ՏՈՐՔՆ ՈՒ ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆԸ
Պատմահայր Մովսես Խորենացին Հայկին համարում է Թորգոմի որդին, իսկ եկեղեցական պատմագիրները նույնպէս հայերին սերած են իմացել Թորգոմի սերնդից, իսկ «Տուն Թորգոմա» հասկացել են Հայաստանը:
Ո՞վ էր այս Թորգոմը: Արդյոք մեր հայ պատմագիրները եկեղեցական պատմագիրներ Հիպպոլիտոսից և Եվսերիոսից են ազդված եղել, կամ Աստվածաշունչ մատյանի հին կտակարանի, գիրք ծննդոցի գլուխ Ժ-ից ազդված, Թորգոմա-ի՝ Նոյ նահապետի թոռան զավակի՞ց են հայերին սերած համարել, թե՞ պատմական մի իրականություն է եղել և Պատմահայրը, ավելի հին ասուրա-բաբելական և կամ նույնիսկ հայկական հավաստի ժամանակներից է քաղել, գրի առել ու մեզ ավանդել:
Պատմահայրը գրել է.- «Այս է հայ ազգի նախնին որ Թորգոմի որդին էր» և տոհմը, այդ նահապետական տունը կոչվում է «Թորգոմա Տուն»: Նկատելի և բացահայտ է որ՝ երբ գրանցել է Թորգոմ հատուկ անունը (գրի առած «Թորգոմա Տուն»-ը) գրաբարյան քերականական կանոնի համաձայն «Թորգոմա Տան», Թորգոմա գոյական հատուկ անունը սեռական հոլով լինելով, վերջին ա տառից հետո պետք է ունենար յ տառը և գրվեր Թորգոմայ, այլ ոչ-թե Թորգոմա, նույն ձևը պետք է կիրառվի ինչպես Սևան, Վան, Գեղամ և … հատուկ անունների պարագայում, որոնց սեռական հոլովը լինում է Սևանայ, Վանայ, Գեղամայ և այլն, բայց մեզ հասած գրաբար մատյանների մեջ գրի է առնված «Թորգոմա»՝ առանց վերջատառ յ-ի: Արդյոք այն վերագրենք հայ մատենագիր տիտանների քերականական սխալի՞ն, վստահաբար Ո’Չ, և այդ առումով պետք է ընդունենք որ սեռական հոլով չեն ընդունել, հետևապես պետք է ունենա յուրահատուկ իմաստ, մեկնություն և խորհուրդ:
Աստվածաշունչ մատյանի հայերեն թարգմանության մեջ (գիրք ծննդոցի գլուխ Ժ) տեսնում ենք Նոյ նահապետի երեք զավակների՝ Սեմի, Քամի և Հաբեթի ծնունդքը.- «և ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնեցան. Հաբեթի որդիքը, Գոմեր … և Գոմերի որդիքը Ասքանաս, Ռիփաթ և Թորգոմա»: … Լատին լեզուների թարգմանության մեջ Թորգոմա-ի փոխարեն գրի է առնվել Թոգ-Արմա, որ բացահայտում է մի ուրիշ իմաստ ևս, որ Թորգոմա-ն և Թոգ-Արմա-ն նույնն է, քանզի արդեն գիտենք որ թոգ այսինքն տուն-ծին-ազն, և Արմա նշանակում է Արևորդի, ու սա ուղղակի այն անունն է, որ պարսիկները նի վերջածանցով, սկզբից ի վեր ու մինչև այսօր հայերին են կոչում Արմա-նի:
Սեմիթ լեզվընտանիքին պատկանող լեզուներում գրված է Տորքու-մա, Տարքու-մա … և լատին լեզուներն էլ Տ տառը և հնչյունը չունենալով, գործածում ու գրի են առնում Թ հնչյունն ու ձայնանիշը:
Նախ բացահայտենք թե ինչ է նշանակում այս հատուկ անունը կամ բառը, որ դարերի ընթացքում իր չնչին հնչյունափոխությամբ դարձել է Տորքու-մա, Տարքու-մա, Թարքու-մա, Թորքու-մա և Պատմահոր Թորգոմա-ն:
Այս տարբերակներն ենք բերում, քանզի սեպագրերում և նույնպես սեմական լեզվընտանիքում միայն բաղաձայններն են, որ գրի են առնվում, և հետևապես եթե իր ճիշտ արտասանությունը չիմանանք, առաջին և երկրորդ ձայնավորները կարելի է արտասանել Ա — Ո — Օ և ՈՒ, բացառությամբ վերջին ՄԱ բաղադրիչ մասնիկից:
Այս բառը դասվում է բարդ բառերի շարքին ու նրա բաղկացուցիչ պարզ բառերն են՝ Տարքու կամ Տորքու և Մա-ն: Մա-ն Մայր բառի արմատն է՝ նույն նշանակությամբ:
Սեպագրերում Տորքումա և Տարքումա բառի և անվան վերջին բաղկացուցիչ Մա-ի գրի առնված սեպախումբը ոչ-թե մա հնչյունի կամ վանկի սեպախումբն է, այլ այն սեպախումբն է, որ ներկայացնում է Փոքր Ասիայի Մա դիցուհուն, որը սերըն-դաբերության, պտղաբերության դից է: Մա-ն այստեղ որպես վերջածանց ու բաղկացուցիչ մասնիկ մեկնվում է շեն, ծին, սերունդ, որդի, նաև ունի ծին, ազն և զուն վերջածանցային մեկնություն. ուստի Տարքումա, Տորքումա, Թարքումա, Թորքումա և Թորքոմա նշանակում է Տարքու-ի, Տորքու-ի, Թարքու-ի և Թորքո-ի սերունդ և ազն, ճիշտ այնպես՝ ինչպես Արմա նշանակում է Ար-ի սերունդ, որդի, Արև աստծո սերունդ, աստվածորդի, և այսօրվա արտահայտությամբ՝ Արևորդի:
Ըստ Հ. Ք. վրդ. Սպենյանի «Ուսումն Դասական Հայերեն Լեզվի» «Հայ-կաբանության» (Վիեննա, Մխիթարյան էջ 107, 1920 թ.), « … Տրքո-ն եղել է նշանավոր անունով դից՝ սփռյալ ընդ բնավ Ասիա, կար ի դեպ դիցն պատերազմի ազգին, որ համենայն ի կողմանս կանգնյալ էր զյուր նշանակս հաղթության կամ զորության՝ մեհենագիրն արձանագրությամբքն հանդերձ…»:
Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակում, Մուրսիլիսի կողմից այն նշվում է Տարքու ձևով, որպես պատերազմի դից, և հին ժամանակներում Տորքու, Թարքու, Թորքու-ն ռազմի, փոթորիկի ու հաղթության դից էր, և ըստ Ն. Ադոնցի՝ Տորքը, Տուրքը հին հայոց աստված է (Ն. Ադոնց, «Տորք աստված Հին հայոց», (Հուշարձան) գրական ժողովածու Մխիթարյանների, Վիեննա, 1911 թ. էջ 389 — 394): Լեոն իր երկերի մեջ Տուրք ձևն է կիրառել ու գրանցել (Լեո, «Երկերի ժողովածու», հատոր Ա, էջ 393, Երևան 1966): Խորենացին այն հիշում է որպես «Այր խոշորագեղ և բարձր և կոպտարանաձև և տափակաքիթ, խորակն և դժնահայաց»: Աքքադական, ասորական, բաբելական և հթիթական արձանագրություններում և սեպագիր սալիկներում Տորք, Տուրքի անունը՝ տարբեր հնչյուններով, նաև որպես երկրանուններ ենք տեսնում:
Հայերի մոտ, Տորքի՝ ռազմի և փոթորիկի դից լինելու աղերսն ենք տեսնում հնուց եկած ու դարերի բովից անցած մի ժողովրդական վեպի կամ առասպելի մեջ: Մի դյուցազնավեպ, որ հայ ժողովրդի անգիր բանահյուսության մի մասն է կազմում.- «Ժայռեր պոկելով խորտակում է հայոց աշխարհի թշնամու նավերը …»: Ապրում էր նա, ինչպես ասում է վեպը, Արտաշեսի ժամանակ և նրա կողմից էլ նշանակվեց արևմուտքի կուսակալ, Տայք նահանգն էլ հետը: Այսպիսի մի մարդու կարելի էր վստահել նորանվաճ Տայքի ապահովության հոգսը: Եվ Տորքի մասին երգում էին: Երանի թե Խորենացին այդ երգը նույնությամբ գրի առած ու մեզ ավանդած լիներ: Ասում է թե նա ամբողջ ժայռեր է պոկում, տաշում է եղունգներով, տախտակներ շինում ու եղունգներով էլ քանդակում էր նրանց վրա առյուծներ ու այլ նշաններ: Նա կողմնակալ էր Պոնտոս ծովի ափին: Երբ Տայք նահանգում թշնամու նավերը մոտենում են ափին, Տորքը հալածում է նրանց ու նավերը հեռանում են արագ:
Ամեն մի տոհմ և ապա ցեղ ունեցել է իր տոտեմը՝ աստվածացած, երբ գերդաստանը, տոհմը և ապա նրանց հավաքականը՝ ցեղը, հավատում էր որ սերված է մի կենդանուց, մի թռչունից: Տոհմի և ցեղի հզորացումով մեծացել ու հզորացել է նաև նրա տոտեմը, աստվածը, և ներառել ու ներգրավել մյուս աստվածներին: Այսպիսով պետությունների, ցեղերի և տոհմերի մեծամասնությունը իրարից զանազանվում էին իրենց աստվածների անունով:
Ըստ վերոհիշյալ բացատրականի՝ հայերն ևս լինելով հին աշխարհի հավատամքի ու մտորումների համընդհանուր առանցքի ու ոլորտի մեջ, այս տեսակետից բացառություն չէին կազմում: Օրինակ՝ մեր միջնադարյան «Անգեղ Տուն» գավառը նախապես կոչվում էր «Տորքի Տուն» երկիր և տոհմ (ըստ սեպագրերի՝ իր աստծո անունով), և որը հազարամյակներ առաջ պաշտում էր Տորք, Տուրք (Տրքո, Տուրքի) ռազմի, փոթորիկի և հաղթության աստծուն:
Անգեղ Տուն-ը, Տորք Անգեղյան-ը (ավելի ճիշտ ու բնորոշիչ և իրական ձևով Անգղյան), ըստ հավատամքի և տոտեմիզմի՝ տունը, տոհմն ու սերունդն էր Տորք աստծո, որի տոտեմն էր անգղը, և նրա հատկություններն ուներ: Անգղը գիշատիչ թռչուն է՝ ուժեղ, հզոր ու մեծ:
Տորք Անգղյան Տուն անունը հետագայում, երբ քաղաքակրթության զարգացման հետևանքով՝ տոտեմիզմի մտայնությունը վեարացվեց ու մոռացության տրվեց, Անգղ անունը անիմաստ դիտվեց: Տորքի ուժգնության և հաղթության վեպը, որ մինչ այսօր կենդանի է մնացել ու մեզ է հասել, մեր ոսկեդարյան շրջանում վստաբահար ունեցել է տարբեր պատումներ (ինչպես Սասունցի Դավիթը): Պատմահայրը դատել է՝ թե նման ուժի տեր մեկը որ.- «Ժայռեր էր պոկում, տաշում էր եղունգներով …» որևե նրբության նշան չեր կարող ունենալ, և այդ հսկան կոպիտ տեսք պիտի ունեցած լինի: Հետևապես՝ նա գեղեցիկ չեր կարող լինել, այլ տգեղ, ու ժամանակի գրական ոճով «ան» ժխտական նախածանցով ան-գեղ:
Այսպիսով, մեր Տորքի Տունն ու տոհմը դարձել է Տորք Անգեղ Տուն, ապա Տորքը՝ միտումնավոր կերպով աղճատվելով, դարձել է Անգեղ Տուն, գավառ:
Այս բոլորը նկատի ունենալով (և սեպագրերը որ նույնն են փաստում), Թորգո-ն նույն մեր Տորքո — Տորքն է, և Թորգոմա-ն Տորք աստծո սերածները և այսօրվա մեր արտահայտչական ձևով՝ Տորքորդիներ: Այս անունը եկեղեցական պատմագիրները, որոնք գործածում էին լատինական տառեր, Տ ձայնանիշի բացակայության պատճառով գործածել են Թ ձայնանիշը, և գրի են առել Թորգո-մա՝ փոխան Տորքո-մաի: Մեր Պատմահայրն ու մատենագրերը հունադավան դպրոցին պատկանելով, այդ անվան լատինական տարբերակը նույնությամբ ընդօրինակել ու փոխանցել են մեզ:
ՏՈՐՔՆ ՈՒ ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆԸ
Աղբյուր՝ Հովիկ Ներսիսյան | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայ ժողովրդի պետականութեան եւ պատմութեան ակունքներում» հատորի
«Ո՞վ էր Թորգոմը եւ ովքեր էին Թորգոմա տոհմը»
աշխատությունը՝ հապավումներով (2002 թվական, Գլենդել)
ՏԵՍԱՆՅՈՒԹ 1. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2.
eso es