Ռուբեն Զարդարյանից՝ Արշակ Չոպանյանին
1905, նոյեմբեր 8/21, Ֆիլիպե․
Սիրելի՛ եղբայրակից.
Այն պահուն, ուր ինքս կպատրաստվեի գրելու Ձեզի, Դուք կկանխեք զիս, շնորհապարտ թողլով Ձեզի։ Իրավունք ունիք մեղադրելու, որ արտասահման հասնելես ետք չկրցի գրել․ գիտնայիք, թե ի՛նչ մտահոգություններով ու դժվարությունով լեցուն բան մըն էր՝ ամբողջ ընտանիք մը շալակն առնել ու գնչուի գաղթով գալ հաստատվիլ այս օտար հողերուն վրա։ Ու երբ հազիվ ինքզինքս գտնելու վիճակին մեջ, ահա «Ռազմիկ»-ը {1} որուն կլծվեի միս մինակս, քաշելով բոլոր թերթին պատասխանատվությունն ու հոգնապահանջ բեռը։ Որքա՜ն երջանիկ պիտի ըլլայի՝ անգամ մը Ձեզ տեսնելով և սեղմելով Ձեր ձեռքերը, որովհետև Ձեր պատկերը ամենեն հարգալից տեղը կգրավե իմ գրական պաշտամունքներուս մեջ. չկա բացարձակապես, ինձի համար, ամբողջ հայ գրականության մեջ մեկը՝ որուն գեղեցկագիտության գրական դատաստանին ու արվեստին վրա նախապաշարված վստահություն ունենամ, որքա՛ն ձերինին. և ասիկա համոզում մըն է, որ երբեք չպիտի խաբեի իմ մեջս. ուստի, կրնաք երևակայել, թե ի նչ բաղձանք է, որ փայփայած եմ տարիներով և հեռավորության մը մեջեն՝ անգամ մը անձնապես Ձեզ տեսնելու և հայտնելու սքանչացումս Ձեր բեղմնավոր տաղանդին համար։ Պիտի ջանամ, որ հառաջիկային այդ առիթը գտնեմ վերջապես։ Եվ տեղն է, որ ըսեմ, թե շատ բան պարտական եմ Ձեզի։ Առաջին քաջալերությունը Ձեզմե լսած եմ իմ գրական սկզբնավորությանս մեջ և Ձեր գնահատումը բարերար եղած է ինձի․ ուստի, երբ «Անահիտ»-ի աշխատակցության հրավեր կընեք, միմիայն պարտականություն մըն է որ կհեշեցնեք։ Այս պահուն աշխատություններս որքան ալ ծանրատար ըլլան, նորեն կխոստանամ ասեղը շուք ընել և մտքի կտոր մը հանգստություն գտածիս պես՝ գրել Ձեզի։ Գալով վարձատրության, խղճի խայթ պիտի ըլլար ինձի, անոր խոսքն անգամ ընել, միայն շնորհակալ պիտի ըլլամ, եթե Ձեր ընտրությամբը ֆրանսերեն գրքեր ղրկեք ինձի, իմացնելով անոնց փոխարժեքը, որպեսզի վճարեմ, այդ ընտրությունն իսկ վարձատրությունն է իմ գրածներուս։
Օրինակել տալով Ձեզի պիտի ղրկեմ այսօր վաղը այն հեքիաթը, որուն վրա խոսած եի Իզմիրեն Ձեզի։ Դժբախտաբար շատ քիչ բան գրած եմ դեռ ու չեմ ալ գիտեր, թե ե՛րբ կարող պիտի ըլլամ վերջացնել զայն։ Բայց վերջացնելե առաջ, կուզեմ Ձեր պատասխանը լսել, ու եթե հարմար չդատեք Ձեր կողմեն անոր շարունակությունը, իմաց տաք որ ընդհատեմ։ Ամփոփ կերպով ըսեմ Ձեզի նյութին կարևոր գիծերը։ Ավանդությունը Բիթլիսի բերդին վրա է։ Հեթանոսության շրջանին՝ բերդին շինության ձեռնարկված է, որը հազիվ քիչ մը կբարձրանա և ահա հանկարծ աստվածները սարսելով գետինը, կփլցնեն զայն գիշեր մը. այսպես քանի մը անգամ։ Վերջապես, պատգամը կհայտնե, որ ամենեն գեղեցիկ աղջիկը պետք է ողջ-ողջ դրվի բերդին հիմերուն տակ, որպեսզի աստվածները թողուն անոր կառուցումը։ Աղջիկը կդրվի հիմին տակ հատկապես պատրաստված խցիկի մը մեջ և բերդը կբարձրանա ու կավարտի։ Զոհը դիտելով իր լուսամուտեն դուրսի աշխարհն ու արևը, կեղերերգե, կուլա, կոգեվարի և կմեռնի։ Արցունքներեն քանի մը կաթիլ թափած ըլլալով դուրսի ապառաժին վրա, անոնցմե հիմա նշենի մը ծաղկած է, որ դարերով կա ու կմնա և կծառայե իբրև ուխտատեղի։ Բաղձանքս է, որ հեքիաթը իր իսկական հանդերձանքին մեջ ըլլա նաև այլաբանություն մը մեր ներկա կյանքին. Բերդը՝ Ազատություն, իսկ թե Զոհը՝ այս մաքուր, կույս արյունները որ կթափին և պետք է տակավին թափին՝ բարձրացնելու համար հասարակաց փրկության շենքը։ Կուզեմ, որ գործը մոտավորապես 800 տող պարունակե, բաժնվելով երեք կամ չորս նվագի։ Հիմա մոտեցած եմ առաջին նվագին վերջավորությանը և նոր պիտի մտնեմ քերթվածին ծոցը։ Կսպասեմ Ձեր խորհուրդին։ Շատ շնորհակալ եմ «Ռազմիկ»-ի հրատարակությանը նկատմամբ «Անահիտ»-ի մեջ Ձեր հայտնած համակրանքին և իմ մասին Ձեր գնահատումին, որուն արժանացած ըլլալուս համար երջանիկ կզգամ ինքզինքս։
Միակ և անայլայլ առաջադրությունս է, որ «Ռազմիկ»-ը մեր բոլոր շարքերուն մեջ խաղաղության և եղբայրության պատգամավորներեն մեկն ըլլա․ եղբայրատյաց կիրքերը, հանրային փրկության սպառնացող վեճերն ու արարքները արյունով կլեցնեն սիրտս, չե՛ք գիտեր, թե անդին հայ ժողովուրդը երկրին խորերը ի՜նչ հավատք, ի՜նչ վստահություն դրած է արտասահմանյան մեր գործիչներուն վրա․ անդարմանելի հուսահատության և կորուստի պիտի ենթարկվի այն օրեն, երբ իր մեջ այս վերջին հիասթափումն ալ տեղի ունենա։ Մեր կուսակցությանը մեջ միություն մը ես առայժմ անկարելի կնկատեմ, սակայն համերաշխ գործունեություն մը, իրարհասկացողություն մը, որքան որ անհրաժեշտ, նույնքան ալ կարելի է ինքնին։ «Ռազմիկ»-ի առաջին թիվերուն իսկ այդ ուղղությամբ բաղձանք հայտնեցի և ամեն միջոցներով պիտի ձգտիմ նույն նպատակին։ Հետևաբար, Ձեր առաջարկած խորհրդակցական համաժողովին համաձայն եմ. մեր մեջ այդ գաղափարը հասունցնելու և արդյունավորելու համար կխոստանամ ամեն կարելին չխնայել։ Ես պիտի նախընտրեի լռելյայն, ընկերական շրջանակներու մեջ մտքերը պատրաստել, ավելի շուտ հասնելու համար առաջադրության, հարկ եղած ատեն, հրապարակով ալ պիտի ըսեմ ինչ որ անհրաժեշտ է։ Ապահով եմ, թե ջանքերս բոլորովին ապարդյուն չպիտի անցնին։ Լավ նկատած եք, թե կուսակցությանը մեջ քողարկված վատ տիպերն են, որ ջուրը կպղտորեն, այս իսկ պատճառով, պետք է նախ կուսակցությունները անոնցմե մաքրագործել, առանց ասոր, համեմատաբար տգետ և ինքնութենե զուրկ մեծամասնություն մը միշտ հետևող պիտի ըլլա և իր ուժին տակ պիտի խեղդե ամեն ազնիվ ցանկություն։
Ձեր «Ճգնաժամ»-ը, ուրախ եմ հաղորդելու Ձեզի, ընդհանրապես հաճույքով կարդացվեցավ հոս և լրջորեն մտքերու ազդեց։ Ներեցե՛ք, որ Իզմիրի մասին Ձեր ըրած դիտողություններուն համակարծիք չգտնվիմ, քանի որ անոնք սխալ մեկնակետե փրթած էին։ Իզմիրը աոանձին ցույց մը չէր որ պիտի ըներ, ոչ ալ տարաձայնված կերպովը․ լրացուցիչ մասը պիտի կազմեր գործի մը, որու հղացումը հոյակապ էր պարզապես։ Ուստի հավասարապես ցավիլ պետք է միայն ձախողանքին համար։
Ահա Ձեզի երկար նամակ մը, որ եթե ձանձրալի չըլլա, գեթ իմ լռությանս քավությունը կրնա կազմել։
Եղբայրական աղապատանքով ու հարգալից։
Ձերդ՝
Ռ. ԶԱՐԴԱՐՅԱՆ {2}
(ԳԱԹ, Ա, Չոպանյանի արխիվ, I բաժին, №2095)
{1} «Ռազմիկ», ազգային, գրական և քաղաքական լրագիր (նախ եռօրյա և ապա օրաթերթ)․ լույս է տեսել 1905-1910 թվականներին Ֆիլիպեում. հրատարակիչ՝ Մ. Օվանեսով, խմրագիր՝ Ռ. Զարդարյան։
{2} Ռուբեն Զարդարյան (1874-1915) — նշանավոր գրող, խմբագիր , հրատարակիչ։ Մեծ եղեռնի զոհերից։
Ռուբեն Զարդարյանից՝ Արշակ Չոպանյանին
Աղբյուր՝ Ռուբեն Զարդարյան
Աղբյուր՝ Ռուբեն Զարդարյան