ՎԱՎԵՐԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ
ԵՎ ՕԾՄԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ 1914-2014
Հասմիկ Սարգսյան
Իմ ժողովրդի հիշողության մեջ տագնապի զանգը երբեք չի լռել,
Նրան մոռացման թմբիր են տվել, սակայն հավատքի լուսը չի մարել:
Ճոխ օտարության խրախճանքի մեջ կամ ուրացության խոստումներից զեխ
Մեր խղճմտանքի թաղանթը երբեք չի ապականվել ու չի պատռվել:
Քանզի պիտի գար օրն այս օրհնված՝ Սուրբ Տիրամորից պոկված մի ղողանջ
Պիտի հասներ մեզ ու պիտ հնչեցներ մեծ արթնացումի ճոխ համանվագ…
ԱՌԱՔԵԼՈՒԹՈՒՆ
Հայկական հնամենի եկեղեցիների և վանքերի ծածուկ-ծպտյալ անկյուններում, կողահայաց պատերի ստորին սրբատաշ քարերին ուշադիր աչքը երբեմն կնկատի խաչի փորագրապատկերներ՝ առանց հեղինակների անվան և այլ հիշատակումների, որոնք անտեղյակ այցելուն կդիտարկի իբրև սիրուն զարդանախշ, սովորական պատկեր և ո՛չ ավելին: Իսկ հավատավոր անձն ակնածանքի զգացումով կհիշի այն անհայտ բարեգործների անունները, որոնց՝ եկեղեցուն և ազգին արված նվիրատվությունները համեստորեն հիշատակվել են խաչապատկերներով և ո՛չ, բնավ, անունների արձանագրությամբ:
20-րդ դարասկզբի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին չի արվել այն կառուցողի անունն ու գործը հիշատակող և ոչ մի արձանագրություն: Չի գտնվել երախտագետ մեկը, որ գոնե խազեր աչքից հեռու մի անկյունում խորհրդանշական խաչը՝ ի հիշատակումն այն հոգևոր այրի, որի կյանքի գլխավոր գործը դարձավ միջնադարյան մոռացված սրբատեղիին կենդանություն պարգևելը և իրեն վստահված հոտի հավատն ամրապնդելը:
Տասնամյակներ շարունակ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում գտնվող Ս.Աստվածածին եկեղեցու առաջին քահանա Տեր Հովհաննեսի անունն ու գործը մոռացության են տրվել, եկեղեցու կառուցման գործում նրա ներդրումը՝ ուրացել կամ, ուղղակի, լռության մատնել: Այդ լռությունը, հավանաբար, հետևանք էր մի կողմից՝ անմիջական սերունդների շրջանում տիրող ահի մթնոլորտի (Տեր Հովհաննեսի զավակներից երկուսը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տասնյակ հազարավոր անմեղ զոհերի պես գնդակահարվել են, գերդաստանի այլ անդամներ՝ դաժանորեն հետապնդվել), մյուս կողմից՝ գուցե, իր ժամանակակիցների, այդ թվում՝ համայնքի անդամների որոշակի անփութության, հանրահայտ փաստերը բարձրաձայնելու գործում դրսևորած անհետևողականության: Եկեղեցու հիմնարկեքը տեղի ունեցավ հայ ժողովրդի համար բավական ծանր ու դժվարին ժամանակներում, երբ հայոց եկեղեցու գլխին մթին ամպեր էին կուտակված, կրթական գործը կաշկանդված էր ցարական կառավարության խիստ սահմանափակումներով և լրջորեն վերահսկվում էր ժանդարմերիայի կողմից: Հասունանում էր Առաջին համաշխարհային պատերազմի արյունահեղությունը, երբ խոշոր տերությունների մեծատիրական նկրտումների զոհասեղանին, այս էլ քանի՜ անգամ, պիտի դրվեր հայոց հինավուրց ազգի լինել-չլինելու հարցը: Մինչ ընթանում էր եկեղեցու կառույցը, քաղաքական ինտրիգների գաղջ խոհանոցում որոշվում էին ողջ ժողովուրդների ճակատագրեր, ծնունդ էին առնում արյունալի հեղաշրջումների խառնակ ժամանակների սաղմերը, երբ կառավարությունների ղեկին պիտի հայտնվեին բախտախնդիրները, և ահի ու զրպարտանքի մթնոլորտում հայ հանճարի միտքը պիտի գլխատվեր բազմագույն տեռորների զոհասեղանին: Եկեղեցին վեր էր խոյանում՝ իբրև մոտալուտ աշխարհացունց աղետներից փրկության աղերս, իբրև մեղքերի թողության հայց, իբրև փրկության խարիսխ: Նրա կառուցողները, անսասան իրենց հավատքի մեջ, պիտի անցնեին Գողգոթայի ճանապարհներով՝ անմռունչ կրելով իրենց խաչը և դատապարտվելով երկար տարիների մոռացության: Ճշմարտությունը, սակայն, որքան էլ ժամանակի փոշիներից խունացած, այդուհանդերձ անջնջելի է և, անշուշտ, մոռացությունից փրկելու և հրապարակման արժանի:
Մոլլաբայազետի՝ ներկայումս Բամբակաշատ գյուղական համայնքի տարածքում ուշ միջնադարում (ըստ որոշ աղբյուրների՝ 14-րդ դարում) կառուցված փայտաշեն տանիքով մատուռը 19-րդ դարավերջին արդեն հիմնավոր կերպով ավերված սրբավայր էր, և երիտասարդ քահանա Տեր Հովհաննեսի մեծագույն տենչն էր վերականգնել երբեմնի ուխտավայրի հռչակը, ավերակների փոխարեն վեր խոյացնել նոր աղոթատեղի՝ դարձնելով այն հավատավոր հոտին Տիրոջ խոսքը հասցնելու պանծալի վայր: Նա կատարեց իր քահանա պապին տված խոստումը՝ հայրենի օրրանում կենդանություն պարգևելու եկեղեցուն և անձնուրաց ծառայելու հոգևոր զարգացմանն ու հավատի ամրապնդմանը:
Մեր օրեր հասած կողմնակի վկայությունների և քահանայի կյանքի որոշ մանրամասների համեմատությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ Հովհաննես Տեր- Հակոբյանը ծնվել է առնվազն 1870-ականների սկզբին, ավելի ճիշտ՝ 1873-ին: Քահանայի մահվան մասին պաշտոնական վկայագրերը, մեր կարծիքով, ոչ ճշգրիտ տվյալներ են պարունակում նրա ծննդյան տարեթվի մասին: Փաստաթղթերում, ինչպես նաև քահանայի շիրմաքարին արձանագրված տարեթիվը՝ 1878թ.-ը, իրականությանը չի կարող համապատասխանել, և դրա համար կան մի շարք հիմնավոր պնդումներ:
19-րդ դարի 90-ական թ.թ.-ի ավարտին է վերագրվում Տեր Հովհաննեսի հեռավոր ուղևորությունը դեպի Նոր Նախիջևան, ինչի արդյունքում հանգանակված գումարները ծառայել են Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը: 22-ամյա նորընծա քահանային հազիվ թե վստահվեր նման առաքելությունը՝ Սարդարապատի թեմական խորհրդի անունից և Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի օրհնությամբ ու երաշխավորությամբ: Հարկավ, անհրաժեշտ էր ևս մի քանի տարի կրոնական միջավայրում և համայնքային կյանքում իր հեղինակությունն ամրապնդելու և հիմնավոր ու պատասխանատու դիրք գրավելու համար:
Միջնադարյան մատուռի գոյությունը Մոլլաբայազետի տարածքում վկայում է այստեղ հին բնակատեղիի գոյության մասին: Ճշգրիտ տեղեկություն չկա, թե երբվանից են այստեղ մարդիկ բնակություն հաստատել, սակայն հայտնի է, որ 1842թ.-ին գյուղը վերաշինել են Բիթլիսից, Սուրմալուից, Կողբից գաղթած հայերը: Հենց նրանցից է սերում Տեր-Հակոբյանների տոհմը, որի երևելի ներկայացուցիչներից մի քանիսը հանձն են առել գյուղի թեմի հոգևոր հովվությունը:
Որբության դառնությունը Հովհաննեսը շատ վաղ է ճաշակել: Մանկահասակ թոռան կրթության և դաստիարակության գործը հանձն է առել քահանա պապը: Քահանայի տանը հասակ առնելով՝ Հովհաննեսը վարակվել է ընթերցասիրությամբ, ինչն էլ հետագայում մեծապես ծառայել է կրթված և ճարտարախոս անձի ձևավորմանը: Հոգևոր կրթություն ստանալով՝ ընտրել է իր պապի ուղին: Եղել է կրթված, ջանասեր, խելացի, շրջահայաց անձնավորություն: Նրա խոսքը եղել է ծանրակշիռ, քայլերը՝ կշռադատված: Ավանդապաշտ քահանան առաջին հերթին կարգ ու կանոն է պահանջել իր բազմանդամ ընտանիքի անդամներից, եղել է սիրող հայր և նվիրյալ ամուսին: Տակավին երիտասարդ՝ քահանա ձեռնադրվելուց հետո Տեր Հովհաննեսը հեղինակություն է վայելել ոչ միայն իր հայրենի ծննդավայրում, այլ նաև ողջ Սարդարապատի շրջանում և շրջանի սահմաններից անդին:
Տեր Հովհաննեսը ծանոթ և մտերիմ է եղել իր ժամանակի շատ մեծերի, հարգանք և հեղինակություն վայելող աշխարհական և հոգևորական անձանց, մտավորականների հետ: Քահանայի գերդաստանի անդամների վրա անկրկնելի տպավորություն են թողել Կոմիտաս վարդապետի այցերը Մոլլաբայազետ: Այս այցերի մասին բանավոր զրույցները, որպես հուշ-մասունքներ, իրենց զավակներին են հաղորդել Տեր Հովհաննեսի դուստրերը, որ իրենց հոր հորդորով Կոմիտաս վարդապետի համար ողջ երեկոներ երգել են ժողովրդական բազում երգեր:
ԳՈՐԾՆ Է, ՈՐ ԶՀԱՎԱՏՔ ԿԵՆԴԱՆԻ ԿՊԱՀԵ
Տեր հոր ուղևորությունը դեպի Ռուսիո հայաշատ վայրեր զուր չի անցնում: Նոր Նախիջևանը հյուրընկալ կերպով է ընդունում Հայաստանից ժամանած հոգևոր հորը: Քաղաքի 100-ամյա գոյության ընթացքում այստեղի հայությունը ոչ միայն կարողացել էր հիմնավորվել ու կայուն ապրուստ ստեղծել, այլև զգալի միջոցներ էր կուտակել իր հայրենակիցներին օգնելու համար:
XX դ. սկզբին Ն.Նախիջևանի հայությունը մշտապես կապ էր պահպանում Հայաստանի հետ, զգալի դեր խաղում հայության ազգային-ազատագրական պայքարում, արձագանքում հայաստանյան բոլոր իրադարձություններին, նպաստում մշակութային կյանքի զարգացմանը: 1860-90-ական թ.թ.-ին ստեղծված «Մարդասիրական», «Նոր Նախիջևանի հայոց աղքատախնամ եկեղեցական հոգաբարձություն», «Բարեգործական» և այլ ընկերությունները, որոնք իրականացնում էին Դոնի հայկական համայնքի ինքնավարությունը, անշուշտ իրենց աջակցությունը բերած պիտի լինեին Արարատյան աշխարհից ժամանած հոգևորականի առաքելության իրականացմանը: Տեր Հովհաննեսի առաքինի պահվածքն ու ճարտար խոսքը ևս համոզիչ էին, և տեղի մեծահարուստ բարերարների շրջանում դրամական հանգանակության արդյունքում հավաքված միջոցները բավարար էին՝ խոշոր կառույցի շինարարությունն սկսելու համար: Արգասավոր ճամփորդությանն ու հայրենիք վերադարձին հաջորդում են հայրենի Մոլլաբայազետում եկեղեցու կառուցման նախապատրաստական աշխատանքները:
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՅՑԸ
Եկեղեցու կառույցի նախագծմանը, անշուշտ, մասնակից են եղել փորձառու ճարտարագետներ, որոնց մասին ոչ մի հիշատակում մեզ չի հասել: Այն ճարտարապետական տեսակետից ուշագրավ է՝ որպես 19-20-րդ դ.դ. սահմանագլխին հին, ավանդական հատակագծային և ծավալային լուծումների օգտագործման օրինակ: Սրբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Այն կետրոնագմբեթ, խաչաձև հատակագծով շինություն է: Ավագ խորանը կիսակլոր է, ունի բարձր բեմ, որից երկու դռները տանում են դեպի կողմնային ավանդատներ: Ավագ խորանի աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատները եկեղեցու բեմի հետ կապված են թաքնված, ետնադիր մուտքերով: Եկեղեցու մյուս երեք խորաններն ուղղանկյուն են: Արտաքինից բազմանիստ է՝ նիստերի անկյուններում՝ զարդարված դեկորատիվ կլոր որմնասյուներով: Ունի երեք մուտք՝ ձևավորված երկթեք շքամուտքերով: Անցումը ենթաթմբուկային քառակուսուց շրջանին առագաստային է: Գմբեթատակ քառակուսին՝ գմբեթակիր կամարները, հենվում են չորս հզոր մույթերի վրա: Եզրային թաղերը պահում են թաղակիր կամարները, որոնք հենված են մույթերի և որմնամույթերի վրա: Թմբուկը 16-անիստ է, յուրաքանչյուր նիստի վրա՝ մեկական պատուհանով: Թմբուկն ունի լայն բացված կամարակապ սյուներ և պսակվում է հսկա արտաքինից կոնաձև վեղարով: Կառուցված է տեղական նարնջագույն սրբատաշ տուֆով, հին շաղախը կիր-ավազով է, 1991-ին վերանորոգողներն օգտագործել են ցեմենտ-ավազի շաղախ: Հատակը ևս վերանորոգվել է, սալապատվել: Ներքուստ պատերը, որ մինչ այդ սվաղված են եղել, երեսպատվել են նարնջագույն սալերով: Ս. Աստվածածին եկեղեցին ունեցել է ոսկեզօծ խաչ, որը 1918թ.-ին թուրք զորախմբերի հարձակման և Մոլլաբայազետ գյուղը գրավելու շրջանում թշնամու կողմից թնդանոթի զարկով գմբեթից տապալվել է և ավարառվել:
Հիասքանչ ԵԿԵՂԵՑԻ է Խնդրակատար, մի ժամանակ սրանից 17-18 տարի առաջ կար մի երիտասարդ քահանա, որը իր ծիսակատարմամբ տալիս էր եկեղեցուն և գյուղի բնակիչներին յուրահատուկ հոգևոր շունչ, ինձ բախտ է վիճակվել մի անգամ լինել այնտեղ և լինել պսակադրության քավոր: Ես հիանում եմ այդ եկեղեցիով և թող Աստված առաջին քահանա և եկեղեցին կառուցող Տեր Հովհաննեսի հոգին լուսավորի: ԱՄԵՆ