ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՀԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՉՎԵԼՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ

  ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՀԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՉՎԵԼՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ

1921 թվականի մարտի 15-ի առավոտյան Բեռլինի Հարտենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից սպանվեց հայկական ջարդերի կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան:

Սողոմոն Թեհլիրյան ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՀԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՉՎԵԼՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ

Սողոմոն Թեհլիրյան / ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՀԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՉՎԵԼՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայ ժողովրդի արիասիրտ զավակի նման պատասխանը թուրք ջարդարարներին պայքարի այն ձևն էր, որ ընտրվել էր հայոց ցեղասպանության խնդրի վրա աշխարհի ուշադրությունը գրավելու համար: Խնդրագրերն ու հուշագրերն ի զորու չէին ոչինչ անելու: Բայց այդ կրակոցն ուներ ևս մի կարևոր նպատակ. պետք էր ձերբազատվել միայն մահվան ու չարչարանքի դատապարտված ժողովուրդ կոչվելու խեղճությունից: Թեհլերյանի դատապաշտպան Վերթաուերն իր պաշտպանական խոսքում մասնավորապես ասաց. «Մեկ միլիոն սպանվածների մի ամբողջ ժողովրդի վրիժառուն է, որ կանգնած է այդ ժողովրդի սպանության համար պատասխանատու անձի դիմաց: Նա հանդես եկավ ներկայացնելու արդարության ոգին՝ ընդդեմ բռնի ուժի սկզբունքի: Նա հանդես եկավ իբրև ներկայացուցիչը մարդկության՝ ընդդեմ հակամարդկայնության, ներկայացուցիչը պայծառ իրավունքի՝ ընդդեմ խավար անիրավության: Նա հանդես եկավ իբրև ճնշվածների բողոք՝ ընդդեմ ճնշողների հավաքականության: Նա հանդես եկավ՝ հանուն մեկ միլիոն սպանվածների՝ ընդդեմ մեկի, որ ուրիշների հետ միասին այդ ոճրի մեղքն ունի: Նա հանդես եկավ՝ իբրև ներկայացուցիչը իր ծնողների, քույրերի, եղբայրների, վերջապես՝ իր եղբոր երկուսուկես տարեկան զավակի: Հայ ազգը հազար տարիներ ի վեր, մինչև ամենափոքր երեխան, կանգնած է նրա ետևում: Նա արդարության դրոշակն է կրում, մարդկության, վրեժխնդրության դրոշակը: Այս խորհերով էր, որ նա դուրս նետվեց մեկի դեմ, որ պղծել տվեց իր ընտանիքի պատիվը, հրամայեց ոչնչացնել ամենքի բարօրությունը և մի ամբողջ ժողովուրդ բնաջնջել տվեց: Հիմա դու՛ք, պարոնա՛յք երդվյալներ, որոշեցեք, թե ի՛նչ է տեղի ունեցել նրա հոգու և մտքի մեջ՝ սպանությունը կատարելու պահին, նկատի առեք միայն, որ մարդկության աչքն ուղղված է ձեր այդ որոշմանը… Դա արդարության աչքն է…»:

Թեհլերյանական վրիժառությունից 60 տարի անց՝ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Հակոբ Ջուլֆայանը, Արամ Պասմաճյանը, Վազգեն Սիսլյանը և Գևորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի կետրոնական փողոցներից մեկի՝ Հոսմաննի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը և թուրքերին քաղաքական պահանջներ ներկայացրեցին: «Վան» անվանմամբ հայտնի այս գործողության համար բանտարկված հայ երիտասարդների դատավարությունը քաղաքական բնույթ էր կրում: «Վան» գործողության նպատակները ներկայացնելով՝ Գևորգ Կյուզելյանը 1984 թվականի հունվարի 24-ին՝ դատավարության առաջին օրը հանդես եկավ հայտարարությամբ: Նրանում մասնավորապես ասվում էր. «… Այս հայտարարությամբ մեկ անգամ ևս ստանձնում ենք ամբողջական պատասխանատվություն թուրքական հյուպատոսարանի մեջ պատանդներ վերցնելու գործողության համար և ուզում ենք պատճառների մասին բացատրություն տալ: Մենք որոշում ընդունեցինք այս առաքելությունը իրագործել, քանի որ այն համապատասխանում է Հայաստանի ազատագրության պայքարի և Հայկական հարցը լուծելու մեր ըմբռնումին, որովհետև վաթսուն տարիների անարդյունավետ խաղաղ պայքարից հետո գտնում ենք, որ այս հարցը լուծելու և այն շրջապատող լռության պատը փշրելու գլխավոր միջոցը զինված պայքարն է… Չեմ ցանկանում վերադառնալ հայկական ջարդերի պատմական խորքին, բայց ցանկանում եմ նշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի զոհերն ենք մենք… 1915-ից ի վեր հավատացինք արդարության և (մեծ) ուժերի խոստումներին: 60 տարիների ընթացքում երևակայելի բոլոր խաղաղ միջոցները գործի դրեցինք և մեր հարցին թիկունք կանգնելու խոստումներին հավատալով հանդերձ համոզվեցինք, որ Հայաստանը որևէ մեկին չէր հետաքրքրում: Հայկական ցեղասպանության 50-րդ ոգեկոչման թվականին նշմարեցինք, որ թզաչափ իսկ առաջ չենք գնացել, այլ ընդհակատակը՝ նահանջել ենք: Բայց հայ ժողովուրդը հեշտորեն հուսախաբվող ժողովուրդ չէ: Ուրեմն, հաջորդ 10 տարիների ընթացքում՝ 1965-1975 թ.թ., խաղաղ ճիգերը բազմապատկվեցին: Կրկին բախեցինք գլխավոր շահագրգռյալի՝ Թուրքիայի դուռը, մեծ ուժերի, Միավորված ազգերի կազմակերպության դռները: Նորից հուշագրեր հղեցինք, պատրաստեցինք փաստաթղթեր: Միջազգային իրավունքի մասնագետները հարցը իրավական հողի վրա ներկայացրեցին: Աշխարհի բոլոր կողմերում ցույցեր կազմակերպվեցին, որոնց տասնյակ հազարավոր հայեր մասնակցեցին: Պաշտոնական պատվիրակությունները հարցը միջազգային ատյան տարան: Տասնյակներով գրքեր գրվեցին հանրային կարծիքը լուսաբանելու համար: Երևակայելի բոլոր միջոցները սպառվեցին… Թուրքիան միշտ անգիտանում էր Հայկական հարցի գոյությանը, իսկ մնացած աշխարհն էլ չէր ուզում լսել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայերի մասին… Այս բոլոր փորձություններից անցնելուց հետո մենք մեզ հաշիվ տվեցինք, որ զինված պայքարը մնում է գլխավոր միջոցը մեր օրինական իրավունքներին վերատիրանալու համար, և մենք զինված պայքարը որդեգրեցինք»:

Հայոց դիմակայության էջերը թերթեց Հասմիկ Սարգսյանը
Տես նաև՝ ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆ

2 идей о “ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՀԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՉՎԵԼՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԻՑ

Добавить комментарий