«ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հետ
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ.

Օրեր առաջ մի պատահական զրուցի ժամանակ ինքնաքննադատաբար ասացի, որ «Ակունք» ռադիոհանդեսի եթերաժամին վաղուց չենք խոսել բարոյականության հարցերի շուրջ: Ներկաներից մեկն ավելի քան զարմացած նայեց ինձ ու ասաց. «Իսկ ի՞նչ պետք է ասեիք չեղած բաների մասին»: Նրա համախոհներն ավելին էին տվյալ պահին, և ես ստիպված էի մեկ անգամ ևս հիշել 1920 թվականի աշնանը մեր երկրում ստեղծված համանման բարոյահոգեբանական վիճակը, կացություն, որ անկախության այս փուլում նույնպես անընդհատ զգացնել է տալիս իրեն ամենուրեք` է՛լ ավելի դառնացնելով մեր երկրի ապագայով մտահոգ ու սրտացավ մարդկանց կյանքը: Այդ մարդկանց հիշեցրի Հովհաննես Թումանյանի «Ազգի հարատևությունը նրա բարոյական առողջությունն է» արտահայտությունը: Հետո նրանք փոխեցին խոսակցության թեման` փառաբանելով աշխարհի «ամենհզոր» աստծուն` մամոնային, որը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ ազգություն և վեր է «ազգ», «պետություն», «անկախություն» և նման այլ հասկացություններից: Ես կրկին հիշեցի Հովհ. Թումանյանին, նրա` «Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի» արտահայտությունը և լռելյայն հեռացա այդ միջավայրից, որտեղ հայտնվել էի… պատահաբար: Խոստովանում եմ` հեռացա ծանր տպավորությամբ, որովհետև այնտեղ կային մարդիկ, մտավորականներ, որոնք լուռ լսում էին այդ խոսակցությունները: Նախկինում համանման իրավիճակներում տեսել էի վերջիններիս արժանապատիվ պահվածքը` քաղաքացիական հստակ դիրքորոշումներով, և այսպիսի խեղճ ու կրակ վիճակում նրանց չէի պատկերացնում: Հասկացա, որ այս մարդիկ արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ օրավուր ավելի խորն ենք խրվում սեփական կեղտի մեջ, համոզվել են, որ ժողովուրդը կամազուրկ է դարձել, որովհետև չունի հավատ և ամենաահավորը` հույսն էլ է կորցրել… Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց կա նաև մի կարևոր «բայց», որը հատկապես վերջին շրջանում բազմաթիվ մարդկանց հույս է ներշնչում այն առումով, որ ապագայում նույնպես տեղի են ունենալու աշխարհաքաղաքական խոշոր ցնցումներ, որոնց հետևանքով վերաձևվելու է աշխարհի քարտեզը, ազգեր են անկախանալու: Գուցե գալիքի հայերն ավելի խոհեմ լինեն և անկախ պետականությունը վերականգնելու դեպքում այն ծառայեցնեն ազգի շահերին. այն դարձնեն զարգացման միջոց, որը չի ծառայի հարստություն կուտակելու ոմանց անհագուրդ ախորժակը բավարարելուն: Ուզում եմ հուսալ նաև, որ հայրենի հողի վրա ազգային գենոֆոնդը պահել-պահպանելու սուրբ գործը կհաջողենք իրականացնել, որովհետև մենք իրո՛ք հայոց գենոֆոնդը փոշիացումից փրկելու առաքելություն ունենք, թեև ժամանակը վաղուց արդեն մեր օգտին չէ… Չգիտեմ ինչու` «Բարոյականությունը և մենք» հաղորդաշարի երկրպագուներին թվում է, թե յուրաքանչյուր հաղորդումից հետո ինչ-որ դրական փոփոխություն, այնուամենայնիվ, լինելու է մեր երկրում: Եվ ամեն անգամ, երբ մի քիչ ուշացնում եմ հերթական թողարկումը, իրենք են ինձ հուշում` կրկնելով ժողովրդական իմաստուն խոսքը. «Կաթիլը քար է ծակում…»:

«Վէմ» ռադիոկայան
2. 04. 2014

Ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=09_Hasmik_Ruben%20Hovsepyan%20-%202%2004%2014_1396508682654.mp3

2 идей о “«ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է»

Добавить комментарий