ԳԵՂԱՄ ՍԱՐԳԱՍՅԱՆ
1914 թ. նոյեմբերին Թուրքիան, Գերմանիայի հետ դաշնակցելով, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ հետապնդելով նրանից Ղարսը, Սև ծովի ափերը, Ղրիմը, մինչև Ազովի ծովի տարածքները հետ խլելու նպատակը:
Առաջին համաշխարհային պատերազմի պատուհասի առիթն Ավստրո-Հունգարական պետության թագաժառանգի սպանությունն էր Սերբիայում: Իրականում այդ պատերազմը գիշատչական բնույթ ուներ: Գաղութատիրական խոշոր պետությունները, բաժանվելով երկու խմբի, բախվեցին միմյանց՝ աշխարհին տիրելու և յուրաքանչյուրն իր հեգեմոնիան տարածելու համար: Պատերազմն առաջինը 1914 թ. Ռուսաստանին, Անգլիային և Ֆրանսիային հայտարարեց Գերմանիան: Գերմանիային դաշնակցում էին Ավսրո-Հունգարիան, Իտալիան, Թուրքիան, ապա իրենց միացրել էին Սերբիային, Բուլղարիային, Ռումինիային: Այդ միացումը կոչվում էր Առանցքի պետությունների դաշնակցություն: Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միացումը կոչվում էր Անտանտի դաշնակցություն: Հետագայում Անտանտի դաշնակցությանը միացավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ինչպես նաև՝ Իտալիան, որը դուրս եկավ Առանցքի պետությունների դաշնակցությունից:
Մի շարք նշանավոր հայեր, օգտվելով առիթից, կայսերական կառավարության թույլտվությամբ կազմակերպեցին հայկական կամավորական զորագնդեր: Այդ զորագնդերը պետք է միշտ առաջին գծում լինեին՝ տեղանքին ծանոթ լինելով, և հեշտացնեին ռուսական բանակների հաջող արշավանքները: Այդ հաջող արշավանքների հետևանքով թուրքական բռնակալությունից Արևմտյան Հայաստանի մի շարք նահանգներ պետք է ազատագրվեին և միացվեին Արևելյան Հայաստանին՝ ստեղծելով ինքնուրույն Հայաստան՝ Ռուսաստանի հովանավորության ներքո: 1914-1915 թվականներին կազմակերպվեցին վեց հայկական կամավորական զորագնդեր, որոնց թվում՝ Անդրանիկի, Դրոյի (Դրաստամատ), Քեռու, Իշխան Արղությանի, Համազասպի և Ջանփոլադյանի կամավորական զորագնդերը: Նշենք, որ ապագա նշանավոր զորավար Գայը (Հայկ Բժշկյան) Ջանփոլադյանի կամավորական զորագնդի հետևակ վաշտերի հրամանատարն էր:
Նախքան պատերազմը սկսվելը ռուսական կայսրությունն իր անհեռատեսության հետևանքով աններելի մեծ սխալ թույլ տվեց: Գերմանիայի Վիլհելմ կայսեր խնդրանքով 70 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների մի մեծ խումբ 1913 թվին շրջագայություն կատարեց Ռուսաստանի զանազան վայրերում, ինչպես նաև՝ Անդրկովկասում՝ բարձրանալով նույնիսկ Մասիս սարի գագաթը՝ կորցնելով իրենցից մեկին Մասիսի խորխորատներում: Հետագայում՝ Համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, պարզվեց, որ այդ զբոսաշրջիկների խմբում գտնվել են նշանավոր ռազմագետ- զինվորականներ, ճարտարապետներ, հնագետներ, երկրաբաններ և այլոք: Իրենց զբոսանքների ընթացքում մանրամասնորեն ուսումնասիրել են և տեղեկություններ հավաքել ռուսական զորաբանակների և կարևոր ռազմական կետերի մասին: Վերադառնալով Գերմանիա՝ իրենց տված տեղեկություններով հեշտացրել են գերմանական բանակների հաջող գործողությունները ռուսական ռազմաճակատներում: Ռուսաստանի կայսրուհին, լինելով գերմանուհի, մեծապես նպաստել էր այդ զբոսաշրջիկ խմբի արշավին:
Թուրքիան Ռուսաստանին պատերազմ հայտարարեց 1914 թվի նոյեմբերին: Նախքան պատերազմ հայտարարելը Երիտթուրքերի կառավարությունն արդեն կազմակերպել և սկսել էր վաղուց ծրագրված հայկական ջարդերը: Չնայած արյունարբու Սուլթան Համիդի գահընկեցությունից հետո գահին նստել էր նրա եղբայր Մուհամեդ II-ը, սակայն նա մի թուլամորթ խաղալիք էր երիտթուրքերի ձեռքին, և երիտթուրքերը սուլթանական գահը պահում էին ձևականության համար: Փաստորեն, երկրի ղեկը գտնվում էր 6-7 հոգուց բաղկացած Երիտթուրք ղեկավարների, այդ թվում՝ Էնվեր, Թալիաթ, Ջեմալ, Վեհիբ, Մուխթար փաշաների ձեռքին, որոնք, խախտելով 1896 թվականին միջազգային համաձայնագրերով ընդունված ռեֆորմների որոշումները, որոնք վերաբերվում էին հայաբնակ վայրերին, համիդյան ժամանակներից մի քանի անգամ ավելի դաժան բարբարոսություններով սկսեցին հայկական ջարդերը՝ առանց սեռի և տարիքի խտրության: Երիտթուրքերը դեռ վաղուց ծրագրել էին հայոց ջարդերն այն հաշվարկով, որ Արևմտյան Հայաստանում հայություն չմնա, և այսպիսով, հայկական հարցին վերջ տրվի: Առաջին հերթին Երիտթուրքերը ոչնչացրին արևմտահայության աչքի ընկնող մտավորականությանը. 300-ից ավելի մտավորականների թվում էին Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռոստոմը, Օնիկը, Փարամազը, Կոմիտասը և այլոք: Հաջորդեցին մասսայական ջարդերը: Այդ բոլոր եղեռնագործությունները Երիտթուրքերի կառավարությունը կատարում էր Գերմանիայի թելադրանքով և օգնությամբ. Գերմանիան, որպես Թուրքիայի դաշնակից, այդ ժամանակ կառուցում էր Պոլիս-Բաղդադ երկաթուղային գիծը՝ թե՛ ռազմական նպատակներով և թե՛ նավթաբեր տարածքները շահագործելու համար: Շինարարական աշխատանքները կատարում էին Արևմտյան Հայաստանից քշված հայերը: Գերմանիան միաժամանակ այդ միջոցներով ցանկանում էր փակել ռուսների առաջխաղացումը դեպի հարավ-արևմուտք, որպեսզի իր հեգեմոնիան հաստատի այդ տարածքներում: Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան, որոնք դաշնակից էին Ռուսաստանին, ոչ միայն միջոցներ ձեռք չառան՝ կանխելու հայկական ջարդերը, ընդհակառակը՝ արտաքուստ մարդասիրական դիմակ հագնելով, ներքուստ իրենց կողմից խրախուսում էին երիտթուրքերին՝ իրենց շահերը փնտրելով այդ տարածքներում: Նույնիսկ նրանք խանգարում էին իրենց դաշնակից Ռուսաստանի ռազմական գործողություններին թուրքական ռազմաճակատներում, որովհետև նրանց ձեռնտու չէր ռուսական հեգեմոնիայի տարածումն ու տիրապետությունն Արևմտյան Հայաստանում: Նրանցից յուրաքանչյուրն իր գերակայությունն էր ուզում հաստատել ու տարածել Թուրքիայում և արաբական երկրներում. այդ տարածքների նավթահոտը շշմեցրել էր գաղութատիրական այդ անկուշտ պետություններին. մի բուռ հայ ժողովրդի ոչնչացումը՝ գենոցիդը (ցեղասպանությունը) նրանց համար այլ ոչինչ էր:
Ճիշտ է՝ ռուսական հաղթական բանակը մի քանի ամիսների ընթացքում գրավեց Կարինը (Էրզրումը), Վանը, սակայն մյուս ռազմաճակատներում իր դաշնակիցների դավաճան գործողությունների հետևանքով ստիպված եղավ նահանջելու, և այդ նահանջն առավել ևս ուժ տվեց երիտթուրքերին մասսայաբար ոչնչացնելու և երկրից դուրս քշելու 3 միլիոնից ավելի հայության, որի կեսը կոտորվեց թուրքերի կողմից, մյուս կեսը տարագրվեց երկրից դուրս՝ արաբիայի ավազուտ անապատներն ու այլ տեղեր:
Ռուսական բանակը, Կարինից նահանջելով, ուժեղ պլացդարմ ստեղծեց Ղարսի նահանգում և 1915 թ.-ի հունվար ամսին Սարիղամիշի անտառներում շրջապատեց և ոչնչացրեց Էնվեր փաշայի 70 000-անոց զորաբանակը: Էնվերը մի քանի տասնյակ մարդկանցով, իր բանակում եղած հայ սպաների օգնությամբ, հազիվ կարողացավ խուսափել մահից: Հայ կամավորական մի քանի զորագնդեր աննման հերոսություններ կատարեցին թուրքական բանակի՝ գլխովին ոչնչացման գործողություններում: Արևմտյան Հայաստանում բնակվող հայության մի խոշոր զանգվածը փրկվեց՝ գաղթելով դեպի հյուսիս՝ Ռուսաստան և Արևելյան Հայաստան:
Պատերազմական գործողությունների և հայկական ջարդերի շրջանում Երևանի Թեմական դպրոցն իր պարապմունքները տեղափոխեց Գայանյան դպրոցի շենքը՝ դրանք անցկացնելով հետճաշյա, որովհետև դպրոցի շենքը վերածվեց գաղթականներին ժամանակավոր ընդունելու վայր (բազա): Դպրոցի բարձր դասարաններից մի խումբ աշակերտների հավաքագրեցին՝ գաղթականներին ծառայելու համար: Այդ հավաքագրվածների թվում էի նաև ես: Աշխատանքները բաժանված էին ըստ խմբակների: Հետևում էինք շենքի մաքրությանը, ստանում և գաղթականներին բաշխում սննդամթերքն ու հացը, շրջում էինք քաղաքում՝ գաղթականների համար նվերներ հավաքելով և այլն:
Երևանում այդ ժամանակ ծայր առավ տիֆ հիվանդությունը (հատկապես գաղթականների շրջանում), որը բազմաթիվ զոհեր էր տանում: Աշխատելով գաղթականների հետ՝ ես նույնպես վարակվեցի և, երկու ամիս տանն անկողնին գամված մնալով, հազիվ փրկվեցի մահից: Ուզեցին տանել հիվանդանոց, բայց դպրոցի տեսուչը՝ Արշակ Չիլինգարյանը, խորհուրդ չտվեց. նա իմ դասընկերներից հերթապահներ նշանակեց, որոնք միշտ իմ քովին էին, չնայած տատս, մայրս և հորաքույրս պահապան հրեշտակների պես հսկում էին ինձ: Մեր դպրոցի բժիշկներից երկուսը՝ բժիշկ Մելիքյանը և Գրոն, հերթական կարգով այցելում էին ինձ՝ բավական երկար ճանապարհ կտրելով. մեր տունը գտնվում էր Պուշկինյան սարալանջի գագաթի արևելյան կողմում: Վերջապես, կրիզիսը (ճգնաժամը) անցնելուց հետո՝ ապրիլի 10-ին, ոտքի ելա: Ապրիլի 15-ին հաճախեցի դպրոց: Տեսուչը, ուսուցիչներս և ընկերներս շատ ուրախացան՝ ինձ կազդուրված տեսնելով: Տեսուչն իր ձեռքով գլխիցս մի փունջ մազ դուրս քաշեց և հայտնեց, որ տիֆն իր հետքը թողել է գլխիս մազերի վրա: Նա զգուշացրեց, որ մազերս աստիճանաբար կթափվեն, և մի քանի տարուց կճաղատանամ: Նա խորհուրդ տվեց ոչ մի դեղորայք չգործադրել, միայն շաբաթը մեկ գլուխս ածիլել և օրը երկու անգամ մաքուր սառը ջրով գլուխս շփել: Երկու ամիս դպրոց չէի հաճախել. պետք է անցած կուրսը յուրացնեի: Տեսուչը խորհուրդ տվեց մնալ նույն դասարանում՝ լիովին կազդուրվելու և հիվանդության հետևանքները հաղթահարելու համար: Նկարագրելով իմ ընտանիքի տնտեսական դրությունը՝ ասացի, որ ինձ չի կարելի մնալ նույն դասարանում: Մի քանի օրից կրոնական առարկաներից և ռուսաց լեզվից հաջող քննություն տվեցի: Հերթական առարկան հայոց պատմությունն էր, որը դասավանդում էր Արսեն Տերտերյանը: Մայիսի 5-ին հայոց պատմության դասին Տերտերյանը ցուցակով 4 աշակերտի, այդ թվում՝ նաև ինձ, կանչեց գրատախտակի մոտ՝ քննելու համար: Նախ քննեց առաջին երեքին, որոնցից երկուսին «կտրեց», երրորդին «բավարար» նշանակեց: Ապա սկսեց քննել ինձ: Դասագիրքը Պալասանյանի «Հայոց պատմությունն» էր: Նախ, երկու գլուխ պատմել տվեց, ապա սկսեց մի շարք հարցեր տալ: Թե՛ պատումը և թե՛ հարցերի պատասխանները գովելի էին: Վերջում հարցրեց, թե ո՞ր թվին է Գայլ Վահանը, խաբելով պարսից արքային, պարսից զորաբանակն ուղարկել Հայաստան՝ այնպիսի մի վայր, որտեղ հայոց սպարապետին հաջողվել է գլխովին ջախջախել թշնամուն, և ո՞րն է այդ վայրը: Ես անմիջապես պատասխանեցի: Արսեն Տերտերյանը հիացած նայեց ինձ և ասաց. «Սարգսյա՛ն, նույնիսկ ես այդ թիվը չէի հիշում, դիտմամբ այդ հարցը տվեցի քեզ, շա՜տ ապրես»: Ապա դառնալով մյուսներին՝ ձեռքերը շարժելով ասաց. «Ամո՛թ ձեզ, ձեր ընկերը երկու ամիս տիֆով հիվանդանալուց հետո՝ դեռ ամբողջությամբ չկազդուրված, մի քանի օրվա ընթացքում պատրաստվեց և գերազանց քննություն հանձնեց, իսկ դուք դպրոցում նույնիսկ չկարողացաք բավարար քննություն տալ»:
Արսեն Տերտերյանը դասից հետո ուղիղ գնում է տեսչի մոտ, պատմում իմ քննության մասին և խորհուրդ տալիս մանկավարժական արտակարգ նիստի որոշմամբ ինձ փոխադրել վերջին դասարան, որպեսզի ես դադարեմ պարապելուց՝ հիվանդությանս հետևանքները հաղթահարելու և այն կրկնվելու վտանգը կանխելու համար: Այդպես էլ եղավ: Տեսուչը մեր դասարանի դաստիարակ Մարտիրոս Հարությունյանի հետ եկավ մեր դասարան և հայտնեց մանկավարժական խորհրդի որոշումը՝ ինձ վերջին դասարան փոխադրելու մասին: Ընկերներս ծափահարեցին և, ոտքի կանգնելով, օդի մեջ բարձրացրին տեսչին, Մարտիրոս Հարությունյանին և ինձ: Մյուս օրվանից մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը ես այլևս չհաճախեցի դպրոց:
Գեղամ Սարգսյանի հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը
Մեծապէս կը գնահատեմ Ձեր կատարած սքանչելի գործը: Այս յօդուածին գլխաւոր խորագիրին Զոր. Անդրանիկին ստորագրած պատգամին մէջ «Մահս չեմ յոգար»ը մեր արեւմտահայերէնով կը գրենք.- « չեմ ՀՈԳԱՐ»: «Հ» ով: Կը խնդրեմ Ձեր ներողամտութիւնը:
Շատ եմ սիրում Գեղամ Սարգսյանի հուշերը՝, զարմանալի մանրամասնություններով: Շնորհակալություն Հասմի կջան, անգնահատելի հուշեր են: