Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմ. գիտ. թեկնածու Արմեն Մարուքյանի հետ
ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտխորհրդի որոշմամբ լույս է տեսել նույն ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնական խնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» աշխատությունը (խմբագիրներ` ՊԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյան և իրավաբանական գիտ. թեկնածու Վլադիմիր Վարդանյան): Իր տեսակի մեջ այս հրատարակությունը նորություն է մեզանում գաղափարակա՛ն առումով:
ՀՀ անկախության առաջին տարիներից Հայոց ցեղասպանության հարցը երկրի արտաքին քաղաքականության մեջ հայտարարվեց առաջնահերթություն, սակայն ըստ իս հստակ չէ թե ի՛նչ առաջնահերթության մասին է խոսքը, երբ Հայոց ցեղասպանության մասին պետական հայեցակարգ, որքան գիտեմ, դեռևս մշակված չէ: Եթե այդ առաջնահերթությունը վերաբերում է միջազգային ճանաչմանը, ապա պետք է ասել, որ այն սկսվել է հանրապետության անկախացումից շատ ու շատ տարիներ առաջ: Ավելի քան 20 երկրների խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ընդունել են հայտարարության նման փաստաթղթեր, հիմնականում` կիսատ-պռատ ձևակերպումներով, որոնք ոչինչ չեն տալու մեզ կամ էլ, ինչպես ընդունված է ասել, ունեն բարոյական նշանակություն: Այսինքն` այդ բանաձևերն աղքատի ստամոքսի սնունդ են: 2000-ականի սկզբին ՀՀ երկրորդ նախագահը, ընդունելով Թուրքիայի առաջատար լրագրողներից Մեհմեդ Ալի Բիրանդի հարցազրույցի հրավերը, պահանջատիրության մասին վերջինիս հարցին Երևանում բառացիորեն պատասխանեց` մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք…
Բարեբախտաբար, վերջին տարիներին մեր որոշ պատմաբաններ շատ հստակորեն ասում են և հանրությանը հիշեցնում, որ մենք պահանջատեր ենք: Մեզ հայրենազրկել`հայրենանկ են արել, բռնազավթել են (ժամանակավորապես – սա էլ իմ արտահայտությունն է, այսինքն` ժամանակավորապես բռնազավթել են) մեր հայրենիքի մեծագույն մասը, և ոչ միայն իրավունք չունենք մոռանալու սա և ասել` մենք հողային պահանջներ չունենք Թուրքիայից, այլև պարտավո՛ր ենք այն վերադարձնել մեզ: Բայց ինչպե՞ս` հարց կտա ունկնդիրը: Այդ հարցը ես էլ եմ ինքս տալիս ինձ ու պատասխանում այսպես. «Հարկավոր է հզորանալ ու սեփական նախաձեռնությամբ և ուժերով ազատագրել բռնագրավված հայրենիքը»: Հարցին, սակայն, այլ կերպ է պատասխանում Արմեն Մարուքյանն իր «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնական խնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» աշխատության մեջ: Նա նույնպես իրավացիորեն այն կարծիքին է, որ թուրքերը տանուլ տվեցին Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը պատմագիտական բանավեճի մեջ ներքաշելու և այնտեղ թաղելու փորձը և, շարունակում է այսպես. «…շտապում են մեզանից առաջ անցնել իրավաքաղաքական հարթության վրա` զարգացումների հաջորդ հանգրվանին պատրաստ լինելու համար»: Համաձայնեք` տրամաբանված խոսք է և բանականության սահմաններում: Սակայն այստեղ ինձ համար կա մի շատ կարևոր բայց: Ես, իհարկե, գուցե թե սխալվում եմ, որովհետև մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ միջազգային դատարանում հօգուտ մեզ վճիռ չի ընդունվի. Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել աշխարհի աչքի առաջ` աշխարհի հզորների թողտվությամբ. մեղսակից են բոլոր մեծ տերությունները, որոնք այսօր էլ չեն հրաժարվել իրենց թրքամետ քաղաքականությունից, և խիստ եմ կասկածում, որ իրենց իսկ ստեղծած միջազգային ատյաններում նրանք իրենց դեմ վճիռ ընդունեն` բազմաթիվ պատճառահետևանքային հիմնավորումներով: Սա, կրկնում եմ, իմ` ոչ մասնագետիս սուբյեկտիվ կարծիքով, որն ամենևին էլ չի ստվերում Արմեն Մարուքյանի աշխատությունը, որտեղ նա մեկտեղել և վերլուծել է դեռևս 18-րդ դարից պատմության մեջ մտած մարդասիրական միջամտություններ որդեգրած այն փաստաթղթերը, որոնցով մեծ տերությունները փորձել են պաշտպանել Օսմանյան կայսրության քրիստոնյաներին: Արմեն Մարուքյանը շատ շնորհակալ գործ է կատարել` հրապարակելով այս աննախադեպ աշխատությունը: Ասում եմ աննախադեպ, որովհետև պատմական փաստերը համադրել է միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների հետ և նախանշել Հայոց ցեղասպանության ավելի քան հարյուրամյա հետևանքների հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հնարավորությունները: Ասում եմ ավելի քան հարյուրամյա, որովհետև ես, չլինելով պատմաբան կամ քաղաքագետ, այն մասնագետների կարծիքին եմ, որ Հայոց ցեղասպանությունն սկսվել է աբդուլհամիդյան ջարդերից` 1894-ից:
***
Արմեն Մարուքյանի եզրահանգմամբ` պետք է ստեղծել պետական փաստաթուղթ` «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և Թուրքիային ներկայացվելիք պահանջների հիմնավորման պատմաիրավական փաթեթ» (Պահանջների փաթեթ) և գործընթացները պետք է կարգավորել մեկ կենտրոնից: Ես դա չեմ պատկերացնում, որովհետև այսօր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և ՌԴ-ում ունենք հայկական վտարանդի 3 «կառավարություն» (անդամների զգալի մասը վերջին տարիներին ՀՀ-ն լքած հայեր են…), որոնք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն…
Մենագրության մեջ առաջադրված հարցերն ինձ համար բարի ցանկությունների ոլորտում են, և շատ կուզենայի, որ դրանք վայրկյան առաջ իրագործվեին պատմաբանի նախանշած տարբերակով: Սակայն չեմ կարծում, որ հայաթափումը չկանխող երկիրը միջազգային ատյաններում փորձի կամ կարողանա պաշտպանել իր ժողովրդի իրավունքները` նրա հայրենիքի բռնագրավված մասն իր իսկական տերերին վերադարձնելու համար: Երանի ամեն ինչ իմ ասածի հակառակը լինի, ու ես սխալվեմ այս հարցում… Ես տագնապում եմ, որովհետև այսօր մեր հայրենիքից մնացած այս փոքրիկ հողակտորն է արդեն երերում մեր ոտքերի տակ… Նույնիսկ աղետյալ սիրիահայությունն է ընդդիմանում ներգաղթի մեր հորդորներին` հանրահայտ փաստարկներով… Ես սարսափում եմ այս ամենի հետևանքներից…
«Վէմ» ռադիոկայան
4–11. 06. 2014
Մաս -1
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝
//vem.am/download.php?id=017_Hasmik_Armen%20Marukyan%20part%20I%20-%204%2006%2014_1401865986859.mp3
Մաս -2
ՏԵՍ ՆԱԵՎ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ
Ցավալի իրողություն, անպատասխանատու իշխանություն ունենք
Ափսոս է մեր լավ երկիրը