Հասմիկ Գուլակյանի զրույցը մայոր, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի դասախոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Սուրեն Մարտիկյանի հետ
Տիգրան Մեծի տերությունն այստեղ՝ ՔԱՐՏԵԶ
Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել:
Մովսես Խորենացին,
«Պատմություն Հայոց»
Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:
Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ
2005 թ. լրանում է Տիգրան Մեծի` հայոց թագավորներից ամենահռչակավորի գահակալության 2100-ամյակը (մ. թ. ա. 95-55 թթ.: Հայոց աշխարհահռչակ արքայի մասին, սակայն, գրված ուսումնասիրությունները, մեղմ ասած, շատ համեստ են: Եղած գրականության մեջ մեր հեղինակները բավարարվել են սոսկ պատմագիտական ուսումնասիրությամբ: Տիգրան Մեծի ռազմավարական տաղանդը, որի շնորհիվ նա կարողացավ ընդարձակել իր տերության սահմանները, իսկապես կարոտ է ուսումնասիրության: Նշանակում է` նրա դասերն անհասանելի են մեզ, ավելի ճիշտ` մեր ազգային բանակին:
– Ինչո՞ւ Տիգրան Մեծի մասին պատշաճ ուսումնասիրություններ չեն գրվել:
– Տիգրան Մեծի գահակալության ժամանակաշրջանն ամբողջացնող հիմնական աղբյուրը հույն և հռոմեացի պատմագրությունն է, որը հիմնականում զբաղված է եղել հունական և հռոմեական զորավարների գովերգմամբ: Հռոմեացի զորավարների գովեստն այն աստիճան ծայրահեղությունների է հասնում, որ հաճախ ոչ միայն թերի է ներկայացվում Տիգրան Մեծի կերպարը, այլ խեղաթյուրվում է: Նրա ռազմական գործունեության մասին տեղեկություններն անասելի կցկտուր են, մանավանդ մինչև հռոմեա-հայկական հակամարտության շրջանը: Պատմաբաններն ստիպված են եղել հիմնական ուշադրությունը բևեռել Հռոմի հետ Հայաստանի հարաբերություններին, Պոնտոսի թագավորների հետ Տիգրանի դաշնակցությանը և միայն կողմնակիորեն են անդրադարձել Պարթևստանի հետ հարաբերություններին, մասնավորապես, սկսված պատերազմին և Տիգրան Մեծի տարած կատարյալ հաղթանակին:
– Ներկայացրե՛ք Տիգրան Մեծ ռազմական գործչին: Ե՞րբ նա գահ բարձրացավ և ռազմական ի՞նչ ժառանգություն ստացավ:
– Տիգրան Մեծը Մեծ Հայքի գահին հաստատվեց մ. թ. ա. 95 թ. և բավական ուշագրավ ժառանգություն ստացավ: Երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական հզորացումը սկսվել էր Տիգրանի գահակալումից շուրջ 80-85 տարի առաջ: Արտաշես Ա-ն` Տիգրան Մեծի պապը, մեր պատմության մեջ հայտնի է որպես թագավորական տան հիմնադիր` իր հողային բարեփոխումներով: Սակայն պատմաբաններն ուշադրություն չեն դարձրել նրա ռազմական բարեփոխումներին, որոնք անմիջապես իրենց զգացնել չտվեցին, սակայն հող նախապատրաստեցին հետագայում նվաճումներ կատարելու համար: Սահմանային շրջաններում Արտաշես Ա-ն ստեղծեց բդեշխություններ, այսինքն` մշտական զորք պահելու հնարավորություն ունեցող իշխանություններ, որոնք պատրաստ էին հակառակորդի առաջխաղացումը դեպի մեր երկրի տարածք կասեցնելու կամ նրա գործողությունները դանդաղեցնելու համար: Մինչ Արտաշես Ա-ն մեր երկրում ընդունված էր ռազմավարական հետևյալ համակարգը: Հակառակորդը հարձակվում էր երկրի վրա: Բոլոր նախարարական տներն իրենց ուժերը համախմբում, միավորում էին թագավորական ուժերի հետ, միասնաբար դուրս գալիս հակառակորդին ընդառաջ: Փաստորեն հակառակորդը ներխուժում էր երկիր և, անգամ կատարյալ պարտություն կրելու դեպքում, երբ ջախջախված վտարվում էր երկրի սահմաններից, հաջողում էր հասնել երկրի կենտրոնական շրջաններ և ավերել: Տնտեսապես ավերված երկիրը ռազմական հաղթանակի դեպքում չէր ստանում այն արդյունքը, ինչ կարելի էր ակնկալել: Բդեշխությունների առկայության դեպքում հնարավորություն էր տրվում հակառակորդին դիմակայել, երկրի ուժերը միավորել և վերջինիս վճռական պարտության մատնել սահմանային շրջաններում:
– Բնական է, որ, գալով իշխանության, Տիգրան Մեծը պետք է կատարեր ռազմական բարեփոխումներ: Ի՞նչ ծրագրեր նա իրականացրեց, ի՞նչ հնարավորություններ ուներ` դրանք իրականացնելու համար:
– Տիգրան Մեծը ժառանգել էր համեմատաբար խաղաղ պետություն, որը նաև տնտեսապես հզորացել էր: Այս հիմքի վրա նրա առաջին քայլը նոր բանակի ստեղծումն էր, որակապես նոր կառուցվածքով բանակի, որն ի վիճակի էր ոչ միայն զուտ պաշտպանական գործողություններ վարելու, այլև ակտիվ հարձակողական: Հետևակը բաժանվեց թեթևազեն և ծանրազեն գնդերի: Գնդերի մեջ առանձնացվեցին միատեսակ զինված և նույն պաշտպանական հանդերձանքով միջանկյալ ստորաբաժանումներ` ջոկատներ, որոնք համապատասխանում են ժամանակակից բանակների համակարգերում գումարտակներին. 3-6 հարյուրյակ, որոնք իրենց հերթին բաժանվում էին հարյուրակների, հիսնյակների և այլն: Թեթևազեն և ծանրազեն գնդերի բաժանումը հնարավորություն տվեց հստակորեն տարանջատել նաև նրանց գործողությունները մարտադաշտում: Հետևակի կառուցվածքում առանձնացվեցին սակրավորների ջոկատներ, որոնք ունենում են բահեր, կացիններ ու սակրեր: Կային նաև խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ: Բացի այդ` կիրառվում էին հրկիզող միջոցներ (նավթ, մայրի ծառի ընկույզի յուղ և այլն), որոնք, ի դեպ, մեր մարտավարության մեջ հայտնի են առնվազն Արարատյան թագավորության շրջանից` մ. թ. ա. 9-6-րդ դարերից: Հեծելազորը ևս բաժանվեց գնդերի: Տիգրան Մեծի դարակազմիկ նորարարությունն այն էր, որ ոչ միայն հեծելազորը բաժանվեց երկու մասի` թեթևազեն և ծանրազեն, այլև ծանրազեն հեծելազորի մեջ առանձնացվեց զրահավոր հեծելազորը, այսինքն` հեծելազորի մի տեսակ, որի դեպքում զրահավորվեց նաև ձին: Այսինքն` Եվրոպայում ասպետական բանակների ստեղծումից մոտ հազար տարի առաջ Տիգրան Մեծն ստեղծեց ասպետական հեծելազոր հիշեցնող զորամաս, որը մարտադաշտում ամենակարևորն էր և ուներ հստակ մարտավարական դեմք:
– Որքա՞ն ժամանակ պահանջվեց` նման բանակ ստեղծելու համար:
– Մինչև Տիգրան Մեծի գահակալումը մեր իրականության մեջ նման աշխատանքներ կատարվել էին: Թերևս եթե ոչ Արտաշես Ա-ի, ապա նրան հաջորդած Արտավազդ Ա-ի (նրա որդին էր) և Տիգրան Ա-ի ժամանակ: Սրանով պետք է բացատրել, որ տառացիորեն երկու-երեք տարվա ընթացքում Տիգրան Մեծը կարողացավ ստեղծել այս հսկայական համակարգը:
– Ենթադրվում է, որ այս համակարգն իր մարտավարությամբ պետք է տարբերվեր հայկական բանակի նախորդ շրջանի մարտավարությունից:
– Իհարկե: Մարտավարությունը որոշակի փոփոխություններ կրեց: Զրահավոր հեծելազորի ստեղծումը, որի սպառազինումը երկաթի արտադրությամբ էր պայմանավորված, թելադրեց նոր համակարգի մշակում:
Մարտը վարում էին հետևյալ հերթականությամբ: Այն սկսում էր թեթևազեն հետևակը (նետաձիգներ, տեգաձիգներ, պարսատիկավորներ) և վարում որոշակի տարածությունից: Հակառակորդի մոտենալուն զուգընթաց մարտի մեջ էին մտնում ծանրազեն հետևակը և թեթևազեն հեծելազորը կամ միջին սպառազինություն ունեցող հեծելազորը: Առանձին դեպքերում հնարավոր էր, որ ծանրազեն հետևակից առանձին գործեր հեծելազորը և մարտի մեջ մտներ քիչ ավելի ուշացումով: Բայց, որպես կանոն, միանգամից մարտի մեջ էին մտնում թեթևազեն հեծելազորն ու ծանրազեն հետևակը, որոնց խնդիրն էր անմիջապես իրենց վրա կենտրոնացնել հակառակորդի հիմնական ուժերի գրոհը և, կաշկանդելով վերջինիս գործողությունները, առավելագույնս հյուծել նրան` գլխավոր ուժերին ստիպելով նահանջել: Հեծելազորն ստացավ երկու տեսակի սպառազինություն. մերձամարտ վարելու համար սուր կամ նիզակ, հեռամարտ վարելու համար` նետ ու աղեղ: Հեծյալները նետահարելով մոտենում էին հակառակորդին, մերձամարտի բռնվում, իսկ անհրաժեշտության դեպքում նահանջում և կրկին գրոհում մեկ այլ ուղղությամբ:
Մերձամարտից հետո, եթե գրոհը հաջողությամբ չէր պսակվում կամ այլ մարտի մտահղացում կար, հրամանատարը նահանջի հրաման էր տալիս: Հեծելազորը նահանջում էր` այս անգամ թիկունքից նետահարելով հակառակորդին և, անհրաժեշտության դեպքում, դարձյալ նետահարելով` մեկ այլ ուղղությամբ գրոհում ու մտնում մերձամարտի մեջ:
Այս եղանակը հնարավորություն տվեց ավելի ակտիվացնել հեծելազորը, իսկ հետ ու առաջ գործողությունների շնորհիվ հնարավորություն էր ստեղծվում հակառակորդի ուշադրությունը շեղել դեպի թեթևազեն հեծելազորը, հեծելազորով հյուծել հակառակորդի հիմնական ուժերը, իսկ վճռական պահին թեթև հեծելազորի հետ մարտի մեջ էր մտնում ծանրազեն հեծելազորը, որի հարվածը, որպես կանոն, ջախջախիչ էր լինում: Այս մարտակարգը միանգամայն նորություն էր մեր իրականության մեջ: Ի դեպ, նման մարտավարություն ունեին նաև պարթևները, սակայն նրանք շեշտը դնում էին հեծելազորի գործողությունների վրա, որովհետև չորային տեղանքում, ինչպիսին է Միջագետքը կամ Իրանական բարձրավանդակը, որ Հռոմի հետ հակամարտության հիմնական ուղղությունն էր, կամ միջինասիական անապատները` քոչվոր ցեղերի դեմ հակամարտության հիմնական ուղղությունը, պարթևական բանակին պետք չէր մեծաթիվ հետևակ: Իսկ հայկական բանակը մեծաթիվ հետևակի կարիք ուներ, որովհետև լեռնային կտրտված տեղանքը հնարավորություն չէր տալիս հեծելազորին գործել ազատորեն, հետևաբար մարտակարգին կայունություն հաղորդելու համար խիստ անհրաժեշտություն էր առաջանում կայուն միավորի` զորաշարժային մեծ հատկություններ չունեցող, բայց պաշտպանական գործողություններ վարելու համար առավելագույնս հարմարեցված ուժի` հետևակի համար:
– Ինչպիսի՞ն էր ռազմական իրադրությունը մեր տարածաշրջանում, երբ Տիգրան Մեծը հաստատվեց հայոց գահին:
– Նվաճումներ իրականացնելու համար ստեղծվել էր քաղաքական և հատկապես ռազմական առումով բավական բարենպաստ իրավիճակ: Հռոմի դեմ վճռական առճակատման նախապատրաստվող հարևան Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը դաշնակից էր փնտրում` իր թիկունքն ամրապնդելու նպատակով: Այդ դերին հավակնում էր շեշտակի զարգացման ուղին բռնած Հայաստանը: Այսպիսով` Միհրդատը կարողանում է, իր թիկունքն ապահովելով, վստահ գործողություններ սկսել դեպի արևմուտք և հարավ-արևմուտք` Հռոմի աշխարհակալական նկրտումները սանձելու նպատակով և իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Փոքր Ասիային ու Բալկանյան թերակղզուն, որտեղ էլ հետագայում հիմնականում ծավալվեցին Պոնտոսի և Հռոմի միջև ռազմական գործողությունները: Նույն կերպ դեպի հարավ և հարավ-արևելք նվաճումներ կատարելու նպատակով Տիգրան Մեծը ևս պետք է իր հերթին ամրապնդեր իր թիկունքը: Նման հնարավորություն նրան տալիս էր Պոնտոսի հետ դաշինքը: Հայտնի է` դաշինքն ամրապնդելու համար հայ-պոնտական զորքերն առաջին կարևոր քայլը կատարեցին` նվաճեցին Կապադովկիան, գահից վռնդեցին Հռոմի դրածոյին և փոխարենը հաստատեցին Միհրդատ VI-ի որդուն: Չեզոքացնելով Կապադովկիայից և Պոնտոսից վերահաս վտանգը` Տիգրան Բ-ն կարողացավ իր ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նվաճումների վրա, այլև առանձին-առանձին լուծել իր նվաճողական հարցերը: Մինչ ռազմական գործողություններն սկսելը թիկունքն ամբողջությամբ անվտանգ դարձնելու համար Տիգրան Բ-ն նվաճեց Աղվանքն ու Վիրքը: Սրանով հայկական պետության ամբողջ հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջաններն անվտանգ էին: Այս միջոցառումները ձեռնարկելուց հետո միայն Տիգրան Բ-ն սկսեց հարձակումը պարթևական պետության դեմ: Ի դեպ, ռազմաքաղաքական առումով շատ կարևոր էր, որ Տիգրանը ճիշտ էր ընտրել պատերազմն սկսելու պահը: Պարթևաստանում Միհրդատ II թագավորի գահակալումից հետո սկիզբ էին առել գահակալական կռիվներ, որոնք տևականորեն հյուծում էին երկիրը: Տիգրան Մեծը հարվածը հասցրեց այն ժամանակ, երբ Պարթևաստանն սկսել էր կարծես ուշքի գալ երկպառակտչական կռիվներից, սակայն պատերազմական գործողությունների հետևանքները վերացված չէին:
– Բուն նվաճումների մասին:
– Նվաճումների ռազմավարությունը ևս ուշագրավ, առանձին դեպքերում նույնիսկ 21-րդ դարի համար ուսանելի է: Թիկունքն ապահովելը, հարձակման համար հարմար ժամանակ ընտրելը բավարար չէին: Հարկավոր էր ընտրել նաև երրորդ բաղկացուցիչ մասը, որն այսօրվա մեր ռազմավարության հիմքն է, այն է` հարվածի հիմնական ուղղությունը: Մեծ Հայքի թագավորությունը չուներ այն հզորությունը, ինչ պարթևական տերությունը: Հետևաբար հարկավոր էր հակառակորդին հարվածել նրա համար ամենաանսպասելի ուղղությունից` օգտագործելով հանկարծակիության գործոնը: Հարձակման համար ընտրվեց պարթևների համար ամենաանհավանական ուղղությունը:
Տիգրան Մեծը, գահին հաստատվելու համար, պատանդությունից ազատվելու նպատակով, պարթևներին էր զիջել Վանա և Ուրմիա լճերի միջակայքի «յոթանասուն հովիտներ» անվանվող տարածքը` Տավրոսի լեռնային հատվածներում: Այս տարածություններն իրենց և՛ լեռնային անմատչելիությամբ և՛ բազմաթիվ ամրաշինական կառույցներով համարվում էին անմատչելի, անհաղթահարելի: Պարթևների համար սա հարձակման ամենաանհավանական ուղղությունն էր: Հանկարծակի գործողություններով Տիգրան Մեծը կարողացավ վերցնել ռազմավարական նախաձեռնությունը և հակառակորդին պարտադրել ռազմական գործողությունների այն սցենարը, որը վերջինիս հատկապես անցանկալի էր: Ամենակարճ ճանապարհով, բայց ամենալավ պաշտպանված ճանապարհով մտնելով Պարթևաս-տանի տիրույթները, Տիգրանը շատ կարևոր բարոյահոգեբանական քայլ կատարեց. վերադարձրեց «յոթանասուն հովիտները», որ զիջել էր պարթև-ներին` ընդունելով նրանց գերիշխանությունը տարածաշրջանում` իրեն կախվածության մեջ դնելով նրանցից, և ամենակարճ ճանապարհով հայտ-նըվեց Հյուսիսային Միջագետքում, որտեղ հապճեպորեն հավաքված պար-թևական բանակին ջախջախիչ պարտության մատնելով` շարունակեց շարժվել դեպի հարավ` խորանալով Պարթևաստանի տարածքը, ապա դեպի արևելք: Տիգրան Մեծը հայտնվում էր Ատրպատականի և պարթևական տերության միջև: Փաստորեն հիմնական տերությունից կտրված Ատրպատականի Միհրդատ թագավորն ուղղակի պարտադրված էր ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը: Ատրպատականի կողմից ևս իր թիկունքի անվտանգությունն ապահովելուց հետո միայն Տիգրան Մեծն սկսեց իր հիմնական հարվածը դեպի Մարաստան` Մեծ Մեդիա, որտեղ պաշարեց պարթևական արքայանիստ Էկբարան քաղաքը: Այստեղ էլ պաշարված պարթևական արքունիքն ստիպված էր խնդրել հաշտություն, ընդունել հայոց արքայի առաջադրած պահանջները, որոնց քաղաքական ձևակերպումն էլ այս նվաճված տարածությունների, ամբողջ Հյուսիսային Միջագետքի, Իրանական բարձրավանդակի հյուսիս արևմտյան շրջանների կցումն էր հայոց պետությանը և, ամենակարևորը, պարտված պարթևական արքունիքը Տիգրան Մեծին հանձնեց «Արևելքի արքայից արքա» տիտղոսը:
– Դուք ներկայացրիք Տիգրան Մեծի այն գործողությունները, որոնցով նա ամրապնդում էր տերության հարավը և արևելքը: Սակայն նրա հիմնական ռազմաբեմը արևմուտքում էր` կասեցնելու համար Հռոմի առաջխաղացումը: Ի՞նչ էր տեղի ունենում այդ ճակատում:
– Մ. թ. ա. 89 թ. սկսվել էին Միհրդատյան պատերազմները, որոնք սկըզբնական շրջանում հաջող էին Պոնտոսի համար: Սա էլ հնարավորություն տվեց Տիգրան Մեծին Պարթևաստանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար մ. թ. ա. 87-86 թթ.: Միհրդատը կարողացավ արագորեն միավորել Փոքր Ասիայի հունական պետությունները և, շարժվելով առաջ, ռազմական գործողությունները տեղափոխել Բալկանյան թերակղզի: Սակայն հռոմեական բանակը ծանր պարտության մատնեց Միհրդատին, որն ստիպված էր նահանջել, և սկսվեց երկու հզոր տերությունների գրեթե հավասար պայքարը: Առաջին պատերազմին հաջորդեց երկրորդը` մ. թ. ա. 83-81 թթ. և երրորդը` մ. թ. ա. 74-63 թթ.: Այն, ի դեպ, ավարտվեց Միհրդատի մահով, և Պոնտոսը կցվեց Հռոմեական կայսրությանը:
– Փաստորեն երբ տեղի էին ունենում հռոմեա-հայկական բախումները, կարելի է ասել` ռազմական ամենալուրջ գործողությունը տեղի ունեցավ Տիգրանակերտում, և հայկական բանակը ծանր պարտություն կրեց: Ինչո՞ւ:
– Երրորդ Միհրդատյան պատերազմի օրգանական շարունակությունը, հռոմեացի զորավար Լուկուլլոսի զորքերի ներխուժումն էր Մեծ Հայք` առանց Հռոմի Սենատի թույլտվության: Հույն և հռոմեացի պատմիչները վկայում են, որ Լուկուլլոսն այս քայլին դիմել է` նկատի ունենալով, որ հայկական բանակի հիմնական ուժերը Փյունիկիայում են: Տիգրան Մեծը մի պահ ուշադրությունից դուրս էր թողել Հայաստանի վրա հռոմեական բանակի հարձակման հավանականությունը` նկատի ունենալով, որ հռոմեական բանակը որևէ հիմք չուներ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար: Տիգրան Բ-ն իր տերության սահմանամերձ հարավային վայրերում էր, որտեղ պաշարել էր Պտղոմայիս քաղաքը` Սելևկյան թագուհու նստավայրը: Հռոմեական բանակի՝ Հայաստան ներխուժելու լուրը Տիգրան Բ-ն առավ Պտղոմայիսը գրավելուց անմիջապես հետո: Հռոմեական բանակի մասին տեղեկանալով` արքայական թիկնապահ հեծելազորի հետ նա ստիպված էր ավելի քան հազար կիլոմետրանոց ռազմերթ կատարել, որպեսզի վերադառնար Հայաստան` դիմակայելու հռոմեացիների հարձակմանը:
– Ինչո՞ւ սահմանային բդեշխությունները չէին կանխել հակառակորդի առաջխաղացումը:
– Ըստ ռազմավարական ծրագրի` Ծոփքի բդեշխ Մերուժանը երկու-երեք հազարանոց հեծելազորով հարձակվեց Լուկուլլոսի զորքերի վրա` նրա գործողությունները կաշկանդելու նպատակով: Վերջինս կարծելով, թե իր դեմ այդ գրոհին մասնակցում է ողջ հայկական բանակը, իր ամբողջ բանակը շարեց մարտակարգով: Ակնհայտ էր, որ Մերուժանն իր փոքրաթիվ ուժերով ոչինչ չէր կարողանալու անել հռոմեական բանակի դեմ, հերոսաբար, կատարելով իր պարտքը, բդեշխը զոհվեց մարտում: Որոշ դադարից հետո հռոմեացիները շարունակեցին արշավանքը և հասան Տիգրանակերտ ու պաշարեցին մայրաքաղաքը: Պաշարումը տևեց մոտ վեց ամիս: Այս ընթացքում Տիգրան Մեծը համախմբեց իր ուժերը և դուրս եկավ վճռական ճակատամարտի:
Ճակատամարտը մեկ անգամ ևս վկայեց այս դարաշրջանում հռոմեական բանակի, հատկապես հետևակային լեգեոնների առավելությունները աշխարհի բոլոր բանակների նկատմամբ: Այս կատարյալ մարտավարական համակարգը Լուկուլլոսին հնարավորություն տվեց նախ` կաշկանդել Տիգրան Մեծի գործողությունները և, օգտվելով այն հանգամանքից, որ մարտադաշտ շտապող հայկական բանակը չէր կարողացել գնահատել ամբողջ իրավիճակը, մասնավորապես մարտադաշտից դուրս գտնվող բլուրը չէին վերահսկում, հռոմեական երկու լեգեոններ թևանցեցին հայկական բանակի թիկունքը` վճռելով մարտի ելքը: Ճակատամարտը տանուլ էր տրված: Սակայն այստեղ երևաց Տիգրանի այն մեծությունը, որի մասին չխոսելով` գիտնականներն ուղղակի աչքաթող են արել Տիգրան Մեծին` որպես զորավարի: Տեսնելով պարտությունը` արքան զորքին նահանջի հրաման է տալիս: Դա է պատճառը, որ հռոմեացի պատմիչները ոգևորված գովերգում են կարճատև ճակատամարտում Լուկուլլոսի տարած կատարյալ հաղթանակը: Տիգրան Մեծն իր զորքերն արագորեն հեռացնում է հարվածի սպառնալիքից: Հասկանալով, որ ճակատամարտում պարտությունն ուղղակի կանխորոշում է Տիգրանակերտի ճակատագիրը (մայրաքաղաքն անխուսափելիորեն անցնելու էր հռոմեացիների ձեռքը), Տիգրան Մեծն այնուամենայնիվ ընտրեց մի համակարգ, որը հետագայում երկար ժամանակ եվրոպական երկրներում չէին կիրառում: Ի՞նչը պահպանել` բանա՞կը, թե՞ տարածքները: Ի տարբերություն տվյալ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում ընդունված համակարգի` Տիգրան Մեծը կարևորեց ոչ թե տարածքի պահպանության հարցը, այլ բանակի, որպեսզի հետագայում հնարավորություն ունենար հաղթելու պատերազմում: Փաստորեն մարտավարությունն ստորադասեց ռազմավարությանը: Այս գիտակցության համաշխարհային ռազմատեսական միտքը հանգեց մոտավորապես 18-րդ դարի վերջին` Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Նապոլեոնյան պատերազմները գնահատելիս: 1812 թ. Բորոդինոյում պարտություն կրելով և Մոսկվան հակառակորդին հանձնելով` Մ. Կուտուզովը որոշեց ամեն գնով պահպանել իր զինված ուժերը և, ժամանակ շահելով, վճռական հակահարձակման անցավ ու պարտության մատնեց Նապոլեոնի մեծ բանակը:
– Նահանջի այդ կարգը, որը միտված է ապագա հաղթանակի, անչափ հետաքրքիր է և կարելի է շարունակել մեկ այլ առիթով: Տիգրանակերտի ճակատամարտից հետո հայոց արքան հիմնականում վերականգնեց նախորդ պատերազմաշրջանի կորուստները, ստեղծեց մեծաթիվ և մարտունակ բանակ: Առջևում Արածանիի ճակատամարտն էր…
– Մինչ Արածանիի մասին խոսելը կցանկանայի նշել այն նախապայմանները, որոնք հնարավորություն տվեցին ձախողումով սկսած պատերազմը հասցնել հաղթական ավարտի: Տիգրանը ժամանակը չվատնեց այնպես, ինչպես հռոմեացիները: Հայոց մայրաքաղաքը գրավելով և անասելի թալանելով` հռոմեացիները վերադարձան Կորդուք` ձմեռելու` հանգստանալու նպատակով: Իսկ հայկական բանակը նոր մարտավարություն մշակեց և վարժեցվեց նոր պայմաններին համապատասխան: Տիգրան Մեծը տեսակցեց իր աներոջ` մինչ այդ Հայաստանում հաստատված, սակայն ընդունելության չարժանացած Միհրդատ Եվպատորի հետ, նրա զորավարներին ծառայության վերցրեց, օգտագործեց Հռոմի դեմ պատերազմի նրանց փորձը` նոր համակարգ ձևավորելու համար: Բանակը բաժանվեց երկու մասի: Հետևակը, Միհրդատի գլխավորությամբ, անցավ հռոմեական բանակի թիկունքը` կտրելու ճանապարհները, իսկ Տիգրան Մեծն սկսեց հեծելազորով հանկարծակի գրոհել դեպի Արտաշատ շարժվող հռոմեական բանակի վրա: Դրանցից մեկն էլ Արածանիի ճակատամարտն էր մ. թ. ա. 68 թվականին:
– Որը, մասնագետների կարծիքով, պատերազմում ունեցավ բեկումնային նշանակություն:
– Նշելով բեկումը` կրկին գալիս ենք մի կարևոր եզրահանգման: Արածանիի ճակատամարտը ևս, ռազմարվեստի առումով, պարտություն է, սակայն այնպիսի պարտություն, որը Բորոդինոյի պես ուղղակի հանգեցրեց հաղթանակի: Ռազմարվեստում ընդունված դրույթ կա, եթե երկու զորք մոտենում է մարտադաշտին, անկախ այն բանից, ճակատամարտ տեղի կունենա՞, թե՞ ոչ, այն զորքը, որն առաջինն է հեռանում մարտադաշտից, համարվում է պարտված: Տվյալ պարագայում, երբ հռոմեական բանակը գետանցում էր Արածանին, հայկական շուրջ 35 հազարանոց հեծելազորը սրընթաց գրոհով մոտեցավ հռոմեական բանակին և ճակատամարտ պարտադրեց գետանցումը չավարտած բանակին: Հռոմեացիները մի կերպ կարողացան ավարտել գետանցումը` առաջապահ զորամասերի ջախջախմանը զուգահեռ և մարտակարգ շարել` վճռական ճակատամարտի համար: Սակայն այստեղ ի հայտ եկավ երկրորդ պարագան. հայկական բանակը մերձամարտի չբռնվեց և ուղղակի նահանջեց: Սա, ըստ էության, մարտավարական պարտություն է: Սակայն նահանջից հետո հայոց հեծելազորը հռոմեական բանակին բարոյահոգեբանական այնպիսի ծանր վիճակի հասցրեց, որ նույնիսկ զորավարական տաղանդ չունեցող, իր հարստությամբ միշտ փայլող Լուկուլլոսը, որ հսկայական փառք ու գանձ էր խոստանում իր բանակին Արտաշատում, չկարողացավ ստիպել իր զորքին` առաջ շարժվելու: Հռոմեական բանակում այն աստիճան ծանր մթնոլորտ ստեղծվեց, որ բանակն ուղղակիորեն հրաժարվեց հրամաններ կատարելուց: Եվ դա այն դեպքում, երբ մինչև Արտաշատ չորս օրվա երթի ճանապարհ էր մնացել: Հռոմեական բանակն ուղղակի շրջվեց և հեռացավ Հայաստանից: Այնքան սրընթաց էր այդ հարձակումը, որ Տիգրան Մեծը (որ ստիպված էր նահանջող հռոմեական բանակի ճանապարհից հեռացնել հետևակը, որպեսզի միայն հետևակի հետ ընդհարում տեղի չունենա, և հռոմեական բանակը պարտության չմատնի հայկական ընտիր հեծելազորի աջակցությունից զրկված հետևակին), կարողացավ հետևակն ու հեծելազորը միավորել և հետապնդելով` պարտության մատնել հռոմեացիներին: Հայկական Միջագետքով նրանք դուրս եկան Տիգրանի տերության սահմաններից: Փաստորեն վճռական ճակատամարտում երբևէ պարտություն չկրած հռոմեական բանակն առաջին անգամպարտություն կրեց պատերազմում: Նման խայտառակություն հռոմեական բանակն իր ամբողջ պատմության ընթացքում չէր տեսել…
– Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Մեծի ռազմավարությունը: Ի՞նչ է սովորեցնում մեզ հայոց արքան:
– Համաշխարհային ռազմարվեստի պատմության եզակի դեպքերից էր, երբ զորավարը, ունենալով բավարար զինուժ, բանակ, որը չնայած պարտությանը, պահպանել էր իր հիմնական ուժերը, երկրորդ վճռական ճակատամարտում չփորձեց կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Դա ժամանակին ընդունված ռազմավարական ամբողջ համակարգի մերժում էր: Ճիշտ է, մինչ այդ էլ եղել են նման օրինակներ, մասնավորապես մ. թ. ա. 512 թ. Աքեմենյան Պարսկաստանի Դարեհ Ա-ի դեմ պայքարում սկյութական ցեղերը նույն մարտավարությունն էին կիրառել:
Հռոմեա-հայկական պատերազմներից ընդամենը մի քանի տարի անց` մ. թ. ա. 53 թ. պարթևների Սուրեն թագավորը Խառանի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց հռոմեական Մարկոս Կրասոս զորավարի զորքերին: Հիմքեր կան պնդելու, որ Սուրեն զորավարը հռոմեացիների դեմ պատերազմում, նահանջի մարտավարությունն իրականացնելիս, օգ-տըվել է Տիգրան Մեծի մարտավարության սկզբունքներից: Սակայն ո՞րն է վճռական տարբերությունը այս երկու օրինակների և հայոց: Եթե սկյութներն օգտագործում էին Դնեպրի ու Դոնի ավազանների տափաստանային շրջանները, որոնք նահանջի համար իդեալական էին` հարթ և անբնակ, անվտանգ, եթե Սուրենը նահանջում էր Միջագետքի անապատներում, որոնք կարելի էր հանձնել հակառակորդին` առանց լուրջ մտահոգության, ապա Տիգրան Մեծը նահանջում էր բավական խիտ բնակեցված տարածքով, մասնավորապես հակառակորդին հանձնելով մայրաքաղաքը: Արքայի քայլը ճիշտ կարելի է գնահատել միայն այս հսկայական զոհողությունը նկատի ունենալով: Տիգրանն ամեն կերպ ցանկանում է պահպանել զորքը և զորքի պահպանությունը դնում է ապագա ռազմավարական հաղթանակի, այսինքն` պատերազմում վերջնական հաղթանակի հիմքում: Տիգրան Մեծի այս ռազմավարական քայլը բնավ նորություն չէր մեր պատմության մեջ: Տեղեկություններ կան, որ այն կիրառել են դեռևս մ. թ. ա. II հազարամյակում և առաջին հազարամյակի սկզբին: Եթե սկզբում Միհրդատ Եվպատորն էր հուշում Տիգրանին` վճռական ճակատամարտի դուրս չգալ Տիգրանակերտում, հետո արդեն գործողություններ էր հուշում Տիգրանը. վերջինս վստահորեն պատերազմը հասցրեց հաղթանակի մի այնպիսի ժամանակ, երբ իր հզորության գագաթնակետին մոտեցող Հռոմն ավելի մեծ ներուժ ուներ, քան Հայաստանը: Հետևաբար Հայաստանը չէր կարողանա հաղթել այս հակամարտությունում, բայց առաջին իսկ պատերազմում նման հաջող գործողությունները ցույց են տալիս, որ Տիգրան Մեծը նախօրոք մշակված համակարգ ուներ, որը, ցավոք, առայժմ ոչ ոք չի ուսումնասիրել:
«Վեմ» ռադիոկայան, 26. 05. 2004
Դարը` մեր մեջ, մենք` դարի (Հրապարակախոսություն), հատոր Դ, 2007
կարևորել մարդուն, ոչ թե հողը, փողը… կարևորել զինվորին, ոչ թե փառքը
Հոդվածի սկզբում մեջբերված են նաև Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքերը, որոնք, իմ պարտքն եմ համարում շեշտել, կատարյալ հիմարություն են, ինչպես, ասենք, այդ պատմաբանի ասածների մեծ մասը:
Տես ՝
//www.hayagitaran.info/2014/02/es-bolorovin-lurji-chem-aratc-ays-harceh/
Շնորհակալություն
Տես ՝
//www.hayagitaran.info/2014/02/es-bolorovin-lurji-chem-aratc-ays-harceh/