Հասմիկ Սարգսյան
Նվիրում եմ սասունցի Հայկանուշ տատիս հիշատակին
Արծիվներ կա՞ն դեռ ձեր անձավներում…
Եղել է, չի եղել լեռներին թառած մի հպարտ, չարչարված երկիր: Այդ երկրում ապրել են մարդիկ՝ արդարամիտ ու խստասիրտ, մանկան պես միամիտ ու բացճակատ: Եղել են իրենց լեռների պես հաստատուն ու ամուր, ու որովհետև չարին միշտ չար են ասել ու բարուն՝ բարի, որովհետև դավել չեն սիրել ու չեն հանդուրժել սուտն ու կեղծիքը, և որովհետև չեն իմացել, թե ինչ է խորամանկությունը (լեռներին որտեղի՞ց խորամանկություն), կոչվել են ծուռ, խենթ, կոչվել՝ հաստակող:
Ապրել են այսպես սերնդե-սերունդ, ժայռերից բերդեր են շինել հոյատիպ, երգեր են հյուսել իմաստուն ու խաս, իրենք էլ չեն իմացել՝ ինչքան են ապրել, մինչև իրենք էլ երգեր են դարձել, որոնցից մեկը կփորձեմ հյուսել. ես, որ կիսով չափ նրանց պես ծուռ եմ:
Դե՛, ուրեմն լսեք, քանի չի անցել ծռությունս:
***
Բաբոն միակն էր, որ տեսել էր էրգիրը: Ուռենու շիվի պես մատաղահաս, միամիտ մի պատանի էր նա, երբ թողեց երկիրը կապուտաչյա ու չհասցրեց երևի, անգամ, սիրահարվել իր բնօրրանում: Գուցե և սիրեց անմեղ սրտի բոլոր լարերով, բայց լավ էր գուցե չսիրե՞լը…
Հիշում եմ նրան ծածկի տակ նստած, փոքրացած, մի բուռ դարձած, կարծես կոճղ լիներ՝ կոճղի վրա հենած, ու երբ նրա համառ կանչերին ընդառաջ վեհերոտ մոտենում էի, առնում էի ծերության, թութունի ու էլի ինչ-որ բանի հոտ, որ հատուկ էր միայն իր խոր ծերությունն ապրող մեծ պապիկին.
– Լաո՜, ընչի՞ կվախնաս, մո՛տ արի, մո՛տ:
Լաո՜, ա՜խ լաո: Չէի հասկանում նրա լեզուն, նրա հոգին: Բարբառախառն խոսվա՞ծքն էր մեղավոր, թե՞ հոգին էր անընթեռնելի, գուցե ես էի խիստ մանուկ, բայց մահն անդառնալիորեն ծածկեց նրա կյանքի լեգենդը, ու ես չկարողոցա փրկել այն: Ների՛ր ինձ բաբո՛, ներեցեք, իմ չխոսկան, սասունցի ծուռ պապիկներ:
***
Բաբոն ապրեց հարյուր հինգ տարի: Բոլորը գիտեին, որ երկար պիտի ապրի ու առողջ, ամուր պիտի լինի քարի պես: Այդ գիտեր նաև ինքը: Ու երբ մեռավ, գյուղը չհավատաց: Բոլորը գիտեին, որ նա անմահ է, ինքն էլ գիտեր: Կյանքի վաղ տարիներին Գևորգի ծռությունը բռնեց, թե՝
– Հինգ կիլո մեղր միանգամից կուտեմ:
Ասաց ու կերավ: Ողջ Պուգնոտը վկա կանգնեց: Քիչ էր մնում՝ վկա լիներ նաև մահվանը: Հինգ կիլո մեղր՝ հո հանաք բան չի՞: Մահամերձ երիտասարդի սնարի քով կանգնած մեծերը վկայեցին.
– Կա՛մ սա շուտով կմեռնի, կա՛մ կապրի՝ ինչքան որ սիրտը տա:
Ապրեց, ու ողջ գյուղը հավատաց նրա անմահությանը: Մինչև վերջ ոչ մի ատամ չկորցրեց, միայն տեսողությունն էր թուլացել: Ու երբ էրգիրը տեսնող վերջին աչքերը փակվեցին, նրա վերջին հանգրվան Ապագա գյուղի մարդիկ չհավատացին նրա մահվանը:
***
Պակաս ծուռ չեն սասունցի կանայք:
Տատս…
– Սարե՜ր, ճամփա՛ բացեք, գնամ յարի՜ս մոտ…
Երգում է տատս կերկերաձայն՝ վերջին բառի վրա ձայնը անբնական ձգելով ու բարձրացնելով, ու սովորեցնում է մեզ՝ թոռներիս՝ հետը խնդրենք, որ շուտ ի վերջո սարերը ճամփա բացեն, թե չէ արդեն քանի՜ տասնամյակ է, ինչ մեր խեղճ, կնճռապատ տատը կանչում է մեր անծանոթ, վաղամեռիկ պապին, իսկ նա չկա ու չկա.
– Սարե՜ր, ճամփա՜ բացեք…
Ես ուզում եմ հասկացնել տատիկիս, որ չէ՛, մինչև չսովորես կախարդական խոսքը, սարերը չեն լսի քո խնդիրքը, իսկ նա՝ հա՝
– Սարե՛ր, ճամփա՜ բացեք… Մեծացել էի այնքան, որ հասկանայի՝ զուր է սարերի հեքիաթը, զուր է կանչը տատիս: Ես հասուն էի այնքան, որ կարողանայի ցնցվել, երբ մի օր սովորական խնդրանքի տեղ շուրթերը նրա անեծք մրմնջացին.
– Սևանա՜ր օրդ, որ իմ կյանքը այսպես սևացրիր…
Նա կին էր… Որտեղի՞ց այդքան ուժ ու սպասում, երբ կյանքը լիարյուն հոսում է քո կողքով, որտեղի՞ց այդքան անհույս հավատ, երբ մարմինդ հրեղեն ալիքներն են լափում, երբ շուրթերդ սպասում են պատասխանի, երբ… Որտեղի՞ց այդքան հավատարմություն:
Հիմա ծոռնիկի թաթիկը բռնած՝ թոթովախոս նրա լեզուն է բացում տատս.
– Իմ օ՛ր ու արև, դե՛, հետս երգիր. «Սարե՜ր, ճամփա՛ բացեք, գնամ յարիս մո՜տ…»:
Ու փոքրիկ սասունցին արձագանքում է.
-Գնամ յալիս մո՜տ…
Ծուռ, ծու՛ռ իմ տատիկ, թող օրհնվի քո ծռությունը:
***
Գյուղը նման է բոլոր գյուղերին: Ապրում են Ուջանում մարդիկ, կռվում քար ու քոլի հետ, ջարդում օձերին, խաղողի որթ տնկում, նայում սարերին, ապրում ու սիրում: Բայց գյուղն ունի իր հրաշալիքները ևս:
Զորավարի կիսանդրին է այստեղ իր հպարտ հայացքը հառել հեռուներին, և այն է հրաշքը մեծագույն, որ գյուղը գիտե՝ ու՛ր է նայում Անդրանիկը:
Մյուս հրաշքը գյուղի խանութն է: Չե՞ս հավատում, ներս գնա, և վաճառողը կպատմի, թե ինչպես հենց ինքը՝ Վիլյամ Սարոյանը, այս խանութից գնել է խաղող էտելու մի մկրատ ու ասել.
– Սա ամենեն հարուստ խանութն է աշխարհում: Ոչ մի տեղ և ոչ մի երկրում չեմ գտած նման մկրատ:
Երրորդ հրաշքը տարին մեկ անգամ գյուղի մոտակա սարերում բարձրացող ծխի սյուներն են, որոնք, ասում են, չեն ճանաչում ո՛չ մի սահման ու այնքան բարձր են, որ երևում են Սասնա լեռներում:
Եթե ուզում ես իմանալ ծխի սյուների գաղտնիքը, գնա Չաուշի մոտ. նրան կգտնես Անդրանիկի կիսանդրու քով նստած: Հանդարտ հայացքով կնայի քեզ, թութունի գործածությունից դեղնած մատները քեզ կպարզի, քիչ կլռի.
– Լաո՛, դու մեր գեղից չես,- ոչ թե կհարցնի, այլ մտքում ասածը մի անգամ ևս կհաստատի բարձրաձայն:- Դու գիտե՞ս՝ էս մարդ ով ի,- ու մատը կպարզի դեպի Անդրանիկը:
Դու շուտասելուկի պես ինչ-որ բացատրություն կտաս: Նա կլսի, կլսի, կտմբտմբացնի գլուխը հանդարտ ու կգնահատի:
– Գիտես, համա՛ չգիտես:
Քուրդ էր Չաուշը, իսկական քուրդ: Ծնվել ու մեծացել էր Սասունի քարածերպերում, նրա աչքերը տեսել էին հրաշք լեռնաշխարհի կապույտ երկինքն ու պայծառ Լուսաստղը, նրա ռունգերում դեռ պահպանվել էր այնտեղի ծաղիկների անմահական բույրը, ու այդ բույրերի մեջ նրա հիշողության մեջ դեռ շորորում էր կաքավաքայլ հայ աղջնակը՝ հարևան գյուղից: Երազ էր ասես: Սիրտը մաքուր էր այդ երկնքի պես, սիրում էր սարերը: Ու եկավ զարմանալին, զարհուրելին: Ինչու՝ չհասկացավ. ինչի՞ համար փլվեց այն երկինքը: Լսեց, որ աղջիկը սպանվել է: Սիրտը մթնեց: Ու երբ լեռներից լալահառաչ, ծվատված, թողած տուն ու տեղ, արտ ու անասուն, թողած կապույտ մի երկինք ու հրաշք լեռներ, սարսափահար ու նաև զայրալից իջան մայր ու մանուկ, ծեր ու ջահել և բռնեցի անհայտության ճամփան, նա էլ թողեց իր ոչխարների հոտը, մեջքին կապեց մի մեծ կողով, ձեռքերին առավ երկու ուժասպառ մանուկ, կողովում՝ էլի երկուսը, ու քայլեց, քայլեց: Ճամփաները խճճվեցին, և երբ աշուն էր խոր, կանգ առան այս վայրերում՝ չիմանալով դեռ, թե երկա՞ր պիտի իրենց ոտքերը հանգստանան այս լեռան ստորոտին…
Չամուսնացավ, չունեցավ հարազատներ, գյուղում արմատ ձգած հզոր ընկուզենիների հետ ծերացավ մենակ: Ապրեց, ինչպես միայնակ բուն՝ իր բնում, հայ հարևաններով շրջապատված: Շնորհակալ ուջանցիների մոտ չգրված կանոն էր՝ ուրախության բոլոր սեղանների առաջին համեղ բաժինը Չաուշինն էր, հարսների բաժինքի ամենախաս նվերը՝ դարձյալ իրենը: Ում հետ որ անցել էր արյունոտ ճամփաները, էլ չկային. հիմա երևի կռացել են Կաթնաղբյուրի վրա ու խմում են, խմու՜մ, և չեն հագենում: Իսկ ջահելները… Նրանք գիտեն իրենց գործը: Ամեն գարնան գաղտնի ելնում են սարերը, վառելիք բարձրացնում ու ապրիլյան օրերին թեժ խարույկներ բորբոքում; Եվ այդ խարույկների ծուխը, ինքը հաստատ գիտե, երևում է նաև Սասնա սարերում…
Տես նաև՝ ՍԱՍՈՒՆ
…Հարգած չունենամ այն ծռությունը, որ ՚՚Սասնա ծռիցՙՙ մի նշույլ չունի….