ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանի հետ
-Ե՞րբ է սկիզբ առել ժայռապատկերագրումը, կամ, որ նույնն է, ո՞ր ժամանակներին է բնորոշ գրության այս ձևը և ե՞րբ է իր տեղը զիջել սեպագրերին:
-Նախնադարյան արվեստը Հայաստանում ներկայացված է նաև տասնյակ հազարավոր ժայռապատկերներով: Դրանք փորագրություններ են անդեզիտ-բազալտների սև-կապտափայլ, արևախանձ մակերեսներին, քարե, հետագայում նաև մետաղե գործիքներով: Փորագիր ակոսների խորությունը 1-15 մմ է, լայնությունը՝ 5-35 մմ:
ժայռափորագրման արվեստը Հայաստանում սկիզբ է առել տակավին մ. թ. ա. VII-V հազարամյակներում՝ երկրագործությանն ու նստակյաց կյանքին անցնելուն զուգահեռ: Գոյատևել է մինչև մ. թ. ա. II-I հազարամյակները՝ աստիճանաբար իր տեղը զիջելով տաճարային մեհենագրին, օտար ու տեղական սեպագրերին, նախամաշտոցյան ենթադրյալ հնչյունագրերին ու այբուբեններին, հետագայում էլ՝ հնչյունային գրերին: Ինչ խոսք, մարդկային հաղորդակցության նոր գրավոր ձևերը սեպագիր, հնչյունագիր կամ այբբենական, ավելի արագ, ճշգրիտ ու միարժեք են արտահայտում տեղեկություն ու զգացմունք, ավելի զանգվածային են և տեղեկատվության կուտակման ու փոխանցման առավել կատարյալ համակարգեր են, թեև պակաս արտահայտիչ ու պատկերավոր:
ժայռապատկերների հետազոտման բարդագույն խնդիրը դրանց թվագրումն է: Փորագիր պատկերների դեպքում՝ ժամանակագրման, տարիքի որոշման բնագիտական, ավանդական եղանակները գրեթե չեն գործում: Կիրառելի են միայն պատկերագրական համեմատության մեթոդները և մի շարք այլ պատմահամեմատական եղանակներ: Բոլորն էլ անուղղակիորեն են նշում կամ հուշում ժայռապատկերի ստեղծման հնարավոր ժամանակը, այն էլ, ասենք, 500-2000 տարվա ճշտությամբ: Անկախ ժամանակագրման անորոշությունից՝ մի բան պարզ է. ժայռապատկերների մեծագույն մասը շատ հին է և գտնվում է նախնադարյան արվեստի ոլորտում: Արվեստը ծագել է ավելի քան երեսուն հազար տարի առաջ՝ ուշ քարեդարում, երբ երևան է եկել կամ ձևավորվել բանական, ժամանակակից տիպի մարդը:
-Ի՞նչն է դրդել մարդուն ստեղծել ժայռապատկերներ:
-Մարդը միշտ էլ պահանջ է զգացել՝ արտահայտելու իր տեսածն ու ապրածը թե՛ խոսքով և թե՛ պատկերով: ժայռապատկերը պատկերային մտածողության արգասիք և արտահայտություն է, նախնադարյան մշակույթի կրող: ժայռապատկերագրումը նյութական և հոգևոր մի շարք ոլորտներում նախնյաց զգացմունքների, պատկերացումների և գիտելիքների դրսևորման ձև է: Իր ժամանակին, պայմանավորված առօրյա կյանքի պահանջմունքներով, ժայռապատկերումը տեղեկությունների ու զգացողությունների արտահայտման, գրանցման, կուտակման ու փոխանցման տարածված, ընդունված ձև էր, այսինքն՝ մարդկային հաղորդակցության միջոց միմյանց ու մերձավոր սերունդների միջև: Այն մասն ու տեսակն էր աշխարհընկալումային համակարգի արտահայտման, ծիսապաշտամունքային և ուսուցողական ոլորտների: Մեր օրերում ևս ժայռապատկերն արժևորվում է: Այն ունի հիմնականում գիտաճանաչողական նշանակություն, համակողմանի հետազոտման դեպքում օգնում է վերականգնելու կորցրածը, ճշտելու և հասկանալու մեր ակունքները և, որպես հուսալի կամուրջ վաղնջական ժամանակների ու ներկայի միջև, հնարավորություն է ընձեռում պատկերացնելու հնագույն աշխարհը: ժայռապատկերը մարդկության վաղնջական մտածողության ու գործունեության կարևորագույն պատկերագրական դրսևորումներից է: Հազարամյակներ առաջ մեր նախնիների կերտած «քարեղեն մատենադարանի» դրոշմյալ էջերը պահպանել են նախնադարի շունչն ու ոգին: Դրանք արտացոլում են հեռավոր անցյալում ապրած մարդկանց կյանքի ու մշակույթի էական կողմերը, քանզի արժեքավոր տեղեկություններ են պարունակում նրանց կենցաղի ու սովորույթների, արհեստների ու հմտությունների, արվեստի ու գիտելիքների, դիցամտածողության և աշխարհընկալման մասին:
-Ժայռապատկերներն ի՞նչ բովանդակություն ունեն:
-ժայռապատկերները ցուցադրում են բնության անշարժ տարրեր, երկնային մարմիններ ու երևույթներ, կենդանի բնություն, առասպելական էակներ, մարդու գործունեություն, կենցաղ, տեխնիկա, գիտական միտք, պաշտամունք, արվեստ, ճշգրիտ և ընդհանուր պատկերում, խորհրդանշաններ և այլն, մոտ տասնհինգ թեմատիկ խումբ: Մանրամասնեմ՝
ա) Բնության տարրեր գետ, լիճ, աղբյուր, լեռ և այլն:
բ) Երկնային մարմիններ ու երևույթներ արև, լուսին, աստղեր ու աստղախմբեր, համաստեղություններ: Կա գիսավոր հիշեցնող մի պատկեր և խոշոր երկնաքարի’ բոլիդի անկման պատկերում: Բազմաթիվ են կայծակի պատկերները: Կան նաև անձրև հիշեցնող ժայռապատկերներ:
գ) Կենդանի բնության տարրեր՝ մարդը և բազմաթիվ կենդանիներ, հիմնականում՝ այծեր: ժողովուրդն իրավամբ ժայռապատկերներն անվանել է «իծագրեր»: Շատ են եղջերուի, ձիու, ցուլի ու եզան, վայրի ցուլի (տուր), հատկապես օձերի պատկերները: Թռչունները հիմնականում ջրլող են: Որսակենդանիների այսօրինակ բազմազանության դեպքում բնական է, որ պիտի լիներ գիշատիչների հզոր «բանակ»: Իրոք, շատ են հովազի, վագրակատվի (հեպարդի), գայլի, աղվեսի, վարազի, արջի պատկերները: ժայռապատկերներում դժվար է տարբերել շունն ու գայլը: Ուստի այն կենդանին, որ մարդու կողքին է, հանգիստ դիրքում, հավանաբար շունն է, իսկ մեկուսի, լարվածություն պարունակող պատկերներում՝ գայլերը:
դ) Առասպելական կենդանիները ներկայացնում են վիշապները: Արանք հանդիպում են թե՛ մեկուսի, թե՛ խմբական տեսարաններում, խաղաղ դիրքում: Հիմնականում օձանման ու ցլանման են, միագլուխ, բազմեղջյուր ու բազմոտն: Հայաստանում վիշապներն ամենուր են ջրանքերի սկզբնամասում և աղբյուրների ակունքներում, կարասների ու բերդերի պատերին, մանրանկարներում ու գորգերում, բանահյուսության ու Խորենացու «Պատմության» մեջ:
ե) Մարդկային գործունեություն և կենցաղ՝ որս ու որսաձևեր, մարտաձևեր ու մարզաձևեր, պար, կենդանիների ընտելացում, վարժեցում, խաչասերում: Մարդկային գործունեության տեխնիկական արդյունքներ ու հմտություններ սայլ, սահնակ, բրիչ, արոր, շինություններ՝ կացարան, փարախ, սյուն, աշտարակ: Բազմաթիվ են որսի պարագաները նետ ու աղեղ, նիզակ, վահան, օղապարան, մահակ, գուրզ, ցանց:
զ) Մարդկային գիտական մտքի արգասիքներ և կիրառական նշանակությամբ պատկերներ քարտեզ-հատակագծեր տեղանքի, ջրային ցանցի ու աստղային երկնքի, տարատեսակ օրացույցներ՝ արեգակնային, լուսնային, աստղային: Կան նաև կողմնացույցներ, որոնք նշում են արևածագի և մայրամուտի կետերի դիրքերը: Որոշ պատկերներ արտացոլում են նախնադարյան, նախաքրիստոնեական հավատալիքներ, ծեսեր, պաշտամունք՝ նախնիների ու հերոսների, որսի ու երկրագործության աստվածությունների, մայրության ու պտղաբերության, ժամանակի, բարի ու չար ուժերի և այլն:
Նախնադարից կամ նույնիսկ հնագույն շրջանից մեզ հասած յուրաքանչյուր կառույց, առարկա ու պատկեր արվեստի գործ է՝ անկախ արդի գեղագիտական չափանիշներից: «Նախնադարյան արվեստ» հասկացությունն ունի երկու իմաստ, առաջնային՝ նախնական և պարզունակ: Կա կերպարվեստի բարդագույն ժանրի դիմանկարի մի նմուշ, նաև յուրօրինակ մի բարձրաքանդակ ժայռապատկեր:
Կա նաև ժայռապատկերների մի խումբ, որ, կարելի է ասել, լուսանկարչական ճշգրտություն ունի: Հնարավոր է տարբերել ցեղակից կենդանատեսակները բադ-ջրահավ, շուն-գայլ և այլն: Վստահելով նախնադարյան նկարչի իրապաշտությանը հնակենդանաբանը կարող է եզրակացնել անցյալում տվյալ կենդանու տեսքի ու վարքի մասին, որն անփոխարինելի է հատկապես անհետացած կամ ոչնչացված տեսակների դեպքում: Գուցեև պարզվի այն նախատիպը, որից ծագել են վիշապների և դրանց տեսքի մասին պատկերացումները, քանզի վիշապապատկերների առկա ամբողջ բազմազանությունն, այնուամենայնիվ, մի շարք խիստ ընդհանրություններ ունի:
Պատկերների մի մասը շատ ընդհանուր է: Մա, հավանաբար, ունեցել է արագ նկարելու կամ էլ կարևորը երկրորդականից զատելու նպատակ: Դրա օրինակն են երկոտն կամ մենեղջյուր այծերը:
Բազմաթիվ են անորոշ, առայժմ իմաստաբանորեն անհասկանալի, անընկալելի նշանները պարույր, սլաք, ուղիղ և կոր գծեր, շրջաններ, կետախմբեր, ճառագայթներ և այլն: Դրանք մի մասով գուցե զարդանախշեր են, բայց մյուսներն, անկասկած, գաղափարագրեր են, մեհենագրեր: Սրանց թվում շատ են տառեր հիշեցնող նշանները: Գրեթե չկան կցագիր տառանման նշաններ բացառությամբ մեկ արտառոց ժայռապատկերի: Իսկ կցագրերն էլ երբեք բառ չեն կազմում: Թեև… ոչինչ անհավանական չէ:
-Հանրապետության և Պատմական Հայաստանի ո՞ր շրջաններում են առավել շատ ժայռապատկերներ հայտնաբերվել:
-Նախ’ ՀՀ տարածքի մասին: Կուտակումները հետևյալ վայրերում են՝ Երևանում՝ Ավանում, Արարատի մարզում՝ Խոսրովի անտառում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Մեծամորում, Սուրբ Շուշանիկում, Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան վրա, Մաստարայում, Արտինում, Կաքավաձորում, Շամիրամում, Ոսկեհատում, Ագարակում, Գեղամավանում, Քուչակում, Ապարանի ջրամբարի տարածքում, Շիրակի մարզում՝ Տիրաշենում, Հոռոմում, Հայկաձորում, Ձիթհանքովում, Անիպեմզայում, Երերույքում, Լոռու մարզում՝ Նեղոցում, Կողեսում, Լոռիբերդում, Տավուշի մարզում՝ Գոշում, Կոտայքի մարզում՝ Զովունիում, Պտղնիում, Բալահովտում, Բջնիում, Գեղարդում, Գեղամա լեռներում, Գեղարքունիքի մարզում՝ Լճաշենում, Գավառում, Վարդենիկում, Աևսարում, Վարդենիսի լեռնանցքում, Վարդենիսի լեռներում, Այրքում, Ներքին Շորժայում (Քեթի), Սյունիքի մարզում Ուխտասարում, Ջերմաջրում, Ծղուկում, Կարկառում, Սուրադ սարում, Զորացքարում, Քարաշենում, Նավասարում: ԼՂՀ-ում ժայռապատկերներ կան Շուշիի մոտ, Քարվաճառի շրջանում Փորակ, Ալ, Սև և Զալխ լճերի շրջակայքում, Եռակատար, Եղցատեղ, Իշխանասար հնավայրերում: Ջավախքում ժայռապատկերներն Ախալքալաքի մոտ են:
Պատմական Հայաստանում, ըստ առայժմ կատարված ուսումնասերությունների, կան շատ հնավայրեր: Դրանք հայտնաբերվել են լեռնաշխարհի միջին մասերում՝ Կարինում, Կաղզվանում, Աթաբինդիում, Մաղարա թեփեում, Ցոլակերտում, Վանա լճի շրջակայքում’ Անձավում, Վանի միջնաբերդում, Հայկաբերդում, Արտամետում, Օրորանում (Չելեբիբաղում), Կերթիսում (Դելիչայում), Փականում, Բութում, Մերվանեում, Չըլգրում, Տիրշինում, Նառում, Փրերեշանում և այլն, Ջողւս լեռներում’ Գևարուկում, Սաթում, Սև լեռում, Կորդուքում՝ Ալկիում, Բեյթիշեբաբում, Արարատ լեռան վրա, Հայոց Սիջագետքում՝ Դեմիրկապուում, Կոմմագենեում՝ Ադյամանում, արևմուտքում՝ Երզնկայում, Խարբերդում, Բագառիճում, Բահչեջիքում և այլուր:
-Իսկ ի՞նչ խտությամբ են հանդիպում ժայռապատկերները:
-Լեռնաշխարհի շրջակայքում (Պոնտոսի լեռներ, Կովկաս, Միջագետք, Արաբիա, Եգիպտոս, Հունաստան) հնագույն ժայռապատկերներ գրեթե չկան: Մոտակա լավագույն ժայռապատկերները Միջերկրականի արևեելյան ափերին են նախկին Փյունիկիայում և Պաղեստինում: Եվրասիայում ժայռապատկերներ կան Իտալիայում, Ֆրանսիայի հարավում և Իսպանիայի հյուսիսում, Պորտուգալիայում: Դրանք շատ են Հյուսիսային Եվրոպայում՝ Շվեդիա, Նորվեգիա, Լադոգա և Օնեգա լճերի ափերին: Ռուսաստանի տարածքում շատ պատկերներ կան Սիբիրում՝ Ենիսեյի, Անգարայի, Ամուրի ափերին, Բայկալի շրջակայքում, Չուկոտկայում, Հեռավոր Արևելքում: Ղազախստանում, Միջին Ասիայում ևս առատ են:
Շատ այլ ժողովուրդների ձևավորման տարածքներում ժսւյռապատկերման արվեստը զարգացած չէ, եղածներն էլ որոշակի են ոչ խորհրդանշանակիր:
-Աշխարհագրական ի՞նչ բարձրություններում են դրանք հանդիպում: Ընդհանուր թիվը:
-Ընդհանրապես, դասական ժայռապատկերները Հայաստանում շատ բարձր լեռներում են: Այդ տարածքները եղել են ամառային սրբավայրեր: Չի բացառվում նաև, որ անցյալի եղանակային պայմաններն ավելի մեղմ են եղել, իսկ բնակչությունը՝ մշտական: Դրա վկայությունն են եղջերուների ու քարայծերի բազմաթիվ պատկերները, ինչպես նաև մեծ թվով դամբարանադաշտերը:
Գեղամա լեռնաշղթայում իմ ուսումնասիրած պատկերները ծովի մակարդակից բարձր են մոտ 2600-3000 մ (ամենաբարձրը’ 3170 մ): Ավելի բարձրադիր են Սյունիքի ժայռապատկերները: Ես եղել եմ միայն Ծղուկ լեռան հնավայրում, որի բարձրությունը 3300 մ է: Աակայն ՀՀ-ում բացառություններ կան Մեծամոր, Ագարակ, Ոսկեհատ, Շամիրամ, Քուչակ, Ապարանի ջրամբար, Կողես, Գոշ և այլն: Արանք բոլորն ունեն 900-1800 մ բարձրություն, նոսր բաշխմամբ պատկերախմբեր են՝ հաճախ մի քանի պատկերով:
Իսկ խմբայնության, կենտրոնացվածության առումով շատ կարևորվում են հատկապես Ոսկեհատի ժայռապատկերները (Արագածոտնի մարզ), որոնք Լուսակատար լեռան արևելահայաց լանջին են՝ 1050-1200 մ բարձրությամբ: 1991 թվականի աշնանը օշականցի ուսուցիչ Դավիթ Խումարյանն ինձ ցույց տվեց դրանց տեղը: Հինգն են: Հետագայում՝ 1997-2002 թվականներին ութ գիտարշավի ընթացքում, ինձ հաջողվեց հայտնաբերել, քարտեզագրել ու լուսանկարել մոտ 130 ժայռապատկեր’ Ագարակ և Աղավնատուն գյուղերի միջև: ժայռապատկերների հարևանությամբ կան վաղբրոնզեդարյան բնակատեղիի ավերակներ և դամբարանադաշտ: Դրանից 2 կմ հյուսիս Ագարակի պաշտամունքային համալիրն է: Նորահայտ այս ժայռապատկերախումբն, ասես հրաշքով, հազարավոր տարիներ պահպանվել է բազում արշավանքների խաչմերուկ այս համեմատաբար ցածրադիր հարթավայրում:
-Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն հայկական ժայռապատկերներն այլոց հետ:
-Արդեն իսկ նկատվում, ուրվագծվում է մի շատ կարևոր հանգամանք. Աֆրիկա-Եվրասիական տարածաշրջանում նկատվում է թեմատիկ խմբերի ճառագայթաձև բաշխում [աստղագիտություն և օրացույց, երկնային երևույթներ, քարտեզ ու հատակագիծ, բնության տարրեր, խմբային որս, մարզաձևեր, մարտաձևեր, կենդանիների ընտելացում, անհետացած կենդանիներ և առասպելական էակներ (վիշապ), հատկապես խորհրդանշաններ ու արևապատկերներ]: Կենտրոնում Հայկական լեռնաշխարհն է: Աշխարհի գրեթե բոլոր ծագերում կան ժայռապատկերներ, սակայն Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները բազմազան են և ընդգրկված են շուրջ 15 թեմատիկ խմբերում: Ընդսմին, դեպի Կովկաս, Հյուսիսային Եվրոպա և Ասիա, Հեռավոր Արևելք, Իրան, Հյուսիսային Աիջագետք, Աֆրիկա, Փոքր Ասիա, Արևմտյան Եվրոպա ուղղություններով շարժվելիս որոշակիորեն նվազում է պատկերների բազմազանությունը, քանակն ու խտությունը, իսկ որոշ թեմատիկ խմբեր գրեթե բացակայում են կամ արտահայտված են շատ թույլ (օրացույց, քարտեզ, տառանշան, վիշապ, մարզաձև և այլն): Աշխարհի այլ մասերի հնավայրերում ժայռապատկերները ներկայացնում են հիմնականում 5-6 թեմատիկ խումբ: Այդ հնավայրերում կրկնություններն անչափ շատ են, իսկ եթե հայտնվում է նոր պատկեր, դա հետևանք է տեղի բնակիչների մարդաբանական ու կենցաղային յուրահատկությունների և տեղական կենդանիների տեսականու:
Կարելի է ենթադրել, որ ժայռարվեստի հուշարձանները բաշխվել են կենտրոնասփյուռ, որը վկայում է լեռնաշխարհից էթնոմշակութային հզոր ալիքների’ հարակից շրջաններ և ավելի հեռու տարածման մասին: Այսինքն առկա է ևս մի հզոր կռվան՝ հօգուտ հնդեվրոպական նախահայրենիքի Հայկական լեռնաշխարհում գտնվելու:
-Հնդեվրոպական հայրենիքին վերաբերող ի՞նչ արձանագրություններ կան:
-Փաստերի քննությունը և համակարգումը աներկբա վկայում են, որ ժայռապատկերման ավանդույթները, իմաստաբանությունն ու հմտությունները բաշխվել, տարածվել են կենտրոնախույս եղանակով: Դա ինձ բերեց տրամաբանական եզրահանգման. Հայկական լեռնաշխարհից հզոր արտագաղթերն ակնհայտորեն ուղեկցվել են աշխարհնկալումային պատկերացումների սփռմամբ’ նաև ժայռարվեստային մշակույթի միջոցով և ձևով:
ժայռագրությունը հնդեվրոպական ընդհանուր մշակույթի կարևորագույն մասերից է, որը բոլորն են ժառանգել, բայց այն հարատևել կամ զարգացել է միայն քարաշատ, ժայռոտ վայրերում: Իմ այս տեսակետը համահունչ է թե՛ ազգագրությանը, թե՛ մ. թ. ա. VIII-I հազարամյակներին առնչվող երկրաբանական, աշխարհագրական, կենսաբանական, մարդաբանական, հնագիտական, լեզվաբանական, աստղագիտական, տոմարագիտական, դիցաբանական և, առհասարակ, մշակութաբանական նորագույն տեսություններին: Այն հիմնված է ՀՀ ժայռապատկերների համակարգված ուսումնասիրության, համեմատական ժայռապատկերաբանության մի շարք հիմնարար աշխատությունների, ինչպես նաև Սանդրո Սարդարյանի, Հարություն Մարտիրոսյանի, Հասմիկ Իսրայելյանի, Գրիգոր Կարախանյանի, Պավել Սաֆյանի, Սոնա Մեժլումյանի, Բենիկ Թումանյանի աշխատանքների և, հատկապես, Սուրեն Պետրոսյանի՝ տասնյակ հազարավոր ժայռապատկերների հավաքածոյի վրա: Այս հիմնախնդրի շուրջ մեր հետազոտությունները շարունակվում են:
Հայտնի է, որ լեզվաբանական, տոմարագիտական, հնագիտական նյութերը նույնպես վկայում են հայ ժողովրդի, նրա մշակույթի և պետականության կարևոր դերը՝ հին աշխարհի քաղաքակրթության ոլորտում: Նորագույն գիտական նվաճումները, որպիսիք են հնդեվրոպական նախահայրենիքի տեղորոշումը, աստղային, լուսնային և արեգակնային օրացույցների ծագման տեղի ու ժամանակի պարզաբանումը, Հայկական լեռնաշխարհից վաղ բրոնզեդարյան մշակույթի պայթյունաձև տարածման բացահայտումը, ժայռապատկերների թեմատիկ և տարածական բաշխման ուրվագծումը և այլն, առավել հաստատում են Հայկական լեռնաշխարհից էթնոմշակութային հզոր ալիքների տարածումը հարակից շրջաններ ու ավելի հեռու և, ամենակարևորը, հայ էթնոսի հնագույն ու տեղաբնիկ լինելը:
-Ինչպե՞ս են դրանք հաստատում, որ հայերը բնիկ են Հայկական լեռնաշխարհում:
-Ժայռապատկերները մի շարք ծանրակշիռ կռվաններ են տրամադրում հայոց բազմադարյա պատմության անհայտ էջերի վերհանման, հատկապես հայոց ծագումնաբանության ու բնիկության խնդիրների բացահայտման նպատակով: Դրանք են
ա) ժայռապատկերները կերտողների էթնոմշակութային միասնականությունը: Այն փաստվում է Հայոց բնաշխարհի տարբեր մասերում ցարդ հայտնաբերված պատկերների թեմատիկ, ոճական նմանությամբ: Մեկ ազգ, մեկ մշակույթ: Նույնանման ժայռապատկերային մշակույթը վկայում է նաև միատեսակ աշխարհընկալման, հավատալիքների ու դիցաբանի, ինչպես նաև կենտրոնացված կառավարման պետականության տարրերի առկայությունը:
բ) ժայռապատկերները կերտողների բազմահազարամյա նստակեցությունը: Լեռնաշխարհը եղել է ժայռափորագրման օջախ և օրրան: Դրա վկայությունն են լեռնաշխարհի ներսում ժայռապատկերների հսկայական կենտրոնացումը մեծ քանակությամբ, գրեթե հավասարաչափ ու խիտ բաշխվածությունը, թեմատիկայի և տեսականու հարստությունը, ժայռապատկերների կենտրոնասփյուռ, ճառագայթաձև բաշխումը, այսինքն պայթյունակերպ տարածվելը և լեռնաշխարհից դուրս՝ շրջակայքում, հնագույն ժայռապատկերների գրեթե բացակայությունը:
գ) Հայոց մեջ ժայռափորագրման ավանդույթների հարատևումն ու պահպանումը, այս ոլորտի շարունակականությունն ու անցումայնությունը դրա՝ հայերի բնիկության առհավատչյան են: ժայռափորագրության ու քարագործության այլ ոլորտների ժայռաքանդակի, արձանագործության, ճարտարապետության տարբեր դարաշրջանների կերտվածքների տեխնիկա-արվեստաբանական ընդհանրություններ:
դ) Ապագայում կբացահայտվեն պատճառահետևանքային նոր առնչություններ, գուցեև հնարավոր լինի վերականգնել երևույթի պատկերման մտածողական մակարդակները՝ ընդհուպ մինչև լեզվամտածողություն, որն ազգային պատկանելության որոշիչն է:
-Շուրջ 25 տարի է՝ զբաղվում եք ժայռապատկերներով: Ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Հսկայական է ժայռապատկերների ներգործող ուժը տեղում լեռներում: Այն, որ դիտում ես չորս-հինգ հազարամյա հուշարձան կամ ձեռք տալիս, այնքան էլ անսովոր չէ հայի համար (Մեծամոր, Շենգավիթ, էրեբունի, վիշապներ, թանգարանների ցուցանմուշներ և այլն): Բայց այն, ինչ զգում ես ժայռապատկերի կողքին, դժվար է նկարագրել: Սա պոեզիայի խնդիր է երևի: Պատկերի մոտ նստած՝ կարծես հաղորդակցվում ես նրա հետ, գիտես, որ հինգ հազարամյա այս պատկերը, ստեղծման ժամանակից ի վեր, տեսել են բառացիորեն մի քանի հոգի հովիվներն ու լեռնասեր զբոսաշրջիկները: Տեսել են ու անցել, իսկ դու ջանում ես առավել խորասուզվել դրա արտահայտած իմաստի ու դերի մեջ, փորձում տեսնել նրան քո հեռավոր նախնուն ու կարդալ նրա մտքերն ու հույզերը: Նստած ես հենց նրա տեղում, որտեղ նա փորագրել է: Տեսնում ես նույն այն լեռները, քարերն ու խոտը, որ նա է տեսել: Նույն վիճակում եք դու և նա: Նա ստեղծում էր, դու փորձում ընկալել ու բացահայտել նրա միտքը: Ո՞վ էր նա իր ժամանակի միտքը խտացրած մի Արիստոտել կամ Նարեկացի՞, բնության ձայներն ու մարդու երգը լսած Գողթան երգի՞չ, Կոմիտաս կամ Բա՞խ, ժողովրդին ուսում ու լույս պարգևած մի Մաշտո՞ց, Տորք Անգե՞ղ, տիեզերքի ընթացքն ընկալած Շիրակացի՞, թե՞ Գալիլեյ կամ Համբարձումյան… Մի Հայկյան էր նա ու Սասնա ծռերից: Իր ժամանակվա գիտելիքների պաշարով ու մտքի ուժով հարաբերականորեն առավել գիտուն էր նա, քան մենք: Նա առավել ներդաշնակ էր բնությանը, ուստի և նրան շատն էր տրվում…
ժայռապատկերները մ. թ. ա. VII-II հազարամյակների պատմական իրականության բացահայտման միջոց են, որոնք յուրովի, պատկերագրորեն արտացոլում են վաղնջական անցյալը, դրանով իսկ ծառայում որպես պատմագիտության ու մշակութաբանության սկզբնաղբյուր: Սակայն այսօրինակ տեղեկատվական աղբյուրը հավաստի կլինի միմիայն այն դեպքում, եթե դիտարկվի և ուսումնասիրվի լիովին որպես համակարգ, այսինքն՝ բոլորը հայտնաբերվեն, գրանցվեն ու մշակվեն տեխնիկական միջոցներով (լուսանկար, տեսանկար, արտանկար, պատճեն, օդանկար և այլն): Իմ մշակած դասակարգման համակարգով յուրաքանչյուր ժայռապատկեր նկարագրվում է մոտ 360 բնութագրով: Եվ դա պետք է իրականացվի ՀՀ տարածքի բոլոր՝ մոտ 20 հազար առկա և 10-15 հազար հայտնաբերվելիք ժայռապատկերների համար: Նկարագրվում է ժայռապատկերը՝ որպես հնագիտական հուշարձան, քարաբեկորը, որի մակերեսին է պատկերը, պատկերակիր մակերեսը, պատկերն ինքը, պատկերող ակոսը և հուշարձանի շրջապատը: Հաշվի են առել ֆիզիկական, քիմիական, երկրաբանական, կենսաբանական ազդեցութունները, մարդկային կամային ու ակամա գործունեության, հուսով եմ, գրեթե բոլոր հետևանքները: Այս բովանդակ տեղեկությունները պետք է համակարգվեն, բնականաբար, համակարգչով, և կստեղծվի տվյալների լիակատար շտեմարան: Դա կնպաստի համամարդկային նշանակության մի շարք առեղծվածների բացահայտմանը, քանզի, ինչպես նշեցի, հայոց ժայռարվեստը որոշակիորեն առանձնանում է իր հնությամբ, առաջնայնությամբ, բազմաժանրությամբ և, որ շատ կարևոր է, այսպես ասած, գիտականությամբ ու կիրառական նշանակությամբ:
-Այդ նպատակով էլ, հավանաբար, հիմնադրեցիք ձեր հետազոտական կենտրոնը:
-ճիշտ նկատեցիք: Հսկայածավալ այս աշխատանքներն իրականացնելու համար ստեղծեցինք «ժայռապատկերների ուսումնասիրման հայկական ակադեմիա»՝ անգլերեն «ARARA-T» հապավմամբ, որ շատ հոգեհարազատ ու բարեհունչ է: Այն միավորեց մոտ տասնհինգ մասնագիտության տեր հետազոտողների ջանքերը ժայռապատկերների լիակատար և համակողմանի բացահայտման նպատակով: Անդամակցում են հնագետ, ազգագրագետ, պատմաբան, երկրաբան, աստղագետ, կենսաբան, հնաբուսաբան, հնակենդանաբան, բանասեր, լեզվաբան, գրաբան, նկարիչ, փիլիսոփա, ճարտարապետ, ճարտարագետ, մաթեմատիկոս, ծրագրավորող, և, ի վերջո, բոլորն էլ ժայռապատկերաբաններ են:
Որպես եզրափակում կրկնեմ, որ պատմագիտական հետազոտություններով ստացված գիտելիքի ճշմարտացիությունը մեծապես կախված է ելակետային փաստական հիմքից և, հատկապես, դրա ներկայացման, նկարագրության ճշտությունից, ուստի այս խնդրում որոշիչ է պատմագիտությունը հավաստի փաստերով սնոդ աղբյուրագիտության դերը:
ժայռապատկերները Հայկական լեռնաշխարհի` մ. թ. ա. VII-II հազարամյակների պատմական իրականության բացահայտման կարևորագույն մշակութաբանական սկզբնաղբյուրներից են: Հայաստանի ժայռապատկերներում և ողջ հայ մշակույթում բազմազան են արվեստի դրսևորումները, որոնք կոչված են պատմության և արդի կյանքի երևույթներում վեր հանելու վեհը, գեղեցիկն ու ազնիվը, օգնել ճանաչելու բնօրրան լեռնաշխարհի բնիկ ժողովրդի ոգին, էությունը: Հոգևոր կերտվածքի, մտածողության և հավատքի այսօրինակ ոլորտներում կայացած, հարատևած և զարգացող, ի սկզբանե Արեգակն արդար և Լույս պաշտած հայերս, որ ժայռագրերից մեսրոպատառ այբուբեն, ժայռանկարներից՝ մանրանկարչություն, վիշապաքարերից՝ խոյակ ու խաչքար, Գողթան երգերից շարական ենք կերտել, այժմ էլ ի զորու ենք արարելու մարդկային ճշմարիտ արժեքների մնայուն աշխարհը:
«Վեմ» ռադիոկայան, 30. 09. 2003
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010
Լուսանկարները՝ Կարեն Թոխատյանի
Հասմիկ, շնորհակալ եմ: Խնդրում եմ վերնագրի վրիպակն ուղղես՝ ..պակտերները
I hadnot seen these images, and it translated to English. Thank you
Շնորհակալություն, Կարեն: Մեծ, շատ մեծ գործ եք անում: Նաև դժվար գործ, որովհետև Ձեր լաբորատորիան շա՜տ ընդարձակ է ու դժվար հասանելի:
ի՞նչու եւ ե՞րբ ենք ընդունել խոյ խորհրդանիշը. արդյօք որ զոհը դառնանք Աբրահամի որդու փոխարէն եւ գորշ գայլերի կերը…մեծ գնահահտելով ձեր ծանր աշխատանքերին կը խնդրէի հարցիս պատասխանէք … շնորհակալութիւն
ինչու եւ երբ ենք ընդունել խոյ խորհրդանիշը. արդյօք որ զոհը դառնանք Աբրահամի որդու փոխարէն եւ գայլերի կերը…
ԽՈՅ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԱՅՆՔԱՆՈՎ ԵՆ ՀԻՆ ՈՐՔԱՆՈՎ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՍԿՍԵՑ ՊԱՏԿԵՐԱԳՐԵԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ,ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ, ՒՍԿ ԱԲՐԱՀՄԻ ՈԻ ԳԱՅԼԵՐԻ ԻՄԱՍՏԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՉՈԻՆԻ։