«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ԵՎ ՆՐԱ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սը հայ ժո­ղովր­դի ստեղ­ծած բա­նա­վոր հա­րուստ ժա­ռան­գու­թյան ամե­նա­փայ­լուն ար­տա­հայ­տութ­յունն է, գե­ղար­վես­տա­կան մի հո­յա­կապ կո­թող, ո­րը դուրս է եկել մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ և կանգ­նել հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող ստեղծագործութ­յուն­նե­րի կող­քին:

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ԵՎ ՆՐԱ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ David of Sassoun

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» David of Sassoun

Ձ­ևա­վոր­վե­լով 8-10-րդ ­դա­րե­րում, երբ մեր ժո­ղո­վուր­դը հաղ­թա­կան պայ­քար էր մղում ա­րա­բա­կան նվա­ճող­նե­րի դեմ, է­պո­սը բա­նա­վոր կեր­պով փո­խանց­վել է սերն­դից սե­րունդ, տա­րած­վել Հա­յաս­տա­նի տար­բեր գավառներում և բազ­մա­թիվ պա­տում­նե­րով հա­սել մինչև մեր օ­րե­րը: Իր հա­զա­րամ­յա բա­նա­վոր գո­յութ­յան ընթացքում է­պո­սը հղկվել, բյու­րե­ղա­ցել է ժո­ղովր­դա­կան ասա­ցող­նե­րի կող­մից, ձեռք բե­րել գա­ղա­փա­րա­կան հարուստ բո­վան­դա­կութ­յուն, դար­ձել մեր ժողովր­դի ոգու, կյան­քի ու պատ­կե­րա­ցում­նե­րի գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­վո­րու­մը:

Է­պո­սի գրա­վոր կյանքն սկսվեց 1874 թվա­կա­նից, երբ հայ մշա­կույ­թի ա­կա­նա­վոր ներ­­կա­յացուցիչ Գա­րե­գին Սրվանձտ­յա­նը հայտ­նա­գոր­ծեց այն: Է­պո­սի նկատ­մամբ հա­րա­ճուն հետաքրք­րա­սի­րութ­յու­նը հան­գեց այն բա­նին, որ հա­յա­գի­տութ­յան մեջ ստեղծ­վեց մի ինք­նու­րույն բնա­գա­վառ՝ է­պո­սա­գի­տութ­յուն:

Դեռևս 1939 թվա­կա­նին՝ «Սա­սուն­ցի Դավ­թի» ստեղծ­ման հա­զա­րամ­յա հո­բել­յա­նի ա­ռի­թով, մեր բա­նա­հա­վաք­նե­րի ու բա­նա­գետ­նե­րի ջան­քե­րով գրի առն­ված շուրջ վաթ­սուն տարբերակնե­րի հի­ման վրա ստեղծ­վեց է­պո­սի հա­մա­հա­վաք տեքս­տը: Սա­կայն պրպտում­ներն ու ո­րո­նում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին ու շա­րու­նակ­վում են: Այ­սօր հրա­պա­րա­կի վրա գտնվող հար­յու­րից ա­վե­լի տար­բե­րակ­նե­րի առ­կա­յութ­յու­նը հա­սու­նաց­րել է է­պո­սի նոր հա­մա­հա­վաք տեքս­տի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Դա հնա­րա­վո­րու­­թ­­յուն կտա է­պո­սը հարս­տաց­նել նոր գծերով ու հատ­կա­նիշ­նե­րով, որ առ­կա են վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րին հայտ­նա­բեր­ված տար­բե­րակ­նե­րում:

Հայտ­նի է, որ հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող է­պոս­նե­րից շա­տե­րը հիմ­նա­կա­նում գրավոր մշակ­ման ճա­նա­պար­հով են հա­սել մեզ: Դա ինք­նին ենթադ­րում է, որ այդ է­պոս­նե­րը, ինչ­քան էլ, ա­սենք, հա­րա­զատ են մնա­ցել ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թ­­յան ո­գուն և էութ­յանը, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ի­րենց վրա կրում են ան­հա­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան կնի­քը: Այդ մա­սին են վկա­յում Հո­մե­րո­սի «Ի­լիա­կա­նից» ու «Ո­դի­սա­կա­նից» մինչև Թու­ման­յա­նի «Սա­սունցի Դա­վիթ» պոե­մը:

Մեր է­պո­սը մեզ է հա­սել ա­նա­ղարտ վի­ճա­կում, ա­ռանց անց­նե­լու ան­հա­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան բո­վով, ո­րով ա­վե­լի է բարձ­րա­նում նրա ար­ժե­քը որ­պես բուն ժո­ղո­վրդա­կան մտա­ծե­լա­կեր­պի ար­տա­հայ­տութ­յուն: Եվ ե­թե այ­սօր խոսք է բաց­վում «Սա­սուն­ցի Դավ­թի» հար­յու­րամ­յա գրա­վոր կյան­քի մա­սին, դրա տակ հաս­կա­նում ենք ժո­ղովր­դի կեն­դա­նի խոս­քից կատար­ված ստու­գա­պա­տում գրա­ռում­նե­րը միայն: Ժո­ղովր­դի ա­նա­ղարտ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն լի­նե­լու հան­գա­ման­քը մեր է­պո­սի յու­րա­հա­տուկ ու տար­բե­րա­կիչ գծե­րից մեկն է:

«Սա­սուն­ցի Դա­վի­թը» ստեղծ­վել է մի այն­պի­սի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ մեր ժո­ղո­վուր­դը թևա­կո­խել էր հա­սուն ֆեո­դա­լիզ­մի և քրիս­տո­նեա­կան հա­վա­տի տի­րա­պե­տու­թ­­յան դա­րաշրջա­նը, պավ­լիկ­յան ու թոնդ­րակ­յան շար­ժում­նե­րի ձ­ևով պայ­քար ծա­վա­լել՝ վե­րաց­նե­լու իրեն կե­ղե­քող շա­հա­գոր­ծումն ու սո­ցիա­լա­կան ա­նար­դա­րութ­յուն­նե­րը: Դրա­նով պետք է բացատ­րել այն հան­գա­ման­քը, որ է­պո­սում դի­ցա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի հա­մե­մա­տութ­յամբ ա­ռա­վել մեծ տեղ են գրա­վում ի­րա­կան, պատ­մա­կան ե­ղե­լութ­յուն­նե­րի գե­ղար­վես­տա­կան ընդ­հան­րա­ցում­նե­րը, երևույթ­նե­րի խոր ու ճշմար­տա­ցի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը: Ստեղ­ծա­գոր­ծող ժո­ղո­վուր­դը մի հան­ճա­րեղ ամ­բող­ջա­կա­նութ­յամբ է­պո­սում սին­թե­զել է բո­լոր այն նվա­ճում­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը, որ ստեղ­ծել է նա­խա­պատ­մա­կան ժա­մա­նակ­նե­րից սկսած, փայ­լուն դրվա­գում­նե­րով մարմ­նա­վո­րել իր հա­զա­րամ­յակ­նե­րի փորձն ու ի­մաս­տութ­յու­նը, բնութ­յան և հա­սա­րա­կա­կան կյան­քի երևույթ­նե­րի, գե­ղե­ցի­կի ու վսե­մի, մարդ­կա­յի­նի ու ար­դա­րութ­յան նկատ­մամբ ու­նե­ցած ըմբռ­նում­նե­րը, գա­ղա­փա­րա­կան զենք է դարձ­րել այն ամեն լավն ու հա­մա­մարդ­կա­յի­նը, որ կազ­մում է ա­մեն մի ժո­ղովր­դի հոգևոր գո­յութ­յան հիմ­քը: Եվ այդ ա­մե­նը՝ ձուլ­ված օ­տար նվա­ճող­նե­րի դեմ մեր նախ­նի­նե­րի դա­րա­վոր պայ­քա­րի ու մա­քա­ռում­նե­րի հե­րո­սա­կան դրվագ­նե­րին, դրված պատ­մա­կան ո­րո­շա­կի հո­ղի վրա, հագց­րած պատ­մա­կա­նութ­յան զգեստ: Ինչ­քան էլ հե­րոս­նե­րի մի զգա­լի մա­սը բնութ­յան երևույթ­նե­րի մարմ­նա­վո­րում է և անդ­րա­դարձ­նում է ժո­ղովր­դի դի­ցա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը, է­պո­սը խո­րա­պես պատ­մա­կան, պատ­մա­կա­նութ­յան մեջ հա­մա­պար­փակ մի ե­զա­կի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է:

Ի­հար­կե, պատ­մա­կա­նութ­յուն ա­սե­լով պետք է հաս­կա­նալ ոչ թե որ­պես ժա­մա­նա­կա­գրա­կան հա­ջոր­դա­կա­նութ­յան տրա­մա­բա­նութ­յամբ զար­գա­ցող ի­րա­կա­նութ­յու­նը, այլ պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ար­ձա­գան­քը, մի ար­ձա­գանք, ո­րը է­պո­սում ստա­նում է պատ­մութ­յու­նից միան­գա­մայն տար­բեր ժա­մա­նա­կագ­րութ­յուն՝ իր ետևա­ռա­ջութ­յամբ, ստեղ­ծա­գոր­ծութ­յան ընդ­հա­նուր կա­ռուց­ված­քի մեջ իր «բնա­կան» տե­ղը կանգ­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յամբ: Այն­պես որ, զար­մա­նա­լի չէ, երբ, ա­սենք, մայ­րիշ­խա­նութ­յան կամ տոհ­մա­տի­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նին հա­տուկ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և ըմբռ­նում­նե­րի ենք հան­դի­պում նույ­նիսկ է­պո­սի վեր­ջին ճյու­ղում, երբ ժո­ղո­վուր­դը պատ­կե­րում է ար­դեն ներ­քին հարս­տա­հա­րիչ­նե­րի՝ ֆեո­դալ­նե­րի ու ե­կե­ղե­ցա­կա­նութ­յան դեմ իր պայ­քա­րը:

Այս տե­սա­կե­տից խիստ ու­շագ­րավ են է­պո­սի շատ հե­րոս­ներ՝ ի­րենց պատ­մա­կան հիմ­քով և բնա­կան ու տիե­զե­րա­կան երևույթ­նե­րը մարմ­նա­վո­րող հատ­կա­նիշ­նե­րով: Այս­պես: Է­պոսն սկսվում է 10-րդ ­դա­րի պատ­մա­կան գոր­ծիչ Գա­գիկ թա­գա­վո­րի ան­վան հի­շա­տա­կութ­յամբ: Գա­գի­կի թոռ­ներ են ներ­կա­յաց­վում Սա­նա­սարն ու Բաղ­դա­սա­րը, ո­րոնք, սա­կայն, ա­սո­րա­կան Սե­նե­քե­րիմ թա­գա­վո­րի որ­դի­ներն են և մ.թ.ա. 681 թվա­կա­նին ապս­տամ­բել են ի­րենց հոր դեմ, սպա­նել նրան, բայց գա­հին տի­րա­ցած Ա­սուր­բանդ եղ­բոր հաշ­վե­հար­դա­րից խու­սա­փե­լով՝ հասել են Սա­սու­նի լեռ­նե­րը, բնա­կութ­յուն հաս­տա­տել այն­տեղ: Ժո­ղո­վուրդն իր հի­շո­ղութ­յան ծալքե­րում ա­մուր պա­հել է պատ­մա­կան ի­րա­կա­նու­թյու­նը և կի­սա­պատ­մա­կան, կի­սա­մի­ֆո­լո­գիա­կան գու­նա­վո­րու­մով ներ­կա­յաց­րել է­պո­սում: Դի­տարկ­վել է նաև, որ Առ­յու­ծաձև Մհե­րի Մսըր գնա­լու և Մսրա գա­հը ա­մուր պա­հե­լու մեջ ար­ձա­գանք են գտել 12-րդ ­դա­րի երկ­րորդ կե­սի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, երբ Պահ­լա­վու­նի իշ­խան­նե­րի գլխա­վո­րած հայ­կա­կան զոր­քը 30-ամ­յա մի ժա­մա­նա­կա­շրջա­նում դար­ձել է Ե­գիպ­տո­սի Ֆա­թիմ­յան տի­րա­կալ­նե­րի նե­ցու­կը՝ հաս­նե­լով մեծա­մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի: Են­թադր­վում է, որ Մհե­րը այդ­տեղ էլ պետք է առ­յուծ ձ­ևեր, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում առ­յուծ չի ե­ղել: Ստաց­վում է, որ պատ­մա­կան ստույգ ժա­մա­նա­կագ­րու­թ­­յու­նը նկա­տի առ­նե­լու դեպ­քում պա­պը՝ Գա­գիկ թա­գա­վո­րը, իր թոռ­նե­րից փոքր է շուրջ 17 դարով, իսկ Մեծ Մհե­րի ու իր հոր ա­րան­քում եր­կու հա­զար տա­րուց ա­վե­լի ժա­մա­նա­կա­հատված կա:

Սակայն այստեղ էպոսի ժանրային յուրահատկության տեսակետից ոչ մի տարօրինակություն չկա: Պատմական ժամանակաշրջանների այսպիսի հսկայական անախրոնիզմները միջոց են եղել, որ ժողովուրդը հազարամ-յակների իր պայքարն ու մաքառումները, իր ձգտումներն ու երազանքները տեղադրի արաբական նվաճողների դեմ պայքարի ու հաղթանակի պատ-մական հողի վրա, բովանդակավորի այն: Եվ քանի որ այդ պայքարը համազգային-համաժողովրդական է՝ ծավալված սեփական ազատությունը պաշտպանելու անհրաժեշտության թելադրանքով, Սասնա դյուցազունները արա-բական նվաճողների դեմ հանած իրենց Թուր Կեծակին շողացնում են հայ ժողովրդի բոլոր ոսոխների գլխին՝ սկսած նախապատմական ժամանակներից մինչև Աջմու Շապուհ և Բապ Ֆրենկը, որոնց անուններում իր արձա-գանքն է գտել պարսկական տիրակալների ու խաչակիրների դեմ մղած պայքարը:
Էպոսի գաղափարական բովանդակության հիմնական առանցքը հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունն է, որն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել Սասնա դյուցազունների չորս սերունդների կերպարներում: Սասնա դյուցազունները, իրենց մարդկային բնավորության անհատական գծերով հանդերձ, միաժամանակ ստեղծագործող ժողովրդի լավագույն ձգտումների, ցանկությունների և երազանքների մարմնավորումն են և բնու-թագրվում են հայրենիքին ու ժողովրդին անձնուրաց ու անմնացորդ նվիրվածությամբ: Սանասարն ու Բաղդասարը, հիմնադրելով Սասնա բերդը, ապահովում են ժողովրդի անվտանգությունն ու քրտնաթոր աշխատանքի անձեռնմխելիությունը: Նրանք, ինչպես նաև նրանց հետնորդները, իրենց գերմարդկային ուժն օգտագործում են ոչ թե սեփական փառք ու իշխանություն ձեռք բերելու նպատակով, այլ ի սպաս են դնում ժողովրդի բարօրությանն ու ազատ կյանքին: Բնութագրական է, որ Սանասարն ու Բաղդասարը առաջին հերթին Սասուն եկած աղքատների համար են տներ կառուցում, հետո՝ իրենց համար ամրոց: Մեծ Մհերը երկար ժամանակ սասունցիներին պահում է որսով: Դևերին սպանելուց հետո Դավիթը նրանց հափշտակած ոսկին բաժանում է ժողովրդին, ինքը բավարարվում միայն մի ձիով: Իսկ երբ հայրենիքի վրա կախվում է արտաքին վտանգը, նրանք առանց հապաղման դուրս են գալիս այն վերացնելու վճռականությամբ:
Ժողովրդասիրության ու հայրենասիրության փայլուն օրինակ է տալիս Առյուծաձև Մհերը: Իմանալով, որ երդմնազանց լինելու դեպքում ինքն ու կինը պետք է մահանան, նա դիմում է այդ քայլին, որպեսզի իրենից հետո Սա-սունն անտեր ու անպաշտպան չմնա:

Աստված թող մեկ տըղա տա մեզ,
Էրթա Մելիքի օձիք բռնի,
Թող չը հանգչի Սասնա ճրագ,
Աստըծու զառ գել չի ուտի:
Որ մենք կանք մեր աշխըրքին-տի մեռնենք.
Համա որ մենք մեռնենք,
Մեր տղա մեր տեղ սաղ ըլի՝
Մենք էլ սաղ տի հիշվենք:
Մեր տան անուն չի կորսվի,-

այս խոր համոզմունքով է Մհերը դիմում անձնազոհության:
Օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը, սակայն, իր ամբողջական ու փայլուն արտահայտությունն է գտել էպոսի երրորդ ճյուղում՝ Սասունցի Դավթի կերպարի միջոցով: Մսրա Մելիքն ամեն ինչ անում է Սասնա ճրագը մարելու, Սասունը հափշտակելու համար: Բայց միշտ էլ նրա դեմ դուրս է գալիս ժողովրդի սիրելի զավակը՝ Դավիթը, խափանում օտար բռնակալի բոլոր դիտավորությունները: Ժողովուրդը աշխատավորի արդար զայրույթով ու սպանիչ ծաղրով է ներկայացնում բռնակալ Մելիքին ու նրա կամակատարներին, իսկ սիրելի հերոսի սխրագործությունները պատկերելիս ազատություն է տալիս իր երևակայությանը, հիպերբոլիկ պատկերներով պանծացնում նրան: Մանուկ Դավիթը չի անցնում բռնակալի թրի տակով: Փորձում են զոռով տանել, բայց ճկույթը դիպչում է քարին, և քարից կրակ է ելնում: Դավիթը այնպես է կոտը խփում հարկահան Կոզբադնի գլխին, որ կոտի փշրանքները մինչև օրս էլ թռչում են: Եվ, վերջապես, Դավիթը մի զարկով կտրում է քառասուն ջրաղացքար, քառասուն գոմեշի կաշի, Մելիքին կիսում երկու հավասար մասի և այնպես կիսում, որ Մելիքը զարկի ուժգնությունից չի զգում իր կիսվելը: Ավելին: Եթե հրեշտակը իր թևը դեմ չառներ Դավթի թրին, ապա կպատռվեր նաև դժոխքի սև ջուրը, և երկիրը կկործանվեր: Նվաճողի ու բռնակալի նկատմամբ այսպիսի հետևողական վճռականություն կարող է ցուցաբերել միայն այն ժողովրդի երևակայությունը, որը հազարամյակներ շարունակ անհավասար մաքառումների մեջ է եղել սեփական գոյության իրավունքը հաստատելու համար:
Էպոսում իր արտացոլումն է գտել նաև ժողովրդի դարավոր երազանքը սոցիալական արդարությամբ առաջնորդվող հասարակության մասին: Ըստ էպոսի՝ Սասունը այն երկիրն է, ուր չկա մարդու շահագործում մարդու կողմից, ուր ամեն ոք կարող է յուրացնել միայն իր աշխատանքի արդյունքը: Բնորոշ է, որ երբ աշխատավոր մարդիկ լսում են, որ Սասունում ո՛չ հարկ են վերցնում, ո՛չ տուրք, բոլոր կողմերից գալիս և Սասունը բազմամարդ քաղաք են դարձնում:

«Ըհը՛, էն աստված, մենք կ ՛ երթանք էդա Սասուն,
Որ Սանասարի, Բաղդասարի պես՝
Էրկու զորեղ փահլևան կա.
Որ այդ տեղի մարդոց ո՛չ հարկ կ’առնեն, ո՛չ տուրք,
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»:
Շատացա՜վ, մե՜ծ քաղաք եղավ Սասուն:

Ժողովուրդը էպոսում հետևողականորեն զարգացնում է իրեն կեղեքող սոցիալական մեծ չարիքի՝ հարկահանության դեմ պայքարի գաղափարը: Մեծ Մհերը վերացնում է Մսրա Մելիքի դրած հարկը, Դավիթը պատուհասում է հարկահաններին, Փոքր Մհերը սպանում է արևմուտքի թագավորին և Գոհարի հոր երկիրը ազատում հարկ վճարելու հարկադրանքից: Նման մի շարք տեսարաններով էպոսը ձեռք է բերում սոցիալական խոր բովանդակություն, դառնում հակաֆեոդալական-հակաեկեղեցական ուղղվածություն ունեցող ստեղծագործություն: Պատահական չէ, որ Սասնա դյուցազունների դեմ թշնամակամ դիրք են բռնում ոչ միայն օտար նվաճողները, այլ հաճախ նաև տանու շահագործողները, որոնք կցանկանային ոչնչացնել նրանց, եթե ուժները պատեր: Հիշենք հարիսայի միջադեպը, երբ
Մարդու մեկ բոռբոռաց.

— Էլե՜ք, զարկե՛ք Դավթին,
Հարիսեն ձեռքեն խլե՛ք:
Ծերունի մարդ մ ՛ էլ էնտեղ ասաց.
— Էն Մհերի զարմից է, մ’էրթաք:
Թե որ կարցաք էն չորս ունկանի պղինձ
Չորսով տեղից վերուք՝ գնացեք,
Թե չէ, մ ՛ էրթաք, չէ՞ դուք խե՜ղճ եք…

Մատղավանքի վանահայրը գործակցում է օտար զավթիչների հետ Սասնա դյուցազուններին՝ Փոքր Մհերին, Ձենով Օհանին, Քեռի Թորոսին ոչնչացնելու համար: Վերջապես, Ոստանա իշխանը թակարդ է լարում, որ Փոքր Մհերին ու նրա ձիուն բռնի: Արտաքին ու ներքին կեղեքիչների դեմ դարավոր պայքարի փորձը ժողովրդին բարձրացրել է շահագործողներին ոչնչացնելու, իշխողներին ժողովրդի ներկայացուցիչով փոխարինելու գիտակցության մակարդակին, որը գեղարվեստական մարմնավորում է ստացել Բապը Ֆրենկին ու նրա մերձավորներին սպանելու և իշխանությունը փոքրավորներին հանձնելու պատկերում:
Էպոսում դրսևորվել է նաև ժողովրդի խորշանքը ուրիշի սեփականությունը յուրացնելու նկատմամբ: Սասնա դյուցազունները ոչնչացնում են կողոպտիչներին, նրանց կողոպուտը վերադարձնում իրենց տերերին՝ ժողովրդին, և բավարարվում դրանով: Նրանցից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նույնիսկ պարտված թշնամու ունեցվածքին ձեռք տալ: Մսրա Մելիքը հսկայական զորքով եկել էր Սասուն՝ թալանելու, ժողովրդին գերելու, Սասունը ավերելու վճռականությամբ: Իսկ ի՞նչ է անում հաղթող Դավիթը: Բռնակալին սպանելուց հետո զորքին ազատ է արձակում, իսկ ինքը Քեռի Թորոսի կտրիճների հետ վերադառնում Սասուն՝ մի սայլի վրա դրած տանելով Մելիքի ականջը՝ որպես նրա ոչնչացման ապացույց, և ոչ թե ռազմական ավար:
Ժողովրդի իդեալները մարմնավորող դյուցազունները անտարբերությամբ և արհամարհանքով են վերաբերվում իշխանական դիրքին ու թագավորական գահերին: Նրանցից յուրաքանչյուրը կանգնում է թագավոր դառնալու հնարավության առաջ, նույնիսկ բոլորին առաջարկվում է այդ, սակայն բոլորն էլ մերժում են նման հնարավորությունը: «Ո՛չ թագավոր կ’ըլնեմ, ո՛չ -քաղքի տեր կ’ըլնեմ»,- այս սկզբունքով են առաջնորդվում նրանք՝ չցանկանալով իրենց ազնիվ ճակատը սևացնել ոսկեհուռ թագերի փայլով: Սասնա դյուցազունները պայքարում են ժողովրդի ներքնախավերի շահերի համար՝ համոզված, որ ոչ մի թագավոր կամ իշխան չի կարող նույնիսկ անցնել իրենց դիակի վրայով.

Բա մենք Սասնա տնեն չե՞նք,
ՉԷ, մենք Սասնա տնեն ենք,
Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա:

Էպոսն ստեղծող ժողովուրդն իր լավագույն իդեալները մարմնավորել է ոչ միայն Սասնա դյուցազունների միջոցով, այլև դրանց կրողներ է դարձրել կին հերոսներին: Նրանք ևս օժտված են դյուցազնական հատկանիշներով, հայրենասիրությամբ ու ժողովրդասիրությամբ, արժանապատվության բարձր զգացումով ու բնավորության ուժեղ գծերով: Եվ այդ ամենը՝ շաղախված այն անմնացորդ սիրով ու ջերմ հոգատարությամբ, որ տածում են իրենց սիրելիների նկատմամբ:
Անմոռանալի է Ծովինարի անձնազոհությունը, որով փաստորեն սկսվում է էպոսը: Միայն ճշմարիտ հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունը կարող են թելադրել նրաընտրությունը:

Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերվի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին:

Մհերի մահվանից հետո Դեղձուն Ծամը յոթ դռների հետև սուգ է պահում մինչև այն պահը, երբ Դավիթը գնում է Մելիքի դեմ կռվելու: Ինչպիսի խոր սիրով ու ջերմությամբ է հնչում քսան տարվա սգից դուրս եկած տատի խոսքը Քուռկիկ Ջալալիին:

-Քուռկի՛կ Ջալալի, մեռնե՛մ քե, մուրա՜զ…
Իմ Դավիթ հե՛ր չունի՝ անե՛ս հերություն,
Իմ Դավիթ աղբե՛ր չունի՝ անե՛ս աղբերություն:
… Քուռկիկ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ:

Հայրենիքի նկատմամբ նույնպիսի պատասխանատվության զգացումով են օժտված նաև էպոսի մյուս կանայք: Սանասարի մահից հետո Դեղձուն Ծամը հագնում է ամուսնու զենքն ու զրահը և պաշտպան կանգնում Սասու-նին: Արմաղանը երդվում է քառասուն տարի Մհերին չընդունել իր մոտ ոչ թե սովորական կանացիական խանդի հողի վրա, այլ կանխազգալով Իսմիլ Խանումի նենգությունը: Չէ՞որ արտատեր պառավն էլ է ժամանակին Մհերի յարը եղել, և Արմաղանը դրանից իրեն նվաստացած չի զգացել: Արտատեր պառավը արթուն պահակի պես հետևում է սիրելի հերոսի գործողություններին՝ նպատակասլաց հունի մեջ պահելու այն: Ոչ թե սերը, այլ սեփական երկրի շահն է թելադրում Իսմիլ Խանումին՝ իր գոտին ու լաչակը Մհերին ուղարկելու կամ նենգությամբ նրանից զավակ ունենալու: Նույն շահի թելադրանքով նա դիմում է ավելի քստմնելի քայլի. հարազատ որդու դիակի առաջ առաջարկում է Դավթին՝ տեր կանգնել նրա կնոջն ու երկրին:
Էպոսի կանայք ինքնուրույն են ու նախաձեռնող, համարձակությամբ ու խիզախությամբ չեն զիջում տղամարդկանց, մեծ մասամբ իրենց են վերապահում ընտրություն կատարելու իրավունքը: Խանդութն ու Գոհարը մենամարտում են իրենց փեսացուների հետ՝ նրանց ուժը ստուգելու համար: Չնայած Դավթի տածած սերը Խանդութին ստիպում է ոտաբոբիկ վազել նրա հետևից, բայց այդ հանգամանքը չի բեկանում նրա որոշումը՝ ամուսնանալ այն տղամարդու հետ, որը կկարողանա մենամարտում իրեն հաղթել: Մի ավելորդ համբույր այնպես է վիրավորում Խանդութի արժանապատվությունը, որ ուժգին հարվածում է սիրած տղամարդուն և ասում.

— Դու քոր հոր կտրիճն ես, ես՝ իմ:

Միջնադարյան խավարի պայմաններում, երբ ֆեոդալական-եկեղեցական աշխարհայեցողությունը մերժելով մերժում էր հասարակության մի հա-վասար կեսին՝ կնոջը, նրան ներկայացնում որպես մարդկային ցեղի բոլոր մեղքերի նախապատճառ, երբ կնոջ դերը սահմանափակվում էր ննջասենյակի պատերով, ժողովուրդը այդ ռեակցիոն մոտեցմանը հակադրում է իր առողջ ու ճշմարիտ դիրքորոշումը՝ կնոջը վերապահելով ոչ միայն տղամար-դուն հավասար իրավունքներ, այլև հավասար պարտականություններ հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ: Սոցիալական արդարության, կնոջ ու տղամարդու հավասարության այս լուսավոր հայացքները ժողովուրդը էպոս է մուծել ֆեոդալական լծի դեմ ծավալած իր պայքարի փորձից:
Իր ատելության ու զայրույթի խոսքն ուղղելով ամեն կարգի բռնակալների ու կեղեքիչների դեմ՝ ժողովուրդը, սակայն, հարգանքով է արտահայտ-վում օտար ժողովուրդների նկատմամբ՝ տեսնելով, որ նրանք ևս կեղեքվում են նույն բռնակալների լծի տակ: Էպոսում գիտակցված հետևողականությամբ ներկայացվում է այն տեսակետը, որ ժողովուրդները իրար նկատմամբ թշնամանք չունեն, թշնամություն հրահրողները իշխողներն են: Այդ ճշմարտությունը հավասարապես հասկանում են և՛ սասունցիները, և՛ արաբները: Ուշագրավ է, որ Մսրա Մելիքի նկրտումների դեմ առաջինը հանդես են գալիս հենց նրա հպատակները: Մսրա կանայք սպանիչ ծաղրի են ենթարկում թալանի ծարավով բռնված Կոզբադնին: Մսրա Մելիքի հարկադրանքով պատերազմի դաշտ դուրս եկած յոթ տղայի տեր արաբ ծերունին փոխում է

Դավթի հարվածի ուղղությունը:
Աղքատ ու խեղճ մարդ են էդոնք.
… Մըսրա Մելիքն է զոռով բռնե, բերե,
Մըսրա Մելիքն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա:

Ահա թե ինչու Սասնա դյուցազունները պայքարում են ոչ միայն հայ ժո-ղովրդի, այլև ընդհանրապես ժողովուրդների խաղաղ ու երջանիկ կյանքի համար: Դա խաղաղության պայքարն է պատերազմի դեմ, կառուցման պայքարը՝ ավերումի դեմ, արդարության պայքարը՝ ամեն կարգի անարդարության դեմ:
«Սասունցի Դավիթ» էպոսը եզակի է ոչ միայն գաղափարական բովանդակության տարողունակությամբ, այլև կերպարների հարուստ պատկերասրահով:
«Սասունցի Դավիթ» էպոսում ժողովուրդը ստեղծել է կերպարների երկու շարք՝ զուտ երկրային կերպարներ և հերոսներ: Երկրային կերպարներն են էպոսում հիշատակվող թագավորներն ու իշխանները, որոնց մի զգալի մասը նույնիսկ անուն չունեն և հիշատակվում են տեղանուններով: Հեքիաթային հիմքի վրա դրված պատմական այդ գործիչներից համեմատաբար լիարյուն ու ամբողջական են Գագիկ թագավորն ու Բաղդադի խալիֆը, իսկ մյուսները՝ Մուշեղ, Թևաթորոս, Պաճիկ ու Հալեպի թագավորները, Արզրումի ամիրան, Գորգիկ իշխանը, Աջմու Շապուհն ու Բապը Ֆրենկը և ուրիշներ, ներկայացվում են թռուցիկ և աղոտ գծերով, իրենց կարողությունների սահմանափակությամբ՝ զուրկ հերոսական մեծագործություններից: Նույնիսկ Պղնձե քաղաքի թագավորը, որը հորջորջվում է Քաջանց թագավոր պատվանունով, որի երկիրը ամբողջովին կախարդված է, հանդես է գալիս որպես սովորական մի մահկանացու, որը միայն պայմաններ է ներկայացնում Սանասարին և պատրաստ է սեփական թագավորությունը ահի ազդեցության տակ զիջելու նրան, բայց չի հանդգնում Սանասարին հետապնդելու դուրս եկած կտրիճների գլուխ կանգնել: Նրա ուժն ամփոփված է վաթսուն գոմշանման փահլևանների ու ռազմունակ զինվորների մեջ:
Գեղարվեստական այլ սկզբունքներով են կերտված հերոսների կերպարները: Նախ և առաջ նրանք սովորական մարդիկ չեն, այլ ծնվել են կենարար ջրից, իրենց մեջ մարմնավորում են տիեզերքի և բնության ամենազոր ուժը: Կաթնաղբյուրը, որ մերթ տեղադրվում է ծովի հատակում, մերթ՝ բարձրաբերձ լեռան կատարին՝ Մարութկա անունով, բնության տարերքի, հետագայում նաև ժողովրդի ու հայրենիքի հավաքական ուժի խտացումն է, որը դառնում է Սասնա դյուցազունների ամենազորության սնուցիչն ու ամուր պատվանդանը:
Էպոսի հերոսների կերպարները ուշագրավ են նաև մի այլ կողմից: Ժողովուրդը նրանց երկնքից աստիճանաբար իջեցնում է երկիր, ամեն մի հաջորդ սերնդի ներկայացուցչի բեռնաթափում միֆոլոգիական հատկանիշներից, օժտում առավել երկրային, զուտ մարդկային հատկանիշներով՝ անձեռնմխելի թողնելով միայն նրանց գերմարդկային ուժը: Այսպես, Սանասարն ու Բաղդասարը՝ Սասնա բերդի հիմնադիրներն ու Սասնա դյուցազունների նախահայրերը, իրենց ծնունդով պարտական են աստվածային նախախնա-մությամբ սահմանված բնության կենարար տարերքին՝ ջրին: Հրեղեն են նրանց զենքերն ու զրահները, հրեղեն են նրանց օգտագործած նժույգները՝ ոչ միայն Քուռկիկ Ջալալին, այլև Քեռի Թորոսի Վեցոտնյան Լազգին, Պարոն Աստղիկի՝ երկնքով թռչող ձին, Գորգիկ իշխանի ախոռից Մհերի դուրս բերած քուռակը, Ձենով Օհանի Սևուկը: Ինչքան էլ Սանասարն ու Բաղդասարը հանդես են գալիս մարդկային կերպարանքով, իրենցով ներկայացնում հասարակական որոշ իդեալներ, սատար կանգնում խեղճերին ու անզորներին, ազատությանն ու արդարությանը, այնուամենայնիվ, նրանց մեջ գերիշխողը բնության երևույթների խտացումն է, բնություն, որի ուժն իրենց ենթարկելու համար հազարամյակներ շարունակ մաքառած մարդն իր զարգացման մանկական շրջանում մշակել է որոշակի պատկերացումներ ու հայացք և մարմնավորել իր դյուցազնական հերոսների կերպարներում: Կիսաստված-կիսամարդ, կիսապատմական-կիսաառասպելական Սանասարի ժառանգներն արդեն որոշակի տարածություն են անցնում երկնքից երկիր իջնելու ճանապարհին, մինչև հասնում է Դավիթը, որը ոչ միայն զուտ երկրային, զտարյուն մարդկային, այլև սոցիալական կերպար է՝ ելած հասարակության ներքնախավերի ընդերքից: Ուշագրավ է նաև հակառակ ընթացքը: Ինչքան հերոսները բարձրանում են դեպի երկինք, այնքան ժողովուրդը նրանց համար պատմական կռվաններ է ճարում՝ կարծես թե լցնելու համար այն հսկայական տարածությունը, որ ընկած է իրական ու երկրային Դավթի և առասպելական ու աստվածային Սանասարի միջև: Պատահական չէ, որ այլևայլ դարաշրջաններում ապրած պատմական գործիչների և Սասնա դյուցազունների միջև զուգահեռներ ու համընկնումներ են գտնվում, թեկուզև սոսկ անվանական հիշատակումների ձևով, բացի ամենաիրական ու ամենապատմական Դավթից:

Էպոսի ծանրության կենտրոնը արաբական նվաճողների դեմ ժողովրդի մղած ազատագրական պայքարն է` զուտ երկրային ու իրական մի խնդիր, որի համար կյանքի է կոչվում ազատագրական պայքարի հերոս Դավիթը՝ իրենով մարմնավորելով ժողովրդի դարավոր ակնկալություններն ու երա-զանքները: Բայց էպոսն ստեղծող ժողովրդի պատկերացումով այդպիսի հա-մազգային խնդիրներ լուծելու կոչված հերոսը չի կարող սովորական մահկանացու լինել: Դրա համար նա պետք է ծնված լիներ այնպիսի մեկից, որի ծանրության տակ հողը չի դիմանում, որն առանց զենքի ձևում է առյուծին, իսկ արմատներով էլ պետք է հասներ մինչև աստվածային ծագման ակունք-ները: Ըստ էության՝ այս պահանջի թելադրանքն է կատարել ժողովուրդը էպոսի առաջին և երկրորդ ճյուղերում՝ բնության տարերքը մարդկայնացնելով, մարդկային հատկանիշներ հաղորդելով միֆոլոգիական էակներին:
Դավիթը իրական, պատմական անձնավորություն է: Բայց իրական է ոչ թե իր պատմական նախատիպով, այլ պատմական դարաշրջանի իրական հանգամանքներում գործելու, ժողովրդի առաջ ծառացած կենսական, բայց կնճռոտ հարցերը լուծելու առումով:
Եթե ժողովուրդն իր էությունից ինչ-ինչ հատկանիշներ է փոխանցել Սասնա մյուս դյուցազուններին, ապա Դավթի մեջ կերտել է իրեն, ներկայացրել իր վար ու ցանքը, հոգս ու ցավը, հարկադրական կռվի ժամանակ իր ուժի անպարտելիությունը, այն ամենը, ինչով ապրում ու շնչում է ինքը: Եվ կարծես թե կտրելու համար աստվածային ծագման հետ ունեցած բոլոր կապերը, Դավթին դարձնում է թլոլ՝ նրանից վերցնելով նաև ֆիզիկական անթերիության պսակը: Ամենից շատ Դավիթն է սխալներ գործում, հաճախ՝ ճա-կատագրական: Նա խաբվում է և ընկնում Մելիքի փորած հորը, չնայած Քուռկիկ Ջալալին զգուշացրել էր նրան: Նա հարբում է Խանդութի ապարանքում և կյանքը վտանգի տակ դնում, նա խաբվում է Չմշկիկ Սուլթանից և նախապատրաստում իր կործանումը: Ամենից շատ Դավիթն է միամիտ ու հավատացող, անկեղծ ու մեծահոգի, և, վերջապես, ամենից չարքաշ կյանքը Դավթին է բաժին ընկնում: Ժողովուրդը ածականներով ու բարի անեծքներով է ողողում Դավթին, մի վերաբերմունք, որ բացակայում է մյուս հերոսների նկատմամբ: Նրանց ու ժողովրդի արանքում մեծ տարածություն կա, իսկ Դավիթն իրենցն է, Դավիթը ինքը ժողովուրդն է:
Դավիթը ապրում է որբի դառը մանկություն, նախ՝ ամեն քայլափոխի կյանքին վտանգ սպառնացող Մսրում, ապա՝ Սասունում: Կնոջից խաբված հորեղբայրը նրան դուրս է անում իր տնից. Դավիթը ապաստան է գտնում Քեռի Թորոսի մոտ: Նա մանկությունից իր մի կտոր հացը վաստակել է ճակատի քրտինքով: Նա, որ ընտանի կենդանիները վայրի գազաններից դեռ չի տարբերում, գիտեր, որ ապրելու համար պետք է աշխատել.

Դավիթ ասաց.- Քեռի՛, գարուն է,
Հոտաղ-մշակի վախտ է, ռանչպարու վախտ է:
Մենք քառսուն ջանով լցվեր ենք էդա տուն,
Խո դու պարտական չե՛ս՝ մեզի զամեն պահես:
Էլի՛, մեզի աշխատող դարձո՛ւ:
Դատենք, աշունք բերենք մեր աշխատանք,
Ժողովենք վեր իրարու, ուտենք, ապրենք:

Սասնա դյուցազունների խաղաղ ժամանակների զբաղմունքը որսն է. Դավիթը ձախորդության կամ պարապության մատնված ժամանակ է միայն որսի դիմում: Լինելով խաշնարած ու հոտաղ՝ նա հասկանում է աշխատավորի հոգսն ու ցավը, ամեն քայլափոխի պաշտպան կանգնում նրա քրտնաթոր աշխատանքի արդյունքին: Դավիթը աշխատավորական խավերի տրամադրությունների արտահայտիչն է, «գեղի աղքատների»՝ նախրորդների ու հոտաղների հովանավորը: Նա խլում է ուխտավորների մատաղը այն բանի համար, որ ասում են, թե «մնացող կըտամ, տարեք, կերեք»: Ուշագրավ է 40 դևերին սպանելուց հետո Դավթի հանդիպումը ուխտավորներին, որտեղ ավելի տեսանելի է նրա սոցիալական կողմնորոշումը: Ավելիով հանդերձ հատուցելով տարած հարիսայի ու դևերի մորթած տավարի փոխարեն՝ Դավիթը զգուշացնում է նրանց.

Վա՜յն է էկել ձեր գլխներուն,-ասաց,-
Թե իմ աղբերներու հախից ճանկ մի կորեկ կտրեք,
Ձեր տուն ես կ՛անեմ Դավթի ավերած:

Դավիթը ոչ միայն Սասնա ժողովրդի, այլև ընդհանրապես աշխատավոր մարդկության շահերի պաշտպանն է: Նա շատ լավ գիտի, որ ժողովուրդները ծարավի են խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, որ նրանք միմյանց նկատմամբ թշնամանք չունեն, թշնամություն հրահրողները տիրողներն են: Այդ ճշմարտությունը նա նույնիսկ ճանաչում է պատերազմի ամենաթեժ պահին՝ արաբ ծերունու իմաստուն խոսքից հետո: Ինչպիսի՜ մեծահոգությամբ է նա Մելիքի պարտված զորքին ուղարկում Մսըր՝ պատվիրելով գնան իրենց խաղաղ աշխատանքին: Կամ Բապը Ֆրենկին ու նրա մերձավորներին սպանելուց հետո իշխանությունը հանձնում է փոքրավորներին՝ խոստանա-լով նրանց նեղն ընկած ժամանակ օգնության հասնել: Դավթի արդարա-մտության փայլուն դրսևորումներից է նաև Կոզբադնից ետ խլված թալանի վերաբաժանումը:

Ամեն մարդ գա, իրեն ապրանք ճանչնա՛, վերցո՛ւ:
Ով որ ապրանք տվե՛,
Թող գա իր ապրանք վերցո՛ւ:
Ով որ ոսկի, փող տվե,
Թող գա իրեն ոսկի՛ն վերցու:
Ով որ մեկ կորեկ ավե՛լ վերցու,
Կը զարկեմ՝ զգլուխ կը կտրեմ:

Ահա ժողովրդական այս տրամադրությունը, արդարության այս պաշ-տամունքն է այն կենարար ակունքը, որից բխում է Դավթի գերմարդկային ուժն ու խոր ատելությունն ամեն կարգի բռնակալների ու գռփողների նկատմամբ: Սասնա դյուցազուններն ընդհանրապես, Դավիթն առանձնապես, պատերազմասեր-արկածասեր հերոսներ չեն: Նրանք զենք են բարձրացնում ծայրահեղ դեպքում, ժողովրդի կենսական շահերի պաշտպանության թելադրանքով միայն: Հենց այս էլ նրանց ուժի, հզորության աղբյուրն է, հենց այստեղ էլ թաքնված է իրադարձությունների մեջ ճիշտ կողմնորոշվելու իմաստության գաղտնիքը:
Դավիթը ազատասեր ու հայրենասեր դյուցազն է, հատկանիշներ, որոնք ոչ թե ձեռքբերովի են, այլ բնածին ու ժառանգական: Նա դեռ չգիտի, թե ինչ է արևի շողքը, ոսկին ու կրակը չի տարբերում իրարից, բայց խափանում է իր ազատության ու մարդկային արժանապատվության նկատմամբ Մսրա Մելիքի ձեռնարկած ամեն մի ոտնձգություն: Մանուկ Դավիթը չի անցնում բռնակալի թրի տակով՝ Մելիքի հեռուն գնացող նպատակը լավ հասկանալով.

Էնպես կանի՝ որ վաղ մեծնամ՝
Սուր չը քաշե՜մ էնոր վերան:
… Հազար էդպես Մելիք մեռնի՝
Էս մեկ չարսու լաչակ է,
Էս լաչակի տակով կ՛անցնե՛մ,
Էնոր թրի տակով չե՛մ անցնի:
Ինչ ձեռեն կըգա՝ թող անի:

Դավթին հրապուրում է կառուցման տենդն ու խաղաղ աշխատանքը, և ամեն ինչ անում է Մելիքին հասկացնելու համար, թե «ավեր բանից ի՞նչ կը դառնա»: Բայց երբ հայրենիքի ազատության վրա սև ամպեր են կախվում, նա ասպարեզ է իջնում՝ ուժ առած բռնակալների ու կեղեքիչների նկատմամբ տածած դարավոր ատելությունից: Հայրենիքը վտանգի մեջ է. պետք է դառնալ նրա փրկության զինվորը: Եվ Դավիթը, տեղեկանալով Մսրա Մելիքի գալստյանը, անհապաղ դուրս է գալիս թշնամու դեմ՝ ձեռքին առաջին պատահած ժանգոտ թուրը: Ճիշտ է, արտատեր պառավը անմիջաապես շտկում է դրությունը. Դավիթը կռիվ է գնում հրեղեն զենք ու զրահով, հրեղեն ձիով, բայց բնութագրականն այն է, որ հայրենիքի զավակը հայրենիքի վտանգի պահին երկար մտածելու կամ պատրաստվելու անհրաժեշտության առաջ չի կանգնում: Իր գործն արդար է, ինքը պետք է հաղթի,- այս համոզմունքն է ամուր նստած հերոսի ենթագիտակցության մեջ: Ամեն կարգի բռնակալներին ու կեղեքիչներին, հայրենիքի ու ժողովրդի բոլոր թշնամիներին պետք է անխնա ջնջել երկրի երեսից,- այս ճշմարտության զինվորն է Դավիթը:
Դա աշխատավորական հայրենասիրության ամենախոր ու ամենապայծառ դրսևորումն է մեր հոգևոր մշակույթի մեջ:
Դավթի դյուցազնական կերպարը զարդարող հատկանիշներից է նաև նրա ուղղամտությունն ու մեծահոգությունը անհավասար կռվի բուն ընթացքում: Երկու անգամ Դավիթը կռվի է դուրս գալիս, երկու անգամ էլ անթիվ-անհամար զորքերի դեմ, որ հավաքել բերել են յոթական երկրների թագավորներ: Բայց նա պարտավորված է զգում իրեն՝ նախօրոք զգուշացնել իր հարձակման մասին, որ չասեն, թե «Դավիթ գող-գող եկավ, գնաց»: Ուժերի այսպիսի անհավասար պայմաններում իր համար նպաստավոր վիճակի մասին մտածելն անգամ խորթ է մեր դյուցազնի էությանը: Նույնպիսի մեծահոգությամբ էլ նա մենամարտի պայմանների ընտրության իրավունքը հանձնում է Մսրա Մելիքին, ընդառաջում նրա մորն ու քրոջը, բայց եզակի հարվածի վճռական ակտով ոչնչացնում հակառակորդին:
Դյուցազնական հատկությունների հետ միասին ժողովուրդը Դավթի կեր-պարը օժտել է նաև լիրիկական քնքշությամբ: Ինչպիսի՜ սիրով, ինչպիսի՜ ջերմությամբ է նա կռիվ գնալուց առաջ հրաժեշտի խոսք ասում Սասնա մայրերին ու քույրերին, «Ծովասարու պաղ-պաղ աղբրներին», հոգու ինչպիսի՜ թրթիռով է դիմում հորեղբայր Հովհանին.

Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես տեր չ ՛ ունեմ, դու ինձ արա տերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես հե՛ր չ ՛ ունեմ, դու ինձ արա հերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես մե՛ր չ ՛ ունեմ, դու ինձ արա մերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես աղբե՛ր չ ՛ ունեմ, դու ինձ արա աղբերություն:

Դավթի հոգու քնքշությունն առանձնապես դրսևորվում է Խանդութի նկատմամբ տածած սիրո մեջ: «Դավիթ և Խանդութ» դրվագում մարմնավորված է անմնացորդ և հավերժական սիրո գաղափարը, մի սեր, որի դեմ անզոր է մահն անգամ:
Այսպիսով` Դավթի կերպարը` իր դյուցազնական հատկանիշներով, մարդկայնորեն հասկանալի ու ներելի թերություններով, հոգու քնքուշությամբ ու արդարության հաղթանակի նկատմամբ վառ հավատով, ներկայացնում է իրեն իսկ՝ ժողովրդին:
Դավիթը մեր ժողովրդի բնավորության լավագույն գծերի, հույսերի ու ակնկալությունների անկրկնելի մարմնավորումն է:
Դավթի հակոտնյան էպոսում Մսրա Մելիքն է: Մելիքի կերպարում ժողովուրդը ներկայացրել է բոլոր դարաշրջանների բռնակալներին հատուկ բնավորության գծերը: Նա չարհոգի ու նախանձոտ է, մեծախոս ու ամբարտավան, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են ավերածություն չսիրող մասսաների դեմ, դրա համար էլ զուրկ են հերոսական սխրագործության փայլից, ատելի են ոչ միայն սասունցիների, այլև հարկադրական լռության դատապարտված Մսրա ժողովրդի համար: Մելիքի կերպարում դրսևորված է ոչ թե հայրենանվեր մեծագործության կամ կառուցման ուժը, այլ չարագործ ավերման կիրքը:
Ժողովուրդը Դավթին ու Մելիքին եղբայրներ է դարձնում՝ ցույց տալու համար, որ Դավիթը կռվում է ոչ թե սովորական մի բռնակալի, այլ ծնունդով ու գերմարդկային ուժով իրեն հավասարի դեմ: Մելիքն այն հսկան է, որի գուրզը ոչ ոք չի կարող վերցնել: Մանուկ Դավիթը մի անգամ այն վերցնում է, գետնին գցում, և գետինը այնպես է ցնցվում, որ մարդիկ կարծում են, թե երկրաշարժ է: Մելիքը այն հսկան է, որը կռվի զորակոչը գրելու համար սեփա-կան ճակատից մի տաշտ արյուն է հանում կամ մի փչելով Դավթին թռցնել չկարողանալու ահից քառասուն գոմշի ուժ է կորցնում: Կամ, վերջապես, Դավթին հասցրած նրա զարկը:

Էկավ, գուրզ մ ՛ էլ զարկեց:
Ինչպես գարնան ամպ գոռգոռա՝ էրկիր պոռթեց:
Ինչպես երկրաշարժ մի զարկի՝ էրկիր պոռթեց:
Թոզ ու դուման էրկիր-էրկինք բռնեց,
Արեգական էրէսն առավ.
Իրեք ցերեկ, իրեք գիշեր
Էդ թոզ կանգնեց Դավթի վերան:

Մելիքի այդ գերմարդկային հատկությունները հակադարձության օրենքով անդրադարձնում են Սասնա դյուցազնի ուժի գերազանցությունն ու անպարտելիությունը:
Մելիքի մոտ իշխում է ուրիշ երկրներ զավթելու, բոլորի վրա տիրելու մոլուցքը: Դա ավելի բորբոքվում է Դավթի հետ ունեցած ամեն մի հերթական բախումի անհաջող ավարտից հետո, ի վերջո հասնում այնպիսի կատաղության, որ ի լուր ամենքի հոխորտում է.

Կ ՛ երթամ Սասուն, Սասուն կավերե ՛մ,
Ըզհող ու ջուր, ըզժողովուրդ կը վերում,
Քանդեմ, տանեմ Մըսրա հետև նոր քաղաք մի շինեմ.
Էլ թող Սասուն անուն չ ՛ ըլնի մեջ աշխարհին:

Մսրա Մելիքի այս նվաճողական հակումների դեմ անզոր է նույնիսկ բանականության ձայնը, որ գալիս է Մսրա ժողովրդի իմաստուններից: Անգամ Իսմիլ Խանումը, որ հետևողական նախանձախնդրություն է հանդես բերում ուրիշներին տիրելու, Մսրա ճրագը վառ պահելու հարցում, ջանալով այդ նպատակին օգտագործել Դավթի ուժը, դեմ է Մելիքի ձեռնարկումներին: Նա մեղադրում է որդուն, որ թշնամություն է բորբոքում, փոխանակ Դավթի հետ բարեկամանալու, որով «էլ մարդ չէր կարնա քո վերա խոսի»:

Թե աղեկ վարվեիր իր հետ՝
Դավիթ քո խոսք տի կատարեր…
Աղե՛կ, Դավթի մոտ չը գնացիր,
Դավիթն էլ չը կանչիր քո տուն,
Էլ ի՞նչ ունեիր Դավթի հետ,
Որ ճամփեցիր՝ յոթ տարվա խարջ ուզիր:
Դավիթն էլ տեղ հանեց:

Չանսալով բոլոր կողմերից եկող սթափեցուցիչ ձայնին՝ Մելիքն առանձնանում է «ջոկ մարդկանց» հետ, մարդիկ, որոնք ծարավի են արյան ու կոտորածի, բռնության ու թալանի: Իշխող վերնախավերի ձգտումներին ընդառաջելով՝ նա հավաքում է զենք կրելու ընդունակ իր բոլոր հպատակներին, օգնության կանչում իրեն ենթակա յոթ թագավորներին ու անթիվ ու անհամար զորքով գնում փոքրաթիվ Սասունի դեմ՝ լեռներում ծվարած մի ժողովրդի դեմ, որը կարող էր ընդամենը քառասուն կռվող դուրս բերել պատերազմի դաշտ:
Սակայն Մելիքը ճակատագրորեն դատապարտված է կործանման, որովհետև կործանումն է ժողովրդի դեմ ծառացած չար ուժերի վերջը: Մելիքի կործանումը փրկություն է ոչ միայն սասունցիների, այլև Մսրա ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է «աղքատ ու խեղճ» մարդկանցից կազմված Մսրա ժողովրդի օրհնանքի խոսքը Դավթին.

— Հա՜, Դավի՛թ,- կ ՛ ասեն,-
Մեռնե՛նք մենք քո գլխին,
Ո՜ւր էլ գնաս՝ աստված քեզ հետ,
Աստված քո բան միշտ աջողի,
Աստված քեզ ջանսաղություն տա,
Աստված քո հոր ու մոր արքայություն տա:

Ժողովուրդը հազարամյակների փորձով բյուրեղացած պատկերացում ունի բռնակալների ու կողոպտիչների նկատմամբ, որը մարմնավորվել է դեռևս Բելի կերպարում: Բռնակալներն ամենակարող են միայն այն ժամանակ, երբ հենվում են ուրիշների ուժի վրա: Իսկ երբ կանգնում են անձնական մեծագործություն կատարելու հարկադրանքի առաջ, դառնում են խորամանկ ու նենգ, երկչոտ ու դյուցազնական պատվասիրությունից զուրկ: Առաջին անգամ Բելի կերպարում մարմնավորված այս հատկանիշները ժողովուրդը փոխանցել է Մսրա Մելիքի կերպար՝ ներկայացնելով ավելի կոնկրետ ու խոսուն պատկերներով:
Մանուկ Դավթի դյուցազնական ուժի դեմ ոչինչ անել չկարողանալով՝ Մելիքը փորձում է նրան խեղդել քնած ժամանակ կամ ոչնչացնել ուրիշների ձեռքով: Մելիքը կանխազգում է, որ Դավիթը իր գլխակերն է, «եթե մանուկ հասակում իր գուրզն է բռնում», վախենում է, որ «վաղն էլ կը գա, զիմ տուն ու տեղ էլ կը բռնի»: Նա տենչում է օր առաջ խմել Դավթի արյունը, եթե միայն հնարավոր լինի այն մատուցել իրեն: Մելիքի երկչոտությունն ու խարդախությունը ավելի որոշակի է դրսևորվում մենամարտի տեսարանում: Նախ՝ նա փորձում է խարդախությամբ հաղթել հակառակորդին: Այդ նպատակով հոր է փորում վրանում և խաբեությամբ Դավթին գցում ծուղակի մեջ: Այնուհետև՝ նա փոխում է մենամարտի՝ իր իսկ դրած պայմանները, ինքը մտնում Դավթի համար փորած հորի մեջ, փաթաթվում 40 գոմեշի կաշիով, հորի վրա դնում 40 ջրաղացքար, որ գլուխը պրծացնի Դավթի ամենազոր հարվածից:
Ժողովուրդը, Մելիքին վերագրելով գերմարդկային ահռելի ուժ և միշտ դնելով պարտվողի վիճակում, արտահայտում է իր ուժի անպարտելիության գիտակցությունը, չար ուժերի կործանման, արդարության հաղթանակի նկատմամբ ունեցած անսասան հավատը: Այդ խոր հավատից է սնունդ առ-նում ժողովրդի սիրելի հերոսի` վաստակած հպարտությամբ հնչող խոսքը.

Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Թե որ դուք կռվի գաք վեր մեզ՝
Քառսուն գազ խոր հորում ըլնեք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ ՛ էլնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
Տ ՛ էլնի ձեր դեմ Թուր Կեծակին:

Այս բարձր հայրենասիրությունն ու համամարդկային գաղափարները գեղարվեստական անթերի դրսևորմամբ ժողովուրդը ստեղծել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կապարյա ծանրությամբ տիրապետում էր ֆեոդալական-եկեղեցական աշխարհայեցողությունը, երբ իշխող դասերի արտահայտիչները քարոզում էին հնազանդվել տերերին, համակերպվել դաժան իրականությանը, երբ ժողովրդի հայացքը իրականությունից շեղելու համար նրան կերակրում էին հանդերձյալ կյանքի, երկնային արքայության ստահոդ խոստումներով: Հակադրվելով ժամանակի տիրող մտայնությանը՝ ժողովուրդը առաջ էր քաշում պայքարի միջոցով ազատ ու երջանիկ կյանք ստեղծելու տեսակետը, մարդուն ամուր կապում երկրային կյանքին, լիցքավորում իրականության շահախնդրություններով: Էպոսը զարգացնում է ժողովուրդների իրավահավասարության ու բարեկամության, կնոջ ու տղամարդու հավասարության, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի, ազատության ու սոցիալական հավասարության գաղափարները: Հենց այդ գաղափարներով էլ «Սասունցի Դավիթ» էպոսն անմահ է և այսօր էլ ծառայում է առաջադեմ մարդկությանը սոցիալական ու քաղաքական ազատագրութ-յան համար մղվող նրա պայքարում:

ԱՐ­ՏԱ­ՇԵՍ ՀԱ­ԿՈԲ­ՋԱՆ­ՅԱՆ

3 идей о “«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ԵՎ ՆՐԱ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Добавить комментарий