ԱՐՏԱՇԵՍ ՊՈՂՈՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Գրախոս` ակադեմիկոս Սերգեյ Սարինյան
Խմբագիր` Ա.Ա.Հակոբջանյան
Դիտարկումների այս շարքը հասցեագրում ենք մատաղ սերնդին ոչ միայն նրանց կողմից գեղարվեստական արժեքների ընկալմանը նպաստած լինելու համար, այլև մերօրյա անկանխատեսելի վայրիվերումների լաբիրինթոսում հասարակական ճիշտ կողմնորոշում որդեգրելու, հայրենիքի ու ժողովրդի արժանի զավակներ դառնալու ակնկալիքով:
Այո՛, ուսումն ու կրթությունը մարդուն մարդ են դարձնում անկախ այն բանից, թե ինչ լեզվով է տրվում այն: Բայց կարևորներից կարևորը կրթությամբ հային հայ պահելն է, հային հայեցի դաստիարակելը, որը կարող է իրականանալ միայն մայրենի լեզվով և հայրենական մշակույթով:
Ա. Հակոբջանյան- «Դասական ավանդներին հավատարիմ»
Ժողովածուի հոդվածներն ու ուսումնասիրությունները տպագիր և անտիպ էջեր են տարիների ընթացքում հեղինակի կատարած գիտափորձերից: Այստեղ պատմական ու բնագրագիտական դիտարկումներ են` հիմնականում բանավիճական անդրադարձներով, ապա նաև գրաբանական հորինվածքներ դասական ու ժամանակակից գրական երևույթների վերաբերյալ` ժամանակների ընկալմամբ, բնագրերի դիդակտիկ ընթերցմամբ և սոցիալական համարժեքների բացահայտմամբ` Ղ. Աղայան, Նար-Դոս, Դեմրիճյան, Զորյան և ուրիշներ:
Առավել ուշագրավ են պատմական ու բանասիրական բնույթի ուսումնասիրությունները, որոնք փաստերի յուրովի համադրությամբ հակված են այս կամ այն վարկածի վերստուգմանը:
Ա.Հակոբջանյանի «Դասական ավանդներին հավատարիմ» ժողովածուն արժանի է տպագրության:
20.06.2008 Ս. Սարինյան
Արտաշես Հակոբջանյան
ԴԱՍԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ: Ուսումնաօժանդակ ձեռնարկ/ Խմբ. Ա. Հակոբջանյան.- Եր.: Էդիթ Պրինտ, 2012.- 228 էջ:
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մեր ուսումնատենչ պատանիներին ներկայացվող սույն աշխատանքն ստեղծվել է խորհրդային տարիներին, նրա հիմնական մասը 1988թ. մտել էր ուսմանկհրատի խմբագրական պլանների մեջ և ենթադրվում էր, որ կհրատարակվի 1989 թվականին որպես բուհերի նախապատրաստական բաժանմունքների սովորողներին տրվող լրացուցիչ գիտելիք: Մենք դժգոհ էինք գործող դասագրքերում տեղ գտած գրական շատ հուշարձանների վերլուծություններից: Շատ դեպքերում նյութը ներկայացվում էր մակերեսորեն` առանց բավարար չափով խորանալու ստեղծագործության պատմահասարակական ու գրական-գեղարվեստական յուրահատկությունների բացահայտման հարցերում:
Ելնելով մեր օրերի ուսուցման համակարգի վիճակից` մենք դպրոցական ուսումնական ծրագրերում առկա ստեղծագործությունների հետ միաժամանակ տեղ ենք տալիս նաև ոչ ծրագրային նյութերի, որոնք իրենց հեռվից այսօր խիստ արդիական նշանակություն ունեն. այդ կարգի տեղեկատվությունը կարևոր է մատաղ սերնդի աշխարհայացքի ձևավորմանը նպաստելու առումով:
Այսօր մեր լեզուն և մշակույթը կանգնած են ծանր մարտահրավերների առջև: Երեկ ցարիզմն էր կապարյա ծանրությամբ ճնշողը` պարտադրելով ռուսերենը, այսօր տեղը կանգնել է անգլերենը: Իսկ եթե հաշվի առնենք նաև, թե ինչպես են ստուգում մեր սովորողների գիտելիքներն ըստ բոլոնյան համակարգի, պատկերը կամբողջանա: Ահա թե ինչու մենք անհրաժեշտաբար ներկայացնում ենք Ղազարոս Աղայանի լուսավորական ծրագիրն ու «Թեմական տեսուչը» վիպակը, մատաղ սերնդին մատնացույց անում, թե մեր պապերը ինչպիսի վճռականությամբ էին պաշտպանում մեր լեզուն ու մշակույթը, ինչպես էին մաքառում դրսից իջնող պարտադրանքների դեմ: Օտարալեզու դպրոցներն Աղայանն իրավացիորեն որակում էր ապականության որջեր, որտեղ հակակրթում էին հայ մանուկներին: Հակադրվելով իշխող այդ քաղաքականությանը` Աղայանը պայքարում էր հայ մանուկին հայեցի կրթություն տալու նշանաբանով:
Համանման նպատակ ունեն նաև ոչ ծրագրային մյուս նյութերը: Սահմանափակ թվով այդ դիտարկումները կարող են ինչ-որ չափով նպաստել սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, հասարակական կյանքում նրանց կողմնորոշմանը:
Հեղինակ
Տես՝
1. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ԵՎ ՆՐԱ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2․ ՑԱՐԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊՈՒՄ
3. ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ՀԱԶԱՐԱՓԵՇԵՆ» ՍԱՏԻՐԱՊՈԵՄԸ
4. Մ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԱԶԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ