Իմ Արցախն ու ես
(հուշեր, դիտարկումներ, մտորումներ)
Անուրացիայի տեսքով
ԻՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԵՍ
Արցախյան ազատամարտն ու փառավոր հաղթանակը գրավոր տեսքով ասպարեզ հանեց հերոսների ու նվիրյալների մի պատկառելի խավի: Նրանց կազմում կան նաև մարդիկ, որոնք ինչքան էլ դատապարտելի վարքագիծ են ունեցել այդ ճակատագրական ժամանակներում, իրենց գրավոր հրապարակումներում արդեն ներկայանում են որպես Արցախի համար նվիրյալ մահապարտներ: Այդպիսիների կողքին ես համեստորեն ներկայացնում եմ հարազատ ծննդավայրիս օգտակար լինելու իմ ջանքերի ցավալի ձախողումները մինչև այսօր:
Ղարաբաղյան շարժման, պատերազմի և հետագա տարիներին ես չկարողացա ընդհանուրի ուշադրությանն արժանի դերակատարում ունենալ: Միակ փորձս քարոզչական պատերազմ ծավալելու հարցում ձախողվեց: Բայց ակտիվորեն մասնակցում էի հասարակական կյանքի անցուդարձերին, հաճախ հայտնվում շիկացած իրադարձությունների կողքին:
Շուշին ազատագրելուց օրեր անց ավագ որդիս երկու ազատամարտիկի հետ եկավ տուն. ոտքերիս տակ փռեցին երեք թուրքական դրոշ, ցույց տվին Շուշու բանտի ներքին բանալիներից մեկը` ասելով, թե բանտը արդեն գրավված է: Հաջորդ առավոտյան որդիս ասաց, թե՝ ամբողջ կյանքում կռիվ ես տվել Ղարաբաղի համար, ճանապարհը արդեն բացել ենք, վեր կաց գնում ենք Ղարաբաղ: Երևանաբնակ ազատամարտիկ Սամվել Խաչատրյանի մեքենայով 4 ազատամարտիկի հետ հասանք Ստեփանակերտ: Ճանապարհին ու Ստեփանակերտում նրանց խոսակցության միակ թեման Գետաշենն ու շրջականերն ազատագրելն էր: Բայց մի օր հետո Լևոն Չարագործը Բ. Արարքցյանի գլխավորությամբ մի խումբ իջեցրեց Ստեփանակերտ, թե՝ եկել ենք իշխանափոխություն կատարենք. քաղաքակրթության պատմության մեջ եզակի մի երևույթ, երբ պատերազմի դաշտում հաղթանակած կողմից պահանջում են թողնել իշխանությունը: Արարքցյանի կազմակերպած եռօրյա գզվռտոցների արդյունքում չկարողանալով սովորական քվեարկությամբ իշխանությունը հանձնել իրենց թեկնածուին՝ իշխանությունների գլխավերևը ստեղծում են մի նոր կառույց` պաշտպանության կոմիտե, ամբողջ իշխանությունը հանձնում նրանց ու սկսում իրենց ավերումները:
Մեր զավակների բացած ճանապարհը դեռ մի նեղ միջանցք էր, որի վերևներից ու ներքևներից հնչում էին կրակահերթեր: Փորձեցի մեր ազատամարտիկների ուշադրությունը սևեռել այդ հարցի վրա: 1907թ. Երևանում հրատարակված Ա-Դօ-ի «Հայ-թուրքական ընդհարումները 1905-1906թթ.» գրքից մեջբերումներ կատարելով՝ ներկայացրի, թե ցարական կառավարությունը ինչպես է հայոց Քարվաճառը դարձրել թուրքերի Քյալբաջար: Հոդվածը ներկայացրի «Ազատամարտի» խմբագրին` հուսալով, որ այն տպագիր տեսքով կներկայացնեն մեր ազատամարտիկներին: Բայց խմբագիրն այն հրապարակեց Քարվաճառի ազատագրումից մի ամիս հետո միայն: Հետևապես ձախողվեց նախաձեռնությունս. շրջանը ազատագրվեց առանց իմ միջամտության:
Բ. Արարքցյանի կազմակերպած եռօրյա գզվռտոցներին անմիջապես հաջորդեց Շահումյանի շրջանի ողբերգությունը: Այլ քննարկման հարց է, թե ինչպե՞ս Շահումյանը հանձնեցին թուրքերին, ովքե՞ր ականազերծեցին Շահումյանի պաշտպանական գիծը, ինչպե՞ս Շահումյանի կորստին չհամակերպվող Մեղրյանին ոչնչացրին օդում: Ներկայացնում եմ հարազատ մի գերդաստանի ապրած ողբերգությունը:
Մեր հորեղբոր թոռը ամուսնացել էր կարաչինարցի մի երիտասարդի հետ, և երկուսով մանկավարժ էին հայրենի գյուղում: Մեր փեսա Լյովան աղետին նախորդող գիշերը 4 ընկերոջ հետ հսկում էր սահմանը: Առավոտյան տեսան, որ տանկեր են շարժվում դեպի գյուղ: Սպասում են, որ որոշակի կետում ականները նրանց օդ են բարձրացնելու, բայց տանկերը այդտեղով անցնում են փոշի բարձրացնելով: Տանկիստները ռուս ու ուկրաինացիներ էին, որոնք փողոցներով վարելով տանկերը՝ բղավում են, թե՝ փախե´ք, քանի դեռ թուրքերը չեն հասել գյուղ: Տագնապած գյուղացիները փախչում են դիմացի անտառը: Այդտեղ մեր փեսայի եղբայրը նկատում է, որ իր աները չկա: Իջնում է գյուղ՝ նրան որոնելու, և ընկնում թուրքերի ձեռքը, որին մորթում են սեփական տան բակում: Որոշ ժամանակ հետո մայրն է իջնում որդու հետևից, փորձում մորթված որդուն ավտոտնակի փոսում հողով ծածկել, բայց վրա հասած թուրքերը պատանդ են վերցնում տարեց կնոջը, որ փոխանակեն իրենց հարազատի հետ: Երեք տարբեր տեղեր են հասցնում խեղճին հնարավոր փոխանակման համար: Մահանու՞մ է այդ կինը, թե՞ սպանում են, այնուամենայնիվ, դիակը ուղարկում են Խարկովում ապրող նրա զավակներին: Իսկ ընտանիքի կենդանի մնացած մասը մի կերպ հասնում է Երևան, այդտեղից էլ՝ Խարկովում բնակվող եղբայրների մոտ: Այս դեռ մի ընտանիքի ողբերգականն է նման հազարավոր ընտանիքներից:
Շահումյանի շրջանից անմիջապես հետո Մարտակերտը դարձրին ողբերգությունների գոտի: Դժբախտաբար, մինչև հիմա պարզված չէ, թե ինչ ստոր միջոցներով հակառակորդի առաջ ճանապարհ բացեցին դեպի Մարտակերտ: Բայց հայտնի է, որ հունիսի 10-ին Լևոն Չարագործը պահանջեց չկռվել մարդակեր ավերածություններով առաջ շարժվող թշնամու դեմ: Իսկ երբ հունիսի 29-ի հեռուստաելույթով «անկանխատեսելի հետևանքներով» սպառնալիքներ տեղաց թշնամուն դիմադրող դաշնակցության դեմ՝ որպես պատերազմ հրահրողների, և մի շարք գաղտնիքներ հաղորդեց հակառակորդին, ես առաջին անգամ գրիչ շարժեցի նրա դեմ` հանդես գալով «Անկանխատեսելիի կանխատեսնված իրականությունը» հոդվածով: Ճիշտ է, ես ելման կետից էի նկատել «Ղարաբաղ» կոմիտեականների ինչ լինելը, երբ օպերայի հրապարակ իջնելով՝ սկսեցին վարկաբեկել ժողովրդի հարգանքը վաստակած հայրենասեր ուժերին` սկսած Սիլվա Կապուտիկյանից, Իգոր Մուրադյանից մինչև ակադեմիայի պրեզիդենտն ու հայոց կաթողիկոսը: Գլխի էի ընկել, որ Զվարթնոցում ու կայարանում իրականացրած պրովոկացիաներով ռուսական տանկերը Երևան մտցրին դրսի պատվերով ու ներքին պայմանավորվածությամբ մի քանի ժամով տանկերի մուտքը Երևան ուշացնելով էլ դարձան ազգային հերոսներ: Բայց ճակատագրական պատերազմում նրանց հայրենադավ դիրքորոշումը ինձ կանգնեցրեց նրանց դեմ:
Չնայած այդ հոդվածով դաշնակցությանն էի պաշտպանում ԼՏՊ-ից, սակայն «Ազատամարտի» խմբագիրը չհամարձակվեց այն տպագրել: Ինձ հաջողվեց միայն հետևյալ երկտողը խցկել տալ «Երկիր» օրաթերթի մի անկյունում: Ահա այն: «Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում ռազմական գաղտնիք հաղորդողները դատապարտվել ու համապատասխան պատիժ են ստացել, պատերազմական իրավիճակում` գնդակահարվել: Հանրապետության նախագահը, ի լուր թշնամու, հունիսի 29-ի հեռուստաելույթում ռազմական գաղտնիք հաղորդեց` հրապարակելով Արցախում կռվող ազատամարտիկների թիվը և այլ փաստեր: Ի՞նչ կարող է անել մի ժողովուրդ, որի նախագահն է նման դիրքերում» (Երկիր, 1992թ., 3 հուլիսի, էջ 3):
Այս կետից սկսած՝ ես հետևել եմ ՀՀՇ-ական հանցախմբի գործելակերպին կյանքի տարբեր բնագավառներում: Անդրադարձել եմ, թե ինչպես հզոր արդյունաբերություն ունեցող երկրի տնտեսությունը քարուքանդ արեցին, մետաղական զանգվածը վաճառելով՝ միլիարդներ կուտակեցին օտարերկրյա բանկերում, սկսեցին երկրի տնտեսական օբյեկտների վաճառքը օտարներին, ժողովրդին մատնեցին ցրտի ու խավարի տիրապետությանը: Անդրադարձել եմ նրանց կատարած տեռորին ու մարդասպանություններին թե´ երկրի ներսում և թե´ պատերազմի դաշտում: Բայց ամենից շատ ու հետևողականորեն ներկայացրել եմ նրանց հայրենադավ գործունեությունը պատերազմի ողջ ընթացքում, ցույց տվել, որ նրանք թուրքերի կողմից են կռվել մեր դեմ: Հետևենք դեպքերի ընթացքին:
Երբ Ադրբեջանը հանդես եկավ ԽՍՀՄ-ից անկախանալու հռչակագրով, երկու օր հետո էլ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղը հանդես եկավ Ադրբեջանից անկախանալու հռչակագրով: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Լևոն Չարագործը հեռուստատեսությամբ ազդարարեց, թե Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Արցախը չենթարկվեց նրա պահանջին և ձևավորեց սեփական պետական կառույցներ: Արցախը ոչ միայն հաջողությամբ դիմադրում էր հարձակվող թշնամուն, այլև ազատագրեց Խոջալուն: Օրեր անց հանրապետության ղեկավար Արթուր Մկրտչյանին սպանեցին սեփական բնակարանում: Այդ էլ արդյունք չբերեց հայրենադավներին: Կարճ ժամանակ հետո մեր զավակները, փառապանծ Կոմանդոսի ղեկավարությամբ, այնպես ազատագրեցին Շուշին, որ համարյա զոհեր չունեցանք: Դա այն աննվաճ Շուշի բերդաքաղաքն է, որի փեշերից Պարսկաստանի շահը գլխիկոր է հեռացել իր 100-հազարանոց զորքով և գնացել Թիֆլիսն ավերել: Այդ աննախադեպ մեծագործությունից կատաղած Լևոն Չարագործը Բ. Արարքցյանին հասցրեց Ստեփանակերտ, և որպես փոխհատուցում՝ թշնամուն նվիրեցին Շահումյանը` նույնիսկ դիմելով Շահումյանի պաշտպանական գիծը ականազերծելու ոճրագործությանը: Ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանին, այստեղ նաև ֆիզիկապես ոչնչացրին մեր շատ նվիրյալ ազատամարտիկների՝ սկսած Արաբոյի ջոկատից:
Որպեսզի ընթերցողին շոշափելիորեն պարզ դառնա, թե ՀՀՇ-ականները ինչքան տարածքներ են նվիրել թշնամուն, արձանագրում ենք հետևյալը: Մարզ ձևավորեցին իրական Ղարաբաղի մեկ երրորդ մասում միայն: Մարզի կազմից դուրս թողեցին Շամխորի, Քարհատ-Դաշքեսանի, Էլենդորֆ-Խանլարի, Գարդման-Շահումյանի շրջանները, ուր կար 86.960 հայ և 7.565 ռուս ու գերմանացի բնակչություն և ոչ մի ազերթուրքական բնակավայր. նրանք Կուր գետի շրջակա հարթավայրերն էին զբաղեցնում: Մարզի կազմից դուրս թողեցին նաև Ղարաբաղի վարելահողերը, որ ձգվում էին մինչև Արաքս գետը: Ճիշտ է, ղարաբաղցիները վերականգնեցին Լենկ-Թեմուրի ավերակ դարձրած Բայլականը, բայց այն կտրեցին մարզից և դարձրին հանրապետական ենթակայության շրջան, միատարր հայ բնակչությանը հերթականորեն դուրս մղելով շրջանից` 1988թ. հասան վերջնական հաջողության: Ինչ վերաբերում է Դիզակի վարելահողերին, այնտեղ ստեղծեցին Կարյագինո-Ֆիզուլի անունով արհեստական շրջան, չնայած այդ տարածքի մեծ մասը մինչև վերջին հակամարտությունը մշակում էին Հադրութի շրջանի կոլտնտեսությունները: Այս ճանապարհով քարտեզագրեցին մարզը՝ ընդամենը 4,4 հազար ք/կմ տարածքով:
ԻՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԵՍ
Մեզ պարտադրված պատերազմի ժամանակ մեր զավակները երկու անգամ ազատագրեցին հայրենի Հորադիզը, երկու անգամ էլ այն հետ նվիրեցին թշնամուն: Վերջերս միայն իմացանք, որ Հորադիզը Արցախի շատ բնակավայրերի հետ Վանի Արարատյան թագավորության տիրակալները 2800 տարի առաջ արդեն արձանագրել էին իրենց սեպագրերում որպես հայրենական բնակավայրեր: Իսկ երբ մեր զավակները ազատագրեցին ցարի կառուցած Կարյագինոն, նրա ու Հորադիզի փեշերից մինչև Ժդանովի շրջան՝ 120 կմ երկարություն ունեցող այդ տարածք խցկված ազերթուրքերը մի մարդու պես լքեցին այն` համոզված, որ գալիս են երկրի իրական տերերը: Մեր մի երկու ազատամարտիկ մի երկու տանկով հետախուզությամբ հասան իրենց պապերի կառուցած Ժդանով, երկու օր հանգստացան այնտեղ: Բայց վերադասը, փոխանակ մի կարգին ջոկատ հասցնի Ժդանով և տեր կանգնի ազատագրված մեր հողակտորին, մեր զավակներին կարգադրեց վերադառնալ և սահման գծեց Մարտունու փեշերով: Այս ստոր հայրենադավությունը ցավ է պատճառում ոչ միայն ազգային-քաղաքական առումով, այլև զուտ անձնական կտրվածքով:
Մեծ պատերազմի տարիներին՝ 11-12 տարեկանից սկսած, մեր ուսուցիչների գլխավո-րությամբ գյուղից հասնում էինք Արաքս, 60 կմ հեռավորություն ունեցող մեր արտերը հնձում, որ կռվողներին հաց ապահովենք: Պատերազմից անմիջապես հետո՝ ամառային արձակուրդներին, իջնում էի Կուրոպատկինոյի խաղողագործական սովխոզ, ուր հորեղբորս որդին գյուղատնտես էր, ջրում խաղողի այգիները և փող վաստակում: 1955-1960թթ. Մարտունու շրջկոմի հանձնարարությամբ ամեն տարի հասնում էի Հարամու ձմեռանոց, ոչխարապահների համար դասախոսություններ կարդում, ինձնից հետո էլ երգ ու պարի համույթն էր ելույթ ունենում: Այդ տարածքները իրենց հարազատությամբ ինձ համար համարժեք են անձնական սեփականության: Լևոն Չարագործը հայրենիքի մի կտոր իմ բաժինն էլ է ծախել Հեյդար Ալիևին: Դե ե՛կ վարդապետ ու մի´ խենթանա:
Այդքանից հետո մնում է ցույց տալ, թե պաշտոնական աղբյուրներում արձանագրված հայրենական ինչ տարածքներ և ինչ ծավալով է Լևոն Չարագործը ծախել Հեյդար Ալիևին: Ինչպես գիտենք, առաջին զոհը Շահումյանի շրջանն էր՝ իր 558 ք/կմ տարածքով: Դրան հաջորդեց Մարտակերտի շրջանի մի մասը՝ 275 ք/կմ տարածքով, ապա Մարտունու շրջանի հարթավայրը՝ իր 550 ք/կմ տարածքով: Դրանց գումարվում է թուրքերի կողմից ինքնակամ լքված Ժդանովի շրջանը՝ իր 1131 ք/կմ տարածքով, և Կարյագինո-Ֆիզուլու շրջանը՝ իր 1386 ք/կմ տարածքով: Այսպիսով՝ 3900 ք/կմ հայրենական տարածք է վաճառվել հակառակորդին: Նորից հիշենք, որ 4,4 հազար ք/կմ տարածք էր քարտեզագրված որպես մարզ: Թուրքերին ծախված հայրենական հողերը 500 ք/կմ-ով են պակաս քարտեզագրված մարզից:
Դժբախտաբար, մեր պետական այրերը և նրանց սատարող ազգային ջոջ աղաները երեկ և այսօր առաջնորդվել և առաջնորդվում են միայն իրենց աչքի տեսածով՝ առանց պատկե-րացում ունենալու, թե ինչպիսի սանձարձակ գաղութատիրության զոհ դարձրին մեզ: Գոնե տեղյակ լինեին խորհրդային տարիներին իրականացրած մարդակեր քաղաքականությանը և այսօր իրենց կամքից անկախ չդառնային Բաքվի ջրաղացին ջուր լցնողներ: Նորից անդրա-դառնանք թվաբանությանը: Մարզից դուրս թողեցին հյուսիսային չորս շրջանները, ուր կար 86.960 հայ ու 7.567 ռուս ու գերմանացի, բայց թուրքի ոչ մի բնակավայր: Սահմաններն էլ գծեցին գյուղամերձ տարածքներով` դուրս թողնելով վարելահողերը: Կարաչինար գյուղի հիմնական վարելահողերը Ղարբանդ տեղամասում էին, որը 3-4 կմ-ով էր հեռու Բարդայից: Տարածքն ուներ նաև գյուղատնտեսական օգտագործման համար կառույցներ` անասնագոմեր, տնակներ: 1949թ. մի կարգադրությամբ Ղարբանդը խլեցին կարաչինարցիներից, ճիշտ ինչպես Ժդանովը խլել էին մարզից: Նույն եղանակով նույն 1949թ. Գետաշենից էլ խլեցին նրանց ձմեռանոց Խանլարը: Ավելին: Էլենդորֆի շրջանն էլ վերանվանեցին և դարձրին Խանլարի շրջան: Մարզի ձևավորման օրերին 260 բնակիչ ունեցող Աղդամին, որի մի պատկառելի մասն էլ հայեր էին, գումարեցին շրջակա 9 աուլ՝ ընդհանուր թվով 2.094 բնակչությամբ, ստեղծեցին մարզից առանձին շրջան: Այդ օրերին միայն Գետաշեն գյուղը ուներ 5.059 բնակիչ՝ երկուսուկես անգամ ավելի Աղդամի շրջանից: Մի քանի տասնամյակում Իրանից ներմուծած ցեղակիցներով Աղդամի շրջանում կուտակեցին 135.900 բնակչի, որպեսզի վերջնականապես լուծեն Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս ամենը մի կողմ թողած` մեր պետական այրերը հանդես են գալիս հայտարա-րությամբ, թե մենք Աղդամը գրավել ենք որպես Ղարաբաղի անվտանգության գոտի` ակամա դառնալով Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության պոչը: Մենք ընդամենը և միայն ազատագրել ենք մեզնից խլված որոշ փշրանքներ:
Ահեղ պատերազմի օրերին մի անգամ էլ հայտնվեցի հերթական մեծագործության իրադ-րությունում: Ստեփանակերտի հյուրանոցից իջել էի բուֆետ` թեյ խմելու: Հանկարծ օդում մի զիլ սուլոցանման ձայն լսվեց, որը աշխատակիցներին փախցրեց շենքի հետևի մասը` խոհանոց: Հետևներից գնացի և հարցրի, թե ինչո՞ւ փախան, և ստացա պատասխան.
-Չե՞ս լսում, Աղդամից հրթիռակոծում են քաղաքը:
Մի ժամ չանցած` դղրդաց լուրը, թե մերոնք գրավել են հրեշ Աղդամը: Իջա Կարկառի ափ, որ պատահած մեքենայով մեկնեմ գյուղ: Սակայն ամբողջ օրը դեպի Քառասնի որևէ մեքենա չգնաց: Մեքենաները գալիս էին միայն Աղդամից`առաջին հերթին բերելով մեծածավալ շինանյութեր ու թափելով Կարկառի աջափնյա տարածքում: Մի կերպ գլխի ընկա, որ գյուղ հասնելու միակ ճանապարհս Աղդամով է անցնում: Հաջորդ առավոտ Աղդամ գնացող մի բեռնատար նստեցի ու հասա Աղդամ: Այնտեղ սպասեցի այնքան, որ մեր գյուղից եկած մեքենան, թալանը բարձած, վերադառնա գյուղ, ու այդպես հասա գյուղ:
Այդ օրերին ես մի ծանր սխալ թույլ տվի, որի համար մինչև հիմա չեմ կարողանում ներել ինձ: Ես այն գլխից գիտեի, որ Ջաբրայիլի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար 1940թ. Բաղիրովի հանձնարարությամբ մեր Տրտու-Թարթառ գետի հունում հորեր են փորել, բայց ջրի փոխարեն նավթ է դուրս եկել: Ջաբրայիլից բավական վերև Նավթալանն է՝ երկրագնդի այն եզակի տեղերից մեկը, որտեղից նավթը սովորական աղբյուրի տեսքով է դուրս գալիս գետնի երես, մանավանդ որ ունի նաև բուժական մեծ հատկություն: Ով, ով, ես գիտեի, որ այդ Ջաբրայիլ կոչվածը մեր Գարդման գավառի մի հատվածն է: Եթե իմ այս տեղեկությունները ժամանակին մի երկու նախադասությամբ փոխանցեի մեր կռվող տղաներին, չի բացառվում, որ նրանք կրնկակոխ կհետևեին պոչները ցցած փախչող աղդամցիներին և կազատագրեին մեր հայրենիքի այդ հատվածները ևս: Դժբախտաբար, այդ գաղափարը իմ գիտակցությանը հասավ շատ ուշ, երբ արդեն չկար դրա իրականացման որևէ նախադրյալ: Երբ 1994թ. գարնանը Մարտակերտում կռվող ջոկատներից մեկի հրամանատար Նորայր Դանիելյանը ղեկավարության կամքին հակառակ որոշեց հայրենի Մարտակերտի շրջանը ամբողջովին ազատագրել թուրք հրոսակներից, բայց մերոնք կես ճանապարհին սպանեցին նրան, որ տեղ չհասնի, և շրջանի մի շարք գյուղեր նվիրեցին թուրքերին, այդ դավաճանական գործողության հետևանքով իմ մեջ ծագեց Ջաբրայիլն ու Նավթալանը ազատագրելու միտքը: Մանավանդ որ Դանիելյանին չսպանելու պարագայում նա պետք է ազատագրեր նաև հայրենի Մարգուշևան գյուղը, որը Ջաբրայիլից մի ճանապարհով էր բաժանվում:
Դժբախտաբար, ես չկարողացա այդ գաղափարը պատեհ ժամանակին հասցնել մեր կռվող զավակներին: Սրանով ավարտենք պատերազմական ժամանակաշրջանը և անցնենք խախուտ զինադադարին հաջորդող տարիներին:
Իզուր չէին անցել իմ նախորդ 40 տարիները: Կուտակել էի հսկայական պատմաքաղաքական նյութ, ուսումնասիրել էի երկրատարածքում կատարված անցուդարձերը, ինչպես ասում են՝ տեղյակ էի ամեն մի քունջուպուճախի: Մինչդեռ շարժման, հետագայում նաև պետության ղեկավարները հիմնականում առաջնորդվում էին սեփական աչքի տեսածով, և եթե լրացուցիչ մի բան էլ գիտեին, բոլշևիկորեն գլխիվայր շրջված պատմությունն էր՝ իր աննահանջ գաղութատիրական ծրագրով: Մի օրինակը բավական է երևույթը սպառիչ ներկայացնելու տեսակետից:
Գրավելով Անդրկովկասը` ցարիզմը այն ենթարկեց վարչական բաժանումների` նահանգների, գավառների, գավառակների: Յուրաքանչյուր 30 վերստ հեռավորությամբ անբնակ տարածքում ստեղծվեց գավառակի կենտրոն, որոնցից մեկն էլ Աղդամն էր, ուր ցարական չինովնիկներին սպասարկելու համար հավաքվել էր 260 բնակիչ հայերից ու ազերթուրքերից: Մարզ ձևավորելու ժամանակ Բաքվի բոլշևիկապանթուրքական կառավարությունը Աղդամին միացրեց շրջակա 9 աուլ՝ ընդհանուր թվով 2.094 բնակչությամբ, և ստեղծեց մարզից անկախ շրջան: Հետագա տասնամյակներին քաղաքական աննահանջ հետևողականությամբ այդ արհեստական շրջանում կուտակեցին 135.900 բնակչություն` հիմնականում Իրանից ներմուծված, որից 40 հազարը՝ Աղդամում: Մեր ղեկավարները սեփական աչքով տեսել էին այդ հրեշ դարձած Աղդամը, բայց չգիտեին ու չգիտեն, թե ինչի համար ստեղծվեց այն, և համարում են թուրքից գրավված տարածք և ոչ թե թուրքից ազատագրած հայրենական հողակտոր: Գոնե Աղդամից ու Ղարաբաղի այլ տարածքներից հակառակորդի այդքան թափով փախչելը մի բան հուշեր մեր ղեկավարներին, իրենք իրենց հարց տային, թե ինչո՞ւ ցարի կառուցած Կարյագինոյի ազատագրման լուրը լսելով` պատերազմական գործողություններից 100 կմ հեռու գտնվող Ժդանովի շրջանի բնակիչները մի մարդու պես փախան իրենց բնակավայրերից: Փախան, որովհետև գիտեին, որ դա իրենց հայրենիքը չէ, որ հայրենիքի իրական տերն է գալիս:
ԻՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԵՍ
Հետզինադադարյան ողջ շրջանում իմ նպատակը եղել է և է մեր իշխանություններին ճշմարիտ, անշրջանցելի տեղեկություններ փոխանցել մեր հայրենիքի այդ հատվածների պատմության, անցած ճանապարհի, հաղթահարած աղետների, այս կամ այն ժամանակ ունեցած նվաճումների մասին: Բայց քանի որ այդտեղ էլ եմ դեմ առել խուլ պատի, սուր անկյան տակ ներկայացրել եմ նրանց դիրքորոշումը քարոզչական պատերազմում, ուր, ինչպես հայելու մեջ, երևում է, որ մենք դարձել ենք Բաքվի քարոզարշավի ողորմելի պոչը: Երբ 2001թ. ծանոթացա ԼՂՀ իշխանությունների՝ ՄԱԿ ուղարկած մի «Մեմորանդումի», նրա հակահայկական, հակապատմական, անգրագետ բովանդակությանը, իմ մեջ կասկած առաջացավ՝ չլինի՞ թե այն ստեղծել են Հեյդար Ալիևի պատվերով: Այդ հակահայկական փաստաթղթի տարբեր հատվածների համար ծրագրեցի երեք հոդված, երկուսը իրականացրի, նյարդայնությունից երրորդը մնաց անկատար: Քարոզչական պատերազմում մեր իշխանավորների դիրքորոշումն իր ամբողջության մեջ ամփոփված է «Աններելի անգիտության ու քարոզչական պատերազմի հայրենական ճահճուտներում» գրքում, որի մի քանի օրինակ պահ եմ տվել որոշ գրադարանների` ապագա սերունդների համար, որովհետև այսօր ընթերցող չունենք: Այնուամենայնիվ, այստեղ ևս ներկայացնում եմ որոշ զրնգացող միջադեպեր:
Քարոզչական պատերազմում մեր դերակատարներին կողմնորոշելու առաջին փորձը ձեռնարկեցի 1994թ., երբ արդեն սկսվել էր զինադադարը, բայց գնալով ավելի էր բորբոքվում Բաքվի հակահայկական քարոզչական դաշտը: Որպեսզի շոշափելի տեղեկատվություն ապահովեի մեր դերակատարների համար, թե ինչպես առաջացավ ղարաբաղյան հիմնահարցը, որը հակամարտությամբ հանգեց արյունահեղ պատերազմի, ներկայացրի 300-ամյա մի ժամանակաշրջան` սկսած Պետրոս Առաջինի Կովկասյան արշավանքից: Շրջանառության մեջ դրեցի ժամանակին ստեղծված հարուստ վավերագրերը`սկսած Իսրայել Օրու կատարած վիճակագրությունից ու պաշտոնական փաստաթղթերից, ներկայացրի 300 տարում տեղի ունեցած պատերազմներն իրենց հետևանքներով` շեշտելով, որ ազերթուրքերի քոչը առաջին անգամ Նադիր շահն է մտցրել Արաքսի ձախ ափը քաղաքական նպատակներով, անդրադարձա լենինյան մարդակեր քաղաքականությանը մեր ժողովրդի նկատմամբ, մանավանդ Ղարաբաղի ու Նախիջևանի հարցում, անցա Բաքվի իշխանությունների 70-ամյա գաղութային քաղաքականության դրսևորումներին ու «Երեքհարյուրամյա շարունակվող ցեղասպանությունը Արևելյան Անդրկովկասում և նրա հետևանքները» վերտառությամբ աշխատանքը Երևանում ԼՂՀ ներկայացուցիչ Լեոնարդ Պետրոսյանի միջոցով ուղարկեցի ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Որոշ ժամանակ հետո իմացա, որ նման մի առաջարկ էլ կատարել է Բակուր Կարապետյանը և ստացել հնչեղ պատասխան. «Մեզ 10 տարի գիրք հարկավոր չէ»: Պարզ է, որ Քոչարյանը մեր ուղարկած աշխատանքի կողքովն անգամ չի անցել:
1999թ. փետրվարի 18-ին Հեյդար Ալիևը հանդես եկավ «Բակինսկի ռաբոչի» թերթում` նոր ճանապարհ բացելով ազերթուրքերի հակահայկական պատմաքաղաքական նենգափոխումների համար: «Եվ հետագայում էլ պետք է հորինել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես, հետևողականորեն ապացուցեն, որ Ադրբեջանին են պատկանում այն հողերը, ուր ներկայումս տեղադրված է Հայաստանը: Մենք պիտի դա անենք: Մենք պիտի ճանապարհ բացենք մեր հետագա սերունդների համար»: Ալիևի այս հանձնարարականը կարճ ժամանակում իրականացրին, ներկա Հայաստանը դարձրին Արևմտյան Ադրբեջան, որի երկրորդ պետական լեզուն էլ ազերթուրքերենն է:
Աննախադեպ սանձարձակ, լկտի ու ագրեսիվ այս զառանցանքը պահանջում էր համարժեք հակադարձում, որի համար մեզ էր սպասում տարածաշրջանի՝ հազարամյակների իրական, անշրջանցելի պատմությունը: Նախ նախապատմական ժամանակներից մեզ հասած լեզվաբանական վկայություններով ներկայացրի, որ այսօր Ադրբեջան կեղծանունով թմբկահարվող տարածքը հայ ժողովրդի բնական հայրենիքն է եղել այն հեռավոր ժամանակներից սկսած, երբ ձևավորվել ենք որպես ինքնուրույն էթնիկական միավոր: Երկրատարածքի բոլոր նախաստեղծ տեղանունները բնիկ հայերեն բառեր են, և ներկայացրի մի շարք նման տեղանուններ: Ինչ վերաբերում է պատմական դարաշրջաններին, երբ շրջանառության մեջ էր մտել գրավոր խոսքը, սկսած Աքեմենյան աշխարհակալության ժամանակներից մինչև լենինյան հայակեր քաղաքականությունը, պատմական անցուդարձերը ներկայացված են ըստ ամենայնի: Այդ անսպառ նյութից որոշակի ու անհրաժեշտ վկայություններ մեկտեղելով՝ խստագույն սեղմությամբ՝ ընդամենը 32 էջի շրջանակներում, ստեղծեցի ալիևյան զառանցանքին հակադարձող մի վավերագիր՝ «Հազարամյակների պատմության հետագծով» վերտառությամբ, և մի անհրաժեշտ նամակ-առաջարկով ներկայացրի ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանին և կարճ ժամանակ հետո ստացա պատասխան.
«Հարգարժան պարոն Հակոբջանյան,
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից ս.թ փետրվարի 1-ին ՀՀ ԱԳՆ ներկայացված գրության և կից նյութերի համար, որոնք առնչվում են Ադրբեջանի և ազերի ժողովրդի կայացման հիմքերին ու դրդապատճառներին: Ձեր տրամադրած նյութերը հնարավոր առիթների դեպքում կօգտագործվեն ընթացիկ աշխատանքներում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ արտգործնախարարությունը ներկայումս չունի անհրաժեշտ միջոցներ Ձեր ներկայացրած աշխատանքը ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանելու համար:
Հետագայում ցանկության դեպքում կարող եք ՀՀ ԱԳ նախարարությանը հայտնել նմանատիպ հարցերի վերաբերյալ Ձեր առաջարկները, 20.02.2002թ. »:
Պատասխան այս թուղթը ստանալու պահին ականատես եղա, թե ինչպես երկու երիտասարդ, թուղթ ու գրիչ վերցրած, հաշվումներ էին կատարում, թե ինչ-որ դահլիճում կայանալիք համերգի նվագողներին հազար, թե° հազար հինգ հարյուր դոլար պիտի վճարեն: Այո´, նախարարությունը բարեխղճորեն հետամուտ է զուռնաչիներին վճարելուն, բայց մեր հայրենիքը Ադրբեջան դարձնելու դեմ անելիք չունի, դրամական միջոցներ չունի:
Օրերից մի օր իմ հին ընկերներից մեկը ինձ հանձնեց հայտնի Ֆարիդա Մամեդովայի 2005թ. տպագրած մի հոդված` ասելով. «Դու այդ կնոջ կաշին դաբաղանից գիտես, պետք է նրա հերթական սանձարձակությունը անպատասխան չթողնես»: Ծանոթանալով հոդվածին՝ տեսա, որ հերթական հակահայկական լկտի զառանցանքներն են, որով Մամեդովան ներկայացնում է, թե իրենք են իրենց Էրիվանը ողորմությամբ տվել մեզ, որ անհայտ չկորչենք, և նման «հրաշալիքներ»: Ավելորդ համարելով նրան պատասխանելու մակարդակին իջնելը՝ ընտրեցի բավական «չեզոք» մի ճանապարհ. մի կողմ դնել ամեն տեսակ վեճ ու օբյեկտիվ անկողմնակալությամբ ներկայացնել հենց իրենց ու իրենց ժողովրդին: Ախր ես շատ լավ գիտեի մեր անփոխարինելի հարևաններին. դեռևս անցած դարի 70-ական թվականներից էի իմացել, որ նրանք մարդկությանը Նոյ նահապետ են նվիրել և բազում նման հրաշալիքների տեր են: Հետևապես նրանց պետք է ներկայացնել ավելի ընդգրկուն ու ամբողջական տեսքով, որ աշխարհն էլ իմանա, թե նմանը չունեցող մարդկային ինչպիսի տեսակի հետ գործ ունի:
Առաջին հարցը, որ պատասխան էր պահանջում, այն էր, թե որտեղի՞ց լույս աշխարհ եկավ Զիա Բունիաթով ու Ֆարիդա Մամեդովա աշխարհ բերած ցեղը, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ քաղաքական նկատառումով նրանց քոչը մտցրեց Արաքս գետի ձախ ափը: Բարեբախտաբար, ժամանակի բազում վավերագրերով ու պետական փաստաթղթերով տրվեց հարցի անշրջանցելի պատասխանը:
Պատասխան պահանջող երկրորդ հարցն այն էր, թե քաղաքակրթական ինչ ներուժով այդ ցեղը հասավ սոցիալիստական հասարակարգ: Իրենց միամիտ ժամանակների գրավոր խոս-տովանություններից պարզեցի, որ 1870-ականների սկզբներին արդեն կարողացել էին արա-բական այբուբենը հարմարեցնել իրենց լեզվին և մայրենի լեզվով օգտվել գրավոր խոսքից: Մինչ այդ գրում էին բացառապես պարսկերեն լեզվով: Այդքանով հանդերձ՝ նրանք դեռ պահպանել էին «անասնապահական տնտեսությունը և նահապետական-տոհմային կենցաղը կամ կիսանահապետական-կիսաֆեոդալական կենցաղի նախնադարյան ձևերից այն կողմ չեն անցել» (Ի. Ստալին, Պրավդա, 1991թ., համար 29 ): Ահա քաղաքակրթական այս ներուժով են նրանք հասել 20-րդ դար:
Քաղաքակրթական մի նոր դարաշրջանի հիմք դրվեց մեր հարևանների համար, երբ Ստալինի հանձնարարությամբ նրանց ձեռքը տվին մի պատմություն, որի հիմքում ամեն ինչ կար, բացի ազերթուրք ժողովրդի ներկայությունից: Դրանով նրանց հուշեցին, որ պատմություն մոգոնելու հարցում իրական պատմությունը երկրորդական նշանակություն ունի, կարևորը մարդկային քաղաքակրթության ստեղծած ամեն ինչ սեփական շահերին ծառայեցնելն է: Այդ պահանջի թելադրանքով էլ ազերթուրքը ծիլ արձակեց, դուրս եկավ Ղարաբաղի հողի տակից, թռավ Միջագետք, այնտեղ ստեղծեց շումերական քաղաքակրթություն, նույն քաղաքակրթությունը հասցրեց Ենիսեյի Միջագետք և այլ տեղեր` երբեք չմոռանալով, որ այդ քաղաքակրթության հիմքը դրվել է առաջին Միջագետքում՝ Կուր-Արաքսով շրջափակված Ղարաբաղում:
Այս ամենը ի մի բերելով՝ ստացվեց հինգ ենթաբաժնից կազմված մի աշխատանք, որով աշխարհը կարող է պատկերացում կազմել, թե մարդկային ցեղի ինչ որակի հետ գործ ունի ինքը: Աշխատանքը տպագրվում էր հայատառ մամուլում, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հեռուստաէկրանից ազդարարեց, թե մենք պատրաստվում ենք Ադրբեջանի կառավարության դեմ միջազգային դատ բացել: Հերթական այդ փչոցից խաբված` այդ աշխատանքը ուղարկեցի նախարարություն, ապա հանդիպեցի նախարարի հետ, առաջարկեցի աշխատանքը շրջանառության մեջ դնել որպես իրենց սկսելիք միջազգային դատի նախաբան, բայց արդյունքի չհասա: Արդյունքի չհասա նաև ԼՂՀ ղեկավար դերակատարներին դիմելով: Արդեն քանի տարի է, որ մեր երկու պետությունների ղեկավար դերակատարները քարոզչական պատերազմի համար ստեղծած այդ աշխատանքը դրել են տակներն ու վրան նստել: Ահա թե ինչպես են մեր պետական այրերը իրականացնում քարոզչական պատերազմ:
Վերջապես ժամանակն է, որ անդրադառնամ ինձ սպասող հերթական անակնկալին: Երբ Մինսկի խմբի համանախագահները «Մադրիդյան սկզբունքներ» անունով գաղտնազերծեցին իրենց պարտադրանքները 6 կետերով, ծանոթանալով դրանց` տեսանք, որ դրանցից ցանկացած մեկի իրականացման դեպքում մենք զրկվում ենք մեր Ղարաբաղից: Հերթականությամբ ներկայացնենք այդ սպառնալիքները:
ԻՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԵՍ
1. Ղարաբաղ են մտցնում խաղաղարար ուժեր:
Վերջին 300 տարում դրսից եկած այդ խաղաղարար ուժերն են մեզ զրկել մեր հայրենիքի 9/10 մասից` Զեյթունից մինչև Սասուն, Կարսից մինչև Բաքու` թողնելով 1/10 մասը: Վերջին «խաղաղարարը» չէ՞ր ճիվաղ Գորբաչովը, որ պետական տանկերով ու հրանոթներով զավթեց մեր Շամխորի, Քարհատի, Խանլարի շրջանները: Սաֆոնովյան բանդիտները չէի՞ն, որ հայաթափեցին մարզի բազմաթիվ գյուղեր: Հիմա՞ ինչի համար են գալիս այդ խաղաղարարները:
2. «ԼՂՀ հարակից շրջանների վերադարձ` Ադրբեջանի վերահսկողության ներքո»:
Նորի՞ց վերադարձ, երբ այդ շրջանները 1929թ. են պոկել Հայաստանի Հանրապետությունից քրդական ինքնավարություն ստեղծելու խաբկանքով, ջարդի տակ դնելով քուրդ «բանդիտներին»` լցրել թուրքերով: Մեր զավակները ազատագրել են մեզնից բռնազավթված այդ տարածքները և ուրիշ ոչինչ:
3. «Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձ»:
Ոչ մի խոսք Ադրբեջանի ողջ տարածքով մեկ սփռված հայության ջարդի և բռնագաղթի մասին, բայց Ղարաբաղից փախածների, որոնց մի պատկառելի մասը ինքնակամ է փախել իրենց չպատկանող երկրից, վերադարձ «խաղաղարար» ուժերի հովանավորությամբ: Իսկ Ալիևն էլ նրանց թիվը հասցնում է մեկ միլիոնի:
4. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում, նրա «անվտանգության ու ինքնակառավարման ապահովում»:
Եթե քաղաքագիտական խորամանկության վկայություն այս ձևակերպումը թարգմանենք սովորական մարդկային լեզվով, կերևա, որ մեր բարի քեռիները մեզ իրավունք են տալիս զբաղվելու մեր մի կտոր հացով, մինչև իրենք մեկ միլիոն ազերթուրք կխցկեն Ղարաբաղ, թեկուզ նաև Իրանից, ինչպես կատարել են 1954 թվականին:
5. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում իրավական պարտադիր հետևանքով, կամարտահայտության միջոցով»:
Այս ձևակերպումը ևս սովորական մարդկային լեզվի փոխանցելու պարագայում պարզվում է, որ մեկ միլիոն ազերթուրք Ղարաբաղ խցկելուց հետո կազմակերպելու են նոր հանրաքվե, որտեղ հայերի ձայնը տասն անգամ պակաս է լինելու ազերթուրքերից: Այս նոր հանրաքվեն էլ որոշելու է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը իր «իրավական պարտադիր հետևանքով»:
6. «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք»:
Շատ լավ իմանալով, որ նախորդ պարտադրանքները իրականացնելուց հետո անխուսա-փելի է դառնալու Ղարաբաղի հայության ջարդն ու բռնագաղթը, մեզ փորձում են մխիթարել փախուստի մի միջանցք տրամադրելու խաբկանքով: Դա էլ հավասար է նրան, որ Սումգայիթի եռօրյա ջարդի առնչությամբ Գորբաչովը լկտիաբար հայտարարեց, թե «խաղաղարար» ուժերը երեք ժամով են ուշացել:
Այս ամենը վերլուծության ենթարկելով` փորձեցի այն շրջանառության մեջ դնել երկու տարբերակով` ներքին ու արտաքին: Արտաքին սպառման համար «Մադրիդյան սկզբունքների» կործանարարությանը հակադրեցի տարածաշրջանի հազարամյակների պատմական զարգացումների ընթացքը` նախապատմական ժամանակները՝ լեզվական հիմնավորումով, պատմական ժամանակաշրջանները՝ անշրջանցելի գրավոր փաստարկներով, մինչև ղարաբաղյան վերջին հերոսամարտը ներառյալ: Մի բաց նամակով դիմեցի ռուսական պետական, քաղաքական, մտավոր շրջանակներին, որոնց մեջ քիչ չեն այն անձինք, որոնք ավելի լավ են պաշտպանում մեր շահերը, այսինքն` ճշմարտությունն ու արդարությունը, քան մեր դերակատարները: Նրանց հիշեցրի, որ համանախագահների հրապարակած պարտադրանքները արտագրություններ են Բեռլինի վեհաժողովում, Սևրում ու Լոզանում ստեղծված փաստաթղթերից` իրենց հակահայկական բովանդակությամբ, և կոչ արեցի, որ կանխեն սպասվող աղետը: Ապահովեցի նաև 5 հասարակական կազմակերպության ղեկավարի ստորագրություն, որպեսզի այն ներկայացվի որպես հասարակական պահանջ:
Մեծագույն դժվարությամբ իրականացրի աշխատանքի թարգմանությունն ու տպագրութ-յունը, գրքույկի մի օրինակը, ռուս պետական, քաղաքական, մտավոր շրջանակներից 20 հոգու մի ցուցակ վերցրած, ներկայացա ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Պարոնին ասացի, որ այս փաստաթուղթը պետական մակարդակով շրջանառել չեն կարող, հնարավոր միջոցն այն է, որ Մոսկվայի հայկական դեսպանատան մեր աշխատակիցները ցուցակում առկա անձանց հասցեները տրամադրեն մեկ-երկու երիտասարդի, որ տանեն գրքույկները գցեն նրանց փոստարկղերը: Համոզված լինեն, որ այդ մարդիկ անտարբեր չեն մնա: Քոչարյանը հայտնեց, որ կծանոթանա աշխատանքին, որից հետո համատեղ կորոշենք մեր անելիքը: Բայց հետոն վերջացավ նրանով, որ իմ բոլոր զանգերին պատասխանում էին, թե Քոչարյանը զբաղված է կամ էլ քաղաքում չէ: Եվ այդպես էլ իմ աշխատանքը հասցեատերերին չհասավ:
Առավել կոպիտ ու գռեհիկ ճակատագիր ունեցավ ներքին սպառման համար ստեղծված իմ աշխատանքը: Այստեղ արդեն ես չէի կարող շրջանցել մեր դերակատարների բացթողումներն ու սխալները, անգրագիտության համարժեք անտեղյակությունը Ղարաբաղի անցած ճանապարհի, հաղթահարած աղետների, ունեցած ձեռքբերումների վերաբերյալ, որի արդյունքում մենք դառնում ենք Բաքվի քարոզարշավի ողորմելի պոչը:
«Մեմորանդում» անունով փաստաթուղթ են հասցնում ՄԱԿ` կարծելով, թե Ղարաբաղի շահերն են պաշտպանում: Ծանոթանում ես դրան ու տարակուսում: Ակամա հարց է առա-ջանում. չլինի՞ այն ստեղծվել է Հեյդար Ալիևի պատվերով, որովհետև ոտքից գլուխ հակա-պատմական, հակահայկական է այն: Իսկ երբ փորձում ես գոնե ներքին սպառման համար պատմական տեղաշարժերի իրական ընթացքը ներկայացնել ընթերցողին, մամուլի դռները փակվում են դիմացդ: Պետական միջոցներով հաստափոր գրքեր են լույս աշխարհ հանում` իրենց ցնդաբանությունները հասցնելով յոթերորդ երկինք, նույնիսկ «ապացուցում» են, թե Քրիստոսի ծննդից 400 տարի առաջ ղարաբաղցիները ոչ միայն քրիստոնյա են եղել, այլև քրիստոնեություն են տարածել հարևան ժողովուրդների մեջ: Երբ մեկ-երկու հոգով փորձեցինք նախազգուշացնել նրանց, թե ամեն ինչ, նույնիսկ ցնդաբանությունն էլ չափ ու սահման պետք է ունենա, պետության կերակրատաշտակի մոտ հավաքված մի խումբ խաչակրաց արշավանք սկսեց մեր դեմ և հասավ նրան, որ այդ հակագիտությունը արժանացրին պետական մրցանակի: Ավելին: Ղարաբաղում այսօր էլ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ազերթուրքական շահերը այնպես են պաշտպանում, որ Բաքվում կարող էին նախանձել նրանց:
Անդրադառնանք դրանցից մեկի` ԱԺ արտաքին հարաբերությունների հաձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի վարքագծին: Պարոնը ջարդի տակ է դնում մեր այն մտավորականներին, որոնք տասնամյակներ պայքարել են հանուն Ղարաբաղի, տպագրել են բազում աշխատանքներ ոչ միայն հայերենով, այլև օտար լեզուներով: Նա ոչ միայն ժխտում է նրանց վաստակը, այլև հակառակն է փորձում հաստատել. մեղադրում մեր մտավորականներին, որ չեն գնահատում Բաքվի գերագույն արդարամտությունը Ղարաբաղի հարցում: Ի հավելումն այդ ամենի՝ նա հպարտությամբ հայտարարում է, որ ինքը այնպես պետք է անի, որ իր ու իր զավակների համար ապահովի թշնամի թուրքի գոնե հարգանքը` «համեստորեն» չանդրադառնալով ավելին ստանալու ակնկալությանը:
Երկու հոդվածում` «Մենք լռելու իրավունք չունենք» և «Իր «Մի´ վնասիր»-ով Լևոն Մարտիրոսյան-Վահրամ Աթանեսյանն ո՞ւմ կառքին է լծվել», ներկայացնելով Աթանեսյանի քաղաքական դիրքորոշումը՝ այն միացրի ներքին մյուս մտահոգություններին ու «Մադրիդյան» պարտադրանքներին, մի գրքույկ դարձրած՝ ուղարկեցի Ստեփանակերտի բարձրաստիճան իշխանավորներին ու ԱԺ պատգամավորներին՝ որպես նախազգուշացում մեր գլխավերևը կախված կործանարար սպառնալիքի: Բայց միայն այն բանի պատճառով, որ մի չինովնիկի կողքով էլ էի անցել, հաջորդ առավոտյան ԱԺ պատգամավորների ձեռքից վերցնում են գրքույկներն ու «բանտարկում»: Եվ 33 պատգամավորներից գոնե մեկը չի համարձակվում ասել, թե «այդ մարդը առանց որևէ ակնկալության գիրք է ուղարկել մեզ, ինչո՞ւ եք խլում մեզնից»:
Ուշ միջնադարում կաթոլիկ հովվապետները գիտական հայտնագործություններ ունեցող գրքերն ու ձեռագրերը հրկիզում էին, որովհետև գիտությունը վնասում էր իրենց ջհուդական խավարամտությանը: 20-րդ դարում Հիտլերն էլ նման քայլի դիմեց: Ստալինը յոթ կողպեքի տակ էր դնում «վտանգավոր» գրքերը, որ կարդացող չլինի: 21-րդ դարում տագնապի ահազանգ իմ գրքույկը արժանացավ «բանտարկվելու» պատվին: Ահա այսպիսին է մեր այսօրվա վիճակը: Ի՞նչ կարող ես անել:
Սա դեռ բոլորը չէ: Երբ մեկ-մեկ համեմատության մեջ եմ դնում, թե ինչպես էի կարողանում խորհրդային տարիներին օգտակար լինել իմ Ղարաբաղին և ինչ պատնեշների առաջ եմ կանգնում այսօր ազատ ու անկախ Ղարաբաղում, ընկնում եմ ծանր տարակուսանքի մեջ: Անցած 50-ական թվականներին, երբ Մարտունու շրջկենտրոնի դասատու էի և իշխանութ-յուններից իրավունք էի ստացել հասարակության առջև հանդես գալ դասախոսություններով, կարողանում էի ըստ ամենայնի ծառայել իմ ժողովրդին: Մեր դասական հեղինակների ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությամբ լիցքավորված ստեղծագործությունների պրոպագանդումով շատ բան էի հասցնում ժողովրդին: Մեթոդական օգնության ծխածածկույթի տակ միջնակարգ դպրոցների մանկխորհուրդներում ներկայացնում էի Միքայել Նալբանդյանի ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը, ուսուցիչներին պատվիրում, որ աշակերտներին անգիր սովորեցնեն Նալբանդյանի թևավոր խոսքերը. «Քանի դեռ մի ազգ իր մի շամփուր խորովածի համար հարևան ազգի եզն է մորթում, մենք պետք է ամուր բռնենք մեր ազգության դրոշը»: Ճիշտ է, նույնիսկ ՊԱԿ-ի գործակալները չէին հասկանում, թե նման պահանջ ներկայացնելով՝ ես ինչ մեխի էի խփում, որովհետև ազգային-գաղափարական առումով դեռ քնած էին, իսկ ես իմ ծրագիրն էի առաջ տանում:
Երբ 1965թ. Ղարաբաղում ստորագրահավաք կազմակերպվեց Բաքվի լծից ազատագրվելու պահանջով, Մարտունու շրջանում խելացի զգուշավորությամբ ստորագրահավաքը անձամբ կազմակերպեցի: 1975թ. հանդես եկա Կևորկովի հակահայկական խայտառակ զեկուցագրի մերկացումով և անստորագիր հոդվածը տարածեցի Մարտունու շրջանի գյուղերում: 30 տարի հետո միայն պետք է իմանայի, որ այդ օրերին ՊԱԿ-ի հայ գործակալները փառաբանական ելույթներ էին թխել ու տարածել Ղարաբաղի գյուղերով մեկ, որով իբր թե ժողովուրդը իր գոհունակությունն է արտահայտում Կևորկովի զեկուցման կապակցությամբ, իսկ Բաքուն էլ այդ ելույթներից 1500 օրինակ հասցրել էր Կրեմլի տերերին:
Իսկ ի°նչ ճակատագրի են արժանացնում իմ ջանքերը հայոց ազատ ու անկախ երկու պետության դերակատարները: Դեռևս 1994թ. վերլուծական ուղարկեցի մեր բարձրագույն դերակատարներից մեկին`առաջարկելով սկսել քարոզչական պատերազմ: Շուտով իմացա, որ տասը տարի նրանց գիրք հարկավոր չէ: Հեյդար Ալիևը ՀՀ-ն էլ դարձրեց Արևմտյան Ադր-բեջան: Նրան հակադարձեցի պատմաքաղաքական վերլուծությամբ, բայց մեր խեղճ պաշ-տոնատարները փող չունեին, որ այն հանձնեին աշխարհի դատին: Փորձեցի աշխարհին ներկայացնել, թե հանձինս ազերթուրքերի` մարդկային ու ազգային ի՞նչ որակի հետ գործ ունի աշխարհն ու մենք: Անշրջանցելի փաստարկումներով խտացած աշխատանքը արդեն քանի տարի է մեր երկու պետության բարձրագույն դերակատարները դրել են տակներն ու վրան նստել: Անցնո՞ւմ ես որևէ պաշտոնյայի կողքով, գիրքդ կալանքի տակ են դնում: Ավելին:
Շարժման, պատերազմի, հետպատերազմյան տարիների մի շարք հրապարակումներ մեկտեղելով` 2001թ. հրատարակեցի «Արցախյան ազատամարտի ակունքների մոտ» վերտառությամբ գրքույկը: Աշխատանքը ներկայացրի ԼՂՀ այդ օրերի ԱԺ նախագահին` առաջարկելով շրջանառության մեջ դնել այն, որովհետև այնտեղ օգտակար շատ տեղեկատվություն կա: Բայց դեմ առա անտարբերության պատին: Գրքի 10 օրինակ հանձնեցի ավտոկայանի կողքի գրախանութին, մի ընկերոջ միջնորդությամբ էլ 50 օրինակ հանձնեցինք Ասկերանի թերթի խմբագրին: Եվ չնայած պարոնները գրքի վաճառքից ինձ ոչինչ չեն հասցրել, ես հրապարակային շնորհակալություն եմ հայտնում նրանց, որ գոնե այդ քանակով գիրքը հասցրել են ընթերցողին: Կողմնակի ճանապարհով իմացա, որ գիրքը գոնե մի ընթերցողի ուշադրությանն է արժանացել. համալսարանի մի ուսանողուհի իր գրած կուրսային աշխատանքում բավականին օգտվել է այդ գրքից և պատմության ամենագետ դասախոսից ստացել հանդիմանություն ոչ պատմաբանի գրքից մեջբերումներ կատարելու համար: 2004 թվականին հրապարակած իմ «Ղարաբաղյան հիմնահարցը դարավոր մաքառումների արդյունքում» գրքի 80 օրինակ էլ հանձնել եմ Մարտունու ժողկրթբաժնին: Չգիտեմ` գլխի՞ են ընկել ծախել ու ուտել, որ նրանց էլ արժանացնեմ իմ շնորհակալությանը:
Ի դեպ, այդ գրքում ես անդրադարձել եմ մեր հազարամյակների պատմությանը, նախապատմական ժամանակները ներկայացրել լեզվաբանական հիմնավորմամբ, ճշգրտել բազմաթիվ սխալներ ու աղավաղումներ: Գիրքն ունի այլընտրանքային դասագրքի արժեք: Իմ խնդիրը պատմական ստույգ անցուդարձերը գիտական դաշտ բերելն է եղել: Բավարարվենք մի փաստով միայն: Սկսած Բ. Ուլուբաբյանից` Վաչագան Բարեպաշտին համարում են միայն Արցախի թագավոր: Այսօր էլ շարունակում են նման բովանդակությամբ հեռուստատեսային շոուներ կազմակերպել: Ես բարեխիղճ հետևողականությամբ ցույց եմ տվել, որ Վաչագան Բարեպաշտը ամբողջ Աղվանից աշխարհի թագավորն է եղել, որի կազմի մեջ էր նաև Արցախը: Աշխատանքը գրքի տեսքով մի քանի անգամ ներկայացրել եմ ղեկավար շրջանակներին` առաջարկելով շրջանառության մեջ դնել, որպեսզի աճող սերունդը ճշմարիտ պատկերացում ունենա իր հայրենիքի մասին, և հանդիպել անտարբերության պատնեշին: Լրացել է արդեն 10 տարին, որ այդ գիրքը ընկած է մի բարեկամի նկուղում` զրկված մատաղ սերնդին ծառայելու հնարավորությունից:
Հանրությանը օգտակար լինելու մտահոգությամբ ստեղծած իմ գրքերը առավել զրնգացող վերաբերմունքի էլ են արժանանում: Հերթական նման մի գիրք վերցրած՝ հասնում եմ Ստեփանակերտի ավտոկայան, բարձրանում կենտրոնական գրադարան, նվիրում երկու գիրք, այնտեղից հասնում նախագահականի շենք, մի գիրք էլ նրանց նվիրում ու գլուխս կախ մեկնում գյուղ: Այդ կարճ ժամանակահատվածում ինչ-ինչ շահագրգիռ ուժեր ՊԱԿ-ի ղեկավարին հասցնում են գրադարան, որը գրքերս վերցնում է՝ կալանքի տակ դնելու համար: Պարզվում է, որ մտավորականի անունով մի պատկառելի շերտի համար իմ ոտքը Ստեփանակերտ հասնելը շատ ավելի է վտանգավոր իրենց համար, քան ազերթուրքերի անընդմեջ արձակած կրակահերթերը: Նրանց ի՞նչ, թե ազերթուրքը նորից պատերազմ կբորբոքի: Նրանք նորից Ղարաբաղից կփախչեն ջհանդամները, մինչև որ մեր զավակներն ու թոռները թուրքի պորտը տեղը կդնեն: Հետո կվերադառնան այս անգամ էլ որպես ղարաբաղյան հերթական պատերազմի հոգևոր առաջնորդներ ու նորից կզբաղեցնեն իրենց փափուկ տեղերը:
Ահա մտավոր, գաղափարական, բարոյական այս անտանելի իրավիճակն է մեր ազատ ու անկախ Ղարաբաղի ներքին թշնամին, որը չեզոքացնելու համար պահանջվում են ահռելի ջանքեր:
Ահա թե ինչու սրտի արյունով գրված իմ այս մտահոգությունները առաջին հերթին հասցեագրում եմ հարազատ Ղարաբաղի գործող ղեկավարությանը: Հազար ու մի մարտահրավերների դեմ մաքառող Ղարաբաղի հարգարժա´ն ղեկավարություն, դուք լիարժեք հաջողություններ արձանագրել չեք կարող, եթե չփոխեք հասարակական կյանքի այս գորշ մթնոլորտը, եթե անձնական կամ կլանային շահերի փոխարեն իշխող չդարձնեք հասարակության քաղաքացիական բարձր բարոյականությունը: Հրաժարվե´ք կևորկովյան ժամանակներից շրջանառության մեջ մտած ու շարունակվող լափակեր շներին բտելուց (առանց այդ էլ նրանք վաղուց են տիրապետում չաղանալու արվեստին), ականջալու´ր եղեք այն մարդկանց, որոնք ամբողջ կյանքում պայքարել են հանուն Ղարաբաղի:
Ղարաբաղի հասարակական կյանքի բարեփոխման բնագավառում իմ խնդիրն է եղել ու կա պատմաքաղաքական ճշմարիտ տեղեկատվությամբ ներկայացնել մեր հազարամյակների պատմության իրական ընթացքը, որպեսզի մեր աճող սերունդը իմանա, որ Վաչագան Բարեպաշտը իր տիրապետության տակ գտնվող Աղվանից աշխարհի մի պատկառելի գավառ` Բագավանը, որպես օժիտ տվել է իր դուստր Վարսենիկին` Բագուն դարձնելով ձմեռանոց, Շամախին` ամառանոց: Որպեսզի իմանա, որ երեքհազարամյա ճանապարհ անցած մեր Բագուն այսօր դարձրել են դրսից ներմուծված մի ցեղի մայրաքաղաք: Բայց, դժբախտաբար, դուք՝ Ղարաբաղի իշխանավորներդ, ոչ միայն ինձ չեք աջակցում այդ բնագավառում, այլև ձեր լափակեր շների պահանջով հերթական գիրքս դնում եք կալանքի տակ: Ահա թե ինչու հերթական անգամ պահանջում եմ իմ գրքերը, բանտարկածն էլ հետը դարձնել հասարակության սեփականություն: Մինչև ե՞րբ պետք է Ղարաբաղի հասարակությունը մնա աղճատված, շատ դեպքերում նենգափոխված պատմության գերին: Բավական էր, որ Ստալինը հայ պատմաբաններից պահանջեր, որ, իր իսկ բնորոշմամբ, դեռևս նախնադարյան տոհմական կենցաղով ապրող հարևանի համար պատմություն մոգոնեն, մեր պատմաբանները հայոց Աղվանից աշխարհի պատմությունը նվիրեցին նրանց, մոսկովյան պատմաբանների հետ այնպիսի ավերածություններ կատարեցին, որ իրական պատմության հետքն անգամ չմնաց: Նրանք Աղվանք աշխարհագրական անունով շրջանառության մեջ դրեցին մի նոր ժողովուրդ` աղվանից ժողովուրդ հասկացությունը, իսկ հայ պատմաբանն էլ պնդեց, որ այդ աղվանից ժողովրդի մի պատկառելի մասը 4-5-րդ դարերում Ղարաբաղում արդեն հայացել էր:
Այդ ահավոր նենգափոխումներն ու ավերումները պսակազերծելով`ազգային և օտար սկզբնաղբյուրներով, շատ դեպքերում նաև քարեղեն վկայություններով ներկայացրել եմ հայոց Աղվանից աշխարհի չորսհազարամյա պատմության հետագիծն ու տվել ձեզ: Ինչո՞ւ շրջանառության մեջ չեք դնում, ինչո՞ւ հասարակության սեփականությունը չեք դարձնում այն: Դա էլ ազերթուրքական պատմաքաղաքական նենգափոխումների մասին ստեղծած մեր աշխատա՞նքը չէ, որը աշխարհի դատին չեք ներկայացնում: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանով ինչքան եք նպաստում ազերթուրքական սանձարձակ քարոզարշավին:
Սրանով սահմանափակում եմ իմ ասելիքը՝ մի հերթական անգամ շեշտելով, որ այսօր մեր ամենախոցելի տեղը հասարակական կյանքում իշխող հասարակական, բարոյական գորշ մթնոլորտն է, որը պահանջում է արմատական բարեփոխումներ: Առանց նման բարեփոխումների մենք լուրջ հաջողության չենք հասնելու:
Նոյեմբեր-դեկտեմբեր 2014թ.
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Նյութը տրամադրեց Անահիտ Հակոբջանյանը
ԻՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԵՍ
ՏԵՍ ՝ ԱՐՑԱԽ