Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հիշատակին
(1955 2000)
Ինձ համար հոգեբանորեն թերևս ամենադժվարը հիշատակի խոսք գրելն է: Դժվար է, ընդհանրապես, համակերպվել մարդու կորստի հետ: Է՛լ ավելի ծանր է, երբ գաղափարական մարդ ես կորցնում, քաղաքացի, պայքարի մարտիկ, առաքինի զինվորական, կարճ ասած՝ Հայրենիքի բարոյական արժեք:
Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի մահը, այդ առումով, ոչ միայն ծանր կորուստ էր հարազատների համար, այլև նորանկախ Հայաստանի և, առաջին հերթին, ազգային բանակի: 45-ը հազիվ բոլորած անվեհեր այս հայորդին ամբարել էր իր մեջ հատկանիշներ, որոնք կամա-ակամա խորհելու, զուգահեռներ անցկացնելու և եզրահանգումներ անելու տեղիք են տալիս: Նրա ծնունդը կարելի է համարել առաքելություն, ապրած կյանքը՝ սխրանք, մահը՝ պատգամ: Այսօր խոսելու ենք այդ եռամիասնության մասին:
Քո գերեզմանը շատ մոտ է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) նահատակներին նվիրված հուշահամալիրին: Հարևաններ եք… հար: Տարիքների բերումով դուք գրեթե հասակակիցներ եք, սերնդակիցներ: Այդ հերոսներն իրենց կյանքը զոհաբերեցին երբևէ իրենց չտեսած, բայց միշտ իրենց հոգու խորքում կրած Հայրենիքի համար: Ի տարբերություն նրանց՝ դու այստեղ էիր ծնվել: Բայց, ինչպես ասում են, գիտակցական կյանքդ անցել է դրսում: Ուզում էիր պատմաբան դառնալ: Այս առեղծվածային երկրի պատմությունը քեզ շատ էր հետաքրքրում: Պատմության ֆակուլտետ ընդունվելուդ միակ՝ առաջին փորձն անհաջող էր: Անմիջապես զորակոչեցին սովետական բանակ: Այն ժամանակ 18 տարեկան էիր: Շուտով իմացանք, որ որոշել ես զինվորական դառնալ: Հզորազոր ու հավերժական թվացող հսկայածավալ երկրում ապրում էինք հանգիստ ու խաղաղ, և զինվորականի մասնագիտությունը թվում էր ոչ այնքան առաջին անհրաժեշտություն: Թվում էր, թե այս փոքրիկ Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա միայն գիտությամբ ու մշակույթով: Բայց մի օր արթնացանք այն գիտակցությամբ, որ մեզ ավելի շատ զինվորականներ են պետք և այն էլ՝ պրոֆեսիոնալ: Հայաստանն անկախացել էր: Բանակ էր կազմավորվում: Հայազգի մարշալներն իրենց փառքով մնացել էին անցյալում, իսկ մենք անհրաժեշտ պատրաստվածության ու թվով զինվորականներ չունեինք: Չունեի՞նք: Իհարկե, ունեինք: Բոլորն էլ սովետական բանակում էին: Ու կատարվեց այն, ինչը պիտի կատարվեր: Ոմանք՝ արյան կանչով, ոմանք նախնյաց փառքի ձայնին ունկնդիր, ոմանք ՀԱՀԳԲ-ի և ՀՅԴ-ի զինվորների հանգույն՝ Հայրենիքը չտեսած՝ շտապեցին Հայաստան: Հայրենիքն էր զանգում-կանչում բազմալեզու զանգակի պես: Բանակ էինք ստեղծում երկրաշարժից հետո անասելի ծանր ու դժվար ռազմաքաղաքական իրավիճակում՝ ադրբեջանցիների գրեթե ամենօրյա հարձակումների, շրջափակման և հաճախակի սպառնալիքների պայմաններում: Եկան պրոֆեսիոնալ զինվորականներ՝ ռազմական բարձրագույն ուսումնարաններ և ակադեմիաներ ավարտած, Աֆղանստանի բովով անցած: Եկաք, տեր կանգնեցիք մեր փոքրիկ, բայց աշխարհում ամենաթանկ գանձին՝ Հայրենիքին… Առաջիններից մեկը դո՛ւ եկար: Դու պարզապես չէիր կարող չգալ: 1988 թվականի մեր ազգային վերազարթոնքին մասնակցում էիր… Մոսկվայից: Այդ թվականին ավարտեցիր ռազմաքաղաքական ակադեմիան: 33 տարեկան էիր: Եվ չնայած երիտասարդ տարիքիդ՝ ՍՍՀՄ զինված ուժերում արդեն բավական փորձ ունեիր: Կարճ ժամանակամիջոցում սրընթաց առաջ էիր գնացել զինվորական գործում, մի բան, որ շատ դժվար էր սովետական բանակում՝ խաղաղ շինարարության տարիներին: Ներքին ձայնդ, հավանաբար, շտապեցնում էր ավելին ձեռք բերել… Դա քեզ պետք էր լինելու Մայր հայրենիքում՝ Լաչինի մարդասիրական ճանապարհը բացելիս. Լաչինի պաշտպանության հրամանատարներից էիր: Այդ շրջանում քո մասին տեղեկություններ ստանում էի միջնորդավորված՝ գործընկեր լրագրողներից: Պատմում էին քո նվիրվածության, անշահախնդրության, անասելի շիտակության, գրագիտության, խելամտության, անսահման պարզության ու բարության, զինվորներիդ նկատմամբ հայրական սիրո և նաև պահանջկոտության մասին: Պատմում էին՝ ինչպես էիր դողում յուրաքանչյուրի մազի համար: Պատմում էին նաև, որ հաց չէիր ուտում, մինչև զինվորներդ չկշտանային, ու թե ինչպես էիր շատ հաճախ վերջին կտոր հացդ բաժանում նրանց՝ քեզ չթողնելով ոչինչ…
«Թերություններիդ» մասին էլ էին պատմում. անկաշառ է, փող և պաշտոն չի սիրում…
Բնությունն այնքա՛ն շռայլ է եղել քո առաքինությունների հարցում… 2000-ի սեպտեմբերին կառավարական «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանն ստանալիս շնորհակալությամբ հիշատակեցիր զինվորներիդ՝ պարգևդ վերագրելով նրանց թափած ջանքերին… Գո՛նե զինվորներիդ մայրերի օրհնանքը հասներ քեզ ու արևդ երկարեր… Գործընկերներս երբևէ իրենց հանդիպած ամենադեմոկրատ զինվորական ղեկավարներից էին համարում քեզ` բարձրաստիճան սպայակազմում: Առհասարակ, ավելի մատչելի փոխհարաբերության այլ օրինակ, հատկապես՝ ենթակաների հետ, չէին հիշում, և ներքուստ երկյուղ էին տածում, որ ՀՀՇ-իզմի գաղափարագարները դա անհետևանք չեն թողնի. առաջին իսկ հնարավորության դեպքում պաշտոնանկ կանեն: Այդ տարիներին դու գնդի հրամանատարի տեղակալ էիր, ապա՝ բրիգադի հրամանատար, հետո՝ բրիգադի հրամանատարի տեղակալ՝ մարտական գործողությունների գծով: Մարտական ընկերներիդ վկայությամբ՝ ամենակատաղի կամ համեմատաբար ոչ ծանր մարտերի ժամանակ ոչ միայն քայլ անգամ չես հեռացել քո զինվորներից, այլև քո անձնուրացությամբ և քաջությամբ օրինակ ես ծառայել բոլորին՝ բացառելով բարոյահոգեբանական թեկուզ աննշան նահանջ: Սովորեցնում էիր, ի հակակշիռ բազմապատիկ թշնամու, հանդիպադրել կամք և ոգի… Այդ ոգին այնպե՛ս էր ծառս լինում քո մեջ, որ զարմանալ կարելի է՝ որտեղի՞ց այդքան ուժ ու կորով, այդքան համարձակություն ու արիություն, և, առհասարակ, ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը մեկտեղել: Բայց ի՞նչ կա զարմանալու: Դա պատահական չէ: Դա գալիս է պատմական հիշողության միջով, ամրապնդվում թիկունքից: Հայկի, Արայի, Արգիշտիի, Արտաշեսի, Մամիկոնյանների, Արծրունիների, Բագրատունիների, մյուսների ազատասեր ոգին կրում եք ժառանգաբար… Քո կերպարանքո՛վ եմ նաև նրանց տեսել… Հինգ թե վեց անգամ վիրավորվեցիր մարտի դաշտում և, անգամ վիրավոր, շարունակեցիր մարտը` առաջին բուժօգնությունը հետաձգելով մինչև հրադադար: Քո հավատի տաճարի ամենասուրբ քարոզիչը Մովսես Խորենացին էր: Հայ ռազմիկ-թագավոր Արամի մասին Պատմահոր խոսքը կարելի է վերագրել նաև քեզ ու քո նմաններին: «Սա աշխարհասեր և հայրենասեր մարդ լինելով լավ էր համարում Հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարածինների որդիք ոտնակոխ են անում իր Հայրենիքի սահմանները, և օտար մարդիկ տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Մինչև զինադադար` դու մարտական գործողությունների մասնակից էիր: Արցախի ազատագրության համար մարտեր մղեցիք նաև Մարտակերտում և հարակից շրջաններում: Արցախի ազատագրումն ու ձեռք բերած հաղթանակը նաև պրոֆեսիոնալ զինվորականներիդ հաղթանակն էր: Արցախի հարցը մենք մե՛զ համար և մե՛ր ձևով լուծեցինք, ասացիր: Արցախը միացած է մայր հողին: Լավագույն տարբերակը, իհարկե, մեր բոլոր կորուստների վերադարձն է: Ինչ խոսք, անելիքներ շատ-շատ ունենք…
Ցավոք, դուք չվայելեցիք ձեր հաղթանակի բերկրանքը: ՀՀՇ-ական վարչակարգը, որ գաղափարական ճակատում պարտվողական քաղաքականություն էր որդեգրել, նույնը փորձում էր պարտադրել ձեզ: Ձեզ անհասկանալի էր այդ քաղաքական անհեթեթությունը: Ոչ մի օտար թելադրանք ու կապանք չէին կարող շղթայել ու սանձել ազգային վերազարթոնքով իմաստավորված ու հաղթականորեն թևածող ձեր ազատաբաղձ կամքը: Ձեր գործողությունների շնորհիվ` հայկական բանակն Անդրկովկասում անվանվեց ամենամարտունակը: Դուք չէիք կարող հանդուրժել անհայրենիք և անգաղափար գաղափարների գաղափարախոսությունը: Դուք չէիք կարող ուղղամիտ և ըմբոստ չլինել, որովհետև ոչ միայն կռվել ու հաղթել գիտեիք, այլև հաղթանակի գինը: Սակայն բոլորդ չէ, որ կարողացաք փիլիսոփայորեն վերաբերվել վարչակարգի քմահաճույքներին: Ցավոք, հիասթափվողներ շատ եղան: Նրանց մի մասը հեռացավ Հայրենիքից: Նաև դու: Բայց արդյո՞ք դու հեռացար Հայրենիքից: Դու շատ շուտով հայտնաբերեցիր, որ Հայաստանից հեռու այլևս չես կարող ապրել: Հասկացար, որ քեզ հիասթափեցրել են… Հայրենիքի ներկայացուցիչները: Իրականում Հայրենիքը ո՛չ մի մեղք չուներ դրա համար: Հայրենիքը ո՛չ աշխարհագրական տարածք է, ո՛չ կալվածք, ո՛չ բնակավայր, ո՛չ էլ պաշտոնավարելու տեղ: Հայրենիքը գաղափա՛ր է նախ և առաջ: Հայրենիքը ապրելակերպ է: Հայրենիքը հայոց բազմադարյան պատմությունը Հայաստանում և միա՛յն Հայաստանում շարունակելու կամք է և պատվիրան: Ու վերադարձար՝ ծառայելու, իմացությունդ և փորձդ ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի ազգային բանակի շինարարությանը՝ զոհաբերելով անձնական երջանկությունդ… Հայրենիքը, այո, գաղափար է, իսկ քեզ նման գաղափարական զինվոր-քաղաքացիներ նրան շա՛տ են հարկավոր: Խոսքն այստեղ տեսակի մասին է: Ապրող և ապրեցնող տեսակի, որն առավել ազնվական ու ասպետական է: Հայի այդ տեսակը մեր հարստությունն է, մեր ինքնության կերպն ու վկայականը, մեր գոյության իմաստը: Երբեմն, սակայն, այդ իմաստներից մեզ զրկում են անհեթեթ պատահականությունները: Ինչպես սա՝ այդ չարաբաստիկ ավտովթարը: Հերոսին վայել վախճան չէր սա…
Վախճանդ նույնպես ինձ հիշեցնում է Մամիկոնյան սպարապետներին: Մանվել սպարապետը, ըստ Փավստոս Բուզանդի, մահվան մահճում դառնաղի արտասվում է. «Որքան լավ կլիներ, եթե պատերազմում մեռնեի Հայրենիքի համար: Թեպետև շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ինձ վիճակվեց մեռնել վատթար մահով…»:
…Իմ խոսքում այսօր խորհրդանիշներ շատ կան: Հերոսների խորհըրդանիշ-կերպարներն ու ընդհանրացումները շատ կարևոր են բանակի բարոյահոգեբանական արժեքների համակարգում: Որոշել էի մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ քեզ անպայման հրավիրել Հայաստանի ազգային ռադիոյի մեր ձայնասրահ՝ մասնակցելու «Հոգևոր Հայաստան» հաղորդաշարին: Ուզում էի զրուցել մեր ազգային արժեքների վերաիմաստավորման թեմայով: Դա՛ էլ յուրօրինակ դաս կլիներ զինվորներիդ համար: Մեկ անգամ ևս նրանք կլսեին քո օգտակար խորհուրդներն ու մտերմիկ խոսքը, ազգային ինքնագիտակցության, պետական մտածողության և արժանապատվության դաստիարակության մասին քո տեսակետները: Դարձյալ ու կրկին կհիշատակեինք պատմության թատերաբեմում մեր առաքելության, ստեղծած հոգևորմշակութային արժեքների, այս տարածաշրջանում մեր տարած անթիվ հաղթանակների և դառը պարտությունների, այսօրվա բարդ ու բազմածալ, անշուշտ, նաև իրարամերժ ու հակասական անցումային շրջանի և վերածնված ազգային բանակի շինարարությունը ճիշտ հուն ուղղորդելու մասին:
Իմ որոշած հանդիպումն այդպես էլ չկայացավ: Ավելի ճիշտ՝ կայացավ… Եռաբլուրի բարձունքում: Պանթեոնի մուտքին շատ մոտ` քո ոգեղեն ներկայությամբ հանգրվանել ես… հավիտյանս: Եվ այնպե՛ս հանգիստ ու հայրաբար ես փռել ամպհովանիդ ՀԱՀԳԲ-ի հերոսների վրա՝ քո զինվորների պես հզոր թևերիդ տակ առնելով նաև նրանց: Ավելի ճիշտ կլինի ասել՝ մեր ազգային գաղափարաբանության դաշտում դուք բոլորդ էլ զինվորներ եք, որ եկաք շարունակելու Զորավարի անավարտ գործը, որը, ցավոք, շարունակվում է մնալ բաց դաս, որը Եռաբլուրի բարձունքից համայն հայության համար շարունակում է վարել ձեր մեծ ուսուցչապետն ինքը՝ Զորավար Անդրանիկը…
Փա՛ռք ու պատիվ ձեզ ծնող մայրերին: Հանգստությո՛ւն ձեր անհանգիստ հոգիներին: Խունկ ու հիշատակ…
ՀՀ ռադիո, 24. 10. 2000
«Հայ զինվոր», 28 հոկտ.–4 նոյ., 2000 թ.
«Վասն հայության», 16. 10. 2001
«Հայագիտության և հայապահպանության հարցեր», հատոր Բ, 2010