ՄՈՌԱՑՎԱԾ ԷՋԵՐ՝ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Մկրտիչ Խրիմյանը՝ ժամանակի ամենահայտնի և ամենահարգված անձանցից մեկը, ոչ միայն հոգևորական բարձր պաշտոն էր զբաղեցնում, այլ նաև ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից էր և մեծ հեղինակություն էր վայելում թե՛ կրոնական և թե՛ աշխարհական շրջանակներում: Զուր չէր, որ նրան մեծարում էին՝ որպես Արծիվ Վասպուրականի.
«…Վասպուրական Արծիւը կը հսկէ Արարատի բարձանց վրայ»,- այսպես էր Մկրտիչ Խրիմյանի գահակալությունը գնահատում ժամանակի մամուլը («Արաքս» գրական և գեղարվեստական հանդես, 1894-1895, Ս.-Պետերբուրգ): Դեպի հեռավոր Եվրոպա, նաև 1895-ին դեպի ռուսական կայսրության մայրաքաղաք Ս.-Պետերբուրգ նրա այցերն ուղեկցվել են հայության ցնծությամբ: Դեպի Ռուսիո մայրաքաղաք ճանապարհին վեհափառին միացել են Նոր Նախիջևանի քաղաքապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին են վկայում նույն տարում Ս.-Պետերբուրգում տպագրված հայալեզու հանդեսում զետեղված հոդվածում շարադրված փաստերը. «Նորին Սրբութեան շքախումբը կազմում էին՝ գեր. Կարապետ եպիսկ. Այվազեան, արժ. Բարթուղիմեոս, Հուսիկ՝ Բեսարաբիոյ թեմի կառավարիչ, Նահապետ, Հուսիկ՝ Վեհափառի քարտուղարը, Մխիթար՝ Ն.-Նախիջևանի յաջորդ, վարդապետները ու Վահան սարկավագ. նաև Խորեն էֆ. Խրիմեան: Նորին Օծութեան արտակարգ գնացքում կային նաև Ն.-Նախիջևանու քաղաքագլուխ՝ պ. Մ. Բալաբանեան, Մոսկուայից՝ պ. Մ. Պօպովեան, Բագուից՝ պ. Ա. Թումայեան»: Այդ հեռավոր օրերի շունչն ու ոգին, հույսերն ու տրամադրություններն առանց դույզն-ինչ աղճատելու մեր ընթերցողին փոխանցելու լավագույն եղանակը, թերևս, 1895թ. Ս.-Պետերբուրգում տպագրված «Արաքս» գրական-գեղարվեստական հանդեսից մի հատված մեջբերելն է: Թերթելով վաղեմի տարեգրության էջերը՝ պատկերացում ես կազմում, թե որչափ մասշտաբային են եղել հայ ժողովրդի բազմադարյան տառապանքներին վերջ դնելու, հույսի դռները բանալու առաքելությամբ հայ հոգևոր իշխանությունների գործադրած ջանքերը: Ռուսաց կայսերն Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի կատարած հեռավոր այցը հեռահար նպատակներ ուներ, և դրա հետ կապված հույսերի մասին է խոսում այն մեծ ոգևորությունը, որ համակել էր հայ հասարակությանը Պետերբուրգում Վեհափառի այցելության օրերին: «1895թ. մայիսի 18-ին մայրաքաղաքումս յայտնի դարձավ, որ Նորին Վեհափառութիւն Հայոց կաթողիկոսը ժամանելու է Նոր-Նախիջևանից Պետերբուրգ: Այս ուրախալի լուրը արագութեամբ տարածուեցավ տեղվոյս ազգայնոց մէջ և ամեն ոք, մեծ ու փոքր, սրտատրոփ սպասում էին այն օրուան, երբ Նորին Օծութիւնը մտնելու է Ս.-Պետերբուրգ: Մայիսի 25-ին Նորին Օծութեան գնացքը Պետերբուրգ ժամանելուն պէս՝ խռնուած ժողովրդի ոգևորութեանը սահման չկար, «կեցցէ Հայրիկ», «կեցցէ Վեհափառ» և այսպէս հայ ժողովրդի ցոյցերը վերջ չունեին: Վեհափառի կառքի առաջից գնում էին կառքով երկու վարդապետներ հայրապետական գաւազանը ու խաչը ձեռքներին, իսկ յետևից՝ գեր. Կարապետ սրբազան և շքախմբի միւս անդամները: Վեհափառին յետևում էր հայ ժողովրդից այնպիսի մի բազմութիւն, որ Նեւսկի պողոտայում կառքերի անցուդարձը կանգ առավ և ոստիկանները ստիպուծ էին հայ հասարակութեան սրարշավ քշող կառապաններին կարգապահութեան հրաւիրել: Այդ օրը Նեւսկու վերայ օտարազգի ժողովրդի հետաքրքրութեան չափ չկար, աւելի ևս երբ տեսնում էին հայ վարդապետներին ձեռքներին բռնած հայրապետական խաչ ու գաւազանը և Վեհափառի կարմրազգեստ հագուստով չաթիրներին: Նորին Օծութիւնը կառքից իջնելով ամպհովանու տակ, որ բռնել էին գեն. Ալխազեան, պ.պ. Եղեան, Խորհրդարանին նախագահող բժ. Յարութիւնեան և տեղվոյս եկեղեցեաց երեցփոխ Ն. Թաղիանոսեան ու կարմիր մահուտի վրայով ժողովրդական ցոյցերով և եկեղեցական երգեցողութեամբ մտաւ ուղղակի տաճար, անցնելով թարմ ծաղիկների վրայով, որ ցրվում էին հայ կանայք և օրիորդներ: Վեհափառը աղօթելուց յետոյ, բարձրացաւ բեմ և ժողովրդին ողջունելով ու օրհնելով՝ մի քանի կարճառօտ խրատ ուղղեց»:
Մայիսի 25-ից մինչև հունիսի 13-ը տևած այցելության ընթացքում Խրիմյան Վեհափառի հանդիպումներն ու փոխայցերը Պետերբուրգի քաղաքապետ Ֆոն-Վալի, օտար դաւանութեանց վարչութեան կառավարչի գաղտնի խորհրդական Մոսոլովի, հանրային կրթության նախարար կոմս Յ. Դելեանեայի, ներքին գործոց նախարար Դուրնովոյի, ավագ արարողապետ իշխան Դոլգորուկու, արտաքին գործոց նախարար իշխան Լոբանոֆ Ռոստովսկու, Մեծ իշխան Միխայիլ Նիկոլայևիչի և այլոց հետ, լուրջ բանակցային գործընթաց էր հայոց խնդրի շուրջ: Այցն այդ պսակվել է Նիկոլայ II կայսեր հետ հանդիպումով, ինչի ընթացքում Խրիմյան Հայրիկը Ռուսաց ցարից հայցել է նրա պաշտպանությունը Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման համար: Ողջ հայությունը, հատկապես Արևմտյան Հայաստանում, որ հալածված էր ու կեղեքված, ու որպես հույսի վերջին ապավեն, այս էլ ո՜րերորդ անգամ, փրկության ակնկալիքով իր աչքը հառել էր Արևմուտքին և Ռուսիո միապետին, անհամբեր սպասում էր հայոց կաթողիկոսի հեռավոր այցի արդյունքների մասին լուրերին: Կայուն կամք ունենալու և լավատես լինելու, հայոց ինքնությունը պահպանելու կոչ է անում Հայոց Հայրիկն իր աշխարհասփյուռ հոտին: «Նորին Վեհափառութիւնը մի քանի անգամ եղաւ եկեղեցում, որի շնորհիվ առանձին շքեղությամբ անցան Ս. Հռիփսիմեանց, Գայանեանց և Ս. Լուսաւորչի ու Ս. Էջմիածնի տոները… Ամեն անգամ Վեհափառը եկեղեցում մխիթարում էր իւր հօտին հայրապետական քարոզներով. «Ես կարծում եմ որ դուք ինձ կը հարցնէք, թէ, Հայրիկ, Դու ուստի գաս,ասա մեզ, արդյոք ո՞ղջ է մեր Մայր Հայաստան, ո՞ղջ են իւր հայ որդիներ: Գիտեմ, կան թերահաւատ մարդիկ որք յուսահատ են և յուսահատաբար կը խոսեն. կասեն թէ Հայաստան մեռած է, և կիսամեռ ընկած: Իսկ ես կ’ավետեմ ձեզ, թէ Հայաստան կենդանի է և կենդանի պիտի մնայ: Եթե Հայաստան շատ բան կորուսեր է, սակայն չորս հազար ամաց հետէ Աստուածային պահպանութեամբ տակաւին կ’ապրին նորա ճիռեր. այո՛, Հայաստան կայ և պիտի մնայ, երբ նորա դրացի մեծ ազգեր Մարք և Ասորիք անցեր գնացեր են և միայն պատմութեան մէջ հետք թողեր են: Դուք քաջ գիտէք որ այսօր Հայաստան բաժանուած է երկու դրացի պետութեանց մէջ: Մի մաս, որ ինկած է Տաճկաց իշխանութեան ներքոյ, այսօր հեծում է բազմատիմի զրկանաց և տառապանաց մէջ: Կը հավատանք թէ Աստուածային նախախնամութիւն բաւական համարելով իւր հաւատացեալ ժողովուրդին չարչարանքը, իւր այցելութեան ձեռքով շարժեց քրիստոնեայ տէրութեանց սիրտը որք այսօր միանալով համերաշխաբար, ոչ միայն կը յուսանք, այլ և աներկմիտ կը հաւատանք որ վերջ տան Թուրքիոյ հայոց աշխարհի ներկայ դրութեան և վերանորոգեն երկրի վարչական նոր բարեկարգ վարչութիւն… Բովանդակ հայոց ակնկալութեան աչք կը յառին դէպի թագաւորն Ռուսիոյ, որ իւր վախճան դնե հայոց վաղեմի և հնացեալ խնդրոյն… Մեր Հայաստանն այժմ մի վիրաւոր է, որ կիսամեռ ինկած է, տեսնենք թէ ո՞վ պիտի օգնէ նորան իւր այդ վիճակից ազատելու համար. ի հարկէ դրացին դրացիի վիճակ առավել մօտիկէն կը ճանաչէ և կը հասկանայ քան թէ օտարը…»: Սերունդներին ուղղված հավերժական պատգամն էր նաև գործով հաստատել իրենց հավատքը: Ս.-Պետերբուրգի հայկական հոյակերտ տաճարի կառուցման գործում Լազարյանների մեծատոհմիկ գերդաստանի ներդրման վերաբերյալ Խրիմյան Հայրիկի բարձր գնահատանքը, որ նա տվել էր Ռուսաց հպատակ հայերի հետ հանդիպմանը, խոսում է նման ձեռնարկումների նկատմամբ Վեհափառ Հայրապետի մոտեցման մասին: Այդ դասերն այսօր առավել քան արդիական են: «Անցյալ օր երբ մտայ այս Տաճար, ողջունեցի զձեզ, իսկ այսօր հարցնում եմ ձեզ թե ո՞ղջ էք, ինչպէս երբեմն Փրկիչն մեր հարցնում էր իւր աշակերտաց: Արդարև ողջ լինել՝ եթե մարմնապէս ընբռնենք՝ կը նշանակէ այն որ մարդս կենդանի է կեանքի մեջ, զօր օրինակ, կուտէ, կը խմե, կը գործէ, կ’ապրե և այլն: Բայց իմ հարցմանս միտք այլ է, թե ինչպես մարմնով՝ ո՞ղջ էք նաև հաւատքի մէջ, ո՞ղջ էք նաև քրիստոնէական պարտիքներ կատարելու մէջ, ո՞ղջ էք աստուածասիրութեան և ընկերասիրութեան մէջ, վասն զի հաւատք, առանց գործոց մեռել է, կասէ առաքեալ: Եթե քրիստոնեայ անուն կրող հաւատացեալ չունենայ նաև քրիստօնէավայել գործք, այլ միայն անունով երևնայ որպէս քրիստոնեայ, եկեղեցի յաճախէ, սաղմօս ասէ և չ’առնէ միտք, Ավետարանին լսէ և չը կատարէ պատուէրներ, այդ չի նշանակիր քրիստոնեայ լինել կատարեալ կերպով, զի այդպէս էր երբեմն Իսրայէլի ժողովուրդ, որոյ դեմ կգանգատեր Տէր Աստուած մարգարէի բերնով, «թե այս ժողովուրդ միայն շրթունքով զիս կը պատուէ, իսկ իրենց սիրտ հեռացած է ինձմէ»: Սոսկ հաւատք գիտէ՞ք ինչ բանի կը նմանի, ճիշտ ներսը փտած ծառի, որ դրսի կողմէն միայն կեղևներ ունի, և կանաչ տերևներ, մարդիկ արտաքուստ նկատելով կը կարծեն թէ ծառն իսկապէս ողջ է: Պէտք է գիտնաք, որ գործն է որ զհաւատք կենդանի կը պահէ, և մենք գործեն պետք է կշռենք մարդոյն հաւատքը, և ապա դատինք թէ նա կեղծ կամ ճշմարիտ քրիստոնեայ է. հաւատք հաւատացելոյն համար մինչև ի գերեզման կը տևէ, բայց գործոց յիշատակ, գերեզմանէն յետոյ ևս կը մնայ աշխարհի վրայ: Ահա ձեզ մի կենդանի ապացոյց, այս հոյակապ եկեղեցին և տաճար, որ շինուած է Լազարեանց մեծատոհմիկ գերդաստանի շնորհիւ, պատմութիւն ցոյց կուտայ մեզ, որ Պարսկաստանից գաղթած է ժամանակին և եկել այս մայրաքաղաք և յաջողութիւն գտնելով կառուցած է այս եկեղեցին՝ մշտնջենական յիշատակ թողնելով գնացած այս աշխարհէն»:
ՍԻՐԵՑԷՔ ԶՄԻՄԵԱՆՍ …
Լսենք Խրիմյան Հայրիկի՝ դարերի խորքից մեզ հասած պատգամը. «…Ես, իբրև Աւետարանի աշակերտ, ձեզ միայն մի բան կը կտակեմ, այն է «սիրեցէք զմիմեանս», այսինքն իրարու սիրեցէք: Եթե ճշմարիտ աւետարանական սիրով զիրար սիրէք, էլ ձեզ ոչինչ չի պակսիր, մանաւանդ օտարութեան մէջ շատ աւելի պէտք ունինք իրար սիրելու… Սիրելիներ, ցանկացայ վերջին անգամ ևս ձեզ հետ խոսել, ձեզ Աւետարան բացատրել, բայց կարճ և երեք տառերով պիտի ասեմ, ինչ որ Աւետարանի ընդհանուր բովադակութիւնն է, այն է «սէր», այո՛, Աւետարան ամբողջ իւր մէջ սէր է բովանդակում, զի Աստուած սէր է… Եթե կան ձեր մեջ անբաւականութիւններ, հեռացրէք ձեզանից այդ ոգին, իրարու հետ սիրով և խաղաղութեամբ ապրեցէք, և պիտի տեսնաք որ երջանիկ պիտի լինիք»:
Հատվածներ Հասմիկ Սարգսյանի «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանից
Նյութը տրամադրեց Հասմիկ Սարգսյանը
ՄՈՌԱՑՎԱԾ ԷՋԵՐ՝ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿՅԱՆՔԻՑ
Aselu shat ban ka. Hamenain deps hargeli Hasmik Sargsyan shat uraxali e, vor duk karoxanum ek nman temaner ver hanel hamaspyur boloris hamar. Shnorhakalutyun Dzez. Ev noranor nyuter haytaytek arxivneric.
Հարգելի Հասմիկ Սարգսյան,շնորհակալություն հետաքրքիր վկայություն տալու համար…..Ես ժառանգն եմ՝տեր Վահան տեր Գրիգորյանի,որը ՝գրի է առել«Սասնա Ծռեր »պատումը, արձանարության մեջ վկայութ. կա,նա ընկերն ,հայրենակիցը, ու ժամանակ. եղել՝ Խրիմյան Հայրիկի,որը Տաթեվ գնալու ճանապարհին իջեվանել է տեր Վահանին….Իսկ տեր Վահանի՝ որդին՝Մովսես տեր Գրիգորյանը ավարտել է,Էջմածնի ճեմարանը,բռնադատվել,որպես դաշնակցական…. կցանկանայի նոր վկայութ.Խրիմյան Հայրիկիհետ կապված,սարկավագ՝ը ո՞վ է…….
Շնորհակալություն:
Շնորհակալություն: