ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ.

ԳՐԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ

Սիրով նվիրում եմ
Նարեկ Հովսեփյանի ծննդյան 25 և
ՀՀ անկախության 20-ամյակներին`
Նարեկի անունից մաղթելով մեր երկրին`
իր քաղաքացիների համար արժանապատիվ
ու բարեկեցիկ կյանք ստեղծելու և
ապահովելու կամք ու կորով:

ԱՌԱՋԱԲԱՆ

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց:
Նարեկ Հովսեփյան

Կարդում ես Նարեկ Հովսեփյանի խորախորհուրդ մտքերը և մտածում, թե այդպիսի մի արտասովոր հայ էր նաև Պապ թագավորը, որն ընդամենը 17 տարեկանում քաղաքական այնպիսի խելացի ու ազգափրկիչ ծրագրեր սկսեց իրականացնել, որ սարսափեցրեց բյուզանդական արքունիքին և դավադրաբար նահատակվեց նրա ձեռքով:
Հազար ափսոս, որ Նարեկն այդքան վաղ է հեռացել կյանքից, և նրա աստվածային եզակի իմաստությունը չի ունեցել շարունակություն: Նրա մտքերը պատշաճում են մեծ
կենսափորձ ունեցող հզոր գրողի, որն աշխարհ է տեսել, բազմազան շփումներ է ունեցել, կյանքի երկար ուղի է անցել, տիրապետել է տարμեր լեզուների: Դրանք մարգարեություններ են, որոնք միստիկական խորհուրդ ունեն. նրանց մեջ մարդկության դարավոր կենսափորձն է` շատ երիտասարդ, գրեթե մանկական ուղեղից ծնված:
Եվ այդ ամենը` ոչ մայրաքաղաքային միջավայրում, ոչ հատուկ հսկողության ներքո: Ես սրտի անասելի ցավ եմ զգում մեր ազգի կորստի համար. ինչ պայծառ երևույթ ենք կորցրել` դեռ ձեռք չբերած, ինչ անփութություն ենք ցուցաբերել մեր այս դժվար օրերին Աստծուց մեզ մատուցված պարգևին:
Նարեկը ծնվել է 1986-ին` Արցախյան շարժումից երկու տարի առաջ, մեզ հետ կրել է ազատագրական պայքարի բոլոր դժվարություններն ու տառապանքները և, ինչպես Անտուան դը Սենտ Էկզյուպերիի Փոքրիկ իշխանի նման հայտնվել էր դժվար պահին` թողնելով իր արտասովոր երևույթիմ աստություն մոլորակը, այնպես էլ ձուլվել է հավերժին:
Եթե փորձենք գիտականորեն դասակարգել Նարեկի գրական ժառանգությունը, որն ավելի քան փիլիսոփայական ուղղվածություն ունի, ապա պետք է փաստենք, որ նա քննել է միկրոկոսմի ու մակրոկոսմի փոխկապերի խնդիրները և այդ կապի մեջ մարդու համար թողել է լուսավոր այն հույսը, որն առկա է նաև Նարեկացու «Մատյանում»:
Նարեկ Հովսեփյանը մեզ է ավանդել իր մաքսիմները, որոնք պատգամներ են` ուղղված իր ազգին, թողել է իր եզրահանգումները մանկավարժության, դպրոցի, գիտության, երաժշտության, գրականության, հոգեբանության, հավատի և, ամենակարևորը, հայրենասիրության վերաբերյալ:
Աշխարհի մասին Նարեկի գիտելիքների հիմնական աղբյուրը եղել են բազում-բազում գրքերը, որոնք նրա ամենօրյա սնունդն էին: Որքան ճիշտ է նա բնութագրում գերիրապաշտ Սալվադոր Դալիի արվեստը. «Մի մեղադրեք սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիին: Նրա հանցանքն ընդամենը իրերի խորքը տեսնելու անմեղ ցանկությունն էր»: Որքան կուզեի, որ քեզ նման բացառիկ հրաշամանուկը եղած լիներ Բարսելոնում, տեսներ Սալվադոր Դալիի գործերի հսկա հավաքածուն, տեսներ Անտոնիո Գաուդիի «Սագրադա Ֆամիլիան», որը պիտի խոսեր աստվածային հոգուդ հետ: Սակայն, առանց դրանք տեսնելու, դու, թվում է, գիտես դրանց մասին, դու, թվում է, եղել ես Ամստերդամում, հիացել Վան Գոգի նկարների թանգարանով ու ներկայացրել այդ նկարչի արվեստի գնահատման քո հրաշալի բանաձևը. «Ով չի տեսել Վան Գոգի հիասքանչ հռչակավոր «Արևածաղիկները», նա չի հասկացել, որ նկարչի հոգին արևի ծարավ է, լույսի կարոտ…»:
Նարեկը տեսնում է կյանքի երևույթներն առավել բարձրից, քան մարդկային գլուխն է: Անշուշտ կարդացել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը և խորապես հասկացել այդ գլուխգործոցի վերժամանակյա ու համամարդկային խորհուրդը, լսել Նարեկացու` հանուն մարդու մաքրագործման ու աստվածանալու արձակած այն սաստող ճիչը, որի ձայնը լսվում է դարերի խորքից. «Հայ գրականության մեջ Նարեկացու հայտնությունն օրինաչափություն էր, թե՞ պատահականություն:
Չմեկնաբանենք:
Կարևորն այն է, որ աշխարհին և մարդկությանն արժանապատվորեն ներկայանալու հնարավորություն ունենք` ի դեմս հրաշագործ «Մատյան ողբերգության»»:
«Աշխարհի կոմպոզիտորներ» հանրագիտարանում, որը կարդացել եմ Տորոնտոյում, կան Կոմիտասի և Արամ Խաչատրյանի անունները` համապատասխան հոդվածներով, որոնք գրել են առաջնակարգ մասնագետներ: Նարեկի` այդ կոմպոզիտորներին տված գնահատականները կպատշաճեին ամենահեղինակավոր հանրագիտարանի սեղմ բնութագրմանը. «Կոմիտաս երգահանի հոգևոր ժառանգությունը հայ ոգու ամենանուրբ ծալքն է` համեմված ժողովրդական ստեղծագործ իմաստությամբ:
Խաչատրյանն այդ նույն ոգու կամքի մեկնաբանն է. իր երաժշտական հրաշակերտ, հզոր կառույցներին շաղախել է
կորով և առնականություն…»:
Շատ շուտ է հասկացել Նարեկ Հովսեփյանը դպրոցի և ուսուցչի դերը մարդու և ազգի կյանքում. «Դպրոցն ուժի աղբյուր է»,– ահա նրա բանաձևը, որը միշտ արդիական է լինելու: Մտավոր ու հոգեկան տվյալներով շատ բարձր լինելով իր ուսուցիչներից` μնականաμար խոցվել է վերջիններիս
փոքրոգության պատճառով, և ծնվել է հետևյալ դիտարկումը.
«Ասացիր` իբր ուսուցիչ ես դու, քեզ հավատարիմ աշակերտ եղա:
Ասացիր` իբր բազում է հոգսդ, ես որդիաբար քեզ նեցուկ եղա` մնալով խոնարհ:
Իսկ երբ իմ մասին քեզ հարցում արին, թե ո՞վ եմ կամ ի՞նչ,
Ձեռքդ չդողաց` ինձ ընդամենը չորս «ընծայեցիր» մեծահոգաբար:
Ուսուցի՛չ, ասա՛, անունդ ի՞նչ էր»:
Պետությունը Նարեկի համար սևեռնամիտ գաղափար է:Նա էլ անտիկ ժամանակներից եկող իմաստունների նման համոզված է. «Պետությունը կարիք ունի պետական մտածողությամբ այրերի»:
Հայրենիքն ու պետությունը նրա մտածումների հիմնական առանցքն են: Նա հիանալի գիտե Հայաստանի անցած պատմական ուղին, իր` թագավորի կատարելատիպը Տիգրան Մեծն է, ինչպես Մովսես Խորենացու համար` Տիգրան Երվանդյանը, և ինքն էլ մեր հանճարեղ Պատմահոր նման ուզում է ներկա Հայաստանի պետական այրերի մեջ արթնացնել Տիգրան Մեծի ոգին. նա գիտակցում է, որ իր Հայրենիքը շատ դարեր առաջ վայելել է աշխարհակալ լինելու փառքի հաճույքը: Նարեկ հրաշամանուկին անհանգստացնում է ներկայիս անկախացած Հայաստանի պետականության ճակատագիրը. վերջինիս հզորացմանը նպաստելու մտահոգությունը նրան ուղեկցում է ամեն պահի. «Պետական այն այրերը, որոնք անձնական շահը գերադասում են պետականից, առնվազն ջուր են լցնում թշնամու ջրաղացին…»:
Մեծն Հովհաննես Թումանյանը պահանջում էր, որ հայ գրողը հառաչի իր ժողովրդի մեծ Հառաչանքը: Նարեկը` այդքան մանկահասակը, փորձում է ելքեր գտնել իր ժողովրդին խոսքով օգնելու, այնպիսի պատգամ տալու, որը նրան կտանի դեպի լույսն ու բարեկեցությունը:
Թվում է, թե նրա եզակի գրական երախայրիքը` «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը, հայ ժողովրդին դարավոր կորուստներից ու օրհասներից վերջապես փրկելու ծրագիր է:
Ինչպես աշխարհակործան ջրհեղեղի ավարտն ավետել է նոյյան աղավնին, այնպես էլ Նարեկ Առաջին արքայի ծրագիրը մշտապես ու հավետ անխոցելի է դարձնելու Հայաստանը:
Վիպակում խառնված են ժամանակները, Հայաստանի անցյալն ու ներկան խիստ շաղկապված են, որովհետև 14-ամյա Նարեկ արքան գիտե իր երկրի անցյալը, կարգավորում է
ներկան, կանխատեսում ապագան:
Վիպակում առկա են Մովսես Խորենացու գլուխգործոցի, Եղիշեի ոսկետառ մատյանի, «Սասնա ծռեր» հերոսական էպոսի ոգին ու պատգամները: Հայերի մշտական առաջնորդներն են Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Սասունցի Դավիթը, Անդրանիկ զորավարը, ցեղակրոն Նժդեհը:
Հայաստանը հզորացնել կկարողանան մարտունակ բանակն ու առաջնակարգ դպրոցը. «Դպրոցաշինությանն ու ուսուցմանը հատկացվելիք գումարը պետք է մոտ լինի ռազմական ծախսերին»:
Հեղինակը շատ է կարևորում ուսուցչի դերը պետության հզորացման գործում, իսկ ուսուցչի առաջ դնում է խիստ անհրաժեշտ պահանջ` խոր գիտելիքներ և նվիրում դպրոցին ու աշակերտին: Այդ պայմաններին չհամապատասխանող ուսուցիչը որակազրկվում է ու հեռացվում դպրոցից: Ազգի հաջողությունների գրավականներից մեկն էլ ազգային միասնությունն է, որի առհավատչյան այն սրμազան ուխտն է, որ արքան կնքում է ժողովրդի ու նախարարների հետ` երդվելով Աստվածաշնչի, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» վրա:
Ուշագրավ է, որ այս երեք գրքերն ազգի պահպանման երեք նախահիմքերն են: Այո՛, ամեն ազգ պետք է իր կյանքը կարգավորի ըստ աստվածաշնչյան տասը պատվիրանների: Հայ ազգը մշտապես ուղենիշ պետք է ունենա Պատմահոր մատյանը և հիշի իր քաջասիրտ առաջնորդներին` Հայկին, Արամին ու Տիգրանին, որոնք երμեք չխոնարհվեցին թշնամու առաջ և մնացին աննկուն, իսկ Նարեկացու «Մատյանն» ամեն հայի պետք է պահպանի չարի որոգայթներից ու մեղսագործ դառնալու վտանգից:
Հետաքրքիր կանոնակարգ է մշակում Նարեկ Առաջինն իր պետության խորհրդարանի` Ազգընտիր գագաթաժողովի համար, որտեղ երեսփոխանների 60 %-ը մեծահարուստներ են, որոնք զրկվում են պատգամավորական աշխատավարձից, բայց փոխարենը վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, 30 %-ը նշանավոր գիտնականներ են, որոնց դերը վճռական է օրենքներ մշակելիս և ընդունելիս, իսկ 10 %-ին, որոնք ժողովրդի հարգանքը վայելող անվանի պետական ու մշակույթի գործիչներ են, նշանակում է կառավարությունը: Ինչ-որ առումով Նարեկ Առաջինի գլխավորած պետությունը հիշեցնում է Տոմազո Կամպանելոյի «Արևի երկիրը» ուտոպիան, որի համար վերջինիս ցից հանեցին:
Նարեկ հրաշամանուկն իր ազգակիցներին ապրելու, արարելու խրախույս է հղում հետևյալ պատգամով.
– Մի՞թե մեզ հետ չեն մեծն Տիգրանի, քաջն Վարդանի, անկասելի Անդրանիկի և μազում այլ քաջերի լուսեղեն ոգիները: Դադարել ենք հայ լինելո՞ւց, թե՞ մոռացել ենք արիական մեր ծագումն ու փառապանծ Մասիսների խորհուրդը: Ըմպենք Կաթնաղբյուրի կենսատու ուժի ակունքներից` գորովագութ ու կորովի Դավթի նման:
Հետաքրքիր է, որ Նարեկը վիպակում մեծ դեր է հատկացնում հայ կնոջը` պահանջելով, որ նա անդամակցի իշխանությանն ու մասնակցի երկրի կառավարմանը: Ուշագրավ է, որ երկրի թագավորն ու թագուհին պետք է լինեն իրենց արժանապատվությունն ընդգծող հագուստներով, սակայն հեռու մնան ավելորդ պերճանքից:
Նարեկ Առաջինը, իր պետության բարօրության խնդրում մեծ տեղ տալով դպրոցին ու գիտությանը, չի մոռանում արվեստը: Այդ առումով մեծ դեր է հատկացնում հեռուստատեսությանը. այն պետք է ծառայի ազգի շահերին և ոչ թե գլոբալացմանը, չպետք է տարվել օտար ու վնասակար մշակույթներով: Հեռուստատեսությունը պետք է զարգացնի
ճիշտ լեզվամտածողություն: Նարեկ Առաջինը հայոց բանակի համար մայրենի լեզուն կարևորում է այնպես, ինչպես գերազանց զինվածությունն ու խիզախությունը. «Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է»:
Եվ ամենակարևորը, որ պատգամում է Նարեկ Առաջին արքան, այն է, որ հայ ժողովուրդն իր ներկայի ու ապագայի ցանկալի վիճակի համար հույսը պետք է դնի միայն ու միայն իր վրա ու երμեք մուրացիկի նման ձեռքը չմեկնի օտարից օգնություն հայցելու համար:
Նարեկ Առաջինը սրբորեն հիշում է «Սասնա Ծռեր» հերոսական էպոսի խաղաղասիրական ոգին և մերժում է պատերազմը ոչ միայն իր ազգի, այլև ողջ աշխարհի համար. «Ովքեր խոնարհվում են պատերազմի Չարին, նրանք դեմ են բանականությանը»,– ասում է նա:
Նարեկի համար «Մարդկային բանականությամμ ստեղծված ամենահանճարեղ գյուտերից մեկը գիրքն է…»:
Սիրելի Նարե՛կ, չգիտեմ` դու եղե՞լ ես արդյոք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, սակայն քո մտքի թռիչքը հասել է նաև այնտեղ, վայելել մեր մագաղաթյա մատյանների առինքնող հրաշագեղությունը և քո գրչի տակ դարձել համակող ձոն. «Հայոց ոսկեղենիկ գրաբարը մարմնացյալ երաժշտություն է, որը հնչել է առ Աստված մեր անձեռակերտ տաճարների լուսեղեն կամարների ներքո` որպես լինելության աղոթք և աներկբա հույս:
Այսօրվա մեր գոյությամբ պարտական ենք խնկաբույր գրաբարին…»:
Նարեկը եղել է նաև մաթեմատիկոս և տիեզերքի գաղտն ագրումը տեսնում է հենց թվերի մեջ: Նա սիրում էր կյանքը, սակայն նրա երկրային կյանքը եղավ ակնթարթ:
Նարեկի «Առաքելություն իմաստության տաճար» գիրքը լույս է տեսել 2005-ին, շատ կուզեի, որ այն հմտորեն թարգմանվեր ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով` աշխարհին ներկայացնելու համար հայ հրաշամանուկի եզակիությունը:

Աելիտա Դոլուխանյան
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
25. 11. 2013

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

 

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ԴԵՍՊԱՆԸ

 

Ավա՜ղ, իմ սկիզբս իմ վախճանս եղավ…
Պետրոս Դուրյան

Յուրաքանչյուր երկնային ճամփորդ ամեն օր ավելի է հեռանում մեզնից`
մշտապես մնալով որպես բարի խորհուրդ և հիշողություն. ուրեմն մտապահենք,
որ լուցկու հատիկների պես մենք էլ, մի ակնթարթ բոցավառվելով,
անցնելու ենք հավերժական տիեզերքի հիշողության ծալքերով`
որպես երկրային ճամփորդներ` դառնալով նրա անբաժանելի մասնիկը:
Նարեկ Հովսեփյան

Կան թեմաներ, որոնց մասին առաջինը ես եմ խոսել ԶԼՄ-ներով` մեծ պատասխանատվությամբ և համարձակությամբ:
Այս անգամ օգտվել եմ յուրայինների «ծառայությունից»: Նարեկ Հովսեփյանի և նրա «Առաքելություն իմաստնության տաճար» (2005) ժողովածուի մասին պատահաμար իմացել եմ մի բարեկամից, որը նույնքան պատահաμար «Հրապարակ» թերթի 2011 թվականի հունիսի 9-ի համարում կարդացել է երիտասարդ լրագրող Գագիկ Աղբալյանի «Այս է վարքս, և վկայողը դու ես» հոդվածը: Իմ հաջորդ քայլը, բնականաբար, հոդվածագրին փնտրելն ու Նարեկ Հովսեփյանի մասին տեղեկություններ հավաքելն էր: Եվ քանի որ այլևս անկարող էի հեռանալ Նարեկից, որոշեցի շարունակել թեման` ներկայացնելու համար մի մտածողի, «մեծ կենսափորձով» փիլիսոփայի, որն ապրել է ընդամենը 17 տարի… Նրա մտահորիզոնն ինձ շփոթի է մատնել` բառիս բուն իմաստով:
Նարեկ Սաշայի Հովսեփյանը (9.06.1986 – 7.04.2004) ծնվել է Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): Մեծացել, հասակ է առել ինչպես բոլոր երեխաները. խաղացել է ու չարաճճիություններ արել, սիրել է հայրենի հողն ու բնությունը, ծառ ու ծաղիկ, կենդանիներ, ամեն ինչից շատ գիրքը` դեռ մանկուց: Հեռուստացույցով չի տարվել, իսկ համակարգիչը նրա համար մնացել է չիրագործված երազանք: Ավարտել է գյուղի դպրոցը: Մեծ աշխարհի հետ չի շփվել: Կամեցող ու անչափ ընկերասեր է եղել, մարդամոտ, պատրաստակամ, անկաշառ, անկողմնակալ ու պատվախնդիր, ավանդապաշտ, ավագների նկատմամμ` լեռնցուն վայել պատկառանքով: Իր ապրած տարիների ընթացքում հասցրել է Երևանը մեկ անգամ տեսնել… 2003-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը… Չի ավարտել նաև 2004 թվականի ապրիլի 7-ին իր վարած` Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցերեկույթը… Գուցե ավարտել է, չգիտեմ… Շնորհավորել է μոլոր աղջիկներին, պարել նրանց հետ, հետո գինի ցողել նրանց վրա` ժպտալով շշնջալով. «Այս է արյունն իմ»:
Ապա նստել է ու գրել իր վերջին` «Անսահմանությունը տիեզերքի անցանքս դաշտն է…» արձակ բանաստեղծությունը… Հետո կանգնել է ու արտասանել այն… Իսկ հետո՞… Կրկին նստել է աթոռին, գլուխը քնքշորեն խոնարհել կողքին նստած գեղեցկուհու ուսին և… և… Այդ պահից ի վեր նա հավիտենության գրկում է… Նախօրեին հոր հետ վերջին զրույցի ժամանակ Նարեկի` «Հայրիկ, ուզում եմ, որ մահին չհավատաս» արտահայտությունը նրա առեղծվածային գոյության երկրային վերջերգի սկիզμն էր… Այդ պահից Նա արդեն անմահության ճանապարհին էր…
2011-ին Նարեկ Հովսեփյանին հաղորդաշար եմ նվիրել («Վէմ» ռադիոկայան, FM 101,6), նրա անունը հաճախ եմ տալիս եթերից, մեջբերում եմ նրա մտքերից: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, թե ինքս ինձ համար ամբողջությամբ բացահայտել եմ Նարեկի առեղծվածը` նրա ասելիքի բոլոր շերտերը, խորքերը, նրան պաշարած անհանգստությունները, ներսից հոգին կեղեքող ու մաշող մտքերը… Մտալլկում էր դա, թե ճակատագրի (բարձրյալի) չար կատակ,դժվարանում եմ ասել, բայց դաժան իրողություն է, որ նրա սիրտը կանգ է առել 18-ը դեռ չμոլորած` մտքի թռիչքի պահին: Գուցե թե սա այսօր արդեն անէական թվա, սակայն, ըստ իս, կարևոր է նրա մտքի տրամաբանական ընթացքին հետևելու համար, որպեսզի հնարավոր լինի ընկալել նրա մտածումների պատճառահետևանքային կապը:
Նարեկն ունեցել է հետաքրքրությունների անընդգրկելի շրջանակ: Իր ստեղծած (հայտնի չէ` որ տարիքում) նշանների համակարգով (դեռևս վերծանված չէ) աշխատություն է գրել մետաղների կարծրությունը մեծացնելու վերաբերյալ: Մի ուսումնասիրություն էլ (անտիպ) նվիրել է ներքին այրման շարժիչների օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու խնդրին: Հեղինակ է արձակ բանաստեղծությունների, մաքսիմների, «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակի:
Նարեկ Հովսեփյանի մտքի մագնիսը բազմաբևեռ է:
Ցավոք, Նարեկն իր գրառումներում ոչ մի տարեթիվ չի նշել, և, բացի սակավաթիվ «մատնող» մտքերից, հնարավոր չէ պարզապես կռահել, թե որ տարիքում է դրանք գրել, ինչ տրամադրությամբ կամ ինչ ազդակներ են նրան մղել հենց ա՛յդ և ոչ այլ կերպ արտահայտվելու: Գուցե թե դա էլ այնքան կարևոր չէ, որովհետև հանկարծակի` ասուպի պես հեռացել է երկրային կյանքից` իր իրո՛ք առեղծվածային էության և առաքելության մասին մեզ առաջադրելով բազում «ինչու»-ներ…
Անկախ այն բանից, թե ինչ է գրել Նարեկը, ամեն անգամ նրա տողերը կարդալիս մտածում եմ, որ նա իր փոքրիկ ափի մեջ է առել այս հսկա ու մեղսաշատ Երկիրը, գուցե թե և ողջ Տիեզերքը, որտեղ այնքա՜ն մենակ էր նա ու չհասկացված, այնքա՜ն զուլալ ու բյուրեղյա, և այնպիսի՜ հոգսեր էր բարձել իր մատղաշ ուսերին, որոնց ծանրությունը հոգեպես տաժանելի է, ֆիզիկապես` անտանելի, իսկ դիմակայության գինը…
Նարեկ Հովսեփյանի գերզգայուն μարոմետրն արձանագրել է ամեն ինչ, անգամ` հոգևոր ոլորտի ելևէջումներ ու վայրիվերումներ, հույզեր ու թրթիռներ, որոնք գիտակցելու համար մահկանացուներս տասնամյակների ճանապարհ ենք անցնում` հաճախ այդպես էլ հասու չլինելով դրանց գոյությանը կամ էությանը:
Գրքույկում ներկայացրել եմ վաղամեռիկ հեղինակի մտքերից ու դատողություններից` որպես ախտահարված մեր մշակույթի և ինքնության հզորացման μալասան: Հայրենիքում արժանապատվորեն ապրելու, օտարի ողորմածությունից չկառչելու, սեփական մշակույթն ու գիտությունը կարեվորելու` Նարեկ Հովսեփյան մտածողի հորդորներն առկախված են, իսկ երանելի արքայի` Տիգրան Մեծի դասերը յուրացնելու մեր պատրաստակամությունը, դժμախտաμար, դեռ շատ է տկար, ճիշտ կլինի ասել` անիրականանալի (դատելով մեր այսօրվա կացությունից)…
Նարեկի մասին խոսելիս միշտ շեշտում եմ, որ նրա բազմաթիվ մտքեր ու գաղափարներ մեզ` ավագներիս, ծանոթ են, μայց ուշագրավն այն է, թե ինչպես է դրանք զգացել, հասկացել ու սահմանել Նա. զարմանալիորեն հասուն դատողություններով է մեկնաμանում ու վերլուծում ամեն ինչ` մեծ մասամբ լուծման ուղիներ առաջարկելով: Եթե Նարեկը բանաստեղծ լիներ, նրա պատկերավոր մտքերի ցոլարձակումները գուցե թե այսպես չզարմացնեին կամ այսքան չհուզեին ինձ. դա կհամարեի տաղանդավոր պատանու զգացումների ու զգացողությունների ժայթքում: Բայց Նա պատանեկությանը դեռ վերջնականապես հրաժեշտ չտված մտածող է, փիլիսոփա` բառիս դասական իմաստով:
Սա՛ է ինձ համար ամենաարժեքավորը:
Գուցե շատերն իմ գնահատականը համարեն սուμյեկտիվ, չափազանցված: Քավ լիցի: Ես խոսում եմ մեր հանրությանն անծանոթ հրաշամանուկի մասին, որի փոքրածավալ գրավոր ժառանգությունն արժևորել են Սիլվա Կապուտիկյանը և ուրիշներ. կարծիքներ են գրել հետմահու հրատարակված նրա «Առաքելություն իմաստնության տաճար» ժողովածուի մասին: Ողջունելի է մեր մտավորականների վերաբերմունքն այս տակավին անհայտ մտածողի նկատմամμ: Ողջունելի է, սակայն ո՛չ բավարար: Նարեկ Հովսեփյանն ազգային հարստություն է, որին հարկավոր է արժանվույնս ներկայացնել ոչ միայն հայ ընթերցողին…

Հասմիկ Գուլակյան

ՆԱ ԿԴԱՌՆԱՐ ՄՏՔԻ ՏԻՐԱԿԱԼ, ԵԹԵ…

Այս է վարքս և վկայողը դու ես, մա՛րդ, պատս ամուր է և
հաստատուն, ինչպես վարքս, և կյանքիս այն մասը, որ տրվել է
ինձ ի վերուստ, և կյանքս լույս է, ինչպես շաղախը, որ ոգեղեն է,
ու շնորհը գրքերի մեջ է, որ թողնում եմ քեզ:
Նարեկ Հովսեփյան

Նարեկ Հովսեփյանն ապրեց մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ մեր հանրապետությունում, մեղմ ասած, կրթությունն ու գիտությունն այնքան էլ հարգի չէին (նրա հասակակիցների մեջ այսօր որոշակի թվով ոչ գրաճանաչ երիտասարդներ կան), իսկ ուսուցիչն իր բարձունքում չէր կամ հավատարիմ չէր իր կոչմանը` բառիս և՛ փիլիսոփայական, և՛ ամենասովորական իմաստով: Նարեկը հանրակրթական դպրոցի դուռը բացեց այն ժամանակ, երբ ՍՍՀՄ-ը նոր էր փլուզվել, և մենք հայտնվել էինք կործանված կայսրության փլատակներում: Հին դպրոցը քանդվել էր, նորը դեռ չկար (այսօր էլ պարզ չէ` ե՞րμ է լինելու, և լինելո՞ւ է արդյոք գիտակրթամշակութային նման քաղաքականության շարունակման դեպքում): Կրթության ոլորտը հանձնվել էր բախտախնդիրների… «Նոր փրկիչներն» սկսեցին մինչև հիմքերը կործանել «հին աշխարհը» իրենց նոր «դասագրքերով», ինչպես բազմիցս անվանել ենք դրանք` գիրք-տետրակներով: Կոչումով ուսուցիչներն իրո՛ք շվարել էին` կանգնելով փաստի առաջ․ հրապարակում համբակներն էին` դասատուներն ու վարժապետները` մանկավարժությունից մղոններով հեռու արարածներ: Եվ սրա՛նք էին հանրակրթության ոլորտում եղանակ ստեղծողները:
Նարեկը դպրոցում իր առաջին քայլերն ա՛յս մթնոլորտում կատարեց: Դժվար է ասել, թե այս ամենը ե՛րμ սկսեցզբաղեցնել նրա մատաղ միտքը, ե՛րբ սկսեց խորհրդածել կատարվածի շուրջը և ե՛րբ առաջին գրառումներն արեց դպրոցի և ուսուցչի, կրթության ու գիտության մասին, բայց այն, ինչ գրեց, ոչ միայն լավ հասկացել էր ու մարսել, այլև, ցավոք, ցմրուր ճաշակել…
Նախ հասկացավ, որ «Դպրոցն ուժի աղբյուր է», իսկ ուսուցիչն առաքելություն ունի այս աշխարհում:
«Տիգրան Մեծն ավելի մեծ կլիներ Ալեքսանդր Մակեդոնացուց, եթե նրա ուսուցիչը լիներ Արիստոտելը:
Գիտությամբ շաղախված քաջությունը հաղթանակների երաշխիքն է»:
«Մի՞թե ուսուցիչ կարող է համարվել նա, ով ազնվորեն կատարում է իր վրա դրված պարտականությունները, և ոչ թե նա, ով սրբորեն կատարում է իր պարտքը աշակերտի հանդեպ»:
Ուսուցչի առաքելությունը գիտակցած պատանու հարցն ամենևին էլ հռետորական չէ: Այսինքն` Նարեկն արդեն հասկացել էր, որ դպրոց մտնող որևէ մեկը, որ վերցնում է դասամատյանն ու մտնում այս կամ այն դասարանը, իրավունք չունի ուսուցիչ կոչվելու, եթե չի գիտակցում իր առաքելությունը, այսինքն` ուսուցչին վստահվում է մարդու, սերնդի, ազգի, հայրենիքի ճակատագիրը: Եվ Նարեկը, 2011 թվականին ՀՀ դպրոցների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթից շատ առաջ, առաջադրում է այս անչափ կարևոր խնդրի լուծման իր տարμերակը. «Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսելուց առաջ, քննություն հանձնելուց և կարգ ստանալուց հետո միայն ուսուցչին թույլատրել աշխատել դպրոցում»: Հուսանք, որ կգա նաև ժամանակ, որ, Նարեկի ասածի պես, ուսուցիչներն էլ կհանձնեն այդ քննությունը: Այլ հարց, թե այս անգամ ովքե՛ր կլինեն քննողները…
Ինչ պատկերացում է ունեցել առհասարակ Նարեկը հանրակրթական դպրոցի մասին` որպես պետության ռազմավարական կարևորագույն հենակետի, հուշում են նրա մաքսիմները. «Դպրոցը մեր ամրոցն է ու սահմանը, փող տնտեսել` թույլ ամրոց ունենալու համար և չպաշտպանված զինվոր ու ժողովուրդ, նշանակում է գիտակցաμար ընտրել դավաճանության ուղին»: Կամ` «Եթե դպրոցները դարձնենք ուղեղների ամայացման ու անապատացման գոտիներ, ապա կտանենք երկիրն ամայազուրկ տարածքներ, ուր օտարին առանց ջանադրության կհաջողվի հպատակության մտրակը բանեցնել` տաղանդավոր ու արիական հայ ազգը վերածելով բանող անասունների»:
«Գիտությամբ զինված նորագույն զինտեխնիկայի ստեղծումը կապանք է թշնամու ցանկություններին»:
«Մի ճգնեք գիտելիքից մեծամտորեն հրաժարվողին տալ ձեր իմացության ողջ պաշարը: Հավանաբար, ինքն ավելի լավ գիտե իր արժեքը»:
«Տգետ զրուցակից ունենալու դեպքում մեր կյանքը նմանվում է խավարի, իսկ խելացի զրուցակցի դեպքում` երանելի լուսաբացի…»:
«Եվ երբ Տերը քաոսից ձևում էր աշխարհը, մի՞թե չարարեց ցերեկներ, քանզի տեսավ, որ լույսն ավելի գեղեցիկ է ու ցանկալի:
Հետևենք աստվածաշնչյան խորհրդին, նվիրվենք լույսին և ավետենք լույս…»:
«Ուսուցանելով մեր ապագա մասնագետներին և ինքներս ձեռքի տակ ունենալով ռազմագիտական նորագույն նվաճումներ` կդասվենք ոչ թե փառասեր ազգերի, այլ պատվարժանների շարքին»:
Նարեկը համոզված գրում է, որ «Մարդկային բանականությամբ ստեղծված ամենահանճարեղ գյուտերից մեկը գիրքն է…»: «Նոր» ժամանակներում, սակայն, գիրքը մի տեսակ հարգի չէ. քիչ են կարդում: Բայց «Մի՞թե գիրքը նման է զորակայանում պատսպարված գեներալի, այլ ոչ թե հասարակ զինվորի, որը պատրաստ է դիմակայելու ու ճակատելու թշնամուն` ցանկացած պայմաններում»:
Նարեկն ուզում է` «Ապավինենք մանկավարժական ճըշմարիտ գիտելիքներին»: Բայց այստեղ էլ ամեն ինչ շատ հըստակ չէ: Միջնակարգը հայրենի Սևքար գյուղի դպրոցում ավարտած պատանին փիլիսոփայական հասկացությունների սահմաններում տարանջատել է ուսուցիչ-մանկավարժ-դասատու-վարժապետ արտահայտությունները: Ահա նրա մաքսիմներից մեկը, որը գրել է, հավանաբար, 8-րդ դասարանում.
«Ասացիր` իբր ուսուցիչ ես դու, քեզ հավատարիմ աշակերտ եղա:
Ասացիր` իբր բազում է հոգսդ, ես որդիաբար քեզ նեցուկ եղա` մնալով խոնարհ:
Իսկ երբ իմ մասին հարցում արին, թե ո՞վ եմ կամ ի՞նչ,
Ձեռքդ չդողաց` ինձ ընդամենը չորս «ընծայեցիր» մեծահոգաբար:
Ուսուցիչ, ասա՛, անունդ ի՞նչ էր»:
Իհարկե, վարժապետ էր նրա անունը, սիրելի Նարեկ, մերօրյա տեր Թոդիկ, որ փորձում էր իր ողորմելի գոյությունն ապահովել այդ դպրոցում: Շեքսպիրի բառերով ասած` «մարդը կարող է ժպտալ և սրիկա լինել»: Դու դասարանում ուղղել էիր նրա սխալները, իսկ նա քեզ չէր ներելու` հանուն ոչ մի բանի…
«Հավատա՛, խոնարհվի՛ր և երկրպագի՛ր ուսուցիչներիդ,որովհետև նրանք օծված են ի վերուստ…»,– գրում է Նարեկը և շարունակում.
«Հարգի՛ր և սիրի՛ր մանկավարժներիդ, որովհետև նրանք ուղենիշ են կյանքիդ ճանապարհին:
Անաղարտ ու մաքուր պահիր հուշը դասատուներիդ մասին, որովհետև նրանք են քո օրվա խորհուրդը` իրենց կարողության չափ:
Եվ եթե կարող ես, իրո՛ք ներիր վարժապետներիդ` հանդիպած պահին…
Աստծու ընձեռած բարևը տուր նրանց և անցիր անհիշաչար…»:
Ասածիդ պես այդպես անհիշաչար ու ներողամտորեն դու անցար հատկապես քո մաթեմատիկայի վարժապետի կողքով, բայց նա այնպիսի վիրավորանք էր հասցրել քո գերզգայուն հոգուն, որ ֆիզիկապես ի վիճակի չեղար հաղթահարելու այն. ինչպե՞ս կարողացավ այդ փոքրոգի արարքը քեզ այդպես ընկճել: Կենսափորձդ պակաս էր, արժանապատվությունդ` գերադրական աստիճանի, շրջապատդ` գրեթե անհաղորդակից քո աշխարհին ու ապրումներին, չարն ու նախանձողները` անհամար: Իսկ ժամանակները` պրոֆեսիոնալ տգիտության: Մեր հանրապետության երկրորդ նախագահը խոստովանում էր, որ ինքը գիրք չի կարդում, հանրակրթական դպրոցում սկսվել էր μացահայտ գործարք` առևտուր, իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով` μազար` գնահատականի, վկայականի… Անպարկեշտությունն օրինական նորմ էր դարձել և է դպրոցում. հաճախ դասարան են մտնում մարդիկ, որոնք դրա իրավունքը չունեն…
«Հարմար տեղավորվեք և համբերատար եղեք մինչև ուշաթափություն, եթե պատրաստվում եք լսել այն ուսուցչին, որը կարծեցյալ գիտուն է…». այսպես մտածողն իրավունք ունե՞ր պարտվելու չարին…
Չարերը կենսունակ են և մարտնչող. անմիջապես գտնում են իրենց դաշնակիցներին ու բռնցքվում: Այդ մասին էլ ես գրել, բայց ամեն ինչ` իր տեղում:
Նարեկն աշխարհ էր եկել այն գիտակցությամբ, որ. «Համաշխարհային մշակույթի գանձարանի տիտանակուռ ու ոսկեձույլ դռները մշտապես բաց են ազնվագույն այն մարդկանց համար, որոնց սովորելու ձգտումը նվիրական տենչանք է, իսկ լույսի ակունքից ըմպելը` արժանի պարգև…»: Ցավոք, այդ դռները շատ շուտ փակվեցին նրա առաջ:
Նարեկը հավասարապես սիրում էր թե՛ հումանիտար, թե՛ բնական գիտությունները: Հայոց լեզուն պաշտում էր: «Ազգի բնորոշումն առանց լեզվի նման է անհասցե նամակի»,– գրում է` ասես պատասխանելով ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման ջատագովներին և «Լեզվի մասին ՀՀ օրենում փոփոխություններ կատարելու մասին» ազգադավ որոշման համար կյանքի ուղեգիր ստորագրողներին: «Օտարաբանության սիրահարը նման է անձնասպանի,– շարունակում է Նարեկը:– Այսօրվա մեր գոյությամբ պարտական ենք խնկաբույր գրաբարին…»: «Հայոց ոսկեղենիկ գրաբարը մարմն ացյալ երաժշտություն է, որը հնչել է առ Աստված մեր անձեռակերտ տաճարների լուսեղեն կամարների ներքո` որպես լինելության աղոթք և աներկբա հույս»: «Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է»: «Երկրիս ապագան հայրենիքի գիտական ներուժն ու իմացությունն են»,– համոզված է Նարեկը:

Գիրքն ամբողջությամբ այստեղ՝   ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

Կարդացեք նաև՝ ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

5 идей о “ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

Добавить комментарий