ՐԱՖՖԻՆ (Հակոբ Մելիք-Հակոբյան)՝ ՆՈՐ ՏԱՐՎԱ մասին
Հատված՝ 1868 թ. հունվարի 1-ին իր ծննդավայր Փայաջուկ գյուղից մտերիմներից Ավագ Գևորգյան Աֆթանդիլին գրած նամակից։
Բնագիրը գտնվում է ԳԱԹ Րաֆֆու ֆոնդում։
Քրիստոնյաների ընդունած տարեթիվը փոխեց իր մի ցիկլը, և այդ թվաբանական նշանագրի փոփոխության պատճառով այսօր միլիոնավոր մարդիկ, լցված ուրախությամբ, գոչում են «Շնորհավոր նոր տարի»:
Բայց, անգին բարեկամ, ես չեմ սիրում հաղորդ լինել հասարակաց անխորհուրդ ուրախություններին, ուրեմն ներեցեք, որ միևնույն քաղաքավարությամբ չեմ բարևում Ձեզ։ Մանավանդ այս րոպեիս իմ սիրտը չի զգում ոչինչ ուրախության, այլ, ընդհակառակը, մի անտանելի ցավ վրդովում է ինձ, ու մի աներևույթ ձայն մեղմիկ շշնջում է իմ ականջիս. «Եղբա՛յր, մի տարի ևս գնաց քո կյանքից…»: Ասել է թե՝ մի քանի քայլերով մոտեցանք գերեզմանին։
Այս գիշեր (դեկտեմբերի վերջին գիշերն էր այդ) ես, նստած միայնակ իմ անձնական սենյակի մեջ, խորասույզ եղած խառը մտածմունքներում, հանկարծ լսեցի անսովոր դղրդմունք, և միևնույն վայրկյանին հրացան գործիքների որոտը թնդացրեց իմ սենյակի մելամաղձական լռությունը։ Դուրս գնացի. հա՜յ, հո՜յ, աղաղակ, հայհոյանք, անեծք՝ լսելի էին լինում գյուղական խրճիթների կտուրների վրայից։ Այդ բաբելոնյան կատաղի խառնաձայնությունը տիրեց մի քանի ժամ։ Ես կարծեցի, թե գյուղացիքը այդ սպառնալիքներով հալածում էին սատանային, որ այնքան հնուց բույն էր դրել իրենց խրճիթների մեջ։ Բայց ինձ ասացին, թե հայերը իրենց սովորական ավանդությամբ հալածում են հին տարին։
— Ինչու՞, — հարցնում եմ ես առաջին հանդիպող գյուղացուն։
— Նրա համար,- պատասխանում է այդ մեկը իր խռպոտ ձայնով, — որ այդ հին տարին խիստ չար տարի էր, նա չբաշխեց մեզ ոչինչ, բախտ. թո՛ղ կորչի, գնա՛ հավիտենական կորստյան մեջ։
— Բայց նոր տարին, կարծում եք, բերում է ձեզ մի նոր բա՞խտ, նոր օ՞ր, — կրկնում եմ իմ հարցը։
— Այո՛,- պատասխանեց ռամիկը՝ ինքնաբավական հաստատամտությամբ և հիացումով։
Կարճելով իմ խոսակցությունը մոլեռանդ ռամիկի հետ՝ դառնում եմ դեպ քեզ, իմ անգին բարեկամ. քանի՞, քանի՞ հազարավոր այդպիսի դեկտեմբերներ են իրենց հրացաններով արտաքսել հայոց ռամիկները, քանի՞, քանի՞ նոր տարիներ սիրով և ուրախությամբ ընդունել են նրանք։ Բայց դրանցից և ոչ մեկը չի՛ բերել նրանց համար մի նոր բախտ։
Արդար է, հոլովական տարիները ոչինչ չեն ներգործում հայերի տխուր ու տրտում վիճակի վրա։ Պատճառը՝ որ, թեպետ բնության նախասահմանյալ օրենքների համաձայն տարիները փոփոխվում են՝ գնում է հինը, գալիս է նորը, բայց հայերը, անցորդ կենալով իրենց գերեզմանական անգործության մեջ, երբեք չեն մտածում փոխել իրենց մեռելական դրությունը։ Հայերը իրենց կյանքը չեն համաձայնեցնում տարիների ընթացքի հետ, և ժամանակի պիտույքների հետ։ Հայերի համար թե՛ անցյալը, թե՛ ներկան և թե՛ ապառնին ունեն միևնույն կորստաբեր նշանակությունը։ Միով բանիվ, Հայերի համար չկա՛ «Նոր տարի»:
Չկամենալով ավելի տխուր գրգիռներ տալ Ձեր զգացողությանը՝ վերջացնում եմ իմ խորհրդածությունը Նոր տարվա մասին։
Աղբյուր՝ Պատասխան՝ 100 տարի անց Ответ 100 лет спустя A message 100 years later
Նաև հետևեք Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/