ԱԶԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԱԿ
Տեղեկանալով Արմեն Մարտիրոսյանի ահազանգին՝ ազերթուրքական քարոզարշավի հաղթարշավի մասին, սրտի ցավով արձանագրում ենք, որ մեր պարտվողականությունը խոր արմատներ ունի և գալիս է դեռ խորհրդային ժամանակներից: Հիշում ենք, թե ինչպիսի արգելապատնեշի բախվեցին Ասատուր Մնացականյանն ու Պարույր Սևակը 60–ական թվականներին, երբ փորձեցին պսակազերծել Բունիաթովի պատմաքաղաքական զեղծարարությունները:Ազերթուրքերը մեր հայրենիքը, պատմությունը, հոգևոր ու նյութական մշակույթը, պատմական գործիչներին իրենցն են հռչակել և առանց աչք թարթելու աշխարհով մեկ մեզ վարկաբեկում են որպես ագրեսորի՝ գույներ չխնայելով աջ ու ձախ զրպարտում են մեզ: Իսկ մեր կողմից ոչ մի հակահարված, կեղծիքի ու զրպարտության ոչ մի մերկացում: Կարող ուժե՞ր չկան ազերթուրքական կեղծիքն ու զրպարտությունները պսակազերծելու համար: Կան այդ ուժերը, բայց, դժբախտաբար, նրանց նախաձեռնությունները միշտ էլ բախվում են իշխանությունների անտարբերության պարսպին:
Եվ որպեսզի մեր ասածը դատարկ կրակոց չթվա, ներկայացնում ենք անհատական նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքի մի դեպք երկու Հայոց պետությունների ԱԳ նախարարությունների կողմից: Նշենք միայն, որ ԼՂՀ ԱԳ-ից ոչ մի արձագանք չի եղել, երևի չեն էլ կարդացել ներկայացված աշխատանքը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն բարեկրթություն է ունեցել պատասխանելու:
Զորավոր հիմնավորմամբ մերժման այս թուղթը նախարարությունից ստացանք այն պահին, երբ երկու աշխատակից, թուղթ ու գրիչ վերցրած, հաշվարկներ էին կատարում, թե ինչքան պետք է վճարեն ինչ-որ դահլիճում կազմակերպվելիք համերգի նվագողներին (զուռնաչիներին)՝ հազար, թե՞ հազար հինգ հարյուր դոլար: Իսկ ընդամենը 34 էջանոց փաստաթղթի թարգմանության համար պետությունը միջոցներ չունի:
Դժբախտաբար մեր իշխանական այրերը ինչպես հարկն է չգիտեն պատմությունը: Նրանք տեսել են, ասենք, գետնի տակից վեր խոյացող մի ահազդու Աղդամ, որը քաղաքական հատուկ ծրագրով պետք է մարդկային թվաքանակով գերազանցեր մարզի ազգաբնակչությանը, վաղն էլ մարզը ձուլեր իր հետ: Բայց չգիտեն, որ այդ նույն Աղդամը 1912թ. ունեցել է 60 վրան, որը պատսպարում էր 260 բնակչի, որ 1950 թվականին դեռևս մի խղճուկ բնակավայր էր, որ, ի հակադրումն 1965թ. հերթականորեն բարձրացված Ղարաբաղյան հիմնահարցին, կառուցվեց հատուկ ծրագրով, այնտեղ կուտակեցին 40 հազարանոց մարդկային մի զանգված, «գորշ գայլերի» հատուկ կառույցներով, որպեսզի հարկը պահանջած դեպքում Ղարաբաղը խեղդեն արյան մեջ:
Միայն Աղդամի օրինակի քաղաքական գրագետ մեկնաբանությունը հզոր մի միջոց կլիներ աշխարհին ցույց տալու, թե ազերթուրքերն ինչպիսի մոլեգին թափով էին իրականացնում հայկական հողերի էթնոքաղաքական բռնազավթումը: Մեր քաղաքական այրերին նման «մանրուքները» չեն հետաքրքրում, նրանք զբաղված են ազգափրկիչ գերխնդիրներով:
Իրենց պատմությունն իմացող քաղաքական այրերը չէին ասի Ղարաբաղը հոտոտելու եկած եվրոպական հանձնաժողովին, թե տեսեք-տեսեք, ազատագրված տարածքներում ոչինչ չենք արել:
Նրանք անմիջապես կհասկանային, որ Ատկինսոնը, գնդապետ Թոմսոնի թոռն է, որը եկել էր ստուգելու իր պապի գործուն աջակցությամբ ստեղծված մոխրակույտերը, որպեսզի այդ մոխրակույտերում հայի ծիլ ճարելու դեպքում պոկի: Մեր քաղաքական այրերը ոչ միայն նման բաներ չգիտեն, այլև բանի տեղ չեն դնում կողքից հուշողներին:
Մենք ակնարկեցինք մի անհատի բազմաթիվ փորձերից միայն մեկի մասին, մինչդեռ անհատապես գործող այդ կարգի անհատներից մի պատկառելի ուժ կկազմավորվեր, եթե իշխանություններն ընդառաջեին նրանց, պայմաններ ստեղծեին ազգային քաղաքական շահերը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար:
Այս անարգական վիճակից դուրս գալու մի ելք կա միայն, կարող ուժերի ընդգրկումով ստեղծել պետական հովանավորության ներքո գործող կառույց, որն ամենայն հետևողականությամբ աշխարհին ներկայացնի պատմաքաղաքական իրական, անժխտելի ճշմարտություններ՝ միաժամանակ հետևողականորեն պսակազերծելով ազերթուրքական կեղծարարությունն ու սուտը:
ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ ԵՆՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ
Զիջելու հերթը հիմա իրենցն է:
Մոսկովյան հռչակագիրը հավաստիացրեց, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Սակայն, ինչպես հայտնի է, մի քանի օր անց, երբ Մինսկի խումբը հասել էր Ստեփանակերտ, Ադրբեջանը խախտեց պայմանագիրը՝ տալով նաև սպանված: Դա պարտադրում է մեզ գերագույն զգոնություն և շրջահայացություն: Միամտություն կլինի կարծել, թե հակամարտությունն ուր որ է լուծվելու է: Իրար բացառող կնճռոտ հարցերի լուծման համար ծանր ու տևական աշխատանք է պահանջվում: Հետևապես մեր անելիքը պետք է լինի գործընթացը տեղափոխել իր բնական հարթություն, վեր հանել հակամարտության իրական բովանդակությունը և հետամուտ լինել այդ բովանդակությունից բխող լուծումներին:
Կարծում ենք, հակամարտության ելման կետ պետք Է դարձնել 1920թ. ապրիլի 28-ը, երբ 11-րդ կարմիր բանակը մտավ Բաքու եւ հռչակեց խորհրդային կարգեր: Առաջին իսկ փաստաթղթերով Ադրբեջան անվանակոչված տարածքը բոլշևիկները հայտարարեցին ինտերնացիոնալ հանրապետություն, և նրա պետականաստեղծ երկու ժողովուրդներ դարձան հայերն ու մահմեդականները: Ադրբեջանական հանրապետությունը հայ և ազերթուրք ժողովուրդների համատեղ ու միասնական հանրապետությունն էր՝ հավասար իրավունքներով ու պարտականություններով, այդ թվում՝ նաև սեփականության անօտարելի իրավունքով:
Խորհրդային կարգերի գոյության ողջ ընթացքում Ադրբեջանում գործողության մեջ է եղել պետական երեք լեզու` ուսերենը, հայերենը, թուրքերենը, իրենց բոլոր դրսևորումներով` դպրոց, մամուլ, ռադիո և այլն: Ադրբեջանի այն բոլոր տարածքներում, որտեղ կային հայկական բնակավայրեր, գործում էին հայկական դպրոցներ:
Հազիվ մեկ տարի անց՝ Կովբյուրոյի 1921թ. հունիսի 5-ի անօրինական որոշումով Մոսկվան ինտերնացիոնալ այդ հանրապետությանը կարկատեց նրան չպատկանող Լեռնային Ղարաբաղը: Ինչքան էլ կամայականությամբ ձևավորեցին մարզը՝ բնակչության համարյա կեսը և տարածքի ավելի քան 2/3-ը դուրս թողնելով մարզից, այնուհանդերձ այն քաղաքականապես Ադրբեջանին ենթակա, բայց ինքնուրույն պետական միավորում էր: Հետևապես հակամարտությունը կայացել է քաղաքական-պետական երկու կազմավորումներում՝ ԱդրՍՍՀ-ում ու Լեռնային Ղարաբաղում, և հակամարտության փոխզիջումային լուծման նժարին պիտի դրվեն երկու կողմերը հավասարապես:
Մեր ազատամարտիկները 1992թ. փախուստի անհրաժեշտ միջանցք տրամադրելով ադրբեջանցիներին ու Միջին Ասիայից ներմուծած մեսխեթ թուրքերին, նրանց դուրս մղեցին Խոջալուից, որոնց մի մասին Աղդամի մոտ գնդակահարեցին հենց իրենք՝ ադրբեջանցիները: Ադրբեջանցիները այսօր իրենց կատարած հաշվեհարդարը հայերիս կողմից իրականացրած ցեղասպանություն հայտարարելով՝ օգտագործում են մեր դեմ:
Ավելին` իրենց քարոզչական պատերազմում հասել են այնտեղ, որ ՀՀ տարածքը «դարձրել» են Արևմտյան Ադրբեջան: Վաղը-մյուս օրը շահագրգիռ կողմերը այդ էլ են շահարկելու՝ մեր դեմ լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:
Մինչդեռ հայերի հանդեպ ազերթուրքերի իրականացրած 1918-1992թթ. ցեղասպանության համար Ադրբեջանի ամբողջ տային կորուստներ տվել՝ Բաքվից մինչև Ղազախ, ժդանովից մինչև Շաքի ու Շամախի, դրան գումարած՝ ԼՂԻՄ-ից 1923թ. դուրս թողնված հայկական շրջանները:
Որպեսզի ինչ-որ չափով շոշափելի լինեն մեր կորուստները, հետևենք թեկուզ միայն Բաքվում կատարված պատմական տեղաշարժերին: Թուրք տարեգիր Ջևդեթը 18-րդ դարի Բաքվի մասին գրում է. «Սալյան ու Բաքու քաղաքներում ապրում են 10 հազար տուն շիաներ և 10 հազար տուն հայեր» («Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, 1961թ, էջ 248): Այդ շիաները դեռևս ադրբեջանցիները չեն, այլ տեղաբնիկ մահմեդականները՝ թալիշներ, թաթեր և այլն:
1891թ. Թիֆլիսում հրատարակված «Բաքուն և իր արվարձանները» ռուսերեն գրքույկում արձանագրված է Բաքվի էթնիկական կազմը: 1889թ. տվյալներով այնտեղ կային 29,631 թաթեր, 25,897 հայեր, 22,693 ռուսներ, 9877 թաթարներ (այսօրվա ազերթուրքեր), 5520 այլազգիներ. որոնց թվում՝ անհայտ քանակով կաթոլիկ ու բողոքական հայեր: Այսպիսով՝ այսօր ադրբեջանցի կոչվածները զբաղեցնում էին չորրորդ տեղը: (Ցարական մարդահամարների հիմքում կրոնական պատկանելությունն էր և ոչ ազգային):
Խորհրդային տարիներին Բաքուն նորից հայացավ: Այնտեղ առնվազն կար կես միլիոն հայություն: Այսօր ՀՀ տարածքը Արևմտյան Ադրբեջան դարձնողների ներկայացրած թվաքանակը հայերի պարագայում պետք է բազմապատկել առնվազն երկուսով: 1926թ. մարդահամարում Ադրբեջանում 17 ժողովուրդ է արձանագրված: Այսօր դրանցից քանի՞սն են մնացել, որոնց գոյությունը չեն հասցրել ուրանալ: Էլ ո՞ւր մնաց, թե հայերիս համար ճիշտ թիվ հրապարակեն:
Չմոռանանք նշել, որ ցարական ժամանակներում Բաքվի նավթարդյունաբերության կեսը պատկանում էր հայերին: Սա դեռ միայն Բաքուն: Իսկ Գանձակն ու Ղազախը, Մինգեչաուրն ու Սումգայիթը և մյուս հայաշատ տարածքները… ե՞րբ պետք Է մենք դրանք հիմնավորված փաստարկումներով ներկայացնենք որպես ինտերնացիոնալ հանրապետության պետականաստեղծ ժողովրդի ցեղասպանություն՝ դրանից բխող հետևանքներով:
Ահա թե ինչ նոր հիմքերի վրա պետք է դնել հակամարտության փոխզիջման հարցը՝ ընդգրկելով և ԱդրՍՍՀ-ն, և ԼՂԻՄ-ը: Մենք արդեն զիջել ենք հնարավոր առավելագույնը: Զիջելու հերթը հիմա իրենցն է. մեզ պետք է վերադարձվեն այն տարածքները, որ բռնազավթվել են գորբաչովյան տանկերով (Չարդախլուից մինչև ժդանով):
Հետևապես մեր պետական այրերը պետք է կամք դրսևորեն՝ հակամարտությունը տեղափոխելու իր իրական ու բնական դաշտը, Ադրբեջանի ողջ տարածքով մեր կորուստների դիմաց պահանջեն մեր բաժինը: Այդ են պահանջում արդարությունը և եկող սերունդների առաջ պարզերես մնալու հրամայականը:
ԱԶԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԱԿ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ