ՄԻՆՉ ՕՐՍ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ, ՆԱԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏՐՎԵՑ ԽՈԼԵՐԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆԸ
Այսօր իրենց բնիկ երևանցիներ համարողներից քչերը կարող են պնդել, որ հստակ պատկերացում ունեն Երևանի անցյալի մասին: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Երևանի մասին աղոտ պատկերացում կարելի է կազմել, գուցե թե, միայն հանրագիտարանների ներկայացրած չոր տեղեկատվությունից: Երևանը՝ իր նիստուկացով, կենցաղով, շինություններով, առօրյա անցուդարձով, հնամենի կարգերի յուրահատկություններով մեկդարյա հեռավորությունից ինձ կենդանի, գունեղ պատկերացել է պապիս՝ Գեղամ Սարգսյանի (լուսավորչական աշխատանք է տարել Հայաստանում՝ տարբեր շրջաններում հիմնելով դպրոցներ) անտիպ հիշողություններից: Այդ նկարագրությունները մի առանձին գորովով են լցնում հոգիս մեր քաղաքի հանդեպ: Նաև՝ խոր ափսոսանք ծնում, որ չենք կարողացել կամ չենք ցանկացել պահպանել քաղաքին հատուկ այն դիմագիծը, որ կրում էին Երևանի հին շինությունները, որոնց մասին հիշատակվում է ինձ ժառանգված ձեռագրի խունացած էջերում, և որոնցից շատերը պահպանվում էին պետության կողմից՝ որպես պատմական հուշարձաններ: Այդ շինությունների հետ են կապված նաև անձանց անուններ, որոնք կարևոր դեր են ունեցել մեր քաղաքի կյանքում:
Գեղամ Սարգսյանի ընտանիքը Երևանում հաստատվել է 1896 թվականին: Ահա թե ինչ է պատմում նա այդ մասին. «Երևանը հին քաղաք էր. այն ժամանակ Երևանն ուներ 25 հազար բնակչություն: Տեղադրված էր Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան կողմում, որտեղից սկսվում էին բարձրությունները. արևելյան կողմից՝ Նորք թաղամասը, հյուսիսային կողմից՝ Քանաքեռը, արևմտյան կողմից՝ Կոնդ թաղամասը: Քաղաքը շրջապատված էր այգիներով, որոնք տարածվում էին քաղաքի շրջակայքով հյուսիս-արևելք-արևմուտք: Հրազդան գետի աջ ափով տարածվում էին Դալմա կոչված այգիները, որոնք գոյություն ունեին հին՝ ուրարտական դարերից. հարավի կողմից այգիները տարածվում էին մինչև Նորագավիթ, արևելյան բարձունքներում փռված էին Նորքի այգիները, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից՝ Հրազդան գետի ձախ ափով տարածվում էին այգիները Հրազդան գետի ձորով, որ կոչվում էր «Գյոդակենց ձոր» , մինչև Քանաքեռ:
Երևանը, որպես նահանգական քաղաք, համեմատաբար, որոշ չափով բարեկարգ էր: Գլխավոր Աստաֆյան փողոցը, սկսած շուկայից (Ղանթարի տակից) ուղիղ 3 կմ տարածությամբ հասնում էր Նորքի տակը՝ Պլանի գլուխը՝ քաղաքը բաժանելով երկու մասի: Ապա մի քանի փողոցներ խաչաձև կտրում էին Աստաֆյան փողոցը հյուսիսից հարավ, որոնց թվում՝ Բեզիմյաննայա (Աղայան), Դոկտորսկայա (Թումանյան), Տարխանովսկայա (Պուշկինի), Ցարական (Սպանդարյան), Բեյբուտովսկայա (հետագայում՝ Սվերդլով), Նազարովսկայա (Ամիրյան) փողոցները և արևելքից արևմուտք՝ Քարվանսարայսկայա (հետագայում Լենինի, ներկայումս՝ Մաշտոցի պողոտա) և Գուբերսկայա (Ալավերդյան, ներկայումս՝ Հանրապետության) փողոցները: Մնացած բոլոր փողոցները նեղ քուչաներ էին թե՛ հայկական և թե՛ թուրքական թաղամասերում: Քաղաքը բաժանված էր մի քանի թաղամասերի. Ձորագյուղ՝ քաղաքի արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին՝ ձորի մեջ, որի հյուսիսային կողմում գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին՝ բարձունքի վրա, նրա քով՝ առաջնորդարանը և Թեմական դպրոցը. Կոնդ թաղամասը՝քաղաքի հյուսիս-արևմտյան մասում. Շիլաչի թաղամասը, որը տարածվում էր երկաթուղու կայարանից մինչև Գետառ կոչվող գետակը. Դումըր բուլաղ կոչվող թուրքական թաղամասը, որը տարածվում էր քաղաքի հարավ-արևելյան մասում: Նորք թաղամասը, որն իր այգիներով տարածվում էր արևելյան բարձունքի վրա: Տեղափոխվելով Ալափարսից՝ մեր բազմանդամ ընտանիքը բնակություն էր հաստատել Երևանի Քաթանյան փողոցում գտնվող Գրիգոր Սիբիրականի տանը: Բնակարանի տերը՝ Սիբիրական Գրիգորը, տարվա 11 ամիսը թափառում էր Ռուսաստանում: Նա իր տները վարձով հանձնել էր հյուսն վարպետ Կոստանդին և տարին մեկ անգամ 15-20 օրով էր գալիս Երևան:
Քաղաքի միջին մասը զուտ հայկական թաղամասն էր՝ քաղաքի կուլտուրական կենտրոնը: Դումըր բուլաղում, բացի պարսիկներից ու թուրքերից, ուրիշ ոչ մի ազգություն չէր ապրում: Հրեաներն ապրում էինՍ. Սարգիս եկեղեցու շրջակայքում: Ռուսներն ապրում էին, մեծ մասամբ, զորանոցներում, որոնք կառուցված էին Քանաքեռում և քաղաքի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափի տարածքների վրա և, ապա, քաղաքի կենտրոնական թաղամասում:
Քաղաքն ուներ իր քաղաքագլուխը, ըստ թաղամասերի՝ ոստիկանապետերը, գավառապետը, որոնց ղեկավարում էր նահանգապետը: Գործարաններ չկային, բացի Շուստով եղբայրների գինու-կոնյակի գործարանից, որը կառուցված էր Սարդարի պալատի տարածքներում՝ Հրազդան գետի ձախ ափին: Հրազդանի ձախ ափին կար նաև կաշվի փոքրիկ գործարան (դաբաղխանա), ինչպես նաև՝ քաղաքում հետագայում կառուցված «Երևան» կինոթատրոնի շենքից քիչ ցած՝ Տեր-Ավետիքովների փոքր ծավալներով փականագործարանը (մեխանիկական): Սակայն քաղաքում զարգացած էր մանր արհեստավորական արտադրությունը՝ հյուսնությունը, դարբնությունը, կարուձևի արհեստանոցները, կոշկակարությունը, ժամագործությունը և այլն:
Առևտրականները տեղավորված էին շուկայի շրջակայքում: Այստեղ նույնպես հայերի, թուրքերի և հրեաների խանութներն ու արհեստանոցներն անջատված էին միմյանցից: Խոշոր վաճառականությունը կենտրոնացած էր հայերի ձեռքին, որոնք կապված էին Ռուսաստանի արդյունաբերական կենտրոնների հետ. Աֆրիկովներ, Բարսեղ Եղիազարովներ, Ազիզովներ, Խանազադով, Խորոսանովներ, Ամիրովներ և այլոք: Շուկայիև քաղաքի զբոսայգու մեջտեղում, որտեղ ներկայումս կառուցված է Շահումյանի արձանը, վեր էր խոյանում մի փառահեղ ռուսական եկեղեցի, որի գմբեթի ոսկե խաչի բարձրությունը հավասարվում էր Աստաֆյան փողոցի ծայրակետին: Քաղաքի միայն Աստաֆյան փողոցը գիշերները լուսավորում էին գազի լապտերներով. մյուս փողոցներում և քուչաներում մթություն էր տիրում: Գլխավոր՝ Աստաֆյան փողոցը գարնան, ամռան, աշնան ամիսներին ամեն օր՝ առավոտյան և երեկոյան ջուր էին ցանում հատուկ վարձած պարսիկ բանվորների միջոցով, որպեսզի փոշի չլինի, և միաժամանակ հով լինի: Ջուրը հոսում էր փողոցի երկու կողմերից կառուցած առուներով, որոնք սկիզբ էին առնում քաղաքի Մամուռ կոչված ջրանցքից (համալսարանի հին շենքի մոտից): Այդ նույն ջրից օգտվում էր նաև քաղաքի բնակչությունը. վաղ առավոտյան անբողջ օրվա համար ջուր էին վերցնում՝ խմելու և ճաշեր պատրաստելու, լցնում էին մեջտեղում փորված տուֆ քարերի մեջ, որոնցում ջուրը ծծվելով կաթ-կաթ լցվում էր քարերի տակ տեղադրվող կժերի կամ դույլերի մեջ: Այն ժամանակ Կոտայքի աղբյուրների ջուրը դեռ չէին հասցրել քաղաք: Հենց այդ պատճառով էլ քաղաքում համարյա ամեն տարի խոլերա հիվանդությունը բազմաթիվ զոհեր էր տանում: Քաղաքը չուներ բարեկարգ և ճոխ հիվանդանոցներ, բժիշկները հատուկենտ էին: Քաղաքի միակ հիվանդանոցը Թարխանյան փողոցի վրա էր գտնվում (հետագայում տրամադրվել է Լուսաշխի տանը. այն գտնվում էր մեզ հայտնի Պուշկինի փողոցի վրա և բազմաթիվ պատմական շենքերի պես քանդվեց վերջին վերջին տարիներին): Այնտեղ և՛ հիվանդներ էին ընդունում, և՛ վիրահատություններ կատարում, և՛ 10-15 մահճակալ պահում ծանր հիվանդների համար: Ճիշտ է, լավ, փորձված բժիշկներ կային (Հովհաննիսյան, Մելիքյան, Տեր-Միքայելյան, Գրո, Տեր-Գրիգորյան), սակայն նրանք չէին կարող բավարարել 25 000 բնակչություն ունեցող քաղաքի պահանջները:
Գյուղատնտեսական մթերքները քաղաքում շատ էժան էին: Ցորենի փութն արժեր 1 ռուբլի (գյուղում՝ 80 կոպեկ), գարու փութը՝ 60-80 կոպեկ, յուղի փութն ամենաթանկը՝ 2 ռուբլի, պանրինը՝ 1ռուբլի 50 կոպեկ, մի սայլ սեխը կամ ձմերուկը, որ 30 փթից ավելի էր կշռում, արժեր 3-4 ռուբլի, մրգերի բոլոր տեսակների միջին արժեքը՝ կիլոն 8-10 կոպեկ, ձուն՝ 1 կոպեկ: Արդյունաբերական ապրանքները խանութներում պետության կողմից սահմանված, միասնական գներով էին վաճառվում, և ոչ ոք իրավունք չուներ այդ գները խախտելու. խախտողները պատժվում էին օրենքով: Այսպես, ուրեմն, շաքարի կգ-ն՝ 20 կոպ., բրնձի փութը՝ 1ռ. 40 կոպ., չթից հասարակ կտորեղենը՝ արշինը միջին հաշվով 10 կոպ. (մեկուկես արշինը մեկ մետր էր), իսկ բրդյա կտորեղենը՝ 1-3 ռ.: Գյուղերում տեղական կովն ամենաթանկը վաճառվում էր 10 ռուբլով, ոչխարը՝ 1 ռ. 20 կոպ.-1 ռ. 50 կոպեկ: Այն ժամանակ թույլատրվում էր խոզի միս վաճառել միայն ձմռան ամիսներին՝ կգ-ը՝ 30 կոպ.: Ընդհանրապես, բոլոր տեսակի ապրանքներն էժան էին. թանկ էր միայն փողը: Փողը կուտակվում էր հարուստ մարդկանց՝ վաճառականների, գործարանատերերի, գյուղական վաշխառուների մոտ: Ազգաբնակչության 80-85 %-ը փողազուրկ էր և դաշտերում, այգիներում, արհեստանոցներում իր չարքաշ աշխատանքով մի կերպ պահում էր իր ընտանիքի գոյությունը:
Ընդհանրապես, Երևան քաղաքում տները, մեծ մասամբ, միհարկանի հողաշեն տներ էին: Քաղաքի գլխավոր փողոցներում հատուկենտ կառուցված էին երկհարկանի շենքեր աղյուսից կամ սև տուֆ քարից, որոնք պատկանում էին հարուստ կալվածատերերին կամ վաճառականներին: Եռահարկ միայն մի շենք կար Ցարսկայա փողոցի վրա: Կառավարության կողմից կառուցված էին սև և կարմիր տուֆ քարից երկհարկանի բազմաթիվ զորանոցներ:
Արևելյան Հայաստանի քաղաքներում և գավառական ու շրջկենտրոններում, ինչպես նաև մեծ գյուղերում ռուսական կառավարությունը կառուցել էր դպրոցական հարմարավետ շենքեր միջնակարգ, յոթնամյա և երկդասյան դպրոցների համար, որոնցում սովորում էին հարուստ, ունևոր ընտանիքների երեխաները: Դպրոցները երկու սեռի համար առանձին էին և կոչվում էին արական և իգական: Բոլոր առարկաներն այդ դպրոցներում դասավանդվում էին ռուսերեն լեզվով: Շաբաթական 3 ժամ տրամադրվում էր տարբեր ազգությունների երեխաներին մայրենի լեզու և կրոն դասավանդելուն, հայերին՝ առանձին, պարսիկների և թուրքերին՝ առանձին: Երևանում հիմնվել էին արական և իգական գիմնազիաներ և հինգ տարվա երկդասյան դպրոցներ:
Հայկական դպրոցները հիմնադրում, հսկում և ղեկավարում էր Էջմիածնի հոգևոր կառավարությունը: Երևանում հիմնադրված էր Երևանի Թեմական միջնակարգ դպրոցը՝ տղաների, և Գայանյան միջնակարգ դպրոցը՝ աղջիկների համար (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեղում): Կային նաև 5-6 միդասյան և երկդասյան երկսեռ դպրոցներ: Հայկական դպրոցներում սովորում էին միջակ և չքավոր ընտանիքների երեխաների՝ ընդհանուր թվով 10-15%-ից ոչ ավելին, մնացածը մնում էր դրսում և թարմացնում անգրագետների թիվը: 1903 թվին, երբ ութ տարեկան էի, պապս, որ հսկիչ էր Սարդարի այգիներում, դիմում է այգու կառավարիչ Կանտուրալյանին՝ խնդրելով նրան. «Աղա՛, թոռս ութ տարեկան է. խնդրում եմ ընդունել տաս՝ թեմական ուսում առնելու, մեր նման խեղճ չմնա»: Կանտուրալյանը, որը միաժամանակ Երևանի հայոց հոգևոր Թեմական դպրոցի հոգաբարձու էր (դպրոցի խորհրդի անդամ), ինքն անձամբ ինձ համար դիմում է գրում և նույն թվի աշնանն ընդունել տալիս Թեմական դպրոց՝ որպես ձրիավարժ, քանի որ ես չքավոր տնտեսություն ունեցող ընտանիքից էի: Եվ այսպես, պապիս խնդրանքով և Կանտուրալյանի միջնորդությամբ 1903 թ. սեպտեմբերից ես սկսեցի սովորել Թեմական դպրոցում՝ ստանալով դպրոցից նաև ամբողջ ուսման տարվա համար գրենական պիտույքներ, տարեկան երկու ձեռք՝ հասարակ կտորներից կարված ձմեռային և գարնանային հագուստներ:
Ռուսական պետությունը Նիկոլայ II կայսեր ժամանակ հայատյաց քաղաքականություն էր վարում: Արևելյան Հայաստանի քաղաքներում և խոշոր գյուղերում բացել էր ռուսական դպրոցներ, ամեն կերպ խանգարում և նույնիսկ արգելում էր հայկական դպրոցներիբացումը: Ամենայն Հայոց կաթողիկոսի դիմումների ու կոչերի հետևանքով, նաև արտասահմանյան պետությունների միջամտության շնորհիվ Նիկոլայ կայսրը որոշ չափով փոխում է իր քաղաքականությունը, հետ է կանչում Կովկասի փոխարքա, հայատյաց Գալիցինին և նրա փոխարեն նշանակում իշխան Վարանցով-Դաշկովին, որի կինը հայ էր: Վերադարձնում են Էջմիածնի կալվածքներն ու հարստությունները, որ բռնագրավել էին 1905 թ.-ին, վերաբացվում են հայկական ծխական դպրոցները:
Երևանի Հայոց Հոգևոր Թեմական միջնակարգ դպրոցում, որը գտնվում էր քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Ձորագյուղ կոչված թաղամասի բարձունքի վրա, Ս. Սարգիս եկեղեցու բակում: Մեր տնից, այսինքն՝ Քաթանյան փողոցից մինչև Ս. Սարգիս եկեղեցին 2 կմ էր: Քաթանյան փողոցից դուրս էի գալիս Դոկտորյան փողոց, այնտեղից Աստաֆյան փողոցը անցնելով, զբոսայգին կտրելով և շուկան` Ղանթարն անցնելով հասնում էի դպրոց: Այն ժամանակ փոխադրամիջոցներ չկային, բոլորն էլ ոտքով էին գնում գործատեղ, դպրոց, շուկա: Ովքեր հարուստ էին, կառքերով (ֆաետոններով) էին գնում:
Ցարական կառավարությունն այնպիսի ատելություն էր ներարկել մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների միջև, որ սկսած 1903 թ.-ից մինչև 1907 թվականն ամեն տեղ հայերն ու թուրքերը իրար կոտորում էին: Քանի որ Քաթանյան փողոցը կից էր թուրքական թաղամասին, պատահում էին դեպքեր, երբ թուրք երեխաները, զինված փայտերով, քարերով, դանակներով և ատրճանակներով, հարձակվում էին մեզ վրա, երբ խմբով գնում էինք դպրոց կամ այնտեղից վերադառնում տուն: Մենք էլ մեր հերթին ավելի խիստ զինված հարձակվում էինք նրանց վրա և միշտ հաղթում էինք: Մի քանի անգամ թուրքերի լակոտներին ջարդելուց հետո էլ չէին համարձակվում փողոցներում երևալ: Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ թուրք առևտրականները չէին համարձակվում իրենց խանութները գալ և առևտուր անել: 1907 թվականին մի գիշերվա ընթացքում հրդեհվեց թուրքերի առևտրական ամբողջ տարածությունը՝ մզկիթի մոտակայքից սկսած մինչև Ղանթարի տակը: Միլիոնների հարստություն մի գիշերվա ընթացքում կրակի ճարակ դարձավ: 1905 թվականի ձմռան կեսերին թուրքական Դումըր բուլաղ կոչվող թաղամասին մոտ ապրող հայ բնակիչներին տեղափոխեցին հայկական թաղամասերը՝ նրանց բնակարանները վերածելով դիրքերի կռվող հայդուկների համար:
ԵՐԵՎԱՆԻ ՋՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Կարևոր եմ համարում նշել, թե ինչպես Երևանում վերջ տրվեց խոլերա հիվանդությանը: Երևանի հարուստ վաճառականներից վեց հոգի, կազմելով մի ընկերություն, կառավարության թույլտվությամբ որոշեցին Կոտայքի շրջանի Բաշգյուղի շրջակայքում եղած 40 աղբյուրների (Ղըրբուլախ) ջուրը 25 կմ հեռավորությունից հատուկ ջրանցքով բերել Երևան: Կոտայքի ջուրը հռչակավոր է իր մի շարք հատկություններով՝ մաքրությամբ, սառնությամբ և համեղությամբ: Ընկերությունն իր մեջ ընդունեց նաև աչքի ընկնող ճարտարապետ Միրզոևին՝ ջրանցքի շինարարական աշխատանքները ղեկավարելու, առանց դրամագլուխ ներդնելու, փայատիրական հավասար իրավունքներով: Ի միջի այլոց, ինժեներ Միրզոևը ձեռնարկել և հիմնարդել էր քաղաքի ձիաքարշը (կոնկա): Ձիաքարշի երկաթգիծը սկսվում էր քաղաքի կենտրոնից՝ շուկայի մոտից, մի կողմից գնում էր դեպի կայարան, մյուս կողմից՝ Աստաֆյան փողոցով մինչև ներկայիս Մոսկովյան փողոցի մոտ:
1911 թվին տեղի ունեցավ Կոտայքից բերած ջրի բացման հանդեսը: Երևանի Թեմական դպրոցի երգչախումբը նույնպես դպրոցի մի քանի ուսուցիչների և տեսուչ (տնօրեն) Արշակ Չիլինգարյանի հետ մասնակցում էր այդ հանդեսին, որը տեղի ունեցավ ներկայիս Շահումյանի անվան հրապարակում: Հրապարակի դիմացի Ազով-Դոնյան բանկի շենքի դիմացի մայթին շարված աթոռներին բազմելէին նահանգապետը, քաղաքագլուխը, ոստիկանապետը, ընկերության անդամները, տասնյակ երևելի մարդիկ: Նվագում էր փողային նվագախումբը: Երգում էին մի քանի երգչախմբեր: Երբ առաջին անգամ «Երևանի ջրի» բացման խոսքից հետո ջրի ծորակը բացվեց, գրաֆինով ջուրը մատուցվեց ընկերության նախագահ, նշանավոր վաճառական Առաքել աղա Աֆրիկովին: Ընդունելով գրաֆինը՝ նա իր ձեռքով լցրեց բաժակները, հյուրասիրեց նստածներին՝ հայտարարելով, որ Երևանում այդ օրվանից խոլերա հիվանդությունը վերացած-վերջացած է: Հանդեսը և խրախճանքը տևեց մինչև գիշեր: Քաղաքի գլխավոր փողոցների համար տեղերում կառուցել էին կրպակներ (բուդկաներ), որոնցում նստած գործակատարներն առավոտից մինչև երեկո ջրի ծորակից ջուր էին վաճառում քաղաքացիներին, 3 դույլը՝ մեկ կոպեկ: Ընկերությունը 30 տարով քաղաքի դումայի հետ պայմանագիր էր կնքել, որպեսզի այդ տարիների ընթացքում ջրի վաճառքից գոյացած գումարով ծածկեր իր կատարած ծախսերը, ինչից հետո բնակչությունը ձրի կերպով պետք է օգտվեր ջրից: Այդ տարվանից խոլերան, իրոք, Երևանից վերացավ:
Հուշերը ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը
Շնորհակալութիւն ձեզ, որ փրկել ու մեզ էք հասցրել Երեւանի կեանքի պատմութեան մի փոքրիկ հատուածը: Կ՛ուզենայի իմանալ թէ էլ շարունակութիւն չի՞ լինելու:
hetaqrqir ev tetev grvac mer patmutyun@. shnorhakalutyun
Շատ լավն էր, ապրեք:
Երբեմն թվում է, թե քանդվող հին շենքերի հետ միասին ջնջվում են նաև հիշողություններն, ու համարյա երեքհազարամյա Երևանը վերածվում է նոր ու պատմություն չունեցող քաղաքի:
Շատ հետաքրքիր նյութ էր, շնորհակալություն:
Shnorhakalutyun
շատ հետաքրքիր է շնորհակալություն լավ է որ գոնե այս գրվացքը պահպանվել է
Shenorhakalutyun
Շատ լավ հոդված է:
Спасибо за это чудо!
Shat shnorhakalutyun sireli Hasmik , hogis germacrik ,im papers el bnik hayastanciner ein.
Շնորհակալություն, շատ լավ հոդված է՝, շատ նոր տեղեկություններ իմացա Երևանի մասին:
ՀաՃելի և Հետաքրքիր Ճամփորդություն իմ հին Երևանով
Hasmik jan, shat karevor, anhrajesht ashxatanq eq arel. Yuraqanchyurs petqe imananq mermayraqaxaqi ancyal@, voric @s eutyant vochinch chi mnacel. Cavum em. Incheve informacian shat arjeqavor er. Ete karelie sharunakeq. Shnorhakal em naen Papuc, Tranic vor manramasnoren, xnamqov gri en arel ev mez poxancel.
Չաբազանց հետաքրքիր և տեղեկատու հոդված է: Կարդացի մեծ հաճուքով ու հետարքրությամբ: Շատ շնորհակալ եմ: Ցավալի է սակայ, որ այս հետաքրքիր տեղեկությոանները փակի տակ են և, հետևաբար անհասնելի մեր ժողովրդի լայն զանգվածներին:
Շնորհակալություն…
Հետաքրքրությամբ ճամփորդեցի Հին Երևանով: