ԱՐԱՐԱՏ ARARAT

ԱՐԱՐԱՏ ARARAT
Մարօ Խաչատրեան

Տպագրուել է «Նոր կեանք» շաբաթաթերթում (18.04.2013, Լոս Անջելէս):

Հոլանդացի լրագրող Ֆրանկ Վեստերմանի հեղինակած «Արարատ»-ը թարգմանուել է տասնեակ լեզուներով: Հայերէն «Արարատ»-ը լոյս է տեսել Երեւանում 2012-ին Վաչագան Ղռաթեանի թարգմանութեամբ:

ԱՐԱՐԱՏ ARARAT / Ֆրանկ Վեստերման - Frank Westerman

ԱՐԱՐԱՏ ARARAT / Ֆրանկ Վեստերման — Frank Westerman

ԱՐԱՐԱՏ ARARAT

Բարեկամներն աւելանում են

Հոլանդացի Ֆրանկը եկել է մեր Արարատի հետեւից: Ի՛ր Արարատի հետեւից է եկել, եկել է Հայաստան: Ֆրանկը տաղանդաւոր գրող է, ազատ ու համարձակ լրագրող, մարդ է, որ կարողանում է վանկերով բառեր կազմել, իսկ բառերով պատմութիւններ է հիւսում: «Իրար վրայ դիր ԱՐԱՐԱՏ բառի վանկերը, եւ կը ստացուի սար՝

Ա
Ր Ա
Ր Ա Տ

Ես գրող եմ, եւ իմ գործը վանկերով բառեր կազմելն է, իսկ բառերով՝ պատմութիւն: Ամէն մի բառ սիրում եմ իւրովի՝ իր հնչերանգով, շեշտադրութեամբ ու իմաստով, նաեւ՝ կայծերով: Իրար կողքի դիր երկու հակադիր նախադասութիւն, ու կրակ է բռնկւում: Արարատը հայերինն է: Ո՛չ, Արարատը թուրքերինն է»: Ֆրանկ Վեստերմանի ԱՐԱՐԱՏ գիրքն այս տողերով է սկսւում, եւ ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել մեր Լեռան ուխտագնացին Արարատի, հայերի՛ Արարատի հանդէպ տածած մեծ սիրոյ համար…
Արարատն ու Հայաստանը բարեկամներ շատ ունեն: Կան օտարներ, ովքեր կապւում են Արարատին ու Հայաստանին մէկ անգամ եւ ընդմիշտ: Աշխարհի բոլոր մեծ մարդասէրները հայերի ու Արարատի բարեկամներն են՝ Նանսէն, Լէփսիուս, Վերֆէլ, Արմին Վեգնէր… Ֆրանկի անունը դնում եմ այս պատուաւոր շարքում:

Ամէն Աստծոյ օր

«Եւ այդ լեռն իրական է, ունի իրական անուն, ճշդուած բարձրութիւն (5165 մետր) եւ անփոփոխ աշխարհագրական կոորդինատներ (39°42′ հիւսիսային լայնութիւն, 44°17′ արեւելեան երկարութիւն):

Ֆրանկ Վեստերման / Frank Westerman

Առաւօտեան արթնանում եմ, ձեռքս երկարում վարագոյրին, այն քաշում դէպի աջ կամ ձախ կողմը, ու Լեռն ինձ է նայում: Լեռն Արարատն է, Մեծը: Փոքրը, դժբախտաբար, չի երեւում իմ լուսամուտից: Մի անգամ սփիւռքահայ բարեկամս ասաց՝ Արարատի խորհուրդը Սիսի մէջ է… Ու այդ օրուանից սկսեցի տանջուել, որ Սիսը, իմ Սիսը իմ լուսամուտից չի երեւում: Մեծին ամէն օր հետեւում եմ, ապա մի փորձեն նեղացնե՞լ… Իսկ իմ Սիսը… կարծես որբ երեխայ լինի, կարծես ես իր մայրը լինեմ ու իրեն տուած լինեմ ուրիշի…
Երկու իտալացիների հետ կիսատ-պռատ անգլերէնով զրոյցի էի բռնուել հէքեաթ քաղաք Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում: Մէկը հարցրեց՝ ճի՞շդ է, որ երեւանեան բնակարանների բոլոր լուսամուտներից Արարատը երեւում է, պատասխանեցի՝ այո, ամէն վայրկեան հնարաւորութիւն ունենք մեր ցաւին նայելու: Միւս իտալացին զարմացաւ՝ ինչո՞ւ ցաւ: Զրուցակիցս, որ շատ լաւ ծանօթ էր ժողովուրդների պատմութեանը, ասաց՝ հայերն ու թուրքերը հարեւաններ են, բայց երբեւէ չեն փայլել բարեկամութեամբ:
Իսկ մի դպրոցական հայուհի գրել էր՝ Արարատը մերն է, որովհետեւ ի՛նքն է այդպէս ուզում՝ մե՛րը լինել…
Ամէն Աստծոյ օր Լեռը մեզ է նայում…

Նոյեան տապանը եւ… Հայկական հարցը

…Նրանց [հայերի] համար կարեւոր էր այն, որ իրենք բնակւում են Նոյի երկրում, եւ որ առաջին անգամ երկնքում ծիածան էր յայտնուել իրենց երկրում: Նրանք բառացի էին ընդունում աստուածաշնչեան գրուածքները եւ հաւատում էին, որ գոյութիւն է ունեցել 300 կանգուն երկարութեամբ, 50 կանգուն լայնութեամբ եւ 30 կանգուն բարձրութեամբ կպրապատ մի տապան, որ դրա մէջ մարդիկ ու կենդանիներ փրկուել են աշխարհակործան ջրհեղեղից: ….Մասիսը հայերի համար ոչ միայն իրենց երկրի, այլեւ ողջ տիեզերքի առանցքն էր: Եւ ի՜նչ հաւատացեալ էին նրանք՝ հակառակ (կամ գուցէ շնորհիւ) այն բանի, որ խորհրդային տիրապետութեան 70 տարիների ընթացքում նրանց դաւանանքը «գիտական աթէիզմն» էր եղել:

ԱՐԱՐԱՏ ARARAT
Ֆրանկ Վեստերման

Ժամանակին Դորպատի համալսարանի բնագէտ պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը Արարատ բարձրանալու իր տենչը բացատրում էր քրիստոնէութեան հանդէպ ունեցած խոնարհ զգացումներով. «Ինչպիսի՜ հմայք կը զգայ հաւատացեալը, երբ հայեացքը յառի այն սրբազան լեռանը, որը համաշխարհային պատմութեան ամենաակնառու իրադարձութիւնների վկան է եւ Աստծոյ՝ մարդկութեան նկատմամբ բարեհաճ լինելու խորհրդանիշը»: Հետաքրքրական է, իրականում ինչի՞ էր ձգտում Պարրոտը. այս հարցը հանգիստ չի տալիս Ֆրանկին: Իսկ ի՞նչ է ուզում Արարատից ինքը՝ Ֆրանկը…
Ֆրանկը Արարատը յայտնագործեց մոսկովեան համալսարանի ռուսաց լեզուի դասերին: «Ր» տառի արտասանական իւրայատկութեանը վարժուելու նպատակով հմուտ դասախօս տիկին Նատաշան ուսանողներին յանձնարարել էր անգիր սովորել այս նախադասութիւնը՝ На горе Арарат растет крупный виноград (Արարատ լեռան վրայ աճում է խոշոր խաղող): «Հաճելի էր անընդհատ այդ անունն արտասանել (իմ կարծիքով այն անհնար է շշնջալով ասել): Երկու «ր»-երը իրար հետեւից գլորւում են լեռնալանջից ընկնող ժայռաբեկորների նման»,-խոստովանում է Ֆրանկը: Առաջին անգամ Հայաստան՝ լեռը տեսնելու եկաւ 1999-ի Նոյեմբերին:
Հին հազարամեակի վերջին օրերին, երբ մարդկութիւնը պատրաստւում է ոտք դնել նոր հազարամեակի սեմին, հայ Արարատի հետ ազգակցական որեւէ կապ չունեցող հոլանդացի Ֆրանկը յայտնւում է Երեւանում: Երեւի այդ ժամանակ Ֆրանկը չգիտէր, որ արեամբ Արարատին կապուածներիս լուսամուտների առաջ մշտապէս կանգնած է յաւերժական Արարատը, բայց Երեւան մտնելուն պէս հասկանում է, որ այս քաղաքում «հնարաւոր չէ մի քայլ անել, որը վրիպի Արարատի հայեացքից»: Այո, Լեռն աչքեր ունէր եւ նայում էր Ֆրանկին: Սեւեռուն, խորաքնին հայեացքով Լեռը նայում էր մի մարդու, ով չէր եկել Նոյեան տապանը որոնելու իր յաւերժական ձիւների եւ սառոյցների մէջ, այլ եկել էր՝ «ջրհեղեղից յետոյ ի յայտ եկած առաջին ցամաքին»՝ աստուածաշնչեան լեռան գագաթին կանգնած խորհելու կրօնի ու բանականութեան սահմանների մասին… Մարդկային ու գերմարդկային իմացականութեան ոլորտների մասին…
Վեստերման հաւատացյալ ընտանիքի որդին, աշխարհային հաճոյքներով տարուած, մոռացել էր Նոյեան տապանի պատմութիւնը: Կամ գուցէ չէր էլ մոռացել, բայց Արարատի բիբլիական ճերմակութեան մէջ Նոյեան տապանը չէր փնտռում: Զարմանալի բան. Ֆրանկից առաջ Արարատի բոլոր ուխտաւորները որոնում էին փրկութեան տապանի սրբազան փայտերը… Իսկ Ֆրանկը փնտռում էր… Նոյեան տապանը փնտռողներին: Եւ գտաւ: Երկու ռուսներ էին, ովքեր կկոցած աչքերով նայում էին իրենց մօտեցող երիտասարդին: Իսկ երիտասարդը պիտի խորամանկ հարց ուղղէր նրանց, քննել փորձէր նրանց հաւատի չափը… «Ի՞նչ է, դուք Աստուածաշունչ չէ՞ք կարդացել, դուք չէ՞ք հաւատում, որ Նոյեան տապանը Արարատի գագաթին է կանգ առել, էլ ի~նչ էք փնտռում… Եկել էք ստուգելո՞ւ Սուրբ գրքի ճշմարտութիւնը, ի~նչ է…»… Բայց վայրկեաններ անց պիտի շփոթուէր նրանց պատասխանից. «Ախր մենք Նոյեան տապանը քե՛զ համար ենք փնտռում…»… Այո՛, երկու ճանապարհորդ-լեռնագնացները Ֆրանկին պիտի համոզեն՝ կարեւորն այն չէ, թէ ինչ ես փնտռում, կարեւորն այն է, որ փնտռում ես…
2005-ին՝ «Թուրքիայի եւ Եւրամիութեան գրկախառնութեան» տարում, նպաստաւոր պայմաններ են ստեղծւում Արարատ բարձրանալու անցագիր վերցնելու համար: Ֆրանկի դիմումն ուսումնասիրւում է Անկարայում: Ֆրանկի գործընկեր լրագրող Ահմեդ Օլղունը խորհուրդ է տալիս հարցազրոյցի ժամանակ շինծու անհեթեթութիւններ չասել: Ֆրանկի հարցին, թէ որն է թուրքերի համար ամենազգայուն կէտը, թուրք լրագրողը պատասխանում է. «Առաջինը՝ հայկական հարցը, երկրորդը՝ հայկական հարցը, երրորդը՝ հայկական հարցը…»…Ահմեդը խորհուրդ է տալիս հայերի մասին խօսք չբացել: «Սակայն, դեռ միտքը չաւարտած, նա հարցրեց.
-Հո նախկինում նիւթ չե՞ս գրել Հայաստանի մասին:
Ուզեցի ասել՝ «ոչ», բայց յիշեցի, որ պատասխանը «այո» է. մի քանի յօդուած էի գրել հայկական կոնեակի եւ նման այլ անմեղ թեմաներով:
-Բայց արդէն քանի~ տարի է անցել:
-Դա կարեւոր չէ,- գլուխն օրօրեց նախկին գործընկերս:
Եթէ գրել եմ Հայաստանի մասին, ապա պէտք է հաշուի առնեմ այն փաստը, որ թուրքերի յիշաչարութիւնը կարող է սպասածից երկար ու յամառ լինել»:
Բայց Լեռն օգնում, իր գիրկն է առնում նրան, ով ականջալուր է իր կանչին: Լեռն սպասում էր Ֆրանկին, եւ նա հեռաւոր Ամստերդամից պիտի աճապարանքով հասնէր սուրբ լեռան ստորոտը, որպէսզի հասնէր գագաթին:
Ֆրանկը պիտի հասկանար հայ ժողովրդի ցաւը՝ հայերն «Արարատ» ասելիս նաեւ ասում էին՝ Հայոց ցեղասպանութիւն: «Հայկական հարցը ստուերի պէս հետեւում էր ինձ Արարատի ուղղութեամբ իմ իւրաքանչիւր քայլափոխին»,-գրում է Ֆրանկը եւ շարադրում Հայոց եղեռնի պատմութեանը վերաբերող էջեր:
Գուցէ հենց այս պատճառով Եւրոպայի նորօրեայ խիղճ Ֆրանկ Վեստերմանի բազմաթիւ լեզուներով թարգմանուած «Արարատ»-ը… չի թարգմանուի թուրքերէն:

«Ցաւդ տանեմ»

Հայը, Հայաստանը, հայոց պատմութիւնը, Արարատը, հայկական գինի՛ն անգամ Ֆրանկի գրքում հոմանիշներ են, իսկ հայերիս «ցաւդ տանեմ» հիասքանչ արտայայտութիւնն այնքան է գերել Ֆրանկին, որ նա այս բառակապակցութեան մէջ տեսնում է ուրիշի ցաւը կրելու հայկական պատրաստակամութիւն:

Վերա

Երբ 1999-ին տեսայ Արարատը, իմ մէջ վերարթնացաւ փրկանաւի մէջ լինելու այդ երբեմնի ձգտումը: ….Ես վերապրում էի այն, ինչ նկարագրում է 30-ականներին Հայաստան այցելած Օսիպ Մանդելշտամը.«Ես իմ մէջ յայտնաբերել եմ մի վեցերորդ զգայարան՝ Արարատը զգալու զգայարանը. երբ զգում ես, որ ինչ-որ լեռ քեզ դէպի իրեն է ձգում»:
Նիդերլանդներ վերադառնալուց յետոյ այդ բոլոր ցանկութիւնները եւ զգացողութիւնները մղուեցին ետին պլան: Հեռաւոր ճամբորդութիւնների տրամադրութիւն չունէի, առաւել եւս՝ լեռնագնացութեան: Երեւի դա բնական է այնպիսի մէկի դէպքում, ով վերջերս է հայր դարձել. 2002-ի Մարտի 6-ին՝ ցերեկուայ ժամը 3-ին 3 րոպէ պակաս կեսարեան հատումով, բայց բարեյաջող կերպով լոյս աշխարհ էր եկել մեր Վերան:
….Հայրութիւնն անակնկալ փոփոխութիւնների է ենթարկում քեզ: …Երբ ժառանգ ես ունենում, աշխարհի տարբեր յաճախականութիւններին միացրած ալեհաւաքներդ մաս առ մաս ցած ես իջեցնում ու յուզմունքով բռնում տունդարձի ճամբան:
… Ես չեմ ցանկանում իմ աղջկայ վզին փաթաթել հաւատալու անկարողութիւնս: Բայց ի՞նչ եմ ուզում փոխանցել նրան. ես էլ յստակ չգիտէի:

Ֆրանկ Վեստերման Frank Westerman

Իսկ ես գիտեմ, թէ ինչ է ուզում փոխանցել հայրը դստերը: Ֆրանկը գիրքը նուիրել է դստերը՝ Վերային: Ասել է թէ՝ հայրը զաւակին է փոխանցում իր սէրը մի բռաչափ Հայաստան երկրի ու առեղծուածային Լեռան հանդէպ: Թերեւս տարիներ անց Վերան, քայլելով հօր ոտնահետքերով, կը հասնի Երեւան, հօր պէս կը հետապնդուի երկգլխանի ծերունի Արարատի հայեացքից, եւ Լեռն իր թեւերը կը պարզի հոլանդուհի Վերային…
Լեռն աչքեր ունի եւ աշխարհին է նայում ամէն Աստծոյ օր:

ԱՐԱՐԱՏ ARARAT
2012, Սեպտեմբեր

Երեւան

Одна идея о “ԱՐԱՐԱՏ ARARAT

Добавить комментарий