ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի դասախոս, կապիտան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Սուրեն Մարտիկյանի հետ

 ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ / Վահան Մամիկոնյան Vahan Mamikonian

ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ / Վահան Մամիկոնյան Vahan Mamikonian

5-րդ դարն սկսվեց պետականության կորստով (428 թ.), որին հաջորդեցին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի երկու գագաթները՝ 450-451 թթ. Վարդանանց և 481-484 թթ. Վահանանց պատերազմները:
Դժվար չէ նկատել, որ 5-րդ դարը հայ իրականության մեջ պատերազմներով առանձնապես «հարուստ» չէր, հետևաբար կասկածից վեր է, որ զարգացած մարտավարությունը հիմնված պետք է լիներ ավելի վաղ անցյալի փորձի վրա: Սակայն մի շարք պատճառներով ոչ միայն 5-րդ դարի, այլև, առհասարակ, հայոց ռազմարվեստի ամբողջ զարգացման պատմությունը բավարար չի ուսումնասիրվել: Մինչդեռ առկա նյութը դրա հնարավորությունը տալիս է: Այսօր մեր խնդիրը հայոց մարտավարության ակունքների բացահայտումը չէ, այլ 5-րդ դարի վերջին քառորդում նրա կրած փոփոխությունների վերլուծությունը:

– Տարօրինակ կարող է թվալ, բայց հայոց մարտավարության հիմնական տարրերի փոփոխումը և հետագա մոտ 1500 տարվա ընթացքում դրանց զարգացումը, այդ դարաշրջանն ու, մասնավորապես, Վահան Մամիկոնյանի գործունեությունը, առայժմ արժանի գնահատական չեն ստացել: Ինչո՞ւ:

– Վահան Մամիկոնյան ռազմական գործչի գնահատականը չեն տվել մի քանի պատճառներով: Դա մասամբ բացատրվում է նրանով, որ այս տաղանդավոր զորավարի և ռազմարվեստի բարեփոխիչի անձը կարծես մնացել է հորեղբոր՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի, իսկ նրա վարած ճակատամարտերը՝ Ավարայրի ստվերում: Խնդիրն այն է, որ եթե Վարդանանց պատերազմը համեմատաբար մանրամասն ուսումնասիրել են, նրա հերոսներին նվիրել են ոչ միայն պատմագիտական աշխատություններ, այլև վեպեր ու պոեմներ, երգեր և այլն: Հայ Առաքելական եկեղեցին զոհերի հիշատակը հավերժացնող տոն է սահմանել, որով այն մարդկանց հիշողության մեջ հատուկ փայլ է ստացել, ապա 481-484 թթ. ապստամբությունը չի արժանացել նման մեծարանքի:
Ավելին՝ սպարապետ Վահան Մամիկոնյանին ավելի հաճախ գնահատել են որպես քաղաքական գործչի, քան զորավարի: Դրա հետևանքով հայոց ազատագրական պայքարի մարտավարության պատմության ուսումնասիրությունը մնացել է թերի: Մինչդեռ նրա գործունեության վերլուծությունը կարող է տալ հայոց ռազմարվեստի զարգացման պատմության բազմաթիվ հարցերի պատասխաններ: Բավական է նշել, որ Վահան Մամիկոնյանը հայոց ռազմարվեստի պատմության մեջ առաջինը կիրառեց ապստամբական մարտավարությունը:

– Ի՞նչ է նշանակում՝ ապստամբական մարտավարություն:

– Սկսած հնագույն ժամանակներից (ընդհուպ մինչև 19-20-րդ դարերը), ակտիվ մարտական գործողությունները հիմնականում վարում էին ճակատային բախման (ճակատամարտի) ձևով: Այս մարտավարությանը բնորոշ տարրեր հայոց ռազմարվեստում միշտ էլ կիրառվել են: Այսինքն՝ հակառակորդի հետ ճակատային բախումից խուսափելը, որպես կանոն, անհնար է, սակայն մեծաթիվ զորքեր ունեցող հակառակորդի հետ պայքարի ձևեր միշտ էլ գտնվել են: Հետևաբար Վահան Մամիկոնյանը ոչ թե առաջինն էր, որ այս մարտավարությանը բնորոշ տարրեր կիրառեց, այլ առաջինն էր, որ վճռական տեղ հատկացրեց այդ մարտավարությանը: Հայկական լեռնաշխարհում դրա համար նախապայմաններ կային: Լեռներին բնորոշ կտըրտված տեղանքը, կլիմայի ուղղաձիգ գոտիականությունը, զինագործության զարգացման համար վճռական նշանակություն ունեցող օգտակար հանածոների բազմազանությունն ու, վերջապես, հզոր հեծելազոր ունենալու համար այնքան անհրաժեշտ զարգացած ձիաբուծությունը չէին կարող ազդեցություն չունենալ հայոց ռազմարվեստի զարգացման վրա:
Այսպիսով` ապստամբական մարտավարության տարրերը խորթ չէին հայոց ռազմարվեստին, ու դրանց կիրառման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Սակայն մինչ Վահան Մամիկոնյանը այս մարտավարությունը գերիշխող չէր: Հատկանշական է, որ մինչև 480-ական թվականները ապստամբական մարտավարությունը չէին կիրառել ոչ միայն պատերազմների, այլև ապստամբությունների ժամանակ:

– Հիմնավորեք օրինակներով:

– Հիշենք տարբեր պատմական դարաշրջաններում տեղի ունեցած ազատագրական պատերազմների երկու դրվագ՝ մ. թ. ա. 521-520 թթ. և մ. թ. 450-451 թթ. ապստամբությունները: Առաջին դեպքում՝ Աքեմենյան Պարսկաստանի դեմ ապստամբած հայերը ոչ միայն հաջող պաշտպանվում էին, այլև համարձակորեն դուրս եկան լեռնաշխարհի սահմաններից ու մարտական գործողությունները տեղափոխեցին Ասորեստանի տարածքը: Դարեհ Ա-ի արձանագրության մեջ հիշատակվում է Իզալայի ճակատամարտը: Այնտեղ ևս հակառակորդի հետ ճակատային բախումից խուսափելու դեպքեր չկան:
Երկրորդ դեպքում՝ 450 թ. ամռանն ապստամբ ուժերը բաժանվեցին երեք մասի: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ուժերի ընդամենը մեկ երրորդի գլուխն անցած, շարժվեց ապստամբ աղվաններին օգնության և պարսիկներից առնվազն 1.5-2 անգամ փոքրաթիվ բանակով Խաղխաղի մոտ ջախջախեց նրանց գլխավոր ուժերը: Ապստամբական մարտավարության կիրառման մասին խոսք լինել չի կարող ոչ միայն այն պատճառով, որ փոքրաթիվ ուժերը համարձակվել էին բաց դաշտում հզոր հակառակորդին ճակատամարտ տալ, այլ որ սպարապետը մարտական գործողությունները տեղափոխել էր Կուրի հովտի հարթավայրային շրջանները, մի այնպիսի տեղանք, որը լեռներին սովոր հայկական բանակի մարտավարությանը հիմնականում անծանոթ էր: Ի դեպ, պատերազմի վարման նույն սկզբունքին հետևելով՝ Վարդան Մամիկոնյանը Խաղխաղի ճակատամարտից հետո, հոների հետ ռազմական դաշինք ձևավորելու նպատակով, մարտից հետո շարունակեց առաջխաղացումը և, վտանգելով իր զորքերի առանց այն էլ անկայուն թիկունքը (այդ մասին բազմիցս գրել են Վասակ Սյունու գործունեության առնչությամբ), հասավ Ալանաց դուռ: Հատկանշական է, որ Ավարայրում ևս, չնայած փոքրաթիվությանը, հայկական կողմը նախընտրեց բաց դաշտում հակառակորդի հիմնական ուժերի հետ վճռական ճակատամարտը և չդիմեց վերջինիս հյուծելու, ժամանակ շահելու, նահանջի կամ խուսանավող այլ քայլերի: Վարդան Մամիկոնյանը վճռական ճակատամարտի դուրս եկավ, որտեղ ռազմական հաջողությունը չաջակցեց հայերին: Ամեն դեպքում ճակատային բախումից խուսափելն ընդունված չէր: Սա պատերազմի վարման սկզբունքների միանգամայն այլ պատկեր է:
Այսպիսով` կարող ենք ասել, որ առնվազն մինչև 480-ական թվականների սկիզբն ապստամբական մարտավարությունը հայոց ռազմարվեստին բնորոշ չէր ոչ միայն մեծ պատերազմների վարման, այլ նույնիսկ ապստամբությունների ժամանակ:

– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված անցումը ապստամբական մարտավարության:

– Պատմիչները վկայում են, որ Վահան Մամիկոնյանն ուներ անհամեմատ քիչ ուժ, քան 30 տարի առաջ իր հորեղբայր Վարդան Մամիկոնյանը: Վերջինիս համար հակառակորդի հետ ճակատային բախումներից հրաժարվելը հարկադրական քայլ էր: Այսինքն՝ Վահան Մամիկոնյանը գիտակցաբար հրաժարվեց հակառակորդի հետ ճակատային բախումներից և ընտրեց մարտավարության ասպտամբական ձևը: Կարևոր տեղ էին տալիս պայքարի ընթացքի նախապատրաստմանն ու հետևանքների վերլուծությանը: Պատճառն այն էր, որ, ապստամբների շարքերում կային զենքին վատ տիրապետող և բողոքի ալիքի վրա պայքարի մեջ մտած մարդիկ, որոնց գործողությունները տարբերվում էին ռազմարվեստի ավանդական կանոններով մարտնչող բանակի մարտավարությունից: Այս նոր իրավիճակում հարկավոր էր հրաժարվել ժամանակի պահանջներին արդեն չհամապատասխանող մի շարք մարտավարական հնարքներից, ի դեպ, նաև նրանցից, որոնք նախկինում հաջողությամբ էին կիրառվել:
Պետության շահերը պաշտպանող կանոնավոր բանակի բացակայությունն ստիպում էր մշակել սպառազինման ու հանդերձավորման նոր կարգ: Հրաժարվելով հիմնական բազան երկրի կենտրոնական շրջաններում ստեղծելու սկզբունքից՝ ռազմավարական բազայի վերածվեց անմատչելի Տայքը:
Առաջին իսկ՝ Ակոռիի ճակատամարտը, ցույց տվեց, որ որակապես փոխվել են արագ փոփոխվող մարտավարական իրավիճակի գնահատման ու մարտակարգերի կառուցման սկզբունքները: Ապստամբները հակառակորդին ընդառաջ էին գնացել՝ Երասխն անցնելիս նրա վրա հարձակվելու մտադրությամբ: Եվ քանի որ չհասցրին խոչընդոտել գետանցմանը, նահանջեցին այնքան, մինչև որ հետապնդող պարսիկները հայտնվեցին Մասիսի փեշերին, և նրանց վրա գրոհեցին վերևից:

– Բայց մի՞թե դա նորություն էր հայոց ռազմարվեստում:

– Ո՛չ, նորություն չէր, սակայն փոխվում էին մարտավարական մի շարք հարցեր:

– Այսի՞նքն:

– Կարևորագույն նշանակություն ստացավ տեղանքը` որպես մարտական իրավիճակի տարր: Բաց, ճակատային բախումներից խուսափելով՝ մարտն սկսվում էր մեծաթիվ ուժերին բացազատման հնարավորություն չտվող նեղ կամ կտրտված տեղանքում՝ հակառակորդից բարձր դիրք զբաղեցնելուց ու նահանջի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո: Օրինակ՝ Ակոռիում նպաստում էին ոչ միայն տեղանքի թեքությունը, այլև շրջակա ձորակները: Պատահական չէ, որ պարսիկների կողմն անցած ու կատշաց (ցեղանուն` կատիշ — Հ. Գ.) զորամասով շրջանցում իրականացնող Գարջոյլ մաղխազը չհասցրեց ժամանակին ավարտել զորաշարժը: Շրջանցող ուժերը մարտադաշտ հասան պարսիկների գլխավոր ուժերի պարտությունից հետո: Նույն ձգտումն ենք տեսնում նաև Ներսեհապատի ճակատամարտում, երբ մարտի մտահղացումը հանգում էր պարսիկներին դեպի փոքր լանջակողմը տանելուն ու այնտեղ նրանց ջախջախելուն:
Ապստամբության ընթացքում այս մարտավարությունից նահանջի միայն մեկ օրինակ կա՝ Ճարմանայի ճակատամարտը, այն էլ ավարտվեց հայ-վրացական ուժերի պարտությամբ: Ի դեպ, հիմքեր կան կարծելու, թե Ճարմանայում ևս Վահան Մամիկոնյանը փորձել է օգտագործել տեղանքը: Փարպեցին նշում է, որ, եթե ոչ ամբողջ բանակը, առնվազն սպարապետի անմիջական ենթակայության տակ գործող կենտրոնի զորաթևը նպատակ է ունեցել մարտն աստիճանաբար տեղափոխել դեպի Կուրի քարքարոտ գետափը և այնտեղ հակառակորդին ջախջախել:

– Միայն տեղա՞նքն էր արդյոք օգտագործվում մարտերի կազմակերպման ու վարման ժամանակ:

– Բնականաբար, ոչ: Ապստամբական մարտավարության յուրացումը ենթադրում էր մարտավարական հնարքների մի ամբողջ համալիր, որտեղ, ճիշտ է, տեղանքն ուներ մեծ նշանակություն, սակայն չէր կարող փոխարինել ամբողջ մարտավարական համակարգին: Մեծացավ, կարևորվեց հակառակորդի համար անսպասելի վայրերում հանկարծակի հարձակումների նշանակությունը: Օրինակ՝ Փարպեցին վկայում է, որ Վահան Մամիկոնյանը զորքը Դվինից մինչև Ներսեհապատ տարել է միայն գիշերային ռազմերթով և առավոտյան հարձակվել պարսկական բանակի վրա: Կամ՝ Դվինի պատերի տակ մարտակարգով շարված պարսկական բանակի պաշարման օղակն անսպասելի գրոհով ճեղքելով՝ ապստամբները կարողացել են դուրս գալ քաղաքից ու հեռանալ դեպի Խաղտիք: Հետևաբար, մեծ նշանակություն էին ստանում հակառակորդի համար անսպասելի գործողություններն ու գիշերային զորաշարժերը:
Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն դարձրեց նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու և մի շարք այլ հարցերի նոր մեկնաբանմանը: Դասական օրինակ է նրա գործունեությունը Տայքի անտառապատ, դժվարամատչելի լեռներում: Մարտին հաջորդող նահանջը, որ վերածվում էր ինքնուրույն մարտական գործողության, ևս նորություն էր հայոց ռազմարվեստում (որոշ վերապահումով՝ նաև համաշխարհային ռազմարվեստում): Օրինակ՝ Երիզայի մոտ պարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետո նահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետ տեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու ծանր ու դժվար մարտական գործողությունը շարունակվում է երկու օր և երեք գիշեր:

– Հայտնի է, որ Վահան Մամիկոնյանը լայնորեն կիրառում էր նաև գիշերային մարտերը:

– Լայն տարածում ստացած գիշերային մարտերի օրինակներ տեսնում ենք Տայքում ծավալված մարտերի նկարագրության ժամանակ: Փարպեցին ներկայացնում է գիշերային մարտավարության բավական ուշագրավ մի տարբերակ: Ըստ նրա՝ ապստամբները պարսիկների հետ մերձամարտի չէին բռնվում, և նրանց նետահարելով՝ նահանջում էին: Հիմնականում գիշերային մարտերի լայնորեն կիրառումով է բացատրվում այն փաստը, որ Վահան Մամիկոնյանին ժողովուրդը հիշում է որպես «Գայլ Վահան»:
Քանի որ այս կարգի գործողություններն անընդհատ լարվածության մեջ էին պահում հակառակորդին, պետք է կարծել, որ դրանք ունեին նաև բարոյահոգեբանական նշանակություն: Այդ մասին Փարպեցին ակնարկում է Երիզայի մոտ տեղի ունեցած գիշերային մարտը նկարագրելիս, երբ նշում է, թե մարտից հետո իրականացված վերոհիշյալ հետապնդման ընթացքում տեղի ունեցած բախման ժամանակ զոհված Գդիհոն Սյունու զորամասը «քայքայվեց» և, լքելով մարզպան Շապուհին, վերադարձավ Սյունիք:

– Այլ ի՞նչ հնարքներ էին կիրառվում:

– Տառացիորեն այն ամենը, ինչը հնարավոր էր՝ փոքրաթիվ ուժերով մեծաթիվ հակառակորդին պարտության մատնելու համար: Ճիշտ էր օգտագործվում ձմռանը մարտական գործողություններ վարելուց խուսափելու պարսիկների ձգտումը: Մասնավորապես երբ հերթական պարտությունից հետո կամ ձմեռելու նպատակով պարսիկները հեռանում էին Հայաստանից, ապստամբներն արագորեն վերահաստատվում էին Դվինում:

– Կարելի՞ է Ձեր ասածից ենթադրել, որ մեծ էր խզումը հայոց անցյալի մարտավարության հետ:

– Հիմնական տարրերը փոխվեցին, բայց խզում, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Հայոց ռազմարվեստը հարմարվում էր քաղաքական այն պայմաններին, այն որոշակի իրադրությանը, որ ձևավորվել էր Հայաստանում՝ Արշակունիների հարստության անկումից հետո: Չկար պետականություն, չկար միասնական կենտրոն, որն իր շուրջ համախմբեր բոլոր նախարարական տները և սանձեր կենտրոնախույս ուժերին: Այս պայմաններում բնական էր, որ առաջացավ մարտավարության բարեփոխման հարցը: Սակայն նոր՝ ապստամբական մարտավարության յուրացումը չէր նշանակում մերժել անցյալի ամբողջ ժառանգությունը: Մասնավորապես պահպանվեց ճակատամարտից առաջ բանակի զորաթևերի հրամկազմ նշանակելու նախկինում տարածված կարգը: Ճակատամարտերի նկարագրություններում տեսնում ենք մարտից առաջ զորաթևերի հրամանատարների տեղակալի տեղակալ կամ տեղակալի տեղակալներ նշանակելու սովորության դրսևորումներ:
Առաջին հայացքից պարզ, տրամաբանական քայլի հետևում թաքնվում է ոչ միայն այս ապստամբության, այլև հայոց բանակաշինության պատմության համար մեծ նշանակություն ունեցող մարտի ընթացքում զոհված հրամանատարին փոխարինելու կարգը, որը, ցավոք, նույնպես առայժմ ուսումնասիրված չէ: Խոսքն այն մասին է, որ բանակի գլխավոր հրամանատարը՝ զորավարը, նախքան մարտն սկսելը իրեն և զորաթևերի հրամանատարներին փոխարինելու համար նշանակում էր ոչ թե մեկ, այլ մի քանի տեղակալ: Ընդ որում, նշվում էր նրանց ավագությունը՝ առաջին տեղակալ, երկրորդ տեղակալ:
Մարտին նախապատրաստվելու նման համակարգ չկա համաշխարհային ռազմարվեստում, և թերևս այստեղ գործ ունենք հայոց ռազմարվեստի հիմնական առանձնահատկություններից մեկի հետ:
Դիմենք համաշխարհային ռազմարվեստում եզակի՝ Ակոռիի ճակատամարտի Ղազար Փարպեցու նկարագրությանը: Կրկին ստիպված ենք նշել, որ հայոց ռազմատեսական մտքի զարգացման բարձր մակարդակի մասին վկայող ճակատամարտն առայժմ պատմաբանների ուշադրությանն ավելի շատ արժանացել է մարտից առաջ Կռվակք գյուղում Վասակ Մամիկոնյանի իրականացրած հետախուզության ու նրա ռազմական խորամանկության, քան բուն մարտի մտահղացման ու մարտակարգի պատճառով:
Փարպեցին ևս ընդամենը 400 հոգանոց հայոց զորամասի մարտակարգը նկարագրելիս հետևում է ընդունված կարգին և, ի թիվս զորաթևերի հրամանատարների, նշում նաև նրանց տեղակալներին: Հատկանշական է, որ ոչ միայն բանակ, այլ զորամաս կոչվելու համար փոքրաթիվ այս ուժերի մարտակարգը նկարագրելիս նշվում է ռեզերվ (պահեստազոր — Հ. Գ.) առանձնացնելու մասին: Ի դեպ, կարևոր է, որ, ընդամենը մի քանի տասնյակ մարդուց բաղկացած ռեզերվի հրամկազմում ևս հիշվում է ոչ թե մեկ, այլ երկու անուն: Այս սկզբունքը մեր մարտավարության մեջ այնքան էր հիմնավորվել և այնքան խոր պատմական արմատներ ուներ, որ պատմիչները հնագույն ժամանակների ճակատամարտերը նկարագրելիս էլ խոսում են դրա մասին (արժե հիշել թեկուզ Խոշաբի ճակատամարտում Հայկ Նահապետի շարած մարտակարգի ու նրա զորաթևերի հրամանատարների նշանակման մասին Մովսես Խորենացու հիշատակությունը): Այսպիսով՝ տեսնում ենք, որ, անկախ ճակատամարտի մեծությունից և ռազմավարական առումով կարևորությունից, հայոց ռազմարվեստում ընդունված սկզբունք էր, նախքան մարտն սկսելը, հրամանատարների երկու կամ ավելի տեղակալներ նշանակելու կարգը:

– Իսկ ինչո՞ւ է հրամկազմի նշանակման կարգի հարցն այդքան մեծ մարտավարական կարևորություն ստանում:

– Հարցն այնքան առանցքային նշանակություն չէր ունենա, եթե չլիներ մարտավարության՝ համաշխարհային փորձի վերլուծության համար կարևոր հետևյալ ուշագրավ պահը: Մինչև 5-րդ դարը ոչ մի երկրում, նախքան մարտն սկսելը, ենթակայի երկու տեղակալներ նշանակելու կարգ երբեք չի եղել: Համոզիչ լինելու համար հիշենք թեկուզ հույն պատմիչ Արիանոս Փլաբիոսի՝ Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան կամ Պարսկական արշավանքի նկարագրությունը: Պատմիչն ամենայն մանրամասնություններով ներկայացնում է Գավգամելայի ճակատամարտին (մ. թ. ա. 331 թ.) մակեդոնական բանակի նախապատրաստվելն ու նրա ընթացքը: Մասնավորապես թվարկվում են ճակատամարտին մասնակցած մակեդոնական և նրա դաշնակից զորքերի զորամասերի՝ ընդհանուր առմամբ մոտ երեք տասնյակ հրամանատարներ: Դա եզակի դեպք է ոչ միայն հունա-հռոմեական, այլև համաշխարհային պատմագրության մեջ, սակայն, այդուհանդերձ, նույնիսկ ակնարկ չկա զորաթևերի հրամանատարների նշանակման նշված համակարգը հիշեցնող կարգի գոյության մասին: Մեկ այլ ճակատամարտ նկարագրելիս, Արիանոսը թվարկում է զորամասերի տասնչորս հրամանատարների, և կրկին պատկերը նույնն է: Այսօր գրեթե բոլոր պետությունների բանակներում կանոնադրական պարտադիր պահանջ դարձած այս մարտավարական սկզբունքը Եվրոպայում սկսեց կիրառվել միայն 18-րդ դարում, այն էլ հիմնականում պայմանավորված էր հրետանու արագաձգության ու կրակային հզորության աճով:

– Այսինքն, կարելի է ասել, որ մինչև 5-րդ դարը հայ զորավարներն ապստամբական մարտավարությանը բնորոշ առանձին հնարքներ կիրառել էին, սակայն դրանք երբեք գերիշխող չէին եղել:

– Վահան Մամիկոնյանը մարտավարական նոր հնարքներ չկիրառեց: Նա ուղղակի ամբողջացրեց ու վերջնական տեսքի բերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նոր մարտավարությունից բխող դրույթները և դրանց կիրառմամբ ցույց տվեց, որ պետականության կորստից հետո ստեղծված իրադրության մեջ այդ մարտավարությունն այլընտրանք չունի: Կրկնում եմ՝ մարտավարության հիմնական տարրերի կտրուկ փոփոխումը և 5-րդ դարի վերջին ստեղծված պայմաններին նրանց հարմարեցումը չէին ընթանում անցյալի ամբողջ փորձի մերժման ճանապարհով: Կարելի է ասել, որ որքան էլ բեկումնային և խորը լինեին փոփոխությունները, միևնույնն է, Վահան Մամիկոնյանի իրականացրած բարեփոխումը հայոց մարտավարության հետագա զարգացման հետևանք էր:

– Ձեր գնահատականը՝ Վահան Մամիկոնյանի մշակած նոր մարտավարությանը:

– Փորձելով տալ հայոց ռազմարվեստի զարգացման գործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերի գնահատականը՝ կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում հայոց ռազմարվեստը յուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավ ապստամբական մարտավարությունը, որն առանձին բացառություններով, գրեթե մինչև 20-րդ դարը, տիրապետող էր հայոց ռազմարվեստում:

ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Վեմ» դադիոկայան», 21. 04. 2004
«Դարը` մեր մեջ, մենք` դարի» (Հրապարակախոսություն), գիրք Դ, 2007

6 идей о “ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий