլն: Եւ սա շատ պարզ է, որովհետեւ երաժշտութիւնը կազմուած է ձայներից, որոնք ուրիշ բան չեն, բայց եթէ օդում առաջ եկած շարժումներ:
Նույն տեղում , էջ 326
Հայ ժողովրդական երաժշտութիւնն ունի երկու գլխաւոր ճիւղ` արեւմտեան եւ արեւելեան: Առաջնի եղանակները լայն են եւ բարդ, ճոխ են եւ լուրջ, պայծառ են եւ եռանդուն. երկրորդի` սեղմ են եւ պարզ, աղքատ են եւ թեթեւ, դալուկ են եւ խաղաղ:
Նույն տեղում, էջ 330
ԼԵԶՎԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
* * *
Երգն ու լեզուն թէեւ իրարուց բոլորովին տարբեր են արտայայտութեան ձեւով, այո, բայց երկուսն էլ պատկանում են միեւնոյն դասակարգին, թէպէտեւ զանազան երեւոյթներին են պատկանում…
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գիրք Բ, էջ 306
Մեր երգի կշիռն ու չափը բխում է նոյն երգի բառերի շեշտերի կշռից եւ չափից:
Նույն տեղում, էջ 307
Երաժշտութիւնն էլ ինչպէս բանաստեղծութիւնն ունի տաղաչափական օրէնքներ. այսինքն` իւրաքանչիւր երգ շեշտերի դրութեան համաձայն պէտք է բաժանել հատածների:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գիրք Ա, էջ 267
Երգն այն է, որ լեզուն եւ եղանակը զուգընթացաբար են գնում. երբ բառերը ասում եւ երգում ենք կոչւում է եղանակել…: Առանց լեզուի (բառեր) եւ եղանակի երգ չի լինիլ:
Նույն տեղում, էջ 138
ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
* * *
Ուսուցիչ պարո՛ններ ու քոյրե՛ր, զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէ՛ք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը. դաստիարակելու կոչված էք սերունդ մը, որ ապագայ ազգն է. սխալ ուղղութեամբ ազգը մը կը խորտակէք վերջը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գիրք Բ, էջ 79
Եթէ մանուկը չի հասկնար ձեր դասաւանդութիւնը, յանցանքը ձերն է, որովհետեւ չէք կրցած հասկանալ անոր հոգին. պէտք է վար իջնել մինչեւ անոր հոգեկան աստիճանը, եւ զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Նույն տեղում, էջ 78
Ընտանիքը որքան զարգացած ըլլայ, մանուկն ալ այնքան միտքի առավելութիւններով երեւան կու գայ:
Նույն տեղում, էջ 78
Սխալ դաստիարակութեան արդիւնքն է, որ շատեր որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…
Նույն տեղում, էջ 78
Ամբողջությամբ գիրքն այստեղ՝ ԿՈՄԻՏԱՍ
Լուսանկարները վերականգնեց Արսեն Ավագյանը
Пингбэк: Կոմիտաս. Komitas. Комитас в фото и хронике жизни | karap.lv
Пингбэк: Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին | ghtamar
Пингбэк: Կոմիտասյան վերլուծություն | Մերի Երանոսյան