ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Arcakh / ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Երբ վերջերս հանրապետության նախագահը քարոզչական պատերազմ սկսելու հարց բարձրացրեց, մենք նրա ելույթն ունկնդրեցինք հեռուստատեսային բոլոր ալիքներով: Միաժամանակ օդից կախվեց ծանրաքարշ հարցականը. մեր հարգարժան նախագահը հույսը ի՞նչ ուժերի վրա է դրել:
Սկսած 1999 թ., երբ Հեյդար Ալիևը հանձնարարեց, որ ներկայիս Հայաստանի տարածքն էլ Ադրբեջան դարձնեն, մենք մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, վերջինը՝ հասցեագրված Հանրային խորհրդի ազգային ջոջ աղաներին, բայց անպատասխան մնացել, իսկ սայլն էլ տեղից չի շարժվել: Նախագահի ելույթին արձագանքում ենք` վերջապես: Վերջապես երկրի ղեկավարը կարևորեց քարոզչական պատերազմը:
Հանրահայտ է, որ ազերթուրքերի ներկա սանձարձակ շահարկումները` մեր պատմությունը, մշակույթը, մեր պատմական գործիչներին, մեր հայրենիքն իրենցը հռչակելով` աշխարհը մեր դեմ տրամադրել չէին կարող, նրանց քարոզարշավը այլ հունով կգնար, եթե հիմքերի հիմքում «կացնի կոթը» մենք չտայինք նրանց, եթե մեր պատմաբանները Ստալինի պատվերով Հայոց Աղվանից աշխարհի պատմությունը չնվիրեին ազերթուրքերին: Քարոզչական պատերազմ ենք հայտարարում` հույսներս ինչի՞ վրա դրած, երբ մեր կալվածատիրական իրավունքով օժտված պաշտոնատար պատմաբաններն ու քաղաքական կոչված շրջանակները մի անգլիացի լրագրողի կեսի-կեսի չափ չգիտեն իրենց հայրենիքի այդ տարածքի` Հայոց արևելից կողմանց պատմությունը: Եվ պատահական չէ, որ այդ կողմերի մասին բերան բացողներն ընկնում են զգայախաբության գիրկը` իրենց կամքից անկախ դառնալով ծաղրի առարկա:
«Քարվաճառ-Քյալբաջարը չպետք է վերադարձնել, որովհետև ազերիներն այնտեղից կթունավորեն մեր ջրերը կամ ջրերի հունը կփոխեն ու մեզ զրկեն ջրից»: Նման անմտության հեղինակը որտեղի՞ց իմանար, որ Գետաշենից, Մարտունաշենից առաջ նույն Քարվաճառ-Քյալբաջարն է ենթարկվել նման ավերման ու բռնազավթման: Հայոց պատմաբանը նման տեղեկությո՞ւն է տրամադրել մարդուն: Կամ տեղից վեր կացողը տալու մասին է բարբաջում: Հրապարակային հարց ենք տալիս այդ տվողներին. թող նրանցից մեկը պատասխանի: Ցարը, նվաճելով Անդրկովկասը, Արցախի Դիզակի մելիքության տարածքում ռուս մալականների համար գաղթօջախ է ստեղծել` այն անվանակոչելով Կարյագինո, որը 1959թ. թուրքերը դարձրին Ֆիզուլի: Հիմա դուք ո՞ւմ եք տալիս Դիզակի այդ տարածքը` ռուսի՞ն, թե՞ ազերթուրքին: Միգուցե հանգի՞ստ թողնեք մեր հայրենի հողը և ուրիշ բանով զբաղվեք:
Բայց ցավալին ու բնորոշն այն է, որ կալվածատիրական իրավունքներով օժտված մեր պաշտոնատար պատմաբանները ոչ միայն չեն մոտենում նման կնճռոտ հարցերին, այլև թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով պատնեշ են կանգնեցնում նման փորձ կատարողների դեմ, որպեսզի իրենց խեղաթյուրած պատմության կողքով անցնող չլինի (այդ հարցում մեր տառապանքը փորձ ունի):
Շատ թե քիչ հաջողությամբ քարոզչական պատերազմ մղելու համար մենք պետք է առաջին հերթին ճշմարիտ գիտական դաշտ բերենք մեր պատմությունը: Մեր ժողովրդի հինգհազարամյա պատմության առաջին կեսը պաշտոնական պատմագիտությունը ուրանալով ուրացել և ուրանում է, վերջին երեքհարյուրամյակը` բոլշևիկորեն խեղաթյուրել: Գոնե վերջին երեքհարյուրամյակը պետք է փրկենք աննախադեպ խեղաթյուրումներից:
Վկայակոչենք մի փաստ միայն` իր շարունակությամբ: Հոկտեմբերյան հեղաշրջումից 13 օր հետո` նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմում են մուսուլմանական աշխարհին` հայտարարելով, թե չեն թողնի Թուրքիայի բաժանումը մասերի, Հայաստանի պաշտպանության հարցն էլ օրակարգից հանվում է: Երկու շաբաթ հետո Տրոցկու գլխավորությամբ ռուսական զորքերը դուրս են գալիս թուրքական ճակատից, Շամխորի մոտ զենքը հանձնում ազերթուրքերին ու վերադառնում Ռուսաստան: Հրապարակ են նետում բոլշևիկյան մի սուտ, թե իբր հայրենիք վերադարձող ռուսական զորքին զինաթափեցին մահակներով զինված ազերթուրք չոբանները: Իսկ ի՞նչ արեցին մեր պատմաբանները: «Հերոսաբար» Շամխորի մոտ հասցրին դաշնակցականներին, որպեսզի բռնագրավված զենքը եղբայրաբար կիսեն մուսավաթականների հետ: Նահանջող զորքերին կրնկակոխ` սուլթանական զորքեր հասան Գանձակ, հռչակեցին Ադրբեջանի Հանրապետություն` հաշվի առնելով, որ այն դառնալու է Իրանից նվաճվելիք Ազարբայդժանի մաս: Շահումյանի բոլոր զգուշացումները, թե թուրքերը ծրագրել են ստեղծել մի նոր մուսուլմանական պետություն` Բաթումից մինչև Բաքու, Լենինի արհամարհանքին արժանացավ: Ավելին: Շահումյանի բոլոր ճիչերը՝ Կոմունային օգնություն հասցնելու վերաբերյալ, օդում մնացին, նույնիսկ կապի միջոց չտրա¬մադրեցին, և ստիպված Տաշքենտի ու Աստրխանի միջոցով էին կապվում Մոսկվայի հետ: Լենինին հարկավոր չէր Մեծ Թուրանի հանգուցային կետում ունենալ մի Կոմունա, որը ազգային կազմով հայկական էր: Նույնիսկ Կոմունայի պարտությունից հետո Ռուսաստան մեկնող կոմունարներին տարան Ախչակումայի անապատում ոչնչացրին Լավրենտի Բերիայի գլխավորությամբ, որպեսզի տեսանելի չլինի Լենինի պանթուրանական քաղաքականությունը: Եվ ինչպիսի~ գունազարդված նենգափոխությամբ են այդ ամենը ներկայացրել մեր պատմաբանները` արժանանալով բարձր կոչումների ու պաշտոնների:
Ներկայացնենք ոչ պակաս կարևոր մի փաստ ևս, որը ցուցադրում է մերոնց գերինտերնացիոնալիզմը: Անցած դարի 60-ականների սկզբին մեր մոտ ընկեր Ֆրունզիկ Պողոսյանը նախաձեռնեց 18-րդ դարի Ղարաբաղի մասին ուսումնասիրություն գրել` որպես թեկնածուական ատենախոսություն, և հասցրեց մեկ-երկու հոդված հրատարակել: Սակայն հայոց ակադեմիան չհաստատեց այդ թեման, և Պողոսյանը թեկնածուական պաշտպանեց «Աստրախանի «Հայոց դատաստանագիրքը» անվտանգ թեմայով: Որոշ ժամանակ անց` այսօր հակահայկական քարոզչությամբ աշխարհը դղրդացնող Ֆարիդա Մամեդովան նույն ակադեմիայում թեկնածուական պաշտպանեց ղարաբաղյան թեմայով, որտեղ նա արձանագրել էր, թե Դավիթ-Բեկի զորքերի կազմում կային նաև հայ զինվորներ…
Իսկ մի՞թե նույնը չի շարունակվում հենց այսօր էլ: Վերջին ամենաթարմը օրինակը` դեռ թանաքը չչորացած: Ազգային արխիվի տնօրենը ի լուր աշխարհի հաղորդում է, թե «բացառությամբ Սյունիքի, Լոռու, Ղարաբաղի, մեր մյուս գյուղերը հիմնադրվել են 1828-1830 թթ. Թուրքիայից ու Իրանից գաղթածների ջանքերով»: Ճիշտ նույն զուռնան, ինչ որ փչում են Բաքվից: Պարոնը տեղյակ չէ՞, թե Շահ-Աբասից մինչև Աբաս Միրզան ինչքան հայեր են գերեվարել Պարսկաստան, քանի՞ անգամ են սուլթանները կատարել գերեվարություններ: Շահ-Աբասից տասնամյակներ առաջ թուրքական զորքերը Նախիջևանից և շրջակա գավառներից 40 հազար հայեր են գերեվարել 1579 թ., իսկ 1585 թ.՝ վաթսուն հազար` «Արարատյան գավառից» (Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, 1959 թ., գիրք 2, էջ 64-65):
Բայց ամենից վտանգավորը պարոնի ակտիվացումն է ղարաբաղյան ուղղությամբ: Լսած լինելով, որ Շահ-Աբասը Արարատյան դաշտի ու Նախիջևանի հայությանը տարել է Պարսկաստան, ինքն էլ Ղարաբաղի տարածքն է դատարկում, ժողովրդին հասցնում Լոռի, Նոյեմբերյան, Իջևան` չիմանալով, որ նման տեղաշարժ է եղել 18-րդ դարի վերջին Իբրահիմ խանի հետ ունեցած ընդհարումներկի հետևանքով: Այդ ինչպե՞ս Շահ-Աբասի օրոք դատարկվեց Ղարաբաղը, երբ 18-րդ դարի սկզբին Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսը Պետրոս ցարին հայտնում էր, թե Ղարաբաղն ունի 40 հազար զինվոր, այդքան էլ կավելացնի, եթե ցարն սկսի Կովկասյան արշավանքը: Իսկ Պետերբուրգ ուղարկած նրա պատվիրակներն էլ ցարին հայտնում են, թե Ղարբաղն ունի 100 ծուխ բնակչություն` ոչ պակաս մեկ միլիոն բնակիչ: Որտեղի՞ց լույս աշխարհ ընկան այդ ստվարաթիվ հայերը պարոնի դատարկած Ղարաբաղում:
Մեզ ամենից շատ վախեցնող պարոնի մտադրությունն է. «Ցանկանում ենք հստակ ներկայացնել, թե որոնք են հայկական, որոնք մուսուլմանական գյուղերը Ղարաբաղում»:
Մարդիկ, բռնեցե՛ք պարոնի ձեռքը, այլապես Ղարաբաղը թուրքացնելու է: Նա որտեղի՞ց իմանա, որ նվաճողները կա՛մ թարգմանում էին մեր տեղանունները, կա՛մ աղավաղում: Այդ ճանապարհով մեր Քարհատը Դաշքեսան դարձրին (դաշ=քար, քեսան=հատել), մեր Գետաշենը` Չայքենդ (չայ=գետ, քենդ=շեն, գյուղ), իսկ Քարվաճառն էլ չկարողանալով թարգմանել` աղավաղելով դարձրին Քյալբաջար: Պարոնը «արխիվային փաստաթղթեր» ունի՞, որ պարզի, թե «թարգմանված» բնակավայրերում ովքե՞ր էին ապրում: Իսկ եթե շատ է մտահոգված մուսուլմանական գյուղերով, գոնե երկուսի մասին տեղեկություն կհայտնենք:
Հայտնի հեղափոխական Բոգդան Կնունյանցի հայրը, տեղափոխվելով Շուշի, ՆՆգի գյուղում ունեցած իր կալվածքների համար երեք թուրք պահակներ վարձակալեց, որոնք բնավորվեցին այդ կալվածքում: Խորհրդային տարիներին մեթոդիկ հետևողականությամբ ազերթուրքերով լցրին այնտեղ, կոլտնտեսությունների խոշորացման քողի տակ շրջակա գյուղերի հողերից չաղ բաժին հատկացրին նրանց և դարձրին շրջակա գյուղերի համար պատուհաս Ղըրըդաղլու, որը 80-ական թվականներին արդեն ուներ միջնակարգ դպրոց: Դիզակի Հողեր գյուղը անցած դարի 50-ականների կեսերին կտրեցին Հադրութի շրջանից ու հանձնեցին դեռևս Ֆիզուլի չդարձրած Կարյագինոյի շրջանին: Կարճ ժամանակահատվածում այն լցրին ազերիներով` դուրս մղելով տեղաբնիկ հայերին: Այսպես են ստեղծվել ազերթուրքական գյուղերը Ղարաբաղում, որոնց «հստակ» ներկայացումը հավասարազոր է ծառայել ազերթուրքական քարոզարշավին: Դրանք ոչ թե գյուղեր էին բառիս ավանդական իմաստով, այլ Ղարաբաղի տարածքների թուրքական բռնազավթումներ:
Այդ կտրվածքով պետք է նրանց բերել քարոզչական դաշտ, պետք է աշխարհին հասցնել, որ խորհրդային տարիներին Ղարաբաղի հայերը վերակենդանացրին Լենկ-Թեմուրի անապատ դարձրած հայոց Բայլականը, դարձրին Ժդանովի անունով շրջան, Բաքվի ղեկավարությունը այն կամայականորեն կտրեց մարզից, դարձրեց հանրապետական ենթակայության շրջան, հետևողականորեն հայերին դուրս մղելով այնտեղից` լցրեց ազերթուրքերով, և հայոց Բայլականն էլ դարձրեց Բելուկան:
Ահա թե ինչու մենք պետք է առաջին հերթին մեր վերջին երեքհարյուրամյակի բոլշևիկորեն խեղաթյուրված, մեր բռնաբարված պատմությունը իրական, գիտական դաշտ տեղափոխենք, որպեսզի կարողանանք գործուն քարոզարշավ սկսել: Իսկ դրա համար գոյություն ունեն ժամանակին ստեղծված բազմաբովանդակ անկախ գրականություն, մամուլ, ցարա-բոլշևիկյան արխիվների անպարփակ վավերագրեր, որոնք նոր լույսի տակ կներկայացնեն մեր պատմության ճշմարիտ էջերը: Միաժամանակ ունենք պատմաբանների կոչումը կրող մի պատկառելի բանակ: Եթե մեր նախագահին հաջողվի այդ պատմաբաններին համոզել կամ պարտադրել, որ ձեռք քաշեն նախկին աղավաղվածը վերաարտագրելուց և մտնեն սկզբնաղբյուրների աշխարհ, անաչառ օբյեկտիվությամբ ներկայացնեն պատմական անցուդարձերը, դրանով կլիցքավորվի քարոզչական պատերազմը: Այլապես կմնանք հակառակորդին զվարճացնողի դերում` խաղացնելով ջրերի թունավորումը կանխելու գեղամյանական դեղատոմսը:

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Նյութը տրամադրեց Անահիտ Հակոբջանյանը
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Добавить комментарий