Հասմիկ Գուլակյանի զրույցը «Ձայն համշենական» թերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանի հետ
Վերջերս, երբ մի առիթով զրուցում էի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանի հետ, առաջարկեցի մեր եթերում զրուցել համշենահայության խնդիրների մասին: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այդ պայմանավորվածությունից օրեր անց նա մտավ իմ աշխատասենյակ` «Ձայն համշենական» թերթի վերջին համարը ձեռքին: Համեստորեն չասաց, որ բերել է թերթի հոբելյանին նվիրված համարը և արագ հրաժեշտ տվեց: Վայրկյաններ անց, երբ ձեռքս առա թերթը, ամեն ինչ հասկացա: Այդ պահին էլ որոշեցի, որ համշենահայության հիմնահարցերի մասին իմ ծրագրած հաղորդումը նվիրված է լինելու նաև թերթի հոբելյանին: Նման հոբելյանները լրագրողներս ընկալում ենք որպես տոն: Եվ դա բնական է: Գործընկերոջ աշխատանքի համար ոչ միայն ուրախանում ես, այլև մաղթում բազմապատիկ հաջողություններ, անխաթար երթ և հատկապես առողջություն, որպեսզի կարողանա արժանապատվորեն հաղթահարել անխուսափելի դժվարությունները: Ասածս հատկապես ճիշտ կընկալի նա, ով գեթ ամենակարճ ժամանակով առնչվել է թերթի ստեղծման աշխատանքներին: Իսկ եթե ավելացնեմ, որ Սերգեյ Վարդանյանը «Ձայն համշենական» թերթի միակ աշխատակիցն է, կարծում եմ ամեն ինչ ասած կլինեմ…
Բազմիցս առիթ եմ ունեցել կարդալու, ըստ իս, հայագիտական թեմաներով, հատկապես` բանահյուսական նյութերով առանձնացող այս թերթը և ուրախանալ, որ, այն խմբագրելուց զատ, Ս. Վարդանյանը համշենահայ բարբառի պատառիկները փրկում է կորստից:
Նաև մեր կայանի ունկնդիրների անունից եմ շնորհավորում եմ իմ գործընկերոջը, հարատևություն մաղթում սիրելի թերթին, իսկ նրա նվիրյալ խմբագրին` ուժ և կորով` այս հայրենանվեր գործում… Ս. Վարդանյանի աշխատանքը, առանց չափազանցության, անանձնական է, արդեն թևավոր դարձած իմ մի արտահայտությամբ` խենթ նվիրում: Եվ փառք Բարձրյալին, որ մտավորականի այս տեսակը դեռ կա մեզանում, որովհետև իրական արժեքների համատարած անկման պայմաններում մարդկային ու բարոյական բոլոր արժեհամակարգերը պահպանում են նման մոհիկանները…
«Վէմ» ռադիոկայան
17. 09. 2014
Լուսանկարները՝ Սերգեյ Վարդանյանի
Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգ
Տես նաև՝
3- ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
4- ԱՅԴՈՂԱՆ ԹՈՓԱԼ – Aydoğan Topal
5- ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ
Նաև իմ՝ համշենահայուհուս խոնարհումը «խենթ նվիրյալին»:
Երկար կյանք, քաջ առողջություն Սերգեյ Վարդանյանին իր նվիրական գործը հարատև կատարելու համար:
ևս մի մոլորակ հայկական գալակտիկայում , այդքան անծանոթ, այդքան մոտիկ և հեռու