ԵԿԵԼ ԵՆ, ՈՐ ՄՆԱՆ ՀԱՎԵՏ ՈՒ ՄԻՇՏ ՀԻՇԵՑՆԵՆ…
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար:
Մովսես Գորգիսյան
Հայկական կազմակերպությունների մեջ ամենաուժեղը ՀԱՀԳԲ-ն է: Հայկական այլ կազմակերպություններից իր անկախությանը ծանոթացնող ՀԱՀԳԲ-ն հակակայսերապաշտական Հայաստան հիմնելու համար պիտի մղի հարատև պայքար:
«Ջումհուրիեթ», 8. 08. 1982
Օգոստոսի 7-ին ԱՕԿՍ-ում (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն) բացված ցուցահանդեսը ոգեղեն առումով աննախադեպ էր Մայր հայրենիքում: Նույն սրահում կողք կողքի «հավաքվել» էին մեր նորօրյա զինված ազատագրական պայքարի հերոսները՝ ՀԱՀԳԲ-ի բոլոր նահատակները: Նրանք 39-ն են: Նրանք այդպես էլ չտեսան Հայաստանը: Նրանք պայքարում էին Հայաստանի ազատագրության համար: Նրանք այսօր անկախ Հայաստանում են: Նրանք մեզ համար այլևս նյութեղեն մարմնավոր չեն: Նրանք աննյութ ոգեղեն են: Եվ նրանց երազած Հայաստանը միայն սա՛ չէ, այսինքն այսքանը չէ…
Հայաստանը նրանք կրում էին իրենց մեջ նախ և առաջ որպես գաղափար, որի իրականացման նախապայմանը կոտորակված մեր Հայրենիքի ամբողջության վերականգնումն է: Եվ քանի որ Աշխարհն իրեն նեղություն չէր տալիս հիշելու այդ ամբողջը (առավել ևս նրա մասերը), պատվախնդիր այս սերունդը ոչ այս, ոչ այն՝ պատերազմ հայտարարեց Աշխարհին: Սա անցյալ դարի վերջերի մի խումբ «խենթերի» հայտարարած պատերազմը չէր Օսմանյան կայսրությանը: Գուցե կարելի է նաև զուգահեռներ տանել: Սա այլ պատերազմ է, որը չի սահմանափակվում ո՛չ զենքով, ո՛չ ռազմական գործողություններով…
Ծերունազարդ Գուրգեն Յանիկյանի 1973 թվականի հունվարի 27-ի «ահազանգերից» սթափված սերունդը վիրավորված էր հանիրավի իրեն հասցված զրկանքների և անարգանքների համար: Արևմտահայ այս երիտասարդները եկան ասելու, որ տերն են սեփական ժողովրդի պատմության ու անցյալի, բռնազավթված Հայրենիքի ու մշակութային ժառանգության և մանավանդ իրենց անսակարկելի իրավունքների…
Իր ողջ ծավալով ու տարողությամբ այս պատերազմը հետապնդում է քաղաքական նպատակ: Եվ քանի որ սովետական 70-ամյա շրջանում Ս. Հայաստանի կառավարիչների համար անհնար Էր միջազգային ատյաններում պաշտոնապես ներկայացնել Հայկական հարցը, բարձրացնել հիմնախնդիրն իր ամբողջության մեջ, իսկ Սփյուռքի քաղաքական կազմակերպությունները կամ պաշտպանում էին «միակ հայրենիքի» Սովետական Հայաստանի շահերն ու իրավունքները, կամ պայքարում սովետական կարգերի դեմ, ինչու չէ, նաև զբաղված էին իրենց համար շատ «կարևոր» ներկուսակցական կենսական հարցերով, նորօրյա այս «խենթերն» իրենց տակավին երիտասարդ կյանքը զոհաբերեցին Հայրենիքի ազատագրության պայքարին, ավելի թանկ այլ բան չունեին Հայրենիքին նվիրելու:
39 պայծառ անուն, 39 անմար կրակ լուսապսակի պես հավիտյանս զարդարելու են հայ ազատագրական զինված պայքարի ոչ միայն ա՛յս փուլը: Ի տարբերություն մեր անցյալի մյուս հերոսների (աղոթք ևխունկ նրանց սրբազան հիշատակին)՝ այս սերունդն իր պայքարն սկսեց հայրենի հողից շատ ու շատ հեռու…
Վլադիմիր Պետասյան (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) — Ազգային — ազատագրական պայքարի պատերազմների մեջ կա մի եզակի դեպք, երբ ժողովուրդն իր պայքարը մղում է հայրենիքից հեռու: Խոսքս արևմտահայության պայքարի մասին է: Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր հայրենի երկրից բռնությամբ քշված ժողովուրդը պայքարել իր հայրենի հողը վերադառնալու համար: Ոմանք պնդում են, թե ՀԱՀԳԲ-ի կատարածը ահաբեկչություն է տեռոր: Սակայն պայքարի այդ ձևն ընտրել են իրենք՝ այն պետությունները, որոնք ժամանակին չուզեցին օգնել արևմտահայությանը պահելու իրենց հայրենի օջախները (ընդգծումն իմն է — Հ. Գ.): 25 տարի շարունակ արևմտահայ երիտասարդները լծվեցին այս հայրենանվեր գործին՝ թողնելով իրենց ընտանիքը, ուսումը, աշխատանքը, համոզմունքով, որ ազատագրական պայքարը միայն զենքով կարող է հաջողության հասնել:
39 նվիրական անուն: Հավերժի 39 ճամփորդ: Բոլորն էլ «Մահ իմացեալ»-ի զինվորներ…
Ըմբոստ այս սերունդը եկել էր հիշեցնելու յուրայիններին, որ պատմական առաքելության կորուստը աղետաբեր, կործանարար է, ինքնասպանության հավասար: Նրանք համոզված էին, որ մի քանի գործողությամբ ցանկալի արդյունք չի կարելի ակնկալել, որ պայքարը երկարատև պետք է լինի, որ այլևս չպետք է ապավինել մարդկության խղճին ու արդարադատությանը, որ մինչև վերջին «բյուրեղը» Հայկական հարցից պետք է մաքրել մոռացության փոշին և սեփական ուժերով Հայ դատը դնել Աշխարհի սեղանին… Հպարտ իրենց ազգային պատկանելությամբ նրանք բարձրացրել էին հայոց ազատագրական պայքարի դրոշը և աներեր գնում էին «մերձավորին սիրելու» պատվիրանը մոռացած մարդկությանն ասելու՝ բա՛վ է՝ խամաճիկություն և աճպարարություն անեք միջազգային քաղաքական բեմահարթակում, այլևս լալկան ու աղերսալից խնդրագրեր չեք ստանա հայերից: Եվ աշխարհի շատ քաղաքներում, որտեղ թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններ կային, մեկը մյուսի հետևից պայթեցին ռումբերը, որոտացին ինքնաձիգները…
Զինվորագրվելով ՀԱՀԳԲ-ին յուրաքանչյուր մարտիկ ուխտեց նահատակների արյամբ՝ չներել անցյալի սխալներն ու թերությունները, շարունակել պայքարը հայոց գերեվարված հողերի ազատագրության համար միշտ մնալով պայքարի ճակատում:
Ավա՜ղ, այդ ճակատից նրանք հաճախ հեռացվում էին հայանուն դավաճանների ձեռքով կամ մատնությամբ: 39-ից 13-ը…
39 անմար կերոն, 39 անշեջ կրակ… Բոլորն էլ համեստ խավի ներկայացուցիչներ կուսակցական գզվռտոցներից և աթոռամարտերից հեռու, Հայաստանի ազատագրության իրենց գերնպատակին հետամուտ զինված ազգային գաղափարախոսությամբ, իսկ մահից հետո հայրենի հողում ամփոփվելու նվիրական բաղձանքով…
Երևանի ազգային-ազատագրական պայքարի մարտիկների «Եռաբլուր» պանթեոնում, արարատահայաց, ՀԱՀԳԲ-ի նահատակներին նվիրված հուշակոթողի ներքո զոհված մարտիկների տապանաքարերն են:
Նրանց աճյունները ժամանակի ընթացքում կփոխադրվեն Հայաստան: Ցավոք ոչ բոլորինը: Լևոն Էքմեքչյանը, Զոհրապ Սարգիսյանը և Մկրտիչ Մադարյանը զոհվեցին Թուրքիայում և գերեզման չունեն (տեղը հայտնի չէ): Թող սրբազան լույս իջնի ձեր շիրիմներին, խնկելի հայորդիներ…
Օգոստոսի 7-ի ցուցահանդեսը հատուկ խորհուրդ ուներ: 39 անզուգական երիտասարդներ «եկել» էին իրենց անմահությամբ մեկ անգամ ևս յուրաքանչյուրիս պատգամի պես պարտավորեցնելու, որ ազգային պատկանելության գիտակցությունը վեր է ամեն ինչից…
Վազգեն Պետրոսյան («Հայկական ժողովրդային շարժման» Հայաստանի ներկայացուցիչ) — Այս ցուցահանդեսն ուներ մեկ նպատակ՝ ներկայացնել այն խիզախ և անձնուրաց մարտիկներին, ովքեր երբեք չկարողացան տեսնել Հայաստանի անկախությունը: 1915 թվականի Եղեոնից հետո Հայկական հարցը դարձավ միջազգային ամբիոններում մրցակցության հարց, գերտերությունների և Արևելքի ու Արևմուտքի շահարկման խնդիր: Այդ իրավիճակը շարունակվեց մինչև 1973 թվականը, երբ 78-ամյա Գուրգեն Յանիկյանը ԱՄՆում գնդակահարեց երկու թուրք դիվանագետների՝ սկիզբ դնելով նորագույն ազատագրական պայքարին: Հայ երիտասարդությունը շատ արագ արձագանքեց այդ կրակոցներին և 25 տարվա ընթացքում կատարեց ավելի քան 340 գործողություն: Այդ ամենի հետևանքով հազարավոր անգամներ արծարծվեց Հայկական հարցը: 1984 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախումբը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 1987 թվականին՝ Եվրախորհրդարանը, այնուհետև՝ մի շարք երկրների խորհրդարաններ:
Ցուցահանդեսում աոաջին անգամ ներկայացրինք մի քարտեզ՝ «Երիտասարդ թուրք մտավորականների միության» հրատարակած «Թուրքիան 21-րդ դարում» գրքից (Եվրոպա, 1992): ԱՄՆ օգնությամբ թուրք «մտավորականությունը» գծագրել է թուրքական կառավարության զավթողական պլանները, ընդ որում, հստակորեն նշված է, որ Մեղրին մաս է կազմելու Մեծն Թուրքիայի: Այսօր, երբ խոսում են Մեղրին հանձնել-չհանձնելու մասին, մեր արտաքին գերատեսչությունը ամոթալի պատասխաններ է տալիս: ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ անկարելի է մտածել այդ արարքների (ահաբեկչության — Հ. Գ.) մասին: Անհասկանալի է նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե այդպիսի հարց (Մեղրին հանձնել-չհանձնելու — Հ. Գ.) երբեք չի քննարկվել: ՀՀ նախագահը, ԱԳՆ-ն և, մանավանդ Ազգային անվտանգությունը պետք է ավելի լուրջ լինեն և սթափ նայեն իրողություններին, տվյալ դեպքում՝ այս քարտեզին, ավելի հստակ մտածեն ազգային հարցերի շուրջ, ավելի ճշգրիտ խոսեն ազգային խնդիրների մասին: Հույս ունեմ, որ մեր այս ցուցահանդեսը համոզմունք և հավատ կներշնչի, որ կան երիտասարդներ, մարդիկ, հայեր, ովքեր պատրաստ են, անկախ ամեն ինչից, հակահարված տալ հայ ժողովրդի թշնամիներին՝ թե՛հայանուն, թե՛ օտար, բոլո՛ր նրանց, ովքեր կընդդիմանան հայ ժողովրդի արդար իրավունքներին և նրա անմոոաց պայքարին…
Սրբության տաճարի 39 խորան, հավատքի կաճառի 39 խոյակ, հայրենիքի 39 սյուն…
Թող վայրկյան առաջ իրականանան ձեր երազանքները և ձեր աստղաբույլը չհամալրվի նոր անուններով: Իսկ հայրենադարձված ձեր անունները թող անվերջ, անդադար զրնգան հայ քաղաքական «էլիտայի» ականջներում զգուշացնելով՝ անհեռատես քաղաքականությամբ կարող են ակամա օժանդակել վերոհիշյալ ծրագրի իրագործմանը…
25-ամյա երթի նահատակների հիշատակին
Օգոստոս, 2000թ․
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010