ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

ԶԱՎԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նարեկ Հովսեփյան Narek Hovsepyan

Լույս է տեսել Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. Առեղծվածային ակնթարթ» վերտառությամբ գիրքը (խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյան): Նախ փաստենք, որ սույն գիրքը, առանց դույզն-ինչ չափազանցելու, աննախադեպ գրական և գիտական ժառանգություն թողած, անօրինակ խորությամբ առլեցուն մտքերի հեղինակ հրաշապատանու մասին է, ում գործը անհնարինելիության չափ դժվար է պարփակել նրա ապրած տասնյոթ տարիների ծիրում: Ինչպե՞ս է կյանք մտած-չմտած Նարեկին հաջողվել բազմաթիվ մաքսիմներում «իր հունձքը» կատարել իմաստնության անիմանալի  խորխորատներում, հավանաբար, այդպես էլ կմնա առեղծվածին մերձ: Իրոք, մարդկության պատմության մեջ եղել են (և կան) հրաշամանուկ բանաստեղծներ, շախմատիստներ, մաթեմատիկոսներ…, բայց ինձ հայտնի չէ գեթ մի մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանզի մարդ-աստվորն իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է սոսկ տասնամյակների ընթացքում, և թվում է՝ այլ արդյունավետ ճանապարհ չկա: Սակայն հանճարեղ պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը՝ իր միակ  անմրցակից հակաօրինակով: Եվ ծնվեց առեղծվածը գիտության վերջից անդի՜ն, անդի՜ն …, որը հասու չէ ոչ մի  «սպիտակուցային» ուղեղի: Նարեկ-պատանին լոկ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների տարեգիրը չէ: Նրա շատ մտքեր ուղենիշային են, միտված ապագային: Առանձնապես հետաքրքիր է նարեկյան աշխարհակառուցվածքային մոդելը  «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակում, որը (թեպետ իր որոշ եթերային բնույթին) կարող է հեռավոր ապագայում իրականանալու իրավունք ձեռք բերել:
Նարեկի մաքսիմների աչալուրջ ընթերցեղը անմիջապես կնկատի, որ նրանց մեջ փիլիսոփայությունը միախառնված է պատմության, հոգեբանության, մաթեմատիկայի, արարչագործության հետ… Որքան դիպուկ և մշտատև հնչողություն ունի Նարեկի ներքոտպյալ միտքը, ինչքան է այն «homo sapiens»-ին երկյուղող, բայց նաև սթափեցնող. «Կյանքը երկրի վրա սկզբնավորվել և շարժման մեջ է դրվել Բարձյալ բանականության կողմից, սակայն այն տրամաբանական վախճանի կհասնի գերիշխանության հանդեպ մեր հիվանդագին պաշտամունքի հետևանքով»:
Իրոք, անչափ ցավալի է, բայց հավանաբար այս խորիմաստության հեղինակը ճշմարիտ է:
Արգո ընթերցող, ով կարող է պատկերացնել, որ անգամ կյանքի երկրորդ տասնամյակը չբոլորած պատանին կարող է հանդես գալ այսպիսի խորաթափանց դիտարկմամբ.
«Բուրգի հիմքը լայն է, հենման մակերեսը՝ մեծ, կործանման վտանգը՝ փոքր, տեսադաշտը՝ սահմանափակ: Գագաթի հենման կետը կախյալ է, զբաղեցրած տարածքը՝ փոքր, կործանման վտանգը՝ մեծ, տեսադաշտը՝ անսահմանափակ: Խոնարհվել հիմքի՞ն, թե գագաթին.
Այս է խնդիրը…»:
Անորոշ ու բազմեզր հարց, իսկը և իսկը շեքսպիրյան «Լինե՞լ, թե՞ չլինել…»-ու հանգույն:
Նարեկի ստեղծագործությունների առիթով ցանկանում եմ մի ընդհանրացում կատարել: Պարզվում է, որ շատ հաճախ երևույթները տիեզերքում ընթանում են՝ ենթարկվելով հակադարձ համեմատականության օրենքին, բազում օրինակներից մեկը՝ վառվող մոմի «կյանքը» հակադարձ համեմատական է նրա այրման ինտեսիվությանը: Բայց, ավա՜ղ, այդ օրենքին է երբեմն ենթարկվում նաև մեր կյանքը: Բնության մեջ հանդիպող մի օրենք ևս մատնանշեմ՝ գինու հնացման օրենքը:
Մեծարգո Նարեկ, քո պարագայում գործեցին այդ երկու օրենքները, կարճառոտ եղավ երկրային ուղիդ, բայց երկա՜ր, շատ երկա՜ր է լինելու երկնային ճանապարհդ, իսկ գործե՜րդ, գործե՜րդ անխուսափելիորեն ենթարկվելու են գինու հնացման օրենքին:
Իսկ ում սիրում են Աստվածները, փութում են նրանց տանել իրենց մոտ… Անընդդիմանալի և ի վերուստ կանխորոշված է ցանկությունը Բարձյալի…
Վերջում նշենք, որ Նարեկի մասին ի խորոց սրտի գնահատանք խոսք են ասել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը և մշակույթի ու գրականության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, իսկ Հասմիկ Գուլակյանի վերոհիշյալ գիրքը մի հաջողված փորձ է, Նարեկ Հովսեփյանի գրական ժառանգությունը նորովի արժևորելու գործում:

ՏԵՍ ՆԱԵՎ ՝

1- ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

2- Վիպակ-ուտոպիա

3- ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

4- Նարեկ Հովսեփյան (հարցազրույց)

5- ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ( ՄԱՔՍԻՄՆԵՐ )

6- «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

Одна идея о “ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Добавить комментарий