ՀԱԼԵՊԻ ՎԻՄԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանի հետ

Գալուստ Գյուլբենկյան հաստատության մեկենասությամբ լույս է տեսել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» մատենաշարի 16-րդ հատորը` «Հալեպի արձանագրությունները» վերնագրով: Աշխատության հեղինակը` Րաֆֆի Քորթոշյանը, սիրիահայ է և գիրքը հրատարակել է բավական հուզիչ ընծայագրով. «Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր ներկա դժնդակ պայմաններում անձնուրացաբար պահպանում են Հալեպի հայկական հոգևոր և մշակութային արժեքները»: Ինչ խոսք, շատ ազդեցիկ է հատկապես հալեպահայությանն այսօր պատուհասած ողբերգական իրադարձությունների պայմաններում… Ստվարածավալ այս հոյակապ աշխատությանը ծանոթանալիս մտածում էի մի բան` սա նախախնամության կամքով կամ Բարձրյալի հանձնարարականով կատարված հետազոտություն է, անչափ շնորհակալ ու ազգանվեր գործ, գուցե ճիշտ կլիներ ասել` հիշատակարան: Այն ամփոփում է Հալեպի հայկական եկեղեցիների և գերեզմանատների արձանագրությունները: Սա, կարծում եմ, հոգևոր հուշարձան է նաև հալեպահայ երբեմնի ծաղկուն գաղթավայրի հիշատակին: Հալեպը մեզ հարազատ է դարձել հատկապես Հայոց ցեղասպանության տարիներից: Հալեպի հյուրընկալ երկնքի տակ ծվարած մազապուրծ մեր խլյակներն իրենց պատմությունն ու հիշատակներն են նաև բերել այստեղ ու պահ տվել այս բարի ու մարդասեր քաղաքին, նաև երկրին` Սիրիային: Հայրենանկությունից հետո նրանք իրենց հիշատակները պահպանել են յուրովսանն, իսկ երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո խառնվել այս երկրի հողին` իրենց տապանաքարերին պահ տալով իրենց ծննդավայրերի տեղանունները: Հալեպի հայկական գերեզմանոցներում Արևմտյան Հայաստանի և օսմանյան Թուրքիայի եղեռնազարկ բնակավայրերի տեղանունների աշխարհագրությունն է հավանաբար ստիպել Րաֆֆի Քորթոշյանին մեկ առ մեկ դրանք գրառել ու լուսանկարել: Գուցե մեր երիտասարդ հայրենակիցը մի ինչ-որ յոթերորդ զգայարանով է զգացել, որ գուցե մի օր եղեռնապուրծ մեր հայրենակիցներն անդառնալիորեն կորցնեն նաև իրենց գերեզմանատեղիները…

«Վէմ» ռադիոկայան
12. 03. 2014

Լսեք ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=06_Hasmik_Raffi%20Kortoshyan%20-%2012%2003%2014_1394614001391.mp3

2 идей о “ՀԱԼԵՊԻ ՎԻՄԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Добавить комментарий