ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՈՔ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի դասախոս Սուրեն Մարտիկյանի հետ  

Ասորեստանի պես հզոր հարևանի դեմ պայքարում Արարատյան արքաները ոչ միայն միավորեցին լեռնաշխարհի գրեթե ողջ բնակչությանը, այլև, ինչպես վերջերս կատարված հետազոտություններն են փաստում, պատերազմների (արշավանքների) ընթացքում ցույց էին տալիս ժամանակակից միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար չափանիշները հիշեցնող դասական օրինակներ:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՈՔ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՈՔ

– Ներկայացրե՛ք միջազգային մարդասիրական իրավունքի արդի համակարգը:
– Պատերազմների օրենքների մշակումն սկսվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ մարդկությունը կանգնեց ավելի ու ավելի կործանարար դարձող պատերազմների արհավիրքները մեղմելու հրատապ անհրաժեշտության առջև: Բոլորի համար պարզ դարձավ, որ եթե հնարավոր է չնկատել միջնադարյան պատերազմներում անկատար զենքերով գործված ռազմական հանցագործությունները, ապա սպառազինության և, մանավանդ, մարտական տեխնիկայի կատարելագործման պայմաններում զորքերի մարտական հնարավորություններն այնքան են մեծացել, որ մարդասիրական վարքագծին չհետևող բանակները կարող են վերածվել մարդկության ոչնչացման գործիքի: Եվրոպայում սկիզբ առավ պատերազմների ընթացքում ռազմական հանցագործությունները սահմանափակելու և մարդկանց տառապանքները մեղմելու շարժում, որն այսօր հայտնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է: Մի շարք երկրներ ձեռնամուխ եղան ռազմական հանցագործությունների դեմ ընդհանուր կանոնակարգի՝ կոնվենցիաների մշակմանը: Խոսքը 1907 թ. և 1925 թ. Հաագայի, 1949 թ. Ժնևի, ինչպես նաև 1977 թ. Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների մասին է:

– Ի՞նչ չափանիշների՝ նորմերի մասին է խոսքը:
– Նշեմ միայն մի քանիսը: Մարդասիրական իրավունքի առանցքը հետևյալն է` պարտված հակառակորդի իրավունքների հարգում, ներողամիտ վերաբերմունք հակառակորդի գերիների նկատմամբ, չոտնահարել նրանց ինքնասիրությունը, զուսպ վերաբերմունք գրավված տարածքների խաղաղ բնակչության, հատկապես կանանց, երեխաների, ծերերի և մարտական գործողություններին չմասնակցած տղամարդկանց նկատմամբ: Նման հարցերով մասամբ զբաղվում է մարդասիրական իրավունքի մաս կազմող զինված ընդհարումների իրավունքը:

– Մեր զրույցն այսօր Արարատյան թագավորների օրոք գործող ռազմաիրավական համակարգի մասին է: Այդ մասին վկայությունները, անկասկած, պահպանվել են արարատյան թագավորների սեպագիր արձանագրություններում: Ի՞նչ ռազմաիրավական համակարգ էր գործում մ. թ. ա. 9-6-րդ դարերում:
– Արարատյան սեպագրերը վկայում են, որ գործ ունենք տվյալ ժամանակի համար զարգացման բարձր մակարդակի հասած ռազմաիրավական համակարգի հետ: Չնայած սեպագրերի բառակազմը սահմանափակ է, սակայն դրանցում այս կամ այն կերպ արտացոլվել է մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման բավական մեծ շրջանակ: Արձանագրությունները պարզորոշ վկայում են, որ գրավյալ տարածքներում զինվորականության գործողությունների թույլատրելի սահմանները որոշելիս և կիրառվող մարտավարական հնարքներն ընտրելիս հակառակորդի գործողություններն Արարատյան թագավորությունում ընկալվում էին երեք հիմնական չափորոշիչներով`

ա. դիմադրություն ցույց չի տրվել.

բ. դիմադրություն եղել է, սակայն ռազմական գործողությունների որոշակի փուլում հակառակորդը պայքարը դադարեցրել է.

գ. ռազմական գործողությունների սկզբից մինչև վերջ կազմակերպված դիմադրություն է ցույց տրվել:

Ռազմական գործողությունների ծավալման սկզբից ևեթ դիմադրության փորձ չանող հակառակորդի նկատմամբ մարդասիրության օրինակներ հայտնի են բազմաթիվ երկրների տարբեր դարաշրջանների պատմությունից: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե Արարատյան թագավորության իրավունքում մարդասիրության նորմերի եզակիության մասին է, այլ լայն կիրառության:
Առաջին չափորոշչի կիրառման տիպական օրինակ է արարատյան Ռուսա Ա և Արդինի-Մուծածիրի Ուրզանա արքաների ռազմաքաղաքական հարաբերությունների նկարագրությունը: Այս արձանագրությունն իրոք որ «չի տեղավորվում» Հին Աշխարհի մարդասիրական իրավունքի ընդունված շըրջանակներում և արդի պատմագիտության մեջ իրարամերժ տեսակետների ձևավորման պատճառ է դարձել:
«Ռուսա Սարդուրորդին ասում է. «Ուրզանա արքան Արդինի քաղաքի եկավ առաջս: Վերցրեցի ինձ վրա նրա ամբողջ զորքը կերակրելու հոգսը <…> ճանապարհի վրա վերին՝ մատուռներ Խալդյան հրամանով Ռուսայի համար կառուցեցի: Հաստատեցի Ուրզանային գավառապետ, բնակեցրի Արդինի քաղաքում»:
Ռուսան նշում է Ուրզանա արքայի զորքերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական արարքի մասին: Սա անշուշտ վկայում է, որ Ռուսայի, հնարավոր է նաև մյուս արքաների օրոք, մարդասիրությունը չէր սահմանափակվում բարձրաշխարհիկ առաջնորդների նկատմամբ ցուցաբերվող «հոգատարությամբ» ու տարածվում էր ամբողջ զորքի վրա: Արձանագրություններում ավելի հաճախ հանդիպում է ռազմական գործողությունների նկարագրություն երկրորդ և երրորդ չափորոշիչների կիրառմամբ: Սակայն այստեղ էլ նոր հիմնահարց է ծագում. արշավանքների նկարագրությունը շատ հաճախ սահմանափակվում է ռազմական գործողությունների հաջող ավարտի հակիրճ ամփոփումով և հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել դրանց ընթացքի մասին: Երկրորդ չափորոշչի մասին, այն է՝ դիմադրություն եղել է, սակայն ռազմական գործողությունների որոշակի փուլում հակառակորդը պայքարը դադարեցրել է, հաճախ են հանդիպում մարդասիրության դրսևորման ակնարկներ:

– Մի՞թե այնքան մեծ էր մարդասիրական այդ արարքների արժեքը, որ կարելի է խոսել ժամանակաշրջանի ռազմաիրավական մտքի բարձր մակարդակի մասին:
– Այո՛: Մարդասիրական իրավունքի զարգացման կարևոր կողմնորոշիչ է սեպագրերում հակառակորդի նկատմամբ ցուցաբերվող «ներողամիտ» վերաբերմունքը: Չի ոչնչացվում ոչ միայն Արարատյան թագավորության գերիշխանությունն ընդունած հակառակորդը, այլև դիմադրություն ցույց տվածը: Այս նորմը էապես փոխում է Հին Աշխարհի ռազմական իրավունքի «բարբարոսական» բնույթի մասին կարծրացած մտածելակերպը:

– Ի՞նչն է այս ոչ այնքան էական թվացող արարքներին այդքան մեծ հնչողություն տալիս: Ինչո՞ւ պետք է հակառակորդը ոչնչացվեր:
– Հստակեցնելու համար, թե ինչպիսի հակառակորդի դեմ էր պայքարում Արարատյան թագավորությունը, և պատերազմի ինչպիսի անմարդկային միջազգային իրավական հարաբերություններ էին տարածաշրջանում, արարատյան ռազմական իրավունքի և բանակի ռազմարվեստի վերլուծությունը լրացնենք Ասորեստանի ռազմական իրավունքի որոշ նորմերի մեկնաբանությամբ: Նախ փորձենք ամբողջության մեջ պատկերացնել տերությունների քաղաքական և ռազմական կառուցվածքը: Նույնիսկ դրանցից ամենահզորները թույլ ռազմաքաղաքական միավորումներ էին՝ անկայուն պետական սահմաններով, որոնք միշտ չէ, որ ի վիճակի էին վերահսկել իրենց զբաղեցրած հսկայական տարածքներում տեղի ունեցող կենսական երևույթները և որոնց նպատակը հիմնականում և առաջին հերթին հպատակ բնակչությունից ամեն գնով հարկեր ու տուրքեր կորզելն էր: Ինչպես այս ժամանակաշրջանի բոլոր տերություններում, այնպես էլ Արարատյան թագավորությունում նվաճումներն, ի վերջո, կատարվում էին տարածքների բնակչությունից հարկեր ու տուրքեր կորզելու համար: Չպետք է կարծել, թե Արարատյան թագավորության նվաճումները չէին ուղեկցվում բռնություններով: Ք. ա. 9-8-րդ դարերում այլ կերպ չէր էլ կարող լինել, մանավանդ, տերության ծայրամասերում ծագող ապստամբությունների ճնշման ժամանակ:

– Իսկ ո՞րն էր էական տարբերությունը:
– Արձանագրությունների ուսումնասիրությունից պարզվում է, որ սկզբունքային տարբերության հիմքում կարող էր լինել վերաբերմունքը հակառակորդի գերված (բացառված չէ նաև` վիրավոր) զինվորների և, մանավանդ, նվաճված տարածքների խաղաղ բնակչության նկատմամբ: Արարատյան արձանագրություններում ոչ միայն հաշվեհարդարի դաժան տեսարանների մանրամասն նկարագրություններ չեն հանդիպսում, այլև չկա այն հպարտությունը, որով, օրինակ, Ասորեստանի արքաները թվարկում են անզեն մարդկանց կոտորածն ու ողջ երկրամասերի ամայացումը:
Արարատյան արձանագրություններում չեն հանդիպում ասորեստանյան բանակի արշավանքներին «ուղեկցող» մի շարք արտահայտություններ, որոնք մարդասիրական իրավունքի տեսանկյունից կարելի է բաժանել չորս մասի: Առաջինը ճակատամարտում հաղթելուց կամ քաղաքը գրավելուց հետո դիմադրությունը դադարեցրած հակառակորդի մարտիկներին գերելուն հաջորդող իրադարձություններն են. «Նրա զինվորներին գառների նման մորթեցի»: Այս նախադասությունը բազմիցս կրկնվում է ընդհուպ մինչև Ասորեստանի կործանումը:
Մեկ այլ օրինակ: Ասորեստանի Սալմանասար Ա թագավորի Ք. ա. 13-րդ դարի արձանագրության մեջ կարդում ենք. «Միտաննիի ջոկատներին ջարդեցի, նրանցից 14400 հոգու կենդանվույն կուրացրի»: Փորձենք կռահել կուրացված բազմության հետագա ճակատագիրը մի այնպիսի դարաշրջանում, երբ սոցիալական ապահովության մասին խոսք լինել չէր կարող…
Հայկական լեռնաշխարհի բնակչությունը հարկադրված էր համանման վարքագծի ականատեսը լինել ընդհուպ մինչև Ք. ա. 7-րդ դարը, երբ իր արշավանքներից մեկի ժամանակ Ադարխադդոն թագավորը հրամայում է իրենց տերերին վերադարձնելուց առաջ կուրացնել փախած ստրուկներին, բացի այդ` կտրել նրանց քթերը և ականջները:

– Անկախ սեռից և տարիքի՞ց…
– Սեպագրերում բազմաթիվ են տեղեկությունները կուրացվող կամ այլ կերպ խեղվող կանանց մասին: Ուշագրավ է, որ նվաճումներին ուղեկցող դաժանությունները ասորեստանյան հասարակությանը կանգնեցրել էին ընտրության առջև: Քիթ կամ ականջ չունեցող կանանց թիվն այնքան էր մեծացել, որ ստեղծված կացությունն անհանգստացնում էր: Կանայք փողոց դուրս գալիս սկսեցին իրենց դեմքերը ծածկել հատուկ քողերով: Որոշ մահմեդական երկրներում լայն տարածում ստացած այս սովորույթը սկզբնավորվել է հենց Ասորեստանում՝ այս վայրենի սովորության հետևանքով: Ընդ որում, հարճերը և ստրկուհիները դաժանորեն պատժվում էին հասարակական վայրերում ծածկած դեմքով երևալու համար: Այնպես որ ճիշտ է այն ենթադրությունը, թե դեմքի ծածկոց կրող ազատ կինը դրանով ազատվում էր իր անպատվությունն ի ցույց դնելուց:
Թիգլաթպալասար Ա-ի (Ք. ա. 12-րդ դար) արձանագրությունում կարդում ենք. «զորքը… ոչխարի նման զգետնեցի» կամ Ք. ա. 9-րդ դարի Աշշուրնասիրապալ Բ-ի արձանագրությունում՝ «նրանց մարտիկների գլուխները կըտրեցի»: Նկատենք` խոսքն անխտիր բոլոր ռազմագերիներին կոտորելու մասին է: Ք. ա. 8-րդ դարի Սարգոն Բ-ի արձանագրությունում նշվում է, որ Ք. ա. 714 թ. Ուաուշի ճակատամարտից հետո նահանջող արարատյան բանակի հետապնդումը շարունակվել է վեց բերու՝ ավելի քան 40 կմ: Հետապընդման ընթացքում գերեվարման հիշատակում չկա: Արքան գրում է. «Նրանց հետևից ես ելա, վերելքն ու վայրէջքը լցրի ռազմիկների դիակներով»: Օրինակ` «մեծ կոտորած կազմակերպեցի» նախադասությունն առավել հաճախ է հանդիպում: Ընդ որում, այս «միտքը» մեծ տարածում ունի ինչպես ճակատամարտերին հաջորդող տեսարաններում, այնպես էլ ամրոցների կամ այլ բնակավայրերի գրավմանը հաջորդող բազմաթիվ նկարագրություններում: Ակներևաբար այս դեպքերում կայազորներից բացի կոտորածի զոհ էր դառնում նաև խաղաղ բնակչությունը: Արձանագրություններում կոտորածների մասին խոսելիս հիշատակվում է նաև, որ կոտորվողների թիվն «անհաշիվ» է եղել: Դա էապես տարբերվում է արարատյան արձանագրությունների` բոլոր թվերն ամենայն մանրամասնություններով նշելու, նույնիսկ ընդհանուրի գումարը շեշտելու «ոճից»: Արձանագրություններում հակառակորդի գերված զինվորականության կոտորածը միանգամայն հստակորեն տարբերվում է խաղաղ բնակչության ջարդերից: Նվաճողական քաղաքականության թիրախ դարձած երկրների արքաների կամ վերանվաճվող մարզերի կառավարիչների նկատմամբ պատժի տարածված ձև էր մաշկազերծումը:

– Ինչպե՞ս էին ասորեստանցիները վարվում նվաճված բնակավայրերում:
– Ռազմական իրավունքի նույն համակարգն էր գործում: Սարգոն Բ-ն Ք. ա. 714 թ. ավերիչ արշավանքի նկարագրության մեջ գրում է. «Ուրարտական քաղաքների ամուր պարիսպները, հիմքերի հետ, կավամանի նման փշրեցի, հողին հավասարեցրի»: Ամրոցների պարիսպների հիմնահատակ քանդումը ասորեստանյան բանակի այցեքարտն էր դարձել: Այն կամ լրացնում էր բնակավայրերի ոչնչացման նկարագրությանը կամ կիրառվում ոչնչացման փոխարեն:

– Ինձ հարցի մյուս կողմն է հետաքրքրում: Ռազմական անհրաժեշտությամբ կարելի է բացատրել ամրոցների պարիսպների քանդումը, քանի որ պաշտպանվողներն այն կարող էին նորոգել ու կրկին պաշտպանության օջախի վերածել: Սակայն մի՞թե ոչնչացվում էր ողջ բնակավայրը, ընդհուպ մինչև վերջին հյուղակը:
– Ասորեստանյան սեպագրերում քաղաքը, ամրոցը կամ բնակավայրը գրավելուն հաջորդող հիմնահատակ ավերումն են խորհրդանշում «քաղաքները բլուրների և ավերակների վերածեցի» կամ «քաղաքները քանդեցի, ոչնչացրի» և համանման այլ արտահայտություններ: Առանձին դեպքերում բնակավայրերի ոչնչացման նկարագրություններն ուղեկցվում են «ջրհեղեղի պես» և այլ արտահայտություններով: Բնակավայրերի ոչնչացման կամ ամայացման հիշատակումներ կրկնվում են բազմաթիվ արձանագրություններում: Դրանցից մեկում, օրինակ, Սալմանասար Գ-ն իր ձեռնարկած արշավանքների մասին խոսելիս նշում է ավելի քան 320 մեծ ու փոքր բնակավայրերի ամայացման մասին: Շեշտենք՝ ամայացման, այլ ոչ թե քանդելու կամ ավերելու: Բնակավայրերի ոչնչացումը և ամայացումն Ասորեստանի բանակի զինանոցում պահպանվեցին մինչև Ք. ա. 8-րդ դարի երկրորդ կեսը:
Առանձնակի դաժանությամբ են աչքի ընկնում նույնիսկ արտերի ու այգիների ոչնչացման նկարագրությունները: Սարգոն Բ-ն Ք. ա. 714 թ. արշավանքի նկարագրության մեջ հիշատակում է նման երկու վկայություն: Սեպագրում կարդում ենք. «Բերքը` նրա ժողովրդի հույսը, և խոտը` նրա անասունների կյանքը, խարույկի նման այրեցի, շրջակայքը անապատ դարձրի»: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ դաժան սով էր սպառնում սպանդից հրաշքով փրկված բնակչությանը: Ընդ որում, Ասորեստանի տիրակալն այդ քայլին է դիմում գիտակցելով «բերքի» և «խոտի» կարևորությունը: Շարունակելով իր «մեծագործությունները»՝ նշում է. «Ռուսայի այգիները հատեցի, նրա անտառները կտրեցի, նրա խաղողի վազերը ամբողջությամբ հավաքեցի և կրակով այրեցի»:

– Իսկ ինչպե՞ս էին վարվում թագավորական կամ իշխանական ծագում ունեցող անձանց հետ:
– Արքաների ընտանիքներին պարտադիր պատանդ էին տանում: Ընդհանրապես Ասորեստանի արքաները պատանդ վերցնելը դարձրել էին, կարելի է ասել պետական քաղաքականություն և ահաբեկության մթնոլորտում էին պահում ամբողջ տարածաշրջանը: Ժամանակակից ռազմական իրավունքում չկան այնպիսի հիմնահարցեր, որոնց լուծման համար պետական իշխանություններն ստիպված լինեն պատանդ վերցնել: Անհավատալի է թվում, որ եղել է նվաճված տարածքներում իր իշխանությունը գրեթե բացառապես պատանդներին սպանելու սպառնալիքով պահպանող տերություն: Արդի միջազգային իրավունքը միանգամայն անընդունելի է համարում պատանդ վերցնելը: 1979 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան, որին միացած ավելի քան 130 պետությունների թվում է նաև ՀՀ-ն: Սակայն Կոնվենցիայի 12-րդ հոդվածում հստակորեն նշվում է, որ ընդհարման ընթացքում նրա կիրառումը դադարեցվում է, երբ ուժի մեջ է մտնում մարդասիրական իրավունքը: Այսինքն` այսօր պատանդ վերցնելը դուրս է եկել քաղաքակիրթ աշխարհի զինանոցից:
Ռազմական գործողությունների ժամանակ պատանդ վերցնելն անընդունելի է համարվում Ժնևի բոլոր՝ չորս կոնվենցիաների ընդհանուր` 3-րդ հոդվածներով: Ժնևի IV կոնվենցիայի 34-րդ հոդվածը, որն ամենակարճն է, հռչակում է. «Պատանդ վերցնելն արգելվում է»: Բայց պատանդ վերցնելը որքան անընդունելի է այսօր, գրեթե նույնքան «մարդասիրական» էր ասորեստանյան ռազմական իրավունքի վայրագ համակարգում: Պատանդությունը նվաճված տարածքների «արքաների» հարազատների համար կենդանի մնալու միակ իրական տարբերակն էր: Ի դեպ, պատանդ վերցնելը ասորեստանցիները դիտում էին որպես մարդասիրության արտասովոր դրսևորում: Մասնավորապես Թիգլաթպալասար Ա-ն Շադի-Թեշուբի ընտանիքն «ընդամենը» պատանդության է դատապարտում այն բանից հետո, երբ վերջինս իր քաղաքը չկործանելու համար «գրկում» է նրա ոտքերը:
Պատանդ վերցնելն այնքան լայն տարածում ուներ ասորեստանյան ռազմական իրավունքում, որ Թիգլաթպալասար Ա-ն միայն մեկ արձանագրության մեջ վեց անգամ նշում է այս մասին: Այն կարող էր պայքարը դադարեցրած հակառակորդի դեմ ձեռնարկվող հսկայական միջոցառման վերածվել: Այսպես` Նաիրյան 60 «թագավորներին» հպատակեցնելուց հետո Թիգլաթպալասար Ա-ն բոլորի արու զավակներին պատանդ է վերցնում: Կան արձանագրություններ, որտեղ հատուկ շեշտվում է արքայազներին սպանելը, հետևաբար ասորեստանցիները առանձին դեպքերում նույնիսկ այնպիսի «մարդասիրական» քայլի, ինչպիսին պատանդ վերցնելն է, չէին դիմում:

– Իսկ գերեվարե՞լը:
– Բնական է, որ տարբեր արշավանքներում տարբեր թվեր են նշվում: Ամեն դեպքում դրանք մեծ չեն: Օրինակ` կարող է հանդիպել հիշատակում 50 քաղաք գրավելու մասին, որտեղից գերի են տարել սոսկալի ջարդերից հետո կենդանի մնացած ընդամենը 40 մարդ: Ասորեստանցիների վարքագիծն առանձին դեպքերում նույնիսկ իրենց համար անհասկանալի էր: Նրանք, օրինակ, կարող էին այրել այն բնակավայրը, որի բնակիչները դիմադրություն չէին ցույց տվել, իսկ արձանագրություններից մեկում հիշատակություն կա, որ ասսուրական բանակը քաղաքն այրել է` այնտեղ գիշերելուց հետո:

– Ի՞նչն էր այս արտասովոր դաժանության պատճառը:
– Հզոր Ասորեստանն անհնազանդություն դրսևորած հպատակներին կամ իր գերիշխանությունն ընդունելուց հրաժարվող երկրների բնակչությանը սարսափեցնելու և իր ուժի հետ հաշվի նստել ստիպելու համար ամայացնող արշավանքներ էր կատարում, այսինքն «զոհում էր» ինչ-որ շրջանի կոտորված բնակչությունից հետագա տարիներին գանձվելիք հարկը՝ տարածաշրջանում հաստատված վախի մթնոլորտը պահպանելու համար: Միջազգային իրավական պարտավորություններով սահմանափակումներ չընդունող դարաշրջանում այս գործելակերպը որքան էլ անմարդկային լինի, անտրամաբանական չէ:

– Արդյո՞ք Արարատյան արքաները նույն կերպ չէին վարվում:
– Ո՛չ, քանի որ գիտեին` յուրաքանչյուր բռնություն դիմադրություն է ծնում: Ասորեստանից ավելի համեստ ներուժ ունեցող Արարատյան թագավորությունում, որտեղ, բացի այդ, տակավին խոր հիմքեր ուներ մարդասիրական իրավունքի ավանդական հզոր համակարգը, ձգտում էին իրենց տիրապետությունը պահպանել ավելի մարդասիրական վարքագծով՝ հպատակեցված տարածքների բնակչությանը դժգոհությունների «լրացուցիչ» առիթ չտալով: Հետաքրքիր են Մենուայի. «գրավեցի Լուխիունին, գցեցի Էթիունին հարկի տակ» կամ արձանագրություններում երկրները նվաճելու և արքաներին հարկի տակ գցելու հիշատակումները:
Բազմաթիվ են դեպքերը, երբ հպատակեցված երկրում իշխանությունը թողնում են նախկին ցեղապետի կամ «թագավորի» ձեռքում: Հատկանշական է այն հպարտությունը, որով արձանագրություններում Արարատյան արքաները նկարագրում են իրենց մեծահոգությունը: Այս կարգի հիշատակումներ կան արտաքին ակտիվ քաղաքականություն վարած բոլոր արքաների սեպագրերում:
Արարատյան արձանագրություններում հպատակեցման առնվազն երեք կարգի նկարագրություն կա: Բոլոր դեպքերում իրադարձությունը նկարագրող արքան, հպատակեցումը փաստարկելով, իր առջև դրված խնդիրը համարում է լուծված: Նվաճող երկիրն իրեն ենթարկելով՝ չի ձգտում արձանագրությունում ևս ամեն կերպ նվաստացնել հպատակեցված երկրի առաջնորդին, որ նվաճումից հետո այլևս անիմաստ է: Նույնը չի կարելի ասել ասորեստանյան արքաների արձանագրությունների մասին, որոնցում հաճախ հպատակեցվածների համար հնարավորինս վիրավորական շեշտադրումներով են ներկայացվում իրադարձությունների մանրամասները:
Հատկանշական է, որ Արարատյան արքաները դիմադրություն ցույց տված «երկրները» ևս հարկի տակ են գցում: Ընդ որում, երկրները և թագավորներին հարկի տակ գցելու նկարագրության երկու տասնյակ հիշատակում կա:
Անշուշտ կան գրավյալ տարածքներում իրականացվող բռնությունների հիշատակումներ, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ բռնությունների անհրաժեշտությունը կամ անխուսափելիությունը հիմնավորելու համար վկայակոչվում են հակառակորդի ցույց տված դիմադրությունը: Միանգամայն որոշակի է զինվորականության գործողությունները հիմնավորելու ձգտումը:
Արարատյան թագավորության ռազմական իրավունքի համար բնութագրական է, որ ավելի քան երկու դարում ձեռնարկված տասնյակ արշավանքների` մեզ հասած նկարագրություններում բազմաթիվ քաղաքների և ամրոցների գրավումը նկարագրող արձանագրություններից պատժի վերջին ձևաչափի կիրառման միայն մեկ օրինակ է հայտնի` Խուրադինաքու քաղաքի գրավման նկարագրությունը: Այդուհանդերձ, դա էլ բավարար է եզրակացնելու համար, որ Արարատյան թագավորությունում ևս գործել են պատժի ծայրահեղ ձևեր: Տեղին է կարծել, որ այն կիրառվել է որպես բացառիկ միջոց, մինչդեռ ասորեստանյան արձանագրություններում նման հիշատակումները բազմաթիվ են: Բացառված չէ, որ քաղաքի կործանումը ենթադրում էր նաև բնակչության որոշ մասի կոտորած, թեև արձանագրության մեջ այս մասին ոչինչ չի նշվում:
Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի տարեգրություններում համապատասխանաբար Խախիա և Կուլխա երկրների գրավման տեսարանները բավական մոտ են պատժի երրորդ ձևաչափին: Դրանցում խոսքը դիմադրությունը դադարեցնել հրաժարվող քաղաքի «մարդկանց» այրելու մասին է: Սակայն չի նշվում, թե արդյո՞ք բոլոր մարդիկ են այրվել:

– Դուք խոսեցիք միայն ասորեստանյան բանակի բարբարոսությունների՝ բնակավայրերի ամայացման մասին, ինչպե՞ս էր այս հարցը արարատյան ռազմական իրավունքում:
– Արարատյան արձանագրություններում հաճախ բնակավայրերի այրմանը կամ քանդմանը հաջորդում են իրադարձություններ, որոնք կարծես հակասում են դրանց մասին ընդունված պատկերացումներին: Այսպես`

ա. Շաշիլուն կռվում գրավելով՝ Մենուան հրամայում է այրել ու քանդել շրջակա ամրոցները:
Սակայն դրանից անմիջապես հետո նա «բարեխիղճ» վերաբերմունք է ցուցաբերում տեղացիների դիմադրությունը գլխավորած Ուտուպուրշե արքայի նկատմամբ. ընդունում է նրա զղջումն ու հասանելիք հարկը, հետ ստանում «փախստականներին» և վերադառնում: Ի վիճակի՞ է «այրված» երկիրը որպես հարկ ոսկի և արծաթ վճարել, իսկ այրվելուց հետո էլ փախստականներ էին մնացել.

բ. Կուտումե քաղաքը կործանելուց հետո Մենուան կառուցում է ամրոց, ինչպես ինքն է գրում՝ «Կուտումե քաղաքի համար»: Իրատեսակա՞ն է կարծել, թե արքան կարող էր հիմնահատակ ավերել այն քաղաքը, որի համար որոշել էր ամրոց կառուցել: Հետևաբար կործանելը հիմնահատակ ավերում չէ, այլ քաղաքում նախկինում գործող իշխանական համակարգերի ոչնչացում, նորի ներմուծում.

գ. Արգիշտի Ա-ի` մեզ հասած տարեգրության սկզբում կարդում ենք Շերիազեի գրավման, նրա «քաղաքների այրման» և «ամրոցների ավերման» մասին: Այնուհետև արքան նշում է Թարիու երկրի «հպատակեցման», Զաբախայան երկրի «գրավման», Իյանեի Մակալթու քաղաքի «հպատակեցման», Վիտերույան Ուրեյու քաղաքի «գրավման» մասին: Թվում է, թե «այրումից», «գրավումից» և «հպատակեցումից» հետո քարը քարի վրա չպետք է մնացած լիներ, սակայն նշվում են գերեվարման պատկառելի թվեր. «ընդամենը հինգ բյուր երկու հազար վեց հարյուր յոթանասունհինգ մարդ մեկ տարում», որոնցից ամենատպավորիչը տասը հազար հարյուր քառասուն ռազմագերիների մասին հիշատակումն է:

– Արարատյան արքաներն ինչպիսի՞ վերաբերմունք էին դրսևորում հակառակորդի թագավորների նկատմամբ:
– Որպես պատժի ձև, օրինակ, Մենուան նշում է երկու արքաների` իրենց երկրներից վտարելու և ոչ թե սպանելու մասին: Նույն կերպ է վարվում Ռուսա Ա-ն Վելիքուխիի արքայի նկատմամբ: Պետք է կարծել, որ արքային երկրից վտարելը բավական ծանր պատիժ էր համարվում, քանի որ վտարմանն առաջին դեպքում հետևում է ամրոցների «անջատումը», իսկ երկրորդում` արքայի փոխարեն կառավարչի նշանակումը` երկիրը մարզի վերածելով: Այս ամենը վկայում է, որ արարատյան ռազմական իրավունքում գործում էին մարդասիրության և ռազմական անհրաժեշտության սկզբունքներ, որոնց կիրառության օրինակներ պետք է համարել նաև Արգիշտի Ա-ի` արքաներին ներքինի դարձնելու հիշատակումները:
Թերևս ավելի մեղմ պատժի նկարագրություն է Դիաուեխիի արքային ստրկացնելուց հետո նրան ազատելը և իշխանական պայմանով հարկի տակ դնելը Արգիշտի Ա-ի արձանագրությունում:

– Եզրակացություն:
– Արարատյան թագավորությունը ձևավորվեց տարածաշրջանում գերիշխանության ձգտող Ասորեստանի բանակի բարբարոսությունների պայմաններում: Տարածաշրջանի հզորագույն բանակը այս կարգն էր որդեգրել, և հարևան՝ ավելի թույլ պետությունները դարեր շարունակ ուղղակի հարկադրված էին ընդունել նրա առաջադրած «պայմանները», քանի որ բոլոր դարաշրջանների պատերազմներին էլ բնորոշ է հետևյալ սկզբունքը` կողմերից մեկի գործած ռազմական հանցագործությունները հարկադրում են մյուսին համարժեք քայլերի դիմել:
Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ Ասորեստանում ևս աստիճանաբար սկսեցին գիտակցել, որ միայն դաժանություններով հպատակ ժողովուրդներին իրենց տիրապետության տակ պահելը դժվար խնդիր է: Հավանական է, որ Ասորեստանում այս կարևոր խնդրի գիտակցմանը նպաստած լինի Արարատյան պետության հզորացման շրջանի՝ Ք. ա. 8-րդ դարի առաջին կեսի վերլուծությունը: Այս տեսակետի օգտին է հետևյալ ենթադրությունը. Ասորեստանում հավանաբար նկատել էին, թե ինչ արագությամբ է հզորանում Արարատյան թագավորությունը. և մեծ ներուժ չունեցող պետությունը սկսեց վիճարկել Ասորեստանի անբաժան գերիշխանությունը ամբողջ տարածաշրջանում: Ասորեստանում չէին կարող չնկատել, թե ինչ հեշտությամբ էր Արարատյան թագավորության բանակը հաղթահարում հերթական պետական կազմավորման դիմադրությունը, և թե ինչպես համառորեն էին այդ «նվաճվածները» պայքարում ասորեստանյան բանակի դեմ: Արձանագրությունները վկայում են, որ Արարատյան թագավորությունն աշխարհին ներկայացավ իր մարդասիրության ուրույն համակարգով: Այն մրցակցության մեջ մտավ ասորեստանյան ռազմական իրավունքի հիմնարար նորմերի հետ և վստահորեն հաղթեց անհավասար թվացող պայքարում, քանի որ, տարածաշրջանում գերիշխանության համար պայքարում պարտված կողմը հաղթողին, ի վերջո, հարկադրեց փոխել իր համակարգի որոշ «հենասյուներ»:

«Վեմ» ռադիոկայան,
7. 06. 2006

Одна идея о “ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՈՔ

  1. Գայանե Ամիրխանյան

    Արժի՞ արդյոք այդ ճոռոմաբանությունները ընդունել հալած յուղի տեղ: Եթե Արարատյան թագավորությունը պակաս հզոր լիներ, ասորիները վաղուց կուլ տված կլինեին նրանց: Ասորիական արձանագրություններում հիշատակվում է, թե ինչպես է երեք անգամ նվաճել Արմենների երկիրը: Հարց է առաջանում. Եթե մի անգամ նվաճել էր ապա ի՞նչ կարիք կար երկրորդ ու երրորդ անգամ նվաճել:

Добавить комментарий