ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ԷԴՈՒԱՐԴ ԴՅՈՒԼՈՐԻԵ Édouard Dulaurier

Հասմիկ Գուլակյանի զրույցը բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Այսօր, երբ հայագիտության երկնակամարում, ո՛չ մեր երկրում, ո՛չ դրսում, մեղմ ասած, չկան առաջին մեծության գիտնականներ, ավելին, երբ մեզ մոտ հայագիտությունը հազիվ գոյատևում է մի խումբ նվիրյալների ջանքերով, 19-րդ դարի ֆրանսիացի հսկաների մասին հաղորդումները խորին ակնածանքով են լսում հատկապես այս ոլորտի երկրպագուները, որովհետև մասնագիտական բուհերի ու հաստատությունների պատերից անդին այդ գիտնականների մասին ոչ ոք այլևս չի խոսում: Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասենք, որ մեր հանրությունը հիմա նույնիսկ հայ մեծերին կարգին չգիտե: Ցավալի է, եթե չասենք` ողբերգական, որ հայկական հեռուստաեթերը վաղուց արդեն ողողված է մարտաֆիլմերի հերոսների, «սուպերմենների», պոռնոաստղերի և այլ թափթփուկների մասին առատ նյութերով… Իսկ ազգային պահպանողականությունը, բառիս ամենառողջ իմաստով, որպես գաղափարական հոսանք, հազիվ բաբախում է այստեղ-այնտեղ… Եվ ամեն անգամ այս թեմաներին անդրադառնալիս ասում եմ. «Յո՞ երթաք հայ ու Հայաստան…»:

Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, 19-րդ դարի ֆրանսիացի հայագետների համար հայագիտությունը մի տեսակ կենսական մասնագիտություն էր. նրանք ուսումնասիրել են հայագիտության և հայկական մշակույթի պատմության գրեթե բոլոր ոլորտները` աշխարհիկ թե հոգևոր, բանահյուսություն թե ազգային ավանդույթներ: Էդուարդ Դյուլորիեն էլ այդ առումով բացառություն չէ, որի երկերի զգալի մասը ֆրանսերեն հրատարակվելուց հետո անմիջապես թարգմանվում էր ռուսերենի և տպագրվում Թիֆլիսում: Ինչպես այս շարքում ներկայացված մյուս գործիչները` Ֆրեդերիկ Մակլեր, Ֆրեդերիկ Ֆեյդի, Վիկտոր Լանգլուա, Սեն-Մարտեն, Էդուարդ Դյուլորիեն նույնպես պեղել է հայ հին և միջնադարյան մատենագիտության անհատակ գանձերը, թարգմանել ֆրանսերենի, ներկայացրել ծավալուն ծանոթագրություններով ու մեկնաբանություններով, որպեսզի եվրոպացի ընթերցողը կարողանա հստակորեն պատկերացնել, թե ինչ է մատուցվում իրեն հայոց հինավուրց մշակույթից:

Ինչպես գրում է գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, Էդուարդ Դյուլորիեն «…երազում էր ֆրանսերեն թարգմանություններով եվրոպացի ընթերցողներին և գիտական շրջանակներին ներկայացնել հայ պատմիչների գրադարանը` ութ հատորով: Սակայն, ավաղ, նրան հաջողվեց այդ ծրագրի մի փոքր մասն իրականացնել: Այդ առումով առավել հաջողությունների հասավ Մարի Բրոսսեն` թարգմանելով հայ տասներեք պատմիչների գործերը»:

Դյուլորիեն ծրագրել էր «Հայ պատմական մատենադարան կամ հայ գլխավոր պատմիչների ընտրանի» ծրագրով կամ մատենաշարով տպագրել միջնադարի հայ պատմագիրների երկերից:

Էդուարդ Դյուլորիեի մեծագույն ծառայությունը հայագիտությանը 1869-ին հրատարակած «Հավաքումն խաչակիրների պատմիչների, հայկական վավերագրեր» հատորը, որն իր ծավալով հիշեցնում է «Յայսմաւուրք» ժողովածուները:

Հայտնի է Էդուարդ Դյուլորիեի կարծիքը հայոց լեզվի, մասնավորապես գրաբարի մասին: Սա հատկապես նրանց է ուղղված, ովքեր հայերենը գիտության լեզու չեն համարում և ոգևորված են, որպես հին ու նոր քաղքենիներ, ռուսերենի և անգլերենի հաղթարշավով` այսօրվա անորակ կրթությունը պայմանավորելով հայերենի մակարդակով:

«Վէմ» ռադիոկայան
26. 11. 2014

6 идей о “ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ԷԴՈՒԱՐԴ ԴՅՈՒԼՈՐԻԵ Édouard Dulaurier

Добавить комментарий