ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՐՑԱԽ ARCAKH / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՐՑԱԽ ARCAKH / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Չհաշված Կիևյան Ռուսիայի Ժամանակները` հայ և ռուս ժողովուրդները միասին ու միակամ են եղել` սկսած Կուլիկովյան ճակատամարտից, որի մասնակիցն է եղել հայկական երկու զորաջոկատ` արձանագրված արաբական աղբյուրներում: Կրեմլի պատի մոտ կանգնած եկեղեցու գմբեթներից մեկը` հայկական ճարտարապետական ոճով և նվիրված Գրիգոր Լուսավորչի հիշատակին, յուրօրինակ գնահատականն է այն աննախադեպ անձնազոհության, որ ցուցաբերել են հայերը Կազանի գրավման ժամանակ: Սկսած այդ ժամանակներից մինչև Հայրենական մեծ պատերազմը, նույնիսկ մինչև լենինյան կոմունիզմի «հաղթանակը», երկու ժողովրդի հարաբերությունները անշահախնդիր ու եղբայրական են եղել: Եվ մի՞թե այդ անշահախնդիր եղբայրությունը չեն կռել ու կոփել երկու ժողովուրդների լավագույն զավակները` սկսած Գրիբոյեդովից ու Աբովյանից միջև, «Կրիկի» շուրջը համախմբած մտավորականները, մինչև Նույկինները, Սորոկիններն ու Ստուպիշինները: Խոսքը երկու ժողովրդի և նրանց առաջավոր զավակներին է վերաբերում:
Եվ եթե կայսերապետության վերափոխված Ռուսաստանի տիրակալները, սկսած Պետրոս Մեծից, իրականացնեին երկու ժողովուրդների համատեղ շահերից բխող քաղաքականություն, այսօր ռուս-հայկական միացյալ նավատորմիղը խարիսխ ձգած կլիներ հայոց Ադանա քաղաքի նավահանգստում` Միջերկրականի արևելյան ափին: Ո՞վ կարող է հաշվել, թե ռուս ժողովրդի շարքային զինվորներից ինչքանն է կյանքը զոհել Հայաստանի տարածքներում: Չէ՞ որ ազնիվ քաղաքականության դեպքում կայսերապետական Ռուսաստանի տիրակալները այդ զոհերի գնով կարող էին ռուս ժողովրդի համար անխափան ճանապարհ բացել Հայաստանի լայնքով մեկ` Տրապիզոնից մինչև Ադանա: Մինչդեռ հիշեք երեք դերակատարներին միայն: Կարդացեք 1714 թվականին Պարսկաստան գործուղված Վոլինսկու զեկուցագիրը, հիշեք, թե 1896թ. ինչ հուշեց Լոբանով-Ռոստովսկին Աբդուլ Համիդին, և 1915թ. թուրքական ճակատի ռուս գեներալը ինչ էր առաջարկում ռուսական վերջին ցարին: Այդ ամենի հետևանքով հայ հայրենիքի 9/10 մասը դարձավ թուրքական տարածք:
Էլ չենք խոսում բազմաչարչար Ղարաբաղի մասին: Պետրոս Մեծից մինչև Նիկոլայ Առաջինը, մի ամբողջ հարյուրամյակ մեզ քարեքար գցեցին, կերակրեցին մեր կորցրած պետականության վերականգնման հույսերով (ծանոթացեք Եկատերինա Երկրորդի արքունիքում արծարծված հայոց պետականության վերականգնման ծրագրերին): Մի ամբողջ հարյուրամյակ Ղարաբաղի մելիքները անհավասար պայքարի մեջ էին ռուսական կայսրության շահերի համար, բայց երբ 1804թ. ռուս-հայկական միացյալ զորաջոկատները գրավեցին հայոց Գանձակը և Նադիր շահի երկրատարածք մցրած թուրքախոս ցեղերը փախան Պարսկաստան, ցարը մարդ ուղարկեց նրանց հետևից, որ վերադարձնեն: Իսկ հայերի՞ն: Բերում ենք Քյուրուքչայի պայմանագրի մասին 1805թ. մայիսի 14-ին ցարին Ցիցիանովի գրած զեկուցագրից մի պատառիկ. «Այստեղ ես չեմ կարող… լռության տալ մի անցք, որ տեղի ունեցավ… Խանը (Իբրահիմը) ուղարկեց ինձ հիշյալ Մելիք Ջումշուդի որդուն՝ 11 տարեկան, և 13 տարեկան թոռանը, որոնք 10 տարի բաժանված էին նրանից: Ես նրանց… հանձնեցի հորը և տեսա, թե ինչպես նա չէր կարողանում շնորհակալության արտասուքից մի բառ անգամ արտասանել, ինչպես և… այս տեսարանի վկաներից ոչ ոք չկարողացավ պահել արտասուքները»:
Երկու գերի երեխայի փրկությունն էր հայերի հարյուրամյա թափած արյան գինը: Ավելին: Անդրկովկասը նվաճելուց հետո ցարը արգելեց հայ մելիքներին վերադառնալ հայրենի օջախներ, ոչ միայն Ղարաբաղը թողեց թուրք նվաճողի լծի տակ, այլև Պարսկաստանից փախած մի ավազակի` Ջաֆար Ղուլի խանին, նշանակեց Շաքիի խան, որը քրիստոնյա պետության հպատակ քրիստոնյա հայից հավատի հարկ էր պահանջում, ինչպես ընդունված էր Պարսկաստանում: Իսկ երբ հայերը փորձեցին բողոքել, Գուդովիչը հայերին մեղադրեց անհնազանդության համար:
Բայց ցավալիորեն սոսկալին այն է, որ այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը: Սեփական երկրի ու ժողովրդի վաղվա օրով մտահոգ Նույկինը և նրա նմանները մեկտեղում են մերօրյա պանթուրանիզմի ծրագրերը՝ իրենց «կանաչագույն քարտեզներով», բայց Ռուսաստանի ներկա դերակատարները աչքները փակում են այդ քարտեզները չտեսնելու համար, ականջները խցանում` նրանց ահազանգները չլսելու համար: Նույն Նույկինը ի մի է բերել տարբեր աղբյուրներից հավաքած փաստերն այն մասին, թե ինչպես, ինչ միջոցներով են միջազգային ահաբեկիչներին, նրանց անհրաժեշտ զենքն ու զինամթերքը Ադրբեջանի 14 անցուղիներով հասցնում Հյուսիսային Կովկաս: Բայց արհամարհելով այդ զգուշացումները` իշխանությունները շարունակում են զինել Ադրբեջանին, նույնիսկ ժամանակակից զինատեսակներով, նոր տարածքներ են նվիրում նրանց: Տալիս են, որ ազերթուրքերը փոխանցե՞ն Հյուսիսային Կովկաս: Սկսած 1556թ-ից, երբ Թուրքիայի սուլթանը, Ղրիմի թաթար խանին իր թևի տակն առած, արշավանք սկսեց Աստրախանը վերանվաճելու համար, Թուրքիայի բոլոր տիրակալները Ռուսաստանը համարել են ու համարում են իրենց ոխերիմ թշնամին, բոլոր միջոցներին դիմել են ու այսօր էլ դիմում են Ռուսաստանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, տենդագին նախապատրաստվում են Մեծ Թուրանի զառանցական ծրագրի իրականացման ուղղությամբ: Այսօր էլ նրանք չեն թողնում, որ Կովկասի ժողովուրդները հանգիստ շունչ քաշեն, ամեն հնարավոր միջոցներով տեռորիստներ ու զենք են մտցնում այնտեղ, տեռորիստական ակտեր են կազմակերպել տալիս ոչ միայն այնտեղ, այլև առաջին հերթին թիրախ դարձնելով մայրաքաղաքը: Բայց այդ ամենի դիմաց Թուրքիայի վարչապետին Մոսկվա են հրավիրում հատկապես մարտի 16-ին, որ համատեղ տոնեն 1921թ. մարտի 16-ի Լենին-Աթաթուրք հայակեր պայմանագրի տարեդարձը: Այստեղ արդեն մի բառապաշարը անզոր է, Դուք տվեք գնահատականը: Մենք ընդամենը հիշեցնում ենք դրա նախադեպերից մեկը, երբ 1965թ. բողոքի հզոր ցույց տեղի ունեցավ Երևանում հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ, Բրեժնև, Սուսլով, Կոսիգին եռյակն էլ հիշեց Սովետական երկրի «Պետական շահը»: ՀՍՍՀ-ի ժամանակի ԿԿ-ի քարտուղար Ա. Քոչինյանի «Ձախ ձեռքով» կազմակերպվեց Ղարաբաղի բնակչության հայտնի համախոսականը` հասցեագրված Մոսկվային, Երևանին ու Բաքվին (ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ տողերիս հեղինակն է եղել): Հույսով ու ակնկալությամբ սպասում էինք արդյունքին, բայց օրեր անց հայտնի դարձավ, որ Կոսիգինը վայրէջք է կատարել Անկարայում, միլիարդներ խոստացել Թուրքիայի համար մետալուրգիական գործարան ստեղծելու, ոչ միայն հավաստիացրել էր, որ Ղարաբաղի հարցը չեն լուծելու, այլև հայտարարել, թե Սովետական կառավարությունը Թուրքիայից տերիրորիալ պահանջներ չունի, այսինքն` ուժի մեջ է մնում 1921թ. մարտի 16-ի Լենին-Աթաթուրքի գործարքը: Մենք անզոր էինք դրա դեմ, ինչպես և այժմ, բայց արձագանքը չուշացավ: Միության հետ սերտ հարաբերություններ ունեցող Հունաստանում տեղի ունեցավ «Սև գնդապետներ» հեղաշրջումը` նշանաբան ունենալով, թե ենթակա ժողովրդի շահերը վաճառող պետության հետ հույս կապելը հանցագործություն է:
Իսկ այսօր նորից են թափահարում նույն մարդակեր գործարքի պատճենները և խոստանում Թուրքիայի համար ատոմակայան կառուցել: Ո՞վ չգիտի, որ ատոմակայանը ատոմային զենքի տեր դառնալու առաջին նախապայմանն է: Ո՞վ չգիտի, որ ատոմային զենքին տիրանալու պարագայում Թուրքիան այն թափելու է միայն մեր երկու ժողովրդի գլխին` Մեծ Թուրանի ճանապարհի խոչընդոտները վերացնելու համար: Արժանահիշատակ Սախարովը բազմիցս զգուշացնում էր, թե վերակառուցման ճակատագիրը որոշվում է Ղարաբաղում: Եվ Գարբաչովը ցեռուական կաբինետներում մշակված ծրագրով Ղարաբաղից սկսեց միասնական պետության կազմաքանդումը ու արժանացավ Նոբելյան մրցանակի: Այսօր Ղարաբաղի վզին փորձում են փաթաթել Մադրիդյան սկզբունքներ անունով 6 պարտադրանքները, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած հավասար է հայոց Ղարաբաղի ոչնչացմանը: Այսօր էլ պահանջում են, որ մենք միակողմանի հետ քաշենք մեր դիպուկահարներին, որպեսզի հակառակորդ կողմը անարգել կոտորի մեզ, փոխանակ ագրեսորին սանձելու: Մադրիդյան սկզբունքները գործողության մեջ մտնելու դեպքում անբեկանելի սկիզբ է դառնալու շղթայական ռեակցիայի` պանթուրանական «կանաչ քարտեզներով»: Ահա թե ինչու, մեր խորին համոզմամբ, երկու եղբայր ժողովրդի ճակատագրի փորձաքարը նորից դարձել է Ղարաբաղը: Ղարաբաղի կորուստը աղետ է դառնալու նաև ռուս ժողովրդի համար, այս անգամ արդեն անկանխատեսելի չափերով:
Ո՞ւր եք, ռուս ժողովրդի պանծալի՛ զավակների` Բելինսկու և Գերցենի, Չերնիշևսկու և Դոբրոլյուբովի Ռուսաստանի հոգևոր ժառանգորդ մերօրյա մտավորականներ:

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
 17.03.2011թ.

Добавить комментарий