Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժանից՝ «Ազդակ»-ի խմբագրության
[1909, մայիս ?] Գանգ․
«Ազդակ»-ի խմբագրության.
Համիդին փորասողուկ թավալումը ինձի այնքան ուրախություն չպատճառեց՝ որքան Կիլիկիայի ջարդը ճմլեց աղիքներս։ Ցեղին հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քաղաքներեն եկող ամեն լուր՝ տաք մոխիրի նման կթափի գլուխիս և սրտիս վրա։ Հինգ դարեր պետք եղան՝ որպեսզի թուրքերեն մաս մը քաղաքակրթվեր, եվրոպականանար, ինչպես փտած կաթսաները կկլայեկվին. ո՜վ գիտե դեռ որչա՜փ հինգ դարեր պետք են և որչա՜փ հայու արյուն՝ մյուս մեծագույն մասին համար։ Երիտասարդ թուրքերը չեն դադրիր Եվրոպայի հասկցնելե, թե թուրքը ի բնե բարի ժողովուրդ է, թե տաք հայերու անխոհեմությունն է աղետին սկզբնապատճառը․ — ոճի՜ր, — եղած՝ Եվրոպայի հայանպաստ կարծիքին դեմ հակազդելու համար, կարծիք մը՝ որ արդեն առանց ադոր ալ պոռնկացած է։ Լուրերը այնքա՜ն գեշ ազդած են վրաս, որ կցավիմ Ադանա չգտնվելուս համար։
Կովկասի հայ-թաթարական ընդհարումները օրինակ մեզ։ Եթե այդ ոճով շարժինք, խուժանը ինքը պիտի գա մեզ եղբայրություն քարոզելու։ Կռապաշտ է խուժանը․ բոցին առջև միայն կխոնարհի։ Քանդել և այրելը բարբարոս ժողովուրդի մը համար առաքինություն է, այդ կարմիր առաքինությունը ունեցող մարդիկ միայն կրնան իրենց պատկառանք ներշնչել։ Երջանիկ ապագան, ժողովուրդներու եղբայրությունը աշխատանքի սրբարանին առջև՝ զոր մենք բոլորս կհուսանք և կհետապնդենք։ Ուխտ մըն է՝ որ թուրք խուժանին հետ լոկ զենքերու վրա կկնքվի։
Միթե դեռ հայեր կա՞ն՝ որ ձեր ըսած խլուրդի գոյությունը կապրին։ Եթե մինչև հիմա ուրիշ ազգ մը մեր կյանքը ապրեր՝ իր մեջ մեկ պահպանողական չէր հաշվեր։ Միթե այսքան պղնձի և կրակի դարեր չկրցա՞ն ձուլել Գայլ Վահաններու սերունդ մը։ Գնչուները անիշխանական պիտի ըլլային՝ եթե մեր ճակատագիրն ունենային։ Եվ դե՜ռ հայության ծոցին մեջ «խլուրդի գոյություններ» կան։ Խլուրդ չեն ադոնք, ընկե՛ր, մեր նախնիքներուն դիակներեն տարասերած որդեր են, անարգ որդեր, զոր ադամանդե գարշապարիս տակ ճզմել իսկ պիտի զզվեի։ Ո՜վ ատրաշեկ երկաթով կուրացված հայրենիք, չտեսա՞ր, թե ինչպե՛ս լուսաբուխ ծիծերուդ վրա կսեղմեիր աստղապսակ որդիներուդ հետ, որոնք Մասիսեն կիջնեին, այնպիսի ճետեր, որոնց սկիզբը թաղված է այն մորուտներուն մեջ՝ ուր Վահագն աստվածային՝ Մեղքի վիշապն սպաննեց։
Բայց հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն, և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին։ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար։ Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը՝ զոր մուրճով կռեցինք ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը՝ որ նպատակին կդիմեր օդին և արևուն մեջ երգելով։
«Չանցնիր այն ճրագն՝ զոր վառեց Աստված», ըսած է Վարպետս {1} իր «Հայրունի»-ին մեջ, զոր ես կհասկնամ այն Աստվածը՝ որ յուրաքանչյուրիս կամքին մեջ է, այն Աստվածը՝ որ իր իսկ քնարը զեն ու զարդեց մարտիկի մը նման՝ զոր առաջին անգամ իդեալական պատերազմին կտանին։
Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։
Դանիել Վարուժան
{1} «Վարպետ» ասելով նկատի ունի Հ, Ղևոնդ Ալիշանին (1820-1901), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներից, բանաստեղծ, հայագետ, գիտնական։
Աղբյուր՝ («Ազդակ», 1909 թ ., 9/22 մայիս, № 21, էջ 334)
Կենսագրություն՝ Դանիել Վարուժան
Տես նաև՝ Դանիել Վարուժան