Ղազարոս Աղայանը ժամանակի առաջնակարգ հրապարակախոսների շարքում չի հիշվել. նա ո՛չ Նալբանդյան էր, ո՛չ Նազարյանց, ո՛չ Արծրունի: Աղայանը հրապարակախոս չէր բառիս ժամանակակից ըմբռնումով: Սակայն որպես լուսավորական դարաշրջանին հատուկ բազմակողմանիորեն օժտված անձնավորություն` իր երկարամյա բեղմնավոր գործունեության ընթացքում նա բազմիցս անդրադարձել է հասարակական կյանքի այս կամ այն բնագավառին, գյուղացիական դեմոկրատիայի դիրքերից լուծում տվել մեկից ավելի հարցերի, որոնց քննարկումն ու արժևորումը կարևոր է ոչ միայն հեղինակի դիմանկարը ամբողջացնելու, նրա աշխարհայացքը գիտականորեն բացահայտելու, այլև ժամանակաշրջանի հասարակական կյանքի որոշ հարցերի մեջ որոշակիություն մտցնելու տեսակետից: Այստեղ կդիտարկենք նրա լուսավորական ծրագիրը:
Իր կյանքի մոսկովյան ու պետերբուրգյան տարիներին Աղայանը ոչ միայն խորացավ ընտրած արհեստի գաղտնիքների մեջ, այլև ձեռք բերեց գիտելիքների բազմակողմանի ու հարուստ պաշար: Դա մի ժամանակաշրջան էր, երբ եռում էր ետռեֆորմյան Ռուսաստանի հասարակական ու մտավոր կյանքը, երբ հեղափոխական ճգնաժամը դանդաղորեն տեղի էր տալիս ռեակցիայի հարվածների տակ, սակայն հեղափոխականորեն տրամադրված ռուս մտավորականությունը չէր զիջում իր դիրքերը և հեղափոխական պայքարի նոր ուղիներ էր որոնում` սկզբնավորելով հասարակական-քաղաքական մի նոր շարժում` հեղափոխական նարոդնիկությունը` իր գաղտնի կազմակերպություններով ու ժողովրդի ներքնախավերի մեջ թափանցելու վճռականությամբ:
Մոսկվան ու Պետերբուրգը նոր խմորումների կենտրոն էին ոչ միայն ռուսների, այլև կայսրության մեջ մտնող բոլոր ժողովուրդների, այդ թվում` նաև հայերի համար: Գիտության անհուն ծարավով ռուսական մայրաքաղաքներն ընկած Աղայանը տառացիորեն կլանում էր ամեն ինչ` չսահմանափակվելով գիտության որևէ բնագավառով, չհետևելով որևէ ուղղության, կարդում էր մեծ մասամբ անսիստեմ, հանգամանքների բերումով: Նման ու-սումնառությունն ունեցավ այն հետևանքը, որ Աղայանը բառիս նեղ առումով որոշակիորեն չկանգնեց հասարակական որևէ հոսանքի դրոշի տակ, որդեգրեց, յուրացրեց այն ամենը, ինչը կարող էր նպաստել խավարի թագավորության մեջ խարխափող բնաշխարհի լուսավորությանն ու առաջընթացին, ձեռք բերեց մի լայնախոհ հայացք հասարակական կյանքում կատարվող տեղաշարժերի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ նոր պայմաններում շարունակելով Նալբանդյանի գործը` չդարձավ հեղափոխական-դեմոկրատ կամ նարոդնիկ` հեղափոխության միջոցով լուծելու համար հասարակական կյանքի կնճռոտ հարցերը, և ոչ էլ կանգնեց ազգային-պահպանողական բանակի շարքերում, չնայած և՛ Նալբանդյանը, և՛ Խրիմյանը Աղայանի աչքում ազգային հերոսներ են` հավասարապես նվիրված հայ ժողովրդին լուսավոր ափ հանելու գործին: Աղայանը մշակեց մի յուրովի հայացք, որտեղ որոշակի նկատվում է գաղափարական այդ երկու հոսանքների առավել կամ նվազ ազդեցությունը, սակայն չի նույնանում դրանցից ոչ մեկի հետ: Աղայանը գյուղացիական դեմոկրատիզմի արտահայտիչն էր և այդ տեսանկյունով էր մոտենում ժամանակաշրջանի առաջ քաշած սոցիալական ու քաղաքական խնդիրներին:
Աղայանը հասարակական ասպարեզ իջավ ժողովրդին լուսավորելու որոշակի ծրագրով, և պարտական չէ, որ նրա հրապարակախոսությունն սկսվում է լուսավորական-մանկավարժական բովանդակությամբ ելույթներով: Եվ ոչ միայն այդ:
«Արություն և Մանվել» վեպը ինքնին մի ընդվզում էր ժողովրդի մտավոր հետամնացության ու տգիտության դեմ, կրթության ու առաջադիմության մի ոգեշունչ պրոպագանդա` համառուսական «մտավոր վերածնության» խոր ազդեցությամբ, վերածնություն, որը Աղայանին վերջնականապես ձևավորեց որպես մտածող քաղաքացի: Աղայանը Պետերբուրգում հափշտակվեց մանկավարժական գիտությամբ, խորապես ուսումնասիրեց արևմտաեվրոպական ու ռուսական մանկավարժական միտքը, որն այդ ժամանակ բուռն վերելք էր ապրում, յուրացրեց այն` ստեղծելով ժողովրդին բավարարելու, մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու սեփական` աղայանական համակարգը: Աղայանի մանկավարժական թեքման գործում թերևս որոշակի դեր ուներ նաև երկրի քաղաքական իրավիճակը: Ձախողվել էր Չերնիշևսկու և Նալբանդյանի գործը, հեղափոխական ճգնաժամն ապրում է որոշակի տեղատվություն, սաստկացել էր ցարական ռեակցիան, հանգամանքներ, որոնք ծնում էին ինչ-ինչ տրամադրություններ հասարակական կյանքին նվիրվելու պատրաստվող երիտասարդության որոշ շերտերի մեջ: Կոնկրետ Աղայանի հարցում որոշակի է հետևյալը: Նա գտնում է, որ Նալբանդյանի գիծը միակը չէ ժողովրդին ծառայելու, նրան օգտակար լինելու գործում, այլ բազմաթիվ ուղիներից մեկն է: Այդ մասին նա որոշակիորեն արտահայտվել է իր հուշագրության մեջ` վերհիշելով 60-ական թվականների վերջին իր հանդիպումը Րաֆֆու հետ:
«- Ես Նալբանդյանցի ուղղությանն եմ համակրում,- ասաց,- իմ կարծիքով միակ ուղիղ ճանապարհը նրա քարոզածն է:
— Այդ շատ լավ եք նկատել,- ասացի,- բայց մեծ նպատակին հասնելու համար միակ ճանապարհ չկա, այլ շատ (ընդգծումները հեղինակինն են-Ա.Հ.). թշնամու դեմ պատերազմը մի ուղիղ գծով չեն մղում և ոչ մի գործողությամբ, այլ զանազան կողմերից և զանազան գործողություններով: Ամենայն ճանապարհ ուղիղ է, եթե տանում է դեպի միևնույն գլխավոր նպատակը: Ոչ մի ճանապարհ անտես առնելու չէ: …Ուրեմն եթե բանը ետ ու առաջի մասին է, Նալբանդյանցի բարձրացրածը մի ձեռք է միայն, որ միայնակ ծափ չի տալ: Ամենայն ազգ իր այբբենն ունի, և հիմա մեզ համար ամենից շատ մի լավ այբբենարան է հարկավոր, որ ժողովուրդը հեշտ կերպով գրել-կարդալ սովորի և մեր ասածն ու գրածը ըմբռնե: Ինքը Նալբանդյանն այդ համոզմանն էր եկել իր վերջին օրերում. նա ասում էր. «Մեր ազգին հարկավոր է գիտական զարգացում, «Հյուսիսափայլը» այդ դերը կատարել կարող չէ, հարկավոր են նոր ու թարմ ուժեր, ժամանակակից սոցիալական գիտություններին քաջ հմուտ»:
Ինչպես տեսնում ենք, չհակադրվելով հեղափոխական-դեմոկրատի մտայնությանը, չժխտելով նրա մատնանշած ուղու կարևորությունը «գլխավոր նպատակին» հասնելու համար` Աղայանը միաժամանակ գտնում է, որ Նալբանդյանը գործ ուներ «անվարժ զորքի» հետ, որով թշնամուն հաղթել հնարավոր չէր, որ «Նալբանդյանի բարձրացրածը մի ձեռք է միայն, որ մենակ ծափ չի տալ»: Ուրեմն անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորություններն ու միջոցները, առաջին հերթին բարձրացնել ժողովրդի մտավոր մակարդակը, վարժեցնել զորքը, որպեսզի նա ի վիճակի լինի կողմնորոշվելու խճճված հասարակական կյանքի լաբիրինթոսում, կանգնելու առաջընթացի և իր հավաքական շահերը պայքարով պաշտպանելու դիրքերում: Այդպիսի ժողովուրդ ունենալու առաջին նախապայմանը Աղայանը համարում է այբբենարանը` իր տեսակետը հիմնավորելով նույնիսկ Նալբանդյանով:
Աղայանի այս դիրքորոշումը նահա՞նջ էր հեղափոխական դեմոկրատիզմի դիրքերից: Եվ այո՛, և ո՛չ: Այո՛, որովհետև հրապարակախոս ու մտածող Աղայանը Նալբանդյանի պես չկանգնեց զինված պայքարով հասարակությունը վերափոխելու գաղափարի դիրքերում, չկարողացավ որոշակիորեն ըմբռնել սոցիալական ու քաղաքական պայքարի միասնությունը: Ո՛չ, որովհետև Աղայանը օրինական ժառանգորդն էր նալբանդյանական մտայնության իր ամբողջության մեջ և այդ մտայնությունը զարգացրեց պատմական նոր հանգամանքների թելադրանքով, հանգամանքներ, որոնք այլևս չէին բովանդակում հեղափոխական իրավիճակ երկար ու ձիգ տասնամյակներ, իսկ երբ կյանքի վերջում տեսավ սոցիալական պայքարի դուրս եկած հեղափոխական զանգվածներին, ծերունազարդ գրողը չվարանեց իր համակրանքը արտահայտել նրանց նկատմամբ` ընդհուպ մինչև ելույթ ունենալով ցուցարարների առաջ և ցարին տապալելու կոչ անելով նրանց: Աղայանը 60-ականների այն եզակի գործիչներից մեկն էր, որ տասնամյակներ շարունակ ամուր պահեց գյուղացիական դեմոկրատիայի դրոշը` այն հասցնելով պրոլետարական հեղափոխության նախադուռը:
Հասարակական գործունեության շեմին Աղայանը ճիշտ կետում է գտնում իրեն: Ժամանակի հրամայական պահանջներից մեկը ժողովրդի միտքը լուսավորելն էր, ժամանակակից քաղաքակրթությանը նրան ակտիվ հաղորդակից դարձնելը: Հենց այստեղից էլ նա սկսում է: Առաջին իսկ հրապարակային ելույթում («Հայկական նամականի», 1868), ելնելով այն իրո-ղությունից, որ կրթության նկատմամբ սերը բավականաչափ տարածվել է հայերի մեջ, որ ամեն ծնող ցանկանում է իր որդուն ուսումնարան ուղարկել, չնայած լավ չի հասկանում ուսման բուն նպատակը, Աղայանը պահանջ է դնում ընդառաջել այդ ընդհանուր տրամադրությանը, որոշակի հունի մեջ դնել ուսման ու դաստիարակության գործը` հանդես բերելով կոնկրետ մոտեցում, հաշվի առնելով ժողովրդի հասարակական ու մտավոր զարգացման մակարդակը և այն նպատակը, որին պետք է ծառայի լուսավորությունը: Եթե կրթության նպատակն է զարգացնել մարդու միտքը, հոգին ու մարմինը` այն հաշվով, որ նա կարողանա պայքարել բոլոր դժվարությունների դեմ և բարելավել իր անձնական վիճակն ընդհանրապես, ապա սա մի ճշմարտություն է, որ կարող է տարածվել բոլոր ժողովուրդների վրա հավասարապես: Անհրաժեշտ է որոշել կրթության բովանդակությունը, թե ինչ հիմքի վրա, ինչ ոգով պետք է կրթել հային: Առանց այս հիմնական հարցի լուծման կրթությունը ցանկալի արդյունք չի տա: Անսալով ժամանակի պահանջին` Աղայանը դնում է հայեցի կրթության ու դաստիարակության խնդիրը:
«Հայի կրթության հիմքը պետք է լինի ոչ միայն նորա ամբողջ բնությունը զարգացնել, այլև այնպես պետք է կրթել, որ նա լավ իմանա յուր մայրենի լեզուն, յուր հայրենի կրոնը, որպեսզի… լավ գիտենա յուր ազգության գլխավոր հատկանիշները` լեզուն ու կրոնը»:
Ինչպես տեսնում ենք, Աղայանի պահանջը համարյա բառացի կրկնությունն է մեծ լուսավորիչ Աբովյանի խոսքերի: Աղայանի լուսավորական ծրագրերը առաջին հերթին հենվում էին իր մեծ ուսուցչի ստեղծած ավանդների վրա: Որպես փոքր ժողովրդի ներկայացուցիչներ` նրանք անհրաժեշտաբար պետք է մտահոգվեին ազգային ինքնության պահպանման խնդրով, մանավանդ որ իշխող պետական համակարգը հետամուտ էր փոքր ժողովուրդների ձուլման քաղաքականությանը: Եվ նրանք ապավինում են առաջին հերթին մայրենի լեզվին: «Տասը լեզու սովորիր, բայց քո լեզուն ղայիմ բռնիր» -պատգամում է Աբովյանը: «Մի ազգի պահողը լեզուն ա ու հավատը»,— պնդում է Աբովյանը: «Ազգության գլխավոր հատկանիշները լեզուն ու կրոնն են», — ձայնակցում է Աղայանը: Եվ ահա, մեծ ժողովուրդների պարտադրած «քաղաքակրթությանը» կուլ չգնալու համար Աղայանը սրբագ-րություն է մտցնում կրթության նպատակի մեջ` տարբերակելով երկու ելակետ: «Առաջինը խոստանում է հայից մարդ շինել, իսկ երկրորդը` ոչ միայն մարդ, այլև հայ, այսինքն` հայ մարդ» (ընդգծումը հեղինակինն է:- Ա.Հ.):
Հարցի այսքան որոշակի առաջադրումը կենսական անհրաժեշտություն է դառնում մանավանդ մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կրթված հայի հայերեն իմանալը դիտվում է արդեն որպես մեծ առաքինություն, երբ իշխում է այն մտայնությունը, թե հայի լեզուն «կյանքի համար միջոցներ չի տալիս»: «Ֆրանսերեն хотя մեկ օրվա համար չենք սովորում, но зато ֆրանսերենը մեզ հաց է տալիս»:
Այլասերող այս մտայնության դեմ Աղայանը դրոշ է դարձնում մայրենի լեզուն, որովհետև «մեկ ազգի գլխավոր հատկանիշը նրա լեզուն է»: Այս ճշմարտությունը պետք է արմատավորել ժողովրդի մեջ, որպեսզի նա ինքը կատարի իր պարտքը, այլապես հատ ու կենտ անհատներով ազգային լուսավորության հարցը լուծել հնարավոր չէ:
Ազգի առաջ ծառացած ամենահրատապ խնդիրը համարելով մտավոր ու բարոյական առաջընթացի անհրաժեշտությունը` Աղայանը աշխատանք է պահանջում ամբողջ ժողովրդից` աշխատանքը դիտելով մարդուն կենդանական աշխարհից զատող նախապայման: Աշխատանքը ոչ թե պատիժ է կամ աստծո անեծք, «այլ երջանկության միակ ճանապարհը», իսկ երջանկությունը «ոչ թե մետաղ է կամ մետաքս, այլ հավասարակշռություն պահպանելը հոգեկան, մարմնական և մտավորական պահանջմանց մեջ: Եթե այդ պահանջների կատարելովը միայն կարելի է մոտենալ երջանկության, ապա ուրեմն որքան ընդհանրական լինի այդ ձգտողությունը, որքան ընկերական, այնքան շուտ կմոտեցնե մարդուն յուր նպատակին»: Լուսավորությունը մարդուն երջանկություն բերող միջոցներից մեկն է, լուսավորված մարդը ավելի շուտ է կողմնորոշվում կյանքում, զանազանում բարին ու չարը, օգտավետն ու վնասակարը: Եվ քանի որ ժողովուրդները գտնվում են տարբեր քաղաքական, մտավոր և բարոյական մակարդակների վրա, հետևապես լուսավորության գործը կազմակերպելիս պետք է ելնել ժողովրդի կոնկրետ գոյավիճակից, նրան տալ «յուր մտաց զարգացման աստիճանի հարմար սնունդ»` ելակետ ունենալով «ընդհանուր ազգի օգուտը և բարին գերադասելով ամեն բանից»: Եթե ճշմարիտ է, որ հայը չի կարող մեխանիկորեն սեփականել զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների կրթության ու լուսավորության բովանդակությունը, եթե հայի լուսավորության գործը պետք է բխեցնել իր մտավոր և քաղաքական զարգացման ներկա վիճակից, դա երբեք էլ չի նշանակում, թե հայ ազգը պետք է ամեն ինչ սկսի նորից` հաշվի չառնելով ուրիշների կուտակած դրական փորձը: Այդ փորձից վերցնելիք ամենակարևոր և անհրաժեշտ հանգամանքը Աղայանը համարում է լուսավորության գործի կազմակերպմանը ամբողջ ժողովրդին մասնակից դարձնելը: Հրապարակախոսի համար որոշակիորեն պարզ է հարցի նաև մյուս` քաղաքական կողմը: Ինքնուրույն կյանքով ապրող ազգերի լուսավորության գործը համապետական հոգատարության առարկա է` սկսած իրավական հովանավորությունից մինչև լուսավորության ցանցի ֆինանսավորումը: Այստեղ իր պետական շահախնդրությունից ելնելով` պետությունը ինչ-որ կետում, ինչ-որ չափով հանդես է գալիս ազգի ընդհանրության ձգտումները իրականացնողի դերում: Հայ ժողովուրդը զրկված է նման հնարավորությունից, Աղայանի բնորոշմամբ` նա «բարոյական ազգ» է: Հետևապես, պետք է այլ կռվանների վրա դնել լուսավորության իրականացման համազգային գործը, օգտագործել ժողովրդի պատրաստակամությունը, գիտակցական ու կազմակերպված հունի մեջ դնել լուսավորվելու նրա ձգտումը: Իսկ դրան կարելի է հասնել «երկայնամտությամբ ու միաբանական սիրով» աշխատելով: «Միաբանական սերը պետք է լինի հիմն մեր աշխատությանց, ընդհանուրի օգուտը նորա վրա կառուցած: Ուրախությամբ սրտի մենք նկատում ենք, որ այս պատվական ձգտողությունը այժմ ամեն հայի մեջ էլ զարթնել է, ուսման և կրթության կարևորությունը ձայն բազմաց է դառել», — մատնանշում է Աղայանը:
Հետևապես, պետք է ճիշտ լուծում տալ ազգային լուսավորության գործում անհատի և ժողովրդի փոխհարաբերության հարցին, որովհետև վերջին հաշվով անհատներն են ուղղություն և ընթացք տալիս ժողովրդի տրամադրություններին ու ձգտումներին: Աղայանի ըմբռնմամբ` անհատը մեծ է այնքանով, որքանով մեծ է նրա օգտակարությունը տվյալ ժողովրդի կամ ընդհանուր մարդկության համար: Օգտակարությունը կատարված գործերով է չափվում և ոչ թե զբաղեցրած դիրքով ու պաշտոնով, որովհետև վերջիններս ընդամենը ժողովրդին ծառայելու հնարավորություն են ընձեռում անհատին: Եթե անհատը չի իրականացնում այդ հնարավորությունը, եթե նրա կատարած գործերը իրենց նշանակությամբ չեն համապատասխանում նրա հասարակական կոչմանը, ապա այդպիսիները «ավելի փոքր են, քան թե մի անմեղ, բայց աշխատասեր հողագործ, մի պարզամիտ, բայց ժրաջան կոշկակար»: «Եվ ի՞նչ ասել է ինքնըստինքնյան «մեծ».- հարցնում է Աղայանը: — Մի՞թե մեկ մարդ կարող է ավելի մեծ լինել, քան թե մի ամբողջ ժողովուրդ, քան թե ամբողջ մարդկությունը: Ամենևին»: Անհատը ժողովրդի մի անդամն է, ամբողջի մի մասը, և ինչքան էլ մեծ լինի նրա գործունեության շառավիղը, ինչքան էլ կարևոր նրա մատուցած ծառայությունը տվյալ ժողովրդին, այնուամենայնիվ մասն ամբողջին գերազանցել չի կարող, մասն ամբողջին հակադրել չի կարելի: «Ժողովուրդը մի ամբողջություն է, բաժանիր նորան զանազան դասակարգերի ու մինը քան զմյուսը ավելի արտոնություն ունեցող, մինը ծառա և մյուսը տեր, ըստ դրական իրավանց ու օրինաց, նա այլևս չէ ժողովուրդ, չէ նա ժողով մարդոց, այլ գազաններից և անասուններից բաղկացած խառնիճաղանջ մի խումբ»:
Չպետք է կարծել, թե այս տողերի հեղինակը պատկերացում չունի հասարակության դասակարգային երկփեղկվածության մասին, անգիտանում է ստրուկի և տիրոջ խոր ներհակությունը: Նա հարցին մոտենում է ոչ թե «ըստ դրական իրավանց ու օրինաց», այլ հակադրվում է կաստայական անջրպետներ սահմանող ֆեոդալական այն մտայնությանը, ըստ որի` հասարակության յուրաքանչյուր խավ ունի իր գործունեության ի վերուստ սահմանված շրջանակները` որպես միայն իրեն վերապահված մենաշնորհ ու արտոնություն: Հասարակության դասային երկփեղկվածության ու անջրպետի ֆեոդալական կառուցվածքը Աղայանը համարում է հասարակության մտավոր զարգացման ստորին շրջանների արդյունք, երբ ժողովուրդը իր տհասության պատճառով սեփական ճակատագրի տնօրինումը հանձնում է առանձին անհատների ձեռքը, ինքը բռնում է կրավորական դիրք` կուրորեն ենթարկվելով իրեն հրամայողին: Նման պայմաններում ուժեղ անհատների կամքից ու քմահաճույքից են կախված առաջ կամ ետ գնալու հանգամանքները:
Եթե հասարակության ղեկը իր ձեռքը վերցրած անհատին ղեկավարում է սոսկ տիրելու, բոլորին իրեն ենթարկելու բռնակալական կիրքը, նա հեշտությամբ հասնում է իր նպատակին` հաճախ կասեցնելով ժողովրդի առաջընթացը: Ահա թե ինչու «աշխարհիս երևելի բռնակալները ամենայն կերպով ճնշել, տկարացրել են իրենց հպատակների մտավոր զարգացումը, որպեսզի նոքա աչք չբանան, ազատության ձգտողություն չզարթնի նոցա մեջ»: Իսկ եթե անհատը հրեական Մովսեսի պես մի «հայրենասեր, ազգասեր, անձնանվեր» ու առաքինի անձնավորություն է, նա ամեն ինչ անում է իր ժողովրդին վեր բարձրացնելու հետամնացությունից ու խավարից, նրան տալիս է օրենքներ ու իրավունք, մատնացույց անում այն ուղիները, որոնցով կարելի է թոթափել ստրկության կապանքները և դուրս գալ լուսավոր ափ:
Ժողովրդի մտավոր առաջընթացին նախանձախնդիր անհատները հաջողության են հասնում այն դեպքում միայն, երբ տվյալ ժողովուրդը նախապատրաստված է ընդունելու լավն ու առաջավորը, որովհետև դարեր շարունակ գտնվելով ստրկության կապանքների մեջ` նա այնքան է ընտելացել խավարին, որ ճշմարիտ լույսը տեսնել չի կարողանում: «Եթե մի ազգի մտավոր անդաստան նախապատրաստված չէ ընդունելու յուր մեջ բարի սերմեր, սերմանողը թող լինի Աստծո որդի, չի աճիլ, չի բեղմնավորվիլ նորա մեջ»: Այս տեսանկյունից մոտենալով մեր ժողովրդի մտավոր զարգացման աստիճանին` Աղայանը փորձում է վեր հանել նրա հետամնացության պատճառները, որպեսզի այն հաշվի առնելով` հնարավոր լինի կազմակերպել ազգային լուսավորությունն ու առաջընթացը: Նա գտնում է, որ մեր նախնիներից ժառանգել ենք միայն «տգիտություն, գերություն, ստրկություն, նախապաշարմունք և նմանատեսակ թշվառություն, որոնք հարկավոր են մի ազգ աշխարհիս երեսից անհետացնելու համար»: Աղայանը այդ վիճակի բազմաթիվ պատճառներից մեկն էլ համարում է այն հանգամանքը, որ միջնադարյան շատ ազգերի պես հայերս էլ «մինչ այժմ մեր հասարակական, հրապարակային, մտավոր հարաբերության մեջ ատել ենք այս աշխարհի կյանքը, «փուչ աշխարհ» ենք կոչել մեր կյանքը, և մինչև հիմա էլ այդ գաղափարաց ազդեցության տակ ամաչում ենք, ուժ չունենք աշխատել մեր մեջ այնպիսի հարստություններ և այնպիսի հասարակական հարաբերություններ մտցնել, որով երևի թե մենք ևս ձգտում ենք այս աշխարհի երեսին որքան կարելի է լիակատար կյանք ունենալ»: Իսկ այսպես է ստացվել, որովհետև մեր ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել աշխարհական ղեկավարներից, նրա ղեկավարությունը հանձնված է եղել հոգևորականությանը, որոնք նրանց ուշադրությունը շեղել են այս աշխարհի կյանքից, սերմանել ատելություն և արհամարհանք այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է աշխարհիկ կյանքին: Դարավոր այդ մտայնության ազդեցությունն այնքան ուժեղ է, որ չնայած հայերը այսօր հարաբերության մեջ են լուսավոր ազգերի հետ, դեռևս չեն կարողանում ժամանակի աներևույթ շարժման իմաստը ըմբռնել, հասարակական կյանքը գիտակցական հունի մեջ դնել: Մեր ժողովուրդը դեռևս զուրկ է ազգային մտածողությունից, չի ապրում ազգային կյանքով: Ազգային ու հասարակական կյանքի գլխավոր նախապայմանը քաղաքական ինքնուրույնության առկայությունն է, անկախ պետականությունը, որի գործուն միջամտությամբ հասարակական կյանքի բոլոր ինստիտուտները ի սպաս են դրվում համազգային խնդիրների կենսագործմանը, ամեն ինչ ծառայեցնում հասարակաց «բարօրությանն ու բախտավորությանը»: Հայ իրականության մեջ նման համաժողովրդական խնդիրներ իրականացնելը անհամեմատ դժվար է և առավել շատ ջանք ու աշխատանք է պահանջում «այն պարզ պատճառով, որ մենք այժմ քաղաքական ազգ չենք, որ հրամայենք, պատվիրենք, հարկադրենք. մենք բարոյական ազգ ենք, և մեր ամեն մի ազգային ձեռնարկությունը բարոյական պարտավորության, ազգասիրության և խղճմտանքի վրա է հիմնած: Մենք չենք կարող մեր լուսավորության համար հարկ դնել ժողովրդի վրա, չենք կարող ուսումնառությունը պարտավորիչ առնել ամենի համար, այլ միայն պիտի հորդորենք, աղաչենք, խնդրենք, թե սովորեցեք ձեր մայրենի լեզուն, թե դրա համար դուք սովորական արտոնություններից ոչ մինը ստանալու չեք…»:
Ժողովրդի` քաղաքական գոյավիճակի ու մտավոր զարգացման ներկա պայմանները նկատի ունենալով` Աղայանը դեռևս հույսեր չի կապում ազգի ընդհանրության հետ, որովհետև այդ ընդհանրությունը առայժմ ո՛չ գիտակցություն և ո՛չ էլ ինքնուրույնություն ունի իր առաջ կանգնած խնդիրները կենսագործելու: «Նա չի կարող իմանալ յուր ճշմարիտ օգուտն ու վնասը, այլ քաղաքական և բնական օրենքների ազդեցության տակ պիտի հետևի կուրորեն` չիմանալով ամենևին ո՛չ յուր իրավունքը և ո՛չ պարտականությունը»: Հետևապես, ժողովրդի մեջ առկա մտավոր առաջընթացի ձգտումը պետք է խթանվի ազգասեր, հեռատես, լուսամիտ անհատների կողմից, նրանք պետք է աշխատեն ընդհանուրի աչքերը բանալ և «նորան ինքնագործնեության մոտեցնել»` այդ նպատակին ծառայելով որը խոսքով, որը նյութական միջոցներով:
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
- ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է… ԶՈՐԱՎԱՐԸ
- ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ