Նրանք, ովքեր հասկանալով կամ չհասկանալով, գիտակցաբար թե անգիտակցաբար, միտումնավոր թե մոլորությամբ, հնարավոր ու անհնար միջոցներով, ներմուծած թե տեղում հղացած սոփեստությամբ փորձում են ներկայացնել օտարալեզու դպրոցների բացման անհրաժեշտությունը նորանկախ, դեռ չկայացած, բազում ներքին ու արտաքին հիմնախնդիրներ ունեցող, ի ծնե ճգնաժամի մեջ հայտնված մեր երկրում, մեզ հետ խոսում են այսպես կոչված եվրոպական չափանիշների, մարդու իրավունքների և շատ ու շատ նմանատիպ սերտած, անգիր արած հասկացությունների լեզվով՝ մոռանալով և՛ իրենց հայրենիքը, և՛ իրենց ծնող ազգին, և՛ իրենց պատմական անցյալն ու անորոշ ապագան, և՛ իրենց զավակնե՛րին… Լավ է, որ խոսում են մարդու իրավունքների մասին, սակայն ոչինչ չեն ասում իրենց ծնող ազգի՛ իրավունքների մասին, ազգ, որի հնամենիությամբ այնքան ենք սիրում հպարտանալ՝ Հայկական բարձրավանդակում մեր ձևավորման պահից մինչև մեր որոշ հայրենակիցների այսօրվա մարզական հաղթանակները: Հավանաբար, օտարալեզու դպրոցների շնորհի՞վ ենք հասել այսօրվան, գուցե մեզ պատասխանեն այդ դպրոցների բացման ավելի քան 10-ամյա պայքարի ջատագովները…
«Արարատ» հեռուստաընկերություն
28. 09. 2010