ՄԻ ԲՈՒՌ ՆՇԽԱՐ՝ ՍԱՍՈՒՆԻՑ. 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ.
ՄԱՍ IV
Հասմիկ Սարգսյան
Սասունցին, առհասարակ, խիստ առողջ էր, ճարպիկ ու դիմացկուն: Թեև համբերությամբ էր տանում իր չարքաշ կյանքի դժվարությունները, բնավորությունը հեզ էր ու խոնարհ, բայց դյուրագրգիռ էր ու վարվռուն: Սասունցիներն ապրում և հագնվում էին խիստ պարզ ու անպաճույճ: Վերին աստիճան հյուրասեր էին ու հարգալից օտարականների հանդեպ, միաժամանակ անզուսպ կերպով վրեժխնդիր էին թշնամու նկատմամբ:
Ապրելով բնության գրկում և հեռու լինելով այն բոլոր բարիքներից ու նաև չարիքներից, որ բերում էին ավելի զարգացած՝ քաղաքակիրթ կյանքին հատուկ պայմանները, սասունցին հավասարապես հեռու էր խարդախությունից ու նենգությունից, ստրկահոգությունից ու դավաճանությունից, շռայլությունից ու անպարկեշտությունից: Սասունի ազգաբնակչությունը հետևյալ պատկերն ուներ. կային խիստ վայրի կերպով, աչքից հեռու ապրողներ՝ Սասունի անմատչելի լեռներում, անդնդախոր ձորերում, որոնք հագնվում էին պարզագույն կերպով. նրանք սովի ժամանակ, երբ սարերում խոտ չէր լինում, իսկ ժայռերում՝ միրգ ու բույսեր, հայտնվում էին գյուղերում: Ապրում էին կիսավայրի, հագնվում կոպտորեն՝ շալե շապիկ, ծածկվում էին գազանի կամ այծի մորթով և ապրում էին այծ ու ոչխար պահելով: Մյուսները ռամիկներ էին, որոնք աստվածասեր էին, հագնում էին՝ ազգային տարազներ, դիմադրում էին թշնամուն: Հենց սրանք էին այն քաջ սասունցիները, որոնք դիմակայում էին թշնամուն, ու որոնց մեծ զանգվածը սրատվեց 1893-ին: Առաջիններն ապրում էին հեռավոր, խիստ անմատչելի լեռներում, Քաղարենց սահմաններում, մյուսները՝ Խութում, Բեշարիկում, Շատախում և այլ տեղերում: Նրանք արտասովոր մարդիկ էին՝ արժանի խորին հետազոտության:
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԶԸ
Նույն ինքնուրույնության կնիքն էր կրում սասունցու զգեստը՝ տարազը, որն ուրիշ ոչ մի այլ տեղ չէր հանդիպում: Ահա դրա նկարագրությունը. խաչաձև հյուսված մետաքսաթել խույր՝ սև կամ գույնզգույն ապարոշով փաթաթված, թևերը մինչև ուսը՝ գրեթե բաց: Սասունցին հագնում էր մի տեսակ անկար, երկար, եռանկյունի թևերով շապիկ, ինչը նրան ծառայում էր գրպանի տեղ, իսկ կռվի ժամանակ երկու թևերի ծայրերը կապելով միմյանց՝ վզով էին անցկացնում, և քաջի թևերը երևում էին՝ ինչպես կիսաշեկ երկաթ, երևում էր նրա վահանը, և այդպես դուրս էր գալիս կռվի դաշտ: Լայն վարտիքը, վուշից հյուսված ոտնամանները ծածկում էին մարմինը: Կանայք, համեմատաբար, ավելի լավ էին հագնվում: Նրանք իրենց գլուխները պատում էին բազմաթիվ ապարոշներով, որոնք նմանվում էին քահանայական թագին: Դրանց արտաքինը ծածկված էր բազմաթիվ հին ու նոր արծաթե դրամներով: Նրանց զգեստը, մանավանդ ամռանը, ծիրանի շապիկն էր, թևերը՝ տղամարդկանց շապիկի թևերի նման, օձիքը՝ զարդարված ասեղնագործված և գոցված արծաթե կապով: Այն երկար, ոտքերը ծածկող աբայի տեսք ուներ, մեջքին կապում էին պարսկական կամ հասարակ շալ: Միայն ծերունի նաները կրում էին ասեղնագործ կարմիր գոգնոցներ և սպիտակ շապիկներ: Մանկամարդ հարսները իրենց գլուխը ծածկում էին կտավե քողով, որ իջնում էր մինչև ոտները: Կանանց գլխարկը կոչվում էր «քոֆին» և շատ սիրված էր կանանց կողմից: Այն մի թզաչափ բարձրություն ուներ, բացի հին ու նոր դրամներից՝ զարդարված էր գունավոր ուլունքներով, սյուրմահյուսք բանվածքով, հյուսքերով (փյուսքուլներով), պատված գունագեղ մետաքսե փոշիներով ու հազմաներով: Իսկ վերևում հիշատակված գոգնոցները կոչվում էին «չաթրիք»: Այս բոլոր հագուստները պատրաստվում էին Լճէ գավառի անունով կոչվող լճու կտորից (գործվածքից): Այս ամենին պետք է ավելացնել, իբրև սասունցու զգեստի անբաժանելի մաս, զենքերը, որոնք ծառայում էին թշնամու և գազանների դեմ մարտնչելու համար:
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԸ
Սասունցիներն ապրում էին մեծ-մեծ գերդաստաններով՝ ըստ նահապետական սովորության: Մի տան մեջ միաժամանակ գտնվում էին միևնույն նախահոր ամենահեռավոր թոռներն ու ծոռները: Կային տներ, որ բաղկացած էին 70-80 հոգուց. նրանք կառավարվում էին ամենայն արդարությամբ, առանց զրկելու որևէ մեկին: Սասունցի հարսները ամոթ ու մեղք էին համարում ընտանիքի բաժանման պատճառ դառնալ, ուստի պարկեշտ ու ազնիվ կերպով հնազանդվում էին տանտիրուհուն: Այդպիսի բազմամարդ ընտանիքում ճաշին բացակայող անդամների թիվն իմանում էին ոչ թե բացակա անձանց, այլ՝ ազատ մնացած գդալները հաշվելով, ինչպես որ այդ անում էին նաև Հայաստանի որոշ այլ վայրերի մեծ գերդաստաններում: Նրանց համեստ, խղճուկ խրճիթները շատ վայրերում ոչ այլ ինչ էին, եթե ոչ լեռան մեջ փորված անձավներ, որոնք խորանում էին դեպի լեռան տակը, իսկ ընդհանրապես, լեռան կամ ձորի կողքերին հենված խրճիթներ էին՝ բաղկացած չորս՝ գրեթե գետնին հավասար քարե պատերից, որոնց վրա՝ առաստաղը՝ սովորական հայկական շինվածքով (մեծ գերաններ՝ շարած աջ ու ձախ կամ առջևի ու հետևի պատի վրա, հետո նրանց վրայով՝ խոտորնակ դրված փոքր գերաններ. դարձեր, ապա վերջիններիս վրա բարակ և երկար շարված փայտեր, որոնք «մարդակ» էին կոչվում, վերջիններիս վրա էլ՝ խոտ ցանած, իսկ խոտի վրա՝ հողով ծածկած): Առաստաղի մեջտեղում բացված էր երդիկը:
Այդպիսի տան մի անկյունում դուք կարող էիք տեսնել 6-7 և ավելի մանկանց գյուղական օրորոցներ, որոնց մեջ անու՜շ-անու՜շ քնած էին ընտանիքի նորածինները՝ կլորիկ աղջիկ ու տղա մանկիկներ, որոնցից անհանգիստներին օրորում էին տան փոքր-ինչ հասած աղջիկները: Մի այլ անկյունում հավերն էին իրենց ճտերով ման գալիս, իսկ մյուսները մի ուրիշ կողմում՝ կողովների տակ բանտարկված, թուխս էին նստած հարդի վրա լուռ ու մունջ: Մյուս կողմից էլ շարունակ մարդիկ ու կենդանիներ էին դուրս ու ներս անում, իսկ տան մեջտեղում՝ թոնրի շուրջը տան հարսներն ու աղջիկներն իրարանցման մեջ ամեն օր շարունակ հաց էին թխում կամ կճուճներն ու պուտուկները թոնրում կախած կերակուր պատրաստում եկող-գնացող տան աշխատավորների համար: Միասին չէին ճաշում. ով գալիս էր, իսկույն հացը փռում էին նրա առջև և ապա նորից ճանապարհ դնում գործի: Խրճիթի խորքում մեծ բազմությամբ անասուններն էին պատսպարվում. դրանց թիվը հասնում էր տասնյակների, երբեմն՝ հարյուրների. հարսներն ամեն օր կթում էին ոչխարներն ու կովերը: Ձմռանն այդպիսի խրճիթներում մութ էր, խոնավ, և օդը՝ հեղձուկ ու շոգ: Շատ քիչ հարուստ տներ կային, որոնք իրարից բաժանված մի քանի սենյակ ունեին: Իսկ ընդհանրապես, ամբողջ գերդաստանը ննջում էր մի հարկի տակ, կամ ընդհանուր մեծ սենյակի մի փոքր մասը բաժանված էր ծեքով, որ հյուսում էին կաղնու թանձր ուռերից: Այդ մասում քնում էին 15-20 տարեկան պատանիները, իսկ հայր ու մայր իրենց մի քանի «մանրիկ ու պետ» երեխաներով քնում էին միևնույն վերմակի տակ: Ամբողջ ընտանիքը, այսպիսով, տեղավորվում էր թոնրի շուրջը՝ ոտները դարձրած դեպի վերջինս: Ահա 19-րդ դարավերջի՝ սասունցիների կենցաղի մի նկարագրություն, որ մեջ ենք բերում բառացիորեն. «Մեկ երկայն փսեաթէ խսիր, նորա վրայ տարածուած ու փռուած է երկայն թաղիս (քէչա) կամ շալէ մեզար, գլխավերևը ևս խոտէ կամ քրջուբոլջէ կազմած չթեայ աստառով մի բարձ և ապա մի լայն ու երկայն կապերտ, որպես վերմակ ծածկոց…»:
Սասունցիների գործածած կերակուրներն էին կաթը, սերը, մածունը, թանը, յուղը, բանջարեղենը, կորեմազգն ու ժաժիկը, որոնք խիստ առատ էին, իսկ մսեղեն՝ շատ սակավ: Նաև մեծ քանակությամբ՝ մրգեղեն, քաղցրեղեն՝ խմորեղեն, թթու, ապուր, շորվա, չորթանի ճաշ, կեապոլ, ձվածեղ, խազլոմառիկ, թավահացիկ, ձըվջուր, որ պատրաստում էին ձվից, յուղից և խմորից, գաթա, ալրեճաշ, կաթնապուր և ուրիշ յուղահացեր:
Բացի սուրուներով ոչխար ու այծ և նախիրներով կով ու հորթեր պահելուց, որոնք հիանալի սնունդ էին գտնում խոտավետ բլուրների, ծաղկազարդ սարավանդների ու կանաչագեղ հովիտներում, անուշահամ ու հորդառատ, սառը աղբյուրների և առվակների, օձապտույտ գետակների և մրգաշատ, հովասուն անտառների կողքին, սասունցին զբաղվում էր նաև հողագործությամբ: Հողագործությունը զարգացած էր հատկապես Սասունի այն գավառներում, որոնք ավելի դաշտային էին և ավելի ցածրադիր: Արևահայաց դարավանդների ժայռոտ ու խճոտ հողի վրա փռված էին սասունցու այգիները՝ Հայաստանի ամեն տեսակ պտղատու ծառերով: Արդյունաբերությունը և արհեստները շատ հասարակ էին, իսկ լեռները պարունակում էին մեծ առատությամբ երկաթ, պղինձ, կապար, և տեղ-տեղ էլ՝ ոսկի ու արծաթ: Սասունցին նահապետական ձևով միայն երկաթի հանքը շահագործելով՝ շինում էր խոփ, խաչերկաթ, փետա, բահ, կեռ, երկսայրի նաչախներ, ուրագ, կացին, գերանդի, մանգաղ, պայտեր, մեխեր և այլ երկաթե կարասիք ու գործիքներ, բայց ամենից հարգվածը նրանց «շիշխանա» հիանալի հրացաններն էին: Խաշնարածությունից ստացած բուրդը տարբեր կերպ էր գործածվում. դրանից տներում պատրաստում էին հագուստի ճոթեր, գուլպաներ, գորգեր, թաղիքներ, շալեր, շալե վարագույրներ, մեզարներ, տոպրակներ և այլն:
Սասունցին իր աշխատանքի արդյունքների մի մասը տանում էր շրջակա գավառները և փոխանակում իրեն հարկավոր իրերի հետ կամ դրամի էր վերածում: Այս փոխանակումն էլ նահապետական ձևով էր արվում. փոխանակումն ու պարտքը կատարվում էին առանց մուրհակի ու պայմանի: Վստահությունը դեպի մարդկային անձի ու խոսքի անխարդախությունը լիակատար էր: Եվ ով դրժում էր իր խոսքը, անազնիվ գտնվում, նա ճանաչվում էր իբրև «քոթի ու փնթի»:
Քուրդ տարրը Սասունում, թեև համարվում էր մահմեդական, բայց նրանց կրոնական արարողությունները, նույնիսկ սովորություններն ու հավատալիքները շատ տարբեր էին իսլամությունից: Քրդերենի մեջ բառերի մեծ պաշար կար հայերենից. Սասունում քրդերը նույնքան հաջողությամբ խոսում էին հայերեն, որքան և քրդերեն: Անգամ, հայերենը նրանց աչքում նախապատվելի էր քրդերենից:
Սասունցի հայը, թեև ջերմեռանդ եկեղեցասեր էր, վարքուբարքով՝ մաքուր ու անխարդախ, բայց միամիտ էր ու հաճախ անուս: Միան 4 գյուղ ուներ դպրոց (Ահրոնք, Սաղտուն, Փառկա և Բերմ) և մի-մի ուսուցիչ: Իսկ մնացյալ գյուղերում հանդիպող գրագետ մարդիկ պարտական էին տեղական քահանաներին, որոնց ախոռատներում դաս էին առել: Սասունցին ամեն տարի հոգևոր տուրքով, մատաղներով և առատ նվերներով օգնում ու խնամք էր տանում իրենց հողերում և նրանցից դուրս գտնվող հոգևորականներին և վանական մի շարք՝ Ս. Կարապետ, Ս. Հովհաննես, Ս. Առաքելոց միաբանություններին:
Սասունի տեղական վարչական բաժանումը բխում էր երկրի բնական դիրքից: Ամեն մի նշանավոր ձոր կամ հովիտ՝ իրենով ներառված գյուղերով, որոնց թիվը յուրաքանչյուրում 12-22-ն էին, մի առանձին գավառակ էր: Դրանք բաժանված էին միմյանցից դժվարամատույց ու խոր լեռնանցքներով կամ առապար ու ժայռոտ լեռնաշղթայով: Դրանք ենթակա էին առանձին առաջնակարգ ու փորձված գյուղապետերի կամ ռեսերի, որոնց ընտրում էին գավառակի գյուղացիները՝ իրենց դատերն ու վեճերը լուծելու, հարկերը հավաքելու և կառավարությանը կամ քուրդ աղային հանձնելու, և վերջապես, թշնամու դեմ իրենց պաշտպանելու համար:Սասունցիները խիստ հարգում էին ռեսին և իրենց անձը բոլորանվեր պատրաստ էին տրամադրելու նրան, եթե դա ռեսը պահանջեր: Յուրաքանչյուր գավառ նման դեպքերում կարող էր տալ 500-1 000 հրացանակրի: Այս նահապետական կազմավորումներն իրարից բավական առանձնացված էին, գոյություն ունեին լեզվական տարբերություններ, տարբերվում էին նաև հագուստով, սովորություններով ու բարքերով: Մի գավառակի բնակիչների խոսվածքը հաճախ դժվարընբռնելի էր մյուս գավառակի բնակիչների համար:
19-րդ դարավերջի իրադարձությունների ընթացքում, երբ քուրդ ցեղապետերը մեծ մասամբ միացան թուրքական կառավարությանը՝ ընդդեմ Սասունի հայության, հայ առաջավոր սասունցիք իրար հետ սերտ սիրով կապվելով ու միավորելով իրենց ուժերը՝ հանդես եկան հանուն անկախ գոյության՝ մերժելով թե՛ քրդերի և թե՛ կառավարության պահանջած ապօրինի և անտանելի հարկերը: 1893-ին սասունցիների հերոսական դիմակայությանն ու հաղթանակներին ի պատասխան 1894-ին նույն արյունարբու գազանների կողմից կոտորվեցին հազարավոր սասունցի հայեր, այրվեցին ու ավերվեցին տասնյակ գյուղեր:
Տես նաև՝
Հոդվածաշարի նյութերը քաղված են 19-րդ դարավերջի տպագիր մամուլից
Ես սասունցի եմ և հպարտ եմ դրանով……..
Ապրես…
Tekuz ancni 10 dar ,mek e Sasuncin kmna nuyne u ktarbervi amenqic ir huyrasirutyamb…. Hpartanum em I’m armatnerov ……. Ushadir kardaceq amenaverevi toghere ev zgushaceq sasuncu vrejkhndrutyunic…..
Hyurasirutyamb
Ամեն անգամ հիանում եմ Չեր հրապարակումներով……ԻՄ Սասնա շունչն եմ առնում…..
Hyurasirutyamb