ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ

ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ
Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի դասախոս Սուրեն Մարտիկյանի հետ

Արդեն քանի դար Մովսես Խորենացու անմահ «Հայոց պատմությունը» պատմահայրենասիրական դաստիարակության դասագիրք է: Պատմահայրը հարցերի այնպիսի շրջանակ է ընդգրկել, որոնք այսօր էլ արդիական են և, ավելին, խոր ուսումնասիրության կարիք ունեն: «Հայկ և Բել» վիպասքն, օրինակ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս, կապիտան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Սուրեն Մարտիկյանի կարծիքով, պատմաբաններն ուսումնասիրել են հիմնականում նրա «պատմական հիմքի վերհանման առումով» և «տակավին ուսումնասիրության կարոտ է ռազմատեսական մտքի ծագման հիմնահարցը»: Երիտասարդ պատմաբանը համոզված է` վերջինս «հայոց գիտական մտքի կարևոր բաղկացուցիչ մասերից է» և կարող է բազմաթիվ հարցերի պատասխաններ տալ:

ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ - ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ - Juliano Zasso

Հայկը կործանում է Բելին — Juliano Zasso / ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ

— Պարո՛ն Մարտիկյան, Ձեզ համար նույնպես ելակետային է այն մոտեցումը, որ հայոց պատմությունը, հատկապես նրա վերելքների ու հաղթանակների պատմությունը, անփոխարինելի դասագիրք է ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացման, արժանապատվության վեհացման և ժամանակավոր դժվարություններին պատվախնդրորեն դիմակայելու առումով: Թերևս ուսուցողական առաջին դասն այդ «դասագրքում» ներկայացրել է Պատմահայրը՝ «Հայկ և Բել» վիպասքով: Այս ոլորտում Դուք արդեն ուսումնասիրություններ եք կատարել: Ներկայացրեք, խնդրեմ, ռազմատեսական մտքի ծագումը՝ ըստ Մ. Խորենացու վերոհիշյալ վիպասքի: Ինչո՞ւ հատկապես այս պատմությունն է գրավել Ձեր ուշադրությունը: 

«Հայկ և Բել» վիպասքը մեր ծննդաբանության կարևորագույն կռվաններից է: Խորենացին՝ հայոց գրերի գյուտից հետո սկսվող մեր մշակութային վերելքի ամենաաչքի ընկնող ներկայացուցիչը, փորձում է պարզաբանել այն հարցը, որն այսօր էլ տալիս ենք մեզ (վստահ եմ՝ այդպես լինելու է նաև ապագայում և դեռ երկար ժամանակ). այն է՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և, ամենակարևորը, ո՞ւր ենք գնում: Այս առումով՝ իմ ուշադրությանն արժանացավ հարցադրման առաջին մասը՝ որտեղի՞ց ենք գալիս: Սրա ակունքների վերհանման անհրաժեշտությունից էլ ծագեց Խորենացու «Հայոց պատմության» մեջ հենց «Հայկ և Բել» վիպասքի վերլուծության առաջնահերթությունը:

  — Հայոց ռազմարվեստի պատմությանն առնչվող շատ ու շատ հարցեր դեռևս ուսումնասիրման կարոտ են, եթե չասենք՝ այս բնագավառում անասելի քիչ բան է արվել: Նկատել եմ, սակայն, մեկ ընդհանրություն: Այս թեմայով հետաքրքրվողները, գրեթե առանց բացառության, նշել են Խորենացու անունը՝ ասելով, որ նա նշանակալի նյութ է տալիս՝ հայոց ռազմարվեստի պատմության վաղնջական շրջանի վերաբերյալ, և որ պետք է սկսել հենց ա՛յդ սկզբնաղբյուրից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցերի վերհանմամբ է Պատմահայրը ներկայացնում կամ հիմնավորում հայոց ռազմարվեստի տեսության ծագումը և ռազմարվեստի ի՞նչ հիմնական տարրեր է նկարագրում:

— Հատկանշական է, որ ոչ միայն 5-րդ դարի, այլ նույնիսկ 21-րդ դարի ռազմարվեստի՝ այսօրվա ՆԱՏՕ-ի և ԱՊՀ անդամ երկրների բանակների մարտական կանոնադրություններում ընդունված կարգը Խորենացու նկարագրած հիմնական տարրերի հետ համեմատելիս ապշեցուցիչ նմանություններ ենք տեսնում: Անկախ այն բանից՝ ե՛րբ են տեղի ունեցել ռազմական գործողությունները, ըստ պատմիչի, ի՛նչ բնույթ են ունեցել և այլն, դրանց նկարագրման ընթացքում չի շեղվում այն կարգից, որն ընդունված է նաև մեր օրերում: Պատմահայրը, իհարկե, շատ հակիրճ, նկարագրում է ռազմական գործողությունների սկիզբը, ընթացքը և ավարտը, սակայն բաց չի թողել և ոչ մի հարց: Ըմբոստ, ազատասեր, «հսկա աղեղնավոր» Հայկն սկսեց ապստամբությունը Բելի դեմ, անկախացավ Բելից, դուրս եկավ պայքարի: Պայքարն ավարտվեց վճռական ճակատամարտով, որտեղ Բելը սպանվեց, իսկ Հայկն իր և իր սերունդների համար ապահովեց անկախ գոյություն: Փաստորեն տեսնում ենք, որ, զգուշավոր մոտենալով առանձին հարցերի, Խորենացին ոչ մի հարց կիսատ չի թողնում:

-Քանի որ այս հակամարտությունը Հայկի և Բելի միջև դասական առումով պատերազմ էր, նշանակում է՝ այն պետք է ունենար իր դրդապատճառները: Ինչո՞ւ ծագեց այդ հակամարտությունը:

— Բռնակալի իշխանությանը ենթարկվել չցանկացող Հայկն ընդդիմացել է բռնատիրությանը: Ընդ որում, Խորենացին միանգամայն ամբողջականացնում է այս պայքարի տրամաբանությունը: Քանի որ Բելը պատահականորեն էր դարձել բոլորի տեր-տիրական, ինչպես նշում է Պատմահայրը, հիմնավորում է, որ Հայկը բնական իրավունք ուներ պայքարելու բռնակալի դեմ: Հայկի համար չի ծագում Բելի ուղարկած պատվիրակության առաջարկներն ընդունել-չընդունելու (հանձնվելու և Բելի գերիշխանությունն ընդունելու) հարցը: Հայկը միանգամայն վստահ ընտրել է պայքարի ուղին ևպայքարը հասցրել տրամաբանական ավարտին՝ հաղթանակի: Խորենացին վերլուծում է ոչ միայն պատերազմը՝ իր ամբողջ մանրամասներով, ոչ միայն նպատակը՝ հաղթական ճակատամարտը, այլև ապստամբությունը՝ որպես ռազմական գործողությունների ինքնուրույն տեսակ, այսինքն՝ ըմբոստանալու պահը:

— Մինչ Բելի զորքին ընդառաջ շարժվելը Հայկը պետք է դիմեր պաշտպանական միջոցառումների: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել նա՝ ելնելով ստեղծված իրավիճակից:

— Սկզբից ևեթ իմ ուշադրությանն արժանացավ մի հանգամանք, որը բավական լուրջ եզրակացությունների տեղիք տվեց: Հայկի պաշտպանական միջոցառումների մասին խոսելիս Խորենացին սկսում է ոչ թե վերջինիս գործողություններից, այլ Կադմոսի: Նա Հայկի թոռն էր և նշանակված էր Հայկի հարավային տիրույթների տիրակալ:

— Ի՞նչ քայլերի է դիմել Կադմոսը՝ Բելի հարձակումից հետո:

Խորենացին գրում է. «Կադմոսը փախավ Հայկի մոտ»: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում «փախուստը» ռազմական գործողություն չի կարելի համարել: Խորենացին դա չի էլ դիտում որպես պարտություն՝ նշելով, որ վճռական ճակատամարտում նույն Կադմոսին վստահվեց զորաթևերից մեկը (փախուստով վարկաբեկված զորավարին չէին նշանակի զորաթևի հրամանատար): Իսկ պատերազմի ավարտից հետո Կադմոսն ստացել է առատ նվերներ: Խորենացին նկարագրում է ռազմական գործողությունների մի տեսակ, որը հայոց իրականության մեջ կիրառվում էր մինչև մ. թ. ա. 2-րդ դարը՝ մինչև Արտաշես Ա-ի իրականացրած ռազմական բարեփոխումները: Ստեղծվեցին բդեշխություններ, այսինքն՝ սահմանային ուժեր, որոնք կանգնեցնում էին հակառակորդին սահմանամերձ շրջաններում՝ հնարա-վորություն չտալով նրան ներխուժել երկրի կենտրոնական շրջաններ՝ դրանով իսկ ժամանակ տալիս հիմնական ուժերին միավորվելու և դուրս գալու վճռական ճակատամարտի: Փաստորեն Խորենացին համարձակորեն և հստակ վերլուծում է իրենից առնվազն 7 դար առաջ տեղի ունեցած ռազմական գործողությունները:

— Ինչպե՞ս է նկարագրում Խորենացին Բելի սկսած պատերազմը: Ի՞նչ ընթացք են ունեցել ռազմական գործողությունները մինչև ճակատամարտը:

— Բելի գործողությունների տրամաբանական վերլուծությանը ոչ ոք առայժմ չի անդրադարձել: Մինչդեռ Հայկի մարտավարությունը նկարագրելու համար Բելի գործողություններն ու նրանցից ածանցվող Հայկի պատասխան քայլերի վերլուծությունը շատ կարևոր են և տալիս են մի շարք մութ հարցերի պատասխաններ: Խորենացին սկզբում նշում է՝ Բելը հարձակվեց «Կադմոսի տան» վրա և շտապում էր Հայկի տիրույթներ մտնել, բնական է, կա՛մ Հայկին թույլ չտալու միավորվել Կադմոսի զորքերի հետ, կա՛մ խոչընդոտելու ինչ-ինչ նախապատրաստական աշխատանքներ: Սակայն Խորենացին նկատում է պատերազմում սկսված բեկումը, որը պայմանավորված էր Հայկի կազմակերպած զորահավաքով, և ցույց է տալիս, որ Հայկը շարժվում է Բելին ընդառաջ: Պատմահայրն այստեղ էլ չի զլանում նշել, որ արդեն Հայկն էր շտապում Բելին ընդառաջ: Փաստորեն ռազմական գործողություններում տեսնում ենք արմատական բեկումը, երբ Հայկը ձըգտում է ռազմավարական նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և դուրս է գալիս ճակատամարտի ու պարտության մատնում Բելին:

— Անդրադառնանք իմ նախորդ հարցերից մեկին՝ ի՞նչ ձեռնարկում Հայկը, երբ ապստամբությունը ճնշելու նպատակով Բելն արշավում է հյուսիս:

— Հայկը կազմակերպում է զորահավաք, միավորում իր ուժերը, դուրս գալիս Բելի զորքերին ընդառաջ, և սկսվում է վճռական ճակատամարտը: Ցանկալի է ճակատամարտին անդրադառնալ առանձին. բազմաթիվ հարցեր կարևոր են՝ հին հայոց և բաբելոնյան մարտավարությունների վերլուծությունների համար: Խորենացին, նկարագրելով երկու կողմերի, մասնավորապես Հայկի գործողությունները, ցույց է տալիս հրամանատարի աշխատանքի այն հերթականությունը, որով առաջնորդվում ենք նաև այսօր (մարտավարական իրավիճակի գնահատում, տեղազննություն, ճակատամարտը սկսելու որոշման ընդունում, զորաթևերի միջև փոխգործողությունների կազմակերպում, յուրայինների համար բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովում և այլն): Նրա նկարագրած սկզբունքներն այսօր ընդունված են աշխարհի շատ բանակներում:

— Գուցե դա կարելի է անվանել մարտավարության ռազմական մոդե՞լ:

— Այո՛: Որքան էլ տարօրինակ թվա, ռազմարվեստի զարգացումը հնագույն ժամանակներից մինչ օրս (միմյանց վրա քարեր նետելուց մինչև հեռահար հրթիռների կիրառմամբ բարդագույն ռազմական գործողությունների իրականացումը) ոչ մի նորություն չի արձանագրել: Ինչպես նախկինում կար հարձակում և պաշտպանություն, նույնն է նաև այսօր: Փոխվում են միայն զինօգտագործման միջոցները, իսկ էությունը միշտ մնում է նույնը: Այս առումով է Խորենացին եզակի, իսկ նրա նկարագրությունը՝ համապարփակ:

— Ինչո՞ւ Բելի «հսկաները» և «մեծ բազմությունը» Հայկին խուճապի չեն մատնում:

Խորենացին ամեն կերպ ձգտում է ցույց տալ Հայկի գործողությունների կշռադատվածությունը և իրավիճակը սառնասրտորեն գնահատելու նրա կարողությունը: Խոսքն այն մասին է, որ Հայկին չի սարսափեցնում հակառակորդի թվաքանակը, քանի որ պայքարը, որին նա դուրս է եկել, ազատությունը այնպիսի արժեքներ են, որոնց համար ամեն մի զոհողություն արդարացված էր: Չմոռանանք՝ Խորենացին 5-րդ դարի հեղինակ է և պատմությունը գրել է 480-ական թվականներին, այն ժամանակ, երբ տեղի ունեցավ Վահանանց պատերազմը, այսինքն՝ ազատագրական պայքարը նոր սրության էր հասել (Խորենացու պատվիրատուն այս ապստամբության ղեկավարներից մեկն էր): Պատմահայրը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ բռնակալ իշխանության դեմ պայքարը սուրբ գործ է կամ այնքան կարևոր գործ, որի համար չի կարելի կանգ առնել որևէ զոհողության առջև: Անկախության գաղափարը Խորենացու այս վիպասքում այնքան հիմնավորված ակունքներ ունի, որ միայն Հայկի ու Բելի հակամարտության վերլուծությամբ կարելի է ասել, որ գործ ունենք ոչ միայն ռազմարվեստի տեսական վերլուծության, այլև դաստիարակչական միանգամայն նոր համակարգի հետ: Այս առումով Խորենացին սկզբնավորեց ոչ միայն ռազմարվեստի տեսական վերլուծությունը մեր իրականության մեջ՝ բազմաթիվ այլ նորամուծություններով հանդերձ, այլև պատմահայրենասիրական դաստիարակությունը՝ որպես առհասարակ դաստիարակության ժամանակակից համակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը:

— Մեջբերելով Պատմահոր խոսքը՝ Հայկի դեմ դուրս էին եկել «հսկաներ» և այն էլ՝ «մեծ բազմությամբ», ասենք, որ նա չի թերագնահատում հակառակորդին: Ինչո՞ւ:

— Այսօր, ռազմատեսական վերլուծություններում բավական փորձ ունենալով, մեծ նշանակություն ենք տալիս հակառակորդի մասին հետախուզական տվյալներին, որոնց դերն օրըստօրե ավելանում է: Մարտական իրավիճակի յուրաքանչյուր գնահատական տրվում է հակառակորդի մասին ունեցած տեղեկություններով, որպեսզի հրամանատարը կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Այս առումով հսկաների բազմությունը, որին Խորենացին մի քանի տեղում տարբեր ձևակերպումներ է տալիս՝ «երկնադեզ հասակով մրցող հսկաներ» և այլն, ցույց է տալիս, որ Հայկի համար կարևոր է եղել հակառակորդի իրական դեմքը, այսինքն՝ տեսնել նրան այնպես, ինչպիսին է իրականում, որպեսզի կարողանար համապատասխան որոշումներ ընդունել՝ արդարացված գործողություններ իրականացնելու համար:

— Պատերազմում ե՞րբ տեղի ունեցավ հիմնական բեկումը:

— Բեկում ասելով Խորենացին նկատի ունի մի քիչ ավելի վաղ՝ ճակատամարտին նախորդած շրջանը: Նա նշում է, որ Հայկը եկել, տեսել է հարմար դաշտ և այդտեղ էլ սպասել հակառակորդին: Փաստորեն շտապելով շարժվել են հակառակորդին ընդառաջ, ապա, հասնելով հարմար վայր, կանգնել, սպասել: Սպասելը ռազմական գործողություններում միշտ անորոշության մթնոլորտ է ստեղծում: Իսկ այստեղ Խորենացին ամեն կերպ շեշտում է, որ Հայկի զորքերը ոչ թե անգործության են մատնվում, այլ ուղղակի սպասում են հարմար վայրում, որպեսզի հակառակորդի վրա սրընթաց գրոհեն այն ժամանակ, քանի դեռ նա չէր հասցրել գետանցումը:

— Մինչ ճակատամարտի նկարագրությանն անցնելը առանձնացրեք, ըստ Խորենացու, հայոց և բաբելոնացիների մարտավարությունները:

— Խորենացին հատուկ ուշադրություն չի դարձնում Բելի գործողությունների համակողմանի նկարագրությանը: Սակայն, անդրադառնալով Հայկի գործողություններին, տալիս է բավական հարցերի պատասխաններ: Նկարագրում է Բելի ողջ սպառազինությունը, որպեսզի հետո ավելի տպավորիչ դարձնի Հայկի հաղթանակը: Խորենացին նկարագրում է Բելի գործողությունները, ընդ որում, մի քանի հարցերի անդրադառնում է առանձնահատուկ զգուշավորությամբ:

— Որո՞նք են այդ հարցերը:

— Բելը, նախքան ճակատամարտը, այսինքն՝ նախքան Խոշաբ գետի աջ ափին տեղի ունեցած բախումը, եղել է գետի ձախ ափին: Այնտեղից Բելը դիտել է ապագա մարտադաշտը, գնահատել տեղանքը, նրա առանձնահատկությունները, ժամանակ է ունեցել՝ ճակատամարտը սկսելու որոշում կայացնելու համար և այլն: Հակառակ դեպքում Բելը կարող էր շրջվել ու հետ դառնալ՝ նահանջել: Սակայն Բելը մարտն սկսելու որոշում է ընդունել, դուրս եկել վճռական բախման, իսկ սա շատ հարցերի պատասխանելու համար կարևոր հանգամանք է: Խորենացին ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ Բելը որոշել էր մի վճռական հարվածով ավարտել պատերազմը: Նշում է, որ Բելը, ամբողջ ուժերով գրոհի նետվելով, ուշադրություն չի դարձրել մեծաթիվ ռեզերվներ (պահեստային ուժեր — Հ. Գ.) առանձնացնելուն, որի պատճառով էլ պարտվեց: Ճակատամարտում, առաջին բախումից հետո, երկու կողմից մեծաթիվ զոհեր եղան, բայց մարտը մնում էր անորոշ. երկու կողմերն էլ անպարտելի էին: Փաստորեն ճակատամարտի ընթացքը երկու փուլի բաժանելուց հետո է Խորենացին նշում, որ Բելը, այդ «տարակուսական դիպվածը տեսնելով», որոշում է նահանջել: Այսինքն՝ նրա առաջին գրոհը չի հաջողվել: Իսկ մինչ այդ Պատմահայրը նշում է, որ Հայկը զորքի մարտակարգը շարել էր սեպաձև. առջևում իր գլխավորած ուժերն էին, թևերում՝ քիչ ավելի հետ՝ Արամանյակն ու Կադմոսը, վերջում՝ «այլ բազմություն», այսինքն՝ մարդիկ, ովքեր ոչ այնքան հմուտ էին ռազմի գործում: Խորենացին չի մասնավորեցնում՝ ովքեր էին, բայց նշում է, որ թիկունքում կային այլ ուժեր: Հայկը կենտրոնում մարտակարգը շարել էր մեծ խորությամբ՝ իր զորամասից բացի ունենալով պահեստազոր, որը սեպաձև մարտակարգին հնարավորություն է տվել մխրճվել Բելի զորքի մեջ: Բելի զորքի մարտակարգի թևերն առաջանալով՝ հարվածել են Հայկի բանակի թևերին: Ստեղծվել է այսպիսի իրավիճակ. Հայկի բանակի մարտակարգը հարկադրել է հակառակորդին թևերն առաջ բերել, իսկ կենտրոնը թևերից հետ է մնացել: Դա հնարավորություն է տվել Հայկին օգտագործել հակառակորդի մարտակարգի մեջ մխրճված դիրքը՝ հետագայում Բելին նետահարելու համար: Խորենացին ուղղակիորեն շեշտում է, որ այս դիպվածը տեսնելուց հետո է Բելը որոշել կրկին բարձրանալ բլուրը, որտեղից իջել էր, և հետևել մարտի ընթացքին: Տեսնելով ստեղծված մարտավարական իրավիճակը՝ Հայկը որոշել է նետահարել Բելին՝ չնայած նրանց միջև մեծ տարածություն կար: Լայնալիճ աղեղից արձակած նետով նա խոցել է բռնակալին: Ճակատամարտի առաջին փուլն սկսվել է Բելի զորքերի գրոհով, որտեղ Բելն ինչ-ինչ հաջողություններ է ունեցել: Դա կարելի է եզրակացնել այն բանից, որ վերջինս իր հրամանատարական դիտակետից՝ մարտադաշտի եզրի բլրից իջել է, մոտեցել զորքին: Սակայն հետագայում Հայկի բանակի սեպաձև մարտակարգը հնարավորություն է տվել կասեցնել գրոհը, որից հետո Բելը որոշել է նահանջել: Խորենացին մի ուշագրավ արտահայտություն է արել, որը, չգիտես ինչու, պատմաբանները վրիպել են: «Որոշեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր» և, բացահայտելով Բելի մտահղացումը, նշում է, որպեսզի զորքերը տեղ հասնեն, և երկրորդ ճակատամարտի հնարավորություն ստեղծի ու Հայկին պարտության մատնի: Խորենացին չի նշում, թե ինչու Բելն իր զորքը պետք է մասնատեր: Միգուցե նրա զորամասերից մնացել էին հարավում և նվաճում էին «Կադմոսի տան» չնըվաճված տիրույթնե՞րը: Սակայն դա ևս քիչ հավանական է թվում: Ավելի հնարավոր եմ համարում այն վարկածը, որ, թերևս կային զորամասեր, որոնք չէին հասցրել գետն անցնել: Եթե այդպես է, ապա Խորենացին խոսում է այն մասին, որ Հայկը ճիշտ է ընտրել նաև վճռական ճակատամարտի ժամանակը: Այն պահին, երբ Բելի զորքերը ամբողջությամբ չէին հասցրել անցնել գետը, Հայկն առաջ է բերում իր ուժերը և հարվածում հակառակորդին:

— Փաստորեն ժամանակակից արտահայտությամբ կարելի է ասել, որ Բելը որոշել էր «կայծակնային» պատերազմ մղել և հաղթել Հայկին: Ո՞վ և ինչպե՞ս էր ընտրել ռազմաճակատի տեղը, ինչպե՞ս է հիմնավորվում նման տեղանքի ընտրությունը (թեև արդեն ասացիք՝ Հայկն էր որոշել, թե որտեղ պետք է տեղի ունենար վճռական ճակատամարտը):

— Սա ևս կարևոր դիտարկում է, որովհետև Խորենացու մոտ պատմաբանների ուշադրությանը չարժանացած ևս մի արտահայտություն կա: Պատմահայրը գիտե, որ ռազմական գործողությունները ծավալվում են լեռնաշխարհում: Բնական է, որ այնտեղ մեծ դաշտերը, հարթավայրերը շատ չեն: Եվ Խորենացին մարտադաշտը նկարագրում է ոչ թե իբրև դաշտ, այլ դաշտաձև մի տեղ: Այսօր մեր տեղագրական քարտեզները հնարավորություն են տալիս հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այդ տեղանքն ունի իր բարդությունները:

— Որտե՞ղ էր այդ դաշտաձև տեղը:

— Խոշաբի գետաբերանի մոտ՝ աջ ափին, մի ուշագրավ վայր է, իրոք «դաշտաձև» մի տեղ: Բելի բանակի ձախ թևում Վանա լիճն է, որը մարտադաշտը կտրում է տեղանքից, աջ կողմում՝ Վարագ լեռան ստորոտը: Մարտադաշտը լայն է, որն, ըստ էության, ստիպելու էր Բելին ձգել մարտակարգը՝ թևերում թևանցելու, հակառակորդի փոքրաթիվ ուժերին շրջափակման մեջ գցելու նպատակով: Սակայն տեղանքն այնքան է կտրտված, որ հնարավորություն չի տվել Բելին շահարկել իր հիմնական խաղաքարտը՝ թվաքանակը: Եվ նա անորոշության մեջ է ընկել: Խորենացին հենց դա է շեշտում. Բելը գետի ձախ ափին կանգնած վերլուծում էր՝ հնարավո՞ր է արդյոք ճակատամարտ տալ գետի աջ ափին: Այնուամենայնիվ, այս սահմանափակումներով հանդերձ, Բելը հնարավոր է համարում ճակատամարտը և դուրս է գալիս վճռական բախման: Բայց Հայկը կարողանում է ճիշտ մարտակարգ ընտրել: Խոսքը հետևյալի մասին է: Խորենացին նշում է, որ Հայկը սեպաձև մարտակարգ դասավորեց, բայց դրա նկատմամբ ինչ-որ արտասովոր վերաբերմունք չունի: Այսինքն՝ շեշտում է, որ մարտակարգն այն չէր, որն ընդունված էր մինչ այդ, այսինքն՝ բանակը գծով չէր դասավորված, կենտրոնը քիչ առաջ էր եկել: Տեղանքը որոշակիորեն հուշում է, որ նման վայրում առավել նպատակահարմարը կենտրոնում առաջ եկած սեպաձև մարտակարգն էր: Այսինքն` կրկնում եմ, հակառակորդը ձգտելու էր թևերում շրջանցել, բայց կտրտված տեղանքը նման հնարավորություններ չէր տալու նրան, և հարկադրված էր լինելու դիմել ճակատային գրոհի, որի դեպքում կարևոր էր հե՛նց կենտրոնի կայունությունը, որը պետք է կապող օղակ լիներ երկու թևերի միջև:

— Ինչպե՞ս է Հայկը կռահել Բելի մտահղացումը, երբ առաջին զոհերը տալուց հետո վերջինս փորձում է նահանջել և ամրանալ այդ բլրակի վրա:

— Հայկի մտքի տրամաբանական ընթացքը ևս մի քանի այլ կարգի վերլուծությունների հնարավորություն է տալիս: Հայկը ոչ միայն կռահում է այդ պահը, այլև կանխազգում Բելի նախնական գործողությունները: Խոսքն այն մասին է, որ Բելն ուներ քանակական առավելություն: Այս հանգամանքը նա պետք է օգտագործեր առավելագույն չափով: Գուշակելով, որ Բելն ամեն կերպ կաշխատի թևանցել, Հայկը հենց մարտակարգի կենտրոնն է ուժեղացնում, իսկ թևերում տեղադրում նետ ու աղեղին հմտորեն տիրապետողներին: Այսինքն՝ սրակիրներն անմիջապես պետք է անդրադարձնեին գրոհները, իսկ նետաձիգները, թևերի ուղղությամբ նետահարելով, կանխեին զորաշարժերը: Սրանից հետո էր տրամաբանական հաջորդ քայլը: Բելը փորձելու էր թևանցումների դիմել և չէր կարողանալու, իսկ նրա բանակը մի պահ անորոշության մեջ սպասելու էր բռնակալի դիրքորոշումներին: Նա ստիպված էր լինելու որոշակի առումով ձգել ժամանակը, որպեսզի իր վերջապահ ուժերը հասնեին մարտադաշտ՝ իրականացնելու համար երկրորդ գրոհը: Պետք էր օգտագործել հենց ա՛յդ պահը: Հայկը դա լավ է հասկանում, և դրա համար առանձնապես
զորավարական տաղանդ պետք չէր: Բելին պետք էր խոցել հենց այն ժամանակ, երբ առաջին գրոհի անորոշությունից հետո զորքը, շարունակվող մարտի պայմաններում, սպասում էր նրա գործողություններին, իսկ նա որոշել էր բարձրանալ իր դիտակետը` այնտեղից իրավիճակն ավելի լավ զննելու և մարտն ավելի լավ ղեկավարելու համար: Պետք չէր բռնակալին հնարավորություն տալ հեռանալ անվտանգ տեղ:

-Ինչպե՞ս է Պատմահայրը նկարագրում կողմերի սպառազինությունը:

— Այստեղ էլ միանգամայն որոշակի մոտեցում ունենք: Խնդիրն այն է, որ Խորենացին Հայկին բազմիցս ներկայացնում է որպես «հաստ աղեղնավոր հսկա», սակայն չի նշում, որ նա սպառազինության այլ տեսակներ էլ ուներ: Իսկ Բելի նկարագրության ժամանակ տեսնում ենք ամբողջ սպառազինությունը՝ սաղավարտը, զրահը, ոտնազրահները, բազկակալները, գոտուց կախված սուրը, վահանը, աջ ձեռքին՝ նիզակը: Խորենացին որոշակիորեն ցույց է տալիս, որ կարևորը ոչ այնքան զենքն ու սպառազինությունն են, որքան զենքին հմտորեն տիրապետելը, թեև զենքը կարևոր նշանակություն ունի: Հիշենք այն նկարագրությունը, հիացմունքը, որով Խորենացին պատմում է «լայնալիճ աղեղի» օգտագործումը: Շատ ուշագրավ պահ կա, որը տարօրինակորեն մեր պատմաբանների ուշադրությանը չի արժանացել: Մենք միակ ժողովուրդն ենք, որի պատմության այսպիսի կարևոր դրվագում, ինչպես Նախահոր վարած վճռական ճակատամարտն էր, տեսնում ենք իրոք ճակատամարտ, ոչ թե բախում: Դա նման չէ առաջին ժողովուրդների մոտ հիշատակվող, ասենք՝ Դավթի և Գողիաթի նշանավոր մենամարտին, որտեղ զորքը չի մասնակցում ռազմական գործողություններին, չկա ճակատամարտ, այլ երեխան դուրս է գալիս և տապալում հսկային՝ Աստծո զորությամբ: Ոչ թե դիպուկ նշանառություն է, ինչպես Վիլհելմ Թելի պատմության մեջ, երբ նա կարողացավ նետահարել որդու գլխին դրված խնձորը, այլ տեղի են ունենում ռազմական գործողություններ: Հայկը ոչ միայն ղեկավարում է մարտը, ոչ միայն ինքն է անձամբ մասնակցում, այլև այս ամբողջը միավորված է մի պատմության մեջ: Ի՞նչն է ուշագրավը: Երբ ուսումնասիրեցի այլ երկրների ռազմարվեստը, հետաքրքիր օրինաչափության հանդիպեցի: Փաստորեն նետ ու աղեղի կիրառման ամբողջ ընթացքում, նաև Խորենացուց հետո շուրջ 12-13 դար, որևէ երկրում դիպուկաձիգներ՝ սնայպերներ չեն առանձնացրել՝ իբրև ա-ռանձին ստորաբաժանում՝ որոշակի խնդիրներ լուծելու համար: Դիպուկաձիգների ստորաբաժանումներն ստեղծվել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ոչ թե մեծ հեռավորությունից հակառակորդի կարևոր թիրախները խոցելու համար, այլ իբրև հետևանք հրազենի ստեղծման, զարգացման:

— Եթե Խորենացին ցույց է տալիս հայոց ռազմարվեստի առավելությունները, նշանակում է՝ նա լավագույնս տեղյակ էր Հին Արևելքի երկրների ռազմավարություններին: Ինչպե՞ս է կարողացել հոգևորական այրը նման խոր վերլուծություններ կատարել, եզրահանգումներ անել: Չէ՞ որ Պատմահայրը զորավար չէր, ռազմիկ չէր…

— Հարցն ուշագրավ է այն առումով, որ Խորենացին իրո՛ք զինվորական չէր: Բայց մարտական գործողությունները վերլուծում է այնպիսի խորությամբ, ասես բազում ճակատամարտերի մասնակցած զորավար լինի: Սա մտորելու առատ նյութ է տալիս: Եթե հոգևորականն այդքան խորությամբ կարողանում էր վերլուծել ռազմարվեստը, ապա զորավարները դա կանեին շատ ավելի բարձր մակարդակով: Դրանով իսկ ընդգծվում է երկրորդ կարևոր գործոնը՝ հայ հոգևորականության դերը մեր իրականության մեջ: Խորենացին ոչ միայն ամեն կերպ հիմնավորում է պայքարի դուրս գալու տրամաբանությունը, այլև ցույց է տալիս ձևեր, որոնցով կարելի է պայքարը հաջողությամբ պսակել: Փաստորեն գործ ունենք մի բավական ուշագրավ փաստի հետ: 5-րդ դարում հայոց իրականության մեջ ռազմարվեստի տեսական վերլուծության մակարդակը բավական բարձր էր և հասել էր առօրեական մտածողության աստիճանի, որ հոգևորականը՝ մարտական գործողությունների համար չպատրաստված անձը, ի վիճակի էր այն վերլուծել նման խորությամբ:

— Ո՞րն է վիպասքի արդիական նշանակությունը:

— Այն մեզ հնարավորություն է տալիս աճող սերնդին դաստիարակել՝ առաջին հերթին մեր հաղթանակների պատմության օրինակներով: Պետք է ժողովրդի միջից հանել մեզանում լայնորեն տարածված պարտվողական տրամադրությունը: Չգիտես ինչու, ի չիք դարձնելով մեր հաղթանակները, վերլուծում են միայն մեր պարտությունները և փորձում դասեր քաղել հե՛նց պարտություններից: Իհարկե, պարտության դասերը կարևոր են՝ չկրկնելու համար նախկին սխալները, բայց մենք պարտավոր ենք սերունդներին դաստիարակել հաղթանակների՛ օրինակով, հաղթանակողի՛ հոգեբանությամբ:

ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ
«Վեմ» ռադիոկայան, 21. 01. 2003

«Վասն հայության», 04–15. 03. 2004
«Դարը` մեր մեջ, մենք` դարի» (Հրապարակախոսություն), գիրք Դ, 2007

Добавить комментарий