ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ – ՍԽՐԱՆՔ, ՈՐ ՀԱՅՈՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է
Արյունս՝ որդան կարմիր, հուշերիս ալիքը առել, լափին է տվել կատաղի, ոգեղեն ասք է դարձել: Հագիս զենք ու զրահ է, բազկիս է Թուրը Կեծակի, արյանս նման խայտում է նժույգս՝ Քուռկիկ Ջալալին: Եվ ո՞վ է ասել՝ երեկ էր, մենք շատ ենք եղել միամիտ, երեկվա կռիվն այսօր է, ու զարկս արդար է նորից: Իմ բախտն ինձ հետ է՝ ճակատիս, և խարան է զայրույթն աչքերիս, դե՛ զարկ, բայց գիտցի՛ր՝ վերջին զարկը չեմ բաշխի ու չեմ երկնչի… Իմ բախտը քառսուն ջաղացքար է, և շղթաս այդ քարին է գամված, բայց սուրս կամքիս պես համառ է, կճեղքի քառասուն ջաղացքար: Իմ տեղը քառասուն հոր ու խոր է, բայց զարթնել է հոգիս խոր քնից, ականջս է խոցել խուլ հառաչդ, հո՛ղ իմ, ես ելնում եմ նորից…
Քանի՜ սիրավառ սրտով երիտասարդներ, քանի՜ իրենց հողը սիրող հայ շինական, մտավորական և արհեստավոր, գիտնական ու արվեստագետ՝ մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, 1918-ի մայիսին կուռ կամքով և ոչ մի քայլ այլևս չնահանջելու վճռականությամբ ելան՝ պաշտպանելու հող հայրենին: Կրտսեր սպայակազմի մեջ էր նաև Սարդարապատի շրջանի Մոլլաբայազետ (ներկայումս՝ Բամբակաշատ) գյուղի դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Գեղամ Սարգսյանը, որը Երևանի թեմական դպրոցն ավարտելուց հետո Էջմիածնի հոգևոր իշխանությունների կողմից նշանակվել էր՝ այստեղ ուսումնական գործը կարգավորելու համար: Իր կոչմանն անձնվիրաբար ծառայող երիտասարդ մտավորականը, բազում հայորդիների պես, հայ ժողովրդին սպառնացող արհավիրքին դիմակայելու մղումով ժամանակավորապես թողնում է ուսուցչությունը և, մասնակցելով Սարդարապատի համար մղվող կռիվներին, հետագայում դառնում այդ օրերի իրադարձությունների վավերագիրներից մեկը: Հերոսամարտից տասնամյակներ անց գրի առնված և մինչ օրս չհրապարակված այս վավերագրերում հավաստի կերպով, առանց ավելորդ պաճուճանքների նկարագրված են համարյա հարյուր տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները, հիշատակված՝ մարդիկ, որոնց աննկուն արիության շնորհիվ էր նաև, որ Սարդարապատում հայերը հաղթանակ տոնեցին: Իհարկե, հիշվում են նաև որոշ երկնչողներ ու վախկոտ դավաճաններ, բայց նրանց անունը կորչում է տասյակ հազարավորների արիության ու անձնվիրության մասին՝ մեզ հասած մասունք-պատումների մեջ: Ահա այդ պատումներից մի հատված:
«Հայ ժողովուրդը մնացել էր մենակ իրենից ուժերով բազմակի անգամ գերազանցող Թուրքիայի դեմ: Արևելյան Հայաստանում արդեն մոտ 1,5 միլիոն հայություն էր կոտորվել՝ առանց սեռի և տարիքի խտրության, այդքան էլ՝ քշվել արաբական անապատներով դեպի Իրաք, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, որտեղից զանգվածներով մեկնում էին Ամերիկա, Եվրոպա և աշխարհի բոլոր ծայրերը՝ մի կերպ փրկվելու և իրենց գոյությունը պահպանելու: Մահապուրծ հայության մի խոշոր զանգվածն էլ գաղթել էր Արևելյան Հայաստան և Ռուսաստան: Հայ ժողովրդի եղեռնագործությունը երիտթուրքերի բարբարոս և մարդակեր պետության կողմից Արևմտյան Հայաստանում կատարվեց աշխարհի ամենահզոր, իրենց մարդասեր հռչակող պետությունների աչքի առջև, որոնք ոչ թե չկարողացան, այլ ուղղակի չուզեցին կանխել հայակական ջարդերը, որովհետև, նախ, իրենց շահերն էին փնտրում Թուրքիայում և, երկրորդ, չէին ցանկանում ռուսների տիրապետությունն այդ տարածքներում: Խոշոր գիշատիչ տերությունները ներքուստ խրախուսում էին Թուրքիայի հայաջարդ քաղաքականությունը. հայ ժողովրդի աչքերը կապելու համար իրենց երկրներում կազմակերպած նվիրատվությունների միջոցով նպաստավորում էին մերկ ու քաղցած գաղթականությանը և հավաքագրում որբ մնացած երեխաներին առանձին որբանոցներում ու հետագայում ուղարկում իրենց երկրները: Երկիրը հայտնվել էր վերջնական կործանման վտանգի առջև…
Նույնիսկ դպրոցները փակվեցին, և ուսուցիչներին զորահավաքի ենթարկեցին, քանի որ դարավոր թշնամին արդեն ծրագրել էր Արևելյան Հայաստանի գրավումը և հայ ժողովրդի բնաջնջումը…
1917թ. հոկտեմբերին ես ևս զորահավաքի ենթարկվելով՝ փակեցի դպրոցը և մեկնեցի բանակ: Մինչև 1918 թվի մարտ ամիսը ծառայելով թիկունքային զորամասերում ՝ Էջմիածնի կայարանում Ռուսաստան վերադարձող զորքերից, Հայաստանի ազգային կառավարության և ռուսական բանակների գլխավոր շտաբների համաձայնագրերով, ռազմանյութեր ու ռազմական տիպի ապրանքներ էինք ստանում և ուղարկում Երևան: 1918 թվի մարտին՝ ռուսական բանակների վերջին էշելոնների հեռանալուց հետո, մեզ հանձնեցին երկաթգծի պաշտպան բատալյոնի հրամանատար կապիտան Իվանովին: Այդ բատալյոնի վաշտերը տեղադրված էին Երևանից մինչև Ալեքսանդրապոլ ճանապարհին եղած կայարաններում: Ինձ իմ 70 տղաների հետ կապիտան Իվանովն անձանբ տարավ Ալագյազ կայարանը և հանձնեց այնտեղի վաշտապետին: Վաշտապետ պարուչիկ Բենիամին Գրիգորյանը՝ մի խղճուկ անձնավորութուն, չկարողացավ իրեն արդարացնել իր պաշտոնում, ուստի նրան հետ կանչեցին և նոր վաշտապետ նշանակեցին պարուչիկ Միանսարյանին: Վաշտապետի օգնական պրապորշչիկ Յաշա Գևորգյանը 10 զինվորի հետ ամրացված էր Մաստարա կիսակայարանին: Ալագյազ կայարանից 4-5 կմ հեռավորությամբ հոսում էր Ախուրյան գետը: Նրա ափին գտնվող Բագարան հայակական գյուղը, վախենալով թուրքերի հարձակումից, գաղթեց երկրի ներսը:
Վաշտում ես քարտուղարի աշխատանքներն էի կատարում՝ միաժամանակ մասնակցելով վարժական պարապմունքներին և ստուգումներ իրականացնելով մեկնող գնացքներում: Ապրիլի վերջին կապիտան Իվանովը, ժամանելով մեզ մոտ, ինձ կարգադրեց երկու զինվորի հետ վաշտի տղաների իրերը՝ կնքված կապոցներով կամ փոքրիկ սնդուկներով, փոխադրել Երևան և տեղավորել վաշտապետ Միանսարովի տան ներքնահարկում, որ գտնվում էր Աբովյան փողոցի վրա՝ ներկայիս ռուսական թատրոնի շենքի տեղում: Արդեն հասկացանք, որ շուտով տեղի կունենա թուրքերի հարձակումը: Այստեղից անմիջապես վերադարձա Ալագյազ: Առջևում կատաղի կռիվներ էին սպասվում…
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
1918թ. մայիսի 15-ին կապիտան Իվանովը, նորից ժամանելով Ալագյազ, ինձ կանչեց վարժանքի տեղից և հրամայեց 4 զինվորի հետ մեկնել Ալեքսանդրապոլ և այնտեղի զինվորական պահեստներից մեկ վագոն պաքսիմատ ստանալ ու փոխադրել Ղարաբուռուն կայարանը: Ստանալով Ալեքսանդրապոլի զինվորական պահեստների գեներալի հասցեով կնքված ծրարը, մեր գործուղման փաստաթղթերն ու որոշ գումար՝ գործուղման ծախսերի և ստացած ապրանքը մինչև կայարան տեղափոխելու համար, զինվորների հետ, որոնց անձամբ ընտրեցի վաշտի տղաներից, մայիսի 16-ին մեկնեցի Ալեքսանդրապոլ: Նշեմ, որ գնացքների շոգեկառքերն աշխատում էին վառելափայտով: Քարածուխ և նավթամթերք Հայաստանում չկար, իսկ Ռուսաստանից այդ ամենն այլևս անհնարին էր ստանալ այնտեղ ընթացող քաղաքացիական կռիվների պատճառով: Դրա հետևանքով էլ գնացքները շատ դանդաղ և անկանոն էին աշխատում: Ճանապարհին՝ Անի կայարանում, որտեղ կանգնած էր մեր բատալյոնի 5-րդ վաշտի կեսը, իմացանք, որ մեր վաշտապետ Միանսարովը նույն գնացքով Թբիլիսի է ճանապարհում իր կնոջը, քրոջը և փեսային, որը կապիտանի աստիճան ուներ: Գիշերը հասնելով Ալեքսանդրապոլ՝ գնացքի մեկնելուց հետո իմացանք, որ Միանսարովն էլ է մեկնել՝ իր ծառայության վայրը վերադառնելու փոխարեն: Հայտնի էր, որ նա, չնայած ամուսնացած լինելուն, զեխ և անառակ կյանք էր վարում: Համարյա չէր մասնակցում վաշտի վարժական պարապմունքներին. վարժանքները կատարում էր վաշտի ֆեթմեբելը՝ Ասատուր անունով մի փորձված հին զինվոր, որն ինձ շատ էր հարգում և միշտ ինձ հետ էր վաշտապետից գաղտնի խորհրդակցում: Միանսարովն ու իր փեսան, զգալով, որ շուտով թուրքերը պիտի հարձակվեն, իրենց կանանց հետ փախան Վրաստան՝ իրենց հետ տանելով նաև վաշտի զինվորների 3-4 ամսվա աշխատավարձը, որ զինվորները չնչին գումարով ստանում էին մախորկայի համար:
Ալեքսանդրապոլում ներկայանալով զինվորական պահեստների պետ գեներալին և իրեն հանձնելով կնքված ծրարը՝ մյուս օրը ստացա մեկ վագոն պաքսիմատ, 10 ֆուրգոն վարձեցի և, փոխադրելով կայարան, իսկույն բեռնավորեցի մի վագոնի մեջ: Նույն օրը՝ երեկոյան, ճանապարհվեցինք դեպի Երևան: Նախքան Ալեքսանդրապոլի կայարանից գնացքի շարժվելը նկատեցի, որ Ղուրդուղուլի գյուղի ավագ քահանան՝ Տեր Գարեգինը՝ խուրջինն ուսին, մի կապոց էլ՝ թևի տակ, վազվզում է վագոնների շարքով: Իսկույն ձայն տվեցի և մոտ կանչեցի: Պարզվեց՝ եկել էր Ալեքսանդրապոլ՝ Խորեն անունով իր որդուն տեսության. չէր հաջողվել տեսակցությունը, որովհետև տղայի զորագունդը մեկ օր առաջ Ալեքսանդրապոլից հեռացել էր, իսկ ինքը չէր կարողանում վերադառնալ Ղուրդուղուլի: Տերտերին բարձրացրինք մեզ մոտ. նա, օրհնելով մեզ, շնորհակալություն հայտնեց, և այն բարիքները, որ բերել էր իր զինվոր որդու համար, նվիրեց մեզ՝ ասելով, որ մենք էլ իր տղաներն ենք, նույնն է, թե Խորենին է հանձնել: Մենք էլ մեր կողմից քահանայի խուրջինը լցրինք շաքարով, թեյով, թութունով և միմյանցից բաժանվեցինք Ղարաբուղուն կայարանում:
Միանսարովի փախուստից հետո նոր կապիտան էին նշանակել: Մեր զորագնդերը նահանջել էին դեպի հյուսիս՝ Արաքս կայարանը: Վերջապահ էին մնացել մեր բատալյոնը և Ջանփոլադյանի կամավորական զորագնդի հեծելաջոկը՝ Պանդուխտի ղեկավարությամբ: Մինչև մայիսի 20-ն Ախուրյան գետի կողմից թուրքերի հարձակումները մանր կռիվներով կասեցնելով՝ ամրացանք Արաքս կայարանի դիմացի բարձունքների և մյուս կողմից՝ բաց դաշտի վրա: Մայիսի 21-ի առավոտյան երկու սարդարապատցի զինվորի հետ մեկնեցինք Սարդարապատ: Ես այցելեցի Մոլլաբայազետ՝ պայմանով, որ կրկին վերադառնամ մեր վաշտը՝ նույն ենթակայան: Գյուղը պատրաստվում էր գաղթելու: Գաղթը տեղի ունեցավ Ղուրդուղուլիի միջով դեպի Մարգարայի խճուղին և այնտեղից՝ Էջմիածին: Այլևս վանք չգնացի և Քորփալու (այժմ՝ Արշալույս) գյուղի ու Սև ջրի մոտով վերադարձա Սարդարապատի կայարան, որտեղ խուռն բազմություններով հավաքված էին մեր զորագնդերի և աշխարհազորի զինվորները…
Այդ օրերին տեղի ունեցած հռչակավոր ճակատամարտին մեր զորագնդերն աշխարհազորի հետ միասին հախուռն հարձակումներով գլխովին ջախջախեցին և փախուստի մատնեցին թուրքերին մինչև Ղարաբուռունի բարձունքները՝ այդ տարածքները ծածկելով թուրքաց զինվորների՝ 3-4 հազարից անց դիակներով:
Սարդարապատի հռչակավոր ճակատամարտում փայլուն հաղթանակ տարանք՝ գլխովին պարտության մատնելով թուրքական բանակին և փրկելով 200 00-ից ավելի հայության (Սուրմալուի գավառի և Սարդարապատի շրջանի) թուրքական կոտորածից: Դա հայոց քաջերի հռչակավոր ճակատամարտ-սխրանքն էր, որ կարելի է համեմատել Ավարայրի ճակատամարտի հետ: Սարդարապատի ճակատամարտը ոսկե տառերով է գրված հայոց ազգի պատմության մեջ. այդ մասին մի շարք գրքեր են գրվել, իսկ ճակատամարտի վայրում՝ Հոկտեմբերյան, Նալբանդյան և Բամբակաշատ գյուղերի ճանապարհների խաչմերուկում՝ բարձունքների վրա, խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է մի աննման կոթող՝ ի հիշատակ այդ հռչակավոր ճակատամարտի:
Մեր բատալյոնը միացրել էին մեկ ուրիշ զորագնդի հետ, և րոպե առ րոպե սպասում էինք հրամանի՝ հարձակումը շարունակելու: Զորքն ու աշխարհազորն այն աստիճան էին ոգևորված, որ եթե հարձակումն այդ թափով շարունակվեր, մի քանի օրից Կարս կհասնեինք, որովհետև թուրքերը հնարավորություն չունեին մեզ դիմադրելու: Նախ, նրանք Սարդարապատի ճակատամարտում գլխովին ջարդվելով ուժասպառվել էին, երկրորդ՝ պահեստի զորքեր չունեին, երրորդ՝ հեռավոր Հունաստանում խմորումներ էին տեղի ունենում՝ Թուրքիայի վրա հարձակվելու համար, և վերջապես՝ բուն Թուրքիայում ներքաղաքական պայքար էր ընթանում երիտթուրքերի և Մուսթաֆա Քեմալ փաշայի ղեկավարած կուսակցության միջև: Թուրքիան հաշտություն առաջարկեց Հայաստանին և հաշտարար հանձնաժողով ուղարկեց Բաթումի, որն արդեն գրավել էր: Կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի Թուրքիան Հայաստանին խոստանում էր վերադարձնել գրաված վայրերը՝ մինչև 1914 թ.-ի սահմանը, այսինքն՝ մինչև Սարիղամիշ, միաժամանակ հանձնել Հայաստանին Սև ծովի ափին գտնվող մի փոքրիկ նավահանգիստ՝ Ռիզե անունով: Կարգադրվեց ցրել աշխարհազորը, իսկ բանակը պետք է նահանջեր մինչև ՈՒլուխալու (ներկայիս Մասիս կայարանը): Զորքի և աշխարհազորի գլխին սառը ջուր մաղվեց, ոգևորությունը հանգավ… Ոչ ոք չկարողացավ հասկանալ իշխանությունների քաղաքականությունը: 1918թ. հունիսի 1-ին ես ուղղակի հեռացա բանակից»:
Հաղթանակից հայկական զորագնդերին ու աշխարհազորին համակած ոգևորությունն անչափ էր, ազատագրական պայքարը շարունակելու վճռականությունը՝ աներկբա: Բայց պատերազմում տարած հաղթանակներից ոգևորությունը շուտով պիտի խամրեր: Դարձյալ մարտական ոգուն փոխարինելու եկան մեծ քաղաքականությունը, չոր հաշվարկը, որը, ցավոք, ոչ միշտ է ճիշտ դուրս գալիս…
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
Հուշերը ներկայացրեց դրանց հեղինակի՝
Գեղամ Սարգսյանի թոռնուհին՝ Հասմիկ Սարգսյանը:
Շնորհակալություն մանրամասների համար:Շատ հետաքրքիր և ոգևորող նյութ է:
Քաղաքականությանը չեմ անդրադառնում, գրեթե բան չի փոխվել…
«Արյունս՝ որդան կարմիր…»
Ասացեք, խնդրեմ, Չարենցից է այս մեջբերումը?
Հարգելի՛ Հ. Հովհաննիսյան, Չարենցը նման տող չունի: Եթե մեջբերում լիներ, ապա անպայման հեղինակի անունը կնշվեր: Դրանք հոդված հեղինակի տողերն են, Հ. Սարգսյանի <<Սարդարապատյան շարք>> բանաստեղծություններից է մեջբերված:
Հարգելի՛ Հ. Հովհաննիսյան, Չարենցը նման տող չունի: Եթե մեջբերում լիներ, ապա անպայման հեղինակի անունը կնշվեր: Դրանք հոդված հեղինակի տողերն են, Հ. Սարգսյանի <<Սարդարապատյան շարք>> բանաստեղծություններից է մեջբերված: