Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատողներ Սուսաննա Ադամյանի և Անի Եղիազարյանի հետ
Խոստովանեմ, որ հակասական զգացումներով եմ կարդացել «Հովհաննես Թումանյանի զավակները: Արտավազդ Թումանյան. Նամականի» ժողովածուն, որտեղ մեկտեղվել են ոչ միայն ներանձնական և ներընտանեական հարաբերություններ, սենտիմենտալ պատմություններ, գիտության և մշակույթի հարցեր, կատակով` հումորով կամ հաշվապահական տեղեկանքներ հիշեցնող գրություններ, այլև 20-րդ դարի` մեզ համար ամենաողբերգական երկրորդ տասնամյակում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձություններ, հայոց հայրենիքի մի մասի կորստի ողբերգությունը, ազգային ոչ լիարժեք կյանքի պատկերը: Մեր պատմության մի կարճ ժամանակահատվածի իրական պատկերն ենք տեսնում այդ նամակներում` իր ամենաերևելի մտավորականների պատկերասրահով: Այդ նամակները, անկախ այն բանից, թե ով ում է գրել, անձնականից վերաճել են հասարակական հնչողության վավերագրերի: Այս ամենին, որպես վերջին ակորդ, հաջորդում է Արտավազդի եղերական մահը: Արտավազդի կորստի հետ չհաշտված Թումանյանը մինչև իր կյանքի վերջն սպասել է որդուն` թաքուն հույս փայփայելով, որ մի օր նա ի վերջո կգա… Անլուր ցավն իր հոգում անթեղած բանաստեղծը երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ պատգամել է յուրայիններին` խնդրելով. «…Իսկ եթե մի օր նրան գտնեք, կբերեք ինձ մոտ, թող էնտեղ կողքիս լինի, միասին լինենք: Չէ՞ որ նա ինձ համար ամենաթանկն է…»: Թումանյանի համար բոլոր զավակներն էին թանկ, բայց բազմաշնորհ ու տաղանդավոր որդու վադաժամ և ողբերգական կորուստը զավակապաշտ հոր համար բաց վերք էր… Մանավանդ եթե նկատի ունենանք, որ, ինչպես հավաստում էին ժամանակակիցները, հայր ու որդի նման էին ոչ միայն արտաքնապես, այլև ներաշխարհով, կարելի է պատկերացնել բանաստեղծի անպարագիծ վիշտը… «Ինչքա՜ն ծաղիկ պիտի բոււսներ, որ չբուսավ այս հողին, Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…»: Արտավազդ Թումանյանն ապրել է ընդամենը 24 տարի. թողել է գրավոր որոշ ժառանգություն և մի քանի գեղանկար, սակայն իր հետ տարել բազում ծրագրեր ու անավարտ երազանքներ…
Տես նաև՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ. ԱՇԽԵՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Վէմ» ռադիոկայան
26. 03. 2014
Ձայնագրությունը ներքևում՝
Շնորհակալություն. մեզ ներկայացավ Արտավազդի ամբողջական կերպարը ,որի մասին գրեթե ոչինչ չգիտեինք:
շատ հետաքրքիր հոդված եւ հաղորդում իմ ամենասիրած գրողն է Հ Թումանյանը
«Հետագայում, Պոլիս ուղևորվելուց հետո, ուր Հովհաննես Թումանյանը փնտրել-գտել էր իր սիրած որդու սպանության վկաներին, նա ինձ պատմեց, որ Արտավազդը թրի հարվածից վիրավոր գլխով ընկել է գետակ: Բայց դրանից հետո նա հույս ուներ, թե Արտավազդը սպանված չէ: Ես խոստացա Վանում տեղեկություններ հավաքել, բայց մեռյալ քաղաքում ոչ ոքի չգտա: Մի քանի ականատեսներ՝ փլատակներում ապաստանած մուրացիկներ, ոչինչ պատմել չկարողացան: Ես դառն բոթ բերեցի Հովհաննես Թումանյանին….» ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ