ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

  ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍ ԳՐՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՀասմիկ Գուլակյան

Հայ հասարակական-քաղաքական միտքը այսօր նունպես գաղափարական քաոսի հորձանուտում է: Թվում է, թե գոնե «քաղաքական գործիչ» ու «մտավորական» հորջորջվողները կամ իրենք իրենց այդպես կարծողները պետք է առավել հստակ հասկանային գաղափարների իմաստն ու խորքը, մինչդեռ նրանց հայացքներում ոչ միայն նկատվում է այդ քաոսը, այլև նրանց «շնորհիվ» տարբեր և հակոտնյա գաղափարներ տարածվում են հասարակության մեջ: Այդպիսով` խորանում է առանց այն էլ խորը և ավելի խորացող գաղափարական-արժեքային ճգնաժամը հայկական հասարակության մեջ` դուռը լայն բացելով մեր վերջնական կործանման առաջ: Էական-էութենական հասկացություններ, ինչպիսիք են «հայրենիքը», «ազգը», «ազգային մշակույթը», «ազգային ինքնությունը», «հայրենադարձությունը», «ազգային պետությունը»,«սփյուռքը» և այլն հայտնվել են մի այնպիսի գաղափարական խառնափնթոր հորձանուտում, որից իմացական որոշակի գիտելիք ունեցողն իսկ դժվար է գլուխ հանում, ուր մնաց հասարակ հայ անհատը. հայրենիքը շփոթում են պետության, ծննդավայրի, կեցության վայրի կամ այլ հասկացությունների հետ, ազգի գոյությունը, նույնիսկ հարատևումը հնարավոր են համարում հայրենիքից դուրս, հայության մեկտեղումն իր հայրենիքում հայտարարում են վտանգավոր… Նման «կարծիքներ» հնչում են նույնիսկ «քաղաքական» գործիչների և գիտությունների դոկտորների, պրոֆեսորների, ակադեմիկոսների շուրթերից…
Ազգայնականությանն առնչվող վերոնշյալ հասկացությունների հստակ սահմանումը, նրանց խորքային իմացությունը, առավել ևս տիրապետումն ու դրանցով կենսագործունեությունը հայերիս նման փոքրաթիվ ազգերի համար ունեն կենսական նշանակություն և, բառիս բուն առումով, առնչվում են մեր՝ որպես մարդկային ուրույն տեսակի գոյատևման գերխնդրի հետ:
Համահարթեցման ժամանակակից պայմաններում անթույլատրելի ու անհնար է գոյատևել գաղափարական ճախճախուտում. անխուսափելի հետևանքը լինելու է հայի տեսակի կորուստը, լավագույն դեպքում` հայկական ինչ-որ խորհրդանիշներ հիշեցնող հատկանիշներ կրող մարդկային էակների գոյությունը:
«Ովքե՞ր ենք մենք», «որտեղի՞ց ենք գալիս»,«ո՞ւր ենք գնում»,«ո՞րն է մեր` որպես մարդկային ինքնուրույն տեսակի առաքելությունը», «որո՞նք են մեր տեղն ու դերը համամարդկային քաղաքակրթության մեջ անցյալում, այսօր և ապագայում»: Եթե ճանաչողությունն առհասարակ հզոր զենք է մարդ արարածի համար, ապա վերոնշյալ և նման բազմաթիվ հարցերի իմացությունը հայի համար պարզապես անհրաժեշտ է, գոյատևման նախապայման, առանց որի նա պարզապես չի կարող շարունակել իբրև լիարժեք հայ անհատ ապրել այս արևի տակ:
Այս գիտելիքների իմացությունը անհատին ու նրա պատկանած ազգային հավաքականությանն օժտում է ինքնաճանաչման զենքով, այսինքն` նրանց հաղորդում է մարտունակ ոգու հավելյալ լիցքեր` դիմագրավելու այսօրվա և վաղվա բազմատեսակ ու բազմակողմանի մարտահրավերները և հաջողությամբ հաղթահարելու դրանք:
Հայ ազգայնական գաղափարախոսությունն ունի դարավոր ավանդույթներ: Կարելի է անվարան հաստատել, թե հայոց առաջին ազգային գաղափարախոսն է մեր Պատմահայրը` Մովսես Խորենացին: Դարերի ընթացքում այդ գաղափարախոսությունը հարստացել է շատ և շատ ուրիշների մտավոր ու գործնական ներդրումներով կուռ համակարգի վերածվելով Գարեգին Նժդեհի Ցեղակրոն և Տարոնական ուսմունքներով:
Խորենացին, Նժդեհը և մեր ազգային մյուս գաղափարախոսները շեշտում են, որ ազգայնականությունը կամ ազգային գաղափարախոսությունը լոկ տեսություն չէ, այլ կենսակերպ, առօրեական, ամենվայրկենական կենսակերպ: Ինչպես ամեն գաղափար ստուգվում է կյանքում, ազգային գաղափարախոսությունը նույնպես անխուսափելիորեն ենթարկվում է այդ փորձաքննությանը: Հայության դեպքում այսօր առկա է հսկայական վիհ ազգայնականության տեսության և նրա գործնականացման միջև: Հասել ենք այնպիսի աղաղակող հակասության, որ ինքն իրեն նժդեհական գաղափարախոսության կրող հայտարարող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում գրանցվում և ազատ-համարձակ գործում են ամեն տիպի ապազգային-հակաազգային կրոնական, քաղաքական, լեզվական, սեռական, տնտեսական և այլ աղանդները, ինչ է թե` մենք իբր չենք կարող անմասն մնալ համաշխարհայնացման համընդհանուր գործընթացներից, մարդու իրավունքները «հարգելուց»: Այս հակասության պատճառն այն է, որ Հայաստանի երրորդ Հանրապետության նախկին ու ներկա բազմագույն իշխանությունները, ընդդիմության մեծագույն մասը, ինքնակոչ «մտավորականները» և նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու վերնախավը «համաշխարհայնացում» կոչվածը համամարդկային արժեք են ընկալում, մինչդեռ դա հակամարդկային գաղափարախոսություն և գործելակերպ է, որոնք փափաթվում են ժողովուրդների վզին` նրանց համահարթեցնելու, ազգային տեսակները վերացնելու և միօրինակ մարդկային «քաղաքակրթություն» կերտելու գերնպատակի համար: Իրականում համամարդկային քաղաքակրթությունն առանձին մարդկային հավաքականությունների, մասնավորաբար ազգերի մշակույթների բազմազան առվակներից մի հունի մեջ հոսող գետ է կամ տարբեր գույների և բույրերի ծաղիկների մեկտեղմամբ կազմված ծաղկեփունջ, որի գումարային բուրմունքն ու տեսքի գեղեցկությունը չի կարող ունենալ միատեսակ ծաղիկներից կազմված և ոչ մեկ ծաղկեփունջ:
Հասմիկ Գուլակյանի հրապարակախոսական նյութերից առաձնացված այս ծաղկեփունջ-գիրքն արծարծում է այս խնդիրները, նպաստում ազգայնականության տեսության ճանաչողությանը և հայ հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Այս ժողովածուն, հակառակ իր ծավալին, մի զորեղ զենք է հայությունը դուրս բերելու իր թմբիրից և ուղեկորույս խարխափումներից` նախանշելով ճշմարիտ ուղին որպես հավերժի ճամփորդ մեր գոյերթում:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Գևորգ Յազըճյան

Добавить комментарий