ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Նոր՝ 2016 թվականին «Վէմ» ռ/կ-ի եթերում նոր հաղորդաշար սկսել որոշել եմ, կարելի է ասել, տարեմուտին: Ոմանց կարծիքով՝ ժամանակին ընդունված որոշում է, ոմանք էլ համարում են նույնիսկ ուշացած: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Կարևոր է, որ սկսում ենք սպասված ու ցանկալի հաղորդում՝ նաև իմ գործընկերների կարծիքով, որոնք առաջինը ողջունեցին նոր հաղորդաշարի գաղափարը: Նպատակը, հասկանալի է, մեր լսարանին նոր հրատարակություներին ծանոթացնելն է:
Ունկնդիրներից ոմանք գուցե թե տարակուսեն՝ չէ՞ որ «Ակունք» ռ/հ-ում հաճախ եմ ներկայացնում նոր գրքեր: Այլ կերպ հնարավոր էլ չէ. «Ակունք»-ի խնդիրը հայապահպանության ու հայագիտության հարցեր արծարծելն է, իսկ դրանք զգալիորեն շոշափվում են նաև տպագիր գրականության մեջ: Հաճախ, սակայն, «Ակունք»-ում հաղորդման համար հիմք ունենալով որևէ հրատարակություն՝ չենք էլ անդրադառնում գրքին այնպես, ինչպես որոշել եմ ներկայացնել նոր հաղորդաշարում: «Ակունք»-ում հաճախ քննարկման նյութ է դառնում գրքում արծարծված որևէ թեզ, գաղափար: Այս առումով ներկայացվող հաղորդաշարը սպասված է՝ նոր հրատարակություններին ծանոթացնելու առումով:
Բացառված չէ, որ հաղորդաշարի թողարկումներում երբեմն լսեք գրքերի վերնագրեր, որոնց այս կամ այն կերպ անդրադարձել ենք «Ակունք»-ում: Նույն տրամաբանությամբ՝ «Նոր գրքեր» հաղորդաշարում ներկայացված որոշ հրատարակությունների «Ակունքում» կնվիրենք առանձին հաղորդումներ:
«Նոր գրքեր» հաղորդաշարի հիմնական գործընկերը Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն է: Քանի որ հանրապետությունում հրատարակված ոչ բոլոր գրքերն են հասնում գրադարան, բնականաբար, որոշ հրատարակությունների մեր հաղորդաշարում անդրադառնալ չենք կարողանա: Այս հարցում, արդեն, կարևոր է հեղինակի կամ հրատարակչի նախաձեռնությունը՝ գիրքը մեզ հասանելի դարձնելու համար: Բայց այստեղ կա մի կարևոր «բայց»՝ Սփյուռքում տպագրված գրքերին ծանոթացնելու հարցում: Բանն այն է, որ, թեև արդեն քանի տարի է՝ ունենք Սփյուռքի նախարարություն, սակայն պետական այդ գերատեսչությունը մինչ այժմ չի կարողանում կամ չի ուզում Հայրենիք-Սփյուռք առնչությունների ծիրում իրականացնել մի անչափ կարևոր գործառույթ, այն է՝ տպագիր արտադրանքի փոխանակում, որը պետք է լիներ նրա գործունեության առաջնահերթ խնդիրներից: Այսինքն՝ 1964 թվականին հիմնադրված Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե հասարակական կազմակերպության՝ 1992-ին լուծարումից հետո կտրվել է սփյուռքահայության հետ կանոնավոր մշակութային փոխադաձ կապը: Տեղյակ չենք մեկս մյուսի հրատարակած գրքերին ու պարբերական մամուլին, իսկ վերջին տարիներին գործող լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակը հասանելի է ոչ բոլորին: Սովետական կարոտախտով չեմ տառապում, բայց չեմ կարող մեկ անգամ ևս չարժևորել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի անուրանալի դերը: Այն ժամանակ գրափոխանակությունը խնդիր չէր այդ կառույցի համար, որը, կրկնում եմ, գործում էր հասարակական կազմակերպության կարգավիճակով:
Ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, թե Սփյուռքի նախարարությունում տեղյակ չեն մեզ հուզող հարցին: Այս մասին տարիներ շարունակ նրանց զգուշացրել են թե՛ այստեղից, թե՛ դրսից: Սակայն նախարարությունը գործունեության իր ուղին է որդեգրել՝ ամենուր երևալ ցուցադրական նախաձեռնություններով: Անկրկնելի են հատկապես Սփյուռքում փող մուրալու հարցում, իսկ հանրապետության և Սփյուռքի մտավոր աշխատանքների արտադրանքներին միմյանց ծանոթացնելը գուցե թե լուրջ գործ չեն համարում, կամ դա գուցե նրանց առհասարակ չի էլ հետաքրքրում…
Ես բարոյական իրավունք չունեմ արտերկրի իմ ծանոթ-բարեկամներին հորդորել կամ նրանցից պահանջել իրենց անձնական միջոցներով ուղարկել մեզ իրենց նոր գրքերի օրինակներից: Առանց այն էլ նրանք կարելվույնս դա անում են իրենց խղճի մտոք՝ նաև Հայաստանի ազգային ու Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարաններ հասցնելու համար: Պարզապես խնդրանքս է, որ ՀՀ գիրք ուղարկելիս երբեմն հիշեն նաև «Վէմ» ռ/կ-ն ու նրա «Նոր գրքեր» հաղորդաշարը, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք մասամբ լրացնել այս բացը: Մեր հեռախոսահամարը՝ 54-88-70, միշտ հիշեցնում ենք «Վէմ» ռ/կ-ի եթերից, իսկ հասցեն հետևյալն է՝ Երևան, Բուզանդի 1/3: Կանխավ շնորհակալություն բոլորիդ:
«Վէմ» ռադիոկայան
12. 01. 2016