Հօրս հայ լինելը աղօտ ու հեռակայ մի խնդիր էր:
Տարիների ընթացքում յաճախել եմ տարբեր դպրոցներ: Անգլիական գիշերօթիկ դպրոցի իննամեայ աշակերտ էի, երբ առաջին անգամ գիտակցեցի, որ ես էլ, այսպէս թէ այնպէս, հայ եմ: Կիսով չափ հայ: Մի անգամ դպրոցում մի այսպիսի դէպք եղաւ. տնօրէնի տիկինը ինձ ասաց, որ ինչ-որ տեղ կարդացել է, որ հայրս նոր գիրք է հրատարակել: Գրեթէ միշտ անպատասխան եմ թողել նման հարցադրումները: Ես գիտէի, որ հայրս, իր աշխատասենեակում փակուած, գրքեր է գրում, սակայն գրելն ընդհանրապէս եւ հօրս գրելը մասնաւորապէս այն նիւթն է, որի շուրջ ընտանիքում համարեա չէր խօսւում, խօսելն էլ չէր խրախուսւում: Տիկինն ասաց, որ հօրս գրքերից ոչ մէկը չի կարդացել, սակայն համոզուած է, որ դրանք խիստ ուշագրաւ կը լինեն, թէեւ «Կանաչ գլխարկ»ն է հանրայայտը: «Երեւի հիանալի զգացում է յայտնի գրողի զաւակ լինելը», -ասաց եւ վերջում հարցրեց, թէ արդեօք ես նոյնպէս գիտեմ հայերէն: Այս վերջին հարցից անակնկալի եկայ:
-Ոչ, -ասացի, -ես հայերէն չգիտեմ: Երբեք չեմ լսել, որ որեւէ մէկը խօսի հայերէն:
Իրօք չէի լսել:
-Բայց ես վստահ եմ, կարդացել եմ, որ հայրդ հայ է, -ժպտաց տիկինը: -Եւ կարծում եմ՝ բոլոր հայերը գիտեն իրենց լեզուն:
***
Մի անգամ էլ դպրոցական ընկերոջս՝ մի անգլիացու, ասացի, որ ես անգլիացի եմ, նա նայեց ինձ եւ ասաց. «Դու չե՛ս կարող լինել անգլիացի»: Ես որոշեցի ծածուկ զննել հօրս դէմքը: Կեանքում առաջին անգամ ինձ օտար ու անծանօթ թուաց: Չգիտէի՝ ինչպէս հարցնեմ՝ մենք հա՞յ ենք: Այս յանդուգն հարցը տուեցի մօրս:
-Իհարկէ ոչ, -մեղմ, բայց հաստատուն ձայնով ասաց նա,-հօրդ ընտանիքը հայկական արիւն ունի, բայց ինքն անգլիացի է, եւ դու՝ նոյնպէս:
Նա ցոյց տուեց հօրս անձնագիրը:
***
Պատերազմի հետեւանքով արտագաղթեցինք Ամերիկա: Քսանմէկ տարեկան էի, երբ դարձայ Ամերիկայի քաղաքացի: Ինձ զգում էի անգլիացի, ամերիկացի, բայց, աներկաբայօրէն, մի ինչ-որ պակաս կամ միգուցէ յաւելեալ բանի զգացում ունէի: Սկսեցի գիտակցել, որ ինձ մշտապէս ուղեկցում է «հայութեանս» ստուերը. մարդիկ երբեմն նկատում եւ ցուցադրաբար ակնարկում էին դա: Սարսափով եմ յիշում, թէ ինչպէս դպրոցում տղաները տանջում էին հրեայ դասընկերոջս: Հրեայ, այսինքն՝ տարբեր իրենցից, խորթ ու անպաշտպան: Գիտէի, որ ինքս էլ տարբեր եմ, թէեւ պաշտպանուած էի ամերիկեան ընդունուած վարուեցողութեան արտաքին քօղով: Զգում էի նաեւ, որ քօղը կարող է անհետանալ: Հայ լինելը երեւի թէ վտանգ էր պարունակում կամ «երկրորդ կարգին» պատկանել էր նշանակում, այլապէս հայրս այդքան վճռականօրէն չէր ձգտի հեռանալ դրանից: Ես, հասկանալով հօրս, հետեւեցի նրան…
***
Յիշում եմ, թէ ինչպէս մեզ այցի եկաւ արգենտինաբնակ հօրեղբայրս՝ Գրիգորը: Հայրս նրա մասին ասում էր. «Սիրում է ամէն բան բարդացնել: Խնդրեմ՝ հայի բնաւորութիւն»: Հօրեղբայրս, որ խօսում էր անթերի անգլերէնով, ինձ մի քանի հայերէն բառ ասաց: Բնականաբար, ես չէի կարող արձագանգել: Նա նայեց հօրս եւ կշտամբանքով ասաց. «Ինչպէ՜ս, տղային բոլորովի՞ն չես սովորեցրել հայերէն»: «Խրթին լեզու է», -մռայլուեց հայրս…
***
Մեզ միշտ ինչ-որ բան բաժանել է իրարից, չխոստովանուած, անհասանելի մի բան: Օտար էինք միմեանց: Երբ հայրս մահուան մահճում էր, մենք, ձեռք ձեռքի տուած, բարեկամաբար զրուցում էինք, սակայն դրանից էլ մտերիմ չդարձանք: Կարօտում էի, երբ չկար, երբ «բացակայ» էր արդէն, թէեւ աւելի անկաշկանդ էի դարձել: Յաճախ էի երազում տեսնում նրան, սակայն երազում նոյնպէս ունենում էի հեռաւորութեան նոյն զգացողութիւնը… Աւելի ուշ գիրք գրեցի նրա գրական ուղու մասին:
Մի փոքրիկ հատուած Առլէնի որդու՝ Մայքլ Կրտսերի վէպից:
***
Մի օր էլ գնացի Ֆրեզնօ՝ Սարոյեանի տաք ու անծայրածիր հովիտը՝ լի մրգերով, պտուղներով, թշուառութեամբ ու կեանքով: Ահա յաղթանդամ, հուժկու Սարոյեանը: Վաթսունվեց տարեկան է: Ուրախանում է, որ որոշել եմ հետաքրքրուել հայերով. «Խենթ ժողովուրդ են, գիտե՞ս: Պարզ են ու խենթ»: Երբ հետաքրքրւում էր ընտանիքիս անդամներով, ձայնի մէջ հայրական գորովի երանգներ որսացի: Երկրորդ անգամ էի տեսնում նրան, սակայն կարծես միշտ ճանաչել էի: «Գիտե՞ս ինչ, եթէ ուզում ես ճանաչել հայերին, գնա Հայաստան: Գնա Երեւան»: Աւելի ուշ, երբ հրաժեշտ էինք տալիս, Սարոյեանը գրկեց ինձ: Մինչեւ հիմա այտիս վրայ զգում եմ նրա այտի կոշտութիւնը:
Եկաւ ժամանակը, ու մեկնեցի Հայաստան:
Բացուող առաւօտը ջինջ էր ու պայծառ, եւ ես օդանավի լուսամուտից տեսայ Արարատը: Բանականութեանս անգլոամերիկեան մասն ասում էր, որ Լեռան բացառիկ կերպարանքը՝ հորիզոնում վեր խոյացող, վիթխարի, անկախ, արդիւնք էր երկրաբանական դիպուածի: Բանականութեանս մէկ այլ մասով խորունկ դող ապրեցի…
Կինս ակնդետ նայեց դէմքիս եւ ասաց.
-Երդւում եմ, երբ Լեռը երեւաց, քո աչքերում արցունք տեսայ:
Յիշեցի հօրս վերջին երազներից մէկը: Տեսել էր իր հօրը, սակայն չէր հասկացել՝ հայրն ինչ է ասում իրեն: «Հայերէն էր խոսում, ոչինչ չէի հասկանում», -ասաց:
Երբեմն մտածում եմ, որ ժամանակի խզուած շրջանագիծը մի օր բոլորւում կամ վերաբոլորւում է…
ՄԱՅՔԼ ԱՌԼԷՆ ԿՐՏՍԵՐ
Մայքլ Առլէնի «Կանաչ գլխարկը» վէպը գրաւել էր անգլիական բարձրաշխարհիկ հասարակութեան ուշադրութիւնը: Չի բացառւում, որ ոմանք նաեւ «զայրացել են» օտարականի համարձակութեան վրայ, ով մուտք է գործել իրենց հասարակութիւն եւ իր գրքերում նկարագրում է իրենց բարքերը… Մի ճաշկերոյթի ժամանակ Ուինսթոն Չերչիլը նկատում է օտար արտաքինով տղամարդուն, որի ուշադրութիւնը գրաւելու համար սեղանի շուրջ ներկայ անգլուհիները պարզապէս հալւում էին… Երբ նրան ներկայացնում են գրողին, խոժոռում է դէմքը եւ նետում. «Դու անկոչ հիւր ես եւ երբեք չես պատկանել այն երկրի հասարակութեանը, որի կեանքը ներկայացնում ես քո վէպերում: Դու նոյնիսկ իրաւունք չունես մեզ հետ նստելու այս սեղանի շուրջ»:
Մարօ Խաչատրեան
Սա էլ հայկական կոնյակ խմող ,,մեր,, Չերչիլը