ՄԵՆՔ ԳԵՏԱՇԵՆՑԻ ԵՆՔ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ — TATUL KRPEYAN
Որպես նախաբան.
«Գետաշենը կդատարկվի իմ դիակի վրայով»,- այս տողերը Թաթուլ Կրպեյանինն են, հայորդու, որ Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր և, հավատարիմ իր ուխտին, ընկավ հանուն հայոց՝ այդ մի կտոր, բայց թանկարժեք հողի: 25 տարի առաջ՝ 1990 թվականին գրված այս ակնարկը նվիրում եմ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքի ընկերուհուն և գաղափարակցին՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանին:
Բարձր ու անտառապատ սարերով շրջապատված, իր պարիսպ-լեռներին ապավինած ու նրանց ապավեն դարձած՝ անհիշելի ժամանակներից ապրում են Գետաշենն ու գետաշենցիք: Ոչ թե ծվարել,այլ ձորից ելել, տներն իրար ուսի հենելով, թիկունք-թիկունքի տալով՝ դեպի շրջապատող սարերի անտառապատ լանջերն ի վեր բարձրացել է գյուղը:
Շատերն են ճակատագրի բերումով հեռացել գյուղից, բայց նրանք չեն մոռանում, որ գետաշենցի են ու իրենց զավակներն էլ պիտի լինեն գետաշենցի: Նրանք իրենց երակներով, արյան կանչով են գետաշենցի: Նրանք իրենց մանկության և պատանեկության բոլոր հուշերով, մանկության ընկերներով, չարաճճիություններով, ամեն-ամե՜ն ինչով կապված են Գետաշենի հետ: Հեռվից լսելով Գետաշենի և նրա բնակիչների համառ դիմադրության մասին՝ միայն աղոտ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է այս բնակավայրը: Եվ ես որոշեցի պատմել նրա մասին, ներկայացնել Գետաշենն այնպիսին, ինչպիսին այն դրոշմվել է գետաշենցիների աչքերում ու սրտում: Գետաշենցիների հետ զրույցներից էլ ծնվեց այս ակնարկը:
Բարև՛, իմ Քուրակ գետ, որ ի սկզբանե ծնունդ ես տվել իմ գյուղին ու նրա կյանքի զարկերակն ես, բարև՛, ի՛մ Եղնասար, ի՛մ լքված վանք, բարև՛, դարերի՛ վկա, դարերի՛ց խոնարհված խաչքարեր, բարև՛, ի՛մ Գետաշեն:
Քուր գետի վտակի երկու ափերին ապրող գյուղի ականջը ծննդյան օրից շոյել է Քուրակի անու՜շ խշշոցը: Հնազանդ գետ չէ Քուրակը: Այդ միայն առաջին հայացքից է թվում հնազանդ, բայց մեկ էլ տեսար՝ վարարեց, բարձրացավ, և այն ժամանակ ոչ մի կամուրջ չի դիմանա նրա հզոր ընթացքին, ու գալիս, խփվում, տաշեղի պես պոկում տանում է իր ափերը կաշկանդող կամուրջները: Բայց չէ՛, դրանցից մեկին, այնուամենայնիվ, չի կարողացել հաղթել խենթացած գետը, և դա Գարին կամուրջն է, որ կառուցել է ոսկեձեռ Գարեգին վարպետը:
Գարեգինը Գետաշենի միակ վարպետը չի եղել: Գյուղն ունեցել է ոսկեձեռ հյուսներ ու դարբիններ և, անգամ, մի ողջ արհեստավորական թաղամաս. այդպես էլ կոչվում է այդ թաղամասը՝ Դամրճան, այսինքն՝ դարբնոց:
Թաղամաս մի՛ ասա, ամեն մեկը մի մեծ գյուղ է՝ Կապը և Արխին թաղը, Քաշկին ձորն ու Ղամմազ քյանդը, Տզատեղն ու Դյուզը: Վերից այս ամենին, կարծես, հսկում է գյուղի հնամենի գերեզմանատունը՝ բազում ծերունի խաչքարերով: Շատերը նրանցից կեռվել, թեքվել են. ասում են՝ գուցե կանգնելուց հոգնել, թեքվել են դեպի հողը՝ մեր բազում մահեր ու դարեր տեսած խաչքարերը:
Այդպես խոնարհված է նաև Եղնասարի վանքը, որ գյուղից վեր, բարձր հարթության վրա է կառուցված: Ժամանակին այն եղել է պանծալի դպրանոց ու սրբավայր. այժմ ավերված գմբեթով, թալանված այդ գեղեցկուհուն հաճախ այցելում են միայն կենդանիները: Ուխտավայրը դարձել է արոտավայր, հոգատար ձեռքից հեռու նրա պատերին այժմ խոտ է աճում:
Գյուղի տղաներով հաճախ էին այցելում Եղնասարի վանքին: Բայց Եղնասարը չէ այդ վայրերի միակ սրբավայրը: Գյուղի վրա է կարծես հսկում նաև Մրթունիսի վանքը: Շուրջը եղել է գյուղի արհեստավորական թաղամասը, որը ժամանակի ընթացքում դատարկվել է, և այժմ վանքի պատերն են լոկ մնացել: Դրանից վեր Շլորի Խաչն է, քիչ ավելի վեր՝ Կաղնի Խաչը. սրանք ծառեր են, որոնք սրբավայր են համարվում, և նրանց են դիմում տկարներն ու սիրահարները, բոլոր նրանք, ովքեր օգնության և կարեկցանքի կարիք ունեն: Ոչ միայն Գետաշենից, այլև հեռու վայրերից են գալիս մխիթարություն ու բժշկում գտնելու Գետաշենի Պանդի եկեղեցու մոտ: Եկեղեցին կառուցվել է այս վայրերում ապրած հեքիմի պատվին: Ողջ կյանքում բարին արարելով և մարդկանց բժշկելով՝ հեքիմի վերջին խնդրանքն է եղել իր աճյունը տեղափոխել բարձր սարերը: Գյուղացիները մի երկար շարք են կանգնում գյուղից դեպի նրա գերեզմանատեղը և այդպես, քարերն իրար ձեռքից ձեռք փոխանցելով, կառուցում Պանդի եկեղեցին:
Օգոստոսի վերջերին՝ շաբաթ երեկոյան, շենից ջահելները, ոչխար առած, բարձրանում են Պանդ, գնում են ձիերով, հարմար վայր ընտրելով՝ գիշերում, իսկ առավոտյան մատաղ անելուց հետո վերադառնում տուն: Այնտեղ օդը սառն է, կտրող, բայց յափնջին լավ է տաքացնում կտրիճի թիկունքը:
Ուրիշ սովորություն էլ ունի գյուղը: Եթե մեկը որոշում է կռիվ անել, նա պարտավոր է երեք անգամ պտտվել հին դպրոցի շուրջը և այդ ընթացքում մտորել իր անելիքի մասին: Եթե փոխի որոշումը, ապա նա գարնանը խնձորի ծառ կտնկի՝ որպես մեղքի քավություն:
Գետաշենի պատմության հետ կապված մի ավանդություն կա: Դարեր առաջ՝ մոտ 12-րդ դարում, մեծ ուժի երկրաշարժից Քյափազ լեռան մի մասը, որ հսկում էր շրջակա լեռներին, փլվում ու հզոր պատնեշ է ստեղծում այդտեղով հոսող առուների ջրերի առաջ: Այդ առուներն էլ առաջացնում են Կապույտ և Մարալ ձկնառատ լճերը, որոնք շրջապատված են կեչու անտառներով: Ասում են՝ այդ ժամանակ լեռների տակով անցնում էր խանը՝ հարստություններով բեռնված իր 40 ուղտերի քարավանով, և կենդանի թաղվում փլվող ժայռերի տակ: Մարդիկ հավատում են, որ այդ հարստությունները մինչ օրս թաղված են ժայռերի տակ:
Գյուղը, ասում են, երկրաշարժից հետո ավելի մեծ թափով է սկսում աճել, բարգավաճել, բազմանալ: Երկրաշարժի խլածի փոխարեն ժողովրդի ապրելու բնազդը մղում է ավելի կենսասեր դառնալու:
Մեզ ուսուցանող ուրիշ օրինակներ ևս ունեն Գետաշենը և գետաշենցիք:
Դեռ ոչ մի նվաճող չի մտել նրա անառիկ բնակավայր: Երբ դժնդակ 1918-ին թուրք ջարդարարները Սուլուքի գլխավորությամբ Գանձակով հասնում են Ազատ գյուղը և նամակով պահանջում գետաշենցիներից՝ ենթարկվել, գյուղացիք հավաքվում են խորհրդի: Թուրքերն անամոթաբար խոստանում են գյուղին ձեռք չտալ, բայց փոխարենը իրենց ուղարկել թուրքերի սարսափ, քաջարի Քոլոյան Նազարի ձին, որ լավագույնն էր այդ վայրերում, և 10 գրվանքա ոսկի. պահանջում են նաև իրենց տալ Գետաշենի ամենագեղեցիկ աղջկան: Գյուղացիները կարող էին տալ ոսկին, Քոլոյան Նազարը, հանուն իր գյուղի փրկության, պատրաստ էր զոհել իր ձին, բայց ոչ ոք չէր կարող թույլ տալ անարգելու գյուղի պատիվը՝ խլելով իր դստերը: Եվ գետաշենցիները որոշում են պայքարել: Եղնասարում մեծ խարույկներ վառելով՝ նրանք լուր են տարածում, թե Անդրանիկն իր բանակով եկել է իրենց օգնության : Հանդիպելով հայերի ուժեղ դիմադրությանը և վախեցած լուրերից՝ թուրքերը հապճեպ թողնում են իրենց զենքերը և խուճապահար փախչում գյուղի սահմաններից:
«Աշխարհի միակ, աշխարհում առաջին շենն է մեր գյուղը: Քուրակ գետի պես էլ արյուն հոսի, դուրս չենք գա այստեղից»,— սա է եղել միշտ գետաշենցի մեծ ու փոքրի շուրթերին. այս խոսքերն ավելի հաստատակամորեն են ասում նրանք այսօր: Նրանք այս երկու տարվա ընթացքում պայքարում են ոչ միայն իրենց, այլև շրջակա հայկական գյուղերի գոյատևման համար: Երբ հարևան Կուշչի-Արմավիրի բնակիչները որոշեցին հեռանալ իրենց գյուղից, որը Գետաշեն-Շահումյան ճանապարհի սեպն է, գետաշենցիները համառորեն դիմադրեցին այդ քայլի դեմ, ամեն կերպ արգելեցին: Եվ միայն հենց կոշչի-արմավիրցիների խնդրանքով այստեղ Ադրբեջանից ժամանած զորքերի հսկողությամբ կարողացան լքել իրենց բնակավայրը: Կուշչի-Արմավիրում մի այրված տուն կա. հայի ձեռքով այրված տուն. այրել են գյուղից առաջինը հեռացողի տունը, որպեսզի այլևս ոչ ոք չհամարձակվի լքել իր օրրանը: Բայց գյուղը դատարկվեց:
Սակայն գետաշենցին երբեք չի՛ լքի իր տունը, իր հարազատ գյուղը:
Շրջափակումը չի կարող ընկճել գետաշենցուն: Ծիծաղելի է անգամ վախի մասին խոսելը. վախեցողը պարտվում է: Գյուղի շուրջը 15-ամյա տղաները, հասուն տղամարդիկ պահակակետեր են ստեղծել և գիշեր-ցերեկ հսկում են շենի անդորրը: Գետաշենցիները եղե՛լ են, կա՛ն և կմնա՛ն իրենց գյուղում: Մենք մեր պապերի գերեզմանները չենք թողնի, նրանք պահել են իրենց գյուղը մինչև արյան վերջին կաթիլը, մենք էլ այդպես կվարվենք՝ ասում են նրանք…
Գետաշենն անկոտրում է. Հայաստանն իր հետ է՝ հավատում է գետաշենցին:
Եվ նրա հետ ենք մե՛նք՝ նրա զավակները: Կարոտով քե՛զ ենք գալիս, Գետաշե՛ն, մենք՝ քո բոլոր զավակները, մու՛նք՝ գետաշենցի՛ք:
1990 թվական
ՄԵՆՔ ԳԵՏԱՇԵՆՑԻ ԵՆՔ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ — TATUL KRPEYAN
Հետգրություն՝ 25 տարի անց.
1991 թվականի գարնանը Գետաշենի ենթաշրջանում Խորհրդային երկիրը կատավարող Կրեմլի թույլտվությամբ՝ սովետական բանակի և Ադրբեջանի հատուկ ջոկատային ստորաբաժանումների իրականացրած «Օղակ» ռազմական գործողության հետևանքով Գետաշենի ինքնապաշտպանական ուժերն օղակի մեջ առնվեցին ու խեղդամահ արվեցին: Հերոսի մահով ընկավ նաև 1990-91 թ.թ.-ին Հյուսիսային Ղարաբաղի Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը: Գետաշենի բնակիչները՝ մայր ու մանուկ, ծեր ու ջահել, թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, իրենց լեռներն ու սրբավայրերը, ոտքով՝ շատերը համարյա ոտաբոբիկ, անցան տառապանքի ճանապարհներով՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում՝ սրտերում անամոք վերքեր և հայրենի եզերքի կորստի չլռող մորմոքը:
2015թ.
Թաթուլ Կրպեյան / երգում է Խաչակիրների Տիկոն
Ջան, քո ցավը տանեմ,ջան
Երբ հայը կռվել է թշնամուն դեմ առ դեմ, երբ հային չեն խանգարել ,իսկ թշնամուն չեն օժանդակել, մի հայ զինվորը տասը թշնամու զինվորի դեմ կռիվ է գնացել ու հաղթանակով վերադարձել,,,Ափսոս Գետաշենը, ափսոս Արցախի մեր մյուս գյուղերն ու քաղաքները ..Թուրքը որ բարբարոս է , հայտնի է բոլորին , բայց որ բարբարոսին դաշնակից կարող է լինել քաղաքակիրթ համարվող քրիստոնյա ռուսը, դա քաղաքականության անբարոյականության գագաթնակետն է , որ մենք ,զարմնալիորեն , չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել,,,Միչև ե՞րբ….
ԷՐԲ ՀԱՅԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՉ ՄԵԿԸ ԹԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ՆՐԱՆՑ ՄԻԱՅՆ ԴԱՎԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ Է ԿՈՐՈՒՍՏԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ ԴԱՎԱՃԱՆ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈԼՑՈՅԻ ԴԵՊՔՈՒՄԵՐԲ ԳԵՏԱՇԵՆԻԻՆՔԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԽԵՂԴԵՑԻՆ ՕՂԱԿՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՐ ՈՒՐ ԵՒ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ ԸՆԿԱՎ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԸ, ԱՅՍՕՐ ՆՐԱ ԾՆՆԴԱՆ ՕՐՆ Է ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԻՆ ՆԱ ԱՆՄԱՀ Է