Հասմիկ Գուլակյանի հարզազրույցը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ
2013-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը «Արևելք–Արևմուտք» մատենաշարով սկսել է հրատարակել բանաստեղծի զավակների արխիվները: Առայժմ լույս են ընծայել երկու հատոր: Մեր սեղանին այս պահին «Թումանյանի զավակները: Աշխեն. հուշեր և ընտանեկան պատմություններ» ժողովածուն է, որին նվիրված հաղորդումով էլ «Ակունք» ռադիոհանդեսն ազդարարում է թումանյանական տարվա և Մեծ լոռեցու ծննդյան 145-ամյակին նվիրված հաղորդաշարի սկիզբը:
Հրատարակելով Աշխեն Թումանյանի արխիվը, ըստ էության, թանգարանը թումանյանագիտությունը հարստացրել է անչափ արժեքավոր նորություններով: Մասնագիտական գնահատականը թողնենք գրականագետներին, իսկ մենք թերթենք այս հատորը` մեր ունկնդիրներին նույնպես հնարավորություն տալով թեկուզ հեռակա կարգով առնչվելու Թումանյանների ընտանեկան աշխարհին ու մթնոլորտին:
Թումանյանի բազմանդամ ընտանիքը` որպես հասարակական բջիջ կամ հայկական կյանքի դրսևորում` էտալոն, եզակի է: Չգիտեմ որևէ այլ հայ մտավորականի այսպիսի բազմանդամ և այսքան օրինակելի ընտանիք, որի պատմությունը նույնքան հասարակական ուշադրության արժանացած լինի: Թումանյանն ու նրա 10 երեխաները… Անընդգրկելի թեմա է… «Եթե մեկն ինձ էսքան սիրեր, ինչքան ես եմ ձեզ սիրում, ով ուզում էր լիներ, մինչև անգամ` ուզում եմ ասեմ` ինչ ուզում էր լիներ, ինչ ասես, որ չէի անիլ նրա համար»,– կարդում ենք Թումանյանի` 1920 թվականի սեպտեմբերի 20-ին Աշխենին գրած նամակում ( 238): Օրեր անց` հոկտեմբերի 9-ին գրած մեկ այլ նամակում ասում է. «Դու արդեն գիտես, թե ձեր կյանքի ամենաթեթև ձախորդությունն էլ ինչպես է անդրադառնում իմ կյանքի վրա…» (239): Շռայլ էր, իրոք, Թումանյանի սերն իր երեխաների նկատմամբ… Թումանյանը պաշտում էր իր երեխաներին: Որքա՜ն ուշադիր էր նրանց առողջության ու սննդի հարցերում և ընդհանրապես… Սովորաբար այսքան գերզգայուն լինում են մայրերը… Ակնածանքով ես լցվում նման տողեր կարդալիս… Թվում է` չափազանցված պատմություն ես կարդում: Մինչդեռ դրանք Մեծ լոռեցու պարզ ու անպաճույճ խոսքերն են` «աչքի պես պարզ, աչքի պես բարդ»… Սա ի՞նչ եզակի դպրոց էր, ի՞նչ անկրկնելի համալսարան էր: Ի՞նչ էր ընդհանրապես ընտանիքը Թումանյանի համար: Ի՞նչ է պահպանվել Թումանյանների ընտանեկան արխիվից:
Տես նաև՝ Արտավազդ Թումանյանի նամակները
«Վէմ» ռադիոկայան 5. 02. 2014
Ձայնագրությունը լսեք ներքևում ՝
//vem.am/download.php?id=01_Hasmik_Narine%20Tukhikyan%20-%2004%2002%2014_1391671390329.mp3
SHAT USANELI HAGHORDASHAR,
Շատ հաճելի և գեղեցիկ հայերենով հաղորդում էր, կուզեի իմանալ որտեղից կարող եմ գնել այդ գիրքը