ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱ
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ
Հայտնի ճշմարտություն է` պատմությունը կրկնվում է նրանց համար, ովքեր նրանից դասեր չեն քաղում։ Հայտնի է նաև, որ խելոքները դաս են քաղում այլոց սխալներից, իսկ հիմարները` սեփական։ Մենք` հայերս, դաս չենք քաղում ոչ մեկից ու ոչ մի բանից, անգամ` Հայոց ցեղասպանությունից:
ՀՀ անկախությունից հետո թվում էր, թե պետականորեն տեր կկանգնենք մեր դատին և կփորձենք վերականգնել պատմական արդարությունը, որքան էլ այն մահամերձ լինի կամ էլ նրա նրա այգաբացը թվա հեռու: Սակայն 1990-ական թվականների սկզբին ծավալվող հայոց ազգային-ազատագրական շարժումը վերաճեց զինված պայքարի, և մեր նորանկախ հանրապետությունը հայտնվեց հին ու դաժան թշնամու շրջափակման աքցանում: ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի բոլոր գործողությունները համապատասխանո՛ւմ էին պատերազմական վիճակին. միայն զինված հարձակում չի կատարել, կարելի է ասել, հրաշքով:
Ռազմի դաշտում հաղթանակած երկիրը, սակայն, զինադադարից հետո հայտնվեց բարոյահոգեբանական ծանր մթնոլորտում` ՀՀ իշխանությունների վարած ներքին քաղաքականությա՛ն պատճառով: Սրանց պարտվողական ու կրավորական կեցվածքը և վարքագիծը մեզ պարտության մատնեցին քարոզչակա՛ն ճակատում, որը շարունակվում է մինչ օրս: Սա՛ է արդի փուլի մեծագույն ողբերգությունը, որն ուղեկցվում է հայկական երկու հանրապետություններից և ողջ տարածաշրջանից հայության արտագաղթով: Իսկ Սիրիայում ստեղծված կացությունը մեկ անգամ ևս բացահայտեց մեր պետական քաղաքականությունը գաղութահայության նկատմամբ: Հիշենք, թե երկրաշարժից հետո ի՛նչ էին անում սիրիահայերը աղետյալ հայրենիքին օգնելու համար: Իսկ այսօր, երբ սիրիահայ համայնքն ինքն է աղետալի վիճակում հայտնվել, ոչ մի ընտանիք ցանկություն չունի մշտական բնակություն հաստատելու Մայր հայրենիքում: Սա` նաև ըստ ՀՀ սփյուռքի նախարարի. այս մասին օգոստոսի 12-ին նա ասաց հեռուստաեթերից: Սրանից շատ լուրջ հետևություններ պետք է անեն մեր երկրի ղեկավարները, մանր ու միջին բոլո՛ր չինովնիկները…
2000-ի շեմին մեր ժողովրդի մեջ արտերկրից սկսեցին ներարկել հայ-թուրքական «երկխոսության» և «հաշտեցման» բացիլները: Մի բավական տխուր փուլ անցանք այս շրջանում` թուլացնելով ու բթացնելով մեր զգոնությունը մշտարթուն թշնամու նկատմամբ: Զուգահեռաբար շուկան շարունակվեց և այսօր էլ շարունակվում է հեղեղվել թուրքական` կասկածելի արտադրության ապրանքով` «բիզնեսը հայրենիք չունի» կարգախոսով:
«Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով» ստեղծելու նախաձեռնությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտինն էր, պատվիրատուն, իհարկե, Թուրքիան: Դեռ 2000-ի նոյեմբերին Թուրքիայի ԱԳՆ-ն մշակել էր «Հայկական հարցի չեզոքացման նախագիծ» և ներկայացրել կառավարությանը: Նպատակը հետևյալն էր` հնարավոր ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը եվրոպական խորհրդարանների օրակարգից համար: Ըստ սրանց տրամաբանության, համաշխարհային հնչողություն հաղորդելով «պատմությունը պատմաբաններին թողնելու» թեզին, պատրանք կստեղծվի, թե հարցը հանձնված է հասցեատերերին` քննարկելու: Հետևաբար` ավելորդ ու անիմաստ է դրա քննարկումը այս կամ այն խորհրդարանում:
Այս քաղաքականությունը շուտով ցույց տվեց իր սնանկությունը, իսկ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովն» ինքնալուծարվեց, սակայն նրա բացիլները շատ կենսունակ դուրս եկան: Հայ-թուրքական հաշտեցման ինչ կարգի ու ռանգի գովեստներ ասես, որ չելան ջրի երես: Թվում էր, թե արտերկրում առավել քիչ հավանական պետք է լիներ ուղեղների լվացումը հայերի միջավայրում, մի բան, որ այստեղ արվում է պետակա՛ն մակարդակով:
Այսպես` ամենահանրահայտ հայերից, օրինակ, Հրանտ Դինքը թուրք-հայկական հաշտեցման շեփորահարներից էր, իսկ նրա սպանությունը, իսկ եթե ավելի անկեղծ լինենք` ասեմ` ինքնասպանությունը, բացառում կամ հերքում է հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ նրա դիրքորոշումը (ժամանակին Հրանտին ասել եմ, որ նրա գործունեությունն ինքնասպանության պես մի բան է, սա` ի դեպ): Համոզվա՞ծ էր Դինքը, որ հնարավոր է հայ-թուրքական հաշտեցում կամ որքանո՞վ էր վստահում այդ «հաշտությանը», չգիտեմ: Ավելի շատ հակված եմ կարծելու, որ դա նաև նրա ցանկությունն էր կամ գուցե ինչ-ինչ պատճառով ստիպված էր ցույց տալ, թե հավատում է հայ-թուրքական հաշտեցմանը. այս անհեթեթ հոգեվիճակի մասին էլ ժամանակին իմ կարծիքը հայտնել եմ նրան: Հրանտի սպանությունը, ավելի ճիշտ` հաշվեհարդարը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայ-թուրքական հաշտությունը բացառված է: Փորձում, բայց չեմ կարողանում հասկանալ այն հայ գործիչներին` պետական, կուսակցական, քաղաքական, գիտության, մշակույթի և այլն, որոնք խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին: Նրանց գերագույն ցանկությունը, Հրանտ Դինքի հանգույն, թուրքերին «քաղաքակիրթ» դարձնելը կամ այդպիսին տեսնելն է, որն իրականում մեզ համար հղի է ծանր ու անդառնալի հետևանքներով: Կարծում եմ` բոլոր տրամաչափերի մերօրյա «դեմոկրատներն» իրենց «մարդասիրությամբ» ընդամենը հիմարացնում են հայությանը: Իսկ դա նշանակում է, որ մեր գլխին մշտապես կախված են սումգայիթը, բաքուն, բուդապեշտը, ստամբուլը…
Ո՞վ չգիտե, որ աշխարհում այսօր ամեն ինչ է արվում ժողովրդավարության քողի տակ: Այդ նպատակով հենց միայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ամենադասական օրինակն է, որ հաճախ եմ հիշատակում: Շատերն են ոգևորված Թուրքիայի առաջխաղացմամբ: Իսկ դա ինձ հիշեցնում է երիտթուրքերի 1908-ի հեղաշրջման նախօրեն: Այսինքն` չեմ տարակուսում, որ մարդկային կերպարանքը կորցրած ստահակը` թուրքը, փոխվում է երևութականորեն, նայած թե ինչ են պահանջում իրենց շահերը: Այսօր նույնպես եվրոպացի են ուզում դառնալ, ինչպես այն ժամանակ էր, երկրի ներսում ինչ-ինչ ազատություններ են տվել սեփական ժողովրդին խոսելու, կարծիք հայտնելու և այլն: Իսկ թուրքի իսկական տեսակը (ավարառու, բարբարոս, նենգ, դաժան, արյունռուշտ և այլն), չի փոխվում, այդ մասին` քիչ հետո: Նրանք 7 փականքի տակ են պահում Քեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը, որը Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հիբրիդն է: Եվ այսօր թուրքին այնքան չեմ վստահում, որ կասկածում եմ անգամ այդ ազատությունների համար պայքարի ճանապարհին վանդակաճաղերի հետևում հայտնվածների գործունեության ազնվությանն ու անաչառությանը: Համոզված եմ` դրանք էլ խաղեր են, քաղաքական փոքրիկ ներկայացումներ` Եվրոպայի աչքին թոզ փչելու համար: Գուցե ինչ-որ տեղ չափազանցնում եմ, չգիտեմ, բայց, համենայն դեպս, ամենահանրահայտ երկու թուրքի` Թաներ Աքչամի և Բասքն Օրրանի աճպարարություններին վաղուց արդեն շատերն են նաև ծանոթ:
Հայ-թուրքական կամ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս ճիշտ կլիներ, իհարկե, դրանք հակամարտություն անվանելը (ես հեծանիվ չեմ հայտնաբերում). իրականում դրանք հարաբերություններ չեն, իսկ եթե, այնուամենայնիվ, հարաբերություններ անվանենք, ապա հնարավոր չէ առանց «թշնամական» մակդիրի: Մի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների բացման և առանց նախապայմանների Թուրքիայի հետ ՀՀ հարաբերության մասին, միայն կույրն ու համրը չեն նկատի, խոսում են միայն հայկակա՛ն միջավայրում: Հայանուն և «խոհուն» այրերը, իհարկե, մի կողմից շեշտում են, որ Թուրքիան կատարել է ոչ սովորական, այլ հրեշավոր հանցագործություն` ցեղասպանություն, մյուս կողմից` փոխանակ հանցագործին պատասխանատվության կանչելու, նախապայման պարտադրելու, ընդհակառակն, ասում են` ուզում ենք առանց նախապայմանների ձեզ հետ հարաբերվել: Նախորդ` ՀՀՇ-ական իշխանությունների օրոք դա պատճառաբանված էր, բայց ՀՀ-ի այսօրվա` իբր ազգայնական և ցեղակրոն կոչվող իշխանավորների պարագայում, մեղմ ասած, տարօրինակ է: Սրանց կուզեի հիշեցնել Նժդեհի` «Հայի թշնամին թուրքն է», և ՀՅԴ հիմնադիրների «Հարատև կռիվ» արտահայտությունները, որոնք գիտե անգամ միջին դպրոցի քիչ թե շատ ուշիմ աշակերտը։ Լավ կլիներ` բոլորն իրենց ականջներին օղ անեին Շահան Նաթալիի ահազանգ-պատվիրանը. «Թուրքը, ի՛նչ գոյնի, հասակի ու չափանիշի ալ պատկանի, – իսլամական, օսմանցի, թէ թուրանական, – ունէր եւ ունի մէկ նշանախօս. «Մա՛հ Հայութեան ու Հայաստանին»*:
«Հավատալ, թէ թուրքին հետ բարեկամութեամբ կարելի է փրկուիլ, յաւակնիլ թուրք-հայ բարեկամական քաղաքագիտութեամբ խաբել թուրքը, անորակելի մէկ նոր ոճիր է, որ պիտի քաւենք ազգին մահով»**:
«…մեր դարաւոր արիւնին դասը պիտի ըմբռնէինք: Եւ այդ դասը որոշ չափով պիտի լրացնէր մեր կամքէն անկախ քաղաքագիտական պակասը:
Ու հետեւանքը պիտի ըլլար այն, որ թուրքի բարեկամութեան մէջ պիտի տեսնէինք մեր ստոյգ մահը, պիտի խուսափէինք այդ բարեկամութենէն, որու միակ ու ապացուցուած յատկանիշն է շղթայել հայուն ձեռքը, բանտել ու կացնահարել, եւ վերջապէս պիտի մղուէինք, գտնել միջոցը ապրելու, մինչեւ որ օր մը քաղաքագէտ դառնայինք:
Կարելի է հայուն համար քաղաքագիտութեան փորձեր կատարել որեւէ մէկուն հետ, միշտ խաբուելու անխուսափելի պայմանով անգամ, բայց ո՛չ թուրքին հետ»***:
Լավ է ասված` «ո՛չ թուրքին հետ»:
Այսինքն` թուրքը հենց սկզբից ունեցել և այսօր էլ ունի հայությունն ու Հայաստանը վերացնելու պետական և ազգային հստակ ծրագիր: Իսկ մե՞նք… Մենք գոնե ունե՞նք պանթուրքիստական այդ ծրագրի էությունն ըմբռնելու տարրական` պարզագույն գիտակցություն…
Ի հեճուկս այս ամենի` ՀՀ-ի հետ հարաբերվելու համար թուրքերը մեր առաջ դնում են որոշակի նախապայմաններ` մե՛զ մեղադրելով ցեղասպանության համար: Իսկ Դինքի սպանությունից հետո հին ու փորձված մեթոդով թուրքերն ստիպեցին միամիտների մի ահռելի զանգվածի մեկ անգամ ևս թմբկահարելու հայ-թուրքական «հաշտեցման» անհրաժեշտության քաղաքականությունը: Եվ ի հաշիվ սրանց` թուրքերը կարողացան իրենց երկրում ձևավորել նաև ՆԱՏՕ-ին, սիոնիզմին և, առհասարակ, հակահայկական բոլոր տեսակի ուժերին ծառայող հերթական «հինգերորդ զորասյուն», ու աշխարհի աչքի առաջ մեզ ստորագրել տվեցին մի աննախադեպ նվաստագիր` կրկին ցույց տալով մեր ճակատի խարանը` հիշեցնելով Կարսին առնչվող բոլոր գործարքների և հանցավոր գործողությունների հավիտենական ամոթն ու խայտառակությունը:
Այո, վերջին տարիներին շատ են խոսում ժողովրդավարության ուղին բռնած Թուրքիայում նոր արժեհամակարգի ձևավորման մասին: Մարդիկ չեն թաքցնում իրենց լավատեսությունը հիշյալ հարցում: Սակայն մի բան է Եվրամիության դռները ծեծող ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի Հանրապետությանը գերտերությունների թելադրած ժողովրդավարացման ծրագիրը, բոլորովին այլ բան` կշեռքի նժարին դնել այս կամ այն ժողովրդի ազգային հոգեբանությունը, հոգեկերտվածքը, գենետիկ ժառանգությունը և այլն: Գիտնականները պնդում են, որ հնարավոր չէ կարճ ժամանակամիջոցում փոխել ժողովրդի էթնոհոգեբանությունը, այսինքն` էթնիկական, հատկապես էթնոհոգեբանական հատկանիշները ամենաիներտ, ամենադժվար փոփոխելի հատկանիշներից են: Նրանց կարծիքով` էթնոհոգեբանության տեսանկյունից մենք սկզբից ևեթ այնպիսին ենք, ինչպիսին եղել ենք, այսինքն` աննշան, ոչ էական փոփոխություններ ենք կրել: Այսինքն` պատմության գոյընթացում մեր ազգային հոգեկերտվածքը գրեթե չի փոփոխվել։ Բայց, ահա, ճակատագրի հեգնանքով մեր տարածաշրջանում հայտնվել է մեզ հակոտնյա էթնիկ մի տարր ու դարձել մեր հավիտենական թշնամին. սա գիտականորեն ապացուցում է նաև էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Ալբերտ Նալչաջյանը:
Չիմացողներին ուզում եմ տեղեկացնել, որ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ տխրահռչակ հոդվածի հիմքում Աթաթուրքի հանրահայտ ասույթն է. «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»: Նույն այս Քեմալ Աթաթուրքը խոստովանում էր. «…ունենք մի բարձ, որ ում գլխի տակ էլ դնես, քնում է: Այդ բարձը լցված է թմրանյութով» (ընդգծումն իմն է – Հ. Գ.): Հավանաբար այդ բարձը վաղուց է հայտնվել մեր գլխի տակ, այլապես չէինք մոռանա թուրքերի էթնիկ հատկանիշները և թուրքերի նկատմամբ այսպես անհուսալի լավատեսություն չէինք ցուցաբերի…
Որ մեր պատմական, ճակատագրական ու ոխերիմ թշնամին թուրքն է, տարիներ առաջ գիտականորեն հիմնավորել և թշնամու այդ տեսակի կերպարին բավական հանգամանորեն անդրադարձել է նաև պատմաբան, ցավոք արդեն հանգուցյալ Լենդրուշ Խուրշուդյանը իր «Հայոց ազգային գաղափարախոսություն» (1999) աշխատության մեջ: Բայց ճանաչո՞ւմ ենք արդյոք մեր թշնամուն: Մերօրյա մեկ այլ պատմաբանի` ակադեմիկոս Խուրշուդյանի սաներից` հայրենաբնակ սփյուռքահայ Գևորգ Յազըճյանի կարծիքով` «…մենք ոչ միայն չենք ճանաչում մեր թշնամուն, այլև համառորեն չենք էլ ուզում ճանաչել։ Մի՞թե նույնը չեղավ մեկ հարյուրամյակ առաջ` 1908 թվականին` երիտթուրքերի հեղաշրջումից անմիջապես հետո, երբ մեր բթամիտները գրկախառնվեցին թուրքերի հետ, քանի որ Օսմանյան սահմանադրությամբ հայի, թուրքի, արաբի և այլոց խնդիրը կախարդական փայտիկով «վերացվեց», և հայն ու թուրքը «եղբայրացան»։ Մեր սխալից չսովորեցինք նույնիսկ 1909-ի …. կոտորածներից հետո, մինչև հասավ Մեծ եղեռնը։ Դրանից հետո էլ չխրատվեցինք, դաս չքաղեցինք պատմական դառը փորձից, «Եղբայր դարձան Հայաստան, Ադրբեջան» երգեցինք։ Հետևա՞նքը: 1988–1990 թթ. հայկական կոտորածները Ադրբեջանում»****:
Ես հիշատակեցի հայրենաբնակ մի քանի գիտնականների տեսակետներ, ուզում եմ մեջբերել նաև արտերկրում, ավելի ճիշտ` Թուրքիայում ապրող երկու հայ մտավորականի կարծիք նույնպես:
Գրող, լրագրող, հրապարակախոս, Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի վաստակաշատ խմբագիր Ռոպեր Հատտեճյանը, որի հետ նույնպես զրուցել ենք այս հարցերի շուրջ, մի քանի տարի առաջ` մինչ Հրանտ Դինքի սպանությունը, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երևանում ելույթ ունեցավ հայ-թուրքական արդի հարաբերությունների թեմայով, ներկայացրեց թուրքահայ գաղթօջախի այսօրը և հիասթափեցրեց ոչ միայն ինձ… Թուրքահայության կացությունը նա ներկայացրեց ամենապայծառ գույներով, իսկ երբ նրա ելույթից հետո դահլիճից փորձեցին հարցեր տալ բանախոսին, հանդիպման կազմակերպիչները միջոցառումը հայտարարեցին… ավարտված: Իսկ Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրը «Ազգ» օրաթերթը հրապարակեց նույն պարոնի տագնապահար խոսքը. «Ինձ բարոյալքված, հուսախաբ եմ զգում: Այս երկրում հանրային կարծիքը պատրաստ չէ խիզախ կարծիքներ լսելու… Դինքը հաճախ համարձակ հայտարարություններ էր անում: Հայ համայնքը դեռ պատրաստ չէր այդպիսի կարծիքների, եւ ոմանք վախենում էին, որ նման վախճան կարող էր լինել: Ինչ էլ որ ասենք, դեպքը ողբերգական է, դա մեզ 50 տարով հետ կտանի» («Ազգ», 20. 01. 2007): Իսկ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրության նրա երիտասարդ գործընկերը հավելել էր, որ «անգամ ենթադրելի չէր, թե այդ աստիճանի վայրագ ոճիր կկատարվի հայի դեմ Ստամբուլում, դա անակնկալ էր համայնքի համար»*****:
Ի՞նչը «ենթադրելի չէր» և ինչո՞ւ «ենթադրելի չէր»… Ստամբուլում կրկին արյո՞ւն պետք է հեղվեր, որ մարդիկ «բարոյալքված, հուսախաբ» զգային և իմանային, թե ո՞վ է թուրքը: Մի՞թե այդ երկիրը քիչ արյուն է տեսել…
Իհարկե, փորձում եմ նաև ըմբռնումով ընկալել «Մարմարա»-ի և «Ժամանակ»-ի խմբագիրների այդ արտահայտությունները: Բայց այդ «ըմբռնումիադան» մի օր պետք է վերջ ունենա, չէ՞… Նրանք հանրահայտ մարդիկ են ոչ միայն իրենց իրե՛նց միջավայրում: Իսկ հասարակական կարծիքի վրա այս ձևով ազդելու իրավունք ոչ ոք չունի… Բայց անկախ ամեն ինչից, մարդիկ իրենք են ընտրում իրենց կեցության վայրը: Եվ եթե, այնուամենայնիվ, շարունակում են ապրել թուրքական բռնատիրության պայմաններում, պետք է որոշակիորեն զգույշ լինեն, հասկանալի է: Բայց ո՞վ է իրավունք տվել նրանց բթացնելու ազգի, թեկուզ Ստամբուլի հայերի զգոնությունն իրենց անհիմն և անբացատրելի լավատեսությամբ:
Չանձնավորենք, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այդպես դատող մարդկանց: Իսկ հասկանալու համար հարկավոր է տեսնել նաև մեդալի դարձերեսը: Բանն այն է, որ Թուրքական հատուկ ծառայություններում` ՄԻԹ-ում, գործում է հատուկ կառույց` վեցերորդ կամ Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչություն անվամբ, որի հիմնական գործառույթներից է նաև Թուրքիայի (ինչպես և սրանց աշխարհասփյուռ ազգակիցների) հնարավոր կամ հավանական թշնամիների նկատմամբ հոգեբանական ազդեցության մեխանիզմների կիրառումը: Ընդգծում եմ` սա արվում է պետական մակարդակով: Իսկ ես դարձյալ ուզում եմ հիշեցնել շուրջ 15-ամյա վաղեմության մի փաստ, որը պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը 2007-ին հրապարակել է իր «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում» գրքույկում. «…մոտ տասը տարի շարունակ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ համադրել է Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ռազմավարական հրամանատարության Հարավ-արևելք միացյալ հրամանատարությունը, որի անձնակազմի 70–80 տոկոսը թուրք զինծառայողներ են: Ավելին, ՆԱՏՕ-ում գործող Գործընկերության համադրման կենտրոնում Հայաստանի հետ համագործակցության սպայի պաշտոնը մշտապես տրվում է Թուրքիայի ներկայացուցիչներին, Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանին վերաբերող բոլոր քննարկումներում և նրա ոչ հայանպաստ, չհիմնավորված կարծիքը, մասնավորապես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, շատ դեպքերում անքննադատաբար հաշվի է առնվում ՆԱՏՕ-ի մյուս անդամների կողմից ու պարտադրվում ընդունվող փաստաթղթերում»******:
Ի հավելումն ասվածի` մեջբերեմ նաև պատմաբան և հրապարակախոս Գևորգ Յազըճյանի խոսքը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մասին. «Ամոթալի է արձանագրել այն փաստը, որ «Ազգային անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը գրվել է ՆԱՏՕ-ի, այսինքն` Թուրքիայի հետ համագործակցաբար, մինչդեռ ՀՀ իշխանավորները հպարտանում են այս խայտառակ փաստով։ Այս հայեցակարգում ակնարկ անգամ չկա առ այն, որ մեզ մեծ վտանգ է սպառնում Թուրքիայից կամ Ադրբեջանից: Չի նշվում, որ դրանք մեր թշնամիներն են: Սա ի՞նչ ազգային անվտանգության հայեցակարգ է… Սա պարզապես խայտառակություն է: Դա գրել են ամերիկացիներն ու մատուցել մեզ: Նրանք և ՀՀ իշխանավորները ո՞ր իրավունքով են դա բերում ու փաթաթում մեր վզին: «Ազգային անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը հայության այսօրվա ամենամեծ տգիտությունն է…» *******։
Եվ միշտ զարմանում ենք, որ տեղակատվական պատերազմում, որպես կանոն, հաղթում է թուրքը: Իսկ մեզանից քանի՞սն է մտածել, որ մե՛նք ենք նպաստում թուրքի հաղթանակին: Հեռու չգնանք: 2000-ական թվականների սկզբից հայ-թուրքական հաշտեցման տգետ ու տխմարագույն քարոզչությամբ մեր թիկունքում, սակայն աշխարհի աչքի առաջ, նաև նույն այդ աշխարհի շողոքորթ հաճոյախոսություններով հրապուրված, հերթական անգամ սկսեցինք նախապատրաստել մեր հոգեբանական պարտությունը: Ոչ ավել ոչ պակաս Ամերիկայի հայկական համագումարը «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումն անվանեց «առաջընթաց քայլ», իսկ 2001-ի հուլիսի 10-ի Ժնևի հանդիպումը գնահատեց որպես «միջազգային նշանակալի իրադարձություն», որի համար ժամանակին այդ կազմակերպությանը խստագույնս քննադատել եմ իմ հաղորդումներում` Հանրային ռադիոյի եթերում:
Նույնը կարելի է ասել երեկվա մասին, որ շարունակում է մեզ տհաճություններ պատճառել իր անորոշ ներկայությամբ: Խոսքս հայ-թուրքական ազգադավ, դավադիր արձանագրությունների ստորագրման մասին է, որն առանց «ազգային դավաճանություն» պիտակի դժվար է հիշելը:
Իհարկե, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեղքն այլո՛ց մեջ չեմ փնտրում: Ես չեմ մերժում օտար` թշնամի ուժերի միջամտությունները, պարտադրանքները, ստոր խաղերը: Ողջ խնդիրը մեր կրավորականության և դիմակայության պակասի մեջ է: Ո՞վ չգիտե, որ Թուրքիան ցեղասպանության իր քաղաքականությամբ մեզանից այդքան զոհեր չէր խլի, եթե ժողովուրդը պատրաստ լիներ ու դիմակայեր: Ո՞վ չգիտե, որ որտեղ հայերը զենք վերցրին ու անցան ինքնապաշտպանության, այնտեղ զոհերն անհամեմատ քիչ էին: Ո՞ր մեկն ասես: Օտարներն ամեն ինչ անում են ի շահ իրենց քաղաքականության: Իսկ մե՞նք: Հայ-թուրքական ինչպիսի «հաշտեցման» ու «բարեկամության» բացիլներ էլ մեջտեղ հանեին ու կրնկի վրա բացեին հայ-թուրքական սահմանը, որը, ի դեպ, Տիգրիս-Եփրատով է անցնում և ոչ թե Ախուրյանով, բոլորը միասին դատապարտված կլինեին, եթե մեր ազգային ինքնագիտակցության միջնաբերդն ամուր լիներ ներսի՛ց, եթե առողջ լինեին մեր ինքնապահպանման բնազդն ու դիմադրողականության ոգին:
Որքան էլ դաժան է ու դժվար, բայց խոստովանենք, որ «Հայկական հարց» արտահայտությունն այսօր մնացել է ուսումնական ծրագրերում: Հայկական հարցի լուծման մասին պարբերաբար խոսում ենք նեղ շրջանակներում` ասես դա մեզ համար անձնական հարց է դարձել, իսկ «Հայոց ցեղասպանության ճանաչում» եզրույթը հանրության համար արդեն գրեթե նույնացել է «Հայկական հարցին»: Պահանջատիրության մասին երբեք չի խոսվում պետականորեն: Ավելին, թուրք լրագրողի` Մեհմեթ Ալի Բիրանդի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հստակ ասաց, որ մենք հողային պահանջներ չունենք Թուրքիայից, իսկ հատուցման մասին խոսվում է առանձին անհատների մակարդակով: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որ օրակարգային է, դարձրել են զուտ բարոյական խնդիր:
Այստեղ կրկին ուզում եմ հիշել Հրանտ Դինքի խոսքը` այս անգամ առանց մեկնաբանության. «Հայաստանի համար միակ ճամփան է և կատարյալ ճամփաներեն մեկն է` կարենալ ԵՄ անդամ երկիր մը դառնալ: Սա ռոմանտիկ երազ մը կրնա գալ բոլորին: Ես ալ կընդունիմ, որ ռոմանտիկ հայացք մըն է ասիկա: Աս ալ կընդունիմ: Եթե մենք ուզենք, սա ռոմանտիկ երազը կրնանք իրական դարձնել, քանի որ մենք ունինք այդ իրավունքը նախ և առաջ: Ի՞նչ է այդ իրավունքը: Անցյալի նկատմամբ եթե կնայինք, մեր գլխուն ինչ որ եկավ ազգ ըլլալով, անոր մեջ մեծ դեր ունեցած է Եվրոպան` Անգլիան, Ֆրանսան, Գերմանիան: Եվ անոնք, որ հիմա կընդունին Հայոց ցեղասպանության ճանաչումը և այլն, այդ ուղղությամբ մեզի կմոտենան: Ես կխորհիմ, որ ատիկա չի բավեր մեզի: Մենք պետք է պահանջկոտ ըլլանք այդ ուղղությամբ և մեր պոզիտիվ իրավունքը պահանջենք, որն է` հատուցումը: Չեմ ըսեր` Թուրքիայեն հատուցում: Սխալ չհասկցվի (ընդգծումն իմն է – Հ. Գ.): Ատ տեսակ բաներու խոսելու մտադիր չեմ արդեն: Եվրոպան մեզի ի՞նչ պիտի ընե անցյալի իր նեգատիվ կեցվածքին նկատմամբ, այսօր ի՞նչ պոզիտիվ իրավունք պիտի տա մեզի: Այո, Եվրոպայի Սփյուռքը կրնա այս ուղղությամբ իր իշխանություններուն, իր կառավարություններուն մեծ ճնշում ընել` ըսելով. «Ազատեցեք և ձեր հատուցումը ըրեք մեզի պոզիտիվ իրավունք տալով` Հայաստանը Եվրոպայի անդամ դարձնելով»…. Եվրոպա կրնա նույնիսկ աշխարհի ժողովուրդներուն ըսել, Թուրքիային ըսել. «Հայաստանի նկատմամբ պարտականություն ունինք, հատուցում տալու պարտականություն ունինք անոնց անցյալին նկատմամբ և անոնք Եվրոպայի անդամ կդարձնենք»********:
Սա, ի դեպ, նա ասել է մեր եթերից` իր մահից շուրջ երեք ամիս առաջ:
Ի տարբերություն Դինքի` եվրոպացի քաղաքական հանրահայտ գործիչներից գուցե թե ամենադասականը` անգլիացի պետական և քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի երկարամյա վարչապետ Ուիլյամ Գլադստոնը, ոչ միայն լավ է ճանաչել թուրքի էությունը, այլև հասկացել է, թե ինչ չարիք է այն իր շրջապատի համար: «Բոլգարական սարսափներ և Արևելյան հարց» գրքույկում նա գրել է. «Ես պիտի աշխատեմ համառոտ և ընդհանուր գծերով ներկայացնել թուրք ցեղը, թե ի՛նչ է եղել նա և ի՛նչ է այժմ: Այստեղ հարցը սոսկ մահմետականության մասին չէ, այլ մի ցեղի առանձնահատուկ բնավորության հետ զուգախառնված մահմետականության մասին: Թյուրքը ոչ Հնդկաստանի հեզաբարո մահմետականներն են, ոչ Սիրիայի սալադինյան ասպետները և ոչ Սպանիայի քաղաքակիրթ մավրերը: Սկսած այն սև օրից, երբ թյուրքերն առաջին անգամ մտան Եվրոպա` մենք տեսնում ենք նրանց մեջ մարդկային մի հասարակություն` որ մարմնացնում է մարդկության թշնամուն: Ուր որ գնացել են նրանք` իրանց ետևից միշտ թողել են մի լայնատարած արյունաներկ հետք` և որ հասել է նրանց տիրապետությունը` այնտեղ անհետացել է քաղաքակրթությունը (ընդգծումն իմն է – Հ. Գ.): Ամեն տեղ նրանք եղել են ներկայացուցիչ ուժի վրա հենվող կառավարության, բացասելով օրենքի վրա հիմնված կառավարությունը: Այս կյանքում նրանց միակ ղեկավարը անհաղորդ ֆանատիկոսությունն էր, իսկ հանդերձյալ կյանքում դրա վարձատրությունն էր զգայասիրական դրախտը»*********:
Գլադստոնի խոսքը շատ դիպուկ լրացնում է անգլիական ասացվածքը. «Թուրքի տրորած տեղը խոտ չի բուսնում»: Ահա թե ինչու եվրոպացիները չեն ուզում, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը:
Ի՞նչ է փոխվել Գլադստոնի ժամանակներից: Լավ կլիներ, որ այս հարցի շուրջ ՀՀ իշխանությունները մտորեին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ, երբ «ճանապարհաֆուտբոլային» դիվանագիտական խաղի մասնակից դարձան 2015-ի նախաշեմին` հեճուկս հայության առողջ դատող հայրենաբնակ և տարասփյուռ զանգվածների:
Հայտնի ճշմարտություն է` պատմությունը կրկնվում է նրանց համար, ովքեր նրանից դասեր չեն քաղում։ Հայտնի է նաև, որ խելոքները դաս են քաղում այլոց սխալներից, իսկ հիմարները` սեփական։ Մենք` հայերս, դաս չենք քաղում ոչ մեկից ու ոչ մի բանից, անգամ` Հայոց ցեղասպանությունից:
Հասմիկ Գուլակյան
«Վէմ» ռադիոկայան, 22. 08. 2012
*Շահան Նաթալի, «Թուրքերը եւ մենք», ժողովածու, քաղվածքը` «Երէկի կրկնութիւնը» հոդվածից, «Շուշան» հրատարակչություն, 1992, էջ 110:
** Շահան Նաթալի, «Թուրքերը եւ մենք», ժողովածու, «Շուշան» հրատարակչություն, 1992, էջ 218:
***Նույն տեղում, էջ 223:
****«Վէմ» ռադիոկայան, 23. 01. 2007: Հասմիկ Գուլակյան, «Դարը` մեր մեջ, մենք` դարի», 4 հատորով, հ. 3, 2007, էջ 159–160:
*****Նույն տեղում, էջ 159:
******Արմեն Այվազյան, «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում», 2007, էջ 9:
*******«Վէմ» ռադիոկայան, 23. 01. 2007: Հասմիկ Գուլակյան, «Դարը` մեր մեջ, մենք` դարի», 4 հատորով, հ. 3, 2007, էջ 161–162:
********«Վէմ» ռադիոկայան, 27. 09. 2006: Հասմիկ Գուլակյան, «Դարը` մեր մեջ, մենք` դարի», 4 հատորով, հ. 3, 2007, էջ 166:
*********Լեո, «Կենսագրություններ. Գլադստոն», Թիֆլիս, 1899, էջ 182–183: