Հայ մշակույթի խոշոր դեմքերից է Ներսես Շնորհալին: Նա ստեղծագործել է գրական ամենատարբեր ձևերով ու տեսակներով, մի շարք ուղղություններով առաջ մղել հայ մատենագրությունը, հատկապես բանաստեղծական արվեստը: Իր խրատական-ուսուցողական բանաստեղծություններով, հանելուկներով, քնարական ու վիպական պոեմներով մի ամբողջ շարք նորություններ բերեց նա՝ նոր բեկում առաջացնելով հայ գրականության ու արվեստի զարգացման բնագավառում:
Ներսես Շնորհալին ծնվել է 1100-1173թթ., Կիլիկիայի Տլուք գավառի Ծովք ամրոցում՝ բերդատեր Ապիրատ Պահլավունի իշխանի ընտանիքում: Ներսեսը հիմնավոր կրթություն է ստանում Կիլիկիայում, Քեսունի մերձակա համբավավոր Սև լեռան Կարմիր վանքում: 1130 թվականից նա եպիսկոպոս էր, իսկ 1166թ. ընտրվում է կաթողիկոս: 1147 թվականից մինչև իր կյանքի վերջը, 1173թ., նա ապրում և ստեղծագործում է Հռոմկլա ամրոցում, այդ պատճառով հաճախ կոչվում է նաև Կլայեցի: Նա թաղվել է Հռոմկլա ամրոցում: Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին:
Շնորհալին այն գրողներից է, որոնց երկերը հրատարկվել են դեռևս հայ տպագրության արշալույսին՝ XVI դարում: Մատենագրության մեջ պահպանվել են նրան նվիրված մի շարք երկեր: Բացի Ներսես Լամբրոնացու ծավալուն պոեմից, գրվել է նաև այլ չափածո ու արձակ գործեր, մասնավորապես 1240 թվականին՝ կենսագրությունը: Դա պատահական չէ: Իր ավելի քան հիսնամյա ստեղծագործական կյանքը մեծ գործիչը նվիրաբերեց հայրենիքին: Շնորհալին գրականության կոչումը տեսնում էր ժողովրդի բարօրությանը ծառայելու, «նիրհած հոգիները» արթնացնելու, մարդկանց կրթելու մեջ: Լինելով մեծ բանաստեղծ, նա չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ուստի անտարբեր չէր նաև անցյալի հանդեպ: Ընթերցողի մեջ նա վերակենդանացնում էր նվիրական հիշատակներ, որոնք ժամանակին հուզող խնդիրների կապակցությամբ դաստեարակիչ նշանակություն կունենային: Նրա երգերի ու շարականների, ինչպես և մյուս գրվածքների մեջ նկատելի է ոսկեդարյան մատենագրության, հատկապես Եղիշեի հայրենաշունչ Պատմության ազդեցությունը: շնորհալին հպարտությամբ էր ոգեկոչում Տիգրան Մեծին, Ավարայրի հերոսներին, գիտության ու մշակույթի խոշոր գործիչներին: Նկատելի էր հատկապես բանաստեղծի՝ պատմական դեմքեր ու իրադարձություններ, ժամանակակից քաղաքական անցուդարձեր պատկերելու հակումը: Քաղաքացիական բարձր գիտակցությունը տեսանելի էր արդեն պատանի Ներսեսի գրչափորձերի մեջ: Նրա համոզմամբ, ժողովրդի կյանքում կարևոր դեր կարող էր խաղալ նաև եկեղեցին: Մասնավորապես հայ ժողովրդին այն ժամանակվա պայմաններում եկեղեցին կարող էր օգտակար լինել ազգապահպանման և ազգահավաքման գործում: Թերևս սրսանով պետք է բացատրել նրա՝ հոգևոր գործունեության նվիրվելը: Բնական է, որ Շնորհալին մեծ մտածողն ու գրողը, պիտի փայլեր աստվածաբանական գրականության ասպարեզում: XII դարում քրիստոնյա աշխարհը հուզող հարցն այս բնագավառում եկեղեցիների միության խնդիրն էր: Սրա շուրջն էլ հիմնականում ծավալվեցին Շնորհալի-տեսաբանի աշխատանքները: Շարունակելով նարեկացու ավանդները, Շնորհալին լայնորեն օգտվում էր ժողովրդական բանահյուսությունից, վերցնելով ինչպես տաղաչափական-երաժշտական ձևեր ու մոտիվներ, այնպես էլ նյութ: Մեծ ներշնչանքով գրված նրա շարականներն ու հոգևոր երգերը նորույթ էին և՛ արվեստով, և՛ մանավանդ բովանդակությամբ: Թարմացնելով շարականների նյութն ու տեխնիկան, նա նոր մակարդակի հասցրեց հայոց հոգևոր արվեստը:
Նրա դարը ինչպես հայտնի է, հոգևոր եռանդի սառչելու շրջան էր, և սաղմոսներն սկսել էին ձանձրալի թվալ իրենց միօրինակ, բոլորին լավ հայտնի սահմանափակ աշխարհով: Շարականները, որ գոյատևում էին արդեն յոթ հարյուրամյակ, թևակոխեցին աննախընթաց զարգացման մի շրջան, սկսեցին նախ համատեղվել սաղմոսների հետ, ապա աստիճանաբար դուրս մղել նրանց: Այստեղ կարևորագուն դերը Շնորհալուն էր պատկանում:
Մինչև XII դ. շարականները մեծ մասամբ գրվում էին արձակ բանաստեղծության ձևով, առանց կանոնավոր կշռույթի: Այդ առումով ևս Շնորհալին հեղաշրջող դեր կատարեց, բազմազան ու կանոնավոր տաղաչափական ձևերով հարստացրեց, ճոխացրեց շարականը: Շնորհալին հայ բանաստեղծության մեջ արմատավորեց հանգը, նախ նույնահանգ ոտանավորով, հետո, նկատի ունենալով մարդկայինմ բնության՝ ձանձրանալու հատկությունը անհրաժեշտ էր համարում չափերի հաճախակի փոփոխությունը. մշտապես ձգտելով և հասնելով ձևի ու բովանդակության ներդաշնակության: Ներսես Շնորհալին, որ կոչվում է նաև Ներսես Երգեցող, միաժամանակ միջնադարի հայ մեծագույն երգահանն է և երաժիշտ-տեսաբանը: Հարյուրների են հասնում Շնորհալու ստեղծած շարականները, տաղերը, մեղեդիները և պատարագի երգերը, որոնք աչքի են ընկնում թեմատիկ բազնազանությանբ, գեղարվեստական բարձր մակարդակով հոգեպապարար հուզականությամբ, շողշողուն գույներով և ժամանակի աշխարհիկ-ժողովրդական ու գուսանական արվեստներից գիտակցաբար վերցված մի շարք կենսական տարրերի վարպետ օգտագործմամբ: Հոգևոր պաշտամունքային երաժշտության բնագավառում Շնորհալին հանդես է եկել որպես բարենորոգիչ: Չկա հայակական միջնադարյան երաժշտա-ծիսական մի մատյան, որով նա զբաղված չլինի:
Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն. «Ողբ Եդեսիոյ», «Վանքային ուղերձ», «Յիսուս որդի», «Յաղագս երկնից և զարդուց նորա», «Թուղթը», «Թուղթ Ընդհանրականը», «Նորահրաշ Պսակավորը», «Առաւօտ լուսոյ» ……….
Հեղինակ` Ա. Մադոյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.
Առաւօտ լուսոյ
Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր
Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է:
Beautiful, thank you!
Ինչ ենք կորցրել…
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:
Էդ Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ սուրբ Հոգի:
Ընկալ զիս, գըթած,
Ընկալ, ողորմած,
Ընկալ, մարդասէր:
Թագաւոր փառաց,
Թողութեանց տուող,
Թող ինձ զյանցանս:
Ժողովող բարեաց,
Ժողովեա եւ զիս
Ժողովս անդրանկաց:
Ի քէն, Տէր, հայցեմ,
Ի մարդասիրէդ,
Ինձ բժշկութիւն:
Լեր կեանք մեռելոյս,
Լոյս խաւարելոյս,
Լուծանող ցաւոյս:
Խորհրդոց գիտող,
Խաւարիս շնորհեա
Խորհուրդ լուսաւոր:
Ծնունդ Հօր ծոցոյ,
Ծածկելոյս ստուերաւ
Ծագեա զլոյս փառաց:
Կենարար փրկիչ,
Կեցո զմեռեալս,
Կանգնեա զգլորեալս:
Հաստեա հաւատով,
Հաստատեա յուսով,
Հիմնեցո սիրով:
Ձայնիւս աղաչեմ,
Ձեռօքս պաղատիմ,
Ձիր բարեաց շնորհեա:
Ղամպարամբ լուսոյ,
Ղեկավար ճարտար,
Ղօղեալս ամրացո:
Ճառագայթ փառաց,
Ճանապարհ ինձ ցոյց,
Ճեպել ի յերկինս:
Միածինդ Հօր,
Մոյծ զիս յառագաստ
Մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք
Յահագին աւուրն,
Յիշեա զիս, Քրիստոս:
Նորոգող հնութեանց,
Նորոգեա եւ զիս,
Նորոգ զարդարեա:
Շնորհատու բարեաց,
Շնորհեա զքաւութիւն,
Շնորհեա զթողութիւն:
Ուրախացո, Տէր,
Ոգւոյս փրկութեամբ,
Ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին,
Չար սերմանց նորին
Չորացո զպըտուղն:
Պարգեւիչ բարեաց,
Պարգեւեա իմոց
Պարտեացս թողութիւն:
Ջուր շնորհեա աչացս,
Ջերմ հեղուլ զարտօսր,
Ջնջել զյանցանս:
Ռետինդ քաղցու,
Ռամ հոգւոյս արբո,
Ռահ ցոյց ինձ լուսոյ:
Սէր անուն Յիսուս,
Սիրով քով ճըմլեա,
Սիրտ իմ քարեղէն:
Վասըն գըթութեանդ
Վասն ողորմութեանդ,
Վերստին կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ
Տուր ինձ յագենալ,
Տէր Յիսուս Քրիստոս:
Րաբունդ երկնաւոր,
Րոտեա զաշակերտս
Րամից երկնայնոց:
Ցօղ արեան քո, Տէր,
Ցօղեա ի հոգիս,
Ցընծասցէ անձն իմ:
Իիւծեալըս մեղօք,
Իիւծեալ աղաչեմ,
Իիւսել ինձ բարիս:
Փրկիչ բոլորից,
Փութա զիս փրկել
Փորձութեանց մեղաց:
Քաւիչ յանցանաց,
Քաւեա զօրհնաբանս,
Քեզ երգել զփառս:
Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.
Յիշեա, Տէր եւ ողորմեա: