ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ Գրքերի հետ
Մարօ Խաչատրեան
Տարիներ առաջ լուսահոգի գործընկերս` ֆրանսերէնի գիտակ, Հայաստանում ճանաչում ունեցող մանկավարժ Խաչատուր Հեքիմեանը, ինձ նուիրեց Պօլ Քենիի «Ատելութեան արահետներ» գրքոյկը (1999թ.): Վիպակն ինքը` Հեքիմեանն էր թարգմանել ֆրանսերէնից: Սիրով սկսեցի ընթերցել, եւ եթէ սկզբում պարզապէս հետաքրքրում էր աւագ գործընկերոջս թարգմանութիւնը, ապա ընթերցման ընթացքում անակնկալ հոյզեր պաշարեցին ինձ…
Անկեղծօրէն ասեմ՝ առաջին անգամ էի լսում հեղինակի անունը, սակայն երբ գրութիւնս տպագրուեց Մոնրէալի ՀՈՐԻԶՈՆի գրական յաւելուածում, յուրախութիւն ինձ՝ խմբագրութիւնը կցել էր հետեւեալ տեղեկութիւնը.
Ծանօթ. Հորիզոն գրականի. — Փօլ Քենի հաւաքական գրչանունն է պելճիքացի 2 հեղինակներու՝ Ժան Լիպեր եւ Կասթոն Վանտենփանույս (Jean Libert, Gaston Vandenpanhuys), որոնք 1953-էն սկսեալ աւելի քան 230 արկածախնդրական/լրտեսական վիպակներ հեղինակած են՝ ֆրանսական գաղտնի սպասարկութիւններու անդամ Ֆրանսիս Քոփլան անուանեալ հերոսի մը շուրջ հիւսուած: Վերոնշեալ հատորը ֆրանսերէնով լոյս տեսած է 1979-ին. KENNY Paul, Les sentiers de la haine (Coll. Paul Kenny, Fleuve Noir, 1979):
Գրքում արծարծուող հարցերն աւելի քան այժմէական են, քանզի աշխարհում դարձեալ փոթորկւում է մարդկային չարութիւնը, քանզի զոհւում են երեխաներ, սպանւում է անմեղութիւնը…
***
Ինքնին հասկանալի է, որ այս պատմութեան գործող անձինք երեւակայական են, ինչպէս որ երեւակայական է այն բախիւնը, որին նրանք մասնակցում են, եւ հեղինակն այդ առընչութեամբ կտրականապէս չի ընդունում ոչ մի պատասխանատուութիւն:
Պօլ Քենի
* * *
Համառօտ ներկայացնեմ սիւժէն:
Վիպակի սկզբնամասում տեսնում ենք ֆրանսիական սովորական մի ընտանիքի զաւակներին` տասնութամեայ Ժան – Պօլին, նրա քրոջը` քսանմէկամեայ Սանդրային, ովքեր իրենց Սիմոն պապի հետ ծնողներին ուղեկցում են օդանաւակայան: Ընտանիքի հայրը` երբեմնի զինուորական, այժմ գաղտնի ծառայութիւնների գործակալ Ռոժէ Ֆերօն, յաճախ է Ֆրանսիայից բացակայում. այս անգամ Թեհրան է գնում զբօսաշրջութեան, ուստի նրան ընկերակցում է կինը` գեղեցկուհի ֆրանսուհի Վիվիանը: Օդանաւակայանում Սիմոն պապը մտորումների մէջ է, այս մարդը, ի դէպ, «քառասուն տարուց աւելի է, որ ինքն իր մէջ խաչ է քաշել անցեալի վրայ…»:
Հենց սկզբից հեղինակը նկատել է տալիս Սիմոն Ֆերօ եօթանասունամեայ ծերունու հոգու խռովքը. ծերունուն տեսնում ենք անվերջանալի տագնապալից հոգեվիճակներում. թոռներն էլ, պապի անհանգստութիւնը կապելով որդու եւ հարսի ուղեւորութեան հետ, զգում են, թէ ինչպէս «մարդիկ, տարիքն առնելով, զգայուն են դառնում»:
Սանդրան եւ Ժան – Պօլը կարծես թէ ուրախ են, որ ծնողները որոշ ժամանակ իրենց հետ չեն լինելու, եւ որոշում են «ճոխ կեանք կազմակերպել» պապի հետ:
Իսկապէս, անցնում են օրերը, եւ թոռների վարքագծից գոհ էր Սիմոնը. պատանիները չունէին վտանգաւոր սովորութիւններ, երեկոյեան շուտ էին վերադառնում տուն, առիթ չէին տալիս պապին անհանգստանալու: Ի վերջոյ, հրաշալի ընտանիք էր կազմել Սիմոնը եւ իրաւունք էր նուաճել ինքն իր հետ խաղաղ ապրելու, ուրեմն եւ կարող էր Աստծոյ կամօք խաղաղութեամբ փակել աչքերը: «Ո՞ր Աստծոյ, – հարց է տալիս հեղինակը, – անշուշտ, քրիստոնեաների՛…»:
ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ Գրքերի հետ
* * *
…Ամէն ինչ տեղի է ունենում կայծակնային արագութեամբ. Սանդրան առեւանգուած է եւ սպանուած անյայտ մարդկանց կողմից:
Հետաքննիչ Կոպլանը, որ Պոլ Քենիի ստեղծագործութիւնների մշտական հերոսն է եւ համաշխարհային գրականութեանը յայտնի Շերլոկ Հոլմսի, Հերքիւլ Պուարոյի եւ կոմիսար Մէգրէի «գործընկերը», Ֆրանսիայից ժամանում է Արեւելք. Թեհրանում նա պէտք է հանդիպում ունենայ Ռոժէ Ֆերոյի հետ: Նա` խուզարկուն, համոզուած է, որ Սանդրայի սպանութիւնն առընչւում է հօր` գաղտնի գործակալի աշխատանքին: Ռոժէին ասելով ճշմարտութիւնը` Կոպլանը հաղորդում է, որ Սանդրային կողոպտելու համար չեն սպաննել, այլ դա ծնողների դէմ ուղղուած գործողութիւն է: «Մտածեցէ՛ք այդ մասին», – յորդորում է խուզարկուն: Ռոժէն այլայլուած է. անձնական կեանքում, զինուորական կամ գաղտնի գործունէութեան մէջ չի արել այնպիսի մի բան, որ հիմա փորձէր արդարացնել դստեր հանդէպ կատարուած զազրելի արարքը…
Նոյն օրը Թեհրանում առեւանգւում է Վիվիանը (անյայտ անձինք, ներկայանալով իբրեւ ոստիկաններ, նրան տանում են անյայտ ուղղութեամբ. յետոյ հեղինակը պիտի նկարագրի այն բռնութիւններն ու տանջանքները, որ ֆրանսուհին կրում է աւազակ քրդերի կողմից լեռներում):
Ռոժէն ցնցուած է: Սակայն նրան վիճակուած չէ գտնել կնոջը եւ յանցագործներին, որովհետեւ վրաերթի է ենթարկւում եւ սպանւում: Ֆրանսիայում սպանւում է նաեւ որդին` Ժան – Պօլը…
Ոստիկանները կարողանում են փախուստի մատնել քուրդ աւազակներին եւ նրանց որջից գտնում են տակաւին ողջ Վիվիանին… Ընտանիքի անդամներից երեքը սպաննուած են. ողջ են մնացել ծերունի Սիմոնը եւ Վիվիանը:
* * *
Կոպլանը սկսում է հետաքննութիւնը: Բոլոր կասկածները տանում են դէպի նոյն մարդիկ. նրանք վրիժառու քրդերի գաղտնի կազմակերպութեան անդամներն են. սակայն ի՞նչ կապ կարող է ունենալ առաքինի ֆրանսիացիների այս ընտանիքը «անողորմ լեռնցիների» հետ: Աստիճանաբար բազմանում են վիպակի գործող անձինք` կեղծ եւ իրական ոստիկաններ, արդար կասկածեալներ, չքմեղ յանցագործներ. բոլորն էլ ինչ – որ կերպ կապ ունեն տեղի ունեցող սարսափելի իրադարձութիւնների հետ:
Որոնումները խուզարկու Կոպլանին տանում են անգլիացի նաւատէր ոմն Ջեյմս Դիմրեյնի մօտ: Դիմրեյն. նա անսպասելի մտնում է գործողութիւնների մէջ եւ դառնում է վիպակի հանգուցալուծումն իրականացնող հերոսներից մէկը, այդ նա է հովանաւորում վրիժառուների խմբի եւ նրանց պարագլուխ քուրդ Անվուա Զախոյի գործունէութիւնը, նրա հրամանով են կատարւում բոլոր ոճիրները:
Կոպլանին յաջողւում է ձերբակալել ահաբեկիչների խմբի անդամներին.«Այս բոլորի համար դուք պատասխան էք տալու ֆրանսիական կամ իրանական օրինապահ դատարաններին», – սպառնում է նա, մինչդեռ ականջին ոստիկաններից մէկը շշնջում է, որ գտել է կալուածատան մատուռի բանալին, բացել մատուռը, իսկ այնտեղ մի դագաղ կայ` չորս վառուող մոմերով բոլորուած. այո, այո, այդ դագաղը սպասում է թաղուելու, այն ծածկուած է թարմ ծաղիկներով… Ձերբակալուած Ջեյմս Դիմրեյնի խօսքը լեցուն է արհամարհանքով. «Ճիշդ է, մենք պարտուեցինք, բայց պիտի ուզէի, որ միասին գնանք կալուածատան մատուռը»:
«Ինչո՞ւ ոչնչացրիք Ռոժէ Ֆերոյի ընտանիքը», – հարցնում է խուզարկուն…
* * *
Մատուռում իսկապէս դագաղ էր դրուած. այն ծածկուած էր կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն դրօշով, իսկ սեւ փոքրիկ կտորի վրայ ասեղնագործուած էր օտար տառերով մի բառ: Կոպլանը չէր կարող կարդալ այդ բառը, եւ Դիմրեյնը, խաչակնքելով ցոյց տալով սեւ կտորը, ակնածանքով ու կարօտով շշնջում է. «Հայաստան»… «Արմենիա, – թարգմանեց ուղեկիցներից մէկը, – այս դագաղը դրուած է այստեղ հայ ժողովրդի ցեղասպանութեան զոհերի յիշատակին, այս դրօշը անկախ Հայաստանի դրօշն է»: Դիմրեյնը մատնացոյց արեց գրակալին դրուած հսկայ մատեանը.«Ամէնն այնտեղ է. Տրապիզոնի վիլայէթի մեր հայրենակիցների մարտիրոսացման պատմութիւնը»: Իհարկէ, Կոպլանը երբեք չի՛ կարող հասկանալ կատարուածը, մինչեւ չկարդայ պատմութիւնը… Խուզարկուն սկսեց շրջել մատեանի էջերը. դրանք պահում էին հազարաւոր զոհերի գաղտնիքը…
ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ Գրքերի հետ
Մարօ Խաչատրեան
* * *
Նահանգապետ Ազիզ Ֆերիկը «Յատուկ կազմակերպութեան» ծրագիր – հրահանգը գործադրելու հրաման արձակեց. նոյն օրը թուրքական բանակում ծառայող հայերը զինաթափուեցին եւ խումբ – խումբ ուղարկուեցին քաղաքից դուրս. մի մասը գնդակահարուեց, միւս մասը ծարաւից ու քաղցից մեռաւ: Թուրքիոյ բնակչութիւնը նոյնպէս պէտք է յանձնէր ունեցած զէնքը. քրիստոնեայ հայերից հաւաքեցին, իսկ թուրքերից` ոչ: Հայերին մեղադրելով զէնքն ամբողջութեամբ չյանձնելու մէջ` ձերբակալեցին նահանգի հայ երեւելիներին. նրանց թւում էր Արամ Դեմիրճեանը` անկաշառ ու ազնիւ մի հայ, որ միշտ հաշտեցնում էր հայերին թուրքերի հետ, ճնշում ընդհարումները, յորդորում միաբանութեամբ խաղաղ ապրել: Հայ երեւելիներին գնդակահարեցին, նրանց տները կողոպտեցին, ընտանիքներին փախուստի մատնեցին: Այս ամէնն իրականացնում էր նահանգապետ Ազիզ Ֆերիկի վաղեմի բարեկամ քուրդ առաջնորդ Ֆինդի փաշան: Արամի կինը` Սեդան, երեք դուստրերի եւ երկու որդիների հետ լքեց ծննդավայրը, ինչպէս միւս հայերը: Թուրք եւ քուրդ զինուորների բռնութիւններին դիմադրող կանանց մորթում էին ճանապարհին. Սեդան յանուն զաւակների դիմանում էր տանջանքներին` յուսալով նրանց մի ապահով հանգրուան հասցնել:
Կոպլանն ընդհատեց ընթերցումը. նայեց Դիմրեյնի դէմքին. կռահել էր` Արամ եւ Սեդա Դեմիրճեանների զաւակներից մէկն էր Ջեյմս Դիմրեյնը: «Կարդացէք շարունակութիւնը», – խնդրեց Ջեյմսը:
Կոպլանն անձկութեամբ շրջեց գրքի էջը. թուրք զինուորները խլում էին հայերի մօտ եղած վերջին կտոր հացը եւ ուտում ագահօրէն, ապա սահմռկեցուցիչ տեսարաններ բեմադրում… Արիւնալի ջարդ եղաւ. բռնութիւնների ենթարկելուց յետոյ սպաննեցին ու մորթեցին կանանց, ողջ թողեցին միայն գեղեցիկ պատանիներին ու աղջիկներին… Քուրդ Ֆինդի փաշայի անձնական հրամանն էր:
Վայրագ քուրդը Տրապիզոնի վիլայէթում յայտնի հայ Արամ Դեմիրճեանի կնոջը` Սեդային, ընծայեց զինուորներին` զուարճանալու համար (յետագայում` երեք ամիս չարչարելուց յետոյ, մորթեցին Սեդային), երկու որդիներին վաճառեց թուրք գիւղացիներին. նրանց աշխատող ձեռք էր հարկաւոր: Գեղեցկուհի էր Սեդայի աւագ դուստրը` տասնչորսամեայ Սառան, որին սեփականացրեց Ֆինդի փաշան: Սառայի միւս երկու քոյրերին նուիրեց իր թիկնապահներին: Փաշան նպատակ ունէր իր ցեղն ազնուացնել. քրիստոնէուհի Սառան իր ցեղախմբի համար ազնուաբարոյ ժառանգներ կը ծնէր…
Թուրք գիւղացիները, որ պարկեշտ մարդիկ էին, որդեգրեցին տղաներին. սակայն կրտսերը 16 տարեկան հասակում հեռացաւ իրեն որդեգրող ընտանիքից, գնաց Ստամբուլ, ուր կորցրեց հետքերը: Սառան Ֆինդի փաշայի երկու զաւակներին լոյս աշխարհ բերեց: Հակառակ սպառնալիքներին` չփոխեց կրօնը, որդիներին էլ գաղտնի սովորեցրեց իր ժողովրդի լեզուն, պատմութիւնը, մշակոյթը…
Կոպլանը չէր կարողանում շարունակել: Նա լսել էր հայ ժողովրդի ողբերգութեան մասին, աղօտ կերպով գիտէր հրէշաւոր 1915-ի պատմութիւնը, սակայն այս մանրամասները սոսկալի էին: «Գրաւոր այդ վկայութիւնը ….մերկացնող լոյս սփռեց այդ հեռաւոր իրադարձութիւնների վրայ»: Կոպլանը հասկացաւ. քուրդ ահաբեկիչ Անվուա Զախօն Ֆինդի փաշայի եւ Սառայի թոռն է` սրտով ու հոգով հայ. տատի պատմութիւններն են նրան վրիժառու դարձրել: Յետոյ մեծահարուստ նաւատէր Դիմրեյնը կը պատմի Կոպլանին.«Անվուան երբեք չի դադարել ատել Ֆինդի փաշային եւ նրա տոհմին… Ես նրան յանձնեցի ընտանիքում իր տեղը. նա, փաստօրէն, իմ քրոջ ժառանգն է եւ հիմա կոչւում է Բոբ (Ռոբըրթ) Դիմրեյն, բրիտանական քաղաքացի է»: Այո, նշանաւոր ահաբեկիչ Զախոյի օձիքից բռնել դեռեւս չէր յաջողուել որեւէ ոստիկանի կամ հետապնդողի. նա ամէն անգամ ժամանակին փախչում էր, գիտէր` ո՛ւր եւ ե՛րբ պէտք է «խոյանալ»: Միշտ վերահաստատւում էր անգլիացի մեծարգոյ գործարարի դերի մէջ, քանի որ ունէր համապատասխան անձնագիր: «Նրան գտաւ իմ որդի Դանիէլը, – պատմեց Ջեյմսը, – …Անվուան միշտ հանդէս է եկել իբրեւ արդարութեան պաշտպան, մարտնչում էր մեն – մենակ, առասպելական խիզախութիւններով….Ես նրան միջոցներ տուեցի` իր առաքելութեանը հետամուտ լինելու եւ այն ընդլայնելու համար: …Մենք ձեռնամուխ եղանք պատժելու ցեղասպանութեան մեղաւորների մինչեւ վերջին սերնդի զաւակներին: Մեր կազմակերպութեան համար ընտրեցինք «Անդրանիկ» անունը. դա անունն է մի հայ հերոսի, ով 18 տարեկան հասակում իր հօրը սպանող մի թուրքի է սպաննել եւ ողջ կեանքը պայքարել է իր ժողովրդի համար…»:
Իրավիճակը պարզւում է. Սիմոն Ֆերոյի ընտանիքի անդամները պատժւում են ցեղասպանութեան հետ կապ ունենալու համար. Սիմոն Ֆերօն թուրքական ծագում ունի:
* * *
Սիմոն Ֆերօ: Ահաբեկիչների իրական թիրախը: Վրիժառուները ծրագրել էին Ազիզ Ֆերիկ բէյի տոհմի իսպառ վերացումը: Երբ որդեկորոյս Վիվիանը հառաչում է, թէ ոճիրները կատարուել են առանց պատճառի («Այն միտքը, որ այս բոլոր ոճիրները կատարուել են առանց պատճառի, միայն դաժանութեան համար, ինձ խենթացնում է: Դա դարձել է ինձ համար մտասեւեռում»), Սիմոնը քրթմնջում է, որ դաժանութեանը յագուրդ տալու համար չէ այդ բոլորը, որ ինքը գիտի իրական պատճառը: Ներքին մի ձայն յուշել էր ծերունուն, որ «նրանք» են` հայերը: Սիմոն Ֆերոյի` նոյն ինքը Սէիդ Ֆերիկի` Ազիզ Ֆերիկի որդու շուրթերով խօսում է հայրերի մեղքը գիտակցող ու ընդունող թուրքը. «Աստուած է վկայ, որ ես ամէն ինչ արեցի հօրս անուանը կապուած ամօթը ջնջելու համար»: Հենց ծերունի Սիմոնն էլ տալիս է վիպական գործողութիւնների լուծումը` բացայայտելով իր ինքնութիւնը, պատմելով աւելի քան կէս դար իր մէջ պահած գաղտնիքը. 13 տարեկան էր, երբ ծնողները հաստատուեցին Բեռլինում. Թուրքիայում տիրող յուզումները նրանց հարկադրել էին ընտրել տարագրութեան ճամբան, իսկ առաւել ապահով երկիրը Գերմանիան էր: 1922ին սպանւում է հայրը: Մայրն ասել էր, որ ամուսինը սպանուել է մի ինչ – որ խենթի կողմից, առանց պատճառի: «Բայց երբ պատանի դարձայ, ես ուզեցի թափանցել այդ սպանութեան հանելուկի մէջ: Թեհլերեանի` այն հայի, որն սպանել էր ցեղասպանութեան ամենամեծ պատասխանատուներից մէկին` Թալէաթին, դատավարութեան հաշուետուութեան ընթերցումն ինձ հունի մէջ գցեց….. Կամաց – կամաց ես բացայայտեցի այն դերը, որ խաղացել էր իմ հայրն այդ մեծ ջարդի մէջ, եւ ես հասկացայ մի բուռ առանձին, ինչպիսին Թեհլերեանն էր, վրիժառուների արարքը: ….Ես փախայ այդ երկրից` սարսափելի անցեալի հետ կապը խզելու համար: Միաժամանակ լքեցի իսլամութիւնը: Աւելի ուշ ուզեցի այլ անուան տակ ստեղծել մի ընտանիք: Արեցի այն ամէնը, ինչ կարող էի իմ երկրորդ հայրենիքին` Ֆրանսիային ծառայելու համար…»:
…Վիվիանը, որ ոխով ու զայրոյթով էր լցուել ամուսնու հօր դէմ, յանկարծ հանդարտուեց, «զգաց, որ նա աւելի է ջարդուած, քան ինքը, նրա կեանքն աւարտւում էր ահաւոր կործանումով»:
Արդարադատ Կոպլանը ցածրաձայն շշնջում է. «Սիմոն Ֆերօ, կայ մէկը, որը ճիշդ եւ ճիշդ ձեր օրին է: Նա պէտք է որ ձեր տարիքին լինի: Նա մի հայ է…»:
ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ Գրքերի հետ
Մարօ Խաչատրեան
***
Երեք հերոսները` Սիմոնը, Կոպլանը, Անվուա Զախօն հեղինակի գաղափարների կրողներն են կարծես: Պօլ Քենին խօսում է երեքի շուրթերով, իսկ եզրակացութիւնը թողնում է ընթերցողին:
Երբ Անվուա Զախօն ասում է, թէ որոշել էին նահանգապետ Ազիզ Ֆերիկի շառաւիղներին ենթարկել նոյն տանջանքներին, Կոպլանն ընդդիմանում է.«Ոչ մի բանով ներելի չեն անմեղ մարդկանց դէմ գործուած ոճիրները: Ռոժէ Ֆերօն, Սանդրան, Ժան – Պօլն ինչո՞ւ պիտի արժանանային այդ տանջանքներին»:
Անվուա Զախօն պատասխան ունի. «Ձե՛զ պահեցէք ձեր բարոյական դասերը: Իսկ հարիւր – հազարաւոր հայեր, ովքեր այժմ ապրում են տարագրութեան մէջ` հեռու իրենց բնօրրանից եւ մշակութային սրբավայրերից, ինչո՞ւ են արժանացել այդ տանջանքներին: Այն ազգերը, որոնք խոստացել էին ապահովել նրանց անկախութիւնը 1920 –ին Սեւրի դաշնագրի որոշած սահմաններով, նողկալիօրէն լքեցին նրանց…»:
Գործակալ Կոպլանը, որ թերեւս ծանօթ է հայի տեսակին, հարցնում է` դուք վստա՞հ էք, որ արժանանալու էք հայերի հաւանութեանը: Նա համոզուած է, որ հայերը հաւանութիւն չեն տայ Դիմրեյնների վրիժառութեանը: Պօլ Քենին իր հերոսի շուրթերով յայտնում է հայերի մասին տարածուած կարծիքը. «Ամենուր, ուր էլ ապաստանել են հայերը, յարգանք են յարուցել»: Թերեւս պատահական չէ, որ վրէժխնդրութիւնն իրականացնելու գործողութիւնները հեղինակը վերագրում է լեռների աւազակ քրդերին, իսկ ահաբեկիչ Անվուա Զախօն զտարիւն հայ չէ, այլ հայի եւ քրդի միութիւնից ծնուած մարդ:
* * *
Վիպակի վերջաբանը …բանավէճ է մարդկութեան խղճի (Կոպլան) եւ տառապած ժողովրդի (Դիմրեյններ) միջեւ: Հեղինակն այդպէս էլ չի անդրադառնում` ի՞նչ կատարուեց վրիժառուների հետ, արդեօք կանգնեցի՞ն պատասխանատուութեան առաջ: Սակայն «երէք Դիմրեյնները (Ջեյմսը, նրա որդի Դանիէլը, Ռոբըրթ – Բոբը) համերաշխ էին եւ ընդունում էին իրենց կատարածի պատասխանատուութիւնը»: Անվուա Զախօ – Բոբ Դիմրեյնը խօսում է. «Ողջ պատասխանատուութիւնը վերցնում եմ ինձ վրայ եւ ոչ մի բան չեմ ափսոսում: Արդարադատ ատեանը կարող է գերազանց ամբիոն դառնալ` բողոքելու անցեալի, ներկայի եւ ապագայի զանգուածային ջարդերի հանդէպ աշխարհի բռնած ստոր դիրքի համար»: Կոպլանի խօսքն աշխարհի վտանգուած խաղաղութիւնը փրկելու կոչ է. «Աշխարհի կաշին հաստացել է. նա ականատես է եղել ամէն գոյնի ջարդի` անցնելով ահաբեկչութեան բոլոր տեսակներով` Գուլագից գազախցիկներ, Հիրոսիմայից Կամբոջա: Հիմա քրդերն են բողոքում ցեղասպանութիւնից: Նրանք հաստատում են, որ թուրքերը, իրաքցիներն ու իրանցիները խօսքները մէկ են արել իրենց բնաջնջելու համար: …Պահպանելով ատելութիւնը` ողջ մոլորակը վերածելու են ռազմադաշտի, ինչը որ ծայրահեղականների բաղձանքն է…»:
* * *
Առաջին հայեացքից սովորական դետեկտիւ յիշեցնող այս վիպակը թերեւս օտար ընթերցողը հենց այդպէս էլ ընդունի` դետեկտիւ: Արկածային տարրն այնքան ուժեղ է նրա մէջ, որ ընթերցողը չի կարողանում կտրուել ընթերցանութիւնից: Հայ ընթերցողը մասնաւորապէս վիպակի վերջին մասը չի կարող կարդալ առանց յուզմունքի. օտար հեղինակը բացում է հայոց եղեռնի ողջ ահաւորութիւնն ու գաղտնիքը, ներկայացնում է հայերի ջարդի սահմռկեցուցիչ տեսարաններ եւ նոր ժամանակներում տեղի ունեցող արիւնահեղութիւնների հիմքում տեսնում է նախնիների կրած տանջանքների վրէժը: Պօլ Քենին վիպակն աւարտում է Իւ Տերնոնի «Հայրերի ոճիրը չպէտք է բարդել զաւակների վրայ, բայց զաւակները չպէտք է անգիտանան այն» խօսքով:
ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ Գրքերի հետ Մարօ Խաչատրեան
Տպագրուել է Մոնրէալի ՀՈՐԻԶՈՆ – ի գրական յաւելուածում,
Ապրիլ, 2012: