1913 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ԷԻՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝
19-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ
ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Ցարական Ռուսաստանը, 19-րդ դարասկզբին ազատագրելով Արևելյան Հայաստանն Իրանի բռնակալ տիրապետությունից, ճիշտ է, ինքնավարություն չտվեց, այլ ուղղակի գաղութացրեց երկիրը, սակայն նոր, ազատ պայմաններ ստեղծվեցին՝ ժողովրդին ազատ շունչ քաշելու և իր սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու: Ազատագրելով Արևելյան Հայաստանը 1827 և 1878 թվականներին՝ ցարական Ռուսաստանը հետևյալ վարչական բաժանումը կատարեց՝ ձևավորելով հետևյալ նահանգները՝ Ղարսի՝ Կաղզվանի, Արդահանի, Սարիղամիշի և Ղարսի գավառներով, Երևանի նահանգ՝ Ալեքսանդրապոլի, Սուրմալուի (Իգդիրի), Նախիջևանի, Շարուրի, Դարալագյազի, Էջմիածնի և Երևանի գավառներով: Արևելյան Հայաստանի մյուս գավառները՝ Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Դիլիջանը, միացվեցին Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգին: Նահանգներն ունեին 5-ական գավառներ, գավառները՝ 5-ական շրջաններ և շրջաններից յուրաքանչյուրը՝ 25-30 գյուղ: Վարչական կարգը հետևյալն էր. նահանգապետ, գավառապետ, շրջանապետ: Շրջանները բաժանվում էին ենթաշրջանների, որոնք կոչվում էին «հասարակություններ». իրար մոտիկ գտնվող 6-7 գյուղեր կազմում էին մեկ «հասարակություն»: «Հասարակությունը» երեք տարին մեկ, գաղտնի քվեարկությամբ ընտրում էր «գալավան» (ռուսերենից թարգմանաբար նշանակում է՝ գլխավոր), իսկ յուրաքանչյուր գյուղ դարձյալ երեք տարին մեկ գաղտնի քվեարկությամբ ընտրում էր գյուղի տանուտերին: Նահանգապետները, գավառապետները և շրջանապետները (պրիստավները) նշանակվում էին պետության կողմից: 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
1913 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ԷԻՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ / 1913 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ԷԻՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 1913 թ.-ին Ռուսաստանում տեղի ունեցավ ընդհանուր գյուղատնտեսական վիճակագրություն և մարդահամար: Հունիս ամսին Երևանում տասնօրյա դասընթացներում պատրաստեցին հրահանգիչների, վիճակագիրների և խմբակներով ուղարկեցին շրջանները: Մի այդպիսի խմբակ էլ՝ հինգ հոգուց բաղկացած, ուղարկվեց Ախտայի շրջանի Ալափարսի և Քանքանի ենթաշրջաններ: Նախ սկսեցինք Ալափարսի հասարակության գյուղերից: Պետության կողմից վաղօրոք կարգադրված էր հասարակության գալավաներին վիճակագիրներիս փոխադրական միջոցներ և այլ հարմարություններ տրամադրելու մասին: 10 օրվա ընթացքում ավարտեցինք Ալափարսի ենթաշրջանի վիճակագրական աշխատանքները հետևյալ գյուղերում՝ Ալափարսում, Սոլակում, Բջնիում, Արզականում, Դալարում, Աղվերանում, Օզանլարում, Գյումուշում: Գյուղերը շրջագայելիս մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ Աղվերան գյուղում: Դալար և Աղվերան գյուղերը գտնվում են Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ ծմակներում՝ Արզականից դեպի արևմուտք մինչև 8 կմ հեռավորության վրա: Թուրքաբնակ գյուղեր էին. դաշտավարությամբ շատ քիչ էին զբաղվում, որովհետև վարելահողեր չունեին: Գլխավորապես զբաղվում էին անասնապահությամբ: Դալարի վիճակագրությունն ավարտելուց հետո մյուս օրը ձիերով ճանապարհվեցինք Աղվերան: Մեզ առաջնորդում էր Քոռ Ալի անունով մի անտառապահ: Նրան այդպես էին անվանում այն բանի համար, որ ձախ աչքը տարիներ առաջ մի կռվի մեջ կուրացրել էին: Քոռ Ալին ոչ միայն հայտնի էր իրենց գյուղում՝ որպես հեղինակավոր և քաջ մարդ, այլև հասարակության մյուս գյուղերում նրան բոլորը գիտեին: Երբ հասանք Աղվերան, պարզվեց, որ գյուղում, բացի մոլլայից ու իր փոքր՝ 7-8 տարեկան տղայից, ոչ ոք չկա: Ամբողջ գյուղով մեկնել էին յայլա, որը գյուղից 6-7 կմ հեռու էր գտնվում, դեպի արևմուտք՝ Ապարանի կողմը: Մոլլայի շունն իր ձագերին էր կերակրում. երեխան ուզեց ձագերից մեկին բռնել: Մայր շունը գռմռաց և ատամները շրխկացրեց. երեխան վախեցավ և հետ քաշվեց, իսկ Քոռ Ալին երեխային ասաց. «Ձեռք մի՛ տուր, փոքրի՛կ, մի քանի տարուց հետո նրանք մեծանալու, մոլլա են դառնալու»: Մոլլան զայրույթի մի հայացք ձգեց մեզ և Քոռ Ալու վրա: Սակայն Քոռ Ալու հրացանը զսպեց նրա կատաղությունը: Մենք հեծանք ձիերը և երեկոյան հասանք Աղվերանի յայլա սարը: Ընդարձակ մի սարահարթի վրա խփված էին վրանները: Արդեն ուշ էր, և մենք էլ՝ հոգնած: Տանուտերը մեզ տեղավորեց մի վրանի մեջ: Պատրաստվում էինք քնելու, երբ մի երիտասարդ թուրք ներս մտավ, ձեռքին՝ մի մեծ թավով ձվածեղ և գարու հացեր: Մենք պատրաստվեցինք ընթրելու: Մեկ էլ մեր ընկերներից մեկը՝ Բարաղամ անունով, թավան վերցրեց և վրանից դուրս շպրտեց՝ հայտնելով, որ մի երկար մազ է նկատել ձվածեղի մեջ: Քիչ հետո եկավ տանուտերը և, ներողություն խնդրելով պատահածի առթիվ, հայտնեց, որ ոչխար է մորթել, և քիչ հետո ճաշը պատրաստ կլինի: Եվ իսկապես, մի ժամից ախորժակով կերանք ոչխարի խաշած միսը, մանավանդ որ տանուտերը մեզ մի շիշ օղի հանձնեց. իրենք՝ թուրքերը, խմիչք չեն գործածում. նրանց կրոնն արգելում է խմիչք գործածել: Տանուտերն իր մոտ խմիչքը պահում էր այցելուների համար: Քոռ Ալին չէր ենթարկվում կրոնական այդ նախապաշարմունքին և մեզ հետ հավասար խմում էր: Վաղ առավոտյան արթնացանք: Երկինքը պարզ էր, օդը՝ մաքուր և հաճելի: Հեռվից երևում էր յայլա սարը՝ քիչ մշուշապատ, որի լանջերին և ստորոտներին արածում էին հազարավոր ոչխարներ և խոշոր եղջերավոր անասուններ՝ եզներ, կովեր, ինչպես նաև՝ ձիեր: Քանի որ Աղվերանը վարելահողեր համարյա թե չուներ, գյուղացիք հողամշակության փոխարեն պահում էին մեծ քանակությամբ մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: Ամենաաղքատ տնտեսությունը 100 հատ ոչխար, 2-3 ձի ուներ, իսկ ունևորները՝ եռապատիկ, քառապատիկ ավելի: Առավոտյան նախաճաշը ճոխ էր. գիշերվա մորթած ոչխարի մսից՝ խաշլամա, թարմ կարագ և նոր գցած պանիր, կաթ: Օդը՝ միանգամայն հաճելի և ախորժակ գրգռող: Կուշտ նախաճաշեցինք և, մի քանի ժամվա ընթացքում ավարտելով մեր աշխատանքը, վերադարձանք ու գիշերը հասանք Բջնի գյուղը: Քոռ Ալին մեզ հասցրեց մինչև Արզական, և մենք անկեղծ շնորհակալությամբ բաժանվեցինք միմյանցից:

Բջնին պատմական Հայաստանի Նիգ գավառի Ոստանն է եղել. Նիգ գավառը, որի մեջ մտնում էին Ապարանի և Հրազդանի շրջանները, պատկանելիս է եղել Պահլավունյաց նախարարությանը: Գյուղը, որն Արզականի նման ուներ խառն բնակչություն՝ հայեր և թուրքեր, տեղադրված է Հրազդան գետի աջ ու ձախ ափերին: Գյուղի կենտրոնում 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոսի ձեռքով կառուցված եկեղեցին կանգուն մնում է. այն կառուցված է հսկայատիպ քարերից, որոնց վրա՝ խաչերի և բնության զանազան տեսարանների նուրբ քանդակներ: Հրազդան գետի աջ ափին բարձրանում է մի բլրակ, որի շուրջը մինչ այսօր կանգուն են Պահլավունիների ամրոցի միջնաբերդի պարիսպները, իսկ բլրակի վրա՝ ամրոցի մի քանի շենքերի ավերակները: Ներկայումս բլրակի ստորոտում՝ գետի ափի մոտ, հայտնաբերվել են հանքային առողջարար աղբյուրներ: Բջնի գյուղում մի քանի ժամվա ընթացքում աշխատանքներս ավարտելուց հետո մի խումբ գյուղացիներ մեզ հրավիրեցին գետի ձախ ափը՝ մի գեղեցիկ, ծառապատ վայր և հյուրասիրեցին ոչխարի մսով և թարմ ձկներով: Ճաշելուց, հանգստանալուց և գետում լողանալուց հետո վերադարձանք Ալափարս: Այստեղ երեք օրվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելուց հետո մեկնեցինք Քանքանի ենթաշրջան:

Այդ ենթաշրջանը սկսվում էր Սուխոյ Ֆանտանից և տարածվում էր, մի կողմից, դեպի Գեղամա լեռնաշղթան, իսկ հարավի կողմից՝ դեպի Գառնի: Սահմանակից էր Կոտայքի շրջանին, որից բաժանվում է Քյոթան դաս (Գութանի սար) և Հատիս բարձր լեռներով: Ենթաշրջանի կենտրոնը Քանքան մեծ գյուղն էր, որտեղ գտնվում էր գալավայի գրասենյակը: Հենց ինքը՝ գալավան, այդ գյուղի բնակիչ էր՝ Աբու Թալիբ անունով մի հսկայատիպ մարդ: Ենթաշրջանի 8 գյուղերից մեկը՝ Սուխոյ Ֆանտանը, ռուսաբնակ էր, երկուսը՝ Թեզ-Խարաբը և Բեչաքլուն՝ հայաբնակ, մյուս հինգը՝ Կզկալան, Կարակալան, Դալարը, Դավախարաբան և Մուսաքյանդը, թուրքաբնակ և քրդաբնակ: Բացի գյուղերից, մի հսկայական տարածություն՝ Ելլիջա անունով, Երևանում բնակվող հայտնի Մակաշովների կալվածքն էր:

Աբու Թալիբը մեզ շատ սիրով ընդունեց և հրավիրեց իրենց տուն. բնակարանը բաղկացած էր մի միջանցքով միացած երկու սենյակից, դիմացը՝ պատշգամբ, հատակած, առաստաղած, սպիտակեցրած պատերով և թիթեղապատ կտուրով: Սենյակում տեղադրված էին երկաթե, փայլուն մահճակալներ՝ խաս անկողիններով, պատերին՝ գորգեր, մեջտեղը՝ մի մեծ ճաշասեղան: Սենյակները լուսավորվում էին բակի կողմից կառուցված 2-ական մեծ լուսամուտներով: Աբու Թալիբը վայելում էր հասարակության և Ախտայի շրջանի հարգանքը, նաև մեծ ծանոթություններ և հեղինակություն ուներ Երևանի նշանավոր շատ մարդկանց մոտ: 50-55 տարեկան տղամարդ էր, թիկնեղ, թավ բեղերով, հագին՝ բեշմետ, մեջքին՝ արծաթյա գոտի՝ արծաթապատ դաշույնով, և թանկագին մահուդի կտորից չուխա: Սենյակում մեզ տեղավորելուց և մի քանի հաճոյական խոսքեր ասելուց հետո մեկի միջոցով կանչել տվեց տանուտերին: Տանուտերը ներկայացավ աշխատանքային հագուստներով. նրան կանչել էին իր կալում աշխատելիս: Աբու Թալիբը ջղայնացած մի քանի հարված հասցրեց տանուտերին՝ բղավելով նրա վրա, որ իրենց այցելած՝ մեզ նման աղա մարդկանց ջնդոյի հագուստներով է ներկայանում: Տանուտերը լուռումունջ դուրս եկավ և կես ժամ չանցած կրկին վերադարձավ տանուտերական հագուստով՝ չուխայի տակ 10-12 հատ վառեկներ պահած, ինչը դրեց նախասենյակում: Աբու Թալիբը տանուտերին պատվիրեց շտապ հեծյալներ ուղարկել հասարակության բոլոր գյուղերը և կանչել բոլոր տանուտերերին, որպեսզի նրանք ցերեկով ներկայանան իրեն: Մենք ճաշելուց և հանգստանալուց հետո դուրս եկանք պատշգամբ, որի դիմացի բակում զինվորի նման կազմ ու պատրաստ կանգնած էին գյուղերի տանուտերերը: Մեզ ներկայացնելով՝ կարճ բացատրեց մեր ով լինելը և խիստ պատվիրեց ամեն տեսակի օժանդակություն ցույց տալ՝ մեր աշխատանքներն իր ժամանակին ավարտելուն: Քանքանի հասարակության գյուղերում վիճակագրական աշխատանքները շատ հաջող ընթացան: Ինն օրում ավարտեցինք մեր աշխատանքը և վերադարձանք Ախտա: Մի դեպք միայն մնացել է հիշողությանս մեջ: Կարակալա գյուղի տանուտերը բավականին համակրելի մի երիտասարդ էր՝ Հեյդար անունով: Աշխատանքն ավարտելուց հետո մեզ հրավիրեց իրենց տուն ճաշի. ոչխար էր մորթել: Տնեցիներից մեկին պահակ էր կարգել դրսում՝ պատվիրելով, որ իմաց տան, եթե գյուղացիներից որևէ մեկը և, հատկապես, մոլլան գա: Իր ձեռքով մի փակ սնդուկ բանալիով բացելով՝ մի քանի շիշ օղի և գինի դուրս բերեց և դրեց սփռոցին, ապա մեզ բացատրեց, որ իրենց կրոնն արգելում է խմիչքը, ու այդ պատճառով է պահակ դրել, որ անսպասելի այցելուների դեպքում շշերը թաքցնի: Ճաշից հետո Հեյդարն անձամբ մեզ ձիերով առաջնորդեց Մուսաքյանդ: Այստեղ շուտ վերջացրինք աշխատանքները. մեզ լավ մեղրով հյուրասիրելուց հետո ճանապարհվեցինք Ելլիջայի կալվածքը, որտեղ Մակաշով Արտաշ աղան մեզ խաղող հյուրասիրեց և մեր աշխատանքներն ավարտելուց հետո ճանապարհեց վերջին՝ Բեչաքլու գյուղը: Հուլիսի վերջին վիճակագրական աշխատանքներն ավարտեցինք:

Գեղամ Սարգսյանի հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը

4 идей о “1913 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ ԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ԷԻՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  1. Aida Pilojan

    Ես Էլառցի եմ, այս նյութը կարդացի մեծ հուզմունքով: Այստեղ բերված բոլոր տեղանունները ես լսել եմ իմ ամբողջ կյանքում երբեմն էլ ոգտագործել եմ, ու գիտեմ նրանց նոր անունները:Բայց միևնույնն է կարդալով տարածաշրջանի մասին, որտեղ իմ գերդաստանն է ծնվել ու ապրել շատ հուզական է: Նոստալգիա…շնորհակալությանս չափ չկա, խոնարվում եմ:

  2. Gayane Safaryan-Michikyan

    Շատ հետաքրքիր, կենդանի պատումով ասես ուղեկից է դարձնում նաև ընթերցողին,ես հաճույքով կարդացի. Հասմիկ ջան ինչ օրհնություն ես կուտակում քեզ համար ու փառավորություն` երախտավոր նախնիներիդ. երանի է նրան, ով այսպիսի սերունդ ունի:

Добавить комментарий