Զորավար Անդրանիկ
«Աշխարհում չկա մի հայ, որի սիրտը չթրթռա արտասանելով այս պաշտելի անունը՝ Զորավար Անդրանիկ»։ Հակոբ Մանասյան
Անդրանիկի ոդիսականը, նրա իսկ հուշերի համաձայն, այսպես է սկսվել։ Ս. Աստվածածնի տոնին նախորդած շաբաթ օրը ուշադիր լսում է եկեղեցու պատգամը, որ վաղը, կիրակի օրը, խանութները փակ պիտի լինեն և ամեն ոք պիտի մասնակցի Ս. Աստվածածնի պատարագի մատուցման արարողությանը։ Հաջորդ օրը եկեղեցի գնալու ճանապարհին Անդրանիկը տեսնում է հայ վաճառականի մի բաց խանութ, աճապարում է ու զարմանք հայտնում, որ խանութպանը եկեղեցու կարգին հավատարիմ չի եղել։ Համառ խանութպանը անարգում է հանգիստ ասված խոսքը, իսկ Անդրանիկը նրան ուժով դուրս է բերում խանութից ու պահանջում դուռը փակել։ Կռիվ է սկսվում։ Խանութպանը անզգույշ մի շարժումով վնասում է իր քիթը։ Անդրանիկը հեռանում է, իսկ խանութպանը շտապում է դեպի ոստիկանն ու դատախազը։ Սկսվում են անախորժ բարդությունները՝ սկզբում բանտ նետելով ու գումար կորզելով այնտեղից դուրս թողնելով, հետագայում դատ բացելու ու նորից բանտ նետելու սպառնալիքներով։ Անդրանիկը ստիպված էր Կ. Պոլիս տանող ճանապարհը բռնել։ Հավաքվում են բարեկամները ու արցունքները հազիվ զսպելով՝ ճանապարհում արդեն ձի հեծած Անդրանիկին։ Եվ այս պատճառով է նրա հայրը սրտնեղել, որ սիրասուն որդին կռիվների մեջ մխրճվելով՝ ուսման մեջ խորանալու փափագն է անկատար թողել։ Անդրանիկը հիշում է. «Կյանքը ինքն է եղած իր փորձություններով՝ իմ, ինչպես նաև իմ շատ մը ընկերներուս դաստիրակը։ Իհարկե սրտանց կը փափագեի, որ օր մը, մոտավոր ապագայի մեջ, մասնագիտական կրթությամբ օժտված երիտասարդներ հաջորդեին մեզի եւ ավելի ձեռնահասությամբ վարեին մարտական բանակը»։ Սա սրտի ցավն է։ Նույն տեղում նրա խորհուրդն է. «Հայը լինի Տաճկաստանում, Կովկասում, թե Պարսկաստանում կամ այլ տեղ, մեկ է, նա «իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, մեկ պաշտպան մը, ան ալ զենքն ու զինավարժությունն է»։
1894-ից մինչև 1899-ը Անատոլիական թերակղզու հայկական բնակավայրերում թուրք-քրդական ռազմական ուժերի դեմ եղել են հայդուկային խմբերի 3 տասնյակից ավելի ընդհարումներ։ Եվ կռիվների երկնակամարում էլ Անդրանիկը դարձավ հայ ժողովրդի նոր «Սասնա ծուռը», որ արծվի նման սավառնեց հայոց լեռների կատարներին ու պահապան կանգնում նրա զավակների գոյության իրավունքին։
«Անդրանիկի խոսքն անկաշկանդ էր ու միշտ հրամայողական, ձայնն իշխանական եւ անհագորեն հզոր, հակառակ իր թովիչ քաղցրության։ Սքանչելի մանկական ծիծաղի հետ՝ անհնարին ցասումն ուներ որպես ամպրոպային Արամազդ։ Հախուռն ու հանդուգն իր վճիռների մեջ, հայ ժողովրդից, հայ շինականից դուրս աշխարհում ոչինչ չէր սիրում» — հիշում է Ավետիս Ահարոնյան։ Եվ փոխադարձ էր հերոսի ու շինական հայի սերը։ Ժողովուրդը սիրում ու աստվածացնում էր ինչպես արծիվ հայոց լեռներում սավառնող ֆիդայապետին։
«Բռնակալ տիրապետողների դաժան բռունցքի տակ դարերով կքած հայ ժողովուրդը Անդրանիկի մեջ տեսավ իր վրիժառու բազուկը… նույնիսկ թշնամին՝ արյունռուշտ ու վայրագ, պատկառսնքով ու զսպված հիացմունքով կրկնեց անունը հայ հերոսի… Ինչպես հրաբուխն է ժայթքում լեռան անդնդախոր արգանդից, այդպես էլ Անդրանիկը ժայթքեց հայ ժողովրդի սրտից» — գրել է Վարդգես Ահարոնյանը:
Մի անգամ Անդրանիկը գնում է Մշո դաշտի Սուլուխի կամուրջ, տեսնում մի ձիավորի ու ասում՝ գնա Մուշի ոստիկանապետին՝ Քոսաբին բաշուն ասա, որ Զորավարը փակել է իսլամի ճանապարհը ու ասում է՝ արի տղամարդավարի կռիվ տանք։ Քոսաբինբաշին ստիպված հեռագրում է Համիդին, վերջինս էլ բաշուն ուղարկում է ճանապարհը բացելու։ 1000 հոգով Քոսաբինբաշին գալիս է Սուլուխի կամուրջ։ Անդրանիկը նախապես վերցնում է երկու մաուզեր, պահում մեջքի կողմը ու ծնկած վիճակում սպասում, իսկ ընկերները թաքնվում են թփուտներում։ Երբ մոտենում է, Անդրանիկն ասում է. «Շան որդի, տեսար որ ձեռքերս կպված են, դրա համա՞ր ես գալիս համարձակ»։ Բաշին հարձակվում է Զորավարի վրա, վերջինս գնդակահարում է նրան։ Լուրը հասցնում են Համիդին, թե Չաուշը սպանել է Քոսաբինբաշուն։ Սուլթանը ծիծաղում է ու ասում. «Թե Անդրանիկը մինչև հիմա Չաուշ էր, այսօրվանից Անդրանիկը փաշա է, Անդրանիկ փաշա»։
1905 թվականին, հանգրվանելով Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում, հայ ազգային ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին Ժնևում: Հայկական իրականության մեջ այն փաստացի դարձավ հայերեն գրված և հրատարակված առաջին մարտական կանոնադրությունը:
«Մարտական հրահանգներում» նշվում է, որ խումբը կարող է լինել 35, 55, 75 կամ 95 հոգուց, պետք է կազմված լինի տասնյակներից, իրենց տասնապետով։ Հայդուկը պետք է լինի զգույշ ու գաղտնապահ, իր պայուսակում ունենա անհրաժեշտ չափի սնունդը, այլ ոչ թե միայն զենքի պաշարներով մտահոգվի։ «Զինվորներ, չի կարծեք թե խմբապետության մեջ մեծ փառք մը կայ։ Ընդհակառակը՝ խմբապետը ամբողջ խումբին ծառան է և բոլոր մտահոգությունը իր վրա ծանրացած է»։ Հետո խոսում է գործը հաղթանակով պսակելու «մանրուքների» մասին. ինչպես պետք է խումբը իրեն պահի լուսնյակ գիշերը, ինչպես, հարկ եղած դեպքում, կրակ վառի գիշերային խավարի ժամանակ, ինչպես ապահով գնա անտառով, պատսպարվի փոսում, կռվելով, ցերեկով կամ գիշերով, սար բարձրանա։
Ահա լեռնացած հերոսականությամբ Անդրանիկը. նրա կյանքը եղավ անմնացորդ մաքառում հանուն իր ժողովրդի գոյատևման ու ապրելու իրավունքի։ «Բախտավոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկը — գրում է Ավետիս Ահարոնյանը, — իր կենդանության իսկ իր կյանքը մի հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կյանքը, որին նա այնքան նմար էր… Կուռք էր Անդրանիկը, որ մեր ժողովուրդն էր կռել, կոփել ու քանդակել՝ համապատասխան իր դարավոր իղձերի, ձգտումների, արդարության ու իրավունքի ծարավիր հոգու պահանջներին»։
Ահարոնյանը, որ ծանոթ էր Անդրանիկի սրի ու բազկի ընկերներին՝ Սեբաստացի Մուրադին, Սեպուհին, Կայծակ Առաքելին, Ավոյին, մի անգամ ցանկանում է իմանալ նրանց կարծիքը զորավարի մասին, թե ինչպե՞ս է նա դարձել հայդուկապետ, ինչո՞վ է նա շեֆ, երբ Մուրադը ու մյուս ընկերները նրանից ոչնչով պակաս չեն։ Մուրադը պատասխանել է. «Անդրանիկը աչք ունի… սար ու ձեր անցնինք խմբով, ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքիս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի, կդիտի, կպրպտի ամեն մի քար, ամեն ժայռ ու բլրակ, դար ու փոս։ Ոչինչ չի վրիպի նրա տեսողությունից։ Եվ ինչ որ մի անգամ տեսավ, երբեք չի մոռանա, թե նույն ճամփով ետ գնալու լինինք կռվով ու նահանջելով, նա հրաշալի գիտե, թե մինչև ուր պիտի քալինք այսինչ սարին, բլրին, դարին հանդիպելու համար»։
1918 թ., երբ Անդրանիկը կամավորական հազարյակի գլուխն անցած պիտի մեկներ Կարին, հայոց ազգաին խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը, համբուրելով Զորավարի ճակատը, դիմում է զինվորներին. «Նայեցեք, որ այս ճակատը երբեք գետին չհասնի։ Երեսուն տարի այդ ճակատը ասղերին է դիպչած, չլինի որ այսօր գետին հպե»։
Անդրանիկը ոգևորվել ու ոգևորել գիտեր, ամեն լավ բանից հուզվում էր ու հուզմունք պատճառում զինակիցներին։ Այդ օրը զինվորների մեջ էր 14-ամյա մի պատանի։ Զորավարը շարքի միջից դուրս է բերում այդ պատանուն, դնում զինվորների ուսերին, ոգևորված ասում. «Երբ այս ցեղը կրնա այսպես մանուկներ ղրկել ռազմաճակատ, վստահ եղեք, որ մեր ազատությունը մոտ է։ Բավական է մեր նահատակներու բարոյական ուժը, մենք կհաղթենք։ Մենք մենակ ենք։ Բավական է այդ մենակությունը, որ մեր թուլությունը զենք ու պողպատ հագնի։ Ռուսը գնաց ու մեր հայրենիքը մեզ թողեց, թուրքերը կսպառնան գալ ու մեր ձեռքեն խլել մեր հողը, դիմադրենք ու չթողունք, որ թուրքը մտնե մեր արյունով ոռոգված դաշտերը»։