Որպես նախաբան
ՄԱՍ I
1894 թվականի՝ Սասունի հայության ջարդերից անցել է ուղիղ 120 տարի: Դրանք իրենց մասշտաբներով և դաժանությամբ գերազանցում էին մինչ այդ Թուրքիայի կողմից իրականացված բազմաթիվ կոտորածները: Սասունի հայ խաղաղ բնակչության բնաջնջումը չէր կարող առաջ չբերել այդ հերոսական և բնույթով ազնվասիրտ ու ներքուստ ըմբոստ ժողովրդի արդարացի զայրույթն ու չարթնացներ գազանին դիմադրելու կամքը:
Սասունի դեպքերը կատարվեցին արևմուտքի «մարդասեր» երկրների աչքի առջև, այն երկրների, որոնց ճնշմամբ մինչ այդ էլ թուրքական կառավարությունն առերես հանձն էր առել բարեփոխումներ իրականացնել՝ խոստանալով ապահովել այլադավան բնակչության համար որոշակի ազատություններ: Հայերի ջարդերի մասին տեղեկությունները տարածվեցին ողջ աշխարհում ոչ միայն հայ, այլ նաև օտար աղբյուրների միջոցով, և շատերին էր հետաքրքրում, թե ովքե՞ր են սասունցիները, որտե՞ղ է գտնվում Սասունը, և ընդհանրապես մանրամասներ՝ լեռներում ծվարած բնկավայրերում ապրող, խստասիրտ բնության ու թուրքական յաթաղանի հետ կռիվ տվող այդ մարդկանց մասին ամեն մի մանրամասն: Ահա թե ինչու ժամանակի բազմատիրաժ հրատարակություններում սկսվում են հայտնվել մանրամասներ՝ Սասունի և նրա բնակիչների մասին: Մեր օրեր հասած այդ մանրամասն տեղեկությունները խիստ արժեքավոր են, քանի որ շատ բաներ, ինչ նկարագրված են այդ պատումներում, այլևս անդառնալիորեն կորսված են: Հավաքելով 19-րդ դարավերջին հրապարակված այդ գրառումները և հատվածաբար ներկայացնելով՝ կփորձենք միասին շրջել Սասունում, ուսումնասիրել նրա աշխարհագրական դիրքը, ծանոթանալ բնությանը, մարդկանց նիստուկացին, կենցաղին, բնավորությանը, տարածված հին պատումներին: Դրանք հնուց մեզ հասած անգնահատելի նշխարներ են: Ուրեմն, մտովի մեր ձեռքն առնենք ճանապարհորդի ցուպը և ճանապարհ ընկնենք դեպի 19-րդ դարավերջի Սասուն: Այնտեղ դուք շատ հետաքրքիր բաներ կտեսնեք, անչափ հետաքրքիր բաներ կլսեք, և ձեր ոտքերը չեն հոգնի ճամփորդությունից, քանի որ ճամփին անպայման դադար կառնենք Մեղրագետի ափին, չենք մոռանա խմել նրա մեղրաջրից, որը, ինչպես տեղացիներն էին ասում, ճամփորդին ուժ ու գորով է տալիս, քանի որ հարստանում է Նեմրութ լեռան բարձունքներում բխող քաղցրանուշ ջրերով:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԱԳԵՏՈՎ՝ ԴԵՊԻ ՏԱՎՐՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ
Սասունը հին հայկական Տուրուբերան նահանգի Ասպակունիք գավառն է: Այն ձգվում է Տավրոսի շղթաների ապառաժների վրա և գտնվում է լայնատարած Մշո դաշտին անմիջապես հարող՝ հարավ- արևմտյան կողմում, այնպես որ Մշո դաշտից երկիրը սկսվում է աստիճանաբար բարձրանալ մինչև Տավրոսի անմատչելի բարձունքները: Դաշտն արդեն, կարծես, բուն լեռների ալեկոծվող տեսարանի նախադուռն է. այն կտրտված է բազմաթիվ մեծ ու փոքր բլուրներով, որոնք խիստ գեղեցիկ տեսք են տալիս նրան, երբ դիտում ես բարձրից: Նույնիսկ Մուշ քաղաքը կառուցված էր Տավրոսի փեշերին, իսկ քաղաքի այգիները փռված էին բավական բարձր մի բլրի կրծքին: Անմիջապես քաղաքի ետևում բարձրանում էր հռչակավոր Սիմ լեռը, որ առաջին մեծ սարն է Մշո դաշտից Սասուն բարձրացնող ճանապարհին: Այն հսկայական պարսպի նման ձգվում էր Ս. Կարապետից մինչև Բաղեշ քաղաքը: 24 ժամվա ճանապարհ պիտի անցնեին՝ կտրելով մոտ 150 վերստ՝ հյուսիս- արևմուտքից դեպի հարավ- արևելք ուղղությամբ: Այն մի տեսակ սահման էր երկու գավառների միջև:
Սիմի կոնաձև գագաթից բացվում էր մի զմայլելի տեսարան՝ մի կողմից Մշո սիրուն դաշտն իր, կարծես, վրձնված գյուղերով, արևելքում՝ Նեմրութ և Գրգուռ լեռներով, որոնց հետևում թաքնված էր Վանա ծովը, և մյուս կողմից՝ հարավում և արևմուտքում՝ Տավրոսի ալիքանման վիթխարի կոհակները, որոնք ծածկված էին կա՛մ կաղնիների և ընկուզենիների անտառներով, կա՛մ սիզավետ արոտներով և կա՛մ ամեհի լերկ ժայռերով: Այս արևմտյան կողմի գագաթների մեջ բարձրանում էր ամենաբարձր՝ Անդոկ լեռը, որն ըստ ավանդության, մի ճգնավորի ճգնարանն է եղել և հենց իր անունով էլ կոչվել է: Բացի դրանից, առանձին գագաթներն անուններ ունեին՝ Կամք, Ելք, Սասուն և այլն: Բոլոր լեռների վրա կային քարացած խխունջներ և ձկներ, մանավանդ Սև ծովի «խամսի» կոչված ձկնատեսակը: Դա ապացուցում էր, որ հայկական Տավրոսը անհիշելի ժամանակներից ստորերկրյա ցնցումների հետևանքով ջրի հատակից վեր բարձրացած մի լեռնաշարք է: Լեռնային սրընթաց հեղեղատների շնորհիվ, որոնք գարնանը վազում էին հարյուրավոր ձորերով, տեղ-տեղ հողն ավազոտ էր և մշակության համար անպիտան: Ապառաժ ու բուսականությունից զուրկ վայրերը ևս անհարմար էին հողագործության համար: Բայց դրա փոխարեն Սասունի Տավրոսը, Կիլիկիայի լեռների նման, երկաթի հարստություններ էր պարունակում իր ծոցում: Հռչակված էր մանավանդ Տալվորիկի երկաթի հանքը: Այս պատճառով սասունցին էլ, զեյթունցու նման, մայր-երկրի կրծքից պոկելով ապարները, իր սնունդն էր վաստակում այդ երկաթի մշակությամբ, և նրա շինած հրացանը, սուրը, աշտեն ու վահանը կարելի էր գտնել Տիգրանակերտի ու Մուշի տարբեր վայրերում՝ թե՛ հայերի և թե՛ քրդերի ձեռքին: Տեղ-տեղ հովիտների մակերևույթը ծածկված էր սպիտակ բորակով, որից սասունցին կարողանում էր ինքնուրույն եղանակով վառոդ պատրաստել:
ՄԵՂՐԱԳԵՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Անդնդախոր ձորերում և մարմանդ հովիտներում հոսում էին բազմաթիվ վտակներ ու հեղեղատներ: Բացի շատ աննշան ու փոքրիկ գետակներից, որոնք ցամաքում էին ամռանը, մյուսների ընթացքն ուղղված էր դեպի Մշո դաշտը: Դրանք խառնվում էին նրա միջով անցնող Մեղրագետին կամ Գոռ գետին: Այս գետի հանդարտ ջրերը թավալվում էին Սիմ լեռան տակով՝ նրան գրեթե զուգահեռաբար ընթանալով հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք և թափվելով Արածանի կամ Մուրադ գետը, այնպես որ գետի և լեռան ստորոտի միջև ընկած տարածությունը կարելի էր անցնել կես կամ մի ժամում: Մուշից դեպի Բաղեշ տանող երկար ճանապարհն անցնում էր այս գետի ափով, և բնակիչներն ասում էին, թե «Մուշից Բաղեշ և Բաղեշից Մուշ գնացողն այն ժամանակ է հոգնում, երբ Մեղրագետի մոտից անցնելիս՝ մոռանում է մեղրաջրից խմել»: Եվ, հիրավի, Նեմրութ լեռան լայնատարած գագաթին գտնվում էին 5 կապտագույն, խաղաղ լճակներ, որոնք առաջանում էին լճերի հատակից մարմանդ վեր խփող խիստ անուշահամ աղբյուրներից: Աղբյուրներից ամենամեծը, որ հարավային կողմում էր, իր մեջ ընդունելով նաև մյուսների ջրերը, գետնի տակով դուրս էր բերում նրանց դեպի Մեղրագետի ակունքը: Խաղաղ լճակը խորունկ լճի տպավորություն էր թողնում, և բնակիչներն ավանդում էին, թե «Մեղրագետի բխած տեղն անհատակ է»: Նեմրութ լեռան գագաթի լճակներից՝ Մեղրագետի բխելու մասին բնակիչներն ավանդում էին. «Մի հովիվ իր հոտն էր արածացնում Նեմրութ սարի լճի ափին: Մի օր ոչխարը հետ տալիս, ըստ սովորության, ձգում է իր ցուպը: Ոչխարը դառնում է, բայց գավազանն ընկնում է ջուրն ու կորչում: Անցնում է մի որոշ ժամանակ, մի օր էլ այդ հովիվն իր ցուպը տեսնում է մի ուրիշ հովվի ձեռքին և պահանջում վերադարձնել իրեն: Գործը հասնում է դատավորին: Ցուպի բուն տերն իր ապացույցն է բերում, թե ինքը հիսուն տարի է՝ հովվություն է անում, ամեն տարի մեկ ոսկի վարձ է ստացել և իր ցուպը փորելով՝ ոսկին մեջն է լցրել: Ցուպն իրեն են տալիս, և երբ նա իր փայտե քսակի բերանը բացում է, իսկույն հիսուն ոսկին գետնին է թափվում: Եվ այսպես նա դարձյալ տիրանում է իր ցուպին: Գտնող հովիվն էլ պատմում է, որ Նեմրութ սարի տակով հոսող Մեղրագետի ափին ոչխարներն արածացնելիս տեսել է, թե ինչպես ջուրն ափ է նետել այդ գավազանը»: Մեղրագետի Գոռ անունը ծագել էր գավառական (բարբառային) «գոռ» կամ «գուռ» բառից, որ նշանակում էր ցեխ, տիղմ, որովհետև գետի հատակը տղմոտ էր, և ափերը շամբուտ էին:
Այսպիսով՝ Սասնա լեռների հյուսիսային մասերը Եփրատի ջրերն էին սնուցում: Ընդհակառակը, հարավային և ուրիշ շատ վտակներ իրենց հորդ ջրերը տանում էին դեպի Տիգրիսի արևմտյան բազուկը: Նրանցից կազմվում էր բավական նշանավոր մի գետակ, որ միայն ամռանն էր հոսում իր հունով. դա Պըշերիի կամ Պեշըրկու գետն էր, ըստ մահմեդականների՝ Բաթման-սուն, որ անցնում էր Պշերիի դաշտի արևմտյան կողմից,և դեպի հարավ գնալով, գծագրում էր Խարզան կան Խզու և Սլիվան կամ Մուֆարգին գավառների սահմանները: Գետի ընթացքը դեռևս կատարելապես հետազոտված չէր, բայց հայտնի էր, որ այն երեք ճյուղից է բաղկացած. մեկը գալիս էր Սասուն գավառակից (հատկապես այդպես էր կոչվում), մյուսը՝ Խիան գավառակից և երրորդը՝ Սասունի հարևանությամբ գտնվող Խուլփ գավառից: Գետի արևելյան կողմում, դաշտի միջով ութ ժամ ճանապարհ կտրելուց հետո, Տիգրանակերտի գետին միանում էր Ռնդվանա գետը՝ Ռնդվան կամ Ռեդվան ավանի ձախ ափին՝ դաշտում: Այն իր մեծությամբ գրեթե հավասար էր Պեշրկու գետին և հոսում էր Սասունի արևելահարավում գտնվող Խութ և Գզեխ գավառներից՝ իր մեջ առնելով նաև Սասունի ձորերից հոսող մանր վտակների ջուրը: Նույնը պետք է ասել նաև Պեշրկու գետից դեպի արևմուտք գտնվող Շակլատիղու գետի մասին, որի մի բազուկը բխում էր Տավրոսի հարավային ստորոտում Մուֆարզին հինավուրց քաղաքի հյուսիս-արևմտյան կողմից, իսկ մյուս բազուկներն իջնում էին Սլիվան գավառի հյուսիսային լեռներից, որտեղ Սասունն էր նստած: Այս բոլոր գետերն ուղղակի դեպի հարավ էին ընթանում՝ ոռոգելով Տիգրանակերտի արգավանդ դաշտերը և իրենց արգասավոր տղմով ողողելով դաշտավայրի ամբողջ մակերեսը:
ՍԱՍՈՒՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ
Սասունի գետերը մանր լինելով և ամռանը ցամաքելով՝ ձկներ քիչ էին պարունակում, ուստի ձկնորսությունը չէր կարող բնակչության համար հասույթի աղբյուր լինել: Ձուկն առատանում էր և բազմազան դառնում, երբ գետերը դաշտերն էին իջնում: Սակայն գեղեցիկ կարմրախայտեր կարելի էր որսալ նաև լեռնային վտակներում:
Սասունի լեռներում էլ, ինչպես ողջ Հայաստանում, շատ էր երկաթն ու ծծումբը, որ լեռների կրային կազմության հետևանք էին: Այդ լեռներից էլ բնակիչները հանում էին մի տեսակ ընտիր հող՝ «կաղճին» անունով, որից շինում էին կավե մեծ ու փոքր ամաններ՝ կերակուր պահելու համար խիստ առողջարար:
Լեռների և ձորերի ծոցերը ծածկված էին բազմերանգ ու անուշահոտ ծաղիկներով: Նշանավոր էր շուշանը, որն ուներ գեղեցիկ և դեղնագույն պսակ, սքանչելի հյուսք ու տեսք և աճում էր քարքարուտներում: Նաև նունուֆարը, ձնծաղիկը, անթառամ ծաղիկը կամ Ս. Կարապետի ծաղիկը: Ուտելու բույսերն էին մանդակը, ժախը, որ պահքերին խաշում էին և աղով ուտում, օղին, որի արմատն է շրեշտը (շիրիշ), լոշտակը, որ դեղաբույս է, դեղը, որ անուշաբույր մի բույս է և պանրի մեջ էին դնում: Սպիտըկուկ և փնկա, որ կերակրի համար էին եփում, այնուհետև՝ տոնի բանջար, խավրծիլ, կանգառ. վերջինիս ազնիվ տեսակի արմատից ձութ էին պատրաստում, ինչը «ծամոն» էին կոչում: Բոխ, որ մեծ-մեծ եռաթևեր է տարածում և քարաժայռերում շատ առատ էր ու ոչխարի խիստ ընտիր կեր էր: Մշակելի բույսերից ցորենը շատ սակավ էր հանդիպում լեռնոտ ու ապառաժոտ Սասունում, մյուս կողմից՝ ցուրտն էր արգելք հանդիսանում նրա մշակության համար: Ուստի սասունցիք առավելապես մշակում էին տարեկան (չավդար) և կորեկ ու գըլգըլ: Վերջինից թխում էին մի այնպիսի հաց, որ անսովոր մարդու համար խիստ դժվարամարս էր և անսովոր համ ուներ: Վարուցանքն անում էին անտառադաշտակներում կամ արևահայաց ձորերում: Տավրոսի բնական անտառներում աճում էին մեծ մասամբ ընկուզենիներ և կաղնու ծառեր, բայց հանդիպում էին նաև ալաժահրի ծառը, որի պտղով ոչխարների մորթիները դեղին գույնով էին ներկում, նաև՝ ծպիխի, որի կեղևով նույն մորթիները մուգ-կարմիր էին ներկում: Կային նաև թեղոշի, կաղամախի և այլ անտառներ: Խութի լեռները կամ հին հայոց Սև լեռը, որ հիրավի Մշո դաշտից նայելիս սևին էր տալիս իր խիտ անտառների շնորհիվ, առատորեն փայտ էր մատակարարում Մշո գյուղերին թե՛ շինություններ կառուցելու և թե՛, հիմնականում, վառելիքի համար:
Այս լեռների բնաչությունը որոնում էր միայն վառելափայտ և ածուխ, ինչը տեղափոխում էր շատ հեռուները՝ մինչև բարձրավանդակ Հայաստանի մերկ ու անփայտ գավառները: Այս պատճառով այս լեռներում ու ձորերում ամեն քայլափոխի հանդիպում էին ճղակոտոր ու կտրտված ծառեր: Բայց հին գլխատված կոճղերը՝ գուցե դարերի հնություն ունեցող, համառորեն նորանոր շյուղեր էին արձակում և ստանում ոստախիտ կերպարանք ու առասպելական ձևեր: Այդ ծեր զինվորների կողքին խմբված էր երիտասարդությունը՝ մատաղահաս կաղնիները, ընկուզենիները, շագանակենիները, հացիները և այլն: Այս ամենն աճում էր ցիրուցան, ժայռերի վրա, կորովի պատատուկների կամ խճճված, փշոտ, խիտ մացառներում,- ասես գեղանկար լիներ:
Ածուխ ստանալու եղանակն էլ շատ տարօրինակ էր: Երբ մի հին կոճղ այլևս դադարում էր շյուղեր արձակել, նրան ուղղակի կրակ էին տալիս, որ ինքն իրեն այրվի: Լեռնային կածաններով կամ ձորերով անցնելիս հաճախ կարելի էր հանդիպել իրարու մոտ-մոտ այդպիսի հսկա ջահերի, որոնք ծխում էին հանդարտորեն: Այնուհետև հանգցնելով՝ ածուխ էին ստանում: Իհարկե, ածուխի 1\3 մասը կորչում էր անօգուտ:
Հասկանալի է, որ այս անտառապատ ու ծաղկազարդ լեռներում օդը հիանալի էր ու առողջարար: Ամռանը մարդու երեսը փաղաքշում էր հազարավոր ծառերի ու ծաղիկների բույրով հագեցած անուշաբույր զեփյուռը: Այստեղ երկինքը ջինջ էր ու պայծառ, իսկ արևը մեղմորեն էր առաքում իր հիրավի ջերմ ճառագայթները: Բայց ձմռանն այստեղ կատաղի քամիների արշավների լայնարձակ ասպարեզ էր բացվում: Խորը ձորերում հաստ շերտերով ձյուն էր դիզվում, այնպես ու հաճախ հանդուգն ճանապարհորդն անխուսափելի կորստի է մատնվում: Ձյան՝ ըստ երևույթին միապաղաղ խաբուսիկ խավի տակ տեղ-տեղ ծածկված էին խորխորատներ ու փոսեր, և մարդը պետք է խիստ զգուշությամբ իր ճանապարհը որոներ՝ նրանցում չսուզվելու համար:Մի ակնթարթում ձյունախառն բուքը, դժոխային պտույտներ գործելով, կերպարանափոխում էր սարերի մակերևույթը և ծանոթ վայրերն անճանաչելի դարձնում: Այս եղանակին, երբեմն երկու-երեք շաբաթ, լեռներում հարաբերությունները բոլորովին ընդհատվում էին. մարդիկ ամիսներով փակված էին մնում տներում իրենց կենդանիների հետ: Երբ անհրաժեշտություն էր ծագում, ոտքերին կապում էին փայտե տափակ ոտնամաններ, ինչպես եղել է շատ հին ժամանակներում, և առանց խրվելու քայլում էին ձյան վրայով:
Բացի սովորական ընտանի կենդանիներից, որոնք սասունցուն թե՛ կերակուր էին մատակարարում և թե՛ հագուստի նյութ տալիս (բրդից գուլպա և շալեղեն էին գործում, կաշվից՝ ոտնաման կտրում), լեռներում ու անտառներում սասունցին ստիպված էր պատերազմել գայլի և արջի դեմ, որոնք սպառնում էին նրա կենդանիներին և գիշերները՝ նույնիսկ ցանքսերին: Անգամ շատ հաճախ իջնելով դաշտ՝ մեծ վնասներ էին տալիս խաղողի այգիներին, ուստի գյուղացիները ստիպված էին առանձին հսկողություն սահմանել ՝ նրանց արշավները կանխելու համար: Ավելի ցածր վայրերում հանդիպում էր վարազ, աղվես, նապաստակ, կուղ և վայրի կատու: Թռչուններից անբավ քանակությամբ կաքավներ կային՝ խիստ խոշոր, կտուցն ու թաթերը՝ կարմիր, պարանոցը՝ սևավուն և փետուրները՝ պես-պես գույներով: Այս տեսակը այլ վայրերում գրեթե չէր հանդիպում:
Ահա այս երկրում էր վիճակված կյանք վարելու հայկական Տավրոսի լեռնական մարդուն: Այդ խոժոռ ու դաժան բնության մեջ մարդն իր գոյությունը կարող էր շարունակել միայն անվհատ, լարված պայքար մղելով կործանիչ տարերքների և բնական ուժերի դեմ:
Շարունակությունը՝ հաջորդիվ
Տես նաև՝ ՍԱՍՈՒՆՑԻ ԾՌԵՐ
«ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ».
Այդ երկու նկարներն էլ կապ չունեն Սասունի հետ, պարզ չի? որ Սասունը ծովի ափին չի եղել, նկարը Տրապիզոնի վիլայեթից է, մյուս նկարում էլ պատկերված է Տրապիզոն քաղաքի մոտակա հունական Զյումելա վանական մենաստանը:
ԿԷցցե Սասունը և Սասունցիները ու իրենց մարտնչող՝ քաջարի Ոգին ու աննկուն կամքը ։
Շնորհակալություն:
Menq mi azg enq, vor@petq e payqari miayn aézgayin shaheri hamar.
Կեցցեեքքքք….. ես տեսա, քայլեցի, իմ Սասնա երկրում…. լսեցի հողի ձայնը , կանչը….. ՅՅաա ՄԱՐԱԹՈՒԿ……
husov em mer eritasardnern elkkartan,vopesi gone inchvor chapov gaghapar unenan merkorsvac bayc mer hamar tank Hayreniqic