ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO
***
Արդարության առավոտը դաժանորեն հեռու է:
ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO СИАМАНТО
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՀԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԸ
Սիամանթոն (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) կանգնած էր ստեղծագործական նոր ճանապարհի վրա, ապրում էր նոր սիրով ու երազներով։ Բայց շատ շուտով համաշխարհային պատերազմի նախօրյակին, երիտասարդ թուրքերի եռանդուն գործունեությունը տագնապալի դրություն է ստեղծում երկրռւմ, քաղաքական մթնոլորտը դառնում է սպառնալի։
Սկսվում է համաշխարհային պատերազմը, թուրքական կառավարությունը զորահավաքի է կանչում նաև 20-ից մինչև 45 տարեկան հայերին․ բարեկամները կրկին ձեռք են մեկնում Սիամանթոյին՝ թուրքական զորակոչից նրան ազատելու համար։ 1914 թ. օգոստոսի 29-ին դոկտ. Բազարճյանր մի նամակով պատրաստակամություն Է հայտնում ամեն կերպ աջակցելու բանաստեղծի ազատագրմանը։ «Թերթերեն կիմանամ, որ օսմանեան կառավարությունը անխտիր զենքի տակ կըհրավիրե մինչև 45 տարեկան արուները։ Եթե երբեք Դուք ալ զինվորագրության ստիպվիք, հաճեցեք համարել զիս մին անոնցմե, որ անմիջապես պատրաստ է դրամական հատուցում վճարելով զձես այդ բեռեն ազատլու։ Այդ առթիվ ես իմ բաժինս բերելու մեջ շատ ուրախ եմ»։ Բազարճյանը մի զգալի գումար Է տրամադրում Սիամանթոյի փրկավճարի համար։ Բարեկամների դրամական հանգանակության շնորհիվ Սիամանթոն ազատվում է զինվորական ծառայությունից։ Բանաստեղծը, որ հակառակ բարեկամների հորդորներին, 1914 թ. հուլիսին Իտալիայի վրայով անցել էր Թուրքիա, իր նամակներում ծանր տագնապով է խոսում համաթուրքական ռեակցիայի և հայերի ու հույների քաղաքական-տնտեսական անելանելի կացության մասին։ 1914 թ սեպտեմբերի 5-ին, պատասխանելով միշտ անձնվեր ու ազնիվ դոկտոր Բազարճյանի նամակին, նա գրում է. «Այս հուսահատության, զզվանքի, անկարելի ստրկության, պոռնիկ համակերպումի և իմ բառարանես ու ձեր բառարանեն բացակա ամեն հայհոյանքի արժանի օրերուն մեջ, օրերուն մեջ ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինծի մտածել տվավ թե դեռ մարդեր, բարեկամներ կան։ Բայց իմ ցավես առաջ, ցեղիս և ցեղիդ ցավեն խոսիմ։ Բովանդակ ծաղիկ հայ երիտասարդությունը կերան բորենիները, զինվոր տարին։ Ահավոր խուճապ։ Գավառներեն մարդ չեն ձգեր։ Մինչև 45 տարեկան… Դեպի մահ, դեպի ստույգ մահ։ Ոչ պատերազմի միջի մահեն, այլ անօթության: Ամբողջ Թուրքիան անօթի է։ Այլևս հայ և հույն վաճառական կամ վաճառականություն չի մնաց։ Կառավարությունը բոլորն ալ հավաքեց, թալանեց, կողոպտեց և գրավեց։ Ամեն կողմ գրավում, ոչ թե ալյուր կամ կերպաս, այլ ինչ որ գտնեն հայ-հույն վաճառականին քով։ Պոլիս և ամեն տեղ նույն բանը» * ։ Այս տագնապալի օրերին բանաստեղծը հեշտությամբ կարող էր ազատել իր անձը, բայց մյուս նշանավոր մտավորականների ու գրողների հետ միասին մնում է ժողովրդի հետ։ Սիամանթոյի քաղաքացիական ազնիվ նկարագիրը ամբողջացնելու համար ավելորդ չէ բերել մի խոսուն փաստ. գտնվելով Շվեյցարիայում, լսելով հայերի տագնապալի վիճակի մասին, նա վերադառնում է Կ.Պոլիս` բաժանելու հայրենի ժողովրդի ճակատագիրը։ Այդ մասին է խոսում Ավ. Իսահակյանի հուշը, որ գրի է առել գրականագետ Արամ Ինճիկյանը. «Մի անգամ վարպետը խոր կսկիծով վերապրելով Սիամանթոյի, Զոհրապի, Վարուժանի և ընկերների ահավոր կորուստը, ափսոսանքով հիշեց, որ 1914 թ. ժնևում Սիամանթոն չլսեց իր խորհուրդը՝ չվերադառնալ Պոլիս։ — Պիտի երթամ, իմիններս հոն են… — Գնաց, ընկավ գազանի բերանը,— մի տխուր դադարից հետո ավելացրեց վարպետը» ։ Թուրքական կառավարությունը, միանալով Գերմանիայի հետ, գաղտագողի մշակում էր ոճրագործ պլաններ։ Երիտասարդ թուրքերի որոգայթներում մոլորված հայ մտավորականներն ու ողջ ժողովուրդը դեռևս չէին հասկանում հայերի զորակոչի ետին իմաստը։ Թուրքերը փաստորեն Հայաստանը մաքրում էին մարտունակ ուժերից, լիովին զինաթափ անելով ժողովրդին։ Գերմանացիները հայ քաղաքական կուսակցությունների աոաջ ճակատագրական խնդիր էին դրել ընդունել գերմանական կողմնորոշում, միանալ Ռուսաստանի դեմ մղվող պատերազմին։ Հայաստանը գտնվում էր երկու կրակի արանքում. նա չէր կարող անել անկարելին. ժողովուրդը չէր կարող դեմ գնալ Ռուսաստանին, որի ժողովրդի հետ հոգեպես կապված էր և որի տիրապետության տակ էր գտնվում Արևելյան Հայաստանը։ Ամեն տեսակ վճիռ նրան կարող էր կանգնեցնել համազգային աղետի առաջ, մնում էր միայն ինքնապաշտպանությունը, բայց հայ նացիոնալիստական կուսակցությոլնների բութ և կույր քաղաքականության պատճառով, երիտասարդ թուրքերի պահանջով ու հավաստիացումներով՝ զինաթափ էր եղել ողջ հայությունը բոլոր քաղաքներում ու գավառներում։ Այնինչ երիտասարդ թուրքերը, որոնք դեռ երեկ եղբայրության ցույց էին անում, գաղտագողի վճռել էին արմատապես լուծել հայկական կնճռոտ հարցը, մաքրել Արևմտյան Հայաստանը իր հինավուրց բնակիչներից և իր դաշնակից կառավարությունների հետ միասին անցնել նաև Արևելյան Հայաստանի հարցին։ Գերմանական Վիլհելմ կայզէրը ողջ ցինիզմով ասել էր. «Հայերից պետք է կենդանի թողնել միայն մի հոգու, այն էլ թանգարանում պահելու համար»։
Թուրքական պետական արյունարբու գործիչները, էնվերը, Թալեաթը և այլոք, գործի դնելով իրենց հրեշավոր ծրագիրը, ողջ ազգության ոչնչացումը համարում էին կենսական անհրաժեշտություն Թուրքիայի համար, լկտի անկեղծությամբ արդարացնում Հայկական ջարդերը։ Ահա նրանց մտքերը. «Հայերը պատճառնն իրենց կրած բոլոր չարիքներուն», «Մենք կկռվենք մեր ազգային գոյության համար», «Մենք իրավունք ունեինք դիմելու այն բոլոր միջոցներուն, որոնք կրնային մեր նպատակները իրագործել», «Մենք ժամանակ չունինք անմեղը մեղավորեն զատելու» ** ։ Գերմանական թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Թալեաթը, որի ստվերի տակ աղոտանում են միջնադարյան բոլոր ինկվիզիտորները, զարմանալի խաղաղ սադիզմով ասում է. «Մեր երեսին կուտան թե, մենք տարբերություն չենք դներ անմեղ և հանցավոր հայերու միջև, այդ բանը բացարձակ կերպով անկարելի էր, որովհետև այսօրվան անմեղները թերևս վաղվան հանցավորները պիտի ըլլան»***։ նույն անկեղծությամբ և անսքող ամբարտավանությամբ Թալեաթը հպարտանում էր հայկական հարցի թալեաթյան լուծման համար. «Երեք ամսվան մեջ լուծելու համար հայկական հարցը, ավելի գործ տեսա, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարվան մեջ»****։
Այսպես էր բուն իրողությունը, նույնիսկ թուրքական արյունարբու գործիչների, երիտասարդ թուրքերի պարագլուխների վկայությամբ։ Ցավոք, մեր պատմագրության մեջ ոմանք, կորցնելով խիղճն ու բանականությունը, հայկական նացիոնալիզմի դեմ պայքարելու լոզունգով, կամա թե ակամա, արդարացրել են պանթուրքիզմի արյունոտ քաղաքականությունը, մեղմացնող կամ օբյեկտիվ հիմքեր որոնելով մարդկության մեծագույն հանցանքի՝ ազգության բնաջնջման հեղինակների համար, երբեմն էլ այս կամ այն կերպ կրկնելով նրանց մտքերը։
Բարեբախտաբար, այժմ մեր պատմագրությունը, հրաժարվելով մերժելի ավանդներից, սկսել է գիտական խորությամբ քննել 20-րդ դարի քաղաքական անցքերը։ Լույս են տեսել պրոֆ. Մ. Ներսիսյանի խմբագրությամբ «Геноцид армян в Османской империи» ***** փաստաթղթերի մեծարժեք ժողովածուն և Ե. Սարգսյանի «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» փաստալից աշխատությունը, ուր տրված է դարաշրջանի քաղաքական երևույթների առողջ, մարքսիստական բնութագիրը։ Բազմաթիվ փաստեր հաստատում են, որ երկար տարիներ երիտասարդ թուրքերը հրահրում էին պանթուրքիզմի գաղափարներ, ատելություն սերմանելով Թուրքիայում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Ոգևորված օսմանյան մեծ իմպերիայի գաղափարներով, նրանք ծրագրել էին մահմեդական հավատի ժողովուրդներին ձուլել, իսկ քրիստոնյա ժողովուրդներին՝ ֆիզիկապես բնաջնջել։ Երիտասարդ թուրքերը՝ թուրքական արյունարբու բուրժուազիայի շահերի արտահայտիչները, երազում էին իրենց իմպերիայի սահմանները հասցնել մինչև Վոլգա, գրավել ողջ Կովկասը, Ղրիմը։ Դեռ պատերազմից առաջ նրանք ձգտում էին իրենց նպատակներին ծառայեցնել Կովկասի մահմեդական ժողովուրդներին, իսկ երկրի ներսում օգտագործելով ամեն առիթ, հրի ու սրի էին քաշում փոքր ժողովուրդներին։ 1913—1914 թթ. արյունալի ջարդերի նախօրյակին նրանք առաջարկում էին հայերին՝ կամավորական շարժում կազմակերպել ընդդեմ Ռուսաստանի՝ հայերի ջարդը երկկողմանի դարձնելու նպատակով։ Մի խոսքով նրանք ծրագրել էին ոչնչացնել ոչ միայն արևմտյան հատվածի հայերին, այլ նաև Արարատի մյուս կողմում գտնվող ռուսահայությանը։ Այդ խնդրում Թուրքիայի անմիջական խորհրդատուն ու դաշնակիցն էր Գերմանիան։ Այսպես, օրինակ, գերմանական միլիտարիզմի գաղափարախոս Ռորբախը իր զեկուցումներում ու հոդվածներում այն միտքն էր զարգացնում, թե Թուրքիայի համար շահավետ է հայերի աստիճանական ոչնչացումը, մի տեսակետ, որ շատ հարազատ էր գերմանական միլիտարիստների և թուրքական բարբարոսների գործելակերպին ու քաղաքականությանը։
Եվ այսպես, ռազմական ներքին համաձայնությամբ Թուրքիան ու Գերմանիան «լուծում» են հայկական հարցը միջոց ընտրելով մասսայական ջարդերն ու արտաքսումը։ Հասունացող դեպքերը դառնում էին աղետալի։ Գալիս էին այն օրերը, որոնց մասին «Հողին ձայնի» և «Գերեզմաններեն ապաշավի» մեջ, հակառակ հայ դաշնակների ողորմելի գործելակերպի, Սիամանթոն խոր ներքնատեսությամբ և տագնապով հիշեցնում էր.
Աճապարե’ք, ձեզի՜ եմ, որովհետև բոլոր կյանքերը պիտի ջախջախվին,
Բոլոր ամոլները պիտի այրիանան ու բոլոր այրիներր պիտի մահանան,
Բոլոր նորածինները իրենց խանձարուրներուն արյունոտ ծալքերուն տակեն,
Իրենց կյանքին անգիտակ աչվըները մահվան մեջը պիտի բանան…
Այժմ արդարանում է նաև նահատակների անունից ասված դառն հանդիմանության խոսքը.
Այն որ կռիվը չի սիրեց, արժանի չէ այս օրվան…
Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք…
Արդարանում էր Սիամանթոյի խոսքը՝ ընդդեմ երիտասարդ թուրքերի քաղաքական ստորության և եղբայրության սուտ երդումների.
Եղբայրության մեր կոպերը սրտառատ թշնամիները քրքիջներով ընդունեցին…
Արդարանում էր Սիամանթոյի խոսքը՝ իմպերիալիստական մեծ տերությունների նենգ քաղաքականության մասին.
Կրակեցեք մինչև որ՝ ծովուն վրա քնացող ռազմանավերն օտար
Արդարության անդնդախոր իրենց քունեն թերևս րոպե մը արթննան։
ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO СИАМАНТО
Իրականանում էր Սիամանթոյի ներքնատեսությունը։ 1915 թ. ապրիլին, եվրոպական տերությունների պաղ հայացքի տակ, թուրքական ու գերմանական միլիտարիստները սկսում են հայ ժողովրդի բնաջնջումը։ Նորից հայերը բռնում են օտարության ուղիները, շիկացած անապատներում ձգվում են որբերի, ծերունիների և կանանց անվերջ շարքերը։ Թուրքական կառավարությունն ամենից առաջ, իհարկե, որոշում Է գլխատեյ ժողովրդին, այսինքն՝ սրի քաշել մտավորականությանը։ Ապրիլի 11-ի եղեռնի գիշերը բանտարկվում են 210 մտավորական, որոնց թվում Էին Սիամանթոն, Վարուժանը, Զոհրապը, Կոմիտասը, Ռուբեն Սևակը, Թլկատինցին, Օտյանը, Երուխանը, Զարդարյանը, Տիգրան Չեոկյուրյանը, Մելքոն Կյուրճյանը, աքսորվում են հայ երգը, խոսքը, միտքը, աքսորվում են մայրը, զավակը, ավերվում է օջախը, «արևադարձային տաքություն է բարձրանում հրդեհի տրված ազնվական քաղաքներեն», աշխարհի քարտեզից հանվում է հինավուրց մի հայրենիք, իմպերիալիստական քաղաքականությանը կուլ է գնում պատմության քառուղիներում մաքառած, հոգևոր անհուն գանձերի տեր մի ժողովուրդ, անապատի կիզող արևի տակ թառամում և ընկնում են սովահար մանուկները, թուրքական և քրդական վայրենի հրոսակներր՝ թուրքական կառավարության հրահանգով, բնաջնջում են անպաշտպան մարդկանց։ Հայ բանաստեղծը, որ աշխարհին ծագեծագ խաղաղություն էր ցանկանում, տեսնում Է ժողովրդի զավակների ցիրուցան շարքերը՝ բռնած արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ… Հողմի բերանն ընկած ժողովրդի մի մասը բռնում Է հյուսիսի ճանապարհը’ դեպի Արևելյան Հայաստան։ Եվ սակայն նմանը չունեցող այս աղետի պահին անգամ, մահվան սարսափն աչքերում հայ մայրը անապատի ավազների վրա երեխաներին սովորեցնում Է հայ գիրը, մեսրոպյան տառերը… ինչպիսի՜ ողբերգություն, և դրա հետ միասին՝ կենսական ի՞նչ մեծ ուժ.,, այն ժողովրդի մեջ, որը, այնուամենայնիվ, ներքին հավատով էր նայում ապագային, ցանկանում էր ապրել և ապրեց…
Նրբին ու արցունքոտ տողերից է հյուսված Գ. Սարյանի պոեմը’ դեպի կառափնարան տարված հայ մտավորականների. և ժողովրդի անծայր վշտի, ժողովրդի ու զավակների բաժանման մասին («Դեպի կառափնարան»)։
Այստեղ էին նրանք… Վարուժանը խոհուն,
Սիամանթոն՝ հայացքն ուղղած դեպի եթեր,
Եվ ով գիտե արդյոք, արդյոք ի՞նչ էր խոոհում
Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր…
…Նավը շարժվեց։ Դանդաղ պոկվեց արդեն ափից,
Բռնած անհայտ ու մութ հեռուների ճամփան,
Ու տարածվում էր դեռ օդում աղերսալից
Հայոց պատարագի հուզիչ « տեր ողորմյան…»։
Նավը շարժվեց՝ինչպես մռայլ մի դամբարան,
Եվ խուլ տնքաց՝ ցավից բազմությունը ափին,
Վերջին հրաժեշտիհայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես տխուր հողաթմբին…
ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO
Հայ մտավորականների մի մասին տեղափոխում են Անկարաի կուսակալության Այաշ գյուղաքաղաք, մյուս մասին՝Չանկրը քաղաք։ 1915 թ. մայիսի մեկին նա արդեն Այաշի բանտում Էր.մենք միայն կցկտուր տեղեկություներ ունենք մեծ նահատակների կյանքից։ Մայիս և հունիս ամիսներին Սիամանթոն դեռ Այաշի բանտում Էր…
Մեզ հասել են հինգ երկտող՝ փոքրիկ նամակ գրված տաճկերեն լեզվով…
Այդ նամակները խստորեն քննվում Էին բանտային ցենզուրայի կողմից, բնականաբար, Սիամանթոն քիչ բան կարող Էր ասել հարազատներին, մարդկանց, աշխարհին։ Թվում էր սակայն, որ նա դեոևս լավ չէր պատկերացնում աղետի մեծությունը, կարծում էր, կամ թերևս միտումնավոր, ոստիկանությանն ու իշխանություններին հասկացնելու նպատակով էր գրում, թե իր բանտարկությունը լոկ թյուրիմացության հետևանք է։ Ահա մեզ հասած այդ թանկագին նշխարներից մի քանի տող ուղղված եղբորը. «Եղբայրս, դու լավ գիտես, որ քաղաքական հարցերով երբեք չեմ զբաղված և բանաստեղծություն գրելուց զատ ուրիշ գբագմունք չեմ ունեցած։ Փոքր մի հանցանք, նույնիսկ կասկածի տեղի տալիք որևէ գործունեության մեջ գտնված, դու գիտես. բարձրագույն ատյանին դիմելով ազատ արձակվելուս համար ջանալդ խնդրում եմ,..»։ Նույն նամակում նա հիշում է Մաննիկ Պերպերյանի անունը, եղբորից տեղեկություն է խնդրում Սկյուտարում ապրող սիրած աղջկա մասին։ 1915 թ. հունիսի 26-ի նամակում Սիամանթոն մի ներքին ջերմությունից հիշում է մխիթարության կարոտ մորը, ապա կրկին, կարծես թուրքական ցենզուրային հասկացնելու համար, իր բանտարկությունը համարում է մի թյուրիմացություն, որը կհարթվի «արդարադատ պետության կողմից»։
Այնուհետև պատմությունը լռում է, ասպարեզ են գալիս հուշերը, զրույցները, գրեթե լեգենդար պատումները։ Սիամանթոյին և ընկերներին օգոստոս ամսին կառքով տանում են անհայտ ուղղությամբ։ Ի՞նչ էր մտածում վերջին օրերին բանաստեղծը։ Ասում են՝ նա լուռ էր, ընկճված ցավի ծանրության տակ, չէր խոսում, քայլում էր մոլոր, ինքն իր հետ, վերացած շրջապատից, մարդկանցից, աշխարհից, քայլում էր անէացած, ոգիացած, բռնված տիեզերական ցավով։ Թերևս նա հիշում էր մանկության երազ օրերր,— Եփրատի աղմուկն ու ալիքները, թերևս հիշում էր տառապած մոր դեմքը, սիրած աղջկան։ Թերևս նրա միտքը թևածում էր հայ պատմության քառուղիների վրա,— դժվար է ասել։ Սիամանթոն աշխարհից հեռանում էր բոլորո՛վին երիտասարդ, անավարտ թողնելով մտքի մի հոյակապ տաճար, իր հետ տանելով այնքան ծաղկուն երազներ, գալիք արշալույսների այնքան կարոտ ու սեր։ Նրա հոգում երևի ծփացել են հայրենի հեռաստանները, կրկին ծավալվել դարերի հնություն ունեցող և այնքան նոր արյան շառագույն տվող տառապանքի ալիքները։ Ու նա վերջին անգամ այնքան իրական, այնքան պարզ տեսել է իր ժողովրդին՝ ծովացյալ վշտի մեջ, կրկին ապրել իր տառապանքը։ Սիամանթոյի վախճանը նրա ստեղծագործության վերջին, արյունոտ էջն էր, հայրենական ցավի վերջին ելևէջը, որ այնքան խոր ակոս ձգեց սերունդների հոգում։ Ժողովրդական ողբերգության վերջին ակորդները, երկրեերկիր ձգված աքսորյալների ուղիները, հայրենի երկրի տիեզերական ցավը հաստատեց մեծ բանաստեղծի հոգու ներքնատեսությունը» քանի որ նրա ստեղծագործության մեջ տարիներ առաջ ընդգծված, մեծացած, խոշորացած արդեն արտացոլվել Էր գալիքի պատկերը։
Ականատեսները թողել են ցնցող հուշեր Այաշի բանտարկյալների ճակատագրի մասին։ Նրանցից մի մասը գազանաբար հոշոտվում է Ուրֆա-Տիգրանակերտ ճանապարհին։ Այաշում մնացած բանտարկյալները բաժանվում են երկու մասի`մի խումբը, որոնց թվում Սիամանթոն, 1200 հոգիանոց քարավանի հետ, ըստ երևույթին օգոստոսի վերջին******, գազանաբար հոշոտվում Է Անկարա քաղաքից 4 — 5 ժամ հեռավորություն ունեցող մի ձորի մեջ, մի մասը` 27 աքսորական, չարչարանքի Է ենթարկվում Այաշից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող «Գապլը պելի» լեռան ստորոտում։ Թուրքական ոստիկանները, միացած տեղի կույր ու մոլեռանդ ամբոխի հետ՝ բառիս բուն իմաստով չարչարում են մեռնող մարդկանց, հոշոտում մարմինները, սվիններով քրքրում վիրավորներին։ Մահամերձները մահ Էին խնդրում ոճրագործներից, իսկ թուրք խուժանը, բանտերից բաց թողնված չարագործները, շրջապատի թուրք գյուղացիների մի մասը կացիններով, քարերով, երկաթե ձողերով, բրիչներով դեռ տանջում Էին զոհերին։ «Սրբազան ջիհաթին» մասնակցում Էին մոլեռանդ գյուղացիները, հանցագործները, ոստիկանները, եվրոպական կրթություն ստացած մինիստրներն ու մտածողները։
Իջնում Է գիշերը․ վայրի գազանները շարունակում են թուրքական բարբարոսների, նախապատմական վայրենիների արյան խրախճանքը։ Իսկ առավոտը թուրք մարդասպանները Այաշի գյուղերում և Անկարայի փողոցներում քայլում Էին զարդարված եվրոպական տարազներով, հայ նահատակների զգեստներով։ Չարչարանքի ու մահվան տեսիլներ, արյան ու ավերումի գիշերներ, կոտորածի ու «հանգստի» երեկոներ,— ահա արևմտահայ ժողովրդի պատմությունը՝ քաղաքակրթության դարաշրջանում, նրա տառապանքների վերջին էջերը, որոնք զարմանալի ներքնատեսությամբ կանխագուշակել Էր Սիամանթոն և վաղօրոք իր ցավատանջ երևակայությամբ ստեղծել գալիք աղետների, իր և ողջ ժողովրդի տառապանքի ու բախտի ճշմարտացի պատկերը։
ճակատագրի դաժան խաղով Սիամանթոյի հոգեհանգստի երգերը զարմանալի նման դուրս եկան իր իսկ օրհասի, իր ժողովրդի կործանման պատկերներին։ Արդյոք այդ բախտի գուշակությունը չէ՞ր «Մահերգը», անդագաղ մնացած հոգիների շրջող ցավի արձագանքը․․․
Ու ես, անմխիթար,
Հեռավոր հոգիներ ու պայծառ լացն իմ վրաս,
Ուրիշ անծանոթ հորիզոններե,
Գիշերներով իմացա։
Ու մահագույժ զանգակներու,
Ոսկեհնչուն հսկա քայլերր ցնորաբեր՝
Ոգեկոչող ու դիվական,
Ու քարայրին պարապը՝ քալող ուրվական՝
Մարմնույս վրա ահագնապես փոթորկեցանք,
Թերևս դագաղի մը հիշատակին՝
Որուն վրա արծաթ մուրճեր չի հնչեցին,
Վերջապես գամելու համար
Վրդովված անմեղությունը մոռացումին։
Ու ալ չեմ գիտեր ուր տարին,
Անբիծ մարմինս անիրավորեն լքված,
Հողին բոլոր ապարդյուն փառքերեն վիրավոր,
Ու իր արյունի բոլոր ճամփաներեն դժգունած․․․
Հետո հոգիս թռչուններուն հետ գիշակեր,
Խելահեղորեն գերեզմանե գերեզման,
Ամեն գիշեր,
Մութեն արյունած իրենց Ցավովը հպարտ,
Խենթության մահերգներն աքսորեցին
Հորիզոնե հորիզոն,
Ձեր արևներեն ու հողեն հուսահատ,
Հոգիներուն կյանքին։
Գիտե՞ք, դեպի ո՞ր Մահը դաժանորեն եղերական՝
Երբ ձեր հոգիները հողին փառքեն ալ վիրավոր,
Ու իր երկար օրերեն հոգնած՝
Ուր հեռավոր միջոցներեն սգավոր,
Դժգունորեն պիտի էրթան։
Սիամանթոյի երգերը դարձան իր եղերական բախտի հուշարձանը, նրա ստեղծագործությունը մինչև այսօր պահպանում է նաև իր ճանաչողական նշանակությունը, մնում է ազգային տառապանքի, արյան ու չարչարանքի օրերի գեղարվեստական խորունկ պատմությունը, մեր մոտիկ անցյալի անողոք ճշմարտության անխարդախ հայելին։
ժամանակակիցները, Սիամանթոյի ընտանիքը մոտիկից ճանաչելով, հուզիչ հուշեր են թողել բանաստեղծի մոր մասին։ «Այս ծերունազարդ պարզունակ կինը,— հիշում է Արշակ Չոպանյանը,— ազնիվ հայուհիի ու մանավանդ հայ մոր մտատիպար մըն էր, որ ուներ մեր ժողովրդին բոլոր հատկությունները, առանց անոր որևէ թերությունն ունենալու»։ Խորազգաց կինը, որից Սիամանթոն ժառանգել էր հոգեկան մեծ հարստություն, երկար ժամանակ չէր հավատում որդու կորստյանը, տարիներով սպասում էր սիրելի Ատոմի վերադարձին։ Պատմում են, որ շատ տարիներ հետո, ծանր հոգեվարքի պահին, մայրը հարցնում էր որդու մասին, կարծելով, որ կորած որդին դարձել է ու սպասում է մյուս սենյակում։ Ո՞վ կա, արդյոք, ներսի սենյակում, անընդհատ հարցնում է մայրը, և այդ խոսքն էլ կիսատ՝ տալիս հոգին։
Կորստյան ծանր լուրից հետո մայրր՝ Նազենին, Գայսերլիօղլու փողոցի վրա գտնվող իր տան (№27) բակում տնկել էր մի թթենի՝ որդու հիշատակի համար։ Տարիներն անցնում էին, ամեն գարնան կանաչում ու բարձրանում, ճյուղ էր տալիս թթենին, բայց հեռուներից տուն չէր դառնում կորած զավակը։ Թթենին բերք է տալիս, քաղցրանում է հիշատակի առաջին պտուղը, իսկ մայրը դեռ սպասում է․․․ Ակամա հիշում ես «Թթենին» բանաստեղծությունը։ Ողբերգական բախտի ինչ նմանություն, կյանքի ու բանաստեղծության ինչպիսի՞ զուգադիպություն։
Մնո՞ւմ է արդյոք մոր ձեռքով տնկված թթենին, Սիամանթոյի հիշատակը, թե՞ սղոցված է արմատից… Դժվար է ասել։ Բայց ժողովուրդը՝ բանաստեղծի մեծ մայրը, իր հոգում բարձրացրել է նահատակի անձեռակերտ արձանը։ Սիամանթոն ապրել է ժողովրդի համար, արյուն տվել ժողովրդի հետ, տառապանքի ու արյունի միջից տեսել արշալույսներ, արևներ, հավատացել իր հայրենիքի հավերժությանը։ Այդպիսի բարձր գիտակցությամբ մահվան գնացող, այսպիսի ազնիվ վաստակ ստացող զավակների հայրենիքը չի կարող անհետանալ դարերի հողմերից։ Կենսունակ, ապրող, ստեղծող, երազող այդ ժողովուրդն էլ իր հետ հավերժորեն տանում է նրանց վաստակն ու անունը։
Երբ Հայրենական պատերազմի օրերին հայ մարտիկները գրոհում էին մեր հողի անողոք թշնամու՝ գերմանացիների վրա հայկական թերթի ճակատին փայլատակեց Սիամանթոյի մարտական կոչը՝ «Զա՛րկ, Կովկաս», երբ ավերվում, մոխրանում էին սովետական գյուղերն ու քաղաքները, կործանվում սրբությունները, «Պրավդա» թերթի առաջնորդողում մորմոքում էին Սիամանթոյի սրտառուչ տողերը՝ «Արցունքով, արցունքով լսեցի, որ ավերակ առ ավերակ․․․» («Ափ մը մոխիր հայրենի տուն»)։ Երբ աշխարհով մեկ ցրված հայությունը ջերմանում է հեռու հայրենիքի՝ Սովետական Հայաստանի կրակով, մի առանձին ուժ և իմաստ է ստանում «Հայրենի հրավերը»։ Երբ մեր երկրի զավակները հարազատ հողի վրա և նույնիսկ օտար ափերին զարգացնում են ազգային մշակույթը և մասնակցում համամարդկային արվեստի ու գիտության ստեղծմանը, առանձնապես հոգեհարազատ է դառնում «Սուրբ Մեսրոպը», երբ Նորքից իջնում ես ու անցնում համալսարանի թաղամասով, տեսնում հազարավոր պատանիների հոսանքը դեպի մտքի տաճարները, զգում նրանց ուժն ու ոգու առողջությունը, երբ շրջում ես հայրենի դաշտերով, չես կարող չհիշել բանաստեղծի պայծառ տեսիլևերն ու խոհերը
ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO
Սերունդներ կան իմաստության ծարավի,
Ուղեղներ կան երիտասարդ՝ սերմնացանին սպասող..
Քաղաքներ կան որ կը հեծեն ավերին տակ ահարկու,
Եվ հողը կա դեռ, հղի պերճանքներով բեռնավոր,
Թաքուն հույսի և հուրերի շտեմարան…
Սիամանթոն ապրում է սերունդների հետ, իր հայրենիքի հետ։ Եվ թեև արևմտահայ մի քմահաճ ուղեղ, մի Հակոբ Օշական, վարագուրված ամոթխած ժպիտով, փորձ է անում ինչ-որ ձևով դուրս հանել նրան «իրավ», ճշմարիտ բանաստեղծների շարքից, հայ գրականությունն ու կյանքը ասում են իրենց արդար վճիոը։ Թեև տասնամյակներ շարունակ մեզանում գռեհիկ սոցիոլոգները, ինչպես նաև պարզապես անբարեխիղճ մարդիկ, թև առնելով անհատի պաշտամունքի արատավոր ու անազնիվ մեթոդներից, սև գիծ են քաշել ժողովրդային ազնիվ բանաստեղծի վրա, ճշմարիտ հայրենասիրությունն ու մարդասիրությունը որակելով որպես մարդատյացություն ու շովինիզմ, այնուամենայնիվ, արդարադատ ժամանակը խոսում է Սիամանթոյի օգտին։ Բանաստեղծը, որ այնքան տառապել գիտեր և այնպես երազել, իր մռայլ օրերին գրել է.
…Արդարության առավոտը դաժանորեն հեռու է, և իդեալիս երկինքներն անհատակ…
Այդ բանաստեղծն այսօր մեզ հետ է։ Նրա ստեղծագործության լավագույն ավանդներն ապրում են, արգասավորելով սերունդների գրական աշխատանքը։ Սերունդները չեն կարող մոռանալ այն բանաստեղծին, որն իր շքեղ տաղանդով դարերի համար քանդակել է ազգային տառապանքի պատկերը, մաքրափայլ թերթերի վրա բանաստեղծել ժողովրդի ցավն ու ժողովրդի ուժը։
Երբ մտածում ես բանաստեղծի վաստակի ու բախտի մասին, ակամա հիշում ես Օսկար Ուայլդի իմաստուն հեքիաթը վարդի ու սոխակի մասին։
Ձմռան ցրտին, երբ քնած է բնությունը, սիրո ծանր տագնապներով բռնված պատանին կարմիր վարդ է որոնում։ Սոխակը կրակվում է պատանու ցավով, չորացած վարդի թփին ողջ գիշեր նա երգում է իր ամենանուրբ, քնքուշ, հավիտենական սիրո երգը, բայց վարդը չի բացվում։ Եվ սոխակը փշին է սեղմում կուրծքը։ Երգում է սոխակը, վառվում են վարդաթերթերը. մեծանում է վերքը, փուշը խորանում է նրա կրծքի մեջ։ Սոխակի երգով ու արյունով բացվում է վարդը․ սոխակը մեռնում է, որպեսզի երջանիկ լինի պատանին և հավիտենական նրա սերը։ Բայց սիրուց մերժված պատանին դեն է նետում վարդը, մոռանում մեռած սոխակին և սերը։
Նման չէ՞ արդյոք Սիամանթոն մեռնող սոխակին… Մեր պատմության դաժան ցրտերին նա իր տաղանդով ու արյունով երգել է տառապանքի և հավերժ սիրո երգերը, սերունդներին ներարկել հայրենիքի սիրո զգացմունքը։ Երգել է՝ կուրծքը սեղմած չարիքի սրերին և իր երկրի արշալույսի համար տվել ջահել կյանքը։
Բայց ինչ-որ մի բան հեքիաթի մեջ հարմար չի գալիս մեր պատմությանը։ Հակառակ չար ու չոր հոգիներին, Սիամանթոյի արյունով բացված վարդերը, նրա չքնաղ բանաստեղծությունները դեն չեն նետվել։ Հայ սերունդները նման չեն Օսկար Ուայլդի անշնորհակալ ուսանողին, որը հենց սոխակի արյուն տալու պահին հարմար էր գտնում մտածելու․ «Իրականում նա նման է արվեստագետների մեծ մասին․ մեծ վարպետություն և ոչ մի կաթիլ անկեղծություն»։ Մեր սերունդը իր կրծքին է սեղմում հայրենական հողի մեծ բանաստեղծի սրտի արյունով աճեցրած վարդերը և սիրով հիշում այն բանաստեղծին, որ խավարի մեջ, տառապանքի քառուղիներում այրվել է հոգեպես ու ֆիզիկապես, իր ժողովրդի փրկությանը ողջակեզ բերած կյանքով ոլ բանաստեղծությամբ՝ լույսի ու երազի ճանապարհ բացել հայ մարդու առաջ։ Պատմությունը երախտամոռ չէ։ Նա դարերի երկար ուղի է նշել Սիամանթոյի ազնիվ անվան ու վաստակի համար․․․
ՍԻԱՄԱՆԹՈ SIAMANTO, 1964. II
ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Ընտիր երկեր
Բանաստեղծության հազարամյա խորհուրդը
Հայագիտարան Հայաստան
Օգնություն կայքին Patreon
Օգնություն կայքին Donate
* ԳԱ գրական թանգարան, Սիամանթոյի ֆոնդ
** «Ամերիկյան դեսպան Մորկենտաոuի պատմածները», Պոլիս, 1919, էջ 354, թարգմ. Միք. Շամտանճյան։
*** «Ամերիկյան դեսպան Մորկենտաուի պատմածները», Պոլիս, 1919, էջ 328, թարգմ. Միք. Շամտանճյան:
**** Նույն տեղում, էջ 333:
***** «Геноцид армян в Османской империи», Ереван, 1966, под , ред проф. М. Г. Нерсисяна, составители М. Г. Нерсисян, Р. Г. Саакян.
****** Ինչպես պատմում Է Միք. Շամտանճյանը, օգոստոսի 13/26֊-ին, գիշերը, Վարուժանն ու Ռուբեն Սևակը պատրաստվում են տեղափոխվելու Այաշ։ Նրանք քաղցրավենիք էին պատրաստում Այաշի ընկերների և Սիամանթոյի համար։ Մյուս օրը ճանապարհին նրանք սպանվում են։ Ըստ երևույթին մի քանի օր հետո «լուծվում է» նաև մյուսների հարցր։
ES LIOVIN HAMAZHAYN EM RUBEN SEVAKI XOSQERIN,DRA APACUC@ KONCHITANA….EVROPAN XAYTARAKUTYUNNERI TATERABEMA…
ES LIOVIN HAMAZHAYN EM RUBEN SEVAKI XOSQERIN,DRA APACUC@ KONCHITANA….EVROPAN XAYTARAKUTYUNNERI TATERABEMA…
Ax im hayreniq,im cov huyzeri du mec shtemaran,aranc qez anzor em,aranc qo siro amtev u anter…o Mec Hayastan hayreniq zvart qo zavaknern misht cnca ughinerov bazmaxorunk…